Ինչ է ինձ համար 17.am-ը խորագրի արխիվներ

mane antonyan

Երազանքներն իրականանալ են սիրում

Տասնմեկ կամ տասներկու տարեկան էի, երբ առաջին անգամ ձեռքս ընկան «Խաբարբզիկի» համարներից մի քանիսը։ Մի տասը հատ կլինեին՝ բոլորը գունավոր, նկարազարդ, գեղեցիկ ու հետաքրքիր։ Փոքր էի (համենայն դեպս ինձ փոքր էի համարում) ու էդպես էլ մի քանի տարի ձեռք չտվեցի դրանց։ Ուղղակի պահում էի։ Ինձ մոտիկ մարդկանցից մեկն էր նվիրել ու ասել, թե ինչքան թանկ են իր համար, այդ պատճառով էլ դարակումս առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում։

Մի քանի տարի էր անցել, ու մեկ էլ, չգիտեմ ինչու, որոշեցի կարդալ ամսագրերը։ Ամառ էր, ազատ ժամանակս՝ շատ։ Մի քիչ նախատրամադրվածությամբ սկսեցի կարդալ, որովհետև ինձ թվում էր՝ հեղինակները պրոֆեսիոնալներ են, բայց երբ կարդացի ու տեսա, որ գրողները հիմնականում 13, 10 կամ էլ, ասենք, 9 տարեկան ինձ նման երեխաներ են, զարմացա։ Իմ հասակակիցների զգացածն ավելի հեշտ էր հասկանալ։ Իմ ձեռքում մի «գիրք» էր, որտեղ անգամ նկարազարդումները պատկանում էին իմ տարեկիցներին։ Ես հիացած էի՝ տեսնելով, թե ինչի են ընդունակ երեխաները, երբ նրանց ուժերը ճիշտ են օգտագործվում։

Յուրաքանչյուր համարի վերջին էջը նվիրված էր երեխաների կամ մանկության մասին հայտնի մարդկանց մտքերին։ Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ երեխաները պատմում էին իրենց հետ կատարված դեպքերն ամենապարզ ձևերով, ամեն ինչ նման էր սովորական առօրյա զրույցի, բայց նյութերն անսովոր գրավիչ էին ստացվում։ Հենց դա էր «Խաբարբզիկն» ինձ համար դարձնում արժեքավոր ։

Ես և՛ ցանկանում էի գոնե մեկ անգամ տեսնել իմ անունը «Խաբարբզիկում», և՛ նախանձում էի (եթե բարի նախանձ գոյություն ունի, ուրեմն բարի նախանձով) այն երեխաներին, ովքեր համագործակցում էին «Մանանայի» հետ։ Ես երազում էի իմ որևէ աշխատանքով (լուսանկարով, նյութով, որը պատրաստ էի գրել, եթե իմանայի՝ ինչպես այն ուղարկել, կամ էլ իմ նկարներով) տեղ գտնել «Խաբարբզիկի» որևէ համարում, բայց ես դեռ համացանցից օգտվելու մեծ փորձառություն չունեի ու չէի պատկերացնում, թե ում կարող եմ օգնության դիմել ցանկությունս իրականություն դարձնելու համար։

Մի օր էլ, երբ քույրս սկսեց գրել «Մանանայի» համար, ես հասկացա, որ արդեն եկել է երազանքս իրականություն դարձնելու ժամանակը։

Հ.Գ. Երազանքս կատարվեց 2016 թվականի մայիսին։

anush davtyan

Ամենատասնյոթ

Ինչ ասես, որ չէր եղել, ինչի մասին ասես՝ կարող էի գրել, բայց բառերը չէին գալիս։ Լիքը-լիքը դեպքեր են կուտակվել, բայց ես դեռ չեմ անդրադարձել դրանց։ Ու եթե չամբողջացնեմ, իրար գլխի չբերեմ, երևի այդպես կիսատ էլ մնան հեռախոսիս նոթատետրում, իսկ հետո գնան արխիվ, երեսուն օրից էլ ինքնուրույն ջնջվեն հեռախոսի ու իմ հիշողությունից։

Ուզում էի պատմել, թե ոնց եմ մեղր հավաքելու գնացել Սարուխանում։ Ուզում էի գրել, նկարագրել, թե ինչ ենք արել, ու ինչեր են ինձ պատմել մեղվապահների տետրերի մասին։ Թե ոնց են կոդավորում բառերը, օրինակ՝ «Մ»-ն մայր մեղուն է, «Ն»-ն՝ նոր մայրը փեթակում։ Եթե մայրը չի բեղմնավորում ձվերը, իրան «խատցնում են»։ Բայց «ատլիչնիկ» փեթակներ էլ կան, որ լիքը մեղր են տալիս։ Հետո ուզում էի գրել, որ ինձ համար հատուկ մեղր քամեցին այնպես, որ մեղրամոմը հետը լինի։

-Բեր, թո ուտա, դրել ես վիստավկա՞- էս խոսքերից հետո գդալով մեղր էի ուտում ու ինձ արքայավայել էի զգում։ Իսկ հետո էլի երեխու պես, որովհետև «ազզ ջան», «բալես», «խերս» բառերից հետո ոչ մեկն էլ իրան մեծ չի զգա։ Էս ամեն ինչը ուզում էի պատմել, բայց հարմար բառեր չէին գալիս։

Ուզում էի մեկին պատմել, կիսվել էն ուրախ բանով, որ լուսաբացին արթուն էի ու սիրուն-սիրուն բաներ էի տեսել ու զգացել։ Բայց էդ ժամին արթուն մարդ չկար։ Եվ ուղղակի գրեցի։ Գրեցի, որ արմունկներով հենվել էի պատուհանի գոգին, ինչքան  ուժ ունեի, գլուխս դուրս էի հանել, որ ներքևից ավելի շատ գա թարմ կարկանդակների հոտը։ Եթե էլի ինչ-որ հոտ կար տարածքում, լրիվ զրոյացել էր սրա բույրի դիմաց։ Մի քիչ հոտը քաշեցի քիթս, տրամադրությունս բացվեց, որոշեցի, որ պիտի «թույն» նկար անեմ էս առիթով։ «Թույն» նկար չստացվեց։ Հետո ուղղակի նայում էի դիմացի շենքին ու մտածում էի, որ մամային ասեմ՝ առավոտը վեցին լույս է արդեն։ Հա էլի, լավ էլ լույս էր, ամեն ինչ երևում էր։

Հետո դեպք եղավ, ահավոր ուրախ ու տարօրինակ դեպք։ Դե, բոլորն էլ ծանոթ են էն երևույթին, թե ոնց են տղաները փորձում ծանոթանալ աղջիկների հետ։ Շատ ռոմանտիկ նամակներ են գրում, թե ոնց էդ աղջիկը գերեց իրենց հենց առաջին հայացքից՝ պրոֆիլի նկարին գցած, թե ոնց իրենք մոռացան բոլորին ու «մաքուր» նպատակներով զինված՝ կենտրոնացան մենակ մեկի վրա։ Բայց ինձ տղա չէր գրել։ Ինձ Անուշն էր գրել, էն էլ՝ Դավթյան։ Շահումով էր։ Ասում էր, որ ծանոթանանք. հետաքրքրել եմ իրեն երևի։ Դե, նույն անունն ունենք, նույն կայքին ենք թղթակցում, բայց ինքը՝ Իջևանից, ես՝ Գավառից։ Ուզում էի մեկին էն ձևով պատմել, որ զգա, թե ինչ ուրախ եմ, որ վերջապես ես էլ մի տեղ կօգտագործեմ «Անուշի հետ եմ» արտահայտությունը։ Ով հետս էր եղել, բոլորն ասել էին, մենակ ես էի մնացել։ Չնայած փաստացի Անուշը ես եմ, իմ անբաժան մասը, բայց հո մամայի հարցին, թե ուր ես, չե՞մ ասի՝ բազմոցին պառկած եմ հետս։ Իսկ հիմա գտել եմ ուրիշ Անուշ։ Ինքը կա ինձնից անկախ ու հեռու, ուրիշ մարմնում ու դասերից ազատ ժամանակ նաև ուրիշ քաղաքում։ Բայց հենց մի տեղ իրար հետ լինենք, երկուսս էլ «Անուշի հետ» կլինենք։

Իսկ մինչ լավ հոդված գրելու համար խրախուսական մրցանակ սահմանվեց, որ ակտիվանանք, նոր նյութեր ուղարակենք 17-ին, ես անհույս փորձում էի այնպիսի ցնցող բան գրել, որ հավանեն։ Էդ հերիք չի, մի բան էլ 17-ի էջի վերևում փակցնեն, որ միշտ առաջինը էդ երևա։ Փորձում էի բոլորին հուզող թեմա բարձրացնել, որ ասեն՝ հա՜, էս ինչ լավ ա գրել, հալալ ա էս աղջկան, լրիվ սրտիցս էր։ Բայց էս պատմության մեջ «անհույս» բառն էր գլխավորը, որովհետև մտքիս բան չեկավ կամ էլ չկենտրոնացա նորմալ։ Ավելի շատ ոչ թե հոդվածիս մասին էի մտածում, այլ չակերտների գործածության, որովհետև ամեն գրածիս մեջ պարտադիր մեկից ավելի բառեր կան, որ չակերտավոր եմ գրում. կամ ուղիղ իմաստով չեն, կամ էլ բարբառային կամ ժարգոնային են։ Հիմա եթե հաշվեք, տասներեք հատ արդեն կգտնեք մենակ էս հոդվածում։

Էս ամեն ինչը երևի էնքան էլ հետաքրքիր չի։ Ավելի հավեսով կկարդաք, օրինակ, կանգառում լսածս խոսակցությունը։

-Բա վերջում ո՞ւր էիր գնացել։

-Քյավառում էի։

-Ըտեղ լավ ծախվո՞ւմ էին նկարներդ։

-Գնալուց առաջ լրիվ արաղի շշեր էի նկարել։

Էդքանից հետո երթուղայինս եկավ, բայց դե քյավառցու արյունը միշտ կքաշի, էլի, շատ եմ էդպիսի խոսակցություններ լսում։ Կամ էլ սերիալների մեջ եմ հանդիպում, որ խուլ ու մոլորված մի բան եթե նկատի ունեն, անպայման Քյավառ են ասում։ Իրականում էդքան էլ մոլորված չի մեր քաղաքը։ Հա, ՔԱՂԱՔ ենք մենք, ոչ թե գյուղ, ոնց մեր ներքևի հարևանն է կարծում։ Վերջիվերջո տասը մարզկենտրոններից մեկն ենք, աշխարհագրության դասատուն էլ կասի, կարող եք հարցնել։

Հա, «Բառախաղ»-ը մոռացա։ Ամսի տասին «Հայաստան» համահայկական հիմնադրամը առաջնություն էր կազմակերպել, հաղթող զույգի մեկ տարվա ուսումնական վարձն էլ իր վրա էր վերցրել։ Որ ասում էին՝ որտեղ է լինելու, ասում էի՝ Սիրահարների այգում։ «Սիրահարների այգի» ու «զույգ» բառերի համադրությունն էլ մամայի մոտ առաջ էր բերում «ընկեր» ահազանգը։

-Հետդ տղա՞ պիտի լինի։

-Չէ, մա՛մ, կուրսիս Մերին ա լինելու։

Ցանկացած հեռախոս, լինի կոդով, թե առանց կոդի, թողնում է, որ 911 զանգահարես։ Այսինքն՝ հեռախոսի ծրագրում գրված է, որ 911-ից կարևոր ու վտանգավոր բան չկա։ Ըհը, մամայի մոտ էլ իմ ընկերոջ խնդիրն է, էլի։ Էտ վտանգը ինձ չի սպառնում, հանգիստ անցանք հաջորդ թեմային։ (Մա՛մ, որ կարդաս, չջղայնանաս, խնդրում եմ։ Ասում, խոսում, կատակում ենք։)

Չակերտները դարձան տասնյոթ, իսկ մենք առաջ ենք գնում։

Երկար գրողները որ ասում են, է, թե եթե էսքան ժամանակ տրամադրեցիք ու գրածս կարդացիք, շատ շնորհակալ եմ, քչերն են աչքի անցկացնում երկար նյութերը։ Կամ էլ ասում են՝ եթե էսքան կարդացիք ու հավանեցիք, մերսի ձեզ շատ, ձեր կարծիքը շատ կարևոր է ինձ համար։ Բայց ոչ ոք երաշխիք չի տա, որ ուղղակի չեք թռել մի քանի տողի վրայով կամ մենակ նկարս տեսնելով չեք հավանել հոդվածը։ Հիմա տենդենց կա գրելու, ով ասես՝ ինչ ասես, որ չի գրում։ Չի բացառվում, որ իմ մտքերն էլ ապուշություն կթվան։

-Tastes differ, different people like different things,- անգլերենի հերթական դասին ասաց դասախոսս, իսկ ես հիշեցի ու երևի էլ չմոռանամ։

Էսօր տասնյոթով կեզրափակենք։ Լիլիթն ասում էր, որ մի տեսակ սիրուն բան կա էս թվի մեջ։ Կայքը՝ 17, նույնքան էլ չակերտներ։ 17 հատ մեջբերում ու բացատրություն ու փոխաբերություն։

Դե, մինչ նոր հանդիպում 17-ի հետ։

iza Astsatryan

Մեկ տարի 17-ի հետ

2016 թվականն էր, երբ դարձա 17.am-ի թղթակից ու սկսեցի կիսվել հետաքրքիր պատմություններով: Հիշում եմ՝ առաջին հոդվածիս համար ջանք ու եռանդ չէի խնայել, որպեսզի հետաքրքիր ստացվի ու չվրիպի ոչ ոքի աչքից: Առաջին հոդվածս հրապարակվել էր 2016 թվականի սեպտեմբերի 7-ին: Այդ հոդվածից հետո երկար ժամանակ հոդվածներ չէի գրում, բայց հետևում էի մյուս թղթակիցներին: 2016 թվականին շատ պասիվ թղթակից էի, նախկին ակտիվությունս վերականգնեցի 2017 թվականին:

Մտնելով 17.am-ի աշխարհ, հաճախ էի հետաքրքիր պատմություններ որոնում, իսկ իմ պատմությունների հերոսներն իրենց յուրահատկությամբ էին աչքի ընկնում և ընտրվում: Իրոք, 17.am-ից շատ բան եմ սովորել, այդ թվում՝ հետաքրքիր կադրեր որսալը: Հույս ունեմ, որ 17.am-ում ինձ դեռ երկար տարիներ են սպասվում:

17.am-ը ինձ հնարավորություն տվեց իմ նյութերն ավելի հետաքրքիր դարձնելու և հրապարակելու, հնարավորություն տվեց գրելու իմ սիրելի երաժշտական խմբի մասին, ֆուտբոլային հանդիպան մասին, իմ ընկերների մասին:

17.am-ի շնորհիվ ձեռք ես բերում մեծ լսարան, որն անհամբեր սպասում է քո հոդվածներին, լուսանկարներին: Ընկերներիս ասելով՝ մեծ ոգևորությամբ են կարդում իմ գրած հոդվածները, կարդում են, տարածում ու մեկնաբանում: Վերջերս էլ դասարանցիներով նստած տարբեր թեմաներից էինք խոսում, խոսքից խոսք բացվեց, ու դասընկերուհիներիցս մեկը՝ Էլլադան, ասաց.
-Իզա, ես քո գրած հոդվածները հատ-հատ կարդացել եմ:
-Էս վերջերս հոդված էիր գրել ձեր փողոցի երեխաների մասին, միակ բանն էր, որ չնայած երկար էր՝ դրեցի ու կարդացի մինչև վերջ,- ասաց Նարեկը:

Շատերն են ասում, որ գնալով հոդվածներիս մեջ համն ու հոտը շատանում է: Իսկ ես սովորել եմ իմ սիրելի լսարանի համար նստել ու հավեսով հոդված գրել:
Գիտեք, շատ հետաքրիր է նաև այն, որ շատերը թղթակից են դառնում հենց մեր հոդվածները կարդալուց հետո: Այնպես որ, եթե դու ունես հետաքրքիր մտքեր, հրաշալի լուսանկարում ես, բայց դեռ հնարավորություն չես ունեցել դրանք հրապարակելու և շատերին հասանելի դարձնելու, դարձիր թղթակից և հրապարակիր դրանք:

Իսկ վերջում, կասեմ շնորհակալություն՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու համար, կշարունակեմ մնալ շա՜տ ակտիվ, սպասեք նոր հոդվածների:

arman arshak

Ինձ բացակա չդնեք

Բարև՛, սիրելի՛ ընթերցող, արդեն շատ վաղուց է, ինչ չէի գրել: Երկար ժամանակ է, ինչ թուղթ ու գրիչս չէի վերցրել ու առանձնացել մերօրյա իրականությունից: Դե, բնականաբար, բացակայությունս իր հարգելի պատճառներն ուներ:

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ թղթակցում եմ 17.am-ին: Այս մեկ տարվա ընթացքում հաճախ փորձել եմ գրել այն մասին, թե ինչ տվեց 17.am-ը ինձ, սակայն միշտ անհնար է եղել բառերի միջոցով այդ ամենը հանձնել թղթին:

Անհնար է բառերով գրել ընկերների այն մեծ բանակի մասին, որոնք թանկ են դարձել ինձ համար և կազմում են առօրյայիս մի մասը: Երբեք չեմ մոռանա այն զգացողությունը, երբ «Ընկերներ, ովքեր փոխեցին դիրքորոշումս, կամ առաջ ու հետո» հոդվածս տեսա թարգմանված անգլերեն՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի պաշտոնական կայքէջում:

Միշտ կհիշեմ «Կինոյի շենք» հոդվածիցս հետո կատարվող արձագանքների իրադարձությունն ու փողոցում հաճախ մարդկանց գնահատականները՝ ինձ ճանաչելիս: Միշտ կհիշեմ, թե ինչ հպարտ էի ինձ զգում, երբ զանգ ստացա հոդվածիս հերոս Լադոյի թոռնիկից, որն ասաց, որ Լադոյի համար կարդացել է իմ հոդվածը: Այս ամենն այնքան անբացատրելի է, սա մի չնչին մասն է այն զգացողությունների, որոնք ապրել եմ 17.am-ի հսկայական թիմի շնորհիվ:

Այսուհետ բացակայությունս այսքան երկար չի տևի: Ձեզ հետ էր Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի հարյուրավոր երջանիկներից մեկը:

shushan stepanyan portret

Սեպտեմբերի մեկ

Մի տարի առաջ այս օրն ինձ համար դարձավ սկիզբ, բայց ոչ այն սկզբներից, որ ունեցել եմ այդ օրը մանկապարտեզ, դպրոց կամ համալսարան գնալիս:

Անցյալ տարի այս օրը ես մի նոր ընտանիք մտա, դարձա «Մանանա»-ի անդամ ու «Մանանա»-ի մի մասը: Բացում եմ կայքն, ու առաջին նյութս արդեն դրված է: Քիչ հետո զանգում են ընկերներս, մարդիկ, ովքեր ուրախացել էին այնքան, որքան ես հենց այդ վայրկյանին: Ֆեյսբուքյան իմ էջում եմ դնում առաջին նյութս, շատ-շատերն են հավանում, ու ես ոգևորվում եմ, ինչ-որ պահի էլ հասկանում, որ երևի կարողացել եմ: Ու նույն ոգևորությունն է մոտս մի տարի հետո անգամ, ու անչափ ուրախ եմ, որ ես տասնյոթցիներից մեկն եմ, որ իմ խոսքն էլ գույն ու ձայն ունի, որ լսելի է:

Իհարկե, շատ անգամներ, երբ իմանում էին, որ նյութեր եմ գրում, կարդում էին ու ոչ մի հիացական կամ թեկուզ ոգևորող բառ ինձ չէին ասում: Դե, ինչ-որ տեղ բնական էի համարում դա, ուղղակի որոշ մարդիկ մտածում էին, որ պապիկի, հանդուրժողականության կամ ասենք, սիրո, հույզերի մասին գրելը շատ սովորական մի բան է, ու բոլորն էլ կարող են գրել: Ոմանց համար զարմանալի էր, որ իմ պարզ ու հասարակ նյութերը ինչ-որ կայքում են տեղադրվում, բայց իրենց ծանոթ մեկ այլ աղջիկ, որ գրում է. «Իմ սո՛ւրբ հայրենիք, դու իմ օրրանն ես» կամ օրինակ՝ «Զմրուխտ դաշտերի ու ոսկեզօծ արևի միջից ժպտում է լուրթ երկինքը», ինչո՞ւ նրա գրածները չեն տպվում, չէ՞ որ նա ավելի մեծ բառապաշար ունի, ավելի ճոխ է գրում, քան ես, երբ գրում եմ պապիկիս արցունքների ու իմ ապրումների մասին: Ու հենց այդ հնարավորությունը տվեց ինձ «Մանանա»-ն. գրել իսկականը, մաքուրը, այն, ինչը սրտաբուխ է, առօրեական, հասարակ մարդուն պատկանող, մարդուն մոտ կանգնած:

Օրն ինձ համար իսկական տոն դարձավ, ոչ նման այն տոներին, որ տոնում են բոլորը, որ բոլորինն է, այլ այն, որ հենց քոնն է:

Մի տարի է արդեն, ինչ ես մի մասն եմ տասնյոթի մեծ ու բարի ընտանիքի, որտեղ բոլորն իրար գիտեն, թեև հաճախ ոչ մի անգամ իրար չեն հանդիպել, որտեղ բոլորը միմյանց նյութերն են կարդում, իրարից բաներ սովորում, ունենում արդեն հարազատ ոճով գրող թղթակիցներ: Հիշելու բաներն այնքան շատ են՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ փոխվեց կամ ինչ տվեց 17-ն ինձ: Բայց ամենից շատ՝ անհրաժեշտ վստահությունը: Մի բան է՝ գրել քեզ համար տետրումդ, մի թերթի վրա, կարդալ ինքդ քեզ համար կամ առնվազն ընկերներիդ մոտ, մի ուրիշ բան՝ գրել ու վստահել մտքերդ անծանոթներին՝ վախենալով, որ գուցե նոր բան չես ասում, գուցե մտքերդ այդքան էլ հստակ ու ճիշտ չեն շարադրված: Իսկ հիմա ինչ էլ որ գրում եմ, եթե անգամ երկու-երեք տողանոց մի միտք է, բառերս վստահ են, մտքիս ու զգացածիս հետ համահունչ: Սա տասնյոթի անդամ լինելն է, «Մանանա»-ի ուժն է:

Ու հարազատ դարձան ինձ դեմքեր, որոնք ընդամենը նյութերս կարդում, խմբագրում ու ուղղություն էին ցույց տալիս:

Շնորհակալ եմ. օրս, իրոք, տոն է:

Astghik Hunanyan vayots dzor

Մենք կանք

Արթնացա զարթուցիչի անբարեհաճ ձայնից: Մի կերպ բաժանվելով մահճակալիցս՝ հագա առաջին պատահած հագուստը, լվացվեցի, ինչպես միշտ՝ գոլ ջրով, սանրեցի գզգզված մազերս ու քթիս տակ ինչ-որ բառեր մրթմրթալով՝ քայլերս ուղղեցի դեպի խոհանոց: Հերթը էլի թեյինն էր. կրկնեցի արդեն ձեռքերիս սովոր գործողությունները՝ պատրաստեցի թեյը, խմեցի ու հագնելով փոշոտ կոշիկներս՝ դուրս եկա տնից: Չէ, մի րոպե, հետ ենք դառնում՝ ականջակալներս եմ ինչպես միշտ մոռացել:

Վերցրի ականջակալներս, միացրի Imagine Dragons-ի երգերից մեկն ու քայլում եմ: Չգիտեմ էլ՝ ուր եմ գնում, ոտքերս ինձ դեպի շուկայի փողոց են տանում, երևի ինչ-որ հետաքրքիր բան տեսնելու ակնկալիք ունեմ: Ձեռքիս տետրեր են, առանց խուփի գրիչ, որ անուշադրությանս պատճառով ամբողջ ձեռքերս թանաքոտել է: Հեռախոսս էլ, որ ֆոտոխցիկի տեղ է ծառայում՝ մյուս ձեռքիս է՝ սպասում է, որ սովորականից մեծ աչքերս ինչ-որ հետաքրքիր բան տեսնեն մարդկանց բազմության մեջ, նկարեմ:

Մի խումբ ավտոմեքենաներ սլանում են փողոցներով՝ մոռանալով, որ լուսակիր գոյություն ունի, մի խումբը դանդաղ է վարում, որ ճանապարհային ոստիկանները չտուգանեն, մի խումբ վարորդներ սպասում են, որ լուսակիրը զմրուխտի գույն ստանա, որպեսզի շարունակեն երթևեկությունը՝ մատները ավտոմենքենայի ղեկին նյարդային տկտկացնելով, մերթընդմերթ էլ ձեռքով ճակատի քրտինքը սրբելով. կամ իսկապես ինչ-որ շատ կարևոր տեղ են շտապում, կամ էլ ուղղակի շոգում են: Բոլորն են շոգում՝ կանայք արագ-արագ հովհարը շարժելով քայլում են՝ ինչ-որ բաներ բամբասելով, օրինակ՝ երկու օր առաջ էսինչն էր մահացել, բայց նրա հորաքրոջ ամուսնու հարևանի ջահել հարսի պապիկի եղբորորդու բանակի ընկերոջ սանիկի եղբայրը թաղմանը ներկա չի եղել, կամ ասենք՝ Պողոսը նոր լվացքի մեքենա է առել, հաստատ «մութ» գործերի մեջ է: Տղամարդիկ էլ շոգելով ուղիղ փողոցի մեջտեղում կանգնած «պատերազմի» մեջ են, իրարից ինչ-որ պարտքեր են պահանջում, կամ էլ իրենք էլ են իմացել, որ Պողոսը նոր լվացքի մեքենա է առել, բուռն քննարկում են, էլի: Իսկ տղաները Պողոսի դարդին չեն, ուղղակի սփիները պտտացնելով մի խումբ աղջիկների հետևից են գնում, համենայնդեպս՝ տպավորությունն այդպիսին է: Մի խումբ մարդիկ էլ անտարբեր, դատարկ հայացքներով շարժվում են տարբեր ուղղություններով: Իսկ տատիկնե՜րը, մի քանի ամիս թոշակ չստացածի դեմքով դեպի շուկա են գնում՝ մեկ սեփական հարսին թողած հարևանի հարսին գովելով, մեկ Իչայի ու Վիրի կյանքը քննարկելով, մեկ էլ շոգից են բողոքում:

Շուկայի մոտ եմ. մի քանի տղամարդիկ ձմերուկ են գնում՝ այն ականջի մոտ պահելով ու մատներով տկտկացնելով, իբր այդպես կհասկանան՝ իսկապես հասած ու քաղցր է, թե վաճառողը խաբում է: Վաճառողն էլ ի՞նչ անի, արևից վառված ու սևացած դեմքով սպասում է, մինչև կորոշեն գնել ու տուն տանելու գումար կաշխատի: Թռչուններն էլ են շոգում. ձևի համար մի հատ թռչուն չես տեսնի երկնքում, դե, բնական է, ով էլ մի քանի վայրկյան էս շոգին երկնքում մնա, «ժարիտ» կդառնա:

Ախ, այո, մոռացա ներկայանալ. բարև, ես Աստղն եմ, Հայաստանի սովորական, անչափահաս քաղաքացի, որն արդեն 3 ամսից ավելի է՝ թղթակցում է ոչ սովորական մի կայքի՝ 17.am-ին, որի խոսքն արդեն լսելի է, որն ունի ազատ արտահայտվելու, ապրումներն ու զգացումները իր նման հազարավոր պատանիների ու մեծերի հետ կիսելու հնարավորություն: Էլ իմաստ չունի ասելը, թե ինչքան է ինձ փոխել «Մանանան», բայց մեկ է՝ կասեմ: Մինչ պատանի թղթակից դառնալը ես պատկերացում էլ չունեի, որ աշխարհին կարելի է նայել ուրիշ աչքերով, որ կարելի է ուշադրություն դարձնել շուրջդ տիրող անգամ աննշան երևույթներին, սկսեցի արժևորել ու գնահատել ամեն մի մանրուք, անգամ մեր թաղի Սուրեն պապի «դու ես պնդո՞ւկ, թե՞ ախպերդ ա պոպոկ» հարցը, անգամ Վանիկ պապի «անհամ» ավտոմեքենան, որի ձայնը մեկ-մեկ ավելի շուտ է արթնացնում ինձ, քան զարթուցիչի կամ տատիկիս սերիալների ձայները, մեր քաղաքի բարբառն ու հին տները, որոնք ավելի գրավիչ են դարձել իմ աչքերում, քան նոր կառուցված շենքերն ու գրական խոսքը: Սկսել եմ ապրել, մտածել, պրպտել, անտարբերությունս էլ իր տեղը զիջել է հետաքրքրասիրությանս: Մինչ թղթակից դառնալն ու վորքշոփին մասնակցելը կարծում էի՝ ինչ-որ անիմաստ բառերով փիլիսոփայելն ավելի լավ է, քան ամենահասարակ բառերով ուզածդ ներկայացնելը, դեռ այդքան չէի սխալվել: Ես անգամ մարդկանցից էի վախենում՝ բոլորից, մի քանիսն էլ ինձ «մուկ» էին անվանում դրա համար, հետո կամաց-կամաց սկսեցի բացվել, խոսել, երևի ֆոտոարշավներն օգնեցին, չէ՞: Արդեն ազատ, առանց ձայնս դողացնելու կարող եմ հարցնել՝ թույլ կտա՞ք ձեզ նկարեմ, ու մերժվելուց չնեղվել էլ եմ սովորել: Հիմա բոլոր հեռու թե մոտիկ բարեկամներս, հարևաններս, ընկերներս, դպրոցս, անգամ կանգառում միշտ նստած պապիկները, որոնց մի քանի անգամ նկարել եմ, բոլորն ինձ որպես լրագրող են ճանաչում, դե՝ պատանի թղթակից: Ովքեր նյութերս կարդում են, ասում են՝ աննորմալ եմ, որ այդպես ազատ գրում եմ, որ նյութերումս խոստովանում եմ՝ անփույթի մեկն եմ, կամ որ սենյակս Անիի ավերակներին է նման. դուռը բացես՝ ինչ ասես գլխիդ կընկնի, բայց նաև ասում են՝ լավ աննորմալ եմ: Բոլորը գովում են, չնայած՝ այն ժամանակ էլ էին գովում, երբ անիմաստ բառերն իրար էի կպցնում՝ էնքան որ հանգերը բռնեն, ու բանաստեղծություններ գրում:

Կա աշխարհում Բեյքըր Սթրիթ, բնակարան 221 Բ, կա Բեքըն Հիլլս ու «գիշերն անչափահասներին արգելվում է անտառ մտնել» ցուցանակով անտառը, կա Ռիվերդեյլ քաղաքը, որն էլ երբեք առաջվանը չի լինի, ու կա Մաշտոցի 45 Ա, բնակարան 40՝ Հայաստանի սիրտը: Միլիարդավոր երեխաներից կամ ես, կաս դու, ու կան մյուս հազար թղթակիցները, կան լրատվամիջոցներ, կա Շամշյանն ու կա «Մանանան»: Կա տասը մարզ, 48 քաղաք, 953 գյուղ ու այնտեղ ապրող իմ ընկերները, ու կան միլիարդավոր քննարկված թեմաներ ու միլիարդավոր էլ թեմաներ, որ քննարկման են սպասում: Մի տեսակ հպարտանալու տեղիք է տալիս, չէ՞, լինել 17-ի մեծ ընտանիքի փոքր անդամ, ներկայացնել քո մարզը, քո գյուղն ու քո քաղաքը, քո ընտանիքն ու քո խնդիրները, ներկայացնել՝ համոզված լինելով, որ քեզ լսելու են…

-Աղջիկ ջան, մի կողմ գնա, անցնենք, չես տեսնո՞ւմ, որ փակում ես մեր ճանապարհը, էս ինչ սերունդ ա, տո,- ասաց մի կին՝ բարձր գոռալով:

-Մենք էն սերունդն ենք, որ ասելու բան ունի:

Դժգոհ էր, գուցե իր համար անհեթեթություն թվաց ասածս, ինչևէ, տուն եմ վերադառնում, էլի Imagine Dragons-ը, էլի նույն փողոցներն ու էլի Պողոսը: Վայ չէ, Պողոսը չի, էս անգամ Պետրոսն է, ասում են՝ համակարգիչ է գնել: Քննարկում են…

araqs azizyan

Դե, վերցրու թուղթն ու գրիչը

Ես այս անգամ եկել եմ քեզ մի կարևոր բան ասելու:

Երևի դու էլ զգացած կլինես, թե ինչքան շատ ենք մենք: Մենք ասելով՝ նկատի չունեմ մենք՝ հայերս: Չէ, ուզում եմ ասել՝ մենք՝ 17-ցիներս: Ամեն մի տանը մի թղթակից կա: Նայիր Հայաստանին՝ իր մարզերով, գյուղերով ու քաղաքներով, դրանք էլ՝ իրենց տներով, շենքերով, ու դու պատկերացրու այդ բոլոր տներում մի 17-ցի: Եթե կա մի տուն, որտեղ թղթակից չկա, հաստատ կարող եմ ասել՝ հիմա մեկը վերցրել է թուղթն ու գրիչը և ուզում է 17-ցի դառնալ:
Հա, ասեմ՝ դու հաստատ կարող ես: Եթե հիմա մտածում ես, որ կարող է չհավանեն նյութդ, մտածեն՝ վատն է, չէ, սխալվում ես, եթե անգամ չկարողանաս, հաստատ իմացիր՝ ձեռքդ կբռնեն, ու դու առաջ կգնաս:
Գիտես՝ ինչքան է եղել, որ նյութս չի տպագրվել, ասել եմ՝ վերջ, էլ չեմ գրելու: Բայց նորից վերցրել ու գրել եմ, որովհետև դադարել 17.am-ին թղթակցելուց անհնար է: Հետո, երբ նյութդ տպագրեն, ես գիտեմ՝ ինչքան կուրախանաս, որովհետև հենց տեսնում եմ նյութս տպագրված, ամբողջ աշխարհն իմն է լինում: Կսովորես ամենափոքր գաղափարն էլ զարգացնել ու մի լավ ֆիլմ, ֆոտոշարք կամ նյութ ստանալ: Էսքանին գումարեմ մի բան էլ. եթե դու շատ ես սիրում շփվել ու նոր ընկերներ ձեռք բերել, ուրեմն ասեմ, որ ճիշտ ճանապարհին ես: Էնքան կարևոր մարդկանց է տվել 17-ը ինձ, որ եթե սկսեմ թվարկել, շատ ժամանակ կանցնի:
Դե, ինչ ասեմ, արագ վերցրու թուղթն ու գրիչը ու սկսիր, բոլորը քեզ են սպասում:

Շնորհակալ եմ «Մանանա» թիմին՝ ամեն ինչի համար:

gohar hakobyan (ararat)

Ես 17-ի թղթակից եմ

17.am կայքի մասին առաջինը Արաքսից եմ լսել: Ինձ պատմել էր իր գրած նյութերի ու կայքի մասին: Միշտ մտքումս էր Արաքսի ասածները: Ուզում էի ես էլ գրել, բայց համարձակություն չունեի, ավելի շատ ամաչում էի:

Ամեն օր բացում էի 17-ի էջը, նայում, կարդում թղթակիցների հոդվածները ու սովորությանս համաձայն բարձր մտածում.
-Կարո՞ղ ա ես էլ փորձեմ… Հը՞ն, չէ, Գոհար, գժվեցի՞ր: Դու ի՞նչ գիտես, երկու բառ չես կարողանում իրար կապել, ուր մնաց՝ հոդված գրես, հա, բա չէ՞:
Սա էր իմ պատասխանը այդքան մեծ ցանկությանս:
Ապրիլ ամիսն էր, լավ հիշում եմ, սովորականի նման համակարգչի առջև նստած կարդում էի 17-ի նյութերը, ու հանկարծ դողացող ձեռքս փորձեց նամակ գրել: Մտա 17-ի ֆեյսբուքյան էջը, նամակ գրեցի, որ ես էլ եմ ուզում թղթակից դառնալ: Չհասկացա, թե ոնց, բայց էնքան ինքնավստահ էի գրում, ես ինքս էլ զարմացել էի:
17.am-ը տվեց իր էլ.փոստի հասցեն: Ես նյութ ուղարկեցի ու անընդհատ ինձ նույն հարցն էի տալիս՝ ինչո՞ւ արեցի: Բա որ չհավանե՞ն, ինչ ամոթ ա, Գոհար…
Մի քանի օր անց նամակ եկավ…17.am-ից էր: Նյութս որոշել էին տպագրել: Ուրախությանս չափ չկար: Այնքան էի ուրախացել, որ բոլորին պատմում էի՝ ծանոթ լիներ, թե անծանոթ: Սկսեցի գրել մի կողմ թողնելով վախերս ու ամաչկոտությունս (չնայած այն միշտ ինձ հետ է):
Շնորհակալություն քեզ 17.am, որ թույլ տվեցիր  ինձ ներկայանալ և գնահատեցիր աշխատանքս:

Ես քեզ սիրում եմ…

lilit khlghatyan portret

Հայաստանն իմ ընկերներն են

Սխալ է մտածել, թե մարդիկ իրար սիրելու համար պետք է անպայման ճանաչեն իրար: Հաճախ սերը ծնվում է հեռավորության մեջ, կապելով մարդկանց հոգիները:

Ես ուրախ եմ, որ 21-րդ դարում կա ինտերնետը, այն հնարավորություն է տալիս ինձ կապ պահպանել ընկերներիս հետ` Հրազդանից մինչև Սյունիք, Մալիշկայից` Երևան: Ու չնայած նման հեռավորությանը, ես զգում եմ նրանց իմ կողքին…

Առավոտ էր, ժամը 9:35, ու զարմանալին այն էր, որ ես մինչև այդ ժամը քնած էի: Հանկարծ արթնացա հեռախոսի զանգից: Անծանոթ համար էր, բայց ինձ շատ ծանոթ ձայն լսեցի: Սոնա Թումանյանն էր, նրան ճանաչում եմ շուրջ 10 ամիս 17.am-ից, բայց միայն մրցանակաբաշխության օրը տեսա: Սոնան Մալիշկայից է, իսկ ես, ինչպես գիտեք, Լիճքից: Չնայած նման հեռավորությանը, մենք շատ կապված ենք իրար հետ: Մրցանակաբաշխության օրը ծանոթացա նաև Հասմիկ Գիվարգիզյանի և շատերի հետ: Լավ, չշեղվեմ թեմայից:

Սոնան ասաց.

