Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

ANush Hovhannisyan

Միամիտ խորհուրդը

Երեկ երեկոյան հյուրեր ունեինք. սովորությանս համաձայն գնացի և նստեցի մեծերի հետ, չնայած ինձ հասակակից ոչ ոք չկար: Խոսում էին ամեն ինչից` մեկ երիտասարդությունից, մեկ` մեր դպրոցներից, մեկ էլ սկսեցին դժգոհել աշխատավարձից: Այդ ամենը սկսեց տատիկս, իսկ թե ինչու նա որոշեց բացել այդ թեման, ես այդպես էլ չհասկացա: Մայրիկիս ընկերուհուն հարցրեց, թե ինչքան է կազմում նրա աշխատավարձը, իսկ նա ընդունեց աշխարհում ամենադժգոհ մարդու դեմքը և նշեց գումարի չափը: Այնքան ծիծաղելի էր նրա հայացքը, բայց դե, պետք էր մտնել նրա դրության մեջ: Ինչևէ, խոսակցությունը ծավալվեց աշխատավարձերի թեմայով: Ախր, այնքան հետաքրքիր էր նրանց մտածելակերպը, որ պարզապես խոսել չէի կարող,սակայն սպասում էի,որ պահը հասունանա: Բարեկամուհիս հիշեց իր առաջին աշխատավարձը և ասաց.

-Սկզբում  այնքան քիչ էր աշխատավարձս, որ անգամ ծիծաղս էր գալիս:

Այնուհետև միջամտեց մայրիկս` հիշելով հայրիկիս սկզբնական աշխատավարձը:

Նրանք խոսում էին ու խոսում, անվերջ դժգոհում անգամ այն դեպքում, երբ աշխատավարձը հիմա բավականին բարձր է, ու մայրիկս ասաց.

-Քիչ է, ոչինչ չենք հասցնում, աչքդ փակում-բացում ես, էլ չկա:

Հենց այդ րոպեին հասկացա, որ էլ լռելու իմաստ չկա, ու ընդհատեցի նրանց: Նրանք լռեցին ու լուրջ դեմքով ինձ նայեցին: Հարկավոր էր ասել այնպիսի մի բան, որ երկուսի լուրջ հայացքներն ու լռությունը արդարացված լինեին: Միանգամից հավաքվեցի ու ասացի.

-Ես այսքան ժամանակ լուռ լսում եմ ձեզ ու այնքան զարմացած եմ, դժգոհում եք և քիչ գումարի դեպքում, և բավարարի դեպքում: Ասում եք` էն ժամանակ քիչ էր, հիմա էլ էլի ասում եք` քիչ է, ու այն դեպքում, երբ գումարի չափը աճել է:

Նրանք երկուսով լսեցին, մի խորհրդավոր ժպիտ հայտնվեց նրանց դեմքին, ու մայրիկս ասաց.

-Շատ ճիշտ ես, այսքան խոսում ենք ու ոչինչ հաշվի չենք առնում: Իրոք փոփոխությունը նկատելի է:

Ու պատկերացնո՞ւմ եք, այդ պահին ինչպիսին էր իմ ուրախությունը: Չէ որ ես կարողացա նրանց ի վերջո մի բանով օգնել:

marianush eghiazaryan

Զարմանալի են այս մարդիկ

Զարմանալի են այս մարդիկ, նույնիսկ կասեի շատ զարմանալի, բոլորը ասում են,  թե իրենք հասարակ են, բայց նրանք երբեք այգուց երիցուկ  չեն քաղի: Կգնեն թանկարժեք վարդեր: Բոլորը ասում են, թե սիրում են գիրք կարդալ, բայց համոզված եմ, վերջին գիրքը նրանք կարդացել են մոտ երեք տարի առաջ: Կամ քայլելիս նկատում եմ, որ ձեռքին պահած գրքի շապիկի գույնը համընկնում է պայուսակի գույնի  հետ… Եվ վատն այն է, որ նույնիսկ  վերնագիրը չգիտեն:

Զարմանալի են այս մարդիկ: Բոլորը կարծում են, թե իրենք նկարիչներ են և խոսում են այնպիսի նկարների մասին, որոնք չեն տեսել:

Ես կարծում եմ, որ մարդիկ միայն պետք է խոսեն այն մասին, ինչից լավատեղյակ են: Կամ ինչի մասին կարող են մոտավորապես կարծիք կազմել: Երբեմն, չէ հաճախակի, զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր խոսում են վեհ բաներից: Օրինակ, խոսում են մշակույթից, թատրոնից, կինոյից: Խոսում են այնպես, կարծես իրենցից բացի ոչ մեկը  չի կարող գաղափար կազմել դրանց մասին:

Կամ երբ պատերազմ չտեսած երիտասարդը կոչումներ է ստանում, երբ պատերազմում կռված մարդիկ չունեն ոչինչ բացի անգործությունից և պատերազմի թողած ծանր հետևանքներից:

Կամ ամեն երրորդ մարդ դառնում  է քաղաքագետ: Անարդար է, բայց փաստ է:

Երանի մի օր մարդիկ հասկանան այս կյանքում իրենց դերը և կոչումը: Եվ միայն այդ ժամանակ չեմ զարմանա մարդկանց վրա և չեմ ասի` ինչ զարմանալի են այս մարդիկ:

anna andreasyan

Ամառը

Ահա վերջապես եկավ բոլորի կողմից շատ սիրված ամառը: Տարվա այն եղանակը, որի շուրջ պլաններ են կազմվում ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Ուսումնական տարվա ընթացքում մտածում եմ՝ երբ է գալու վերջապես ամառը, որ կարողանամ պլաններս իրագործել: Բայց այդ պլաններից միայն գիրք կարդալն է, որ իսկապես իրագործվում է: Պատճառն այն է, որ ես գրքեր շատ եմ սիրում և ինչքան էլ զբաղված լինեմ՝ միշտ ժամանակ եմ գտնում կարդալու: Իսկ մյուս պլանները այդպես էլ օդում են մնում:

Բանն այն է, որ ինչքան շատ գործ ես ունենում անելու, այնքան ամեն ինչ հասցնում ես: Օրինակ, գարնանը, երբ ես զբաղված էի դասերով,միջոցառումներով, պարապմունքներով և օլիմպիադաներով, ինչ-որ անհասկանալի ձևով ամեն ինչ հասցնում էի:

Իսկ հիմա, որ գրեթե ոչինչ չունեմ անելու, եթե մի հանձնարարություն է պատահում, ես միշտ վերջին վայրկյանին եմ այն կատարում, ու ինձ թվում է, թե չեմ հասցնի:

Այնպես որ, ինչ որոշում եմ՝ պետք է անեմ զբաղված ժամանակ, թե չէ` հենց ազատ եմ լինում, ծուլանում եմ և ոչինչ էլ չեմ անում:

Միգուցե պետք է ամառային գրաֆիկ էլ կազմել: Պարապությունը ծուլացնում է:

Narek Babayan

Գեղեցկության մասին

Գեղեցկություն։ Ի՞նչ եք հասկանում այս բառն ասելով։ Միգուցե որևէ շքեղություն, կամ ինչքան հասարակ, այնքան գեղեցի՞կ։ Անձամբ ես գեղեցիկ եմ համարում բնականը։ Հիմա բացատրեմ։ Ինձ համար գեղեցիկ ու բնական բառերը գտնվում են նույն հարթության վրա։ Ես չեմ սիրում ձեռք տալ դրան, ինչ ստեղծել է բնությունը, այն ավելի գեղեցիկ դարձնելու նպատակով։ Եվ երբեմն իմ մեջ լուրջ հարց է առաջանում, թե ինչո՞ւ։

Ինչո՞ւ են մարդիկ հատում ծառերի մի հատված ու դրա տեղը արհեստական բույսերով լի բան կառուցում։ Կամ, չշեղվեմ մեր առօրյայից։  Աղջիկները… Այո, դա ինձ համար ամենաանբացատրելի բաներից է։ Ախր, ի՞նչ իմաստ ունի 2 կգ թարթիչ դնելը, մի «մեշոկ» քսուք օգտագործելն ու դեմքի մաշկը 1 սմ-ով հաստացնելը, շրթունքներն ու դրանցից 2 սմ հեռավորության վրա գտնվող տարածքը ներառյալ շրթներկով ներկելը։ Ինչպե՞ս կարելի է դա գեղեցիկ համարել։ Գեղեցիկ կլինի այն, որ նորմալ լվացվեք ու սանրվեք։ Վերջ, այսքանը լրիվ բավարար է իրոք գեղեցիկ երևալու համար։

Դե լավ, էլ չշարունակեմ։ Մտածում եմ՝ այսքանով ասելիքս բոլորին հասանելի կլինի։ Գնամ, հետևեմ սեփական խորհրդիս՝ լվացվեմ ու սանրվեմ։ Տեսնեմ՝ կօգնի՞։

meri muradyan

Վա՛յ, Վաչի՛կ ջեն, պապե՛ն ա, պապե՛ն…

-1949 թվի գարունքը խաբար էկավ, թե մեր հորը քսանհինգ տարով աքսորել են Սիբիր:

Խոսքը վերաբերում է իմ տատիկի հորը, որը 1949 թվականին աքսորվել է Սիբիր: Նրանց ընտանիքը ապրել է բավականին վատ պայմաններում: Սննդի, հագուստի պակասից բացի ապրել են գետնատանը: Իրենց մանկությունը անց են կացրել առանց հոր: Միայն ժամանակ առ ժամանակ նամակ էին ստանում նրանից:

-1956 թվի աշունքն էր, լավ հիշըմ եմ էդ օրը. լիս չկար, խավար էր, մենք էլ պուճուր ըրեխեք էինք` ես չորրորդ դասարան էի, ախպերս` հինգերորդ, քիրս էլ` յոթերորդ: Ամեքս մեզ հըմար նստած դաս սվորեինք մոմի լսի տակին, մերս էլ թախտի վրա նստած կար ու կրկատան աներ, ինձ էլ դաս սվորցներ: Դասերներուս պրծանք, հետո մեր մերը տեհավ քուններուս տանում ա, ասավ` գնացե՛ք, քնեցեք, բայց ասինք` չէ, մի քիչ էլ նստինք: Մեր տատն էլ գնացել էր մեր հրևանի տուն, մեր տան կրիշն փուլ էր էկել, գնացել էր ասե, որ էն մի օրը գան մեր տան կրիշեն սարքեն: Էդ ըրանքըմը դռան ձեն եկավ: Դուռը մի երկու հետ թխկացրին: Մենք էլ վախել էինք, մեր մերն էլ վախեց, որ գնա դուռը բաց անե: Մի իրեք-չորս հետ որ թխկացրին, իմ մերն ասավ. «Վաչի՛կ ջեն, գնա լա դուռը  բաց արա» (Վաչիկը տատիկիս եղբայրն էր): Մեր մերն էլ էր վախել, բայց համա ցույց չտեր, որ մենք գլխի չլինք, որ ինքն էլ ա վախըմ: Վաչիկը կամաց դուռը բաց արավ, հետո ետ-ետ գնաց. դե  ճնանչեց ոչ ով ա: Ինքը հինգ  տարեկան ա ելել, որ իմ հորը բռնել տարել էին: Եդ ա եդ կանգնեց, մին էլ տեհանք մեր հերը տուն մտավ, բայց մինս էլ ա ճնանչել չէինք, որ մեր հերն ա, մին էլ իմ հերն ասավ. «Վա՛յ, Վաչի՛կ ջեն, պապե՛ն ա, պապե՛ն»: Որ ասավ պապեն ա, սաղս էլ վազեցինք, վզովն ընգանք: Մերս ասավ. «Վաչի՛կ ջեն, գնա Հայկ պապիկանց տուն, տատին ասա թող գա»:  Տատս, էդ լուրն իմանալուն պես, մի երեսուն մետրը իրեք-չորս քայլըմ տեղ հասավ: Էդ քշեր քնեցինք ոչ: Մեր ծանոթներին խաբար արինք, էկան, մի լավ  քեֆ արինք:

Եվ այսպես, այդ օրը դարձել էր տոն: Մի օր, որ ամբողջությամբ փոխեց նրանց կյանքը: Այդ յոթ տարիների ընթացքում նրանք ապրել էին առանց հոր:

Քանի-քանի ընտանիքներ այդպես էլ չարժանացան այս երջանիկ օրվան…

ANush Hovhannisyan

Դաժան օրեր

Քննություններ, այս բառը վերջին շրջանում բոլոր շրջանավարտների սարսափ-երազն է դարձել: Եկեք խոստովանենք, որ երբ քննություններին շատ ժամանակ կար, բոլորս էլ բավականին վստահ ու անհոգ էինք, իսկ երբ մոտեցան այս դաժան օրերը, լարվածությունից ուղղակի գժվել կարելի է:
Ես ավարտում եմ հիմնական դպրոցը, իններորդցի եմ: Արդեն հասկացաք` մենք էլ քննություններ ենք տալիս: Չգիտեմ ինչու, բոլորը կարծում են, թե մեր քննությունները շատ հեշտ են, ու կարիք չկա լարվելու: Այդպես էի կարծում նաև ես, բայց հիմա քննության ժամանակ այնպես եմ լարվում, որ անգամ իմացածս եմ մոռանում:

Առավոտյան դպրոցի բակում մինչ ներս մտնելը այնքան աղոթքներ ես լսում, խղճահարություն առաջացնող և հուզված աչքեր տեսնում, որ անկախ քո կամքից սկսում ես դու էլ միանալ նրանց:

Ուսուցչական կազմը աչքիդ զինված մի զորք է թվում, որոնց դեմ պետք է պայքարես միայն ու միայն գիտելիքով: Այդ վեց քննությունները դարձել են մեր օդն ու ջուրը, ամեն պահ մտածում, գրում, ջնջում ենք այնքան, որ անգամ երազներում ենք տեսնում:

Հետո, երբ հաջողությամբ հանձնենք բոլոր քննությունները, կգա ևս մեկ դժվար փուլ` ավագ դպրոց: Ամեն օր երանի եմ տալիս իմ գյուղի բոլոր ընկերներին, ովքեր ավագ դպրոց չեն գնում, այլ մնում են հարազատ դպրոցում:
Իսկ այս ամենն ամփոփելով, ուզում եմ բոլորիս հաջողություն ու խիզախություն մաղթել:

Մեր հայկական դշխո միրգը

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Ծիրանենին՝ «ամենահայկական ծառը», ի բնե սերված, մերված է այս բիբլիական հողին…

Այսօր ուզում եմ հիշեցնել, որ ծիրանի «սեզոնը» արդեն բացվել է, կամ էլ կարելի է բացված համարել։

Ծիրանենին հայոց բնաշխարհի հրաշալիքն է։ Մեր նախնիները ասում էին, թե ծիրանը ուտելով մարդ ազատվում է տասներկու հիվանդություններից։

Պապիկիցս բազմիցս լսել եմ․ «Արարատյան դաշտում աճած ծիրանը դշխո է, իսկ մյուս երկրներում աճողը՝ նաժիշտ, ծիրանը մեր հողի ամենաքաղցրահամ միրգն է»։

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Հիշում եմ, երբ մի օր անցնում էի փողոցով, մի տատիկ ինձ ծիրան հյուրասիրեց, իսկ ես մերժեցի: Բայց նա ասաց, որ ծիրանը մեր երկրի բնաշխարհի թագուհին է, և ես իրավունք չունեմ այդ համեղ միրգը ճաշակելուց հրաժարվել: Լսելով այս ամենը, ես չսպասեցի տատիկի նորեն հյուրասիրելուն, վերցրեցի ու հաճույքով սկսեցի ուտել։

Ծիրանը զարմանալի միրգ է: Մեր տատիկ-պապիկները միշտ ասում են` լավ է ծիրան ուտել, և դեղորայքին փող չտալ: Իսկ «բուժման» բաղադրատոմսն ամեն եղանակի այլ է` թարմ ծիրան, ծիրանի չիր, ծիրանի հյութ, մուրաբա…

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Սակայն, ցավոք, գյուղացիները շատ հաճախ կանգնում են խնդրի առջև, քանի որ ծիրանը շուտ ցրտահարվող միրգ է, և չդիմանալով գարնան ոչ բարենպաստ եղանակին, կարող է ցրտահարվել։ Բոլորս էլ գիտենք, որ ծիրանը լիովին հասունանում է 5-10 օրվա ընթացքում և որոշ ժամանակ անց, եթե ծառից պտուղը չքաղեն, պոկվելով վայր է ընկնում գետնին ու սկսում որդնել և փչանալ։ Սա ևս խնդիր է գյուղացու համար, քանի որ մեծ թվով սպառողներ են իրենց հարկավոր ճիշտ ժամանակին միրգը սպառելու համար։ Ճիշտ է, կան ծիրանենու տարբեր տեսակներ, որոնք մեկը մյուսից մի փոքր ուշ կամ շուտ են հասունանում, բայց ծիրանի մեծ և հիմնական մասը հասունանում է հունիսի վերջից մինչև հուլիսի կեսերը։

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Հիշում եմ 2014 թ.-ի ապրիլի սկիզբն էր, առավոտյան արթնացա և վազեցի պատուհանի մոտ: Եվ ի՞նչ տեսնեմ․ բոլոր ծաղկած ծառերն ու ջերմոցները ձյունով էին ծածկվել։ Այդ օրը մի կողմից ուրախ էի, իսկ մյուս կողմից տխրել էի, որովհետև ընտանիքիս միակ ապրուստը այլևս չկար, հօդս էր ցնդել։ Այսօրվա պես հիշում եմ ընտանիքիս ապրումները։ Ամեն մեկը տարակուսած մի անկյունում նստել էին ու ընկել մտորումների գիրկը, և ես չէի համարձակվում մի բառ անգամ խոսել: Մտածում էի, որ անիմաստ կլիներ մխիթարական և հուսադրող խոսքեր ասել։ Այդ դեպքից հետո սկսեցի ձյունը չսիրել։

Բայց փառք Աստծո, այդ ամենից հետո մինչ այսօր ոչ մի նման աղետ չի եղել։ Ճիշտ է, եղել են անձրևներ, նույնիսկ ահավոր ուժեղ կարկուտ, բայց քիչ թե շատ օգտվել ենք այդ դշխո մրգից։

Հիմա նորից ծիրանի ժամանակն է, մեր գյուղի` Ակնալճի երեխաներն այգիներում են` բերքահավաքի։

Տատյանա Դարբինյան

Հին խաղեր

Մեր պատմության ուսուցչուհին հաճախ մեզ հիշեցնում է, որ ժամանակի ընթացքում շատ բառեր տրամագծորեն փոխում են իրենց իմաստը: Կբերեմ ամենապարզ օրինակը՝ «գրիչ» բառը: Ժամանակին այն ցույց էր տալիս անձ՝ մատյաններ գրող, իսկ հիմա՝ պարզապես մի անշունչ առարկա:

Գուցե տարօրինակ թվա, բայց նման բառ եմ համարում նաև «խաղալ» բայը: Մի՞թե այն իր իմաստը տրամագծորեն չի փոխել: Ներկայում ի՞նչ են հասկանում շատերը այս բայն օգտագործելով: Իհարկե՝ նստել համակարգչի դիմաց, միացնել խաղը, նայել էկրանին և շարժել մկնիկը. գրեթե անշարժ վիճակ, կլանված հայացք ու միմիկայի ոչ մի փոփոխություն:

Ի հակադրություն այս ամենի, ես հիացմունքով եմ լսում ծնողներիս և նույնիսկ ավելի մեծ սերնդի ներկայացուցիչների պատմությունները իրենց մանկական խաղերի մասին:

Վերջերս լսեցի երեք տարօրինակ խաղերի մասին, որոնք հայ փոքրիկները խաղացել են ավելի քան մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանում (1900-ական թթ): Այդ խաղերն էին՝ ճանը, ղայիշոցին, հավլուն: Հավլու խաղի ժամանակ երեխաներից մեկը պիտի կքանստեր, իսկ մյուսները ցատկեին նրա գլխի վրայով:  Մյուս խաղը՝ ղայիշոցին (ղայիշ=գոտի) խաղում էին այսպես՝ գոտին դնում էին գետնին և մեկը պիտի պահակ կանգներ դրա մոտ, իսկ մյուսները՝ փորձեին այն գողանալ: Որքան հասկացա, եթե գողությունը հաջողվեր, պահակին ծեծում էին: Երրորդ խաղը՝ ճանը, թերևս ամենահետաքրքիրն է: Ճանը դա ոչխարի ոսկոր էր: Երեխաներն այն նետում էին և որոշում խաղում իրենց «պաշտոնը»՝ կախված ոսկորի դիրքից: Դիրքերից մեկը համապատասխանում էր թագավորին, մյուսը՝ գողին, երրորդը` չավուշին (քրդ. ոստիկան): Պաշտոնները որոշելուց հետո յուրաքանչյուրն անցնում էր իր գործին. թագավորը հրամաններ էր տալիս, գողին պատժում էին և այլն…

Բարեբախտաբար, իմ մանկությունն էլ զերծ է եղել համակարգիչներից, ու ժամանակի մեծ մասն անցկացրել եմ բակում՝ ընկերներիս հետ: Իհարկե, վերոնշյալ խաղերը չէինք խաղում: Հավաքվում էինք, խաղում, աղաղակում՝ հարուցելով հարևանուհիների զայրույթը: Նրանք հաճախ բողոքում էին ու զայրանում, բայց…

Հենց հիմա էլ գրում եմ ու հարևան բակից լսում երեխաների ճիչ ու խաղի ձայներ: Մի աղջնակ հայտարարում է. «…19, 20, пора я! բացում եմ…»:

Փաստորեն ոչ բոլորն են համակարգիչների դիմաց…

Ani Ghambaryan

Եկեք ժպտանք

Եթե ուզում եք անկեղծ լինեմ, ես բնավորությամբ ուրախ, հետաքրքիր և առեղծվածներով լի անձնավորություն եմ: Բոլորն ասում են, որ ես հաստատուն բնավորություն չունեմ` նույնիսկ ծնողներս երբեմն նոր բաներ են հայտնաբերում բնավորությանս մեջ: Ուզում եմ, որ իմ կյանքում հետաքրքիր բաներ լինեն: Ասենք, ամեն օր մեկի ծննդյան օրը լիներ, հավաքվեինք, խոսեինք, ծիծաղեինք ու պարեինք: Երբեմն ուզում եմ ծիծաղել, ծիծաղել բարձր ու անընդհատ: Եվ ինձ միշտ անհանգստացնում է այն միտքը, թե ինչու են մարդիկ այսքան մտահոգ. սա հարց է, որը միշտ տանջում և հետաքրքրում է ինձ:

Չեմ սիրում, երբ շուրջս բոլորը տխուր են: Երբ զգում եմ, որ շուրջս տխրություն է տիրում, փորձում եմ ինչ-որ աշխուժություն մտցնել նրանց մեջ: Չեմ սիրում մի բանի համար տխրել, լացել, այլ սկսում եմ ժպտալ: Քանի որ ժպիտը օգնում է մարդկանց հասկանալ իրենց սխալը և ուղղել: Բայց ժամանակ է լինում, որ փակվում եմ սենյակում ու սկսում լացել, բայց լացելիս չեմ մտածում, որ ես տխուր եմ: Բայց համենայն դեպս, մնում եմ իմ նախկին կարծիքին, որ լացը երբեք չի օգնում ոչ մեկին, և ժպիտը կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ:

 Դե ուրեմն, եկեք բոլորս ժպտանք միմյանց, ու թող ոչ մի մանուկի, պատանու և մեծահասակի դեմքից ժպիտը երբեք չպակասի:

ANush Hovhannisyan

Խառը մտքեր

Սիրում եմ անընդհատ փորձել նորը, դա էլ շատ է խանգարում ճիշտ կողմնորոշվել մասնագիտության հարցում: Բայց որոշել եմ դառնալ հոգեբան, կարծում եմ՝ ինձ կօգնի կյանքում ճիշտ կայանալ:

Սիրում եմ ազատ ապրել, սակայն, անում եմ ճիշտ հակառակը, որովհետև հորս և իմ կարծիքները չեն համապատասխանում, բայց կարողանում եմ իմ լացով գործս առաջ տանել:

Հիմա, հաստատ, կմտածեք, թե լացկանի մեկն եմ: Ո՛չ, նաև համառ եմ և իմ ասածի տերը: Սիրում եմ լինել տարբերվող: Տանել չեմ կարողանում, երբ փորձում են նմանվել ինձ, այդ պահին ես դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը:

Փոքր հասակում ունեցել եմ տարօրինակ սովորություն: Երբ տուն մարդ էր գալիս, ու ինձ ոչ այնքան հաճելի, չէի կարողանում ընդհանուր թեմա գտնել նրա հետ, և լուռ հեռանում էի, որպեսզի կռվի պատճառ չդառնայի:

Միշտ երազել եմ հայտնի դառնալ: Ավելի փոքր հասակում մտածում էի, որ հայտնի դառնալու համար պետք է լինել դերասան կամ երգիչ, իսկ հիմա՝ ավելի հասուն տարիքում կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում էլ կարելի է հայտնի դառնալ, եթե վարպետորեն ես մոտենում աշխատանքին:

Այսօր իմ բոլոր հասակակիցները կանգնած են բարդ ընտրության առաջ՝ գնա՞լ ավագ դպրոց, թե՞ ոչ: Սա այն հարցն է, որ հուզում է յուրաքանչյուր պատանու: Կարծում եմ՝ անիմաստ ժամանակի վատնում է, 2 տարի ավել սովորելը մի փոքր շատ է: Մեր օրերում ոչ ոք ավագ դպրոցի դասերին պատշաճ չի մոտենում, քանի որ օգտվում են արտաժամյա պարապմունքներից:

Ոմանք նստում են դասերին գնահատական ստանալու և լավ ատեստատ ունենալու համար: Բայց արդյո՞ք դրա համար են ստեղծել ավագ դպրոցը: Սակայն այդ հարցը միայն ինձնով և մեկ ուրիշով հաստատ չի կարող լուծվել: Անձամբ ես ունեմ շատ վախեր՝ կապված դպրոցական սեպտեմբերի 1-ի հետ: Նոր շրջապատ, նոր ուսուցչական կազմ, ի վերջո, նոր դպրոցի կարգ ու կանոն: Արդյո՞ք դժվար չէ այս ամենը հաղթահարելը: