Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Մարդիկ, որոնք մեր կողքին են

Ես՝ ապրելով գյուղում, հեռու լինելով արվեստի, մշակույթի օջախներից, միշտ տխրում էի, որ չի լինի մի օր, որ կհասկանան իմ բոլոր երազանքները, ու մի օր իմ ծնողները կհպարտանան ինձանով: 

Բայց իմ բոլոր երազանքների իրականացմանը հիմք դրեց մի մարդ, ում պարտական եմ իմ բոլոր հաջողությունների համար: 2010 թվականի ապրիլի 17-ին մեր փոքրիկ  Ոսկևանում կատարվեց մի մեծ իրադարձություն, որը շատ մարդկանց երազանքների իրականացման փակ դռները բացեց և լույս ու վառ գույներ բերեց գյուղ:  Գյուղում բացվեց «Գեղարվեստի դպրոց»: Դպրոցը բացվեց մեր համագյուղացի Արթուր Մելքոնյանի ջանքերով: Մի հրաշալի մարդ, ում բոլորը  սիրում են գյուղում: Ուզում եմ անպայման նշել նրա ընտանիքի մասին: Գյուղի պատվավոր ընտանիքներից մեկը: Մայրը՝ տիկին Ֆլորան, հասարակ մի կին է, ով դպրոցում է աշխատում: Հերոս կին է : Հերոս է նրա համար, որ իր երեք երեխաներին միայնակ է մեծացրել և հասցրել իրենց նպատակներին: Հիմա կմտածեք, թե ինչու մենակ: Նա միայն ֆիզիկապես է մենակ, բայց հոգով և սրտով  իր ամուսինը նրա հետ էր և միշտ դժվար ու տխուր օրերին իր մտքով օգնում էր կնոջը:
Տիկին Ֆլորայի ամուսինը՝ Անուշավանը, մեր գյուղի յոթ հերոսներից մեկը, ով իր կյանքի գնով պահեց մեր սահմանը, ուներ հայրենասիրական մի մեծ ոգի, որն աննկարագրելի է:  Անուշավանը մեր գյուղի վարպետն էր՝ համեստ մի մարդ, ում ձեռքերը ստեղծում էին աննկարագրելին: Ճիշտ է, ես մեր հերոսին չեմ տեսել, բայց ամեն անգամ նրա անունը լսելիս աչքերիս առաջ ակամա գալիս  է մի պատկեր, նրա որդու՝ Արթուրի դեմքը: Ասում են, որ Արթուրը թե բնավորությամբ, թե իր արարքներով, դիմագծերով նման է իր հորը: Եվ իր հոր նման ունի ոսկե ձեռքեր: Գյուղում ունենք հրաշալի հուշարձաններ, խաչքարեր, որոնց քանդակային հատվածները Արթուրի ձեռքի գործերն են:

Ինչպես բոլոր չափահաս տղաները, նա նույնպես տասնութ տարեկանում գնում է իր պարտքը տալու հայրենիքին՝ ծառայության: Վերադառնալուց հետո շարունակել է ուսումը, ապա սկսել իր հայրենանվեր գործը: Դպրոցը բացվելուց հետո՝ հենց առաջին օրը, մեր այդ փոքրիկ գեղարվեստական անկյունում կային քառասունհինգ փոքրիկներ, ովքեր մեծ նպատակ ունեին այդ անկյունի հետ կապված: Եվ ընդամենը երկուսից երեք ամիս անց` հուլիսի 23-ին, իրականացավ մեր առաջին ցուցահանդեսը: Մեր այդ փոքրիկ սենյակում հավաքվել էր արվեստագետների մեծ խումբ, ովքեր հետաքրքրությամբ լցված եկել էին տեսնելու փոքրիկ արվեստագետների աշխատանքները: Եվ այդ փոքրիկներից մեկը ես էի, 9-10 տարեկան մի աղջիկ, ով ամեն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ մեծ սիրով, ոգևորությամբ մատիտները, վրձիններն ու թղթերը ձեռքին շտապում էր արվեստի «գրադարանը»:  Ճիշտ է, այդ «գրադարանում» չկային բավարար պայմաններ, պահանջվող ներկեր, թուղթ և այդպիսի շատ իրեր, որոնք հարկավոր են, սակայն մենք մեր ուժերով հասանք մի բարձունքի և հաստատեցինք մեր դպրոց-անկյունը, և այն այսօր գործում է:
Արդեն վեց տարի է` ես հաճախում եմ Ոսկևանի գեղարվեստի դպրոց նույն այն ոգևորությամբ, որով գնացել եմ առաջին օրը: Եվ ամեն անգամ  մի նոր նկար սկսելուց հիշում եմ այն օրը, երբ ուրախությամբ, ոգևորությամբ նկարում էի այն նկարը, որը տանելու էի ընդունելության քննությանը:
Սիրում եմ նկարել, սիրում եմ արվեստը: Չգիտեմ, երևի գտնվելով բնության մեջ այդ ոգին է մեզ շունչ տալիս: Եվ ամեն տարի տարի մենք ամռանը գնում ենք պլեներների Կողբի գեղարվեստի դպրոցի հետ: Շատ հոգնած ու սիրով, արվեստով լի է անցնում ամեն օրը: Ամեն օրը սկսում ենք երգով, ծափով, ծիծաղով, հետո գնում ենք բնության գրկում ստեղծում հրաշալի գործեր, նկարներ:  Եվ այս ճանապարհով, պլեներների միջոցով, Արթուր Մելքոնյանի շնորհիվ արդեն տասը  աշակերտ հասել են իրենց երազանքներին, և արդեն սովորում են համալսարանում: Նաև հարևան գյուղերից ունենք աշակերտներ: Թեև ինչպես ասացի, վեց տարի է, ինչ հաճախում եմ, բայց այնքան շատ բան ունեմ սովորելու, որ անպայման պետք է շարունակեմ իմ ընտրած գործը:

Հուսամ մի օր էլ ինձ կտեսնեք որպես մեծ նկարչուհի: Բայց հիմա, ճիշտ է, գործում է մեր դպրոցը, սակայն համապատասխան պայմաններ՝ շենք, չունենալու պատճառով մենք ամեն տարի շենքից շենք ենք տեղափոխվում: Նաև միջոցներ չկան ցուցահանդեսներ, պլեներներ, արշավներ կազմակերպելու համար:

Շնորհակալ եմ Արթուր Մելքոնյանից իր հայրենանվեր գործի համար: Հպարտ եմ, որ Արթուրի նման համագյուղացի ունեմ, իրոք հպարտ եմ: Նա աշակերտների համար առաջին հերթին ընկեր-եղբայր է և հետո՝ ուսուցիչ:  Ափսոս, որ նրա նմանները շատ չեն:

Ինչպես բոլորին, ինձ նույնպես շատ հուզող հարցեր կան, սակայն առաջին հերթին` սահմանամերձ գյուղերում սիրած գործի, իմ, ձեր, մեր արվեստի զարգացման ու պահպանման հարցն է այս պահին հուզում: Ես ուզում եմ, որ մի օր ունենանք մեր սեփական շենքը, արվեստը զարգացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները և Արթուրի նման շատ հայրենասեր մարդիկ, որոնք ոչ թե գյուղից կփախչեն, ասելով, որ գյուղում պայմաններ չկան, այլ կգան գյուղ, մտածելով` եթե ոչ իրենք, ապա էլ ով պետք է շենացնի գյուղը, մտածի գյուղի երեխաների մասին:

Սոնա Սարիբեկյան

***

Ես Սերինեն եմ, սահմանապահ Կոթի գյուղից: Ցավալի է, երբ հասկանում ես, որ ծնվել ես գյուղում, ուրեմն պետք է տարբերվես ուրիշներից, տարբերվես նրանով, որ չես մասնակցում տարբեր միջոցառումների, չես ունենում հետաքրքիր առօրյա, ուղղակի նրա համար, որ ծնվել ես գյուղում: Այդքան բան: Գիտե՞ք ինչն է ինձ հուզում, այն, որ սահմանամերձ շատ գյուղերի երեխաներ… Չէ’, ավելի ճիշտ, օրինակս բերեմ հենց Կոթիի երեխանների վրա: Մեր առօրյան միապաղաղ է: Գնում ենք դպրոց, գալիս տուն, ու ամեն օր նույնը: Չնայած ես հիմա շատ հետաքրքիր առօրյա եմ ունենում, և կարելի է ասել, ազատ ժամանակ չունեմ, քանի որ գնում եմ դպրոց, հետո` պարապմունքի: Ես նույնիսկ կիրակի չունեմ հանգստանալու համար` գնում եմ Դիլիջանի Թումո կենտրոն: Եթե ես գյուղում չլինեի, գուցե օրս այլ կերպ անցներ, գուցե ավելի հետաքրքիր, բայց, ինչևէ, չեմ բողոքում:
Շատ կուզենայի նկարչության խմբակ լիներ գյուղում, քանի որ շատ եմ սիրում նկարել, ու ասում են, որ այդքան էլ վատ չի ստացվում: Երբ ասում են, որ ավելի լավ կլինի նկարչության գծով շարունակեմ ուսումս, ասում եմ` ավելի  լավ կլիներ, որ մինչև հիմա նկարչական խմբակ գնայի:

Աշնանը` սեպտեմբերի երկուսին, գյուղում խուճապային վիճակ էր, կրակոցներ, գյուղից դուրս եկող մեքենաների ձայներ… Ծնողներս բնականաբար անհանգստանում էին ոչ թե իրենց, այլ առաջին հեթին իմ, քրոջս և եղբորս համար: Մեզ ուղարկեցին Ոսկևան` պապիկիս տուն:  Ոսկևանն էլ է սահմանամերձ, բայց այնտեղ ավելի ապահով էր: Մի խոսքով, հակառակ իմ կամքի, ուղարկեցին: Մի քանի օր մնացի այնտեղ: Կոթիի դպրոցը կրակոցների պատճառով փակ էր, 200-ից ավելի աշակերտ ունեցող դպրոց  հաճախում էր ընդամենը չորս-հինգ հոգի: Այդ օրերին ես դպրոց էի գնում Ոսկևանում:  Մի օր էլ որոշեցի ընկերներիցս մեկի` Սոնայի հետ գնալ Ոսկևանի նկարչական խմբակ: Գնացի, չնայած որ մայրս դեմ էր իմ գնալուն` Ոսկևանի մշակութի տան վտանգավոր տեղ լինելու պատճառով:
Տեսնում էի իմ տարիքի երեխաների, ովքեր արդեն երկար ժամանակ գնում էին նկարչական խմբակ, որը ի դեպ, ստեղծել և ղեկավարում է գյուղի երիտասարդներից մեկը` Արթուր Մելքոնյանը: Ու երանի նրա նմանները շատ լինեին: Այսօր շատ տաղանդավոր երեխաներ տարբեր գյուղերում անտեսվում են, ու դրա պատճառով է, որ տարիներ անց նրանք գուցե  ավելիին չհասնեն, քան թե անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելը: Այդ պատճառով է, որ Արթուրի նման շատ երիտասարդներ հեռանում են գյուղից ու չեն կարողանում ստեղծել  այն, ինչ որոշ գյուղերում ստեղծում են Արթուրն ու նրա նմանները:
Բայց  կարծում եմ, պետք է հույսներս դնենք ինքներս մեզ վրա, համախմբվենք  ու հասնենք այն ամենին, ինչ ուզում ենք հասնել:

nver avagyan potret

Բաղանիսն իմ գյուղն է

Իմ հայրենի գյուղը սահմանապահ Բաղանիսն է:  Գյուղս ունի ավելի քան հազար տարվա պատմություն: Բաղանիս անվան ծագման վերաբերյալ կան երկու հիմնական վարկած: Ըստ առաջին վարկածի, մեր գյուղի տարածքում դարեր առաջ սփռված են եղել շատ այգիներ: Այգին մեր բարբառով բաղն է: Այնպես այգենիստը վարափոխվում է ու դառնում Բաղանիսի: Երկրորդ վարկածն ասում է, որ մեր գյուղով անցնող համանուն գետում ժողովուրդը հաճախ է լողացել կամ բաղնիք է ընդունել: Այդ բառից էլ ծագել է մեր գյուղի  անունը:

Մեր գյուղում տեսարժան վայրերը շատ են, սակայն Հարսնաքար  սարը թերևս ամենագեղեցիկն է: Սարը նույնպես ունի իր պատմությունը: Անունը կապված է պատմության հետ, որը տեղի է ունեցել Հայաստանում թաթար-մոնղոլական գերիշխանության ժամանակ: Մի ավանդական հայկական հարսանիքի ժամանակ թաթար ավազակները փորձել են փախցնել հարսին: Աղջիկը  չէր կարող անձնատուր լինել, և փախչելով  բարձրացել է լեռան բարձր ժայռերը: Չունենալով փախուստի ճանապարհ՝ աղջիկը իրեն նետել է քարից և մահացել՝ գյուղին թողնելով պատմություն, սարին` անուն:

Սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչները միշտ ապրում են թշնամու կրակոցների տակ: Բաղանիս գյուղը նույնպես այդ ամենի ականատեսն է: Կրակոցների հետևանքով զոհվում են գյուղացիներ, ավերվում են տներ: Գյուղի դպրոցականները ու ուսուցիչները հաճախ դպրոց չեն գնում կրակոցների պատճառով:

Մի օր մենք տանը նստած ճաշում էինք և հանկարծ լսեցինք կրակոցներ: Գնալով այդ կրակոցները ավելի էին շատանում ու շարունակվում, ձայները ավելի բարձր էին լսվում: Մենք լսում էինք տների պատուհանների ջարդվելու, ծառերի ճյուղերի պոկվելու և գյուղացիների ձայները: Հանկարծ մի բարձր ձայն լսեցինք, որը շատ մոտ էր մեր տանը: Ես շատ վախեցա, մտածեցի` հաստատ մեր  տանը խփեցին: Եվ իսկապես, փամփուշտները մեր տանն էին դիպչել:

Վաղ առավոտյան ես արթնացա, հագնվեցի և դուրս վազեցի: Մեր տան մոտ գտա մի փամփուշտ ու ցույց տվեցի հայրիկիս: Հայրիկս շատ բարկացավ: Ես այդ փամփուշտները պահեցի:  Հիմա էլ հավաքում եմ բոլոր իմ գտած փամփուշտները՝ ամեն օր համալրելով իմ հավաքածուն: Ես արդեն հարմարվել եմ այդ ամենին և  էլ չեմ վախենում:

anjel torosyan

Մնացածը գյուղե՞ր են

Անցած դասին մենք «Հայաստանի Աշխարհագրություն» առարկայից անցանք Արագածոտն մարզը։ Բնականաբար սկսեցինք քաղաքներից և գյուղերից։ Ուսուցչուհին ասաց, որ մեր մարզում`Արագածոտնում, կա 3 քաղաք՝ Աշտարակ, Ապարան և Թալին։ Ես հարցրեցի.

-Մնացածը գյուղե՞ր են։

Դե բնական է, պատասխանը եղավ.

-Բա քեզ սազե՞ց:

Համենայնդեպս, ես չէի սպասում նման փոքր թիվ։ Ինձ շատ հետաքրքրեց մյուս մարզերում քաղաքների թիվը, և ես սկսեցի «գիրք կրծել»։Փաստորեն Հայաստանի ամենաշատ քաղաք ունեցող մարզը Լոռին է՝ 8 քաղաք, նրան հաջորդում են Կոտայքն ու Սյունիքը՝ 7-ական քաղաք, Գեղարքունիքն ու Տավուշը՝ 5-ական քաղաք, Արարատը՝ 4 քաղաք, Արագածոտնը, Արմավիրը, Շիրակն ու Վայոց Ձորը՝ 3-ական քաղաք։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում կա 48 քաղաք, մայրաքաղաք Երևանը չհաշված։

Ես հետաքրքրվեցի նաև հարևան պետություններում քաղաքների թվով։ Վրաստանում կա 62 քաղաք, Ադրբեջանում ՝ 78 , Իրանում ՝ 198 , Թուրքիայում ՝ 630։ Դրանով ես նույնպես չբավարարվեցի ։ Ես փնտրեցի գերտերություններում քաղաքների թիվը, և ըստ վիճակագրական տվյալների ԱՄՆ-ում կա 30000 քաղաք, իսկ Ռուսաստանի Դաշնությունում ՝ 100000։ Այնուհետև ես գտա ամբողջ աշխարհում քաղաքների թիվը՝ 2667417։ Եվ այս փոքրիկ հետազոտության ժամանակ ինչքան թվերը մեծանում էին, այնքան ավելի շատ էի զարմանում։ Ու ինձ համար շատ ցավալի է, որ աշխարհի 2667417 քաղաքից ընդամենը 48-ն է Հայաստանին պատկանում: Հետո մտածեցի. Լավ է քիչ, բայց թող մեր բոլոր քաղաքներն իսկապես քաղաքի նման լինեն, ոչ միայն անունը լինի քաղաք: 

Հայոց պատմության կենդանի դասերը

Արդեն չորս տարի է, անցնում եմ  «Հայոց պատմություն» առարկան: Այդ  տարիների ընթացքում շատ դասեր ենք անցել պատերազմների, ճակատամարտերի, ցեղասպանությունների մասին: Սովորաբար դասի ավարտին ուսուցչուհին հարցնում էր` հասկացե՞լ ենք արդյոք դասը, ու ես, գրեթե միշտ, գլխիս շարժումով ասում  էի`այո: Հետո անցանք Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Ուսուցչուհիս նշեց, որ  շատ կարևոր շրջան է, և պետք է լավ յուրացնենք: Խոսեցինք մարդկային զոհերի ահռելի թվերից: Լսելով կորուստների մասին, իսկապես խղճացի անմեղ զոհերին, միանգամից փորձեցի համեմատել կորուստները, բայց…

Ես նոր սերնդի ներկայացուցիչ եմ, այն սերնդի, որը չէր տեսել, սակայն լսել էր բազմաթիվ պատերազմների մասին: Բայց  այդ օրն էլ եկավ, ու մեր սերունդն էլ տեսավ պատերազմ: Հիմա էլ պատերազմը ընթանում է: Ճիշտ է, բոլորիս համար էլ ծանր էր, բայց իմ և  իմ ծնողների, ուսուցիչների, տատիկ-պապիկների արձաքանքը նույնը չեղավ: Նրանք այդ ամենը տեսել էին  1991-1994 թվականներին: Նրանց արդեն ծանոթ էին «պատերազմ, պայթյուն, զենք, կրակոց» արտահայտությունները: Մինչդեռ իմ և իմ տարեկիցների համար դա մի վատ երազ էր, որից ցանկանում էինք շուտ արթնանալ, միևնույն ժամանակ, հասկանալով, որ դա երազ չէ, այլ իրականություն:
Ապրիլի երկուսն էր, երբ վատ լուրեր  լսեցինք սահմանից: Բոլորս միանգամից տխրեցինք, հիշեցինք դիրքերում կանգնած մեր եղբայներին, հարազատներին:  Ինձ այլևս չէր հետաքրքրում դասն ու դպրոցը, համացանցը: Միայն լուրերին էի հետևում, ու արցունքներս ակամայից թափվում էին: Այդ ժամանակ  հասկացա, որ թիվը կապ չունի, որ մեզ համար  ամեն մի զինվոր  սրբություն է, որ պետք չէ խղճալ, այլ  ուղղակի զգալ է պետք… Ու ես զգացի այդ աննկարագրելի ցավը… Միայն այդ օրերին հասկացա, թե ինչ է հայրենասիրությունը, ինչ է հայրենիքի համար կյանք տալը:

Ընդամենը հաշված օրերի ընթացքում հարյուրավոր  մարդիկ կամավոր անդամագրվեցին և մեկնեցին առաջնագիծ, կանգնեցին հայ զինվորի  կողքին:
Չգիտեմ` հպարտանա՞մ, թե՞ տխրեմ, որ իմ Սյունիքից էլ շատերը մասնակցեցին, մասնակցում են, և ցավոք, նաև զոհվեցին: Երևի հպարտանամ,   որ սյունեցին ու սիսիանցին միշտ էլ պատրաստ են պայքարելու և հաղթելու, բայց մեկ է, տխրում եմ նրա համար, որ նրանք զոհվեցին: Ապրիլի չորսն էր, երբ լսեցինք Սիսիանի զոհերի մասի: Նրանք  ընկան Մարտակերտի շրջանում. «Մայիս Միրզոյան, Արմեն Բեգլարյան, Սեդրակ Ասրյան, Եղիշ Նիկալյան, Սերգեյ Դանղլյան»: Անուններ, որ կարդում և անցնում ենք, բայց նրանցից ամեն մեկը մի տան սյուն, մի ընտանիքի հայր էր, զավակ:

Պատերազմը հիմա ինձ համար ընդամենը թվեր չեն, հաշվարկ չէ, օրեր ու տարիներ չեն:  

anahit israyelyan

Էլակի լանջին

Ես ապրում եմ անտառի մեջ գտնվող գյուղում, բայց հազվադեպ եմ ժամանակ գտնում թեկուզ մի ժամով ծաղիկներ հավաքելու կամ զբոսանքի գնալու համար: Այս կիրակի հաջողվեց: Ընտանիքով գնացինք սինդրիկ հավաքելու Էլակ սարի լանջերից: Ի դեպ, ասեմ, որ Էլակը ջուջևանցիների համար խորհրդանշական բնույթ ունի, ինչպես Արարատը բոլոր հայերի համար: Որքա՜ն գեղեցիկ էր գյուղի համայնապատկերը Էլակի բարձունքից: Կարծես գյուղը ափիդ մեջ էր եղել: Ինչքա՜ն գեղեցիկ էր բնությունը…

Արդեն բավական շատ սինդրիկ էինք հավաքել, երբ խաշամի մեջ ինչ-որ մետաղական բան գտանք: Հայրս ասաց, որ արկի չպայթած պայթուցիչ է՝ 1988 թվականի արտադրության: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե դա հայտնվեր  մի երեխայի մոտ, որը հետաքրքրությունից դրդված սկսեր դրանով խաղալ, քարով հարվածել:

… Եվ ինչո՞ւ պետք է այդպես լինի, ինչո՞ւ ամեն մի մետաղական իր գտնելիս պետք է առաջին հերթին մտածենք` հո զենք չի՞:

mariam gharagyozyan

Ժպիտով սկսվող բոլոր բառերը քոնն են

Ա՜խ այդ ժպիտը, այդ  անուղղելի՛ն, որով ժպտալիս
Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…
Պ. Սևակ

Նայում եմ այս երիտասարդին ու հասկանում, որ մենք կյանքում ոչ մի բանից հիասթափվելու ու մեզ անզոր զգալու իրավունք չունեք… Եկեք նայենք մեր հերոսին… Նա հազիվ 20 տարեկան լինի և արդեն զրկված է 2 ոտքից… Իսկ այդ տարիքում մարդիկ նոր-նոր պլաններ են մշակում ապագայի համար, նպատակներ դնում իրենց առաջ: Առաջին հայացքից թվում էր, թե նա պետք է, որ հիասթափվեր ամեն ինչից. կյանքը կիմաստազրկվեր և ոչ մի նշանակություն չէր ունենա նրա համար: Երիտասարդ, ում կյանքը նոր էր սկսվել, և ահա կյանքի դաժան հարվածը… Բայց արի ու տես, որ  դա չի խանգարում լինել նրան հոգեպես լիարժեք և առողջ: Նա ժպտում է անկեղծ ժպիտով, ուրեմն, դժվարությունը հաղթահարված է: Նա հաղթեց կյանքի հարվածին և պատրաստ է շարունակել, կռվել, լինել ընկերների ու հայրենիքի կողքին: Նա կշարունակի ապրել և իրագործել իր նպատակները` ունենալ ընտանիք, դաստիարակել իր նման հերոսներ, բոլորին օրինակ ծառայել և առաջ գնալ:  Ժպտացող այս երիտասարդը դարձավ բոլորիս սիրելին ու օրինակելի հերոսներից մեկը:

Որոշ ժամանակ հետո նա էլի կկանգնի, կքայլի և մեծ հպարտությամբ կհիշի ու կպատմի կատարվածը, մարմնով սարսուռ կանցնի, միգուցե մի փոքր էլ ցավ կզգա, բայց գլուխը բարձր կպահի ու հպարտ: Չէ որ ինքը մնաց անկոտրում, ուժեղ, դիմացկուն ու վեհ: Օրինակ եղավ շատերիս համար: Թշնամու առաջ գլուխ չխոնարհողը, գլուխը չի կախի նման անցողիկ ցավերի առաջ: Հերոսը պատվով դուրս եկավ այս կռվից:

Իմ քաջ զինվոր, չեմ կարողանում աչքս կտրել նկարիցդ, արևի նման պայծառ դեմքիցդ: Քեզ հետ միասին ժպտում եմ անդադար:  Մի ձգող բան կա, որը ստիպում է անընդհատ աչքիս առաջ ունենալ քո նկարը… Կամք ու լավատեսություն կա քո մեջ,  ահա թե ինչն է ստիպում նայել…

Շնորհակալ եմ քեզ անչափ կյանքիս համար, որը դու պաշտպանեցիր քեզ ցավ պատճառելով ու ծանր հարվածը քո վրա վերցնելով…  Ժպիտդ թույլ չի տալիս ցավել կատարվածի համար, քանի որ  այն ավելի ուժեղ է: Ժպիտովդ արհամարհում ես ցավը, ուրեմն, գնում ենք առաջ ու նշում երկրորդ ծնունդդ, կյանքիդ նոր սկիզբը:

Հերոս ջան, ախր ո՞նց չհպարտանամ քեզանով, երբ ես էլ  քո նման Տավուշցի եմ…

Միշտ մնա այդպես արևոտ դեմքով  ու վարակիր բոլորիս ուժեղ կամքով ու լավատեսությամբ:  Ընտանիքիդ համբերություն եմ ցանկանում, քեզ` առողջություն…

Շնորհակալ եմ, որ իսկական հայ զինվոր ես, հերոս ես ու Ժպտերես, Ժպտուն, ժպտադեմ… ժպիտով սկսվող ու ժպիտ պատճառող բոլոր բառերը քոնն են…

Ջրի խնդիր ա…

 

Լուսանկարը՝ Անի Գրիգորյանի

Լուսանկարը՝ Անի Գրիգորյանի

Ողջույն, ես Անի Ասրյանն եմ: Ապրում եմ Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում:  Սովորում եմ նույն գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: Ինձ ավելի շատ հուզում է ոռոգման հարցը, որը ծագում է ամեն տարի՝ գարունը բացվելուն պես: 

Գարունը բացվեց: Նորից նոր վեճ, նոր խառնաշփոթ: Ինչպես բոլոր գյուղերում, այնպես էլ մեր գյուղում սկսվում է հողագործությունը: Մարդիկ սկսում են հողը մշակել այն հույսով, որ աշնանը բերքը առատ կլինի: Սակայն չեն մտածում, որ մշակելուց մինչև բերքահավաք դեռ կա ոռոգման խնդիր:

Իմ ընտանիքը միայն զբաղվում է հողագործությամբ, բայց մեր ակնկալիքները այսքան տարիների ընթացքում չեն իրականացել: Միշտ մշակել ենք, սակայն  ոռոգելու ժամանակ բույսը չորացել է:

Դեռ նոր բացված ծիրանենու, խնձորենու և բալենու բողբոջները արևի ճառագայթներից այրվում  են, կարծես թե նրանց պետք է մի էակ, որը կդադարեցնի այդ հրդեհը:

Գյուղում շատերն են կանգնել և կանգնելու են այս հարցի առջև: Միայն մեր թաղում է, որ ապրում  ենք չորս ընտանիքով, մնացած հատվածներում ավելի շատ են բնակիչները: Մեր բակում, անգամ լինելով քիչ , չեն կարողանում խուսափել վեճից:

Այս ամենից հետո պատմեմ իրական մի դեպք:

Մեր այգիները գտնվում են և՛ գյուղի ներսում, և՛ գյուղից դուրս: Խնդրին ծանոթանալու նպատակով այցելեցի Լաուր տատիկին, և նա իր բառերով պատմեց մի պատմություն:

-Դուք սիրո՞ւմ եք հողագործությամբ զբաղվել:

-Ես սիրըմ եմ բույսին  շատ ճիրիլը, մշակիլը:

-Մի փոքր պատմեք Ձեր բոլոր վեճերի մասին:

-Շադիկի կնեգը  մի անգամ թակավ, տա հագին ալ ռոզվի սև-սև պուտերավ խալաթ կար՝ շտապլենի: Խփեց ու եր ինգամ, ես ալ եր կացամ, սաղ շորերը ծեվեցի, թողեցի մերկ: Շադիկն ալ եկավ կնգանը եր կալավ, տարավ: Երկրորդ  անգամ  կռվի մեջ ինգամ տիերի բոստանս ճիրիլից՝ Գուրգեն բիձի հետ: Ձեր տան կըշտի վինտիլն  էի պացըմ, որ ճուրը տանիմ կալերը: Էս բիձան եկավ, չալիկավ (ձեռնափայտ ) թխավ կլխիս, կլխիս ոսկորը ճարթեց: Մինչև օրս ալ էտ վնասը զգըմ եմ վիրաս: Մի անգամ ալ Արփիկանց տան կշտին մի բոստան ունիմ, էտ բոստանիս կողքին մի մարդ կար, անունը` Գիրիշ:  Ծաղրիլավ ասեց, թե բա` Լաուր, էտ ծառերը առանց ճիրի խե՞ ես տնգըմ, բա վեր սելը (ջրի վարարում) կա, տանի՞:

-Մի սուտկա եդը քյացի արխ քանդամ, ջուրը ինադու պացամ, քիցամ իրա տան վիրա, որ պազորի տակ չմնամ: Է՜ բալա, սարեր եմ շոռ տվալ: Ճուրը պիրամ, սաղ հըվաքվան, ասան` ինձա ա եդը տամ իրանց: Ես ալ ասամ` քացե՛ք քոն իլեք, ես աման օր ճիրիլվեմ: Կռվի մեջ եմ ինգալ Սոսիկի նըհետ: Ընոթի քացիմ բոստանս ճիրիլի, տեսնամ` էս Սոսիկն ալա ճիրամ: Ասամ, որ իջնմեմ հաց օտեմ, կյամ` ըտե չիլես: Թաշնա չէ, վիրա եմ անիլու Բարաթանց կռանթին: Քշացամ տոն, աղցանը եփամ-կերամ, քինացիմ Սոսիկին քաշ տվամ էն ղոլը, ջուրը երկալամ, քշացամ:

Մեր էս կոլխոզի նախագան ալ Մուխաել դային էր: Հունց ինձ տեսնըմ էր, ասըմ էր. «Ճիրի մոկու՛ն, ալա՞ եկար ճիրի»: Ես ալ հենց ուրան տեսնըմ իմ, պրանըմ իմ արխի մեջին:
Տեղափոխվամ Սիսիան: Ընդեղ մինչև մհեկ խնդիր չունեմ ճիրիլի, բայց ընդեղ ալ փողավեմ ճիրըմ:  Է՜, մինա, գյուղի քաղցրությունը չկա:

Այս ամենից հետո ոչ ոք չնախատվեց, և վեճերը շարունակվում են մինչ այսօր:

Իսկ Լաուր տատին, ով ուներ բազմաթիվ հուշեր ոռոգման հետ կապված, դեռ կարոտում է իր վեճերը: Այն, որ մարդիկ  որոշակի չափով հաճույք են ստանում այդ վեճերից, միևնույն է, ես ուզում եմ, որ գյուղում կարգապահություն լինի, և վեճերը այլևս չշարունակվեն: Լավ կլինի` ոռոգման ջուրը բոլորին հերիքի:

tigran mamyan

Ծխացող դաշտը

Մի օր Կոթիում սովորական, բայց անսովոր, լուսավոր, բայց մառախլապատ օր էր: Դե, Կոթիում ամեն օրը յուրօրինակ է, տարբերվող մեկը մյուսից: Բայց այս օրը տարբերվեց մի իրադարձությամբ: Կոթի գյուղը այս անգամ պատվել էր շատ խիտ մառախուղի  շերտով: Այս անգամվա մառախուղը բնության  ձեռքի գործը չէր, այլ թշնամու արյունոտ ձեռքի անշնորհք հետևանքը: Հրդեհել  էին  գյուղի հացահատիկի ցանքատարածությունները: Կրակը  շատ արագ էր տարածվում դաշտում.  դրան  նպաստում  էր  նաև քամին: Նայելով այդ ամենին՝ մտածում էինք, որ  շատ հեշտությամբ  կարող է հասնել մեր բնակավայրերին: 

Թշնամին ամեն անգամ մտածում է, թե ինչպես վնաս  պատճառի  սահմանում ապրող  խաղաղ բնակչությանը: Այս անգամ այդ վնասը  դրսևորվեց այս կերպ: Կրակը այնքան  դաժանաբար  էր այրում իր ճանապարհին հայտնվող ամեն բան. թփերը, չորացած խոտը, ծառերի ճյուղերը. չէի կարողանում հանդուրժել այդ վառ գունավորումը: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար եմ ասում սովորական, բայց անսովոր: Սովորական էր միջավայրով, առօրյայով, բայց անսովոր էր տիրող իրավիճակը, ծխացող դաշտերը, անտառի վառվող փեշերը: Կոթին լուսավորվել էր թշնամական լույսով:

Կրակը շատ արագ էր տարածվում. անգամ հասել էր  մեր սահմանային դիրքերին, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ ադրբեջանական դիրքերի դիմաց կրակը հանգցնել հնարավոր չէր, վտագնավոր էր:

Հեռվից նայում էինք, անզոր էինք ինչ-որ բան անելու: Սպասում էինք, թե ինչ կլնի. զայրացած էին բոլորը։

Անցավ մի քանի ժամ: Օգնության հասավ կարծես բնությունը. քամին հանդարտվեց և աստիճանաբար մարում էր կրակը:

Ի՞նչ անի գյուղացին, որ բոլոր միջոցները ներդնելով, այդ ամենի հետ մեկ տեղ իր կյանքը վտանգելով, մշակում է այդ տարածքները, որպեսզի գոնե չնչին օգուտ ստանա, որով պահի իրեն և իր ընտանիքը: Անում  են ամեն ինչ, սակայն չի հասունանում դրա բարիքները վայելելու ժամը: Այս անգամ էլ սահմանի վրա մնացել են հեկտարներով չհնձված արտեր՝ մարդկանց վերջին հույսը, որը մարում է այդ ամենից հետո: Շատերն այսօր չեն մշակում այլևս: Նաև  հիշում են,  թե ինչպես էին Սովխոզի ժամանակ դասերից հետո արտադրական պարտադիր ջոկատներ կազմում ու գնում  այդ նույն դաշտերից հնձած հացահատիկը պահեստավորելու: «Ամեն ինչ էլ անում էինք, բայց դե հիմա ուրիշ ա»,- սրտնեղում են կոթեցիները:

Ինչն է ինձ հուզում. Արագածոտնի մարզ

Ինձ հուզում է մեր գյուղի գետի`Ամբերդի անմխիթար վիճակը: Այն աղտոտված է, քանի որ մարդիկ գետի շրջակայքում աղբ են թափում: Մենք` երեխաներով, որոշեցինք կազմակերպել ու գետը մաքրել,  և մաքրեցինք:  Սակայն գյուղի բնակիչները  հին «սովորույթի» համաձայն, նորից աղբ կուտակեցին, և նրանց սխալ վարվելակերպի պատճառով Ամբերդը կրկին աղտոտվեց:

Մարիամ Խումարյան , գ. Ոսկեհատ, 16 տ.

***

Հուզո՞ւմ… Է~հ, ես շատ եմ հուզվում ու մտածում: Երբեմն էլ` մեն -մենակ նստած… Մտածում եմ… Ու քիչ հետո  մտածում  եմ, թե ինչի մասին էի այսքան ժամանակ մտածում:  Գիտե՞ք ինչն է ամենից շատ ինձ հուզում:  Այն միտքը, որ հնարավոր է  չհասցնեմ: Չհասցնեմ անել այն, ինչ կարող էի անել այս վայրկյանին: Իսկապես… Եթե մտածենք, այս պահը, որ հիմա նստած մտքերս եմ շարադրում, այլևս չի լինի, չի կրկնվի: Մի վայրկյան էլ անցավ… Հիմա ևս կանցնի ու … Ու վերջ:

Ու հիմա էլ նստած մտածում եմ այն վայրկյանի մասին, որ հենց նոր անցավ:

Հասմիկ Դավթյան , ք. Աշտարակ, 16տ.

***

Շատ հաճախ ուսուցիչներից  այսպիսի արտահայտություններ եմ լսում. «Դասը, որ լավ չի սովորում, խփում եմ», «Ծեծում եմ, որ խելոք մնան»: Ես կարծում եմ, որ ուսուցիչների նման մոտեցումը սխալ է: Ես սովորում եմ տասներորդ դասարանում և իմ դպրոցում կան ուսուցիչներ ( բարեբախտաբար նրանք շատ չեն),  ովքեր դասը չսովորելու, ուշանալու և նույնիսկ չնչին պատճառներով երեխային խփում են: Դրա   պատճառով աշակերտներն սկսում են չսիրել այդ ուսուցիչներին և նրանց դասավանդած առարկաները, իսկ դասերի ընթացքում րոպեներն են հաշվում, թե երբ պիտի ավարտվի այդ դժոխային դասը: Մի անգամ դասի ժամին դասընկերս շրջվեց և ցածր ձայնով հարցրեց.

-Ի՞նչ  ա գրած գրատախտակին, չի երևում:

Մինչև  փորձեցի հարցին պատասխանել, ուսուցիչս արդեն խփեց դասընկերոջս և ասաց.

-Դասից դուրս հարցեր մի՛ տուր, մի՛ խանգարիր դասը:

Հուսամ, որ նման ուսուցիչները շատ չեն, և երբեք էլ նրանց թիվը չի շատանա: Նրանք չեն հասկանում երեխայի հոգեբանությունը: Հույս ունեմ, որ մի օր կհասկանան, որ ծեծի միջոցով չեն կարող ստիպել երեխային դաս սովորել կամ խելոք մնալ:

Սվետլանա Դավթյան, գ. Կարբի, 15 տ.

***

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչներին  հուզող ամենահրատապ խնդիրը  գյուղի լուսավորությունն է:   Ասեմ, որ կարևոր քայլը կատարված է.   տեղադրված են  հենասյուներ,  որոնք որպես լուսատու պետք է ծառայեն:

Սա կարևոր խնդիր է, որովհետև  լուսավորության բացակայության պատճառով բազմաթիվ  լուրջ հարցեր են առաջանում: Օրինակ, կարող են մեծ թափ առնել հանցագործությունները: Բարեբախտաբար դրանք գյուղում հազվադեպ են պատահում:   Զգուշանալով հետագա անախորժություններից` գյուղացիները խուսափում են տնից դուրս գալ ուշ ժամերին:    Մթության պատճառով գյուղում կյանքը ավելի ու ավելի է պասիվանում:  Էլ չեմ ասում, որ դա իսկական գլխացավանք է  մթից վախեցողների համար:

Եթե այս ամենին գումարենք սոված ու վայրենի շների հարձակումները, պատկերն ավելի պարզ կդառնա:  Հնարավոր է` վտանգավոր իրավիճակներ ստեղծվեն   անպաշտպան երեխաների համար, որոնք արդեն իսկ զգուշանում են, նույնիսկ ցերեկը:

Եվ այսպես, մեր  գեղեցիկ գյուղը արևամուտից հետո ամբողջովին ծածկվում է սևով՝ կորցնելով իր   շհմայքը:

Անահիտ Նազարյան, գ. Ագարակ, 15 տ.

***

Ինձ ամենից շատ հուզում են մարդկանց պատկերացումներն ու  սխալ  մտածելակերպը: Շատերի կարծիքով, եթե քեզ հետ քո տարիքի տղա է քայլում, ապա դուք զգացմունքներ ունեք` սիրում եք իրար, ուրեմն, նա պարտադիր քո ընկերը պետք է լինի: Նրանք չեն էլ ուզում մտածել, որ դա կարող է ընդամենը շատ ամուր, պարզ ու մաքուր ընկերություն լինել: Եթե անկեղծ` ես այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում նման կարծիքների  ու խոսակցությունների վրա… Ուղղակի տհաճ է, երբ քայլելիս  քեզ ուղղված` խոշոր ու պլշած աչքեր ես տեսնում: Այդ պահերին` մտքում բարկանալով ասում եմ. «Մի՞թե ես այս մարդուն ինչ-որ վնաս եմ հասցրել»:

Չէ … Պարզապես նրանք ինձ տեսել են իմ դասընկերոջ հետ: Եվ իհարկե, թաղի կանայք, մեծերն ու  փոքրերը խոսում են այդ  մասին` այստեղ-այնտեղ և ամենուր: Ահա ինձ հուզող ամենատհաճ հարցը, որը վախենում եմ` երբեք էլ չլուծվի…

 Անի Գրիգորյան, Աշտարակ, 15տ.

***

Ինձ հուզում է այն հարցը, թե ինչու են մարդիկ «սեր» հասկացությունը սխալ ընկալում: Ես սերը տարբեր իմաստներով եմ հասկանում: Օրինակ՝ սեր հայրենիքի նկատմամբ, սեր ընտանիքի, շրջապատի և դպրոցի նկատմամբ:  Եվ մի կարևոր սեր՝ ընկերոջ և ընկերուհու սերը, որից ընտանիք է ստեղծվում: Ես չեմ ընդունում ավանդական խոսակցությունները սիրո վերաբերյալ: Ես կարծում եմ, որ ամեն մարդ և երիտասարդ, սերը տարբեր կերպ է ընկալում: Ես գիտեմ այնպիսի երիտասարդների, ովքեր խաղում են դիմացինի զգացմունքների հետ և թողնում՝ հաշվի չառնելով նրա հույզերն ու ապրումները:

Քնքուշ Քեթցյան, գ. Կարին

Ինչն է ինձ հուզում. Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզի պատանիները խորհում են իրենց հուզող հարցերի մասին

Ինձ հուզում է այն, որ Հայաստանում շատ անապահով ընտանիքներ կան: Անապահովությունը սկսվում է  գործազրկությունից: Մարդիկ ցանկանում են աշխատել, սակայն աշխատատեղեր չկան: Դրա համար էլ Հայաստանում օրեցօր ավելանում է արտագաղթը` հայերը մեկնում են օտար երկրներ:

Ես ցանկանում եմ, որ Հայաստանում տարբեր  գործարաններ բացվեն, ստեղծվեն աշխատատեղեր, մտածեն գործազուրկների մասին, բարձր աշխատավարձ տան, որպեսզի մարդիկ չլքեն իրենց հայրենիքը և չհեռանան Հայաստանից:

Սայրանուշ Մնացականյան, գ. Փարպի, 16 տ.

 ***

Ես շատ եմ սիրում այն վայրը, որտեղ ծնվել եմ, և հենց դա է պատճառը, որ հիմա ցանկանում եմ Ագարակի հիմնախնդիրների մասին խոսել: Շատ տարիներ են պահանջվել Ագարակը գեղեցկացնելու համար ու շատերը, ովքեր ծնվել են այստեղ, աջակցել են գյուղի զարգացմանը:  Թեև այս ամենին, Ագարակը,  ինչպես Հայաստանի այլ գյուղեր, ունի իր ներքին` «տնական» խնդիրները, որոնք  լուծում  են պահանջում:  Խնդիրը, որի մասին ցանկանում եմ խոսել, շատ կարևոր է և գրեթե բոլոր գյուղերում է  առկա, գյուղի լուսավորության հարցն է: Մեզ մոտ երբեք չի եղել գիշերային լուսավորություն: Երեկոյան ժամերին`հատկապես ձմռանը, պարզապես անհնար է տնից դուրս գալ, թեև մտածելակերպ էլ կա` էս ուշ ժամին որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես  գնում:

Շատ անգամ մարդիկ վախենալով են հասնում տուն, հատկապես աշակերտները,  երբ ուշ ժամերին  վերադառնում են պարապմունքներից:  Կարծում եմ, համայնքապետարանը պետք է ուշադրություն դարձնի և միջոցներ ձեռնարկի այս հարցը լուծելու համար , որն այնքան էլ դժվար չէ: Դա  կհեշտացնի մարդկանց կյանքը, կնվազեն գողություններն ու հանցագործությունների քանակը:

Արփինե Խաչատրյան,  գ. Ագարակ, 15 տ.

 

***

Ինձ հուզում է իմ երկրի և իմ քաղաքի մթնոլորտային աղտոտվածությունը: Պատուհանից նայում եմ դուրս ու մտածում, թե ինչպես է մարդն աղտոտում շրջակա միջավայրը:   Նայում եմ  քաղաքիս` ամենուրեք մեքենաներ են, ու հիշում եմ  աշխարհագրության ուսուցչուհու  խոսքերը. «Ավտոտրանսպորտին բաժին է ընկնում մթնոլորտի աղտոտման հիմնական մասը»:

Հայաստանում այսօր էլ շատ են  ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում արտադրված ավտոմեքենաները:   Դա նշանակում է, որ երկրի ավտոմոբիլային հավաքակազմը հնացել է, ինչի  պատճառով էլ ավելացել է արտանետումների քանակը: Մենք վատ օդ ենք շնչում, որը  կարող է վատ ազդեցություն  ունենալ մեր  և ապագա սերունդների առողջության վրա:

Վերջին տարիներին քաղաքային փոխադրամիջոցներից դուրս  մղվեց էկոլոգիապես մաքուր տրանսպորտը, սակայն ներկայումս  ձեռնարկվում են միջոցներ` երկրի տրասպորտային համակարգը բարելավելու համար:

Այսպես… Պատուհանից դուրս եմ նայում ու նկատում, թե ինչպես է մի տղա ձեռքի աղբը գցում գետնին: Մի փոքրիկ էլ` տեսնելով,  վազում, վերցնում է թուղթն ու  գցում աղբարկղը: Ես ուզում եմ մարդիկ հասկանան, որ անգամ  փոքրիկ,  անզգույշ քայլով վնասում են բնությունը և մթնոլորտը:

Լուսինե Հարությունյան, ք. Աշտարակ, 16 տ.

***

Մեր գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն ինձ համար կարևոր է, որ մեզ մոտ ժամանցի կենտրոններ բացվեն: Ճիշտ է, կան տեսարժան վայրեր՝ հուշարձաններ, պուրակներ և այլն, բայց  դա  քիչ է, որովհետև  չկան սրճարաններ, կամ ակումբներ, որտեղ մարդիկ կկարողանան հավաքվել ու զրուցել: Կցանկանայի, որ նման վայրեր լինեն երիտասարդների համար, որտեղ նրանք  կանցկացնեն իրենց ազատ ժամանակը:

Արուսյակ Իգնաթևոսյան, գ. Սասունիկ, 16 տ.

 

 ***

Երջանկություն ասվածը յուրաքանչյուրիս ընկալմամբ տարբեր է: Բոլորս էլ  ցանկանում ենք անհոգ և երջանիկ մանկություն  ունենալ: Թվում է` երջանիկ լինելը հեշտ է, բայց ոչ բոլորին է ի վերուստ տրված այդպիսի կյանք:

Ինձ հուզող հարցերից մեկը. եկեք   ուշադրություն դարձնենք այն երեխաներին, ովքեր չունեն իրենց երազած մանկությունը: Ցանկությունս է` միասնական ջանքերով ստեղծել բարեգործական կենտրոններ, որոնք կօգնեն մանկատան երեխաներին ` քիչ թե շատ մանկության երջանիկ օրեր ունենալ: Օգնենք նրանց հասնել գոնե մի երազանքի՝ պարգևելով խինդ և ուրախություն: Կազմակերպենք հետաքրքիր միջոցառումներ, ինչու չէ, նաև ճամփորդություններ դեպի տեսարժան վայրեր՝  նրանց մեկ օրը հիշարժան դարձնելու համար:

 

Մեսրոպ Ալեքսանյան, գ. Կարբի, 16 տ.

 

 ***

Ես շատ եմ տեսնում ծխախոտ օգտագործող չափահաս  մարդկանց,  բայց վերջերս  նկատել եմ, որ  իմ շրջապատում անչափահասները` իմ հասակակիցները, նույնպես ծխում են: Վերջերս դպրոցում  ուշադրությունս գրավեցին երեք տղաներ, ովքեր միշտ ուշացած էին  ներկայանում դասերին: Մտածում էի, որ ուղղակի դանդաղաշարժ են, բայց ավելի ուշ իմացա, որ  ծխում են և  այդ պատճառով էլ ուշանում են դասերից: Ընդամենը տասնվեց տարեկան, բայց օրն  առանց ծխախոտի չեն պատկերացնում  և վնասում  են իրենց առողջությունը: Նրանց պետք է բացատրել, որ դա վատ սովորություն է, որից պետք է հրաժարվեն քանի դեռ շուտ է:

Գևորգ Հովհաննիսյան, գ. Կարբի, 16 տ.

 ***

Ուզում եմ   անդրադառնալ մեր ժամանակների աղտոտված փողոցներին: Ի՞նչ են մտածում այդ մասին բնապահպանական մարմինները: Քայլում ես փողոցով և ամենուր  աղբի ես հանդիպում:  Ուզում եմ, որ համապատասխան վայրերում աղբամաններ տեղադրվեն: Ես ապրում եմ Փարպի գյուղում, որտեղ արդեն մի քանի տարի է, աղբամաններ չկան: Փոխարենը`շաբաթական երկու անգամ, շրջում են աղբահավաք մեքենաներն  ու հավաքում բնակիչների կուտակած աղբը: Իմ  կարծիքով, շաբաթական երկու անգամը  շատ քիչ է, որ  գյուղն ամբողջությամբ մաքրվի: Ցանկանում եմ, որ այդ  մեքենան ոչ միայն կենտրոնական, այլ նաև մյուս` երկրորդական փողոցներին ուշադրություն դարձնի: Ամենուր  կուտակված  աղբը գարշահոտություն է տարածում հատկապես շոգ եղանակին, ինչի  պատճառով էլ երեխաները չեն կարողանում դուրս գալ բակ՝ խաղալու:

Ես շատ եմ ուզում, որ իմ գյուղը մաքուր ու գեղեցիկ լինի :

Սոնա Կարպովա, գ. Փարպի, 16 տ.   

 ***

Ես ապրում եմ Ագարակ գյուղում: Ագարակն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մասին  պետք է խոսել և իրազեկել մարդկանց: Բայց հիմա ուզում  եմ անդրադառնալ մի խնդրի , որը հուզում է և՛ ինձ, և՛ իմ ընկերներին: Դա  ժամանցային վայրերի իսպառ բացակայությունն է գյուղում: Ես և ընկերներս շատ կցանկանայինք, որ մեզ մոտ էլ լինեին կարաոկե-ակումբներ, սրճարաններ, ակումբներ, որտեղ կիրականացվեին տարբեր խաղեր, միջոցառումներ և ծրագրեր:

Կարծում եմ, պետք է համայնքապետարանը  ուշադրություն դարձնի այս խնդրին: Այդ դեպքում, գյուղացիները  իրենց ազատ ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնելու և լիցքաթափվելու հնարավորություն կունենան:

Լենա Խաչատրյան, գ.Ագարակ, 17 տ.

***

Ես քսանամյա Էմման եմ: Ուսանողուհի եմ: Ինձ հուզում են բազմաթիվ երևույթներ, որոնք տեղի են ունենում և դեռ կունենան: Սակայն  ամենից շատ, ինձ հուզում է սովորելուց հետո աշխատանք  չգտնելու  տխուր հեռանկարը:

Ինչպես յուրաքանչյուր ուսանող, ես նույնպես կանգնած եմ այդ խնդրի առաջ: Շատ հաճախ  մտածում եմ. « Բա որ չկարողանա՞մ աշխատանք գտնել, բա, որ չստացվի՞, բա որ այս հինգ տարիները ջուրն ընկնեն»:

Առջևում դեռ երկու տարի էլ ունեմ, բայց արդեն անհանգստանում եմ: Պատճառն այն  է, որ շատ-շատերը մնում են առանց մասնագիտական աշխատանքի և այլ գործերով են զբաղվում: Իսկ ո՞ւր մնաց  այդ չորս-հինգ տարիների տքնաջան աշխատանքը, սովորելը  և գիտելիքները: Ինչքան էլ ասենք, թե կարևորը ուսում ստանալն է, բայց երբ չես ունենում համապատասխան գործ, այդ տարիները մի տեսակ ապարդյուն են թվում: Եվ ի՞նչ անել:

Հուսալով շարունակել մնացած երկու տարի՞ն, թե՞ թողնել, որ հիասթափությունը հաղթանակի:

Էմմա Թովմասյան, ք, Աշտարակ, 20 տ.