Իմ գրադարակը խորագրի արխիվներ

syuzanna kharatyan

«Կորած օրագիր»

Սովորական դպրոցական օր էր, երբ դասարանի աղջիկներով որոշեցինք իջնել գրադարան: Վերջերս հաճախ ենք այնտեղ լինում։ Մի քանի գիրք ընտրեցինք, բայց ավելի շատ կենտրոնացանք Վարդգես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի «Կորած օրագիրը» ստեղծագործության վրա։ Մեկ գիրք ու 5 աղջիկ։ Ի վերջո որոշեցինք, թե ով կսկսի այն կարդալ, ու երբ կհասնի մյուսներիս։ Վերջապես եկավ կարդալու իմ հերթը: Երկուշաբթի օրը ընկերուհիս գիրքը բերեց դպրոց։ Մի կերպ եմ դիմացել այդ տանջալից 7 դասաժամերը, կարդալու ցանկությունս մեծ էր։ Վերջապես տանն եմ, իսկ գիրքը՝ ձեռքումս։ Սկսեցի կարդալ, այնքան էի տարված գրքով, որ ժամանակի թռիչքը չնկատեցի։ Գրքի հերոսները 10-րդ դասարանի աշակերտներ են, սովորում են ավարտական դասարանում։ Այնքան հետաքրքիր է գրված սյուժեն, ու այնպես լավ են զարգանում իրադարձությունները, որ գրքից կտրվելն անհնար էր։ Գրքի հերոսներից ամենաշատն ինձ հուզեց Անահիտի պատմությունը, քանի որ նրա մայրը մահամերձ էր, բավական ժամանակ էր՝ անկողնային հիվանդ էր։

Եթե դեռ չես կարդացել այս գիրքն ու ունես ցանկություն, ապա շտապիր գրադարան ու ձեռք բեր այս գանձը։

ella mnacakanyan yerevan

«Որբանոց»

«…Որբանոցը, որտեղ մենք ապրում ենք, ավելի ճիշտ՝ շնչում, մեզ զրկել է որևէ զգացմունք ունենալու հնարավորությունից, որովհետև հետխորհրդային Հայաստանի բոլոր «առաջնորդները» ջանք ու եռանդ չխնայեցին, որ երկիրը դառնա ռոբոտների գործարան: Ինձ երբեմն թվում է, որ այդ բոլոր «առաջնորդները» մի մարդ են՝ տարբեր ժամանակներում: Այդ «առաջնորդները» միայն գեղեցիկ բառակապակցություններ գիտեն՝ «հպարտ քաղաքացի», «ստեղծագործ ազգ», «երեք հազար տարվա մշակույթ», «առաջին քրիստոնյա ժողովուրդ»… Դրա համար էլ այդ հպարտ, ստեղծագործ, արվեստասեր ու, վերջապես, հավատացյալ ժողովրդի զինվորները սայլակին են…»:

Էդգար Կոստանդյանի «Որբանոց»-ն եմ կարդում: Առաջին անգամ՝ չնայած նրան, որ տարուց ավելի կլինի՝ ուզում էի կարդալ: Սովորաբար մարդիկ սկսում են որևէ գիրք ընթերցել արձակուրդի ընթացքում, իսկ ես, բոլոր գործող օրինաչափություններին ի հակառակ, անում եմ դա արձակուրդիս հաջորդող հենց առաջին երկուշաբթի, երբ թվում է՝ աշխարհում չկա ավելի անտանելի բան, քան առավոտյան շուտ ժամը 7-ին արթնանալը: Բայց դե՜, գիրքը հիմա է ձեռքս ընկել, և ուրեմն, լավ է ուշ, քան երբեք: «Որբանոց»-ի մասին գրում եմ այն կարդալը չավարտած ու գոնե կեսին չհասած անգամ: Սկզբներում եմ: Գրում եմ, ու դա գուցե սխալ է, որովհետև միշտ կարծել եմ, որ որևէ գրքի, ֆիլմի, սերիալի կամ նույնիսկ մարդու մասին կարելի է կարծիք հայտնել այն ավարտելուց, նրան ճանաչելուց հետո միայն, երբ բացահայտած կլինես նկատելի բոլոր դրական ու բացասական կողմերը: Բայց գրում եմ հիմա, որովհետև «Որբանոց»-ն ինձ արդեն կտրել տարել է իր մեջ սևով սպիտակի վրա գրված բուն տեքստից, ու առանց մտքերս գրի առնելու՝ պարզապես անիմաստ կլիներ շարունակվող նախադասությունները կարդալ, միևնույնն է, երբ մտքով ուրիշ տեղ ես, ոչինչ չես հասկանում:
Իրոք: Այս հպարտ, ստեղծագործ, արվեստասեր ու, վերջապես, հավատացյալ ժողովրդի զինվորները սայլակին են: Նախադասություն, որը չափից դուրս ցավոտ է ու նույնքան էլ ճշմարիտ: Զինվորները սայլակին են՝ հաճախ ոչ թե թշնամու գնդակի, այլ ներքին կռիվների, ինքնահաստատման փորձերի, զինվոր-հրամանատար անառողջ հարաբերությունների պատճառով: Զինվորները սայլակին են, իսկ նրանց ապագան՝ մշուշում, որովհետև «սայլակավորների» ապագան հազվադեպ է հստակ լինում մեր երկրում: Իսկ ես շարունակում եմ կարդալ.