-Լոլ (նա ինձ այդպես է դիմում), այսօր Դիլիջան էքսկուրսիայի ենք ու արդեն ձեր գյուղի մոտով անցանք: Շատ կուզեի հետ վերադառնալուց քեզ տեսնել:

-Հա, Սոն, կհասնեք գյուղ, կզանգեք՝ դուրս կգամ:

Այսպիսի ուրախ լուր երբևէ չէի լսել, այնքան էի կարոտել նրանց:

Այսպիսի հաճելի ծանոթությունների, լավ ընկերների համար կրկին շնորհակալ եմ «Մանանային»: Այժմ կյանքումս այնքան լավ մարդիկ կան, որ երբեք միայնակ չեմ զգա: Էհ, էլի թեմայից շեղվեցի:

Լավ, Սոնայենք ոնց որ ուզում են հասնել, շարունակեմ…

-Լոլ, Վարդենիսը ձեր գյուղին մո՞տ ա:

-Օֆ, Սոն, չգիտեմ է: Առավոտից սպասում եմ: Աչքս ձեր ճանփին ա, ու չկաք:

-Հա, Լոլ, քիչ մնաց՝ կհասնենք

-Սոն, որ Լիճքի ցուցանակը տեսնես՝ կզանգես, ես տանից դուրս կգամ: Հա, այդտեղ չկանգնեք, մեր տունը էդտեղ չի: Ինձ ճանապարհին կտեսնեք:
Ի դեպ մոռացա ասել, մի քանի օր առաջ ծանոթացա նաև Մալիշկայից նոր թղթակից Աննա Սարգսյանի հետ: Ամեն դեպքում մեր ծանոթությունը ամենաբախտավորն էր, շուտ կհանդիպեմ նաև իրեն:

-Լոլ, արագաչափը անցանք, Լոլ, տեսա քեզ:

Այս խոսքերից հետո իմ առջև հայտնվեց նրանց մեքենան: Սիրտս ուրախությունից պայթում էր, արագ վրա հասան Սոնան ու Հասմիկը, ու այնքան պինդ գրկեցինք իրար, անկեղծ ասած չէի հավատում. միգուցե երազ էր:

Նարեկին էլ տեսա, ու քանի որ նախորդ օրը նրա ծնունդն էր, առիթը բաց չթողեցի, շնորհավորեցի:

Աննային էլ պինդ-պինդ գրկեցի:

-Լոլ, ինքն էլ դասղեկս ա,- ասաց Սոնան:

-Բարև ձեզ, շատ հաճելի է:

Այնքան հուզված էի, որ բարևն էլ մոռացա: Էլի ու էլի գրկեցինք իրար, բայց էլի ու էլի կար գրկելու անհագ ցանկությոն: Լացկան Սոնան էլ լացում էր:

Ես ու Հասմիկը մի փոքր ծիծաղեցինք:

-Է, ես էլ էդպես եմ:

Քանի որ դրսում անձրև էր, ու երեխաներն էլ շտապում էին ժամանակին հասնել Մալիշկա, որոշեցին շարժվել:

Մեր հանդիպումը շատ կարճ տևեց, մի 2 րոպե: Հաջողություն և բարի ճանապարհ մաղթելով վերադարձա տուն: Ինձ այնքան լավ էի զգում և հոգեպես այնքան բավարարված, որ ասելու չէր:

Այնքան ուրախ եմ, որ ունեմ նման լավ ընկերներ: Ու անգամ հեռավորությունը չի խանգարում: Հիմա Հայաստանի քարտեզը պարզապես տեղանքներ չեն, նրա ամեն մի կետը սիրելի է ինձ համար, որովհետև այնտեղ ընկերներ ունեմ…

stella avetiqyan

Նոր աչքերով նույն աշխարհը…

Մինչև հիմա, երբ կարդում էի թղթակիցների նյութերը այն մասին, թե ինչպես փոխեց 17-ը իրենց, միշտ ուզում էի նույնպես գրել, բայց չէր ստացվում: Կարծես հիմա պահը հասունացել է: Բայց ասեմ, որ փոխվելու տեղ դեռ ունեմ: Իսկ հիմա նշեմ մի քանի փոփոխություն:

Առաջ ինձ համար գրեթե ամեն ինչ սովորական էր, ու երբեք հետաքրքրություն չէի գտնի մեքենան վերանորոգող պապիկի կամ էլ դաշտում սունկ հավաքող տատիկի մեջ: Այսօր ամեն ինչ այլ է: Կարծես կյաքնս վերաիմաստավորվել է. ամեն ինչի մեջ որևէ բան եմ փնտրում:

17-ից հետո թաղում ինձ նոր անուն են դրել՝ «Գեպե»: Հիմա ասեմ՝ ինչու: Մեր գյուղում՝ Դսեղում, տարիներ առաջ լուսանկարիչ է եղել, անունը՝ Գեպե: Ասում են՝ շատ բարի մարդ է եղել ու բոլորին մեծ սիրով է նկարել: Իսկ 17-ից հետո ինչ տեսնում եմ՝ նկարում եմ (չնայած իմ լուսանկարները, չգիտեմ ինչու, չեմ ուղարկում): Դե՜, չգիտեմ ինչքանով է համապատասխանում այս նոր դիմելաձևս, բայց այդպես են արդեն ինձ դիմում:

17-ն ինձ նոր աչքեր տվեց, իսկ դրանով նույն աշխարհը ուղղակի հիասքանչ է: