
Իմ բնակավայրը խորագրի արխիվներ


Այնտեղ, ուր մանկությունս էր

ՄԵՐ ԳՅՈՒՂՆ ԷՍ Է
-Երանի Գերմանիայում կամ Ֆրանսիայում ծնված լինեի։
Սա ես եմ, և իմ երազանքը ութ-ինը տարի առաջ՝ ութ-ինը տարեկանում, երբ դեռ չգիտեի անգամ, թե որտեղ են այդ երկրները կամ ինչպիսինն են, ուղղակի լսել էի, որ իմ մի քանի հարազատներ այնտեղ են ապրում ու շատ գոհ են։
-Վայ, ինչի մեր գյուղից լավ տեղ կա՞։
Սա էլի ես եմ, բայց հիմա՝ 17 տարեկանում։ Վիճում եմ մի քանի դասընկերներիս հետ, որոնք բողոքում են գյուղից։ Ես չեմ ասում, որ պետք է հավիտյան մնանք գյուղում և ոչ մի քայլ չանենք, ուղղակի սիրել ու պահպանել այն պարտավոր ենք բոլորս։
Իսկ ո՞րն է այդ գյուղը։ Դա Ոսկեհատն է՝ Արագածոտնի մարզի։ Չեմ ասի տնտեսապես գերզարգացած, մեծ ու շքեղ գյուղ է, բայց բնակիչների համար անչափ թանկ է ու սիրելի։
Գյուղս այնքան էլ ծեր չէ։ Առաջին բնակիչները եղել են տատիս ու պապիս ծնողներն ու նրանց հասակակիցները։ Գաղթել են Արևմտյան Հայաստանից ու տուն կառուցել այստեղ՝ Ամբերդ գետի ափին (գյուղացիները անվանում են նաև Համբերդ)։ Գետը, որը սկիզբ է առնում Արագած սարից, գյուղի գլխավոր հարստություններից մեկն է։ Մարդկանց ոչ այնքան հայտնի, սակայն գյուղի համար արժեքավոր կոթողներից է նաև Ճգնավորի այրը։ Քարայր-կացարանը գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, 12-19-րդ դարի շինություն է։ Թեև այրը այնքան էլ մեծ հռչակ չի վայելում, այնուամենայնիվ միգուցե այստեղ ժամանակին ճգնել է մեծ փիլիսոփաներից կամ պատմիչներից մեկը։
Այժմ մեր էքսկուրսիան ավարտենք գյուղի ամենագլխավոր ու ամենակարևոր կոթողով։ Սուրբ Սարգիս եկեղեցի-ամրոցը համարվում է մեր գյուղի հոգևոր կենտրոնը։ Եկեղեցու մասին հստակ տեղեկություններ չկան, բայց կարծիքներ կան, որ այն կարող է հասնել մինչև 14-15-րդ դար։
Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Մշակում են տարբեր տեսակի մրգեր և բանջարեղեն։ Հնում շատ են մշակել հատկապես «Ոսկեհատ» անունով խաղողը։ Գյուղացիների խոսքով, հենց դրա համար էլ գյուղը անվանել են Ոսկեհատ։ Ի դեպ, Ոսկեհատի հին անվանումը եղել է Բադրինջ (ըստ մեծերի՝ ծաղկի անուն է)։
Սա է մեր գյուղը՝ փոքր, բայց հարազատ։ Հա, մոռացա գլուխ գովել։ Ես զտարյուն ոսկեհատցի եմ, այսինքն, իմ մայրիկի հայրն ու մայրը և հայրիկի հայրն ու մայրը՝ չորս տատիկներս ու պապիկներս, ծնվել են հենց այս գյուղում՝ գրեթե նույն թաղամասում։ Հայրս նույնպես այս մասին հպարտությամբ է խոսում։
Եվս մեկ տեղեկություն՝ գյուղում կա երիտասարդական հասարակական կազմակերպություն՝ «Ոսկեհատը»։ Այն հիմնադրվել է գյուղի երիտասարդների ջանքերով և ակտիվ գործունեություն է ծավալում, կազմակերպում է ամենամյա ազգային-բակային ճամբարներ և այլն։

Հայրենիքը սկսվում է սահմանից
…Դուք առավոտյան արթնանալուն պես մտածում եք, թե ինչ եփել և կամ ուր տանել ձեր փոքրիկին, իսկ մենք` սահմանին ապրողներս (ես ապրում եմ Տավուշի մարզի Չորաթան գյուղում) հենց աչքերը բացելու վայրկյանից շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը` մեր երեխաների անվտանգ քունը ապահովելու համար։
Շատ են բողոքում սահմանամերձ գոտիների ճանապարհներից և հեռավորությունից, բայց ոչ բոլորն են գիտակցում նրանց կարևորությունը։
Ես բնակվում եմ մի փոքրիկ գյուղում, որը մայրաքաղաքից չորս ժամվա ճանապարհ է, բայց ամեն անգամ գյուղից գնալը տևում է մի ամբողջ հավերժություն, իսկ վերադառնալը վայրկյաններ։
Բոլորը խոսում են հայրենասիրությունից և ռազմական ոգուց, բայց դուք ոչ մեկի աչքերում այդքան խիզախություն և ուժ չեք տեսնի, որքան սահմանին մոտ ապրող փոքրիկ մանչուկների, ովքեր դեռ մանկուց ապրել են այդ դժվարությունները։
Իմ փոքրիկ գյուղն էլ անմասն չի մնացել գնդակոծություններից, բայց այն մինչ օրս կանգուն է իր հզոր բնակիչների շնորհիվ։
Բոլորը սիրում են իրենց ծննդավայրը, իսկ մենք ոչ միայն սիրում, այլև հպարտանում ենք նրանով։ Փոքր ժամանակ մենք կրակոցների ձայները կարծելով հրավառություն, դուրս էինք գալիս և ուրախ ծափահարելով և թռչկոտելով դիմավորում նրանց, չնկատելով ընտանիքի անդամների լացակումած դեմքի վրա արհեստականորեն, դողացող շուրթերով հազիվ նկատելի այն ժպիտները, որը մեզ մոտ ուրախ ձևանալու համար էր միայն։ Հիշում եմ, որ ես շատ էի սիրում խաղալ հրազենի դատարկ փամփուշտներով և դեռ մի հատ էլ ականջօղ էի պատրաստում և կախում ականջիցս, իսկ հիմա այդ դատարկ փամփուշտից ականջօղի փոխարեն լիքը փամփուշտները կախված են աչքերիցս և փորձում են արցունք քամել պատերազմից հետո արդեն ցամաքած կոպերիցս։
Մենք կրակոցների ժամանակ չենք լացում, քանի որ այնքան ենք մեծացել, որ ուժ ենք տալիս դրա միջով արդեն անցած մեր ընտանիքին։
Այստեղ բնակվող երեխաների մեծամասնությունը չեն լքում իրենց գյուղը, այլ գնում են սովորելու, որպեսզի վերադառնան և շենացնեն այն։ Ամուսնանալով աղջիկները չեն ուրանում իրենց ծննդավայրը, քանի որ դա նրանց սրտում խորը դաջված անբացատրելի մեծ սեր է։
Երկար և դժվար ոլորանները ապացույցն են այն բանի, որ գեղեցիկը և արժեքավորը ոչ բոլորին են հասանելի, իսկ դժվարությունները ոչ բոլորը կարող են հաղթահարել։
Հայրենասիրությունը մահճակալի տակ լացող և իրենց ծնողների թիկունքում թաքնված վախկոտների համար չէ, այլ սահմանը շենացնող քարը ձեռքին ամուր բռնած, զենքի համար ոտքերը գետնին զարկող չորս տարեկան երեխաների համար է, ովքեր ուզում են շուտ մեծանալ, որպեսզի գնան սահմանը պահելու։ Սահմանամերձ գոտու երեխաների մեծ մասը այն հարցին, թե ինչ են ուզում դառնալ, պատասխանում են՝ զինվոր։
Հետևություննրը թողնում եմ ձեզ։
… Եվ երբեք մի մոռացեք, որ հայրենիքը սկսվում է սահմանից։
Հիշեք, որ Մոնթեի և Նժդեհի նկարներով հագուստ կրելը դեռ հայրենասիրություն չէ։

Կեչուտի հիվանդանոցը
Կեչուտ գյուղի հիվանդանոցի տեղում առաջ ճահճոտ վայր էր, մինչև կառավարությունը որոշեց, որ պետք է կառուցվի հիվանդանոց, որը եղավ բոլոր գյուղացիների և ոչ միայն գյուղացիների, այլ հարակից տարածքների լավագույն հիվանդանոցներից մեկը։
Էմմա տատիկը թախիծով, բայց մեծ հպարտությամբ պատմում է: Սկսեց ամենասկզբից, թե երբ է կառուցվել։
-1989 թվականի սեպտեմբերից սկսել է աշխատել հիվանդանոցը, երեք հարկանի էլ եղել է: Ամեն հարկը բաժանված է եղել մասերի: Առաջինը մանկական բաժինն էր, երկրորդը` ծննդաբերության, երրորդը` վիրահատական և թերապիայի բաժինը։ Բժիշկները լավագույնն էին՝ Հակոբյան Սիլվան, Սլավիկ Ծատուրյանը (մանկական բաժնից), ծննդաբերականից` Բելլան (ազգանունը չեմ հիշում), թեև նրան բոլորը գիտեին Բելլա, Օպերացիոն բաժնից` Վալերի Ջալալյանը։
Սարքավորումներով հագեցած էր: Բոլորը ձեռք էին բերված Ամերիկայից, գերհզոր էր ամեն բան։ Հանրապետությունում նման սարքավորումներ ունեցող, այն էլ էդ թվականներին, շատ քիչ էին։ Ունեինք գաղտնի ստորգետնյա տարածք, որտեղ կարող էին պատերազմի ընթացքում 100 հիվանդի բուժել և տեղավորել,- ժպիտով ասաց,- ինչքան գետնի վրա է, այնքան էլ տակն է: Դեղորայքները նույնպես Ամերիկայից էին։ Տոննաներով սնունդ էին ստանում, բաժանում հիվանդներին: Անգամ ամեն հարկում մատուցողներ կային, որպեսզի սպասարկեին հիվանդներին։
Մինչ Էմմա տատիկը իր խոսքը կավարտեր, ամուսինը ներս մտավ, ասաց.
-Ուտելիք ասեցիք` հիշեցի: Կային այնպիսի մթերքներ, որոնք մեզ անծանոթ էին, – հավելեց Էդիկ պապիկը,- հիշում եմ, մի օր ձվի փոշի էինք բաժանում ժողովրդին, հետաքրքրեց, թե ինչ է: Մեր բախտից մնացել էր մեկ հատ: Խոհարարին ասացի` փոքր ժամանակ սրանից կերած կա՞, ասաց` հա՛: Դե պատրաստի` տեսնեք էդ ինչ ա: Պատրաստեց, ու եղավ պանիր: Փաստորեն դա պանրի փոշի էր, այլ ոչ թե ձվի, անգլերեն գրվածն էլ չէինք հասկացել: Բայց ամենահամեղը շոկոլադի փոշին էր։
Բայց հիվանդանոցն այս ամենով չէր սահմանափակվում: Ունեցել է քոլեջ, որի շրջանավարտները մինչև այսօր աշխատում են և շատ լավ մասնագետներ են։
Իսկ թե որ դեպքը երբեք չի մոռանա, խորը հոգոց հանելով պատմեց.
-Այն, որ աղջկա կյանք ենք փրկել ես և ընկերուհիս (մենք մաքրուհիներ էինք):
Ծանր հիվանդ աղջիկ բերեցին մեզ մոտ, համարյա մահամերձ: Ես ու ընկերուհիս էինք` Օվսանը: Միանգամից տեղափոխեցինք պալատ, իր հետ տառապեցինք, շատ ծանր գիշեր էր, մինչև լույսը բացվեց, եկավ գլխավոր բժիշկը։ Հարցրեց, թե ուր է ծանր հիվանդը, ասացինք` վերակենդանացման բաժնում: Աղջիկը հիմա լավ է ամուսնացել է:
Հիվանդանոցը աշխատել է միչև 2005 թվականը, ապա երկրի փոփոխությունների հետ նաև փոխվեց նաև հիվանդանոցը: Այլևս չէին կարողանում աշխատակիցներին աշխատավարձ տալ և ապահովել շենքի ծախսերը։ Այդպես փակվեց հիվանդանոցը, իսկ շենքը մնաց լքված ու ամայի:

Սևանի երկինքը

Խուստուփը
Համացանցում կարող ենք հաճախ հանդիպել բազմաբովանդակ հոդվածների, որոնք պատմում են Խուստուփ լեռան մասին։ Այնտեղ գրված կլինի. «Կանաչազարդ Սյունիքի մարզում է գտնվում արքայական Խուստուփը, Կապան քաղաքից շուրջ 10կմ հարավ-արևմուտք։ 3201 մետր բարձրությունից իր վեհ ժպիտն է սփռում զմրուխտազարդ Կապան քաղաքի վրա»։
Այդ հոդվածներում իրենց ուրույն տեղը կգտնեն նաև Խուստուփի մասին երկրաբանական նկարագրերը, տեղագրական փաստերը, կլիմայական պայմանները և բոլոր այն մանրամասները, որոնք կպատմեն և, ինչու ոչ, նաև կբացահայտեն լեռը՝ աշխարհագրական տեսանկյունից։
Իսկ ինչպիսի՞նն է վեհաշուք Խուստուփը փոքրիկ Շվեյցարիայից՝ Կապանի սրտից երևում։ Այն հրաշք է։ Տարվա յուրաքանչյուր եղանակին բացահայտում է իրեն յուրովի։ Ձմեռը ծածկվում է ճերմակ ձյան շերտով, իսկ ահա գարնանը նոր շունչ ու թափ է հաղորդում իրեն, այս ժամանակ է, որ ձյան հալոցքից առաջացած գետերն ու բազմարահետ առվակները միաձուլվում են միմյանց, դառնում են հորդառատ մի գետ՝ Վաչագանը։ Այն ավելի վեհ տեսք է հաղորդում ինչպես Խուստուփ լեռանը, այնպես և զարդարում է չնաշխարհիկ Սյունյաց աշխարհը։ Ամռանն այնքան պարզորոշ է լինում, որ անգամ ալպյան մարգագետիններն են հեռվից, շատ հեռվից աչքի ընկնում, իսկ ահա աշնանը մառախլապատ է, բայց հիասքանչ է դառնում։
Այնքան նրբագեղ և միևնույն ժամանակ, այնքան փառահեղ է Խուստուփ լեռը, այնքան գեղատեսիլ և այնչափ պանծալի, և ըստ իս, այս ամենը հայի ոգու ամբողջությունն է, խոնարհ ու վայելուչ հայուհիներից, հպարտ ու աներկյուղ քաջորդիներից և իհարկե, մեր քաջազուն Նժդեհի սրտից սերված, ով ոչ միայն իր կյանքը նվիրեց հայրենիքին, այլ նաև մահից հետո հավերժ մնաց իր իսկ արյամբ և ոգով պահված հողում, թաղվելով Խոստուփ լեռան լանջին։
Խուստուփը, իր հավերժական արծիվը և անկոտրում հայ ժողովուրդը` մեկ միասնության մեջ…
Լուսանկարները ՝ Սոնա Մելիք-Քարամյանի
Վայոց Ձորը քաղաքականությունից դուրս

Ես եմ քարերիդ, վեհ բարձունքներիդ հավերժ երգիչը
«Ժամանակը բուժում է վերքերը…»,- այս խոսքերն իմ հույսի կաթիլներն են, բայց երբեմն էլ կասկածանքի հատիկների են վերածվում։ Նրանք, ովքեր Արցախում եղել են մեկ անգամ կամ չեն եղել, պարզապես սգացին ազգային ցավը, այժմ նրանց կյանքում մի բան է փոխվել` Արցախի մասին խոսելիս, ժամանակաձևը անցյալ են դարձնում… Իսկ ես ու ինձ նման շատերը մեր երջանիկ օրերն ենք անցյալի վերածում։ Գիտե՞ք՝ այսօր լրանում է 240-րդ օրը, ինչ ես ինձ անհայրենիք եմ կոչում: Այո, ես հաշվում եմ օրերը, ու ամեն նոր օրվա հետ ցավս խորանում է։ Պատկերացնում եք, չէ՞, 240 գիշեր է արդեն, ինչ մայրը որդուն է սպասում, ինչ երիտասարդ աղջիկն իր սիրելիի հայացքին է կարոտ, նկարներով է մեղմում կատաղի ցավը, ինչ հարյուրավոր մարդիկ խաղաղություն են տենչում, ինչ Արցախն իր քաջ եղբայրներին է սպասում, իսկ Բերձորս` ինձ։
Ա~խ, եթե Բերձորս միայն ինձ սպասե~ր, ես կգնայի ու վերջ կդնեի անսանձ ցավերին: Բայց չէ՞ որ նա միայն ինձ չի կարոտել, երևի ես իրավունք չունեմ գնալ հայրենիք, երևի հայրենիքս ինձ չների, ես մեղավոր եմ, որ այս օրը՝ մայիսի 18-ին, քաղաքիս ազատագրման օրը, մենակ եմ թողել անհաղթ Բերձորիս։ Հիշում եմ, այս օրը ժամանակս ինձ ոչինչ չէր թողնում անել. ես չպետք է գրեի այս տողերը, այլ պետք է կանգնեի Արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիներին նվիրված հուշահամալիրի կենտրոնում ու հնչեցնեի ինձ հանձնարարված գեղեցիկ խոսքերը։ Իսկ արդեն երեկոյան մեր բոլորի կողմից սիրված Վեհափառի հրապարակում պետք է զբոսնեի ընկերներիս հետ, պետք է կանգնեի ժողովրդի հետ ու գոռայի այս խորիմաստ տողերը․ «Հը-զոր Քաշաթաղ»։ Ուզում եմ սրտիս խոսքն ուղղել Բերձորիս, որպես ներողություն իրեն այս օրով մենակ թողնելու համար.
-Այո’, այսօր ես քեզնից շա~տ հեռու եմ տոնելու օրդ, բայց իմ տողերը թող նվեր լինեն քեզ, քո ժայռերին, քո քարերին, թող նվեր լինեն իմ բարի հիշողություններին։ Ցավում եմ, որ միայն սիրտս ու հոգիս են այդտեղ` քո գրկում, որ ուրիշ քաղաքների նման քո մասին հոգ տանողները շատ չեն, ցավում է ամբողջ սիրտս։ Վստահ եմ՝ դեռ կգամ քեզ մոտ` հուսալով՝ ինձ կներես, ինձ կհասկանաս, որ ինձ կսպասես։ Ու չփորձես, Բերձո’ր, չփորձես հանկարծ քեզ համար նոր պատանի փնտրել, ես եմ քո սրտում, ես եմ քարերիդ, վեհ բարձունքներիդ հավերժ երգիչը… Պարզապես հիշենք՝ ոչ բոլոր վերքերն ունեն բուժվելու հատկություն, այդ մենք ենք մեզ ստիպում մոռանալ մեզ խանգարող սպիների մասին։

Բերձորն իմն էր, ես՝ Բերձորինը
Վերջին տարիներին սկսել էի Բերձորն ամուր պատանեկական սիրով սիրել: Բերձորն իմն էր դարձել, ես՝ իրենը: Ու մինչև վերջին պահը, արմատներս հողին ամրացրած, ես Բերձորում էի: Եթե ոչ ես, ապա սիրտս Բերձորինն էր, միտքս ու ուղեղս միայն Բերձորն էին: Բերձորն արդեն իմ երազանքների քաղաքն էր դարձել: Միգուցե ես էլ իր երազանքների պատանի բնակիչն էի դարձե՞լ: Այդ արդեն այժմ չգիտեմ, չհասցրի հարցնել… Չհասցրի:
Ես շատ բան չհասցրի: Ես չհասցրի հրաժեշտ տալ հող ու ջրիս, ես չհասցրի վերջին անգամ տանս նայել, որովհետև վստահ էի՝ սա հրաժեշտ չէ:
Ես չհասցրի հավաքել հիշողություններս ու ճամպրուկումս տեղավորել: Մարմինս անզգայացել էր, հոգիս ցավից լռել, միտքս՝ բթացել: Միայն հետո ես հասկացա՝ ինչ եմ կորցրել. տուն, ընկերներ, հայրենիք… Եվ այս ամենը ես գուցե փուչ համարեի, եթե հայրենիքս չլիներ: Ես գուցե կարողանայի ներել ճակատագրին, եթե հայրենիքս չլիներ:
Իսկապես, հայրենիք կորցնելը սարսափելի բան է, ավելի սարսափելի, քան քո տեսած բոլոր սարսափ ֆիլմերն ու դրանցից եկած այդ դատարկ զգացումները: Հիմա ես ոչինչ չեմ զգում, որովհետև զգացմունքներս Արցախում մնացին:
Հիմա ես էլ ոչ մի տուն, ոչ մի դպրոց, ոչ մի դասարան, ոչ մի արև ու ոչ մի երկինք չեմ ընդունում, որովհետև իմն Արցախում է: Ու քանի տարի էլ անցնի, ինձ հասնող արևի մեջ ես Արցախն եմ տեսնելու, երազներիս մեջ Արցախում եմ լինելու ու լուրթ երկնքի պարզության մեջ ես իմ խաղաղ երկիրն եմ տեսնելու:
Եվ վստահ եմ՝ մի օր էլ, ինչպես առաջին անգամ, ես քաղաքիս գիրկն եմ վազելու՝ մանկացած, ու արցունքոտ աչքերով ծածանվող Հայոց Եռագույնն եմ տեսնելու: