Ազատ տարածք խորագրի արխիվներ

nare ohanyan

Դու

Դու՝
իմ անվերջանալի փնտրտուքների մեջ չփնտրածն
ու գտածը,
Դու՝
իմ ամենաթանկն
ու ամենից սիրածը,
Ինձնից չգնացողն
ու իմ չկորցրածը։

Դու՝
իմ բանաստեղծություն՝
անվերջ գրվածը,
Ու երբևէ ոչ մեկի՝
չկարդացածը։

Դու՝
իմ ուրի՜շ,
ամենաթա՜նկ,
միա՜կ
ունեցածը,
Եվ իմ գոյությունն
ու գոյությանս Աստվածը։
Լռությանս մեջ բարձրաձայնվածը,
Ճակատագրից ինձ վաղուց նվիրվածը։

Դու՝
իմ չկրկնվածն
ու երբեք չուշացածը,
Իմ չմոռացվողն
ու ինձ չմոռացածը։

Դու՝
իմ միակ աշխարհն
ու աշխարհում ունեցածը…

edita galstyan

Նամակ ինքս ինձ

Գիտեմ՝ շատերդ արդեն հոգնել եք կորոնավիրուս բառը ամենուր լսելուց: Բոլորն էլ հոգնել են երևի: Սոցիալական տարբեր հարթակներում ուղղակի լող են տալիս նյութեր, որոնցում շատերը իրենց կարծիքն են արտահայտում կորոնավիրուսի չլինելու, գոյություն չունենալու վերաբերյալ: Բայց այսօր խոսքս դրանց չի վերաբերելու:

Համավարակը ինձ մտածելու ու վերլուծելու շատ առիթներ է տվել: Ու ուզում եմ ինքս ինձ նամակ ուղղել, որով կպարտադրեմ ինքս ինձ փոխվել դեպի լավը, կպարտադրեմ ինքս ինձ գնահատել ունեցածս:

Երբ ամիսներ առաջ ես ամեն առավոտ զարթուցիչիս ձայնն էի լսում, ուզում էի ուղղակի գլուխս մտցնել բարձի տակ ու շարունակել քնել: Նայում էի դուրս. մութ էր ու ցուրտ: Չէի ուզում վեր կենալ անկողնուցս: Չգիտեի՝ ինչ պատճառ բռնեի, որ մի հինգ րոպե ավել քնեի: Ձանձրանում էի նույնանման առօրյայիցս: Բայց արի ու տես, որ այդ առօրյան մի օր կդառնար Լուսնին դիպչելու նման մի բան: Չէի գնահատում իմ կյանքի ոչ մի վայրկյանը, ապրում էի, կարծես անվերջ էլ այդպես ապրելու էի՝ չհավատալով այն խոսքին, որ չգիտես, թե վաղը ինչ կարող է պատահել հետդ:

Իսկ հիմա անկեղծորեն խոստովանում եմ, որ երանի եմ տալիս առաջվան: Գիտեմ՝ պատմության մեջ տասնյակ այսպիսի համաճարակներ են եղել. մարդիկ հաղթահարել են դրանք: Նաև մի քանի տասնյակ անգամ ավելի պատերազմներ են եղել. դրանք էլ են հաղթահարվել: Ու մարդիկ նորից ապրել են այնպես, ինչպես միշտ են ապրել: Բայց ես կուզեմ, որ այն օրը, որ ավարտվի այս ամենը, մեր կյանքը այլ լինի: Այլ լինի դրական առումով:

Ես ինքս ինձ խոսք եմ տալիս, որ մինչ հին առօրյային վերադառնալը կփոխվեմ ու կփորձեմ փոխել այն ամենը, ինչ ինձնից է կախված:

Էդիտա ջան, սկզբում դու պետք է ներես բոլորին, ովքեր քեզ ցավ են պատճառել, թողել են վատ իրավիճակում: Չէ՞ որ մարդը իրեն թեթև է զգում, երբ չարություն չկա իր ներսում: Հետո դու ծնողներիդ, մտերիմներիդ, ծանոթներիդ շատ կասես, որ իրենց շատ ես սիրում: Առաջ դու մտածում էիր, որ սիրել բայը կորցնում է իր արժեքը, երբ շատ ես օգտագործում: Փաստորեն սխալվել ես: Դու երբեք չես ատել ոչ ոքի, բայց կան մարդիկ, որոնց չես կարողացել սիրել: Ուրեմն երբեք չլցվե՜ս չարությամբ ու ատելությամբ, անգամ, երբ չես կարող սիրել:

Սրանից հետո դու ամեն առավոտ արթնանալիս Աստծուց պետք է շնորհակալություն հայտնես, որ արթնացել ես, առողջ ես: Բայց և չպետք է երբեք վիրավորես ինչ-որ մեկին իր անհավատ կամ թերահավատ լինելու համար: Դու պետք է հանդուրժես բոլորին ու իրենց աշխարհայացքը: Չնայած՝ գիտեմ, որ միշտ էլ հանդուրժել ես բոլորի կարծիքը անխտիր:

Քեզ վատը ցանկացողներին երբեք նույնությամբ չպետք է պատասխանես: Նրանց պետք է սիրես այնքան, որ ամաչեն իրենց քայլերից: Քեզ նախանձողների կարծիքից չպետք է թուլանաս, այլ պետք է քաջությամբ ընդունես ու առաջ նայես:

Գլխիցդ պետք է հանես ու հեռու շպրտես բացասական մտքերը: Դրանք երբեք քեզ չեն օգնելու, այլ միայն խանգարելու են տեսնել կյանքի գեղեցկությունը:

Եթե այս ամենը դու կարողանաս անել ու հաղթահարել ամեն վատ բան քո մեջ, դրանց փոխարեն քեզ լցնելով դրականով, ապա դու աշխարհը մի փոքր կթեքես դեպի լավը:

Ստորագրում եմ․

էդիտա Գալստյանը՝ Էդիտա Գալստյանին

pnjik babayan

Դեղինը

Վերցրած շագանակագույն աչքերս՝ փորփրում էի նրա թափթփված պրոֆիլը… կանաչ էր, ինչ խոսք։

Ու հագնելով սիրելի տաբատս՝ սկսեցի երազել մի դեղին, մի ուրիշ աշխարհի մասին։

Սիմվոլիկ երանգներով քայլում էի հորինվածքիս մեջ. չկային մարդկային այն բութ դեմքերը, չկային չարերն ու նախանձները, ու կարծես կյանքը իր ափերից այլևս չէր ելնում, մանկիկի պես խաղաղ քուն մտած՝ հոսում էր իր գրվածքով։

Ոչ, այսքանով չի ավարտվում դեղին աշխարհի նկատմամբ ունեցածս պատկերացումները։

Քայլում էի, ու իմ դեղինում կանաչն էլ էր երանգավորվում, ու այն հայացքը, որ նա նետել էր ինձ իր պրոֆիլում, կարծես կանաչ էր հագել ու եկել դեղին աշխարհս՝ ինձ մենակ չթողնելու։ Ոչ մի կերպ այդ շպրտվածքը գլխիցս դուրս չէր գալիս, որովհետև հայացքներ կան, որ դատապարտված ենք մինչև մահ հիշելու։

Նա նստել էր դեղին հատակին, ծխախոտն ու մատները մոդելներ էին՝ երկար, սլացիկ, ու պայքարում էին իմ ուշադրության համար։ «Իմ ուշադրություն» մրցանակը ստացան նրա աչքերը… աչքերը հաղթել էին, աչքերն էլ պրոֆիլի պես չգիտեին՝ ինչ ասեին, հայացքն էլ պրոֆիլի պես թափթփված էր։

Փորձեցի խոսել, երգել իր հետ, բայց նա նախընտրում էր լռել, քայլեցի՝ մտածելով, թե մի պահ կանգ կառնի, կխոսի աշխարհիս մասին (չնայած, որ ես նրան չէի հրավիրել), հետաքրքիր մտքեր կասի գրքերից, բայց ոչ…

Եկել էր աշխարհս փոխելու, բայց դեղնած հեռացավ։

Քունը թափվել էր աչքերիս, աչքերիս ու քնի մեջ համաշխարհային պատերազմն էր, մեկը պայքարում էր նրա պրոֆիլի համար, իսկ մյուսը՝ ուղեղիս հանգստի համար։

Իհարկե, վերջում հաղթեց դեղինը։

Հաղթած «Դեղին» պատերազմը փորփրում էի իր թափթփված պրոֆիլը… դեղին էր, ինչ խոսք։

Եթե հանկարծ էլ չգամ պրոֆիլդ փորփրելու, խնդրում եմ, հորինիր ինձ, հորինիր ինձ ու նոր կարմիր աշխարհը։

Nelli Harutyunyan

Ինքնամեկուսացում, որն այդպես էլ տեղի չունեցավ

Իմ ընտանիքում և հայկական շրջապատում այս տարի ես միակն էի, որ որոշեցի դպրոցը ավարտելուց հետո միանգամից համալսարան չգնալ: Հիշում եմ, երբ կայացրի այդ որոշումը, գրեթե բոլորը, ում ճանաչում էի Հայաստանում, մասնավորապես՝ ընտանիքս, խստորեն դեմ էին դրան: Հարցն այն էր, որ այստեղ «Gap Year» անելը նշանակում է համալսարան երբեք չգնալ և մնալ անկիրթ: Շատերը կարծում են, որ այն տարին, երբ երիտասարդը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ֆորմալ կրթություն չի ստանում, ուղղակի ժամանակի կորուստ է: Իմ դեպքում դա այդպես չէր: Ես միշտ երազում էի ունենալ երկար «արձակուրդ», որի ժամանակ կճամփորդեի և կփորձեի իմ տասներեք տարվա գիտելիքները իրական կյանքի պայմաններում: Վաղուց արդեն որոշել էի, երբ գա ժամանակը, ես կիրականացնեմ իմ այդ երազանքը: Երևի երբեք չեմ մոռանա ծնողներիս դեմքի արտահայտությունը, երբ հայտնեցի նրանց իմ՝ Էկվադոր գնալու որոշման մասին: Ընկերներս չէին հավատում, որ ես իսկապես կգնամ այդ քայլին, և պնդում էին, որ եթե անեմ դա, շատ կփոխվեմ ու չեմ ուզենա այլևս Հայաստան վերադառնալ:

Չնայած արդեն մեկ ամիս է, ինչ տանն եմ, այն մտքերը, որ ես կարող էի ծայրաստիճան փոխվել, ինձ համար շարունակում են մնալ տարօրինակ, բայց քանի դեռ տանը չէի, ինձ էլ էր դա անհանգստացնում: Երբ մեկ ամիս առաջ, նստած Փարիզի դատարկ օդանավակայանում,  մտածում էի, որ իմ ճամփորդություններից, ապրած փորձերից և նոր գաղափարներից հետո  ինձ Երևանում այլևս լավ չէի զգալու: Առաջ բերելով «կանանց հանդեպ անհարգելի վերաբերմունքը Հայաստանում», որի մասին այս ամիսների ընթացքում կարդում էի տարբեր հայկական լրատվական էջերում, ես փորձում էի մայրիկիս համոզել, որ այս ամենից անմիջապես հետո տանը ես ինձ լավ չեմ զգա: Պնդում էի, որ ճիշտ կլինի, եթե ինձ կորոնավիրուսի կասկածներով մեկուսացնեն Դիլիջանի կամ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, որտեղ ժամանակ կունենայի հոգեբանորեն պատրաստվելու տուն վերադառնալուն: Բայց դա այդպես չէր, ինձ իսկապես պետք չէին այդ մի քանի օրը մտքերս հանդարտեցնելու համար:

Այո՛, ես մենակ հասել էի աշխարհի մյուս ծայրը: Ձեռք էի բերել ընկերներ, իսկ հետո կորցրել նրանց: Ծանոթացել էի նոր, բավականին տարօրինակ մարդկանց հետ, նրանց հետ ընկել ամենաարկածային, բայց միաժամանակ սարսափեցնող պատմությունների մեջ:

Ես սովորել էի ազատության լեզուն: Իսպաներենն այդպես էի կոչում, քանի որ աշխարհի մյուս ծայրում, որտեղ ինձ ոչ ոք չէր ճանաչում, իսպաներենի միջոցով էի ստեղծում իմ մասին կարծիք տեղացիների մոտ: Ծանոթանալով նրանց մշակույթին՝ փորձել էի ուսուցչի դերում աշակերտներիս սովորեցնել երազել և երբեք չվախենալ ոչնչից՝ ինքս ինձ վախեցած և միայնակ զգալով: Դեռ չհարմարված նոր կյանքին՝ ականատես էի եղել իրական քաղաքական, բավականին ագրեսիվ բախումների և այդ ընթացքում հասկացել՝ կյանքում հաճախ ուժեղ և համբերատար լինելը միակ ելքն է:

Փորձել էի ճամփորդել միայնակ` ինձ համար շատ օտար ու անծանոթ վայրերում, այդ ընթացքում հասկացել իրական ընկերության արժեքը: Հաճախ ընկերությունը հարցականի տակ էի դրել, երբ հայտնվել էի անհասկանալի իրավիճակներում, որոնք մինչ օրս դեռ սարսափեցնում են ինձ քնելուց առաջ:

Այս տարվա ընթացքում լողացել էի գետերում, լճերում, սառը ջրվեժներում և օվկիանոսներում: Ես ինձ իսկապես երջանիկ էի զգացել, ուրախացել և ծիծաղել, հետո վախեցել, տխրել, լացել՝ գրեթե անձայն, որ ոչ ոք չլսի, լացել՝ բարձրաձայն, որ ինձ հասկանան:

Ես սովորում էի ու սովորեցնում, զրուցում օտար մարդկանց հետ՝ փորձելով հասկանալ նրանց մշակույթը: Հաճախ գրի էի առնում տեսածներս ու մտքերս, որոնք բացատրության կարիք ունեին: Փորձում էի գտնել ինձ հին գրքերում, իսկ հետո անհույս կորչում Հախվերդյանի ու Ֆորշի երգերի մեջ՝ այդ անտարբեր տան կտուրին ծխելիս:

Իսկապես շատ տարբեր ապրումներ էի ունեցել ու այդ օրը, երբ օդանավակայանում, թեթև գինովցած, մտովի անցնում էի իմ անվերջ հիշողությունների միջով, սարսափով մտածում էի, թե ինչքան փոխված կլինեմ: Համոզված էի, որ տանն ինձ այլևս չեն հասկանալու, Երևանը այլևս չի ըմբռնելու իմ տարօրինակ մտքերը, իսկ մանկության ընկերներն էլ նույնը չեն լինելու, քանի որ նրանց համար իմ հիմար արկածները անիմաստ և անհեթեթ էին լինելու:

Ինչեր ասես էլ մտքովս չէին անցնում, երբ ինքս ինձ համոզում էի, որ Դիլիջանում անցկացրած հնարավոր երկու շաբաթները, ոչ թե ցանկալի ինքնամեկուսացում էին այդ նոր վիրուսի տարածումը կանխելու նպատակով, այլ անհրաժեշտություն իմ ամենուր ցրված մտքերը մի քիչ կարգի բերելու համար մինչև տուն վերադառնալը: Բայց շուտով այդ հստակ որոշումը դարձավ ուղղակի ցանկալի, իսկ քիչ անց, երբ օդանավից դուրս եկա, և Երևանի սառը օդը, չգիտես ինչու, իմ մեջ արթնացրեց տան հանդեպ անսահման կարոտը,  հասկացա, որ մեկուսացման երկու շաբաթները բոլորովին անիմաստ կլինեին: Այդ պահին ես նույնիսկ վախեցա, որ ինքնաթիռի մեջ իմ հետևում նստած խուճապահար ֆրանսիահայ կինը կարող էր չսխալվել, թե. «Այս ինքնաթիռում ոմն մեկը հաստատ վիրուսակիր է: Նա կվարակի բոլորին, և արդյունքում ամբողջ ինքնաթիռը կհիվանդանա այդ սարսափելի վիրուսով, և շուտով բոլորս կխեղդվենք և կմեռնենք ինքնամեկուսացվածների սենյակներում՝ բացարձակ մենակության մեջ»: Այո՛, կարծում եմ, որ այդ «ոմն մեկը» ես էի, ով դիմացի շարքում նստած ֆսֆսում էր և գրեթե մտքի մեջ հազում և փռշտում, որ ոչ ոք հանկարծ չնկատի:

Բարեբախտաբար, այդ ագրեսիվ կնոջ մեղադրանքները ճիշտ չէին, մեր ինքնաթիռում ոչ ոք ջերմություն չուներ, ինչը նշանակում էր, որ հանգիստ կարող էի գնալ տուն:

Հայրիկս վաղուց ինձ էր սպասում: Երբ տեսա նրան, մեքենայի մեջ սովորականի պես մի քիչ զրուցեցինք, մայրիկս, որի համար ակնհայտորեն միևնույնն էին համաշխարհային համաճարակը և ինքնամեկուսացման պայմանները, ինձ պինդ գրկեց, և մենք գնացինք տուն: Ընթրելիս ես հասկացա, որ այստեղ ոչինչ չի փոխվել, և կարծես ես էլ նույնն էի մնացել: Այդ ընթրիքը, որի մասին երազում էի վերջին տարվա ընթացքում, լրիվ սովորական էր թվում, կարծես ուղղակի դպրոցից տուն էի վերադարձել:

Իսկ այդ բոլոր հիշողություններն ու զանազան դրվագները, որոնք իմ մտքում ինձ դարձրել էին անճանաչելի, կորել էին իմ գիտակցության մութ անկյուններում, կարծես երբեք չէին էլ եղել: Երբ իմ բարեկամները հետաքրքրված հարցեր էին տալիս ճամփորդություններիս մասին, ես հաճախ սահմանափակվում էի հակիրճ, բոլորին հայտնի փաստերով, քանի որ իմ էկվադորյան բավականին հետաքրքիր արկածները հասարակ բառերով փոխանցելու համար ես դեռ պետք է մարսեի այդ տարվա ընթացքում ունեցած ապրումներս, զգացմունքներս և մտքերս, որոնք անցանկալի կերպով ինձ հետ էին բերում Էկվադոր, երբ բարձրաձայնում էի դրանց մասին: Իսկ իմ ներքին մեծ փոփոխությունները հասկանալու և ընդունելու համար նույնիսկ Դիլիջանի ինքնամեկուսացման երկու շաբաթները բավարար չէին լինելու…

Lilit Hovsepyan Erevan

Պայքար անտեսանելի թշնամու դեմ

Շատերը պատերազմ ասելով պատկերացնում են զինված ընդհարումներ, մարդկային անթիվ զոհեր, անվերջ ու անդադար կրակոցներ, ավերված փողոցներ ու շենքեր․․․

Գիտես՝ երբեմն պատերազմներ կարող են տեղի ունենալ հենց ներսումդ, երբ սեփական ես-ը վերագտնելն ու արժևորելը թվում է գրեթե անհնարին, երբ մարդկային երկու հակադարձ բևեռներ բախվում են իրար, երբ ներքին ձայնդ լսելն ու դրան հետևելը դառնում է պարզապես անտանելի և խլացնում է շուրջդ։

Երբեմն հենց դու ես քո թշնամին, այն անտեսանելի թշնամին, ով տակնուվրա է անում ներսդ, իսկ դու ամեն անգամ փորձում ես պայքարել դրա դեմ, ամեն անգամ խոսքերովդ ցավեցնում ու նույն խոսքերով էլ ստիպում ես դառնալ ավելի ուժեղ։

Գիտես՝ պատերազմներն անխուսափելի են, երբ փորձում ես հասնել ինքնաճանաչման, դառնալ ավելի լավը և վերջապես հասկանալ ինքդ քեզ։ Արդյունքում սեփական ես-ի հետ զրույցները դառնում են սովորական, իսկ կոնֆլիկտները հնարավորություն են տալիս վերլուծել սխալներդ։ Այս ամենի հետ միասին առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները բավականին պարզ են, անհրաժեշտ է գեթ մեկ հայացք գցել ներսումդ կատարվող քաոսին և ստանալ բոլոր հնարավոր պատասխանները, թեև կան հարցեր, որոնց պատասխանները այլ տեղերում փնտրելն անիմաստ է, քանի որ պատասխանը տալ կարող ես միայն դու։ Ներդաշնակ լինել ինքդ քեզ հետ, թե փորձել դիմանալ մահվան չափ խլացուցիչ աղմուկին։ Որոշողը ինքդ ես։ Ինքս էլ բազմիցս բախվելով սեփական ես-իս՝ հասկացել եմ մի կարևոր բան․ պետք չէ մեղադրել քեզ անցյալում կատարծդ սխալների համար, չէ՞ որ հենց այդ սխալներն են եղել կյանքումդ ստացած լավագույն դասերը և հենց այդ սխալներն են քեզ ավելի ուժեղ դարձրել։ Սխալներն անխուսափելի են, պետք չէ տառապել անցյալի դառը հիշողություններից, պարզապես ներիր ինքդ քեզ, սովորիր սեփական ձախողումներից։ Ներիր ինքդ քեզ այն բանի համար, որ կույր ես եղել և չես նկատել շուրջդ կատարվող խառնաշփոթը։ Ներիր ինքդ քեզ, որ չես կարողացել գնահատել նրանց, ովքեր միշտ կողքիդ են եղել։ Ներիր ինքդ քեզ, որ դադարել ես պայքարելուց և ամբողջովին ուժասպառ եղել։ Ներիր ինքդ քեզ, որ վստահել ես նրանց, ովքեր բազմիցս հուսախաբ են արել։ Սակայն մի մոռացիր, որ հենց նրանք են քեզ սովորեցրել գնահատել և արժևորել ինքդ քեզ։ Նրանք են, որ սովորեցրել են գնահատել շուրջդ կատարվող ամեն բան և հենց նրանց շնորհիվ է, որ դու հիմա ամուր կանգնած ես ոտքերիդ վրա և շարժվում ես նպատակներիդ ետևից։

