Իմ էջը խորագրի արխիվներ

Ani Harutyunyan

Գյուղագրություն

Գյուղական կյանքին անծանոթ մարդու համար գյուղում ապրելն անհետաքրքիր է: Եվ իրոք, գյուղում փոփոխություններ շատ քիչ են լինում, լինում են այն դեպքերում, երբ գյուղի փողոցներում նոր, անծանոթ մեքենա է հայտնվում ու երկար պտտվում, երբ տղաները գեղեցիկ, անծանոթ աղջիկ են տեսնում գյուղի փոքր, բայց իր փոքրության մեջ բոլոր պետքական ապրանքները պարունակող խանութում:

Ընդհանրապես որևէ նորության ի հայտ գալը գյուղի ինչ-որ մասի մոտ որոշակի իրարանցում է առաջացնում: Երբ գեղեցիկ աղջիկը երկար է մնում գյուղում, հաճախ է լինում խանութում, տղաներն արագ աշխատում են պարզել, թե ո՞ւմ տանն է նա ապրում: Եթե որևէ մեկի բախտը բերի, ու աղջիկն ապրի իր մոտ ընկերներից մեկի տանը, գործերը լավ կընթանան: Բայց մինչև տղաները կհասցնեն «ճշտվել», աղջիկը, որքան անսպասելի հայտնվել էր, նույնքան անսպասելի անհետանում է:

Նոր ու անծանոթ մեքենայի հայտնվելը դառնում է աղջիկների խոսակցության, իսկ բակում նստող տատիկների բամբասանքի առարկան: Գյուղի օրենքն է` եթե որևէ անծանոթ մեքենա նույն փողոցում բավականին երկար ժամանակ է անցկացնում, հատկապես` ինչ-որ մեկի տան մոտ, որտեղ «ազաբ» աղջիկ կա, ուրեմն նրա ուզողներից է: Այդ փողոցի աղջիկները սկսում են ավելի հաճախ իրար մեջ ինչ-որ բաներ փսփսալ, քթի տակ ծիծաղել, կարևոր ու անկարևոր առիթներով դուրս գալ տնից, սովորականից ավելի գեղեցկացած գնալ խանութ, երբ առնելիքն ընդամենը լուցկի ու հաց է, որի կարիքն այդ պահին ընդհանրապես չկա: Աղջիկները տանջվում են, իսկ մեքենան շարունակում է լուռ պտտվել: Բայց մեքենան աղջիկների անդորրը երկար չի խաթարում. պարզվում է, որ մեքենայի տերը պարտքատեր է, գալիս է Արմենից փողերը վերցնելու, բայց քանի օր է` նրան տանը չի գտնում: Աղջիկները նորից սկսում են հողաթափերով ու գզգզված մազերով խանութ գնալ, իսկ բակում նստած տատիկներն անցնում են իրենց սովորական թեմաներին:

Անձրևոտ օրերին գյուղի փողոցներից միայն մեքենաների անիվների ձայնն է լսվում, որ ասֆալտի մնացորդների վրայով հոսող ջրի մեջ արագ պտտվելով շտապում են վարորդին աշխատանքի հասցնել: Նման օրերին, երբ մեքենայով անցնում ես փողոցներով, միայն տեսնում ես արոտավայրից հոտը արագ տուն քշող գյուղացուն, որը թեև թրջվել է, բայց աշխատում է չշտապեցնել հորթերին, որոնք դեռ այդքան էլ լավ չեն կարողանում քայլել հոսող ջրերի միջով ու հաճախ են սայթաքում: Անձրևոտ երեկոներին գյուղում մթությունը խախտում են պատուհաններից աղոտ երևացող մոմի լույսերը: Եթե գյուղում հարցնեք անձրևի մասին, միայն շատ ռոմանտիկները կպատասխանեն, որ սիրում են այն. անգամ շատ քիչ քամու ու անձրևի դեպքում բոլորի համար ակնհայտ է, որ մոմերն արագ հանելու, հեռախոսը լիցքավորելու ու գոնե սերիալներից մեկը նայել հասցնելու ժամանակն է, քանի դեռ լույսերն անհայտ ժամանակով չեն անջատել: Բայց մութ ու ցուրտ տարիներ տեսած մեծահասակներին դա այդքան էլ չի անհանգստացնում, երիտասարդների նվնվոցն էլ երկար չի տևում:

Գյուղում ապրելն անհետաքրքիր է: Այստեղ ամեն քայլափոխի սրճարանների ու սուպերմարկետների փոխարեն բանջարանոցային այգիներ ու տնային կենդանիներ են, այստեղ քո ամեն քայլափոխի հետ իր քայլն է անում նաև հանգստությունը:

«Թուղթը աղբ չէ»

Լուսանկարը՝ Տաթևիկ Չուխուրյանի

Լուսանկարը՝ Տաթևիկ Չուխուրյանի

Երբևէ ձեր ձեռքի տակ եղած «անպետք» թուղթը աղբը գցելիս մտածե՞լ եք, որ այն ամենևին էլ անպետք չէ: Մտածե՞լ եք, որ եթե հավաքեք բոլոր այդպիսի թղթերն ու հանձնեք վերամշակման, ի՛նչ հրաշալի նվեր կլիներ բնությանը:

Լուսանկարը՝ Տաթևիկ Չուխուրյանի

Լուսանկարը՝ Տաթևիկ Չուխուրյանի

Արի ու տես, որ Երևանում մի խումբ մարդիկ արդեն մտածել են: Հենց դրա արդյունքում էլ մայիսի 12-ին Հռիփսիմեի և Շուշանի նախաձեռնությամբ իրականցվեց «Թուղթը աղբ չէ» ակցիան:
Էս ամեն ինչը դեռ շատ վաղուց էր սկսվել: Երթ Թիմ Թայմում էինք լինում, հաճախ էինք Հռիփսիմեից լսում «Էդ թուղթը աղբը մի գցեք, հավաքելու ենք, հաձնենք վերամշակման» և նմանատիպ այլ արտահայտություններ: Պետք է խոստովանեմ, որ սկզբում թերահավատորեն էինք մոտենում, բայց մենք էլ էինք կամաց-կամաց հասկանում, որ սա հրաշալի գաղափար է: Հետո հատուկ արկղ պատրաստեցինք ու որոշեցինք բոլոր թղթերն այդտեղ հավաքել: Ապրիլին առաջին անգամ իրականացրինք «Թուղթը աղբ չէ»-ն: Մի քանի ժամվա ընթացքում մեզ միացան տարբեր կազմակերպություններ ու մարդիկ: Բերում էին իրենց սևագրերը, լեկցիաները, նույնիսկ պիցայի տուփեր, ՀԴՄ կտրոններ և թղթե բաժակներ էինք հավաքել: Արդյունքում հավաքվեց շուրջ 250 կգ թուղթ, որը հանձնեցինք վերամշակման: Հետո կարդացի ու իմացա, որ դա հավասարազոր է մեկ ծառի կյանք փրկելուն: Ոգևորված մեր առաջին հաջողությունից, որոշեցինք, որ այն պիտի շարունակական բնույթ ստանա:

Լուսանկարը՝ Տաթևիկ Չուխուրյանի

Լուսանկարը՝ Տաթևիկ Չուխուրյանի

Եվ այսպես մայիսի 12-ին իրականացրինք երկրորդ ակցիան, որի ընթացքում ոգևորությունն էլ ավելի մեծ էր: Հատկանշական էր հատկապես այն, որ մեզ էին միանում տարեցները թղթե ծանր տոպրակները իրենց ձեռքով բերելով, մի բան էլ մեզ էին շնորհակալություն հայտնում նման նախաձեռնության համար: Ակցիայի ամենապոզիտիվ կերպարը փոքրիկ Առնոն էր, ով հավաքել էր ձեռքի տակ ընկած ցանկացած թղթի կտոր և թղթե տուփեր, գեղեցիկ փաթեթավորել էր և բերել մեզ մոտ:

Լուսանկարը՝ Տաթևիկ Չուխուրյանի

Լուսանկարը՝ Տաթևիկ Չուխուրյանի

Այս անգամ մոտ 300 կգ թուղթ հավաքվեց, որի դիմաց ստացված գումարը որպես օգնություն հանձնվեց Վանաձորի դպրոցներից մեկին:
Հաջորդ ակցիան պատրաստվում ենք իրականացնել մայիսի 26-ին: Դե ինչ՝ միանո՞ւմ եք:

sona zakaryan

Սկսենք մեզանից

Թավշյա հեղափոխություն։ Այս արտահայտությունը չնայած նրան, որ սովորական է թվում, այդքան էլ սովորական չէ։

Դուք էլ եք չէ՞ զգում այն սերն ու ջերմությունը, որը միանգամից տարածվում է այս արտահայտությունը արտաբերելուց հետո։ Այս արտահայտությունը վերջին ժամանակներում դարձել է առօրյայումս ամենաշատ օգտագործվող արտահայտությունը։ Ժպիտը դեմքիս քայլում եմ իմ ամերիկյան դպրոցում, գրկում ընկերներիս, «անտեղի» ծիծաղում։ Շատերը մտածում են, որ տարօրինակ եմ դարձել։

Վերջին ժամանակահատվածում ընկերներս բողոքում էին, որ անընդհատ սոցիալական ցանցերում եմ ու հեռախոսը ձեռքիցս վայր չեմ դնում։ Դասի ժամանակ փորձում եմ ուղիղ եթերները նայել, չվախենալով, որ կարող եմ նկատողություն ստանալ։

Մարդկանց ոգևորված պատմում եմ ամեն ինչի մասին, ինչ կատարվում է Հայաստանում։ Շատերը հետաքրքրված են, ոմանք՝ ոչ այնքան, մի մասն էլ գաղափար անգամ չունեն այդպիսի բաներից։ Այսպիսի պահերին հայի կարիք ես զգում, գոնե մի հայի, ով լիովին կհասկանա քեզ, քանի որ օտարերկրացիներին ինչքան էլ բացատրես՝ նրանք միևնույն է, չեն հասկանա այնպես, ինչպես հայը։

Շատ դժվար էր այս ժամանակահատվածը իմ և իմ ՖԼԵՔՍ ծրագրի հաղթող մյուս ընկերների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր այս պահին հեռու են գտնվում հայրենիքից։

Բոլորիս ամենամեծ ցանկությունը հայրենիքում լինելն էր, մեր ընտանիքներին ու ընկերներին աջակցելը, ողջ ազգին աջակցելը։

Չեմ ուզում երկար-բարակ խոսել հեղափոխության մասին, քանի որ ինքս ցույցերին չեմ եղել ու երևի չեմ զգացել ու հասկացել այն ամենը, ինչը որ զգացել են հազարավոր մարդիկ, ովքեր օրեր շարունակ մասնակցել են ցույցերին ու պայքարել մեր բոլորի ապագայի համար։ Միայն կասեմ, որ ճիշտ է, ֆիզիկապես ձեզ հետ չէի, բայց հոգեպես ամբողջովին Հայաստանում էի։ Այս օրերի ընթացքում շատ բաներ եմ վերլուծել, ինքս ինձ հետ քննարկել ու հասկացել։ Միշտ հավատացել եմ, որ մենք կարող ենք փոխել Հայաստանը, մենք կարող ենք ստեղծել վառ ապագա ու միշտ մի թաքուն երազանք եմ ունեցել, որ բոլորը այդպես մտածեն։ Ամեն անգամ այս ամենի մասին խոսելիս շատերը քմծիծաղ են տվել, ասելով, որ երեխայի նման եմ մտածում ու վարդագույն ակնոցները պետք է աչքերիցս վերջապես հանեմ։ Այսօր այդ նույն քմծիծաղ տվողները երևի ցուցարարների շարքերում էին։

Այն մարդը, ով նրանց հույս ու հավատ է ներշնչել ու այդքան մեծ սեր դեպի հայրենիքը, արժանի է լինել ՀՀ վարչապետ։ Այդ խիզախ մարդը, որին շատերը անգամ չէին ճանաչում ու երբեք չէին հետաքրքրվել նրա գործունեությամբ, դարձավ այն ճրագը, ով միավորեց բոլորին՝ ստեղծելով լուսավոր ապագայի հույսեր։ Հույսերը դարձան գործողություններ, իսկ գործողությունները տվեցին իրենց արդյունքը։

Շա՜տ-շա՜տ դժվար էր ինձ համար այս օրերին հայրենիքում չլինելը։ Ինչպես ընկերներիցս շատերն են ասում՝ պատմական պահեր եմ կորցրել։ Բայց գիտե՞ք, այսպիսի իրավիճակները միշտ օգնում են, որ ավելի արժևորես այն ամենը, ինչ ունես ու ավելի արժևորես հայրենիքդ։ Համենայնդեպս, իմ դեպքում այդպես է։

Պետք չէ մտածել, որ մեկ կամ երկու ամսից Հայաստանը կփոխվի կամ արագ կզարգանա։ Առաջին հերթին պետք է մտածենք ինքներս մեզ փոխելու, մեր քաղաքակրթությունը կոփելու մասին։ Հենց սրանից էլ կսկսվեն զգալի փոփոխությունները։ Հիմա ավելի ոգևորված եմ, որ շուտով հետ եմ գալու Հայաստան, ու այն ամենը, ինչը որ ինձ տվել է Միացյալ Նահանգները, ներդնեմ հայրենիքիս զարգացման գործում։ Ինչպես տեսաք, փոքր ճրագը խավարը վերածեց լուսաբացի։

Հայաստանը ես եմ, Հայաստանը դու ես ու յուրաքանչյուր հայ Հայաստանն է, այնպես որ, եկեք սկսենք ինքներս մեզնից։

Հ. Գ. Շատ շնորհակալ եմ «Ազատություն» ռադիոկայանին, ինչպես նաև 17-ին՝ այս ամբողջ ընթացքում իմ ինֆորմացիայի գլխավոր աղբյուրները լինելու համար։

sona mkhitaryan

Շատ չենք խոսել, ճիշտն ենք խոսել

Թավշյա հեղափոխության հաղթանակի օրն էր, Հայաստանի բոլոր ծայրերից մարդիկ եկել, հավաքվել էին, որ միասին տոնեն իրենց հաղթանակը։ Օրը հագեցած էր սիրով, նույնիսկ օրվա վերջում տեղացած անձրևն էր սիրո ու համերաշխության նշան: Մարդիկ չէին վախենում, որ կարող են մրսել, հիվանդանալ, որովհետև դա այս հաղթանակի դեմ ոչինչ էր։ Ես գիտեի, որ տուն գնալիս երթուղայինի մեջ բուռն խոսակցություն է գնալու, որը կարող եմ շարադրել։

Նստեցի երթուղային, գնում էի Կիլիկիա ավտոկայան, ճանապարհները փակ էին տեղ-տեղ, բոլորը փողոցներում էին, բոլորն ուրախ էին, ու չկային ոստիկաններ, որ մեքենաների խախտումները արձանագրեին։ Ինչպես վարորդն ասաց` էսօր «պրազդնիկ» ա, էսօր կարելի ա։ Մայրուղու մեջտեղից մի կին նստեց։ Շնչակտուր բարձրանալիս ասաց.

-Վայ, ապրես, ախպեր ջան (վարորդի հետ էր), ես Նիկոլի ցավը տանեմ, հա։

Այս տողերը դարձան խոսակցության սկիզբը, որին միացան բոլորը։

-Ապրեն մեր երիտասարդները, ինչ արեցին՝ իրանք արեցին։

-Մենակ իրանք չէ, իրանց ծնողներն էլ։ Վերջապես պրծանք։ Էս ոհմակից ազատվել էր պետք։ Տղես Ռուսաստանից գալիս էր, մի քանի օր ստեղ մնում էր, ասում էր՝ մամ, էս ինչ մեղք են էս ժողովուրդը, էս երիտասարդները։ Փողոցով անցնում ես, չկա մի մարդ, որ ժպտա ու ուրախ լինի։

-Հազիվ, հազիվ։ Էս ինչ էր մեր վիճակը։ Հաստատ միանգամից մեր վիճակը չի լավանա, բայց կարևորը՝ դրանցից պրծանք, մեր արյունը խմեցին դրանք, է, խմեցին։

-Էս ժողովուրդը 20 տարի ա՝ էս օրվան ա սպասել, որ խոսի, որ քայլ անի, որ ապրի, ոչ թե գոյատևի։

-Մենակ մի բան կասեմ՝ հալալ ա, հալալ։ Բոլորիս։

Հասանք ավտոկայան, իջնում էինք.

