Ազատ տարածք խորագրի արխիվներ

Հարության շաբաթ

serine harutyunyan

Կարոտում եմ, շա՜տ եմ կարոտում…

-Ինչու՞ է Աստված լավ մարդկանց խլում մեզնից, իսկ վատերին թողնու՞մ:

-Իսկ եթե դու մտնես պարտեզ, ո՞ր ծաղիկը առաջինը կպոկես:

-Դե, ավելի գեղեցիկը:

Իսկ ե՞ս, իսկ եթե ես մտնեմ պարտե՞զ… Ես էլ նույնը կանեմ… Բայց, բայց եթե միայն իմանամ, որ իմ՝ գեղեցիկ ծաղիկները թփի վրա թողնելուն զուգահեռ, Աստված էլ լավ մարդկանց մեր կողքին կթողնի, եթե միայն իմանամ, ես չեմ պոկի դրանք, հա, հա, չեմ պոկի… Կբավարարվեմ միայն դրանց հեռվից նայելով ու կհեռանամ, ու ես անգամ վատ ու տգեղ ծաղիկները չեմ պոկի… Այդ վատը, որ գուցե միայն ինձ համար է այդպիսին, հնարավոր է՝ մեկ ուրիշի համար շատ ավելի լավը լինի, քան այն մյուսը… Դե, ի՞նչ տարբերություն… Մարդկանց դեպքում էլ գրեթե նույնն է… Մեզնից յուրաքանչյուրը գոնե մի մարդու տանել չի կարողանում, թեկուզ հենց այնպես, առանց պատճառի… Հնարավոր է, որ այդ մարդն իսկապես շա՜տ վատն է, բայց, բայց ինչքան էլ որ նա վատը լինի, աշխարհում անպայման կգտնվի գոնե մեկը, ում համար նա լավագույններից է, եթե ոչ լավագույնը…
Լինում են, չէ՞, պահեր, որ թեկուզ տարիներ են անցնում, բայց չեն մոռացվում… Ու, լինում են, չէ՞, մարդիկ, որ թեկուզ ձեզնից հեռու, բայց միշտ ձեր մտքում են ու երևի դեռ երկար կմնան այդտեղ… Երևի ամենամեծ ցավը մտքումդ ինչ-որ մեկին ունենալն ու լուռ կարոտելն է, երբ գիտես, որ այդ մեկին հանդիպելու հնարավորություն այլևս երբեք, երբեք չես ունենա, որովհետև նրան էլ ոչ ոք, ոչ ոք տեսնել չի կարող… Սարսափելի է, երբ ուզում ես տեսնել նրան, խոսել նրա հետ, գրկել, ասել, թե ինչքան ես սիրում ու կարոտում… Ու հետո, հետո միայն հասկանում ես, որ հիշողությունների հետ խոսել, հիշողություններդ գրկել ու հիշողություններից կարոտդ առնել ուղղակի անզոր ես… Այսքան ժամանակ դեռ ոչ մեկին չի հաջողվել անել դա… Ու միայն հետո դու հասկանում ես, որ քո ունեցածը լոկ հիշողություններ ու անշունչ լուսանկարներ են, էկրանից այն կողմ, կամ, թեկուզ թղթի վրա… Բայց անշունչ են, չէ՞, դրանց հետ խոսելն անհնար է, չէ, գուցե դու խոսես, բայց քո առաջ դրված լուսանկարը քեզ երբեք պատասխան չի տա: Դու կարող ես շարունակ հարցեր տալ ու պատասխան չլսել… Դու կարող ես հարց տալ ու անվերջ սպասել, որ լուսանկարը մի օր քեզ կպատասխանի… Բայց, չէ… Դու կսպասես, կսպասես ու էլի անվերջ կսպասես, իսկ լուսանկարը, այն երբեք էլ քեզ պատասխան չի տա… Դու կշարունակես խոսել, հարցեր տալ, սպասել և ուղղակի լուռ կարոտել… Դու կշարունակես ապրել լուսանկարներով ու հիշողություններով, որ մնացել են…

Ու աշխարհում ինչքան մարդ կա, որ լոկ հիշողություններով է ապրում, ինչքան մարդկ կա, որ ստիպված է բավարարվել միայն լուսանկարներին նայելով… Ինչքա՜ն մարդ այդպես էլ վաղը չի տեսնում, ու ինչքանն են այսօր վերջին անգամ լուսանկարվել… Ոչ ոք չգիտի… Երևի չեն էլ իմանա…
Կարոտում եմ նրանց, ում երկինքն է տարել, ովքեր երկնքում են, շա՜տ եմ կարոտում… Ու ինչքա՜ն կարոտ կա իմ, քո ու մեր նման շատ շատերի մեջ…
Կարոտում եմ, շա՜տ եմ կարոտում…

anna gasparyan aragats

Անցյալ, որ երբեք հետ չի գա

Ամեն անգամ, երբ մտքերով գնում եմ անցյալ և հիշում եմ այն մարդկանց, որ հիմա չկան՝ երկնքում են, սիրտս կտոր-կտոր է լինում: Երբ հիշում եմ իրենց հետ ապրած ամեն մի վայրկյանը, ուղղակի երանի եմ տալիս այդ օրերին: Մարդիկ, ովքեր ինձ հոգեհարազատ են, մարդիկ, ովքեր ինձ բարեկամ չեն, բայց հարազատ են ինձ, այնպես, ինչպես բարեկամներս: Ու հիմա նրանք չկան, և մարդ, որ ինձ արյունակից է, բայց նրան երբեք չեմ տեսել, չեմ ստացել նրա սերը, չի գրկել ինձ գոնե մեկ անգամ, երբ փոքր ժամանակ լաց եմ եղել, չի սրբել արցունքներս:

Պապիկս… Մարդ, որին չեմ տեսել, բայց սիրում ու հարգում եմ բոլորից առավել: Այս կյանքում կուզեի միայն մի բան. ժամանակը հետ տայի ու գրկեի պապիկիս ամուր-ամուր, ստանայի այն ջերմությունը, որ երբեք չեմ ստացել: Ավա~ղ, այս ամենը ուղղակի երազանք է, որ երբեք իրականություն չի դառնա:
Գիտեք, ամեն անգամ, երբ տեսնում եմ հարևանիս տղային և իր մորը, ինքնըստինքյան աչքերս արցունքոտվում են և ուզում են թափվել աչքերիցս, բայց ես զսպում եմ: Երբ հիշում եմ, որ մայրը կորցրել է իր ավագ որդուն 23 տարեկան հասակում, տխրությունը պարուրում է հոգիս, երբ ամեն անգամ ուզում են թաքցնել իրենց տխրությունը և արցունքները ուղղակի սարսափելի է: Սարսափելի է հիշել այդ վատ դրվագները, մոր լացը, եղբոր կանչը, քույրը… Հիմա համոզվում եմ, որ Աստված առաջինն իր մոտ լավ մարդկանց է տանում: Անցյա~լ, ուրախ պահեր. անմոռանալի օրեր, որ անցկացրել եմ այն մարդկանց հետ, որ հիմա իմ կողքին չեն: Մի մարդ էլ կա, որ իմ կողքին չէ, բայց չեմ կարող նրա մասին գրել, քանի որ դա իմ ուժերից վեր է:

Ախ, եթե իմանայիք, թե որքան եմ ձեզ կարոտել:

Մալիշկայի Զատիկը

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Օրը ուրախ չէր ինձ համար: Որոշել էի մարդկանց տներ մտնել, ու Զատիկի թեմայով ֆոտոշարք անել: Էհ, ի՞նչ ֆոտոշարք: Ամբողջ Մալիշկայում հաշված մարդիկ, որ ձու ներկած լինեին: Ոմանք անգամ ինձնից են իմացել, որ էսօր Զատիկ ա: Եկեղեցում էլ առանձնապես բան չկար: Լավ ա՝ երեխեքը միջոցառում էին կազմակերպել, լավ ուրախացրեցին, թեև նրանց անգիրներից բան չէինք հասկանում:

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Մի խոսքով, Մալիշկայի Զատիկից պատմելու ոչինչ չկա մի պարզ պատճառով. էստեղ ոչինչ տեղի չի ունեցել:

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Հուսանք հետագա սերունդները ավելի համախմբված ու ակտիվ կլինեն: Հուսանք, որ հետագա սերունդները ընդհանրապես կլինեն, կմնան Մալիշկայում էլի, չեն գաղթի: Բայց դա հաստատ չի:

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

 

 

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

 

meri antonyan

Ամենաանհոգ թվացողը

Երեկոյան նոր տուն էի եկել։ Նստած էինք խոհանոցում՝ սեղանի շուրջ, թեյ էինք խմում։ Դրսում մութը դեռ չէր հասցրել այնքան խտանալ, որ իրերը, առարկաներն ու անձինք չտարբերվեին իրարից։ Երկուսս էլ չէինք խոսում, պատուհանից դուրս էինք նայում։

Մեզնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող իրենց տան պատշգամբում գլուխը ձեռքածնկախառնով գրկած նստած էր յոթ կամ ութ տարեկան տղա։

-Ման, դուրս նայի։

-Կյանքում էսքան լուրջ չեմ տեսել իրեն։

-Ըհըն, ես էլ էի հենց էդ մտածում։

-Երևի իրա մամային ա կարոտում…

Իրեն միշտ տեսել ենք իրենց բակում հարևան տղաների հետ խաղալիս, իրար վրա «կրակելիս» ու քարեր շպրտելիս։ Հիմա մի վայրկյանում աչքներիս առաջ մեծացել էր, տխրել ու մտածել էր սովորել։

-Ինչքա՜ն ա փոխվել, մեծացել, լրջացել…. չէ՞։

Մի րոպե տևեց մտախոհությունը, նորից վերկացավ, մի քիչ մոլոր շրջեց պատշգամբում, հետո թռվռալով գնաց իրենց ու հարևան տան միջև կանգնած ցանկապատի մոտ.

-Ա…, դո՛ւս արի, խաղանք, է՜։

Իսկ ինձ ինքն աշխարհի ամենաանհոգն էր թվում։

lilit khlghatyan portret

Հավկիթակռիվ

Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Այն նշանակում է՝ անցում, զատում, բաժանում: Քանի որ Զատիկը շարժական տոն է, և յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի, այս տարի նշվում է ապրիլի 16-ին: Զատիկը տարվա ամենագեղեցիկ տոներից է, այն ունի իր յուրահատուկ նշման ձևը:

Աշխարհի բոլոր քրիստոնյաներն այդ օրը հավկիթ են ներկում: Այժմ հավկիթ ներկելու է զարդարելու համար նախատեսված են տարատեսակ ներկանյութեր: Սակայն կարծում եմ ամենագեղեցիկը, սոխի կեղևով ներկած հավկիթն է: Դրա համար մայրիկս Զատիկից առաջ հավաքում է սոխի կեղևները և այդ առավոտյան, արդեն հավկիթը խաշում է սոխի կեղևով: Իսկ երբ հանում ենք հավկիթը, արդեն ալ կարմիր է: Ինչ լավ են մտածել մեր մեծերը…

Ախ~, ինչպես կարող էի մոռանալ հավկիթակռիվը, չէ որ դա երեխաների ամենասիրած պահն է: Ինչու ոչ, նաև մեծերի, չէ,որ այդ պահին նրանք էլ են մանկանում: Հավկիթակռիվը տեղի է ունենում 2 հոգու միջև, երբ հավկիթները խբում են իրար, և ում հավկիթը չջարդվեց՝ նա հաղթում է:

Հիշում եմ մի քանի տարի առաջ  մեր դպրոցում Զատիկի տոնին ընդառաջ կազմակերպվում էր միջոցառում: Մեր ամենասիրած միջոցառումն էր դա, երբ յուրաքանչյուր դասարան պատրաստում էր Զատկի ավանդական սեղան, և որ դասարանը ունենար ամենագեղեցիկ և ավանդական սեղանը, այդ դասարանը հաղթում էր: Իսկ դրանից հետո սկսում էինք մեր հավաքույթը: Մի լավ ուրախանում, հավկիթակռիվ էինք խաղում և այդես նշում էինք Զատիկը: Ինչ լավ օրեր էին…

Հա, մոռացա, այդ միջոցառման ժամանակ էլ տեսա ինձ համար ամենամեծ հավկիթը`ջայլամի ձուն, ինչքան էի զարմացել: Այդ հավկիթը քրոջս դասարանի երեխաներից մեկն էր բերել, այդ տարի հենց նրանք հաղթեցին մրցույթում:

Այս տարի Զատիկից առաջ արդեն գարին ցանել էինք, եղբայրս ամեն օր հետևում էր, թե ինչպես է աճում գարին: Այսպես մնում է Զատիկի սեղանի ավանդական ուտեստները պատրաստել:
Մայրիկն էլ կասի.

-Երեխեք, որ հավկիթը ուտում եք՝ դրանով կռվեք: Բոլորը մի ջարդեք, կմնա՝ կփչանա:

Ուրախ Զատիկ եմ մաղթում բոլորիս:

nare sharmazanova

Ես ասելու բան ունեմ

Այն, որ չեմ լսում, չի նշանակում ասելու ոչինչ չունեմ… Բայց երբեմն վախերս խանգարում են ճիշտ ու հանգիստ ապրել: Ապրում եմ լսող ընտանիքում, որտեղ  միակ խուլն եմ: Հաճախ ինձ սխալ են հասկանում, հաճախ չեն էլ փորձում հասկանալ: Որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ  ես զգում. անգամ ծնողներիդ, ովքեր արգելում են հանրային վայրերում խոսել ժեստերով: Ասում են՝ ամոթ է, առանց մտածելու, որ ամոթ չէ, այլ շատ ցավոտ… Բոլորը քեզնից վախենում են, աչքերը չռած նայելով, իբրև այլմոլորակայինի, երբ խոսում ես մայրենիով: Ով աչք ունի՝ թող լսի…

Իսկ իմ աչքերը սովորականից առավել են: Այո, նրանք ոչ միայն տեսնում են, այլև լսում են:  Նայում եմ ուղիղ քո բերանին: Չէ, ես չեմ նայում, որովհետև տարվել եմ քեզնով, ուղղակի փորձում եմ որսալ ամեն մի բառդ և գոնե մոտավոր հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Այն այնքան կարևոր է ինձ համար: Ինչո՞ւ:

Կասեք՝ անմտություն է խուլ աղջկա սերը լսող տղայի հանդեպ:  Սիրում եմ նրան անմնացորդ: Իսկ նա… Նա սիրում է ուրիշին: Ինչ բարդ դրություն է՝ մտածում եք դուք, իսկ ես հիասթափվեցի, պայքարեցի ու հաղթելով պարտությունս, ասացի, որ սիրում եմ: Հիանալի իմանալով, որ անպատասխան է: Ես խախտել եմ չգրված օրենքները և ոչ միայն: Ես՝ խուլս, սիրել եմ լսողի: Ինչ բարդ դրություն է՝ կասեք դուք, իսկ ես ազատ եմ, անսահման ազատ իմ աշխարհում, որտեղ սերը խցկել է մեկին, ով չպիտի լիներ: Իսկ նա կա, ինչպես ես, բայց ոչ այնտեղ, որտեղ իրական աշխարհն է, այլ խուլ տարածության մեջ: Այստեղ՝ իրականությունից դուրս, անկեղծությունն է և ցավը:

Խուլ եմ, խուլ մշակույթից, որտեղ ամենը անկեղծ է ու մաքուր, պարզ ու շիտակ: Խուլ եմ, ով ժեստերի աշխարհում ազատ է ու անկաշկանդ, ով ճանաչում է մարդուն շատ արագ, ով արդեն հաղթահարել է լսողների անտարբերությունը, ով ունի ներքին հզոր լսողություն, ով լսում է այն, ինչ տեսնում է: Չեմ ամաչում իմ խլությունից, հակառակը՝  հպարտ եմ: Հպարտ եմ, որ ունեմ մայրենի հրաշք լեզուս, ժեստերը՝ իմ Աստծո պարգևը, որի շնորհիվ քայլում եմ լսողների կողքին, բայց ոչ նրանց հետ… Դա իմ աշխարհն է, որից դուք՝ լսողներդ, վախենում եք: Իսկ ես լսում եմ երկնքից եկող ձայնը՝ մի վախեցիր, միայն հավատա:

Հ.Գ. Ամեն ինչ պարզ է. կա նա՝ այնպիսին, ինչպիսին կա, և կաք դուք՝ այնպիսին, ինչպիսին կաք: Այս պատմությունը իմ ընկերուհու մասին է, ում միջոցով ճանաչեցի մեզ համար այնքան խորհրդավոր և քողարկված խուլերի աշխարհը: Իսկ նրանք մեր կողքին են, այնքան մոտ և միաժամանակ հեռու: Մենք՝ լսողներս, կարող ենք փոխել իրավիճակը և կրճատել հեռավորությունը: Գուցե սովորե՞նք ժեստերի լեզուն, մեզ համար հնարավոր է: Իրենց համար մեր լեզուն սովորելը ՝ անհնար: Քայլը մերն է:

zara ghazarean

Վասն մերոյ փրկութեա՞ն

«Պիտի կույսը հղիանա,ապա որդի Աստված պիտի մարմին առնի, ծուռումուռ ճանապարհները պիտի շտկվեն, ապա պիտի մատնվի, տանջանքների ենթարկվի, խաչվի, թաղվի և հարություն առնի»…

Բարի ավետիսով՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Հարության տոնի հոգևոր կարևորությունը պահելով սրտում, անդրադառնանք մեզ շրջապատող իրականությանը:

…Վաղ առավոտ: Շտապում եմ դասերի: Ճանապարհին ձկնավաճառների հոծ բազմություն:
(Ձկնավաճառ) -Ախպե՛րս, Սևանի Իշխան ա, կարո՞ղ ա գիտես՝ ծնունդդ ա, գինն էս ա. կուզես ուզի, չէ՝ լիքը առնող կա:

(Գնորդ) –Արա, դե էս էլ թազա մոդա յա: էս ի՞նչ էր բերին մտցրին: Սովետի վախտ լավ չէ՞ր:

Տարօրինակ չէ: Շարժվե՛նք առաջ, մտնե՛նք խանութ:

Հերթ, հերթ, հերթ…

-Ձուն ի՞նչ արժե: 100 հատ տվե՛ք: Չամի՞չը, բրի՞նձը, գինի՞ն: Խոզի մի՞սը:

(Ես) -Խոզի մի՞ս:

-Գինին ինչի՞ ա թանկացել:

(Վաճառողուհի) -Ձեզ ի՞նչ է հարկավոր:

(Ես) –Ի՞նձ… Չեմ էլ հիշում…

Վերադառնում եմ տուն: Ամեն բան այնքան նույնն էր, և միևնույն ժամանակ, տարբեր, ինչպես ամպերը…

Հետո եկեղեցի: Չգործող եկեղեցի: Տարածքում՝ եկեղեցու գավիթին կիպ, գոմաղբ, օգտագործմանը ոչ պիտանի մեքենաների պահեստամասեր…

Վերը նկարագրված տեսարանի մարդիկ (գուցե ոչ նրանք) հերթով մտնում են եկեղեցի, երկու մոմով կամ առանց…

Ինչքա՜ն բան կարող էինք փոխել: Հասկանում եք երևի:

Ի՞նչ օգուտ՝ գինին ու ձուկը թանկ, թե՞ էժան: Ի՞նչ օգուտ, եթե աշխարհը շահենք, բայց կորցնենք մեր անձը:

Հիմա հարց՝ վասն մերոյ փրկությա՞ն, թե՞ վասն մերոյ ստամոքսի, վասն մերոյ հարևանից հետ չմնալո՞ւ, թե՞ վասն մերոյ գոռոզության…

Հ.Գ. (ինձ) «Կույրը կույրին չի առաջնորդում, այլապես երկուսն էլ փոսը կընկնեն»:

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա:

Հովհ. 12; 24

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Nelli Khachatryan

Որտեղից ես սկսում դու

-Բարև:

Մտածում ես՝ քե՞զ չեմ բարևում… Ա, գիտեմ, դու ապրիլի 7-ի այն համերգին էլ երևի ծափ չես տվել: Մտածում ես՝ ի՞նչ կապ ունի, հիմա կբացատրեմ:

Ինչ վերաբերում է ապրիլի 7-ի համերգին. Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը բացօթյա համերգ էին կազմակերպել, հիշո՞ւմ ես… Մի երգի ժամանակ Գարիկը ասաց, որ հատուկ տակտով ծափահարենք, երգի համար երաժշտություն էր ծառայելու քո ծափը… Ես էլ ծափ էի տալիս ու նայում շուրջս, ուզում էի «բռնացնել» էն մարդկանց, ովքեր մտածում էին, որ իրենց ծափը ոչ մի բան չի փոխելու, ու ձեռքերը ծալած ուղղակի լսում էին:  Բարեբախտաբար այդպես մտածողները փոքրամասնություն էին, և երաժշտություն ամեն դեպքում ստացվեց ստեղծել:

Հիմա անցնենք բարևին: Չնայած արդեն գլխի ես ընկնում բարևի ու համերգի կապը, չէ՞… Երբ դիմում են հասարակությանը,  դու քեզ, չգիտես ինչու, հասարակության անդամ չես զգում, կամ չգիտեմ, միգուցե  քո դերը այնքան չես կարևորում, որ մտածես՝ խոսքը նաև քեզ էր ուղղված:

Բարևից ու համերգից սահուն կերպով կարող ենք անցնել քաղաքական ընտրություններ:

Կարծես այստեղ էլ քո ձայնը կարևոր չես համարում: Դու վաղը կասես «երկրը երկիր չի», ու կգնաս: Չէ, ես թեմայով էլ չեմ ուզում խորանալ, մենակ ուզում եմ քեզ գնահատես, ու մի բան էլ. հաջորդ անգամ, երբ գրեմ՝ բարև, քեզ եմ բարևում: Հա, հենց քեզ: Անպայման կպատասխանես, ես լսելու եմ:

Ո՜ւխ, էլի համով գաթա

Լուսանկարը՝ Անուշ Աբրահամյանի

Լուսանկարը՝ Անուշ Աբրահամյանի

Մի քանի օր անցկացրի տատիկիս տանը: Կարծում եմ՝ այս նախադասությունը շատ բան ասաց նրանց, ովքեր գոնե մի քանի օր անցկացրել են իրենց տատիկի տանը: Տատիկներն ուրիշ են՝ նրանք միշտ կարծում են, որ մենք սոված ենք կամ տաք չենք հագնված:

Լուսանկարը՝ Անուշ Աբրահամյանի

Լուսանկարը՝ Անուշ Աբրահամյանի

Իհարկե, իմ տատիկի տունը անտառում չէ, բայց ես, ցավոք սրտի, նրան հաճախ չեմ այցելում: Տատս միշտ շուտ է վեր կենում, իսկ ես ամեն երեկո որոշում եմ նրա հետ արթնանալ ու դիմավորել արևածագը, բայց ոչինչ չի ստացվում: Մինչ ես ծուլորեն պատրաստվում եմ դպրոց գնալուն, տատս արդեն տնային գործերի կեսը վերջացնում է (չափազանց արագաշարժ է տատս): Նա միշտ ասում է՝ գործը պետք է հաճույքով անել, որ շատ չհոգնես: Եղել է այնպես, որ գործ անելու ընթացքում հիշել է դպրոցում սովորած բանաստեղծությունները և երկար ժամանակ ինձ համար արտասանել դրանք:

Լուսանկարը՝ Անուշ Աբրահամյանի

Լուսանկարը՝ Անուշ Աբրահամյանի

Երբ փոքր էի ու տատիս հետ մեր տնից շատ հեռու գտնվող հողամաս էինք գնում, նա ինձ իր կարդացած պատմություններն էր պատմում: Այդպես անցնում էր ողջ օրը, միչև հիմա էլ առանձնապես ոչինչ չի փոխվել: Տատս փորձում է ինձ ամեն բան սովորեցնել. «Էրա իմ համար, սովորի քո համար»: Նա շատ համեղ է պատրաստում ոչ միայն ճաշերը, այլ նաև գաթան: Հաճախ է եղել այնպես, որ թաղի կանայք խնդրել են նրան իրենց համար էլ թխել: Տատս արդեն ձուն շաքարավազի հետ խառնել, ալյուր էր ավելացրել ու պատրաստվում էր գրտնակել, երբ ես որոշեցի լուսանկարել:

Լուսանկարը՝ Անուշ Աբրահամյանի

Լուսանկարը՝ Անուշ Աբրահամյանի