Գուցե հիմա կհարցնես՝ ո՞վ է այնուամենայնիվ հաղթում։ Իրականում հարցիդ պատասխանելու համար երկար մտածել պետք չէ, չէ՞ որ գալու է մի պահ, երբ ամենամոտ ու անփոխարինելի ընկերդ դառնալու է հենց այն ձայնը, որը ժամանակին կեղեքում էր քեզ ներսից, երբ վերջապես համակերպվելու ես իրականության հետ և այն այլևս այդքան սարսափելի չի լինելու, երբ շարունակելու ես ապրել ու գնահատել կյանքիդ ամեն վայրկյանը․․․ Նշանակում է՝ հաղթողը հենց դու ես և ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել։

Elen Hakobyan Ararat

Մենք կհանդիպենք

Մոտ 3 ամիս առաջ մեծ նպատակներ ու արդեն իսկ ծրագրած պլաններ ունեինք ապագայի հետ կապված և մեզնից ոչ ոք չէր մտածի, թե ինչպես ու ինչ պայմաններում կխափանվեր ամենը, ու թե ինչպես մեր կազմած, օրինաչափորեն գծած պլանները կանհետանային, քանի որ բնությունը որոշել էր հենց այս գարնանը պատժել մեզ (եթե կարելի է էդպես ասել)։

Դե ինչ, ամեն դեպքում, անկախ ամեն ինչից՝ մենք ավարտում ենք դպրոցը, եզրափակում ենք այն տասներկու տարիները, որոնք անցան ուրախ ու տխուր, վիճելով, հաշտվելով, շատերին կորցնելով, նորերին ընդունելով, դժվարություններով ու անմոռանալի պահերով։ Անցան ու սովորեցրին մեզ շատ բաներ անել ու զգալ կյանքում առաջին ու գուցե վերջին անգամ։

Իսկ հիմա մենք գնում ենք՝ դպրոցի գրասեղանին թողնելով մեր պայծառ ու գորշ մտքերը, մեր արցունքները, մեր անսահման երջանկությունը, մեր հավատը, հույսը, սերը…

Այդ գրասեղանների շուրջ կրկին դպրոցականներ կհավաքվեն, կտխրեն, կվիճեն, կհաշտվեն, կսիրեն ու կապրեն այդ օրերը՝ առանց հասկանալու, որ ապրում են իրենց կյանքի ամենագեղեցիկ ու անհոգ տարիները, ինչպես և չգիտեինք մենք (գուցե հենց դա է ավելի գեղեցիկ ու հուզիչ դարձնում հրաժեշտի պահը)։

Մեզնից յուրաքանչյուրի սրտում մի անհասկանալի տագնապ կա, որը չի թողնում առաջ շարժվել, չնայած դրան՝ մենք պատրաստվում ենք քննություններին, կրկին գծում ենք պլաններ՝ այս անգամ արդեն ուսանողական կյանքի համար և առհասարակ այն կյանքի, որը սպասում է մեզ դպրոցից դուրս։

Կտարբերվի այս վերջին զանգը բոլոր այն վերջին զանգերից, որոնք տեսել եմ ու սպասել իմ զանգին։ Մեքենաները չեն սլանա ու բարձր երաժշտության ներքո չենք գոռա 12-ի բ/ա։ Զանգը չի հնչի այնքան զրնգուն ու այնքան բարձր, որքան պիտի հնչեր։ Չենք պարի մեր վերջին վալսը, չենք գրկի իրար ամուր ու միասնական, ինչպես պիտի գրկեինք վերջին միջոցառման օրը։ Գուցե չհնչեն տասներկու տարի սրտում պահած խոսքեր ու երևի թե դասարանում ամեն մեկս մեր գրասեղանի մոտ նստած արդեն ասել ենք իրար մեր վերջին խոսքերը, ո՞վ իմանա։

Մտածում էի, որ շատ բան կպատմեմ ու մի երկար նյութ կստացվի, բայց չկարողացա, առաջին անգամ շարադրեցի մտքերս ու չկարողացա ավարտել, բայց մի բան պիտի ասեի, մի բան, որը գուցե չէի ասի առաջ ու չեմ ասի հետո. ես սիրահարված եմ դպրոցական տարիներին, դրանք իմ կյանքի լավագույն տարիներն են եղել ու կմնան, վստահ եմ։

Անկախ իրավիճակից ու հանգամանքներից՝ առաջ նայեք ու դարձեք ամենալավը, մենք նոր ու ավելի հզոր Հայաստանի գրավականն ենք։ Գտեք ձեզ ձեր սիրելի աշխատանքի մեջ, նվիրվեք ու մի լավ բան արեք ձեր ընտանիքի, շրջապատի, համայնքի, երկրի համար։ Մի օր անպայման նորից կհանդիպեք ձեր դպրոցական ընկերներին, նորից կկատակեք ու նորից կապրեք նրանց կողքին ու նրանց հետ, ապրեք՝ սպասելով այդ օրվան ու երազելով այդ օրվա մասին։

manik poghosyan

Չկայացած վերջին զանգը

Բարև, ընկերս: Վաղուց չեմ գրել, դե, երևի դժվար էր քննական սթրեսով, չքնած գիշերներով և սրտատրոփ ավարտական երեկոյիդ սպասելով ու գրողի տարած կորոնավիրուսով (որը չգիտես՝ աշխարհի որ ծայրից եկավ հասավ մեզ) մտքերդ հավաքել ու նորից գրել։ Բոլորիս կյանքում եղել է, չէ, որ մտածել ենք, գծել, ջնջել ենք մտքում մեր վերջին զանգը, երբ պետք է մանկական ու դեռահասության արկածներդ թողնես այդ չորս պատերի մեջ ու մտնես նոր կյանք, նոր ուղի, նոր ճանապարհներ, որոնք այդքան էլ հեշտ չեն լինելու մեր կյանքի քառուղիներում։ Մտածել ես, չէ՞, ամեն մանրուքը այդ օրվա հետ կապված, ամեն դետալը՝ սանրվածքից մինչև շպար։ Մտածել ես, չէ՞, բեմ բարձրանալուդ, վերջին խոսքերիդ մասին, այդ անասանելի ուրախության մասին՝ ողողված տխրությամբ։ Ծնողներիդ հպարտությունը՝ դահլիճի մի անկյունում նստած։ Ու ծափերը, անդադար տեղացող ծափերը, որոնք միայն քոնն են ու քեզ են ուղղված։ Որովհետև, գրողը տանի, այդ օրը քոնն է ու միայն քոնը։ Աչքերդ մի պահ թրջվելու են ու դու ինքդ էլ չես հասկանալու, որ կյանքիդ մի մեծ մաս պոկում են քեզնից։ Իսկ հիմա իմ ու իմ նման շատերի կյանքում այդ էջը մնալու է դատարկ ու մոռացված: Ու կարոտը դեպի դպրոցական վերջին տարին ու ընկերներիդ հետ անցկացրած պահերը միշտ մնալու է քեզ հետ ու քեզ ուղեկցելու է ողջ կյանքում։

Գնահատեք ձեր կյանքի ամեն մի վայրկյանը, ամեն մի պահը դպրոցում ու ընկերների հետ, որովհետև կյանքում դրանք այլևս չեն վերադառնալու: Չնայած չկայացած վերջին զանգին, չարտասանված բառերին, չստացված նկարներին ու չունեցած հիշողություններին՝ մենք մտնում ենք նոր կյանք՝ նոր նպատակներով, նոր հույզերով։