Ազատ տարածք խորագրի արխիվներ

svetlana davtyan

Ինտերնետը լա՞վ, թե՞ վատ միջոց է

Հաճախ, երբ մայրիկս կամ հայրիկս ինձ տեսնում են համակարգչի առաջ, կամ բջջայինն է ձեռքիս, անմիջապես ասում են՝ մի նստիր համակագչի առաջ, աչքերդ վնասում ես: Միշտ ասում են` ավելի լավ է դրա փոխարեն գիրք կարդա: Իսկ երբ ասում եմ, որ համակարգչով եմ գիրք կարդում, ասում են` դա կարդալ չի: Չեմ հասկացել և չեմ էլ ուզում հասկանալ, թե ինչո՞ւ են նման կերպ մտածում:

Մի անգամ մայրիկիս հետ գնացել էինք այգի, զրուցում էինք, մեր դիմաց նստած էին երկու աղջիկներ: Նրանցից մեկի ձեռքին կար գիրք, իսկ մյուսի ձեռքին բջջային: Մայրիկս դա նկատեց և ինձ ասաց.

-Տես, ինչ լավ աղջիկ է, գիրք է կարդում, ոչ թե մյուսի նման` մտել ա հեռախոսի մեջ, դուրս չի գալիս:

-Մամ ջան, ախր դու հաստատ չգիտես, թե ով ա գրիք կարդում:

Ասացի ես մայրիկիս և գնացի աղջիկների մոտ: Ծանոթացա նրանց հետ, սկսեցինք զրուցել, և ես տեսա մի պարզ բան՝ իրականում բջջայինով աղջիկը online տարբերակով գիրք էր կարդում (Նար-Դոս «Քնքուշ լարեր»), իսկ այն աղջիկը, ում ձեռքին գիրք կար, իրականում գրքի հետևում թաքցրել էր բջջայինը:

Այս ամենը տուն վերադառնալիս պատմեցի մայրիկիս, և նա ինձ ասաց.

-Իրականում երևի ինտերնետը այդքան էլ վատ միջոց չէ:

Հուսամ, որ իմ մայրիկի նման շատերն էլ կփոխեն իրենց կարծիքը, և կհասկանան, որ ինտերնետը  վատ միջոց չէ, եթե այն ճիշտ ես օգտագործում:

մարինե իսրայելյան

Բացահայտում

Կարծեմ չորս տարեկան կլինեի, երբ մի օր այնպիսի գյուտ արեցի, որ չորսամյա փոքրիկիս համար Նյուտոնի գյուտերից ավելի թանկ էր: Դպրոց չէի գնում, մանկապարտեզ էլ չեմ գնացել, և ոչ ոք ժամը ութին ինձ չէր արթնացնում: Ես քնում էի սրտիս ուզածի չափ և մեծանում: Մի առավոտ արթնացա, երբ արևը առատորեն լուսավորել էր սենյակս: Քույրս ու եղբայրս արդեն դպրոց էին գնացել: Խոհանոցից ափսեների շըխկշըխկոց էր լսվում. հասկացա՝ մայրս նախաճաշ էր պատրաստում: Վայելում էի արթնանալուց հետո անկողնում մնալու հաճույքը: Այսօրվա պես հիշում եմ՝ մեծ բավականությամբ ձգվեցի, հորանջեցի և, ինչպես պատահեց, ձեռքս կրծքիս ընկավ… Ոնց էի լալիս, ցատկում անկողնուս մեջ, կանչում մայրիկիս, և երբ մայրս խոհանոցից տագնապահար հասավ ու գրկեց ինձ, ես, արցունքներս կուլ տալով, սկսեցի բացատրել իրավիճակը` ձեռքս կրծքիս սեղմած.«Մա՛մ, ըստի մի բանա շըրխկըմ, շըրխկը-դըրխկը, շըրխկը-դըրխկը…»: Մորս սարսափահար դեմքը լուսավորվեց ներողամտությամբ, մեղմ ժպիտով պատասխանեց տագնապիս և ջերմ համբույրներով ողողեց արցունքներից կարմրած աչքերս ու թուշիկներս: Հասկանո՞ւմ ես, ընթերցող, ես սիրտս էի գտել…

narek martirosyan

Մայիսի 1-ը

Օրը սկսվեց սովորականի պես: Գարնան վերջին ամիսն  զգալ էր տալիս, որ արևը թույլ, սակայն ջերմացնում է: Հիշեցի, որ աշխատավորների օրն է, ու մարդկանց մեծ խմբեր կուղևորվեն դեպի տեսարժան վայրեր: Փորձեցի ես էլ հետևեմ նրանց օրինակին:

Գնալով հրապարակ, չզգացի որևէ արտասովոր բան: Չկար մարդկանց հոսք: Ճանապարհին հանդիպող մարդկանց դեմքերին տիրում էր ապրիլյան տրամադրությունը: Իսկ ապրիլին Գյումրին սգում էր պատերազմի ընթացքում զոհված գյումրեցի զինվորների ծանր կորուստը: Մարդիկ անգամ մոռացել էին Մայիսի 1-ի մասին: Բոլորը տխուր էին, բայց և հաստատակամ:

Այս մայիսի 1-ը ես կհիշեմ միշտ: Եվ կարծես եղանակը նույնպես հետևեց մարդկանց տրամադրությանը, և տեղաց հորդառատ անձրև: Անձրևն սկսվելուն պես քաղաքն ամբողջովին դատարկվեց:

seryoja ghazaryan

Հովհանավանքը նորից աղոթում է

Երբեմնի հզոր Հովհանավանք մենաստանը ամայի էր: Կարծես դարեր շարունակ եկեղեցու ներսում չէր լսվել միաբանների աղոթքը, երգեցողությունը: Այդ երգեցողությունը փոխարինվել էր աղավնիների ծլվլոցով: Կարծես աղավնիները շարունակում էին վանքի հարաժամ աղոթքը, որպեսզի երբեք չընդհատվի: Մարդիկ խորհրդային իշխանության բռնապետական ազդեցության ներքո մոռացել էին հավատքը, եկեղեցին: Վանքը լքվել էր և կամաց-կամաց ավերվում էր:

2010 թվականին, Աստծո կողմից ընտրված մի եկեղեցական` Տեր Եփրեմ. Զարգարյանը, եկավ և իր ծառայությունը բերեց համայնքին և եկեղեցուն: Սկզբնական շրջանում շատ ծանր էր նրա համար, քանի որ մարդիկ կուրացած լինելով աթեիզմի ազդեցությունից, նրան չէին ընդունում: Տեր Եփրեմ քահանան այդ ամենից չէր հուսահատվում և շարունակում էր աղոթել համայնքի համար: Նրա գալով եկեղեցուց արդեն սկսեց հնչել զանգերի ղողանջը, որը մարդկանց կանչում էր Սբ.Պատարագի, ժամերգությունների:

Երբ մտնում էի եկեղեցի, տեսնում էի, թե ինչպես ամբողջ գյուղի բնակչությունից ոչ ոք ներկա չէր արարողություններին, բայց քահանան այդ ամենից չէր վհատվում և միայնակ կատարում էր ժամերգություններ, Պատարագ: Իրոք շատ մեծ էր նրա հավատքը, որովհետև որոշ ժամանակ անց, ժողովուրդը տեսնելով հոգևորականի նվիրվածությունը, սկսեցին այցելել եկեղեցի:

Հովհանավանքը կենդանություն ստացավ, և ի իր գիրկն էր կանչում հավատավոր մարդկանց:

Տեղի հոգևորականը կատարեց իր գործը, և այս ամենից հետո ` 2015 թվականին, թողնելով հնագույն վանական համալիրը, ծառայության անցավ մեկ ուրիշ վանքում:

Նրա գնալուց հետո մարդիկ վախով էին լցված, որ կմնան առանց հոգևորականի, բայց ընդամենը մեկ ամիս անց, շնորհիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանի, եկեղեցում նորից կատարվում է սբ.Պատարագ և ժամերգություններ:

hasmik davtyan

Մեր ընկեր-կենդանիները

-Միս ուտում ե՞ս:

-Չեմ ուտում:

-Ինչի՞ չես ուտում:

-Բուսակեր եմ:

-Բայց միսը պարտադիր ա մարդու օրգանիզմի համար:

Ու նմանատիպ օրինակները շատ են:

Ինչպես հասկացաք՝ ես բուսակեր եմ:  Ինչ ինձ հիշում եմ, միս չեմ ուտում: Չգիտեմ պատճառը: Միգուցե պատճառն այն է, որ երբ փոքր էի, ինձ հարազատ դարձած ոչխարին մորթեցի՞ն: Հնարավոր տարբերակ է:

Բուսակերությունը նորմալ բան է, չնայած, որ ինձ շրջապատող մեծահասակները փորձում են հակառակը համոզել: Անընդհատ ասում են, որ օրգանիզմիս անհրաժեշտ սպիտակուցներ կարող եմ ստանալ միայն մսից: Իրականում դա այդպես չէ:  Կան շատ այլ մթերքներ, որտեղ բավականին սպիտակուցներ կան, օրինակ՝ ձվի մեջ, կարտոֆիլի մեջ և այլն:

Գիտեք, շատ հաճախ է պատահել, որ մեծերը համոզում են իրենց պատրաստած մսով ինչ-որ ուտեստ համտեսեմ, ասում են, որ հաստատ կհավանեմ ու կսկսեմ միս ուտելը: Բայց պատճառն այն չէ, որ ինձ դուր չի գալիս մսի համը, այլ ես չեմ կարողանում միսը բերանս դնել կամ նույնիսկ ձեռք տալ: Ախր, երբ պատկերացնում եմ, որ էդ միսը մի ժամանակ ողջ կենդանի էր, քայլում էր, շնչում, միգուցե ձագուկներ  ուներ … Չէ, չէ… Չեմ կարող:

Անհնարին բան եմ ասում, բայց եկեք պատկերացնենք, թե աշխարհում ոչ մի կենդանի չի սպանվում մարդու ցանկությունները բավարարելու համար: Հրաշալի չէ՞ր լինի: Մարդիկ իրենց արդարացնում են, թե դա գոյության կռիվ է, օրենք, և ուժեղը հաղթում է  թույլին: Ճիշտ չէ: Մեզ բոլորիս էլ փոքր ժամանակ սովորեցրել են, որ թույլին պետք է օգնել:  Ո՞ւր է մեր մեջ կորում մանկությունը: Ախր, կենդանիներն էլ են վախենում, ցավ զգում: Նրանք էլ, ինչպես և մենք,  բնության մի մասնիկն են: Եվ բնությունը այսպիսի դաժանություն չի հանդուրժում…

Սիրե՛ք ձեր ընկեր-կենդանիներին:

meri muradyan

Խեչիքարի առեղծվածները

Ամեն  անգամ ծիծաղելով եմ հիշում այս պատմությունը, որը կատարվել է իմ, քրոջս՝ Լիլիթի և մորաքրոջս երեխանների հետ ՝ Տիգրանի և Օֆելյայի:

Գնացինք մեր գյուղի՝ Կողբի մոտիկ սարերից մեկը, որը տեղացիները կոչում են Խեչիքար: Մենք մեզ հնագետներ պատկերացրինք և գնացինք «պեղումներ » անելու: «Պեղումները» ապարդյուն չեղան, ուղղակի մի քիչ շատ էինք հեռացել  մերոնցից:
Շատ էինք գնացել ու արդեն հոգնել էինք, բայց չէինք ուզում հետ կանգնել մեր որոշումից: Անդադար քայլում էինք, բայց արդեն ուժասպառ էինք եղել: Քույրս և Օֆելյան որոշեցին նստել, բայց ես և Տիգրանը համառորեն շարունակում էինք: Շատ էինք գնացել թե քիչ, չեմ հիշում,  հանկարծ ինչ-որ բան նկատեցինք և երկուսս էլ ուախությունից կանգնել իրար էինք նայում: Մենք հասել էինք նրան, ինչը փնտրում էինք՝ խաչքար, կողքին` գերեզմաններ: Բավականին հետաքրքիր էին գրված խաչքարի վրայի տառերը, և նրա շուրջ մի քանի մեծ ու փոքր քարեր կային, որոնք կարծես փորված լինեին, և այնքան համաչափ  էր այդ ամենը արված, որ  ուղղակի կարող էիր անվերջ  նայել:
Մենք այնքան էինք տարվել խաչքարով, որ չէինք նկատել, թե ինչպես էր կամաց-կամաց մթնել և, որ մեր ծնողները սկսել էին անհանգստանալ մեզ համար: Վերջապես գլուխներս բարձր վերադարձանք: Պատմեցինք մեր գլխով անցածը:
Կողբը Հայաստանի հնագույն գյուղերից մեկն է, և նրա շրջակայքի անտառներում դեռ բազում հիշատակություններ կան մեր անցյալի մասին, որոնք սպասում են մեր բացահայտմանը:

Ազատությունը 17.am-ում

Շատերն են հարցնում, թե ինչու եմ գրում www.17.am կայքում կամ ինչ է այն տալիս ինձ:

Պատկերացրեք, որ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը լիովին փոխեց իմ մտածելակերպը:

Սկսենք նրանից, որ շարադրել ասելով ես հասկանում էի դպրոցական շարադրություն, որը, ինչպես գիտեք, բազմաթիվ սահմանափակումներ ունի: Օրինակ, պետք է գրել տրված թեմայի շրջանակներում և գրական լեզվով: Բայց հաճախ «17.am»-ում ուզում ես գրել այն թեմաներից, որոնց մեջ բարբառով կամ ժարգոնով բառեր չօգտագործել չես կարող: Այստեղից  եզրահանգելով՝ կարող եմ ասել, որ առաջին բանը, որ կայքն ինձ տվել է, ազատ արտահայտվելու հնարավորությունն է: Կարող ես գրել ցանկացած թեմայով և արտահայտել ազատ մտքեր: Հաճախ լինում են անմոռանալի պահեր, հետաքրքիր մարդիկ, գեղեցիկ վայրեր և այլն, որոնց մասին կուզենայիր կիսվել: Իսկ այդ հարցում տվյալ պահին ինձ օգնում է միայն «17.am»-ը:

Մինչ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի կազմակերպած դասընթացները ես մտածում էի, որ լուսանկարչությունն այնքան էլ կարևոր ու բարդ բան չի: Ուրիշ բան է նկարչությունը, երբ մարդիկ նկարում են ձեռքով:  Նույնիսկ չէի էլ հետաքրքրվում լուսանկարչությամբ: Դասընթացի ընթացքում մեզ սովորեցրեցին, թե ինչպես կարող ենք լուսանկարել, ինչ կանոններ ունի, ինչ ուղղություններ: Դասընթացի ընթացքում լուսանկարչական արշավների գնացինք մեր մարզի գյուղերն ու քաղաքները:  Ես հասկացա, որ լուսանկարչությունը պարզունակ բան  չէ, ինչպես ես էի պատկերացնում: Այժմ տնից դուրս գալիս, նույնիսկ դպրոց գնալիս, հետս լուսանկարչական խցիկս եմ վերցնում և տան ճանապարհին ամեն բան, ինչ «աչքս ծակում է», նկարում եմ:

Սովորեցի, թե ինչպես են հարցազրույց վարում, ակնարկ ու էլի ուրիշ բաներ գրում: Հիմա այն մարդիկ, որոնց մեջ հետաքրքիր բան եմ տեսնում, պայմանավորվում եմ և հարցազրույց վերցնում: Դա էլ իր յուրահատուկ և հետաքրքիր կողմերն ունի: Ես ծանոթանում եմ հետաքրքիր մարդկանց հետ, դարձել եմ ավելի դիտողունակ ու հետաքրքրասեր, չեմ ամաչում շփվել անծանոթների հետ:

Երբ տանը կամ դրսում մեծերով խոսում են` ուշադիր լսում եմ: Այդ պահին մտածում եմ, որ կարելի է գրել, թե ինչ են խոսում: Եվ մեծերից մեկը, նայելով ինձ, ասում է.

-Է՜հ, խոսում ենք՝ առանց իմանալու, որ հեսա Սոֆյան կգրի:

Այս մեջբերումով էլ ուզում եմ ասել, որ այն ժամանակ անտարբեր էի խոսակցությունների, կատարվող իրադարձությունների և աառհասարա շրջապատի նկատմամբ: Իսկ այժմ զբաղված ժամանակ էլ մի ականջս ուրիշ տեղ է՝ անմիջապես ձայնագրում է:

Ամփոփելով, կարող եմ ասել, որ «17.am»-ի թղթակից լինելը մեծ առավելություն է և պատասխանատվություն:

Հ.Գ. Հետաքրքիր մտքեր ունենաք, հավես չանեք գրել՝ կպատմեք, ես մեծ սիրով կգրեմ:

ani avetisyan portret

Հոսոն տուն կգա…..

-Գիշերը, երբ շատ մութ լինի, Հոսոն տուն է գալու…

Ապրլի երկուսից, ամեն օր այս տողերը կրկնում են փոքրիկ Գեղամն ու Էրիկը, իսկ  Հոսոն նրանց հայրն է՝ կապիտան Հովսեփ Կիրակոսյանը, ով զոհվեց Արցախի սահմանին, քառօրյա պատերազմի ժամանակ: Նրա զավակները դեռ սպասում են իրենց հորը՝ իրենք իրենց համոզելով, որ եթե առավոտյան շուտ արթնանան, կտեսնեն Հոսոյին… Բայց փոքրիկ ու անմեղ երեխաները դեռ չգիտեն, չեն հասկանում, որ աշխարհում պատերազմ անունով հրեշ կա, որ գալիս է, իր կոշտ ու արյունոտ ձեռքերով բռնում ու տանում տղերքին՝ Հոսոյի նման զինվոր տղերքին: Նրանք չգիտեն, որ պատերազմն իր չգրված օրենքերն ունի: Չգիտեն, որ հոր կարոտից՝ իրենց անմեղ աչուկներից թափվող ամեն կաթիլ արցունքը աշխարհի խղճին է ծանրանում: Որ իրենց նման՝ շատ ու շատ փոքրիկներ ամեն առավոտ արթնանում ու իրենց Հոսոյին են սպասում, նրանց, ում էլի պատերազմն է տարել…..

Պատերա՞զմ… Իսկ ինչպե՞ս 3-4 տարեկան փոքրիկներին բացատրել, թե ինչ է պատերազմը, ինչու են մարդիկ պատերազմում, երբ նույնիսկ մեծահասակները հստակ չգիտեն այդ հարցերի պատասխանները: Ինչպե՞ս նայել նրանց աչքերին ու չատել աշխարհի օրենքները, պատերազմը, պատերազմին…

 

 

… Մեզ համար ապրիլի 2-ից օրերի հաշվարկում ոչինչ չի փոխվել, բայց այս երկու փոքրիկների, նրա մայրիկի և մյուս բոլոր հերոսների ծնողների ու ընտանիքների համար ժամանակը կանգ է առել, և երևի դեռ երկար առաջ չի շարժվելու:Նրանց ժամանակը կանգնել է, որ շարունակվի մեր ժամանակը, որ Հայոց աշխարհի ժամանակը երբեք կանգ չառնի:

Կապիտաններ  Հովսեփ Կիրակոսյանը, Արմենակ Ուրֆանյանը, ժամկետային զինծառայողներ Ազատ Սիմոնյանը, Քյարամ Սլոյանն ու բոլո՜ր-բոլո՜ր  հերոս հայորդիներն իրենց այսօրվա գնով ապահովեցին մեր վաղվա օրը:

Փոքրիկ Էրիկի ու Գեղամի վերջացած մանկության  գնով ապահովագրվեցին  այնքա՜ ն անհոգ ու ազատ մանկություններ…

Նրանց  մանկությունը կավարտվի շատ շուտ, նույնիսկ չսկսած՝ այնպես, ինչպես ավարտվեցին 19-ամյա տղաների դեռ կարգին չսկսված կյանքերը: Կավարտվի այն օրը, երբ նրանք առավոտյան շատ շուտ կարթնանան  ու կհասկանան, որ Հոսոն գնացել է ու էլ չի գալու…

Իսկ նրանք դեռ հավատում են. Հոսոն տուն կգա…

Ի՞նչ անենք, ինչո՞վ ձեզ սփոփենք, իմ փոքրիկ եղբայրներ, ի՞նչ անենք, որ ձեր մանկությունն այսպես հանկարծակի չավարտվի…