Իմ էջը խորագրի արխիվներ

milena araqelyan

Նրա մեկ ժպիտը կյանք է

Մեր տանը ապրում է մի նոր մոլորակ, ում անունն Ամելի է: Այո, իմ 5 ամսեկան քույրիկը մեր նոր  «Երկիրն» է: Նա շրջապատված է երեք մայրիկներով` ես, ավագ քույրս և մեր երեքի մայրիկը այդ մոլորակի մայրիկներն ենք: Ինչ-որ բան չհիշեցի՞ք: Ինչպես «Մայրիկ» ֆիլմում Ազատը ուներ երեք մայրիկներ՝ Աննան, Գայանեն և Արաքսին, այնպես էլ մեր ընտանիքում մենք երեքս Ամելիի մայրիկներն ենք: Հերիք է մի փոքր անհանգիստ ձայն, և մենք կհասնենք նրա մահճակալի մոտ: Նրա մեկ ժպիտը, փայլող աչքերը մեր տրամադրությունը կարող են 0-ից անսահմանություն հասցնել: 

Ամելիին լողացնելը մի արարողություն է, կերակրելը մի ուրիշ տոն է, իսկ քնելը նրա միջնեկ մայրիկի պարտականությունն է, որը վերածվում է մի գեղեցիկ երաժշտական տոնակատարության, քանի որ մեր մոլորակը գիշերը քնում է բավականին ուշ: Անցնելով ձեռքից ձեռք և ի վերջո իր մահճակալ, երևի մտածում է. «Մայրիկ, Սրբուհի ու Միլենա, սիրո երրորդություն, իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց, իրենց անկողիններում նստած, անքուն, համբերությամբ սպասում են, որ իմ քունը տանի»:

Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե իր ծնունդով քույրս ինչքան լույս է բերել մեր տուն: Բոլորս ապրում ենք նրա ժպիտով, լացով, ամեն մի նոր շարժումով, դեմքի ամեն մի նոր արտահայտությամբ: Հա, չմոռանամ ասել, որ նրա անունը ես ու հայրիկս ենք դրել: Քույրս ու մայրս ուրիշ անուն էին մտածել, բայց մենք հաղթեցինք: Կցանկանամ, որ բոլոր ընտանիքներում լինի այն սիրուն անհանգստությունը, այն սիրուն անքնությունը ու վերջապես այն ամենասիրուն լուսավորությունը, որը մեզ փոխանցում է մեր փոքրիկ, բայց միաժամանակ մեր սրտերում մի ամբողջ տիեզերք զբաղեցնող մոլորակը:

mariam tonoyan

Օգտակար զրույց

-Ներս արի՛, ցուրտ է,- ասաց մայրս՝ դուրս գալով պատշգամբ:

-Մա՛մ, պատահաբար չգիտե՞ս, թե ինչ ախտորոշում են տալիս այն մարդուն, ով չի մրսում, չնայած պետք է մրսի:

-Սկսեցիր դատարկաբանե՞լ:

-Այ, օրինակ, երբ մենակ եմ կամ ինչ-որ բանի մասին եմ երկար մտածում, դրսում ես երբեք չեմ մրսում: Իմ ախտորոշմամբ, սա երևի անզգայացում է, ինչը որքան տհաճ, նույնքան էլ հաճելի է: Իսկ երբ դու իմ տարիքում էիր, քեզ հետ նման բան պատահե՞լ է:

-Ես քեզ պես երազկոտ ու ճարտարախոս չեմ եղել: Ոչ էլ՝ ժամերով, ձմեռվա կեսին բնության հրաշքիդ` մայրամուտին սպասել: Իսկ դու ցրտից ես անզգայացել: Ներս անցի՛ր,- ասաց մայրս, այժմ՝ խիստ ձայնով:

Ստիպված էի տեղի տալ:

-Գիտեմ, թե ինչու ես խիստ մեզ հետ: Դաստիարակման մեթոդ է, չէ՞,- չարաճճի ժպիտով շարունակեցի ես, երբ արդեն նստած էի տաք վառարանի կողքին ու վայելում էի նրանից դուրս թռչող հրե լեզվակների վառվռուն կարմիրները։

-Հը՞, մա՛մ, լռո՞ւմ ես:

-Իսկ ի՞նչ է, մարդուն մտածելու համար ժամանակ պետք չէ՞:

Լռեցի ու հոնքերս կիտած սկսեցի փորձել մտածել ինչ-որ բանի մասին:

-Երազանք ունենալը կարևո՞ր է,-քիչ անց սկսեցի ես:

-Երազանքը կարևոր է, երբ իրատեսական է, երբ պահանջում է աշխատասիրություն, այլ ոչ թե դատարկ անուրջներ: Եթե նստես ու երկար երազես, դրանից ոչինչ դուրս չի գա: Ավելի ճիշտ է՝ քայլեր մշակել երազանքին հասնելու համար: Ենթադրենք, ես ուզում եմ աշխատանք ունենալ որևէ ձեռնարկությունում: Եթե ես շարունակ երազեմ, արդյունքում ինձ միայն երազներ կմնան, իսկ եթե տեղեկություններ հավաքեմ ձեռնարկության մասին, փորձեմ հարմարվել աշխատանքային կանոններին, դիմեմ ձեռնարկատիրոջը աշխատանքի ընդունման համար՝ արդյունքն ակնհայտ կլինի:

-Ճիշտ է, գիտե՞ս, Էյնշտեյնը դպրոցում շատ վատ էր սովորում, բայց իր աշխատասիրության արդյունքում դարձավ հայտնի ֆիզիկոս:

-Նման մարդիկ շատ են: Աճպարար Թյորսթոնը, ով ոչ մի մոգական գիրք չէր ընթերցել, երկար տարիներ համարվում էր լավագույն աճպարարը: Աբրահամ Լինկոլնը, ով ուսում չէր ստացել, աշխատում էր նպարեղենի խանութում ու շատ աղքատ էր, մի օր 50 ցենտով գնված տակառի միջից գտնում է իրավաբանական գրքեր, դրանք ուսումնասիրելով, Սպիտակ տուն հասնում:

-Այդ դեպքում՝ դեռ հույս կա,- փայլող աչքերով հայտարարեցի ես:

-Գերմանիայում սովորելու մասի՞ն ես ակնարկում:

Գլխահակ սկսեցի մտածել: Փաստորեն երազանքիս հասնելու համար ոչ մի արգելք խոչընդոտ չի դառնա. ո՛չ ֆինանսական վիճակը, ո՛չ մարդիկ, ո՛չ կարծրատիպերը… Սակայն դեռ պետք է աշխատեմ վերացնել երազկոտությունս, իսկ հետո միայն մտածեմ այն բոլոր քայլերի մասին, որոնք հնարավոր կդարձնեն Գերմանիա հասնելու երազանքս:

Մանկությանս ամսագիրը՝ «Լոլո»

Փորփրում էի պահարանի դարակները: Գտա «Խաբարբզիկները», «Ռեանիմանիայի» գրքույկը, «Ուրախ գնացքը» և հանկարծ աչքովս ընկան «Լոլոները»:

«Լոլոն» իմ մանկության ամսագիրն էր: Ես այն կարդում էի, երբ 7 տարեկան էի: Բացեցի ամսագրերը, և շատ հիշողություններ արթնացան: Տեսա այն ճանապարհորդական պատմությունները, որոնք ես մեծ հաճայքով կարդում էի և ուզում էի, որ ես էլ Լոլոյի (ամսագրի գլխավոր հերոսի) նման ճանապարհորդեի, նաև Լոլոյի մասին կոմիքսները, Նարեկի, Վահեի, Նարեի կոմիքսները՝ նրանց արկածների մասին, որոնք այդպես էլ անավարտ մնացին, և ես չիմացա, թե ինչ եղավ վերջում: Հիշում եմ, որ մի ժամանակ ես ուզում էի լինել Նարեի տեղը և Նարեկի ու Վահեի հետ արկածների մեջ ընկնել:

Տեսա հայտնի մարդկանց մասին պատմությունները, որոնք կարդալով հասկացել էի, որ նրանք էլ մի ժամանակ մեր պես սովորական մարդիկ են եղել: Ամենաշատը ես սիրում էի Մոցարտի մանկության մասին զվարճալի պատմությունները:

Որոշ էջեր կտրել էի և օգտագործել: Ես բացել էի պահարանը կոլաժի համար նյութեր գտնելու համար: Այս անգամ հետևում էի, որ իմ սիրած էջերը չկտրեմ: Չկտրեցի իմ սիրած պատմությունների նկարները, անգլերեն դասերի էջերը, կոմիքսները:

«Լոլոյում» պատմվում էր այն ժամանակվա նոր ֆիլմերի, մուլտֆիլմերի մասին: Հիշում եմ, որ առաջին անգամ «Կարիբյան ծովի ծովահենների» մասին իմացա «Լոլոյից»:

Մի անգամ ես նկարել էի Լոլոյին և նամակ գրել:

«Լոլոյի» տարեդարձին նվիրված համարը իմ սիրած համարներից էր: Այնտեղ ես կարդացի հայտնի գյուտերի մասին: Դրանցից ամենաշատը ես հավանում էի հեռախոսի գյուտի պատմությունը:

«Լոլոյում» նաև կային «Իմ տատիկ Թամթիմարին», «Կաղանդ պապը», «Երբ մտքերը սառչում են օդում» և այլ պատմություններ: Դրանցից ամենաշատը սիրում էի «Երբ մտքեր սառչում են օդում»-ը:

Մի քանի տարի անց «Լոլոն» էլ չէր տպագրվում: Մենք պահեցինք այդ ամսագրերը, և դրանք մինչև հիմա դրված են պահարանում՝ իրենց հիշողություններով:

hovik vanyan

Ծուլությունս հաղթեց ինձ

Դեռ հոկտեմբերին էր, երբ առաջին նյութս ուղարկեցի 17.am-ին: Կարելի է ասել, որ դա 2016թ.-ի իմ առաջին ու վերջին նյութն էր:

Երկու ամիս կլինի, ինչ չեմ գրում 17.am-ին: Հիմա ինքս ինձ վրա զայրանում եմ ու չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ չէի գրում, ինչո՞ւ էի ծուլանում, չէ որ այնքան ոգեշնչված էի, որ արդեն 17-ի թղթակից եմ ու շուրջս կատարվող ամեն ինչից փորձում էի նյութ քաղել: Որտեղ էլ լինում էի, եթե մի բան էր պատահում, որը հետաքրքիր կլիներ նյութ գրելու համար, սկսում էի մտքիս մեջ շարադրել, ու լավ էլ ստացվում էր: Բայց հետո… Հետո` չեմ կարող ասել, թե ալարում էի գրել, բայց ինչ-որ բան խանգարում էր, միգուցե ինձ համարում էի շատ զբաղված ու չէի հասցնում գրել, կամ գուցե ֆեյսբուքն ու այլ սոցիալական կայքերն էին ինձ խանգարում… Չգիտեմ, չի տեղավորվում գլխիս մեջ, թե ոնց ծուլությունը հաղթեց ինձ, ու ես մատնվեցի անգործության…

Լավ, ինչևէ… Որոշեցի սա գրել, որպեսզի ինձ ավելի պատասխանատու զգամ ու սրանից հետո միշտ հետաքրքիր նյութերով հանդես գամ…

Խմբագրության կողմից. Ողջունում ենք որոշումդ, հուսանք այսուհետ բազմաթիվ թղթակցություններով հանդես կգաս 17-ում:

 

Ani Ghulinyan

Հոգվարթսից նամակի սպասելիս

Հարրի Փոթերի սիրահարների առաջնային երազանքն է՝ մի օր դռան անցքից նամակ ստանալ անձամբ Ալբուս Դամբլդորի կնիքով կնքված, Շեղ Նրբանցքից գնել սեփական փայտիկը, գրքերն ու կենդանին, և 9¾ կառամատույցով հայտնվել «Հոգվարթս Էքսպրես» գնացքում: Թեև մոգության և կախարդության այս դպրոցի գոյությունը նույնքան հավանական է, որքան այն, որ ես Գրիֆինդորի ուսանող եմ, բայց աշխարհի բոլոր ծայրերում գտնվող մարդկանց հաճելի է մտածել, որ ինչ որ տեղ, բոլորի աչքից հեռու, ապագա հրաշագործներ ու հրաշագործուհիներ են սովորում:
Ջոան Ռոուլինգը` Հարի Փոթերի և նրա արկածների մասին պատմող վիպաշարի հեղինակը, միակ գրողն է, ով իր ամբողջ հարստությունը ձեռք է բերել միայն իր վեպերի շնորհիվ: Իսկ ո՞րն է Հարրի Փոթերի հանրաճանաչության գաղտնիքը, և ինչո՞ւ այսքան շատ երկրպագուներ ունի աշխարհում:
Նախ և առաջ, գրքի բոլոր հերոսներն ունեն կենսագրություն, նրանք նույնքան իրական են որքան ես և դուք: Հեղինակը գրքում և դրանից դուրս տրվող հարցազրույցներում տալիս է նրանց հոգեբանական ու արտաքին հստակ պատկերը: Պարզ է, որ եթե հեղինակը Ռոուլինգն է, ապա նա պետք է կերտի իր հերոսներին, բայց այս գրքում ամեն բան փոքր ինչ այլ է: Կարծես ոչ թե հեղինակը, այլ հերոսներն են ձևավորում իրենց կերպարը և ազատ են՝  կատարելիք գործողությունների մեջ: Մյուս կողմից էլ՝ գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը գրեթե ոչնչով չեն զիջում գրքերին: Ճիշտ ընտրված ու մարդկանց կողմից սիրված դերասանները, բնորոշ հագուստները, Հոգվարթսի տեսքը և մնացյալը պարզապես իրենց են քաշում դիտողներին:
Նախորդ տարի Հարրի Փոթերի մասին այլ ֆիլմ էին նկարել, ուրիշ դերասաններով: Հատկանշական է այն, որ գլխավոր հերոսներից Հերմիոնե Գրենջերին սևամորթ աղջիկ էր մարմնավորում: Երկրպագուներին սա դուր չեկավ, որովհետև թեև Ռոուլինգը գրքում երբեք չի նշել, որ Հերմիոնեն պետք է պարտադիր սպիտակամորթ լինի, մարդկանց մոտ այնպես է արմատացել Էմմա Ուոթսոնի կերտած դերը, որ ուրիշին այդ դերում պատկերացնել չի լինում:
Ես էլ կցանկանայի մի օր Հոգվարթսից նամակ ստանալ, Ռեմուսի մոտ մթին արվեստների դեմ պաշտպանություն սովորել, Սնեյփի մոտ` դեղաթուրմերի մասին գիտություն, կուզեի, որ ինձ էլ ուսմանս ապագա վայրը ուղղորդող գլխարկ լիներ, կուզեի Քվիդիչում խաղալ դարպասապահի դիրքում ու արգելված բաժնի գրադարանից օգտվել: Բայց բախտս մի այլ կարգի չի բերել: Բրիտանացի չեմ, 11 տարեկանս վաղուց է անցել, օձերի հետ էլ կարողանայի էլ՝ չէի խոսի:

lilit khlghatyan portret

Արև Արեգը

Երկու տարի առաջ մեր ընտանիքը այլ երջանկությամբ լցվեց: Ծնվեց երկրորդ եղբայրս` Արեգը: Նա իր անվան պես պայծառ է և լուսավոր: Արդեն երկու տարի, անգամ մեկ վայրկյան չենք պատկերացնում առանց Արեգի: Եղբայրս ամեն ինչով էլ հետաքրքիր է:

Դե, երբ սկսեց արտասանել իր առաջին բառերը, նա ասաց նաև «ավտո» բառը: Հա-հա, մի զարմացեք, նա մեքենաների համար գժվում է: Բավական է նրան նվիրենք մի խաղալիք մեքենա, ժամերով կառանձնանա ու կխաղա` առանց չարություն անելու:

Դե, ոնց կասի քեռիս.

-Իսկական տղա ա, է~:

Գիտե՞ք, ինչն է հետաքրքիր, որ յուրաքանչյուրիս անունը իր ձևով է արտասանում:

Քրոջս անունը Սոֆի է, բայց եղբայրս նրան ֆու-ֆա է ասում: Ծիծաղելի է, չէ՞: Չգիտեմ`Սոֆին և ֆու-ֆան իրար հետ ինչ կապ ունեն, բայց նա այդպես է ասում:

Մեկ-մեկ Սոֆիի նյարդերի հետ խաղալու համար, մենք էլ ենք նրան այդպես անվանում: Մի լավ ծիծաղում ենք, հետո լրջանում:

Դե, ինձ էլ մինչև հիմա Իլիթ է ասում` լ-տառր չի կարողանում արտասանել:

Ու գիտեք, ես մտածում եմ, թե երեխաները առանձին այբուբեն ունեն մինչև մեր լեզվով խոսելը:

Երևի յուրաքանչյուր երեխա իր հասակակիցներին հասկանում է, հենց այդ «իրենց» լեզվով: Ուրեմն, այդ լեզվին տիրապետել ենք նաև մենք:

Ինձ համար յուրաքանչյուր երեխա չբացահայտված հանելուկ է, իր առանձին լեզվով և տարբերվող պահվածքով:

Գիտեք, չէ՞, մեկ-մեկ էլ մտածում եմ. երեխեքին այդքան էներգիա որտեղի՞ց: Անդադար շարժման մեջ են, ու էլի չեն հոգնում: Քնելն էլ լացելով է լինում, որովհետև չեն սիրում քնել: Էհ քնեն՝ ի՞նչ անեն: Մենք ենք, որ ամեն ինչ կտանք կես ժամ ավել քնելու համար: Լավ, չշեղվեմ:

Մինչ ես գրում էի երեխաների մասին, եղբայրս` Արեգը, իրեն դրել էր մեքենայի տեղ, ու «վու-վու» անելով, վազում էր մի սենյակից մյուսը: Տատս ասում է.

-Այ, Արեգ ջան, ոչ մի րոպե հանգիստ չես նստում: Էլ որտեղի՞ց չաղանաս:

Այդպիսին են աշխարհի ամենաանմեղ արարածները` երեխաները:

Ամփոփում ենք

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

-Իսկ եթե էս տարի տոնածառ չդնե՞նք,- ասաց մայրիկս, երբ մտա սենյակ: 

-Բայց ինչի՞,- զարմացած հարցրեցի ես:

-Դե, բա էլ ե՞րբ եք դնելու, արդեն դեկտեմբերի 30-ն ա: Քիչ հետո խանութ ենք գնալու, կարելի ա էդ մեր մեծի փոխարեն մի հատ փոքրն առնել:

-Է~,- միանգամից դժգոհությունս հայտնեցի ես,- չէ, ես համաձայն չեմ: Ես եմ դնելու, կդնեմ մերը, բայց վաղը:
Վերջերս, ինքս ինձ համար ավանդույթ եմ դարձրել` տոնածառը միշտ դեկտեմբերի 31-ին եմ դնում, ինքս էլ չգիտեմ, թե ինչու:

-Լավ,- ժպտաց մայրիկս,- խանութ կգա՞ս մեզ հետ:

-Հա, իհարկե,- ուրախ համաձայնեցի ես ու գնացի պատրաստվելու: Ես սիրում եմ ամանորյա անցուդարձը: Նախատոնական իրարանցումը ինչ-որ հետաքրքիր ու գրավիչ բան ունի իր մեջ: Բոլորի երկար ցուցակները, խառնված դեմքերն ու լիքը զամբյուղները և՛ նույնացնում են մարդկանց, և՛ մի քիչ վախեցնում, քանի որ թվում է, թե բոլորը պատրաստվում են աշխարհի վերջին կամ այլմոլորակայինների հարձակմանը: Խանութների փեղկերը գեղեցիկ զարդարված են, և դրանցով հիանալուն խանգարում են միայն դրանց շուրջը հավաքված մի խումբ սելֆի անողները: Սպիտակ հեքիաթ հիշեցնող փողոցով քայլում են մարդիկ, ովքեր քայլում են շտապելով, երևի իրենց տոլմայի ու բլինչիկի մասին մտածելով, և միայն երեխաների աչքերում կարելի է տեսնել մի արտասովոր փայլ, Ձմեռ պապիկի սպասում ու հրաշքի կատարման ակնկալիք:
Խանութում անասանելի շատ մարդ կա: Իրար հրմշտելով, իրար զամբյուղների մեջ նայելով ու փորձելով միմյանց չկորցնել, նրանք շարժվում են առաջ՝ դեպի մյուս բաժին: Խանութում հնչում է հաճելի ամանորյա երգ, որը, ցավոք, այդքան էլ չի համապատասխանում տիրող իրավիճակին: Գնումները կատարելուց հետո մենք կանգնեցինք «ծովից ծով» հերթերից մեկում: Հերթի սկիզբը չէր երևում, իսկ վերջն ավելանում էր ու ավելանում: Մեր դիմացը կանգնած էր մի երիտասարդ ընտանիք:
-Պա՛պ, հլը տես ի~նչ կոնֆետ ա,- լսվեց նրանց փոքրիկի ձայնը:
-Հա, բալես, տանն ունես սրանից, չէ՞,- հայրը ժպտաց, քանի որ հերթի երկու կողմից մարդիկ նայում էին իր տղային:
-Իմն ուրիշ ա, էս ավելի մեծ ա,- հիացած ասաց երեխան:
-Հետո սրանից էլ կառնենք քեզ,- ասաց հայրն, ու երեխան լռեց՝ շարունակելով նայել կոնֆետին:
Քիչ անց, երբ հերթը մի փոքր առաջ գնաց, նորից լսվեց արդեն բոլորիս ծանոթ ձայնը.
-Պա՛պ, տես ի~նչ կոնֆետ եմ գտել… Ընտի~ր:
-Սրանից էլ կառնենք քեզ, բալես: Էսօր չէ, հետո կառնենք:

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Երեխան նորից լռեց: Նա շարունակեց հիացած նայել շոկոլադին՝ կարծես նայում էր եգիպտական բուրգերին կամ մի այլ հրաշալիքի: Ինձ համար շատ ուրախալի էր, որ երեխան հոր խոսքերից հետո լաց չեղավ ու չպահանջեց գնել կոնֆետը, այլ համաձայնեց գնել այն հետո: Նրա հավանած ընտիր կոնֆետը ուներ շատ գեղեցիկ տուփ, երևի հենց դա էլ «ընտիրության» պատճառն էր: Հաճախ, այդպիսի կոնֆետներն այդքան էլ համեղ չեն լինում, չնայած, որ դրանց գները միջինից բարձր են լինում: Ես մտածում էի կոնֆետների մասին, քանի որ և՛ սխալ էի համարում գցել մեծ նոր տարվա սեղան, բայց չգնել կոնֆետ երեխայի համար, և՛ հասկանում էի ծնողների՝ այդպես վարվելու պատճառը: Մտքերով տարված՝ ինքս էլ չհհասկացա, թե ինչպես հասավ մեր հերթը: Շուտով դուրս եկանք խանութից ու վերադարձանք տուն:
Հաջորդ օրը ես անցա տոնածառը դնելու կարևոր գործին: Մեր 2 մետրանոց տոնածառը պետք է դնել զրոյից, քանի որ նրա ճյուղերն առանձին են, և պետք է դրանք հատ-հատ ամրացնել հատուկ ձողին: Ես դասավորեցի ճյուղերը, բերեցի ձողը և երբ ուզում էի այն կանգնեցնել, տեսա, որ պահող չորս տոտիկները տոնածառի տուփի մեջ չեն: Ես բոլորին հարցուփորձ անելով գնացի այն սենյակ, որտեղ մյուս եղանակներին «ապրում է» մեր տոնածառը: Երկար որոնումներից հետո ես գտա երկու տոտիկ, հետո՝ ևս մեկը, սակայն չորրորդն այդպես էլ չէր երևում:
-Գտա՞ր,- հարցրեց մայրիկը՝ ներս մտնելով:
-Մնաց մի հատը գտնեմ:
-Դե շատ ժամանակ մի՛ ծախսիր դրա վրա, կարելի ա տոնածառ չդնել:
-Չէ, պիտի դնենք,- ասացի ես, շարունակելով փնտրտուքներս: Ես շատ էի ուզում դնել այն: Տոնածառը Նոր տարվա ամենավառ սիմվոլներից մեկն է: Ամեն մի խաղալիք ունի իր պատմությունն ու հիշողությունը: Ամեն անգամ, երբ տոնածառի լույսերն եմ դնում, հիշում եմ, որ երբ զարմիկս 4 տարեկան էր, ասում էինք, որ երբ ասի՝ «Լույսե՛ր, վառվեք», դրանք կվառվեն, ու երբ ասի. «Լույսե՛ր, անջատվեք», դրանք կանջատվեն: Նա զգուշորեն մոտենում էր տոնածառին, հիացած նայում լույսերին ու հրամայում դրանց անջատվել: Մենք արագ անջատում էինք: Նրա դեմքին լայն ժպիտ էր հայտնվում, և նա հրամայում էր, որ լույսերը վառվեն: Մենք միացնում էինք լույսերն, ու նա ուրախ ծափ էր տալիս: Հիշում եմ այս պատմությունն, ու դեմքիս ժպիտ է գալիս:
Մի պահ ես հասկացա, որ չնայած 17 տարեկան եմ, միևնույն է, տոնածառը ինձ անհրաժեշտ է, որպեսզի զգամ ամանորյա տրամադրությունը լիարժեքորեն: Ես վերադարձա տոնածառի մոտ, որ ևս մեկ անգամ փնտրեմ տոտիկին՝ տոնածառի ու խաղալիքների տուփերի մեջ, երբ պապիկս ասաց.
-Հիմա մի բան կմտածենք, երեք ոտքն էլ լավ է:
Ես ժպտացի, ու մի քանի րոպեից պապիկը լուծում գտավ: Նա տոտիկին փոխարինող հենակ գտավ և տոնածառը ամուր կանգնեցրեց: Մենք սկսեցինք զարդարել այն: Ամեն մի խաղալիք կախելիս հիշում էի, թե ինչպես ենք գնել այն: Օրինակ, Ձմեռ պապիկին, ձնեմարդուկին ու պինգվինին, որ կարծես նստած են սառցե խորանարդի վրա, գնել ենք վերջերս: Մտանք խանութ, որ հագուստ նայենք, սակայն չդիմանալով խաղալիքների գեղեցկությանը, գնեցինք նրանց: Հիշում եմ նաև հայրիկիս տված մի խաղալիք, որին ես անչափ սիրում էի, սակայն, ցավոք, այն կոտրվել է: Խաղալիքը դեղնավուն գունդ էր, վրան՝ Սպիտակաձյունիկի ընկերները՝ յոթ թզուկները, որոնք տոնածառն էին զարդարում՝ միմյանց խաղալիքներ փոխանցելով: Ջերմ հիշողություններով լցված դրեցինք փայլերն, ու մնաց անցկացնել լույսերը: Ես որոշեցի ստուգել դրանք մինչ անցկացնելը: Միացրեցի ու տեսա, որ կապույտ գույնը լավ չի վառվում, սակայն դեղինը, կարմիրն ու կանաչը լավ աշխատում են: Ես տարա այն հայրիկիս մոտ, որ տեսնի ինչ խնդիր է: Մենք գտանք պոկված մասը: Ես օգնեցի, որ կպցնենք այն, և երբ վերջացրեցինք, ստուգելու համար միացրեցինք, բայց հիմա էլ աշխատում էր միայն դեղինը: Մենք կարծեցինք, որ սխալ ենք արել միացումը, բայց ես տեսա, որ լույսերը մի քանի տեղից պոկվել են: Ես մտածեցի, որ կարելի է ժամանակավոր անցկացնել միայն դեղին վառվող լույսերը, սակայն մինչ հասա տոնածառի մոտ, նրանք էլ որոշեցին միանալ իրենց ընկերներին և նույնպես դադարեցին աշխատել:
-Ստացվե՞ց,- հարցրեց մայրիկը, մոտենալով տոնածառին:
-Շա~տ լավ սարքեցինք,- ասացի ես, ու հայրիկի հետ ծիծաղեցինք:
-Արդեն կիսափչացած էին: Վաղն ուրիշ լույսեր կառնենք,- ասաց հայրիկս:
Հաջորդ օրը մենք նոր լույսեր գնեցինք: Այժմ դրանք փոխում են իրենց գույները, լուսավորում մութ սենյակն ու տալիս ինձ անսպառ ամանորյա տրամադրություն:

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Ես կցանկանամ, որ «Նոր տարի» ասելով մարդիկ մտածեն ոչ թե ուտելիքների, ծախսի, ցրտի, «ներկա» ստանալու համար հյուր գնալու մասին, այլ հիշեն, որ այս տոնը ընտանեկան է, լի ջերմությամբ ու գեղեցկությամբ: Եկե՛ք գոնե հաջորդ տարիներին դիմավորենք ու անցկացնենք Նոր տարին մանուկների պես մաքրությամբ, միամտությամբ, հավատով ու հույսով լի, անկեղծ սիրով ու բարությամբ: Եկե՛ք մենք էլ ամանորյա գիշերը պահենք երազանք ու հավատանք, որ այն անպայման կիրականանա, չէ՞ որ երբեմն երազանքներն իրականանալու հատկություն ունեն:

Տասը օր

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Ձմեռային արձակուրդներն ավարտվեցին: Իրականում տասը օրն էլ քիչ բան չի: Տասը օրում սովորություն է դառնում ամեն երեկո, կազմածդ ցուցակում՝ ֆիլմերի անվանումների դիմաց, «պլյուսներ» դնելը: Տասը օրվա ընթացքում վերջապես ձեռքդ ես վերցնում այն գիրքը, որ ամիսներ առաջ հանել էիր գրադարակից՝ հույսով, որ կհասցնես կարդալ: Տասը օրում սովորություն է դառնում մինչև ժամը տասը քնելն ու ամեն օր, պարտաճանաչ կերպով «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը հեռուստացույցի տարբեր ալիքներով վերանայելը: Տասը օրում սովորություն է դառնում ամեն առավոտ հյուրասենյակում տոնածառ տեսնելը:

-Ի՞նչ անենք, էրեխեք, չհավաքե՞նք տոնածառը:

Հախվերդյանի «Ձյուն»-ն ենք լսում… Հայրիկիս առաջարկն արձագանք չի ունենում: Տոնածառն արդեն մեր տան մի մասն է, որն ապահովում է մեր ջերմ ամանորյա տրամադրությունը: Տոնածառի խաղալիներից յուրաքանչյուրի վրա ամանորյա տրամադրության մի կաթիլ կա: Տոնածառի հեռանալուց հետո տնից հեռանում են տանը թևածող կապույտ երազներից պոկված վերջին արծաթե թիթեռնիկները: Իսկ նրանց հետ հեռանում է մեր քաղաքի երազկոտ կտուրներին իջած ճերմակ հանդարտությանը:

inesa soghoyan

Անցյալ տարվա հիշողություններից

Նոյեմբերի 25-ին մենք «Շահերի պաշտպանություն» դասընթացին էինք, երբ ընկեր Դաշտոյանը հայտարարեց, որ Գյումրիում պետք է լինի TEDx-ը:

TEDx-ը միջոցառում է, որի ժամանակ հավաքվում են տարբեր մարդիկ՝ տարածաշրջանների խոսնակներ, որոնք կիսվում են իրենց ձեռքբերումներով, խորհուրդներ են տալիս, պատմում են պատմություններ:
Ինչպես շատերը գիտեն՝ 2016 թվականին Գյումրին երիտասարդական մայրաքաղաքն էր:
Նոյեմբերի 26-ին 13 հոգով ճանապարհ ընկանք դեպի Գյումրի: Ճանապարհի վրա ծախսեցինք մոտ 3 ժամ, սակայն այդ ժամանակը անցավ ակնթարթի պես, հետաքրքիր խաղերի շնորհիվ: Սկզբում բոլորս ամաչում էինք խոսել իրար հետ, մոտ մեկ ժամ անցնելուց հետո սկսեցինք խոսել:
Հասանք Գյումրի, հանդիպեցինք Գավառ տարածաշրջանի խոսնակին և ծանոթացանք մյուս խոսնակների հետ, որոնք կիսվեցին իրենց փորձով: Պատմեցին շատ պատմություններ դպրոցի, մրցույթների ժամանակ տեղի ունեցած միջադեպերի, ընթերցանություն, ռիսկի դիմելու, գյուղի, զգացմունքների մասին:
Գյումրիից վերադառնալիս բոլորս արդեն ծանոթ էինք, ժամանակն անցավ շատ ուրախ, նույնիսկ այնքան, որ չէինք ուզում տուն հասնել:
TEDx-ը իմ կյանքում շատ բան փոխեց. սկսեցի ազատ արտահայտվել, լինել համարձակ, բացի այդ՝ ձեռք բերեցի հիանալի ընկերներ:

arman arshak

Տարեվերջյան հաշվետվություն

-Արմ, ընկեր Աֆյանը կանչում ա,-ինչպես արդեն կռահեցիք, պատուհանից դուրս նայելով երազում էի, ու էլի խանգարեցին․․․

Գնացի ընկեր Աֆյանի սենյակ վստահ, որ էլի կազմակերպչական աշխատանքների հետ կապված բան պիտի ասի: Այդպես էլ եղավ. «Գրել տարեվերջյան հաշվետվություն, ինչ է արել աշակերտական խորհուրդը սեպտեմբերից մինչև դեկտեմբեր»։ Եկա դասարան ու փորձեցի հիշել` ինչ է արել աշակերտական խորհուրդը, մտածեցի ու հասկացա, որ «հաշվետվություն» ասվածը չափազանց լավ է: Ինչ լավ կլիներ, եթե յուրաքանչյուրս ամեն տարեվերջ հաշվետվություն ներկայացնեինք ինքներս մեզ։

Իմ հաշվետվությունը չափազանց երկար է. ձեռքբերումներ, կատարած աշխատանքներ ու իրականացված նախագծեր։ Անձնային հաշվետվության լավագույն ենթաբաժինը ձեռքբերումներն են, ձեռքբերումներ, որոնք այսօր իմ կողքին են ընկերների տեսքով, ձեռքբերումներ, որոնք թույլ են տալիս ինձ զգալ 2015-ի ու 2016-ի տարբերությունը, և վերջապես գլխավոր ձեռքբերումներից մեկը, որը հնարավորություն է տալիս այսօր ազատ գրելու՝ «Մանանա» ու 17.am, որոնք երբեք չեն հեռանա ձեռքբերումներիս ցուցակից, տարեվերջյան ձեռքբերումներ, որոնք ուղեկից են լինելու ողջ ընթացքում՝ «Հայ մարզային երիտասարդներ», «Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն»․․․

Կփակենք 2016-ի գիրքը`այնտեղ թողնելով շատ ու շատ բազմակետեր, իսկ նրանց, ովքեր կարդում են այս հոդվածը, կցանկանամ ջանք ու եռանդ չխնայել այդ բազմակետերը իրենց նպատակին հասցնելու․․․