-Այ մարդ, էս ինչքան խոսեցինք։

-Շատ չխոսեցինք է, ճիշտը խոսեցինք։

Ani asryan

Լուսավոր մարդը

Մանկության բարի հուշերը կապված են բարի մարդկանց հետ: Բակի խաղաղասեր մարդը նա էր, իսկ չարաճճին՝ մենք:

Մեր տունը նրա ձեռքի աշխատանքն է, գյուղի ծայրին՝ սարի գլխին: Տարիներ առաջ սարի գլխին հիմնեց իր տունը՝ մեծ ու տարբերվող: Ասում էր.

-Էս տան վիրա ամեն մի քարը խոխեքս են տիրալ, ցեխն էլ ես եմ ըրալ:

Արկադիան աշխատավոր պապս է: Սիրում էի նրան, բազում հուշերով կապվել էի նրա հետ, իսկ հիմա պարզապես երազում եմ հայտնվել նրա հսկա գրկում: Շրջապատի պապիկների մեջ փնտրում եմ նրան, գտնում եմ ու նորից կորցնում: Պապս մահացավ, բայց մնաց իմ հուշերում: Նա հավասար է կորած հույսերիս ճիշտ քառակուսուն և լոկ հուշերի մնացորդներին: Դուրս գալով հայրենի օջախից՝ կարոտով եմ լցվում, վերադարձին հիշում եմ տունս, կարոտում պապիս տնկած այգին, հիշում մշակի ձեռքերը: Մայիս ամսին դպրոցից գալիս էի տուն՝ ուրախ հայացքով, գովասանագիրը ձեռքիս։ Պապս նստած դրսում սպասում էր ինձ։ Միշտ գովասանագիրս գումարով էր շնորհավորում: Կարոտով գրկում էր, անհագ փափագում, կարոտից դրդված՝ արտասվում: Մի պահ լռում եմ ու ձեռք եմ պարզում, ծերացած դեմքից արցունքը սրբում: Նստում էինք, խոսում բարեկամներից, ազգից, նրա աշխատանքից: Ասում էր.

-Աշխադել եմ, էս դղյակս ես եմ սարքել: Բալաս, լավ կպահեք: Բոստանս կմշակեք, կճիրե՛ք: Էն արխը շուտ-շուտ փակվըմ ա, կպացեք, ճիրեք:

Նրա վատառողջ լինելու տարիներն էլ եկան։ Ծրագրել էր Համամի ձորում (իր այգու անունն է) տնակ կառուցել: Իր ամենասիրած այգին էր՝ ծառախիտ, լի ծաղիկներով, մաքուր բնությամբ, դրախտային հանգստությամբ: Սիրում էր ծաղիկներ, երաժշտություն, մանկան ճիչն էր շատ սիրում: Ասում էր.

-Խոխեք, եկեք քինանք են բուտկի գործը պրծցնենք:

Բռնում էինք նրա ձեռքից ես ու եղբայրս, գնում տնից փոքր-ինչ հեռու գտնվող այգին: Նրա դեմքի ամեն կնճիռը մի պատմություն է, տեսած մի հոգսն է, ավարտած գործն է: Ապրում էինք սիրով, կատակներով: Հենց տանը ջղայնանում էին ու գալիս էին, որ պատժեն, պապիկը պաշտպանում էր: Սիրում էր թոռնիկներին, և այդ սերը փոխադարձ էր: Հիմա չկա նա, բայց կա մշակի դրախտային այգիները: Մեր տան մի շողը գերեզմանատան ճանապարհին մնաց, ամեն անգամ գյուղ մտնելիս առաջինը նրան ենք հիշում ու ճանապարհն ուղղում դեպի իրեն: Նրա շիրմաքարին միշտ թարմ ծաղիկներ են, նրա ներկայության միակ վկաներն են: Մի պահ հուզվում եմ, հետո սուզվում մանկության հուշերի գրկում: Մենք միշտ մանուկ ենք կարոտաթաթախ ու հոգնած գրկում, իմ պապի գրկում:

Milena movsesyan yerevan

Համահայկական հիշողություն

Թավշյա, բաց ձեռքերի, սիրո և համերաշխության հեղափոխություն, սպիտակ հաղթանակ: Անվանեք, ինչպես ուզում եք, բայց երբ տարիներ անց հայերին հարցնեք 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Երևանում կատարվող իրադարձությունների մասին, նրանց աչքերը կփայլեն, դեմքներին ժպիտ կհայտնվի, ու դուք կլսեք այս հիշողությունները, որ կպատմվեն մեծ ոգևորությամբ:

«Ես ուսանող էի ու շարժման առաջին օրվանից դուրս էի եկել փողոց, որովհետև ի սկզբանե հավատում էի հաղթանակին»:

«Մենք հենց այսպիսի Հայաստանի մասին էինք երազում, մենք սրա համար էինք պայքարում»:

«Տոտալ դասադուլ և գործադուլ, փակ փողոցներ, երջանիկ դեմքեր ու սպիտակ հաղթանակ»:

«Կանայք իրենց բողոքն էին արտահայտում խոհանոցային պարագաների միասնական չկխչկխոցով»:

«Ինչե¯ր ասես, որ չարեցին սովետ չտեսած, անվախ երիտասարդները»:

«Հայրենիք էին վերադարձել աշխարհասփյուռ հայեր ու արվեստի հայտնի ներկայացուցիչներ»:

«Մենք ամեն օր քայլում էինք տասնյակ կիլոմետրեր ու չէինք հոգնում»:

«Մեր ժողովուրդը նախկինում այդչափ համախմբված չէր եղել, հայը հային այդքան շատ չէր սիրել երբեք»:

«Ես փոքր էի, բռնել էի պապիկիս ձեռքը, ու մենք քայլում էինք մարդկանց բազմության միջով»:

«Պատմաբանները անհանգստություն էին հայտնում՝ մտածելով, որ պատմությունը կարող է կրկնվել, բայց ժողովուրդն անսասան էր ու կորցրել էր վախը»:

«Սա ոչ միայն իշխանական հեղափոխություն էլ, այլև մարդկային. հայերի աչքերում հայտնվել էին հույսն ու հավատը, թագավորում էր բարությունն ու հանդուրժողականությունը»:

«Այդ օրերին մեր գյուղի բնակիչները տեղավորվել էին մեքենայիս բեռնախցիկում. ուղևորվում էինք Երևան: Հրապարակում մեզ դիմավորեցին անասելի ջերմությամբ»:

«Վարչապետի ընտրության օրը Երևանի բոլոր սրճարաների հեռուստաէկրաններին ԱԺ նիստն էր»:

«Մեքենաները հատուկ ազդանշաններով էին ողջունում միմյանց, իսկ մարդիկ ժպտում էին հարազատ անծանոթերին»:

«Մեր մայրաքաղաքում սպիտակն էր իշխում, չկար կարմիրը՝ արյան գույնը»:

«Երեխաս մեկ տարեկան էլ չկար: Տարել էի հրապարակ, բարձրացրել էի նրան, որպեսզի անկախության ու ազատության շունչը զգա»:

«Հաղթանակի օրը հորդ անձրև տեղաց: Այն մաքրեց «մութ ու ցուրտ տարիների», սովետի ու կեղծ ժողովրդավարության հետքերը»:

«Ժողովուրդը ցնծության մեջ էր, ասես ամենուր հարսանիք լիներ»:

«Հիշում եմ ՝ ինչպես էին բոլորը պարում՝ ոմանք բեմում, ոմանք փողոցում, ոմանք մեքենաների վրա, ոմանք էլ շատրվանների ու անձրևաջրերի մեջ»:

«Ծնվեցին մի շարք ոգևորիչ ու տպավորիչ երգեր, որ հիմա էլ լսելուց հիշում եմ ու փշաքաղվում»:

Ուստի բոլոր նրանք, որ գեթ մեկ անգամ մասնակցել են ցույցերին ու նոր հաղթանակի օրերին եղել Հանրապետության հրապարակում, վառ հիշողություններ ունեն հաջորդ սերունդներին պատմելու և հպարտանալու:

Anush margaryan

Հեքիաթ մանուշակագույն ավտոբուսի ու սպիտակ հեղափոխության մասին

Արևն առավոտյան արթնացավ, լվացվեց, խմեց մայրիկի պատրաստած երիցուկի անուշաբույր թեյը, բայց դեռ շարունակում էր հորանջել, աչքերը իրենք իրենց փակվում էին, ի՞նչ անել։ Հնարամիտ արևը գտավ դրա լուծումը. կոպերը սոսնձով ամրացրեց դեղին ճակատին ու փորձեց հաղթահարել մռայլ տրամադրությունը։ Ի՞նչ արած, ուրիշ ելք չկար: Դա էլ նրա պարտականությունն է՝ վաղ արթնանալ ու կյանքը լցնել լույսով ու ջերմությամբ։ Արևը երբեք չի դժգոհում, չի փնթփնթում, բոլորին ժպտում է ու բարի լույս մաղթում, մեկ-մեկ նաև հաճոյախոսում ու որպես համաձայնություն՝ բարձրացնում իր թեյի գավաթը, ինչպես եղավ այսօր, երբ նա երկնքից լսեց մանուշակագույն ավտոբուսում տեղի ունեցող զրույցը…

Դե լավ, թույլ տանք արևին ավարտել իր երկրորդ բաժակ երիցուկի թեյը, և սլանանք ոլորապտույտ ճանապարհով՝ ավտոբուսի հետքերով։

Ահա, գալիս է մանուշակագույն մի ավտոբուս. չնաշխարհիկ գույն է, այնպես չէ՞։ Այնքա՜ն խորհրդավոր է ու գաղտնիքներով լեցուն։ Ես թափահարում եմ ձեռքս ու բարձրանում ավտոբուս։ Չկարծես, թե ավտոբուսներն ընտրում եմ ըստ գույնի, պարզապես այս մեկը, ը՜, ինչպես ասում են՝ մի կրակոցով երկու նապաստակ: Պարզվում է, որ վարորդն էլ է խորհրդավոր ու իմաստուն՝ ինչպես իր ավտոբուսի գույնը, և սիրում է մեղմ ձայնով զրուցել ուղևորների հետ…

-Պապի՛կ ջան, կարևորն այն է, որ հիմա մի ուրիշ հեղափոխություն էլ անենք, բայց արդեն ինքներս մեր ներսում, ա՜յ այստեղ՝ սրտում։ Այ, օրինակ, քո ավտոբուս քանի՜ հարյուր մարդ է բարձրանում, նրանցից քանի՞սն են քեզ բարևում, քանի՞սն են իջնելիս շնորհակալություն ասում։ Ջերմությունն ու սերն են պակասում, ջերմագին հեղափոխությունը…

-Դե՜, մարդիկ կան, որ բարևում են, տղա՛ ջան, չէ, չէ, հաստատ, թեկուզ՝ քիչ, բայց կան։ Կարևորն այն է, որ ժպտացող մարդիկ էլ կան։ Հաղթանակից հետո մեր կամքն առավել ուժեղ է, մնում է՝ սկսենք ինքներս մեր հոգուց ու սրտից, ճիշտ ես, տղա՛ս: Վստահ եմ, ամեն բան կփոխվի, միայն հոգով ցանկանալ է պետք։ Կգա այդ օրը, երբ իմ ավտոբուս բարձրացող յուրաքանչյուր մարդ՝ մեծից փոքր, կբարևեն ինձ ու շնորհակալություն հայտնել չեն մոռանա։ Դա կլինի ամենամեծ հաղթանակը։

Կանգառում ավտոբուսը կանգնեց, պապիկը ժպիտիս բարի ժպիտով պատասխանեց, ես իջա՝ ինձ հետ տանելով լսածս յուրաքանչյուր բառը, իսկ ավտոբուսը շարժվեց՝ իր հետ տանելով տասնյակ բարի սրտեր, որոնց կարիքն ունի հեղափոխությունը։

Մի բան երբեք չեմ մոռանա. անկախ ամեն բանից միշտ ժպտալ և ժպիտս կրկնապատկել՝ մանուշակագույն ավտոբուս բարձրանալիս։

Մինչ հեղափոխությունը անելու շատ բան կար, հեղափոխությունից հետո դա քառապատկվել է, հնգապատկվել։

-Շարժասանդուղքից օգտվելիս եղեք ուշադիր, առանձնակի ուշադրություն դարձրեք Ձեր անձնական իրերի նկատմամբ… բլահ, բլահ…

Ականջներումս հնչում են մետրոյում լսած այս խոսքերը. երանի դպրոցում հանձնարարած բոլոր անգիրներն այսպես լավ իմանայի… Իսկ ինչո՞ւ է այդ ձայնը միշտ նույնն ասում, չի՞ հոգնում, ի՞նչ է։ Գուցե տարօրինակ թվա, բայց այն ինձ համար գալիս է ինչ-որ հեռվից, ասենք, Հյուսիսային բևեռից, սառն է, ինչպես այն սառցի կտորները, որոնցով պատրաստված էր Ձյունե թագուհու տնակը։ Պարզապես ծակում է ականջներս ու թափանցում ուղեղս։ Չի՞ կարելի արդյոք այդ բառերի կույտին ավելացնել. «Խնդրում ենք՝ չմոռանաք ժպտալ» կամ «Ձեզ պայծառ օր» կամ «Մենք սիրում ենք Ձեզ» արտահայտությունները։ Պատկերացնո՞ւմ եք՝ հարյուրավոր մարդիկ դա լսելիս կժպտան։ Ու նրանցից յուրաքանչյուրի հոգում ծիլ կտան բարի, արդար, գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարն ու մղումը, միմյանց սիրելու ու լավ խոսքեր շշնջալու ցանկությունը։

Սպիտակ հեղափոխությունը չի լինում հենց այնպես՝ սպիտակ շապիկ հագնելով։ Երբ առավոտյան հագնեք ձեր սպիտակ շապիկները, վերցրեք նաև մի վրձին ու գեղեցիկ ներկեր։ Սպիտակով ներկեք ձեր հոգին, որպեսզի ամեն բան սկսեք նոր էջից, հետո սպիտակին ավելացրեք միայն գունավոր ու պայծառ երանգներ, որպեսզի երբեք բարությունն ու ժպիտը չլքեն ձեզ։ Երբ մեզանից յուրաքանչյուրը հեղափոխություն անի իր սրտում ու պաշտոնաթող անի կեղծիքը, չարությունը ու բոլոր արատները, Հայաստանը կդառնա ամենապայծառ, ջերմ ու բարի անկյունն աշխարհում։

Նայի՛ր պատուհանից դուրս, արևը ժպտում է քեզ։

anahit baghshetsyan

Ինչո՞ւ թավշյա

Մի քանի օր առաջ առաջին անգամ շաբաթվա մեջ գնացել էի դպրոց։ Երբ պատմության դասաժամն սկսեց, և ուսուցիչը մտավ դասարան, անհետացավ դասարանում տիրող աղմուկը։ Իրականում պատմության դասաժամերին աղմուկը մոռանում է իմ ու դասընկերներիս մասին։

Ընկեր Եղիազարյանը՝ մեր պատմության ուսուցիչը, ողջունեց մեզ, և խոսակցություն սկսվեց Թավշյա հեղափոխության մասին։ Ես հարցրի ուսուցչիս, թե ինչու է հեղափոխությունը կրում «թավշյա» անվանումը։ Վաղուց էի մտածում հարցի շուրջ, բայց պատասխանը չէի գտնում։ Ընկեր Եղիազարյանն ասաց, որ անվանումը կապված է 1989 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած շարժման հետ։ Հետո հարցրեց, թե նոյեմբերի 17-ը ինչ օր է։ Ես, իհարկե, մտածեցի, որ ծննդյանս հաջորդ օրն է ու հենց այդպես էլ ասացի։

Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է։ Հենց այդ օրը ուսանողները կազմակերպել էին խաղաղ ցույցեր Բրատիսլավայի կենտրոնում՝ փորձելով պայքարել կոմունիստական իշխանության միակուսակցական կառավարության դեմ։ Որոշ ժամանակ անց ցուցարարներին են միացել նաև տարեցները, դերասաններ և բազում բնակիչներ՝ բարձր վանկարկումներով ու հեղափոխական պաստառներով (մեջբերվածից մի մասը կարդացել էի համացանցում): Ընկեր Եղիազարյանն ասաց նաև, որ հեղափոխությունից հետո Չեխոսլովակիայում տարածված երևույթ է դարձել կոռուպցիան, ուստի 1989 թվականի հեղափոխությունը մասամբ հակահեղափոխություն է եղել։

Այդուհանդերձ ուսուցիչս նշեց, որ ոչ միայն հայոց պատմության, այլև համաշխարհային պատմության էջերում այս հեղափոխությունը չտեսնված է, քանի որ ժողովուրդն անում է չտեսնվածը՝ հեղափոխություն առանց զոհերի։

Սիրում եմ քեզ, ի՛մ հայ ժողովուրդ։

meri antonyan

Վստահե՞լ… քե՞զ…

Լրիվ պատահաբար ինչ-որ մարդիկ, առանց հրավիրելու կանգնում են դռանդ դիմաց, թակում դուռդ ու ներս խցկվում տուն՝ քո կյանք։

Քեզ փորձում են համոզել վստահել իրենց, հավատացնում, որ իրենք նման չեն մյուսներին, նեղանում են համեմատությունների համար, ասում. «Դու մեզ ուրիշների հետ մի համեմատի, մենք ուրիշ չենք», անիրավացիորեն մատնացույց են անում կոպտությունդ, գուցե չուզելով ու չհասկանալով, բայց՝ վիրավորում են։ Օրերով, ամիսներով բացատրում, համոզում են, որ դու կարող ես ու պետք է օգնության կանչես իրենց, եթե անհրաժեշտությունը լինի, և որ իրենք, գետնի տակից էլ լինի, կհայտնվեն կողքիդ ու անպայման կօգնեն։ Իրենք էլ դեռ հստակ չգիտեն, թե ոնց, բայց անպայման մի բան կանեն ու կօգնեն…

Լսում ես իրենց փաստարկները, համոզիչ, երկարաշունչ ճառերը, մտքումդ փորձում վերհիշել, թե ի՞նչ պատահեց, ո՞նց եղավ, որ քեզ մի քանի տարի ծանրութեթև անելով բարև տվողները հանկարծ մի օր որոշեցին, որ բարևից հետո պիտի հարցնեն նաև «ո՞նց ես»։ Ուզում ես հասկանալ, թե ոնց ստացվեց, որ արդեն իբր անհանգստանում են քեզ համար, ուզում են՝ ժամանակին հաց ուտես, քնես, տաք հագնվես՝ քեզ լավ նայես։ Իրենց հանկարծահաս հոգատարությունը չես հասկանում, չես հասկանում՝ ոնց վաստակեցիր իրենց ուշադրությունը։ Իսկ իրենք էլ չեն բացատրում, ասում են՝ ուղղակի վստահիր ու կտեսնես, որ ամեն ինչ լավ կլինի։

Մեկ ասում ես՝ հավատաս, մեծ դժբախտություն չի լինի, մեկ էլ տեսար՝ իրոք վստահելի մարդիկ կան դեռ, իրոք խաբելը բոլորի հիվանդությունը չէ, մեկ էլ տեսար՝ էլ մենակ չես լինի։ Սրտանց ուզում ես քեզ շրջապատող սառնության կլոր սֆերայի մեջ մի փոքր անցք բացել, որ էդ մարդիկ անցնեն ու քեզ մի քիչ մոտ գան, ասում ես՝ փորձենք, գուցե և իրոք լավ լինի։ Մեկ էլ հետ ես կանգնում մտքերիցդ, մի բան հուշում է, որ մարդկության ամբողջ փորձն ու քո կյանքի մի քսան տարվա փորձը իզուր լինել չի կարող, որ եթե քսան տարին քեզ համոզել է, որ անշահախնդիր հոգատար մարդիկ չեն լինում, ուրեմն իսկապես չեն լինում, հո ամբողջ կյանքդ չե՞ս սխալվել։

Չէ՜, չես սխալվել… Մի անգամ էլ ես համոզվում, երբ որ հիմարաբար որոշում ես, որ դու անիմաստ ես էդքան սառը ու կասկածամիտ։ Երբ որ քո բերանից պատահաբար թռչում է. «Հա՛, ես ձեզ վստահում եմ ու ձեր օգնության կարիքն ունեմ», ու ամեն ինչ նույն վայրկյանին էլ ցնդում է։ Հաջորդ ակնթարթին էդ մարդկանց արդեն էլ չես գտնում կողքիդ, էլ չեն արձագանքում կանչերիդ ու զանգերիդ, երբ իրենց կարիքը շատ ես զգում։ Հասկանում ես, տեսնում ես, որ մարդիկ զբաղված են, իրենք այլևս մենակ չեն ու քեզնով անհանգստացել են իրենց պարապ ու մենակ եղած ժամանակ։

Իսկ դու դա գիտեիր, դու գիտեի՛ր, ու մեկը լիներ՝ հարցներ. «Ինչո՞ւ որոշեցիր իմացածդ մոռանալ ու անտեսել, դու դեռ երբեք քո նկատմամբ էդքան անփույթ չէիր եղել»։ Դու դա էնքա՜ն հստակ գիտեիր, դու դա գիտեիր անկասկած, ու իրենք էլ գիտեին, որ դու գիտես։ Դու, որ միշտ ամենայն բծախնդրորեն ես վերաբերվել քեզ առնչվող բոլոր հարցերին, հիմա ի՜նչ մի թուլություն ցուցաբերելու ժամանակ գտար։

Իսկ հիմա դու էլի քայլում ես փողոցով մենակ, ինչպես որ առաջ էր, ինչպես որ եղել է միշտ…

Չէ՜, չվստահե՛լ։

mariam tonoyan

Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի

Սիրում եմ ժամերով նստել պատշգամբում, նայել անցուդարձ անող մարդկանց, մայր մտնող արևին, մթնող երկնքին, հանկարծակի սկսվող քամուց տարուբերվող ծառերի ճյուղերին ու մտածել, որ կյանքում դադար գոյություն չունի, ամեն ինչ շարժման մեջ է, իսկ ժամանակի ընթացքում այդ շարժումները ծնում են ժողովուրդներ ու պատմություն։

Երբ գրառում էի հորս պատմությունները պատերազմի մասին, նա ինձ միշտ հիշեցնում էր, որ պատերազմում ու թիմային ցանկացած գործում պետք է առաջնորդվել «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» կարգախոսով, որը գործնականորեն ապացուցվեց նաև այս մեկ ամսվա ընթացքում։ Մարդիկ համախմբվեցին՝ կանխատեսելով հասունացող վտանգը, համախմբվեցին մեկի շուրջ՝ գիտակցելով, որ այդ մեկը գործում է իրենց, բոլորի համար։ Յուրաքանչյուրս այս օրերին իմացանք ավելին, քան կիմանայինք՝ կարդալով պատմության գրքեր, ուսումնասիրելով հայի ազգային բնութագիրը։ Յուրաքանչյուրս հասկացանք, թե ով ենք մենք, ով է հայը, հասկացանք, որ միայն յան-ով ազգանուն ունենալը ոչինչ է հայ դառնալու համար, և որ յուրաքանչյուրս՝ անկախ հայրենասիրությունից, օրհասական պահերին բռունցքվում ենք, հաղթում, հաղթահարում ցանկացած դժվարություն։
Զգացածս բառերով արտահայտելու համար բառերը միջակ են։ Երբ տեսնում ես երջանկության արցունքներ հայի աչքերում, ակամա փշաքաղվում ես, տեսարանը դիպչում է զգացմունքներիդ նուրբ լարերին, ու հասկանում ես, որ հայն էլ կարող է երջանիկ լինել, կարող է մի պահ մոռանալ դժգոհությունները, ամեն գարուն մեզ կեղեքող հուշերը ցեղասպանության զոհերի մասին, կարող է ժպիտով վայելել ծաղկած գարունը։ Ու արդեն քանի՜ գարուններ տեսած Վրանուհի տատիկի հիացմունքով լցված աչքերում կարողանում ես կարդալ հպարտությունը, հույսը գալիքի նկատմամբ, անկոտրում ոգին, որը դեռ չի լքել նրան և դեռ ավելին՝ գարնան հետ փթթում է, շատանում, փոխանցում մեզ։ Կարո՞ղ ես անտարբեր մնալ իրավիճակից անտեղյակ այն փոքրիկ երեխաների հանդեպ, ովքեր փողոցում հանգիստ նստած խաղում են մեքենաներով՝ փակելով ճանապարհները ցուցարարներին աջակցելու համար, կամ ինչպե՞ս չհուզվել, երբ ծանոթ-անծանոթ մի ընտանիք են դարձել, բաց ձեռքերով սեր ու համերաշխություն են քարոզում ու հաղթանակ վայելում։ Մի՞թե սա չէ հայրենասիրությունը և կա մի հայ, ով հայրենասեր չէ։
Մայիսը հայերի համար հաղթանակի ամիս է, բայց սա լոկ հաղթանակ չէր, սա մի ամբողջ հանրագիտարան էր քրիստոնյա հայ ազգի միասնության մասին, որն ապացուցեց, որ նույնիկ հեղափոխության ժամանակ, զենքի փոխարեն ծառայող սերը հաղթում է։
Մտածում էի՝ ո՞ւմ են պետք հարյուրավոր պատմության գրքերը (որոնց այնքան թերահավատորեն էի մոտենում), երբ ինքդ ներկայում նման միասնության ականատես չես լինում։ Այժմ ես հպարտ եմ իմ ծագմամբ ու հավատում եմ բոլոր գրքերին, որոնք կարդացել եմ դպրոցում, հավատում եմ ժողովրդիս ուժին, որ միասնությամբ դրդեց աշխարհասփյուռ հայերին գալու և միանալու պայքարին, հավատում, որ հայի այս քայլը ոգեշնչեց ոչ միայն հայերին, այլև օրինակ ծառայեց այլ ազգերի համար, ու չնայած որ քարտեզների վրա ընդամենը մի կետով ենք պատկերվում, այնուամենայնիվ ճանաչվեցինք աշխարհում որպես եվրոպական քաղաքակրթությամբ ասիական երկիր:

Ես հավատում եմ նաև երկրիս լուսավոր ապագային, որ հենց մեր ձեռքում է, հավատում եմ հայի արդարադատությանը, և որ երբեք պետք չէ կորցնել հարգանքը մարդու հանդեպ՝ նրա ունեցած քաղաքական հայացքներից ելնելով: Հավատում եմ, որ այսուհետ համագործակցելու ենք երկրի կառավարիչների հետ՝ բոլորս՝ մեկի, մեկը՝ բոլորիս համար սկզբունքին հետևելով։