«…Ուսանող տարիներին մենք երազում էինք լավ երկրի մասին («ավելի լավ» երկրի մասին չի խոսքը), սիրում էինք մեր որբանոցը, երազում էինք այն բոլորի փոխարեն, ովքեր դադարել էին երազել, իսկ այսօր, երբ մենք ենք դադարել երազել, մեր փոխարեն էդ անշնորհակալ գործն էլ ոչ ոք չի անում, որովհետև երազանքների դիարան է էս երկիրը, էստեղ չի կարող երազանք ապրել…»։

Ես կարդում եմ ու զուգահեռաբար մտածում, որ չէ՛, իրենց փոխարեն ուսանողական տարիներին երազողներ դեռ կան, որ մենք էլ ենք երազում լավ երկրի մասին (երբեմն անգամ չտարանջատելով «լավ»-ն ու «ավելի լավ»-ը), երազում ենք՝ նույնիսկ առանց կռահելու դրա՝ անշնորհակալ գործ լինելու մասին, երազում ենք, որովհետև հիմա մեր հերթն է երազելու, դրան զուգահեռ գործելու՝ հավատալով, որ երկիրը երկիր է, երազանքների դիարան չէ, ու էստեղ կարող է երազանք ապրել, դեռ մի բան էլ՝ իրականություն դառնալ:

«Մեր ժողովուրդը հեշտ է հավատում. դա հատուկ է հավատը կորցրածներին…»։

lilit vardanyan

2017թ. իմ հավանած երեք գրքերը

Մոտ մեկ տարի առաջ ես գրել էի 2016թ. ամենահավանած գրքերի մասին: Այս անգամ ուզում եմ գրել 2017թ.-ի գրքերի մասին, որոնք ինձ դուր են եկել կամ կարևոր են ինձ համար: Ուզում եմ գրել Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը», Ջորջ Օրվելի «Անասնաֆերման» և Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» գրքերի մասին:

«Ջոնաթան Լիվինգստոն ճայը» տարբերվելու, չհանձնվելու, նպատակին հասնելու և կատարյալ դառնալու մասին է: Այն փոքր վիպակ է, որի գլխավոր հերոսը Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայն է: Նա նման չի մյուս ճայերին, որոնք միայն մտածում են ծովում որս անելու մասին: Նրա նպատակն է՝ կարողանալ թռչել հնարավորինս արագ և բարձր: Եվ, միգուցե դա նրան հաջողվում է…

Պատմվածքի հիմնական իմաստն այն է, որ պետք չէ վախենալ տարբերվելուց և հասնել նպատակին՝ ուշադրություն չդարձնելով մյուսների քննադատություններին:

Մյուս գիրքը, որի մասին ուզում եմ պատմել, «Անասնաֆերման» է: Ամեն ինչ սկսվում է, երբ ֆերմայի կենդանիները որոշում են ապստամբել և ստեղծել անկախ ֆերմա: Նրանք երգում են վաղուց մոռացված «Անգլիայի գազանները» և պատրաստվում ապստամբության:

«Անասնաֆերման» իշխանության մասին է: Գրքի մեջ կան և՛ լուռումունջ հնազանդվողները, և՛ ազդեցիկ ճառ ասողները, և՛ պայքարել ցանկացողները, և՛ իրականությունը տեսնողները, բայց չպայքարողները, և՛ նրանք, ովքեր կարողանում են միայն սուտ խոստումներ տալ, բայց իրականում կատարել այն, ինչ ուզում են, որովհետև հասարակությունը միշտ չի, որ կազմակերպված է և խելացի:

Իմ կարծիքով, այս գիրքը շատ կարևոր է և կարելի է կարդալ (եթե մտածում եք, թե ինչ գիրք կարելի է կարդալ):

«Ֆարենհայթ 451» վեպի գործողությունները կատարվում են ապագայում: Ապագայում, երբ մարդկանց այլևս հարկավոր չեն գրքերը, և հրշեջները դարձել են հրկիզողներ: Մարդիկ ապրում են երջանիկ 4 հեռուստապատերի հետ զրուցելով և մտածելով, որ շատ բան գիտեն (իսկ իրականում նրան ոչինչ էլ չգիտեն): Աշակերտները դասերից հետո զվարճանում են ավտոմեքենան վարելով այնքան արագ, որքան կարող են և դժբախտ պատահարների պատճառ դառնալով: Իսկ նրանցով, ում դուր չի գալիս այդ կյանքը, զբաղվում են էլեկտրական շները:

Գրքի գլխավոր հերոսը հրկիզող Մոնթագն է, ով զրուցելով իր հարևանուհու հետ, հասկանում է, որ աշխարհը այլևս այնպիսին չէ, ինչպիսին անցյալում: Նա մեկն է այն մարդկանցից, ովքեր փորձելով փոխել աշխարհը, կամ արժանանում են մահվան, կա՛մ էլ փախչում են (միանալով նույն ճակատագրին արժանացածներին):

Լավ, հերիք է պատմեմ: Ավելի լավ է դուք կարդաք, որպեսզի ավելի հետաքրքիր լինի:

Anush margaryan

Հարրի Փոթերը և մագլների բանտարկյալը

-Անուշ, վառի՛ր լույսը:

-Լավ, մամ… «Լյու՛մուս»…

-Աստվա՜ծ իմ, կրկին այդ «Հարրի Փոթերը», այս անգամ որքա՞ն եք պատրաստվում Ձեզ Հարրի Փոթեր զգալ ու ամեն վայրկյան «կախարդել»:

-Է՜, մա՛մ, ա՜խր, մագլները ոչինչ չեն հասկանում կախարդական աշխարհից:

Երբ փոքր էի, ամեն անգամ հեռուստացույցով Հարրի Փոթերի ձայնը լսելիս, տան որ ծայրում էլ լինեի՝ հիվանդ կամ տխուր, միանգամից՝ մինչև ականջներս ձգվող ժպիտով ու շողացող աչքերով, վազում էի հյուրասենյակ: (Չնայած՝ մինչև այժմ էլ ոչինչ չի փոխվել):

-Պապի՜կ, Հարրին է, վազի՜ր:

Պապիկիս հետ էի սիրում դիտել. ֆիլմի ամեն վայրկյանը մի աշխարհ էր ինձ համար:

Այսօր, երբ պապիկս հյուր եկավ, դիտում էի Հարրի Փոթերը:

-Անուշ ջան, անիրական հեքիաթ է: Քանի՜ տարի է նույն բանն ես դիտում:

-Պապ, լսի՛ր, օրինակ, «Ձյունե թագուհին» հեքիաթը 7 տարեկանում կարդալիս նո՞ւյնը կզգաս, ինչ, եթե կարդաս այն 67 տարեկանում:

-Չէ՛, ճիշտ ես, աղջիկս, տարիքի հետ փոխվում է մարդու մտածելակեպը, փոխվում են հայացքները: Նույնն է թե՝ դեռ չհասած ծիրանն ու արդեն հասունը ուտելիս նույն համը զգաս:

-Տես, պապ, այդպիսին է նաև Հարրի Փոթերը: Երբ 8 տարեկան էի, ինձ համար ֆիլմի գլխավոր իմաստն այն էր, որ բարին միշտ հաղթում է չարին: Իսկ այժմ… Օ՜հ, բառերով չեմ կարող բացատրել:

Հարրի Փոթերը լոկ մի տղայի մասին պատմող պատմություն չէ: Երբ դու հանդիսավոր երդվում ես, որ «մտքիդ լավ բան չկա» և հրամայում հայտնել գաղտնիքները, քո առջև բացվում է մի ամբողջ կախարդական աշխարհ: (Դե, եթե դիտել ես «Ազկաբանի բանտարկյալը», կհասկանաս, թե ինչի մասին է խոսքը): Այստեղ ամեն մի կերպար՝ ավտոբուսի վարորդից սկսած մինչև Լալկան Միրթլը, իր հոգում ունի յուրօրինակ ու անչափ հետաքրքիր աշխարհ: Երբ դու, ինչպես փոքրիկ նավակ, լողում ես կախարդանքի ծովում, զգում ես՝ որքա՜ն գունավոր ու պայծառ է ամեն բան: Օրինակ, հենց սկզբում, Հարրիի և Ռոնիի առաջին զրույցի ժամանակ՝ աշխարհը քո աչքերում 180 աստիճան շրջվում է… Շոկոլադե գորտեր, որոնք կարողանում են թռչել պատուհանից, կոնֆետներ՝ անհավանական համերով, նկարներում շարժվող մարդիկ… Խոստովանիր, որ չտեսնվա՜ծ է:

Բացի կախարդանքը, այն նաև օգնում է ծանոթանալ բրիտանական մշակույթին: Օրինակ, 16 տարեկան աղջիկը, ով ապրում է Հայաստանում, որտեղի՞ց պետք է իմանար երկհարկանի ավտոբուսների մասին և ողջ հոգով երազեր դրանք մոտիկից տեսնել, եթե չլիներ այս պատմությունը:

Լավագույն պատմությունները նրանք են, որոնք ստիպում են քեզ լաց լինել և ծիծաղել միաժամանակ: Այսպիսին է նաև «Հարրի Փոթերը»: Խենթ Ուիզլի երկվորյակները, ովքեր ցանկացած իրավիճակում չեն կորցնում հումորը. նույնիսկ այն ցավալի պահին, երբ վնասվում է Ջորջի ականջը, նրանք չեն դադարում անել կատակներ ականջների մասին:

Ի վերջո, այս պատմությունն օգնում է քեզ հասկանալ, թե որն է իսկապես կյանքի իմաստը: Հերմիոնայի անսահման խելքը, Հարրիի քաջությունն ու Ռոնիի հավատարմությունը յուրաքանչյուր ակնթարթ հետևում են քեզ, նրանց ընկերությունը դառնում է քո երազանքը:

Ի դեպ, մամ, լույսի հետ կապված, մոռացա ասել. նույնիսկ ամենամթին ժամանակներում կարելի է երջանկություն գտնել՝ հարկավոր է միայն լույս վառել: Դամբլդորի խոսքերն են, մամ, հիմա կվառեմ լույսը:

Երբեք մի դադարեք հավատալ կախարդանքներին…

aharon sahakyan

Գիրք, որն ստիպեց ինձ փոխվել

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ 
կարդացած գիրքը ` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը…

Սրանք նշանավոր փիլիսոփա, արձակագիր, բանաստեղծ Վոլտերի մտքերն են, և ես նրա հետ լիովին համակարծիք եմ:

Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մենք մեզ միայնակ ենք զգում, տխուր ենք, ձանձրանում ենք: Եվ հենց այդ ժամանակ էլ ակամայից հայացքներս հառում ենք արդեն մեզ հարազատ դարձած գրապահարանին և որոնում որևէ գիրք, որը կընկերակցի մեզ և կցրի մեր միայնությունը: Գիրքը մեր լուռ ու անխոս բարեկամն է, որն ի զորու է փոխարինել թե´ հարազատի, թե´ ընկերոջ, թե´ խորհրդատուի: Շատ հաճախ մենք մեր կարդացած գրքերում հանդիպում ենք այնպիսի հերոսների, որոնց մեջ ինքներս մեզ ենք տեսնում, փորձում ենք նմանություններ գտնել նրանց և մեր բնավորության գծերի, արտաքին տեսքի և կատարած գործողությունների միջև: Հենց այդպիսի մի գրական հերոսի մասին էլ կուզեի խոսել:

Վերջերս` հերթական փնտրտուքի ժամանակ, ընտրությունս կանգ առավ Րաֆֆու «Սամվել» վեպի վրա: Իմիջիայլոց այդ նույն գիրքը արդեն երկրորդ անգամ պետք է կարդայի:

Ու կարդացի: Կարդացի նույնքան հետաքրքրությամբ ու անհագ, ինչպես առաջին անգամ: Չնայած, որ անգիր գիտեի վեպի յուրաքանչյուր հատված, գիտեի իրար հաջորդող գործողությունների ընթացքը, գիտեի անգամ վերջաբանը: Եվ ինչպես յուրաքանչյուր գրքում, այստեղ էլ ունեի սիրելի հերոս` իդեալ, ում կցանկանայի նմանվել, կցանկանայի թեկուզ մտովի հանդիպել նրան և որոշ խորհուրդներ ստանալ նրանից: Եվ այդ հերոսը, որքան էլ տարօրինակ թվա, ոչ թե Սամվելն էր ` վեպի գլխավոր հերոսը, այլ Վասակ Մամիկոնյանի որդին` Մուշեղը: Նա իսկական հայրենասեր էր, խիզախ առաքինի, բայց այս ամենի հետ մեկտեղ` հարկ եղած դեպքում կարող էր դառնալ շատ դաժան և վրիժառու:

Այդ գիրքը կարդալուց ի վեր վստահաբար կարող եմ ասել, որ մեջս շատ բան փոխվեց: Փոխվեցին իմ պատկերացումները մարդկության և ինձ շրջապատող աշխարհի մասին: Ես դարձա ավելի համարձակ, ինքնավստահ, մեծահոգի ու վրեժխնդրության պատրաստ անձնավորություն:

Մուշեղն իր բարոյականության բարձր սկզբունքներն ի ցույց էր դնում անգամ պատերազմի դաշտում: Վեպում առանձնակի ուշադրության է արժանի հատկապես Մուշեղի` կանանց հանդեպ վերաբերմունքի հատվածը, այն էլ` պարսիկ կանանց: Եվ երբ նա գերված կանանց անարատ և առանց անարգելու վերադարձնում է Շապուհին, վերջինս շատ է զարմանում: Զարմանում է նրա քաջության, մեծահոգության և ազնվության վրա: Եվ Մուշեղի պատկերը` սպիտակ ձիու վրա նստած, քանդակել է տալիս իր գինու գավաթի վրա: Իսկ Մուշեղի վերոնշյալ արարքը հետագայում ստիպում է Պապին և նրա զորապետերից ոմանց կասկածի տակ դնել նրա հավատարմությունը:

Ինչևէ, ես այս հերոսի մասին կարող եմ անվերջ խոսել , սակայն նախընտրելի է, որ յուրաքանչյուր հայ տաղտկալի և էժանագին սերիալներ դիտելու փոխարեն, գոնե մեկ անգամ կարդա «Սամվել» վեպը, փորձի բացահայտել վեպի հերոսներին և կատարել եզրահանգումներ:

mariam tonoyan

Միքելանջելոն, Ռոդենը և մեր ժամանակը

Ինչո՞վ կզբաղվի տարբեր հետաքրքրություններ ունեցող աշակերտն աշնանային մեկշաբաթյա արձակուրդների ընթացքում, եթե ոչ ընթերցանությամբ: Գուցե շատերին տարօրինակ թվա այս օրերի ընթացքում ընթերցանության միջոցով առաջացած, գուցեև անմիտ եզրակացությունս, թե ես իմ դարաշրջանից չափազանց ուշ եմ ծնվել:

Վերջերս նկատել եմ, որ չեմ հարմարվում ինձ շրջապատող հասարակությանը, մարդկանց մտածողությանը, որ մեր ժամանակաշրջանը, որքան էլ զարգացած ու նորարարական տեխնոլոգիաներով ապահովված լինի, միևնույն է, հետ է մնում այլ ժամանակաշրջանների քաղաքակրթության ու միջանձնային հարաբերությունների բարձր մակարդակից: Դրանց վառ օրինակ են այժմյան քաղաքակրթության ու մարդկության առօրյան արտացոլող հայկական ժամանակակից սերիալները, որոնց արդեն քննադատաբար անդրադարձել են մեր թղթակիցներից շատերը: Ուստի ես ընթերցանությամբ փորձում եմ «ճանապարհորդել» այլ ժամանակաշրջաններ:

Երկար ժամանակ է, ինչ հետաքրքրվում եմ գծանկարչությամբ, գեղանկարչությամբ, ուսումնասիրում ճեպանկարներ, փորձում ընդօրինակել, իսկ վերջերս, տրամաբանական կապով հետաքրքրված եմ նաև քանդակագործությամբ, չէ որ «Գեղանկարչությունն ու քանդակագործությունը նույն ծնողներն ունեն, նրանք քույրեր են»:

Ինչևէ, քանի որ մեկ շաբաթ ժամանակ ունեի, վերցրեցի հայտնի գեղանկարիչ-քանդակագործներ Միքելանջելոյի և Օգյուստ Ռոդենի կենսագրական վեպերը և սկսեցի ուսումնասիրություններս: Կարդալով ամեն նախադասություն, ամեն պարբերություն, ինքս իմ մեջ վերագտա հային բնորոշ թաքնված մի սեր՝ սեր դեպի քարը:

Չնայած Վերածննդի ժամանակաշրջանից մինչև իմպրեսիոնիստներ բավականին երկար ժամանակ է ընկած, բայց երկու ժամականակաշրջաններում էլ նմանություններն, այնուամենայնիվ, ակնհայտ են. թշվառություն, հասարակության տածած նույն վերաբերմունքը դեպի նկարչությունն ու նկարիչները, համառ կամք՝ երկու քանդակագործների աշխատանքային ասպարեզներում, անսպառ սեր ու հոգատարություն դեպի քարը, գեղանկարչության միջոցով անցում դեպի քանդակագործության… Եվ ձգտում: Ձգտում: Այ, թե ինչը նրանց հասցրեց համաշխարհային փառքի: Նույնիսկ չվախենալով մահապատժից (Ֆլորենցիայում դիահերձումը համարվում էր սրբապղծություն և հատուցվում էր մահապատժով) Միքելանջելոն գաղտնի ամեն գիշեր մտնում էր վանքի դիարան և հերձում վանք բերած մահացած մարդկանց դիերը, միայն այն պատճառով, որպեսզի լավագույնս ծանոթանա մարդկային կազմախոսությանը և ճշգրիտ ստանա մարմարից կերտված մարդու կերպարը:

Այ, եթե հիմա էլ մարդիկ նույնչափ նվիրված լինեին այն բնագավառին կամ մասնագիտությանը, որն իրենք են ընտրել: Գուցե համառությամբ կարողանային լավագույնս մասնագիտանալ իրենց բնագավառում, մեծացնել իրենց իսկ աշխատանքի պահանջարկը և աշխատանքի անցնել իրենց երկրում, այլ ոչ թե զարկ տալ արտագաղթին: Չէ որ և՛ Միքելանջելոն, և՛ Օգյուստ Ռոդենը, և՛ շատ-շատ այլ հռչակավոր մարդիկ իրենց ուղին սկսել են չքավորության մեջ, բայց սերը դեպի սեփական արվեստի ճյուղը ու տքնաջան աշխատանքն են միայն նրանց համաշխարհային ճանաչման հասցրել:

ella mnacakanyan yerevan

Գիշերային երաժշտություն

Բարև: Էլի ես եմ ու էլի 58 համարի ավտոբուսի մասին եմ խոսելու: Չէ՛, այս անգամ խոսքն անտանելի շոգի ու կաթվածահար երթևեկության մասին չէ՝ չնայած, որ էլի սարսափելի շոգ ու նույնքան սարսափելի երթևեկություն է Երևանում: Այս անգամ պատմելու եմ մի 16-17 տարեկան աղջկա մասին, որն ստիպեց ճանապարհիս կեսը մտորումների մեջ անցկացնել:

Հերթական անգամ երթևեկում էի ավտոբուսով, բնականաբար, կանգնած, երբ, ի ուրախություն ինձ, նստելու տեղ ազատվեց: Ժպտալով նստեցի, որովհետև հիշել էի, որ սիրելի գիրքս մոտս է: Հարմար տեղավորվելուն պես բաց արեցի պայուսակս ու հանեցի գիրքս: Սկսեցի կարդալ: Վերջին շրջանում այնքան զբաղված էի, որ միայն երթևեկելիս էի կարողանում ընթերցել: Աչքերով գտա այն տողը, որի վրա կանգ էի առել անցած անգամ, քանի որ ստիպված էի եղել իջնել իմ կանգառում, ու սկսեցի:

Գրքասերները կհասկանան ընթերցանությունը սկսելուն հաջորդած 4-5-րդ րոպեին առաջացող այն զգացումը, երբ սկսում ես կամաց-կամաց կտրվել քեզ շրջապատող իրականությունից (նույնիսկ աղմկոտ շարժիչով ավտոբուսում գտնվելու դեպքում), եթե իհարկե սյուժեն հետաքրքիր է, ու մտովի հայտնվում ես այնտեղ, որտեղ տեղի են ունենում կարդացածդ գրքի գործողությունները: Հենց այդպիսի մի էյֆորիկ պահի մեջ էի, երբ հանկարծ վեր թռա: Չէ՛, պատճառը ավտոբուսի կտրուկ արգելակումը չէր, այլ մի աղջկա հարցը, որը կանգնած էր իմ նստատեղի մոտ՝ կարծես գլխավերևումս:
-Քուրի՛կ, որ խնդրեմ` էդ գրքի անունը կասե՞ս,- թեթև ռուսական առոգանություն նկատեցի խոսքի մեջ:
Ես, հանկարծակիի եկած, ռեֆլեքսորեն փակեցի գիրքը ու կարդացի կազմի վրա.
-Ночная музыка,- ասացի այնպես, իբր եթե չնայեի կազմին, չէի կարողանա հիշել անունը:
-Մոյեսի՞նն ա:
-Ահա,- պատասխանեցի ես ու անմիջապես վերադարձա ընթերցանությանս. հետաքրքիր մասում էի կանգ առել:
Շարունակեցի կարդալ, կարդացի երկու-երեք տող, հետո զգացի, որ չեմ ընկալում գրվածը, նորից կարդացի, էլի չհասկացա, երրորդ անգամ էլ նույնը: Պատճառն այն էր, որ միտքս զբաղված էր այն աղջկանով, որի տված հարցը զարմանալիորեն մտորումների մեջ էր գցել ինձ: Կտրվեցի գրքիցս, նայեցի աղջկան: Մենակ չէր, հավանաբար ընկերուհու կամ քրոջ հետ էր, որն իրենից տարիքով ավելի մեծ էր թվում ու կարծես հայաստանցի էր: Չէի էլ նկատել, թե երբ ու որտեղ էին ավտոբուս նստել, կամ թե ինչպես էր այդ աղջիկը հայտնվել գլխավերևումս ու քանի րոպե էր հետևում կարդալուս ընթացքին: Գիրքը փակեցի, տեղավորեցի պայուսակումս ու սկսեցի պատուհանից դուրս նայել: Չգիտեմ՝ ինչու, հոգիս ուրախությամբ էր պատվել այն մտքից, որ հիմա էլ ավտոբուսներում երիտասարդները իրար հարցնում են ոչ թե հագած զգեստի գնից ու խանութից կամ լսած երաժշտությունից, այլ կարդացած գրքից ու երբեմն կազմից անգամ գուշակում են գրքի հեղինակին:

Իսկ ես արդեն գրքի վերջաբանին եմ մոտեցել, տեսնես այդ աղջի՞կն էլ կարդաց գիրքը:

anna sargsyan

Դադարել կարդալ նշանակում է` դադարել մտածել

Շատ եմ սիրում կարդալ: Ժամանակին, երբ փոքր էի, կարդում էի մանկական գրքեր, դրանք հաճախ անիմաստ էին լինում, բայց ես կարդում էի: Գրադարանը մեր տանը մոտ է, այդ պատճառով ինձ համար խնդիր չէր լինում գիրք վերցնելը:

Երբ մեծացա, դե այդքան էլ չէ, երևի 13-15 տարեկան էի, դադարեցի կարդալ: Կարդում էի, բայց հազվադեպ: Շատ ժամանակ էի տրամադրում համակարգչին և ընկերներիս: Բայց երբ այդ ճգնաժամը հաղթահարեցի, հասկացա, որ մի տեսակ անգույն եմ ապրում, երևակայությունս սկսել է ժանգոտվել: Կարծում եմ՝ գիրքը կախարդական աշխարհ է:

Հետո վերսկսեցի կարդալը, բայց էլի առաջ չէին գնում գործերս գրքերի հետ, մինչև չգտա այն, ինչ ինձ պետք էր: Բայց այդ գիրքն օնլայն էր, դրա համար չկարողացա մինչև վերջ կարդալ, որ տեսողական խնդիրների չառնչվեմ: Այդ գիրքը ես գտել էի Վահե Ստեփանյանի նյութերից մեկում, Դեն Բրաունի «Հրեշտակներ և հրեշներ»-ն էր: Ես այդ ժամանակ 17-ի թղթակից չէի, բայց բախտս բերեց, որ հետևում էի կայքին: Դրա շնորհիվ ես գտա այն կամուրջը, որը կրկին ինձ և գրքերը կապեց իրար:

Հաջորդ գիրքը, որ կարդացի, «Կորած օրագիր»-ն էր, հեղինակը՝ Մուշեղ Բաղդասարյան, Վարդգես Քալանթարյան: Իմ հասակակիցները տարված էին այդ գրքով, և դա ինձ գայթակղեց: Ես նույնպես ընթերցեցի: Արդեն կարողանում էի ես էլ մասնակցել գրքի քննարկումներին:

Մյուսը դարձավ «Աստղերն են մեղավոր»-ը, հեղինակը՝ Ջոն Գրին: Ես դրա ֆիլմը տարիներ առաջ էի նայել, իսկ այ, գի՜րքը: Գիրքը, անխոս, ցնցող էր: Ուղղակի ինձ համար այն կիսատ մնաց, ու գիտե՞ք՝ հետաքրքիրն այն էր, որ հերոսուհու սիրած գիրքն էլ էր կիսատ մնացել, ու նրա շատ հարցերն անպատասխան էին: Իմ հարցերը՝ նույնպես:

Հաջորդ գիրքս «Թալիո»-ն էր: Այն հայ կնոջից և թուրք տղամարդուց ծնված տղայի մասին էր: Նա «հիբրիդ» էր, որին իր ծննդավայրում ՝ Բաքվում, «հայի ճուտ էին ասում»: Բայց նա շատ փորձություններից հետո գտավ իր երջանկությունը, իր «արքայադստերը»…

Հիմա կարդում եմ Շիրվանզադե՝ «Նամուս», «Պատվի համար» ու վերընթերցում եմ «Արտիստը»:

Կարդալու շնորհիվ մենք կարծես նորից սկսում ենք շնչել, բայց՝ ավելի «կյանքով լեցուն» օդով:

Ani Ghulinyan

Հոդվածի հետքերով

Ամիսներ առաջ Վահե Ստեփանյանը մի նյութ էր գրել Դեն Բրաունի ու նրա չորս ամենահայտնի գրքերի մասին: Եթե նա իր նյութը այսօր գրած լիներ, ես իրոք «հետ կընկնեի բազկաթոռիս մեջ ու կժպտայի», բայց այն ժամանակ փորփրեցի համացանցն ու էլեկտրոնային տարբերակով հայերեն գտա Դեն Բրաուն անունով քեռու չորս գրքերից միայն մեկը` «Հրեշտակներ և հրեշներ»: Դե, բնականաբար, շատ արագ կարդացվեց, ու մոտ մեկ ամիս ես գրքի ազդեցության տակ էի: Ֆիլմը բավականին զիջում է գրքին, մյուս երկու ֆիլմերի մասին բան չունեմ ասելու, որովհետև չեմ կարդացել դրանց գրքերը, բայց էս մեկը հաստատ հաջողված չէր: Պրոֆեսոր Լենգդոնի դերը Թոմ Հենքսը, ինչ խոսք, լավ է խաղում, բայց ֆիլմից հանված էին որոշ դետալներ, որոնք ֆիլմը ավելի անկանխատեսելի կդարձնեին:

Ամենահաճելին գրքում պատմական փաստերի առկայությունն է: Ինչքան էլ մտածես, որ հեղինակը զարկ է տվել երևակայությանն ու անհավատալի բաներ գրել, պատմական փաստերին չհավատալ չես կարող: Չնայած՝ պիտի խոստովանեմ, որ մի պահ գրքի ամբողջ բովանդակությունն ինձ համար անքննելի ճշմարտություն էր դարձել, կամ, գուցե այդպես է, ո՞վ է գլուխ հանում: Մեկ էլ լատիներեն տերմիններն ու դարձվածքներն են լավը, ու պատմական, մազերը բիզ-բիզ կանգնելու չափ հետաքրքիր փաստերը, մանավանդ՝ կաթոլիկ եկեղեցու մասին: Դե, եթե Վատիկան, ուրեմն՝ ինտրիգներ, գաղտնիքներ ու առասպելներ: Դեն Բրաունը շատ ճիշտ տեղից է բռնել, զարմանալի չէ, որ եկեղեցին այնքան էլ կողմ չէ նրա գրքերի տարածմանը:

Մի փոքր գրադարանից, Շերլոկից ու հարևանների խոսելու նոր թեմայից

Հերթական ձանձրալի օրն էր այն շոգ ու անտանելի օրերից, որ արձակուրդներ են կոչվում, ու էլի պետք է ինչ-որ զբաղմունք գտնեի օրս անցկացնելու համար՝ ամբողջ օրը մեռած ձևանալուց բացի, իհարկե: Սովորաբար տանը մենակ չեմ մնում, իսկ այսօր մի երկու ժամ մենակ էի: Դե հա, միակ բանը, որ մտքովս անցավ, ու կանցներ նաև ինձ նման այլ մանկամիտների մտքով՝ պատերին կախված փափուկ խաղալիքներին «տաղանդ» ցույց տալն էր: Վերցրի սանրը, իբրև բարձրախոս, էլի, կապեցի մայրիկի կանաչ, կարմիր շալերն ու բարձրացա բազմոցին (դա էլ աստղային բեմս է). համերգն սկսված է: Ես իմ մի քանի ժամն անցկացրի՝ ինձ հայկական շոուբիզնեսի ամենապայծառ աստղը զգալով, իսկ հարևաններն իրենց մի քանի օրը՝ Ժուլետի թոռան՝ չստացված աստղ Աստղից բողոքելով: Հրաշալի է…

-Իսկ մնացած օրն ի՞նչ անեմ, Ուոթսոն (Ուոթսոնը փափուկ խաղալիքիս անունն է, գիտե՞ք, նա անչափ գաղտնապահ ու լավ ընկեր է):

Ա՜խ, դե իհարկե: Չէի՞ կարող ավելի շուտ հիշել «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գրքի մասին՝ մինչ հարևանների բուռն քննարկման առարկա դառնալը: Մի բան ասեմ, էլի: Մի քանի ամիս առաջ էի գրադարանից վերցրել այդ գիրքն ու, մոռանալով դրա մասին՝ ոչ կարդացել էի, ոչ էլ ժամանակին վերադարձրել գրադարան: Մի քանի օր առաջ էլ գրադարանավարուհին զանգել ու սիրալիր հետ էր պահանջել գիրքը, դե ինչ արած, տարա հանձնեցի: Շատ անպատասխանատուն եմ, է՜:

Մի քսան րոպե անց գիրքն ինձ մոտ էր, մերոնք էլ՝ տանը: Բայց այնքան դժվար է ինչ-որ բան կարդալը, երբ մի քանի հեռուստացույց միանգամից միացնում են, ձայնն էլ մինչև հարյուրը բարձրացնում: Ինչ արած, պետք էր մի փոքր ու խաղաղ անկյուն գտնել: Վերցրի գիրքն ու իջա նկուղ: Դե, մեր նկուղն էլ ոնց որ իննսունականների փոքր բնակարան լինի՝ հին մահճակալ, փայտյա գրապահարան, խոհանոցային հին կահույք, պապիկի քաշած օղիով լի մեծ տարրաներ, հին սպասք, մանկական օրորոցներ ու «ճռռիկներ», և իհարկե, հով ու զով օդ: Տեղավորվեցի մահճակալին ու սկսեցի կարդալ: Կարդում էի ինքնամոռաց, ասես՝ աշխարհից կտրված: Եսիմ, դժվար թե մեկը կարդա «Շերլոկին»՝ առանց հետաքրքրությունից այրվելու: Ամառվա մի աննշան մասը կամ էլ հենց ողջ ամառն անցկացնելու հիանալի տարբերակ է գիրք կարդալը՝ դետեկտիվ, ֆանտաստիկ, գիտաֆանտաստիկ, էլի դետեկտիվ: Լավ, վերադառնանք նկուղ: Հասել էի «Բասկերվիլների շանը», երբ դեպքերը շատ արագ էին զարգանում, երբ ուր որ է, Ուոթսոնը կբացահայտեր իրեն ու երիտասարդ Բասկերվիլին հետևողին՝ այն գրանիտե սյան վրայի մարդուն, ու մեկ էլ հոպ՝ տեսնեմ մի տասը էջ պատռված է: Ու վերջ. կար կարդալ, չկա կարդալ: Պետք է տանեի գրադարան ու եթե բախտս բերեր, փոխեի նորով:

Երբեք ինձ նման թափթված մի եղեք: Եթե գիրքը չեք կարդում, մի վերցրեք այն ու ամիսներով ձեր տանը պահեք, չէ՞ որ մարդիկ կան, որ սպասում են դրան, որ բերեք, հանձնեք ու իրենք տանեն կարդան միգուցե նկուղում՝ մահճակալի վրա պառկած, կամ էլ գուցե տանը՝ դիմանալով բարձր ձայներին: Ու ոչ էլ վնասեք գրքերն ու պատռեք էջերը, որովհետև ինձ նման մարդիկ էլ կան, որ հասկանալով իրենց սխալը, որոշում են իրենց ամառը ոչ թե համացանցում անցկացնել, այլ գրքեր կարդալ, շա՜տ գրքեր:

Լավ, գնամ տեսնեմ՝ այդ ինչեր են խոսում հարևաններն իմ անկեղծ ելույթի մասին: