Ազատ տարածք խորագրի արխիվներ

kristine hovhannisyan

Կանաչ ավտոբուս

Կանաչ ավտոբուսը երբեք չէր ուշանում։ Թերևս իմ կյանքում կատարվող այն քիչ դեպքերից էր, որ գալիս էր ճիշտ ժամանակին և ժամանակից առաջ չէր ընկնում, դրա համար էլ ներում էի նրան։ Չէր ուշանում, և կյանքումս միակ անփոփոխ մնացող երևույթն էր։ Ընկերներիս ստիպում էի մետրոներ բաց թողել, ու հետս ավտոբուսի փողոցը չափչփել։ Ավտոբուսի մոտի խոսակցություններն ամենաջերմն ու հետաքրքիրն էին։ Աղբարկղը մեր լուռ վկան էր, իսկ մենք՝ մշտական պատմիչը։ Հինգով էինք լինում, հետո մնում էի մենակ, ու կանաչը գալիս էր։ Ամեն օր ժամը հինգին Սամո «ձաձյան» հանգցնում էր ծխախոտը, միացնում շարժիչն ու տեղից պոկվում։ Շարժվում էինք միշտ նույն տեղից ու գնում միշտ նույն տեղը, անփոփոխ մայրուղիով՝ առանց կանգառների։ Կանաչ ավտոբուսի հասարակությունն էլ միշտ նույնն էր լինում։ Ավտոբուսը նաև իր հոտը ուներ։ Տարօրինակ հոտ էր, վատը չէր, բայց իր հոտն էր։ Մետրոյից, ուրիշ ավտոբուսներից կամ այլ տեղից նման հոտ չէր գալիս, դա կանաչին հատուկ հոտն էր։ Ամեն մեկս մեզնից անկախ անձնական նստատեղ էինք ձեռք բերել։ Ես վերջում էի նստում ու նայում դիմացս, մշտապես կիսադատարկ ավտոբուսին ու ինձնից առաջ նստողների գլխարկներին։ Ոչ մեկին չէի ճանաչում, բայց բոլորի որպիսությունից լավ տեղյակ էի։ Կանաչին դրա համար էի սիրում, քաղաքի վրայով սլացող չորսակնանի քաղաք էր։

Հիմա կանաչ ավտոբուսը չի կանգնում իր հին տեղում, և կանաչն էլ վաղուց սպիտակ է։ Աղբարկղը վաղուց էլ չգիտի, որ հինգս դարձել ենք չորս, ու տեղյակ չի, թե ինչպես ենք։ Ժամը հինգին Սամո «ձաձյան» էլ ծխախոտը չի հանգցնում, իսկ ավտոբուսի մարդկանց սկսել եմ անկախ ինձնից կարոտել։ Ինչպես է լինում, երբ դու չես ճանաչում նրանց, բայց գիտես, որ օրինակ՝ երեքշաբթի օրը տուն գնալուց հաց էր տանում, չորեքշաբթի օրը հագուստը պատահաբար վնասել էր, ուրբաթ էլ հիվանդացել էր։ Այսօր փողոցում մի կնոջ տեսա, չէի հասկանում՝ ով է, բայց վստահ էի, որ գիտեմ։ Հետո հասկացա, որ միասին մեկ տարի ճանապարհն ենք չափչփել, իր ամենօրյա հացի ու կաթի տոպրակներն եմ տեսել։ Հիմա նիհարել էր ու ձեռքին ոչ հաց կար, ոչ կաթ։

Ասածս ինչ է՝ ուզում եմ ավտոբուսը նորից աշխատի, նորից ճիշտ ժամանակին հասնի, ու նորից Սամո «ձաձյան» վարի։ Ես դեռ հիշում եմ իմ տեղը ավտոբուսում, հիշում եմ աղբարկղի մոտի անիմաստ, մահանալու աստիճան ծիծաղելի զրույցները, հիշում եմ՝ ինչպես առաջին անգամ ընկերներիցս մեկի հետ հենց ավտոբուսում տեսնվեցինք՝ առանց գիտակցելու, որ հետո ընկերանալու ենք, ու հիշում եմ, երբ վերջին անգամ ուշացած եկավ ու դափ-դատարկ հետ գնաց։ Իսկ ես էլ չնստեցի, որովհետև էլ կանաչը չէր, սպիտակ էր, իսկ ես կանաչին էի սպասում։ Իսկ հիմա, երբ ամեն բան դադար է առել, ավտոբուսը ևս դադար է ապրում։ Հիմա ոչ սպիտակը կա, ոչ էլ կանաչն է հորիզոն դուրս գալիս:

Բայց երբ ամեն բան անցնի և դուք գտնեք մեկին, ով սպիտակը կդարձնի կանաչ, խնդրեք՝ թող դարձնի։

Juliabrahamyn12

Այ բալա, խելքդ գլուխդ հավաքիր

Բարև ձեզ։ Եկել եմ` արագ մի բան պատմեմ ու գնամ։
Ուրեմն այսօր առավոտյան՝ կարանտինային մի զարմանահրաշ առավոտ՝ ժամը 16։09, արթնացա ու մի կերպ գնացի մեր բակի խանութ՝ պաղպաղակ գնելու։ Մեղքս չթաքցնեմ՝ էլ չէի դիմանում առանց պաղպաղակի։

-Բարև Ձեզ, ո՞նց եք։

-Սենց էլի, այ բալա, յոլա։

-Լավ ա, լավ ա։

Տարիների ընթացքում ես մեր բակի աշխատողի համար մնացել եմ «այ բալա», երբ ավարտում էի՝ «այ բալա, ավարտեցի՞ր», երբ ընդունվում էի ՝ «այ բալա, ընդունվեցի՞ր»։ Հիմա ուղղակի ստանդարտ «այ բալա» եմ, քանի որ ո՛չ ավարտում եմ, ո՛չ ընդունվում և ո՛չ էլ ամուսնանում։ (Կյանքի ամենակարևոր երեք փուլերը՝ ըստ հայ մտքի տիտանների)։ Ճիշտն ասած՝ մի տեսակ հոգեհարազատ է այդ մականունը, իհարկե գիտեմ, որ ուղղակի անունս չգիտի կամ չի հիշում, բայց «այ բալա»-ն էլ չի խանգարի պաղպաղակ գնելուն։

Ուրեմն, երբ փոքր էի, մայրս մի հիմար կատակ արեց։ Ասաց․

-Տարվա մեջ առաջին անգամ ինչ-որ բան ուտելուց երազանք պահիր՝ կկատարվի։

Ու ծիծաղեց։ Ես էլ չէի կարող նման առիթը բաց թողնել ու սկսեցի երազանքների շարանը։ Նոր տարվա առիթների ժամանակ միանգամից սեղանի յուրաքանչյուր ուտելիքից գոնե մի բան պետք է ուտեի, որպեսզի երազանքը չկորչեր։

Չզարմանաք, բայց մինչև հիմա էլ այդպես եմ անում։ Կյանքիս յուրաքանչյուր փուլում երազանքները փոխվել են, բայց չորս տարի՝ չգիտեմ էլ, թե ինչու, նույն երազանքն եմ պահում։ Չհաշված ծննդյան ու նոր տարվա երազանքները, սնահավատ երազանքներն ու փառահեղ «11։11»-ի երազանքը։ Բոլորը նույնն են ու արդեն սովորություն է դարձել։ Պաղպաղակը կծելու պահին ուղեղս միացավ բերանիս և կրկին նույն երազանքը մտքումս կրկնեցի։ Մայրս էլ սա կարդալուց հետո կասի․

-Հլը ասա՝ ի՞նչ երազանք ա։

Իսկ ես կպատասխանեմ․

-Երբ ասում են՝ չի իրականանում։

Իհարկե՝ չի իրականանում երբեք, բայց քանի դեռ կան նոր տարիներ ու նոր ուտելիքներ՝ ես կփորձեմ։ Ինչպես 7-8 տարեկան երեխաները, երբ հասկանում են, որ Ձմեռ պապն իրական չէ (եթե չգիտեիք, ապա ներողություն եմ խնդրում), բայց սպասում են, որ ծնողներն ասեն, ու իրենք էլ վերջնականապես հույսը կտրեն։
Ես էլ հոգուս խորքում գիտեմ, որ դա ընդամենը հիմար կատակ էր, բայց քանի դեռ մայրս չի ասել՝ կշարունակեմ հավատալ։ Մանավանդ, որ նա մոռացել է այդ «երազանք»-ի մասին։

Պաղպաղակից հետո մի տեսակ տխրեցի, որովհետև հասկացա, որ արդեն 17-րդ տարին է անցնում, իսկ ես հիմարի պես ուտելիքի երազանք եմ պահում։ Հենց այդպես էլ կանվանեմ՝ «ուտելիքի երազանք»։ Հուսադրող է։

Ու մի օր, երբ վերջնականապես կհամոզվեմ, որ դա չի իրականանա, երբ մայրս կասի․ «Հա, բայց ես կատակ էի անում, Ջուլ ջան», մի գիրք կգրեմ, հավանաբար՝ «Այ բալա, խելքդ գլուխդ հավաքիր» վերնագրով ու մականունս էլ մեր բակի խանութի վաճառողի անունը կդնեմ։ Հա՛մ ինքը կհարստանա, հա՛մ ես կթեթևանամ։

-Էհ, այ բալա, տենց բաների ոնց էլ հավատում ես։

-Հավատում եմ, էլի։ Սա ստացեք, Ձեզ լավ օր, տիկին․․․

marat sirunyan

Խատուտիկի նման

Խատուտիկի նման միշտ մենակ ես մնում,
Բայց ամենքի համար դառնում սիրո «նամակ»:

Խատուտիկի նման
դու ամենքի առաջ
հոգիդ բաց ես անում,
բայց ամենքը՝ անգութ
մի շարժումով դժխեմ
քեզ անում են ծվեն-ծվեն…
Անխղճորե՜ն…

Խատուտիկի նման թևաթափ ես լինում,
Բայց ամենքի համար թռչում կրկի՜ն-կրկի՜ն…

Խատուտիկի նման,
հազար կյանք է քո մեջ,
ու հազարն էլ նման,
ու հազարն էլ տարբեր,
ու հազարն էլ մեկին
նվիրելու պատրաստ…
Վերանալո՜ւ…

Խատուտիկի նման քեզ էլ չեն նկատում,
Քանզի ծակելու տեղ դու շոյում ես հոգին…

Խատուտիկի նման,
դու առաջ ես մեկնում՝
ձեռքդ քամուն… Իսկ այն,
խլում ու տանում է
ամեն հուշ ու գաղտնիք.
թողնում միայն մի բուռ…
կարո՜տ…

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

nelli khachatryan

Իմ ու համալսարանի անավարտ հարաբերությունների մասին

Ողջույն։ «Լife of Pi» ֆիլմը դիտե՞լ ես, եթե չէ՝ մի փոքր նախաբանով պատմեմ։ Այն հնդիկ տղայի մասին է, որի ընտանիքը գազանանոցը տեղափոխելիս նավաբեկության է ենթարկվում, և Պին հայտնվում է փրկարար նավակում մի քանի կենդանիների հետ ու մի քանի օր անց ստիպված է լինում բաց օվկիանոսում մի լաստի վրա փորձել ողջ մնալ՝ վագրի հետ ապրելով։ Ու ոնց Պին է ներկայացնում, վագրի քաղցը բավարարելը ու դրան կեր չդառնալը գերնպատակ ու կյանքի իմաստ էր դարձել։ Հորից ստացած գիտելիքներով նա կարողանում է վագրին վարժեցնել ու առանց վախի (գրեթե առանց վախի) ապրել։ Վերջում միասին փրկվում են Մեքսիկայի ափերից մեկին հասնելով, ու եթե դիտել ես, հաստատ դու էլ ես տխրել, որ վագրը էդպես էլ չշրջվեց՝ որպես Պիին հրաժեշտի նշան։ Պին հետո պատմում էր, որ իր կյանքի ամենատխուր պահն է եղել առանց հրաժեշտի այդ բաժանումը։

Հիմա ֆիլմից սահուն քայլերով, աննշմար որպես քնքուշ մութի թև, անցում կատարենք դեպի համալսարան։

Համալսարանը առանձնապես երբեք չեմ սիրել, ֆիլմերի պես չի եղել, մոտիվացիա առանձնապես չեմ ունեցել, ամեն հնարավոր ու անհնար պատճառներով բացակայել եմ։ Ես ու համալսարանը իրար չսիրելով իրար գոյություն ենք քարշ տվել, համալսարանին դիմանալը իմ առաջադրանքն էր, ինչպես Պիի համար վագրի կեր չդառնալը։ Բայց այն իմ առօրյայի մի մասն էր, մեծ չզգալու միջոց էր ու պատրվակ։ Ու մոտ մեկ ամիս առաջ գնացի դասի, հետո պարզվեց՝ դա վերջին օրն էր իմ համալսարանական կյանքի։ Էդ գիտակցումը չեկավ, որ էլ քննություն չեմ տալու, ու ինձ համար ամենահավես պահը քննության՝ տեսնես բախտդ ինչքանով է բերել թեստի տարբերակի հարցում, եղել էր վերջին անգամ, ու ես նույնիսկ չեմ ֆիքսել այդ հիշողությունը՝ որպես վերջին։ Չեմ ֆիքսել կուրսով դասի չնստելն ու նույնիսկ միասին քննության պատրաստվելը։

Իմ ու համալսարանի հարաբերությունները էդպես էլ կիսատ ու չհասկացված մնացին։ Պիի ու վագրի նման էդպես էլ իրար հաջող չարեցինք։

Համաճարակը իմ ու ընտանիքիս վրա այնպես չի ազդել, ինչպես որոշ ընտանիքիների վրա: Երկու ամիս առաջ երազում էի 2 ամիս Ճամբարակ գալու ու ոչինչ չանելու մասին, հիմա անկեղծ՝ տանը մնալուց չեմ բողոքում, նույնիսկ հաճելի է, էնպես է, որ վիրուսի հետ ես մեծ հաշիվներ չունեմ՝ բացառությամբ իմ ու համալսարանի կիսատ հարաբերությունները։ Շուտով օնլայն կպաշտպանեմ դիպլոմայինս ու կիսատ վերջ։

Դե ինչ… Բարև հասուն կյանք, ես քեզ չէի սպասում։

Mariam Harutyunyan

Եթե հրաշագործ լինեի

Առավոտյան արթնացա ինչ-որ տարօրինակ մտքերով։ Սուրճի բաժակը ձեռքիս՝ մոտեցա պատուհանին ու գիտունիկի դեմքով սկսեցի զննել տեսարանը։ Իրականում արտասովոր ոչինչ չկար։ Միապաղաղ առավոտներից մեկն էր։ Բայց չէ… Ինչ-որ բան այն չէր։

-Երանի հրաշագործ լինեի,- ասացի ես՝ երեխայական խանդավառությամբ։

Ձայնիս մեջ սենտիմենտալ երանգ նկատեցի։

-Դե վերջացրո՜ւ, արդեն 19 տարեկան ես, ի՞նչ հրաշագործ։

Գրողը տանի, ես մենախոսում եմ։ Ափերովս տրորեցի աչքերս ու նորից պատուհանից դուրս նայեցի։

-Եթե հրաշագործ լինեի, վերջ կտայի այս անիմաստ միապաղաղությանը։

-Միապաղաղությունը մեզ ստիպում է հաշտվել իրականության հետ,- հակադարձեցի ինքս ինձ։

-Իսկ եթե մենք դեմ ենք այս իրականությանը, եթե այս իրականությունը մեզ զոմբիների է վերածում՝ ստիպելով համակերպվել անիմաստ օրենքներին, եթե այս իրականությունը տապալում է մեզ՝ ստիպելով հաշտվել ամեն օր նույն սցենարը տեսնելուն, արդեն հոգնել եմ այդ գրողի տարած նույնից, ամեն օր նույնը, առավոտյան՝ նույնը, կեսօրին՝ նույնը, երեկոյան՝ նույնը, գիշերը… Գիշերը, միայն գիշերն են մեր մտքերը փոխվում, միայն գիշերն ենք մենք կոտրում մեր երևակայության պատնեշը ու պատկերացնում աշխարհը մեր ուզած ձևով։ Ուզում եմ հրաշագործ լինել, որ վերջապես ազատեմ մարդկանց այս անիմաստ միապաղաղությունից։

-Շունչ քաշիր, միևնույնն է, ոչինչ փոխել չես կարող։

Դե հա, ճիշտ է։ Անիմաստ էի ըմբոստանում։ Հանկարծ հայացքս ընկավ իմ սենյակի գրապահարանին։ Վերցրի առաջին պատահած գիրքը (Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» գիրքն էր) ու սկսեցի թերթել։ Թերթում էի՝ միաժամանակ մտածելով գլխավոր հերոս Ռասկոլնիկովի մասին։

-Երանի հրաշագործ լինեի ու կարողանայի հանդիպել նրա հետ։ Ու ամեն կերպ նրան հետ կպահեի ծեր կնոջը սպանելու մտքից, ու նա բանտ չէր ընկնի։

Այո՜, իրականում գիրքն ընթերցելիս շատ էի ազդվել այն հատվածից, որտեղ Դոստոևսկին շատ հուզական կերպով նկարագրում էր Ռասկոլնիկովի ապրումներն ու մտքերը բանտում անցկացրած ժամանակ։

-Հիմա ի՞նչ, երազելով ինչ-որ բան կփոխե՞ս։

-Խնդիրը հենց դա է, ես չեմ ուզում համակերպվել այս իրականության հետ, ուզում եմ՝ կյանքը լինի երազների նման, ուզում եմ շունչ տալ իմ սիրելի գրական հերոսներին, ուզում եմ նրանց հետ պահել բոլոր այն սխալներից, որոնք նրանք արել են իրենց գրքային կյանքում։

Գիրքը դրեցի գրապահարանում ու նորից մոտեցա պատուհանին։ Անձրևում էր։ Աչքերս ամուր փակած՝ լսում էի այն արտասովոր «երաժշտությունը», որը լսվում է անձրևելիս։ Անձրևի ձայնը ինձ մի պահ հիպնոսացրել էր։ Չգիտեմ՝ ինչքան ժամանակ էի աչքերս փակ ունկնդրում այդ էսթետիկ երաժշտությունը, որին անվանում էի «Անձրևի ակորդներ», երբ հանկարծ լսվեց դռան ճռռոց։ Դուռը կամաց բացվեց, ու ներս մտավ Օբաման՝ իմ սև կատուն։

-Երևի քաղցած է,- ասացի բարձրաձայն։

Նայում էի նրա կանաչ աչքերին ու փորձում էի կարդալ այնտեղ ապաստանած հայացքի ողջ խորությունը։

-Իսկ եթե հրաշագործ լինեի, կկարողանայի հասկանալ, թե Օբաման ինչ է ուզում ինձ հասկացնել։

Կատվիս կերակրելուց հետո նկատեցի, որ նոր հաղորդագրություն ունեմ։ Վերցրի հեռախոսս ու տեսա․

-Արդեն ժամը 14:30 է, անգլերենի օնլայն դասը հիմա կսկսվի։

Դե հա, վերջապես վերադարձա իրականություն։ Ես ճիշտ էի, մենք պետք է համակերպվենք դրա հետ։ Իրականությունը սթափեցնում է մեզ, երբեմն նաև դասեր է տալիս։ Իսկ հրաշագործությունը միայն հեքիաթներում է հանդիպում։ Կյանքն էլ հեքիաթ չէ, այն մենամարտ է՝ իրական մենամարտ։ Իսկ եթե իրոք հրաշագործ լինեի, ոչինչ էլ չէի փոխի, ես սիրում եմ այս իրականությունը։

anush davtyan

Կարանտինի մեր տարբերակը․ բժիշկներ

Կան բժիշկներ, որ դեռ մարտ ամսին գնացել են հիվանդանոց, երևի ինֆեկցիոն բաժանմունք, ու էլ չեն վերադարձել տուն։ Իրենց առավոտները լուսացնում են հիվանդանոցի սենյակներում, գիշերները սրճում են հարկի ճաշարանում ու մեկուսացած են էդ մի քանի հարկում՝ զրկված իրենց տուն հետ գնալու հնարավորությունից։

Կան ուրիշ բժիշկներ, որ ամեն օր հետ են գալիս տուն։ Ես ապրում եմ իրենցից 3-ի հետ։

Մեր տանը առօրյան համարյա չի փոխվել, մենակ թե ես առհասարակ դուրս չեմ գալիս տնից։ Չնայած երբ հետ եմ գալիս Քյավառ, սովորաբար տնից դուրս չեմ գալիս, մենակ բակ եմ գնում, ծառի տակի ճոճին եմ պառկում։ Հիմա ցուրտ է ճոճի համար, սպասում եմ ամառ գա։ Էս տեմպերով երևի ամառը Քյավառում դիմավորեմ։ Հա, ինչ էի ասում, տան իրավիճակը չի փոխվել։

Ես շատ եմ դժվարանում հիմա պատկերացնել, թե ոնց են մարդիկ շաբաթներով տանը մնում բոլորով, անդադար նայում իրար դեմքի ու հաջողացնում չնյարդայնանալ դրանից։ Չեմ պատկերացնում էդ լուրջ կարանտինն ու խիստ սահմանափակումները, աշխատավարձ չստանալը, աշխատանքից զրկվելը։ Ու երևի կողքից կթվա, որ ամենահեշտը հենց մենք ենք ապրում էս օրերը, դե, ի՞նչ կա որ, կյանքի սովորական ռիթմի մեջ ենք։ Բայց եսիմ, եթե դուք հնարավորություն ունեք լինելու մարդկության էն 20%-ի մեջ, որ երբեք չի էլ վարակվի, որովհետև ամբողջ ընթացքում տան բոլոր անդամներով տանն էիք, ես հաստատ համոզված եմ, որ հիվանդանոցից մեր տուն վաղ թե ուշ կգա վարակը․ ժամանակի հարց է։

Բժիշկների ընտանիքի համար մենք շատ անլուրջ ենք վերաբերվում խնդրին։ Ամեն անգամ տուն մտնելուց ոչ ոք ոտքից գլուխ չի լվացվում, շորերը չի ախտահանում անմիջապես։ Սահմանափակվում ենք սովորական ջրով ու Safeguard կանաչ օճառով։

Իմ մտքում վարակը մեր տուն հասնելու է հետևյալ սցենարով․ կորոնայով հիվանդին տանում են ինչ-որ ԲԿ, նա վարակում է տեղի բժիշկներին, նրանք շփվում են Գավառի ԲԿ-ի բժիշկների հետ, իրենք իրենց հերթին՝  իմ տանեցիներին, ու բում, վարակը մտավ մեր տուն։

Երկու օր առաջ տանը քննարկում էինք Վարդենիսի 39 հիվանդներին, որոնց մի մասը բժիշկներ են հենց։ Արդեն հասել ենք իմ սցենարի 2-րդ դրվագին։

-Ըհը, բլեց Անուշը,- ասաց մամաս, որ տեսավ՝ ոնց եմ դանդաղ սղում աթոռի վրա։

Պապին ինձ ասում էր, որ թեթև տանեմ էդ լուրերը, որովհետև ես ջահել եմ, ոտքի վրա կտանեմ վարակը։ Մինչ այդ տանեցիները պապիս արգելեցին վարակվել, մինչև եկող շաբաթվա իր արձակուրդը։

105․ հիշում եմ և պահանջում

Վերջերս շատ եմ նկատել, որ բոլորը փոխում են իրենց գլխավոր նկարները` անմոռուկ ու Եղեռնի հետ կապված ինչ-որ նկարներ են դնում։

Շատերը տարածում են նյութեր` այն բովանդակությամբ, որ մյուսներն էլ նույն կերպ վարվեն։

Գիտե՞ք՝ նկար փոխելով չի, որ պիտի հարգվի անմեղ զոհերի հիշատակը, անմոռուկի նկար դնելով չենք դառնում հայրենասեր, այլ մեր արարքներով…

Հայ լինելը պիտի մարդու հոգուց գա, այլ ոչ թե նկար փոխելով ապացուցվի, էն էլ՝ ընդամենը մեկ օրով դրված ժամանակավոր նկարի։ Հայ լինելն ու նախնիներիդ հարգելը էդ չոր ու ցամաք նկարով չի ամփոփվում, գրողը տանի։ Ի՞նչ իմաստ կա, եթե էդ նկարը դրվելու է մի օրվա համար, մի քանի ժամվա համար։ Հա՛յ եղիր արարքներովդ ու գործերովդ, ոչ թե մի քանի ժամով դրած անմոռուկի ու Ծիծեռնակաբերդի նկարով։

Վերջ ի վերջո նախնիներին ու նրանց հանդեպ գործած ոճրագործության մասին պետք չէ հիշել միայն օրենքով սահմանված հիշատակի օրը ու մնացած 364 կամ 363 օրը մոռանալ դրա մասին, անցյալը պիտի հարգվի ամեն օր ու առանց ավելորդ ձևականությունների։

Լիլիթ Հարությունյան, Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճաշեն

 ***

Պատմությունը ուսումնասիրելիս անհնար է չկենտրոնանալ Հայոց հարցի վրա։ Հայերը պահանջում են, աշխարհը լռում է։ Հողերը մերն էին, բայց աշխարհը չցանկացավ մեզ օժանդակել։ Թուրքը կողոպտեց, ավերեց, ճնշեց, գրավեց։
Աշխարհը տեսավ, որ թուրքը հայ չի թողնի երկրագնդի վրա, նրան պետք էր հայոց հարցին վերջ դնել մեկընդմիշտ։ Բոլոր տարբերակներից ընտրվեց ամենադաժանը։ Ծրագրվող ջարդը Հայաստանում հայ չէր թողնելու, քարտեզի վրա՝ Հայաստան։
Մի ժողովուրդ, որը առաջինը ընդունեց քրիստոնեությունը, որը 4-րդ դարից աղոթում էր, այլևս չէր աղոթելու։ Հայը սակայն հայ մնաց, չենթարկվեց ոչ ոքի։ Հայի արյամբ ներկվեց իր հայրենիքը՝ Հայաստանը՝ պատերազմած, հաղթանակած: Հայը ծնկի չեկավ, գլուխը բարձրացրեց և արցունքները աչքերից սրբելով՝ նորից պայքարեց։
Մենք Անդրանիկի թոռներն ենք և պետք է իր և իր հետ կռված տղաների արյամբ ներկված հայրենիքը ամուր պահենք։
Արդեն 1 դար է անցել և մեր վերքերը չեն սպիացել, թեկուզ դարեր էլ անցնեն, մեր վրեժը չի մարի։

 Գայանե Ստեփանյան, Սյունիքի մարզ, Սիսիան համայնքի Շամբ բնակավայր