Ազատ տարածք խորագրի արխիվներ

Մերը սիրուն է

Լուսանկարը՝  Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Ինեսա Զոհրաբյանի

Շատերը սպասում են, որ ծառերը բողբոջեն, որ իրենք դուրս գան «սելֆի» անեն ու տեղադրեն ֆեյսբուքում, իսկ ես սպասում էի, որ բողբոջեն ծառերը, որ դուրս գամ իրենց նայեմ ու իրենց նկարեմ, որ շնչեմ իրենց, հա, շնչեմ, իրենց սիրունությունը, մաքրությունը: Վերցնում եմ հեռախոսս, դուրս եմ գալիս ու սկսում նկարել, մեկ էլ հանկարծ Նուռիկ տատին է ձայն տալիս.

Լուսանկարը՝  Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Ինեսա Զոհրաբյանի

-Ինես ջան, արի մեր հայաթն էլ նկարե:

-Մի օր կգամ, Նուռիկ տատի:

Ու շարունակում եմ նկարել` ծառերի բողբոջները, տերևները, յասամանը, խոտի դեզը: Փորձում եմ մեղվին բռնացնել բողբոջի վրա, մեկը ստացվեց: Ամպերն էլ շատ սիրուն են, ամեն ինչ միախառնվում ու ձուլվում է, ու հասկանում եմ, որ իրոք, մեր երկիրը, մեր ծառերը, մեր ամպերը, մեր ամեն ինչը շատ սիրուն է:

Լուսանկարը՝  Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Ինեսա Զոհրաբյանի

ella mnacakanyan yerevan

Վերջին մայիսը

-Էրեխե՜ք, սցենարը վերջացրե՛ք, արդեն մայիսն ա, օր չի մնացել:

Բարև: Ես մի սովորական շրջանավարտ եմ՝ մեկն այն հազարավորներից, ովքեր շուտով անվերադարձ հրաժեշտ են տալու դպրոցին ու մտնելու են կյանքի մի նոր՝ ավելի հասուն փուլ: Իսկ սա հերթականն է այն նախադասություններից, որ ամեն օր, նույնիսկ օրական մի քանի անգամ շրջանառվում է մեր դասարանի ֆեյսբուքյան խմբակային խոսակցության մեջ, որն, ի դեպ, հենց էդպես էլ վերնագրել ենք՝ «Էրեխեք»: Ինչո՞ւ «Էրեխեք»: Որովհետև այստեղ գրվող ցանկացած ահազանգ, կոչ, հարց կամ նորություն սկսվում է հենց «Էրեխեք»-ով: Գուցե հետաքրքրի նաև, թե ինչու են նմանօրինակ «վերջինզանգյան» հարցերը քննարկվում միայն օնլայն տիրույթում: Պատասխանը շատ պարզ է ու մի քիչ ցավալի: Դասերից հետո, որպես կանոն, բոլորը շտապում են պարապմունքների, ոչ ոք սրա ժամանակը չունի. առջևում քննություններն են: Ես նույնպես ժամանակ չունեմ: Բայց նաև չունեմ այն անտարբերությունը, որը կարող էի ունենալ, չէ՞ որ 3 տարի առաջ՝ հիմնական դպրոցն ավարտելիս, ես էլի շրջանավարտ էի և ունեի գրեթե նույն հույզերը, որոնցով հիմա եմ լցված՝ դպրոցական վերջին մայիսին: Պարզապես այն ժամանակ ես ավելի փոքր էի, ավելի քիչ բանով էի հետաքրքրվում ու շատ ավելի քիչ էի խորանում մանրուքների մեջ՝ ինչպե՞ս կկազմակերպվի վերջին դասը, վերջին զանգը, ի՞նչ հագուստ է պետք կրել, կհասցնե՞նք արդյոք հարկ եղածի պես պատրաստվել միջոցառմանը, թե՞ մեկն ու մեկս կմոռանա խոսքերը վերջին պահին: Հիմա ամեն ինչ ուրիշ է, ու ժամանակն էլ է մի տեսակ ուրիշ: Սկսել է խենթի նման վազել, չենք հասցնում հետևից…

Դե լավ, ես գնամ սցենարն ավարտելու, թե չէ «Էրեխեք»-ում նորից խուճապ կսկսվի. օր չի մնացել, արդեն մայիսն է՝ վերջին մայիսը…

anush mkrtchyan

Սևագրի մաքուր էջ

Կյանքում ցանկացած բան հարաբերության մեջ է ավելի լավը: Ամբողջովին սխալ ու ճիշտ չկա, որովհետև անգամ «սխալ»-ը «ճշտի» հարաբերությամբ է սխալ:

Այս կյանքում ամենաշատ սխալների ես հանդիպել եմ սևագրումս՝ խզբզված էջերի ու կիսաջնջված տողերի արանքում: Բայց այդ սխալների մեջ անգամ որևէ ճիշտ բան կա, որովհետև ես ընդամենը խառնել եմ ներքնաձիգի ու էջի երկարությունները, բայց հո գիտեմ, որ ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին: Միևնույնն է, պատասխանը սխալ եմ ստացել:Կամ ասենք, ի՞նչ սխալ կա լուսանցքում նկարված ծաղիկների, խորանարդների, դասընկերոջդ նկարած խոցված սրտերի և ուղղակի կիսաներկված վանդակների մեջ: Ոչ մի սխալ: Չէ, որ սա սևագիր է:

Բայց միշտ չէ, որ մենք ենք որոշում մեր ճիշտն ու սխալը: Երևի սա էր պատճառը, որ Ջորդանո Բրունոյին տարավ ողջակիզման, չնայած որ «երկիրը պտտվում էր»: Ամեն մեկս չէ, որ մեր ճիշտն ապացուցելու համար կարող ենք Պիզայի աշտարակ բարձրանալ՝ փետուրն ու գնդիկը ձեռքներիս: Ու, երևի ապացուցելու կարիք էլ չկա, որովհետև միևնույն է՝ ապացույցը միշտ էլ մոռացվում է, միայն թեորեմն է հիշվում՝ երբեմն:

Բայց ինչպես կյանքում ամեն սխալ բան, այնպես էլ իմ սևագիրն ունի իր ճիշտ կողմը՝ մաքրագիրը: Ու, որովհետև այստեղ ամեն ինչ ճիշտ է և մաքուր, բայց խոստովանեք, որ «ոչ ճիշտ» ծաղիկն ավելի հետաքրքիր է, քան մաքուր՝ «sin2x + cos2x = 1>> -ը»:

Կյանքում մենք սևագիր չունենք, ու մեր մաքրագիրը միշտ էլ լի է սխալներով, ու անգամ ռետինով ջնջելուց այն չի անցնում, որովհետև դու «սխալը» ուժեղ էիր սեղմել:

Sona Tumanyan

Եթե լինեի Մարսի վրա

Երեքշաբթի էր, հերթական հայոց լեզվի ժամը: Որպես տնային առաջադրանք, հանձնարարվեց գրել փոքրիկ շարադրություն «Եթե ես լինեի Մարս մոլորակի վրա…» վերնագրով: Անցան օրեր, շաբաթներ, ամեն անգամ մի պատճառ գտնում էինք չգրված հանձնարարության համար, բայց այդ վերնագիրը միշտ մտքումս էր:
Երևի շատ մարդիկ նույնպես հավատում են այլմոլորակայինների գոյությանը: Իմ պատկերացնումներում նրանք կանաչ հրեշներ են, ովքեր քայլում են զոմբիների նման և խոսում ինձ համար անհասկանալի լեզվով: Նրանց ականջները երկար են ու կարծես օդում լինեն, չունեն լեզու, դե, երևի բան էլ չեն ուտում՝ օդով են սնվում:
Մեկ-մեկ էլ մտածում եմ, թե ինչո՞ւ ծնվեցի հենց այս մոլորակում: Եթե ես լինեի Մարսի վրա, ամեն ինչ կտարբերվեր իմ այս կյանքից: Ես բոլոր Երկիր մոլորակում ապրողներին կանվանեի այլմոլորակայիններ: Երբ փոքր էի, շատ էի վախենում նրանցից, իսկ մայրս, օգտվելով ստեղծված առիթից, ստիպում էր շուտ քնել, ուտել այն ժամանակ, երբ քաղցած չէի: Անընդհատ ասում էր.
-Դե կեր, որ այլմոլորակայինները չգան ու քեզ իրենց ափսեով չտանեն:
-Է՜հ, մա՛մ, հո հիմա՞ր չեն, որ գան տանեն, ախր, ես արդեն մեծ եմ ու հաստատ կծեծեմ իրենց,- ասում էի ես՝ վախը սրտումս, բայց քաջաբար:
Բակի երեխաներին նույնպես համոզել էի, որ նրանք գոյություն ունեն: Ավելին՝ մի անգամ նույնիսկ աղջիկներից ամենափոքրը սկսեց լաց լինել: Համաձայն մեր բակի կանոնադրության՝ այդ աղջկա մականունը դրեցինք Լացկան: Երեխա էինք, չէինք հասկանում շատ բաներ: Հիմա ափսոսում եմ… Ախր, գոնե մի կարգին անուն որոշեինք:
Միշտ ինքս ինձ համոզում եմ, որ այլմոլորակայինը կգա ու կապացուցի իր գոյությունը:

Հ.Գ. Այլմոլորակային,երևի ինչ-որ հրաշքով կկարդաս նյութս: Տե՛ս, հա, ես սպասում եմ քեզ, արդարացրու իմ բոլոր հույսերն ու սպասելիքները:

Մենակը

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Հաճախ ինքս ինձ հարցնում եմ` տեսնես ինչպիսին կլինեմ մի քանի տարի հետո, թեկուզ մեկ տարի հետո: Այս մտքերը հայտնվում են գլխումս, երբ ինձնից մի քանի տարի մեծ մարդկանց եմ տեսնում, կամ սիրահար զույգի` մի պահ ինձ եմ պատկերացնում, ապա քայլում առաջ, ծեր մարդկանց եմ տեսնում ու ինձ նրանց փոխարեն եմ սկսում պատկերացնել, թե ինչ պետք է ես հիմա անեմ, որպեսզի այդ տարիքում խիղճս հանգիստ լինի, միայն նստեմ ու շուրջս նայեմ:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Մի անգամ զբոսնում էի այգում, հասա երեխաների համար նախատեսված խաղահրապարակը, արդեն հեռվից ինձ գրավել էին հրապարակի գույները:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Մոտեցա ու հանկարծ նկատեցի մոտակա նստարանին նստած պապիկին: Ներսումս հետաքրքրություն առաջացավ պապիկի հանդեպ. Ինչո՞ւ էր միայնակ, չէ որ քիչ հեռու կար երկու տաղավար, որտեղ պապիկներ էին ու նարդի էին խաղում, գոռգոռում, միմյանց ծաղրում, ժպտում: Որոշեցի մոտենալ պապիկին ու խանգարել նրա միայնությունը: Երբ մոտեցա, չգիտեի, թե ինչ ասեի, ինչպես սկսեի, միգուցե բարկանա, որ խանգարում եմ իրեն: Ինչևէ, մի քիչ անվստահ տոնով ասացի.

-Բարև, պապիկ ջան:

-Հը՞…

-Ասում եմ՝ բարև, պապ:

-Հա, բարև, աղջիկ ջան…,- ու բարևին հաջորդեց զննողական հայացքը. ուզում էր մտաբերել, թե արդյոք ծանոթ ենք:

-Բալես, չճանաչեցի քեզ, գիտե՞ս:

-Պապ ջան, մենք ծանոթ չենք, ուղղակի տեսա մենակ նստած ես, որոշեցի միանալ քեզ:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Պապիկի ձեռքին կար մեկ տուփ թխվածքաբլիթ, փշրված էին, միգուցե շուտ էր գնել ու փորձել էր փոքր չափաբաժիններով ուտել, չգիտեմ:

-Կուզե՞ս,- մեկ բլիթ վերցնելով դիմեց ինձ:

-Չէ, շնորհակալ եմ, դու կեր, պապ:

-Հը՞…

-Ասում ՝ չէ, պապ, շնորհակալ եմ:

Նկատեցի, որ պապիկը այդքան էլ լավ չէր լսում, բարձր էինք խոսում, իսկ անցորդները հարցական հայացքով մեզ էին նայում, բայց թե ինչու՝ ես էլ չհասկացա:

-Պապ, բա ինչի՞ ես մենակ նստած:

-Էհ, աղջիկ ջան…- լռեց,- գնա, գնա էն սիրուն երեխեքի հետ խոսա, թող ուրախանան: Ես իմ կյանքն արդեն ապրել եմ, էլ խոսալու բան չունեմ…

Հասկացա, որ իրոք պապիկին անհանգստացնող ինչ-որ բան կար, բայց նաև չէի ուզում նրան ցավեցնել իմ հարցերով, ժպտացի ու, ինչպես նա ասաց, գնացի երեխեքի հետ խոսելու:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Ինչ հետաքրքիր է կյանքը. նույն տեղում երեք սերնդի ներկայացուցիչ էր, ու ամեն մեկս յուրովի էինք մեր տարիքում: Սակայն անտարբերությունը համատարած հիվանդություն է դարձել. «Ունեմ հեռախոս՝ երջանիկ եմ, ու չեն հետաքրքրում ոչ ոք»,- այս միտքը կարծես կարգախոս են դարձրել ու ռոբոտի պես ապրում են: Բայց եթե փորձենք մեկ ժամ թողնել այդ ամենը ու շփվենք մարդկանց հետ, կնկատենք մեր կողքին` բազմության մեջ ապրող ծերունիներին ու մեզ մեկ վայրկյան իրենց փոխարեն պատկերացնենք, կարծում եմ, որ գոնե մի քիչ մարդիկ կփոխվեն ու կմտածեն իրենց սպասվող միայնության մասին:

Ուշադրություն՝ մրցույթ է

ՀՀ փաստաբանների պալատը եւ «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ հայտարարում են մրցույթ 7-ից 17 տարեկան երեխաների համար։ Մրցույթը անցկավելու է երեք անվանակարգերում՝ լուսանկարներ, էսսեներ և ֆիլմերի սցենարներ:

Լուսանկարներ

Լուսանկարչական մրցույթի խորագիրն է՝ «Հայաստանի երեխաները»։ Յուրաքանչյուր մասնակից կարող է մրցույթին ներկայացնել 1-ից 5 լուսանկար, որոնք կպատկերեն տարբեր տարիքի երեխաների կյանքը թե լավ, թե վատ կողմերով։ Լուսանկարների չափսը պետք է լինի առնվազն 1 MB։ Լուսանկարների հետ պետք է նաեւ ուղարկել կարճ նկարագրություն, նշելով, թե ով է պատկերված, որտեղ եւ երբ է արվել լուսանկարը։

Էսսեներ

Էսսեների մրցույթի թեման է՝ «Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում»։ Նախապատվությունը կտրվի այն էսսեներին, որոնք կներկայացնեն  որեւէ մեկ իրավունք կոնկրետ, իրական օրինակով։ Նյութերի ծավալը պետք է լինի առավելագույնը 500 բառ (մոտ մեկ համակարգչային էջ)։

Ֆիլմի սցենարներ

Սցենարների մրցութի թեման է՝ «Երեխաների իրավունքները»։ Սցենարը պետք է նախատեսված լինի մեկ րոպեանոց ֆիլմի նկարահանման համար։ Այն կարող է վերաբերվել թե որեւէ կոնկրետ իրավունքի, թե կարող է արտահայտել երեխայի իրավունքների եւ դրանց պաշտպանության կարեւորությունը ընդհանրական ձեւով։ Սցենարը պետք է նկարագրի, թե ինչ ենք մենք տեսնելու եւ լսելու ֆիլմում։ Սցենարի առավելագույն ծավալը  պետք է լինի մեկ համակարգչային էջ։

***

Կարելի է մրցույթին մասնակցել ինչպես մեկ, այնպես էլ բոլոր  անվանակարգերում։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին, եւ տարբեր անվանակարգերում ժյուրիի կողմից լավագույն ճանաչվածները կպարգեւատրվեն մրցանակներով, լավագույն էսսեներն ու լուսանկարները կհրապարակվեն, իսկ հաղթող ֆիլմի սցենարի հիման վրա կնկարահանվի ֆիլմ հեղինակի մասնակցությամբ։

Ինչպես ուղարկել

Մրցույթի նյութերը կարող եք ուղարկել 17am.reporter@gmail.com կամ press@advocates.am էլ. հասցեներին մինչեւ մայիսի 28-ը՝  թեմայի տողում նշելով՝ «Մրցույթ»։ Նամակում պետք է անպայման նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք, մարզ, բնակավայր, դպրոց, դասարան եւ հեռախոսահամար։

***

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 094536002, ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին կամ 095445410 «Մանանա» կենտրոն՝ Լիլիթ Կարապետյանին։

Բակային խաղերի սերունդը

-Էրե՜խեք, ո՞վ ա կյալիս՝ էթանք, փախկվոցի խաղանք:

Երբ փոքր էի, բակի երեխաներով հավաքվում էինք և խաղում տարբեր ժամերի, տարբեր տեսակի խաղեր:

Հիմա թվեմ, թե ինչեր էինք խաղում:

-Ես հեսա մե պան եմ առաջարկելու խաղանք: Մե րոպե հիշեմ,- ասում էր բակի երեխաներից մեկը,- արա, հա է, հիշամ. մկա եկեք՝ անուն գոռոցի խաղանք:

-Հա, ես համաձայն եմ,- բոլորը միասին ասում էին:

-Ես ու մե քյանի հոգի կըլնենք ազատ քաղաքացին:

-Ես կըլնեմ մատ պախոխը:

-Ես՝ անուն գոռացողը:

-Ես էլ անունը կտնեմ…

Արդեն կարող ենք սկսել:

-Հոպ, դու ունես երեք միավոր, պարտվեցիր: Անուն ենք դնում քեզ: Մատ պահող, արի, արի՝ հեսա սրան նայի, ինչ անուններ ենք դնում: Ուրեմն ճկույթը կըլնա գորտը, մատանի մատը կըլնա հոտած նասկի…

-Արա չէ, հոտած նասկին կնեղանա յէ..

-Լավ, կդնենք ագռավ, միջնամատը՝ ուղտ, ցուցամատը՝ ընձուղտ, բութն էլ կդնենք…

-Հա, յանի էդքանը կենդանի ենք տրե, էն մեկն էլ էլի կենդանի կտնենք:

-Բութն էլ՝ ցուլիկ:

-Արի տենամ՝ որն ես ընտրում, մատերից մեկը ընտրի:

Այդ ժամանակ բոլոս շունչներս պահած սպասում ենք, թե որն է ընտրելու:

-Լավ, ես ընտրում եմ բութը:

- Շնորհավորում ենք ցուլիկին:

Եվ այդպես այնքան էինք խաղում այդ խաղը, որ բոլորս էլ ունենում էինք անուններ: Սակայն երբ հոգնում էինք այդ խաղից, ուրիշ խաղեր էինք խաղում, «Որսորդն ու բադերը»,. «Յոթ քար», ֆուտբոլ, պահմտոցի… Այս նույն խաղերը մեզանից առաջվա սերունդը նույնպես խաղացել է:

Սակայն այժմյան սերունդը, ովքեր մեծանում են համակարգչի առջև, դժվար թե կարողանան դրսում կազմակերպել այդպիսի բակային տարբեր խաղեր: Գյուղերում դեռ երեխաները կարողանում են խաղա, սակայն այստեղ էլ խանգարում է օրեցօր քչացող երեխաների թիվը: Իսկ այ պատկերը փոխվում է քաղաքում: Քաղաքում երեխաները անգամ չգիտեն, թե ինչ են բակային խաղերը: Երբ ինձ ասում են, թե ինչ տարբերություն կա սերունդների միջև, ես առաջինը հենց սա եմ հիշում. մեր խաղերը բակային էին:

gohar poghosyan

Ամենալավ տունը

Վերջերս Արագածոտնի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Աշխարհագրությունը լույս է խավարում և կողմանցույց՝ մոլորվածի համար» վերնագրով միջոցառում՝ աշխարհագրության ուսուցիչ Կիմա Ստեփանյանի գլխավորությամբ:

Միջոցառման նպատակը հետևյալն էր. պարզել, թե որն է աշխարհի ամենալավ տունը: Այդ հարցը պարզելու համար աշխարհագետն իր մոտ էր հրավիրել մի քանի երկրների ներկայացուցիչների: Արվել էր ամեն ինչ, որպեսզի այդ երկրների ավանդական շունչը հաղորդվեր հանդիսատեսին: Սկզբում ծանոթացանք տիեզերքի և մայրցամաքների հետ, այնուհետև երկրների: Ներկայացան Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հնդկաստանի ներկայացուցիչները: Նրանք պատմեցին իրենց երկրների մասին: Ներկայացրեցին դրանց լավ կողմերը, իսկ վերջում ցուցադրեցին այդ երկրների ավանդական պարերը: Վերջում եկան Հայաստանի ներկայացուցիչները՝ իրենց ավանդական տարազներով և մեր հերոսների զիվորական հագուստով: Պարեցին «Յարխուշտա» և Հայաստանին բնորոշեցին գեղեցիկ խոսքերով:

-Հայկական լեռնաշխարհի հյուսիս արևելքում

Մի աղջիկ է ապրում, համեստ ու սիրուն

Երկար ու գանգուր վարսերը փռած,

Հայացքը դեպի արևմուտք հառած:

Ահա այսպես բնորոշվեց Հայաստանի «արտաքինը»: Երգեցին հայրենասիրական «Զարթոնք» երգը, որով ավարտվեց միջոցառումը:

Այդ ընթացքում աշխարհագետը հասկացավ, որ աշխարհի ամենալավ տունը այն վայրն է, որտեղ մենք ծնվում և մեծանում ենք:

Mane Minasyan

10բ, 11բ, 12ճ…

Երբ դասարանում գրեթե բոլորը պարապում են, գլուխ գլխի հավաքվելը մի քիչ դժվար է:
Սակայն երբ առջևում է վերջին զանգը, անելիքը շատ է:
Պետք է հավաքվել, քննարկել, ինչու չէ, նաև քվեարկել ու որոշումներ կայացնել:
Եթե չլիներ ինտերնետը, երևի ոչինչ չէինք էլ հասցնի անել:

Դեռ 10-րդ դասարանից մենք ունենք ընդհանուր չաթ, որտեղ սկզբում դասերի մասին էինք խոսում, հետո սկսեցինք արդեն էքսկուրսիաները քննարկել, միասին անգամ ֆուտբոլ էինք նայում ու անգամ բանավեճեր կազմակերպում:

Դե, եթե անկեղծ, մեկ-մեկ անգամ լեզվակռիվներ էլ են լինում (որտե՞ղ լինի 16 աղջիկ, ու կռիվ չլինի):

Այս տարի չաթը մեզ շատ է օգնում, մենք անգամ վերջին զանգի զանգերը չաթի միջոցով ենք ընտրել, դե էլ չեմ ասում փորձերի հայտարարություններն ու մնացած հարցերը:

Մեր չաթը սկզբում անվանել էինք 10բ, հետո 11բ, իսկ այս տարի այն ունի 12Ճ անվանումը:

Հուսով եմ մեր չաթը դեռ կունենա 13,14,15, և շարունակական աճ:

Մենք էլի կհավաքվենք էնտեղ, թեկուզ անիմաստ «սմայլիկներ» դնելով:

Թեկուզ էլի կկռվենք, իրար չենք հասկանա:

Բայց հուսով եմ, որ կշարունակվի, մեր կապը չի կորչի:

Բանավեճի հանրապետական մրցաշար

Ավարտվեց Ջինիշյան հիմնադրամի կողմից կազմակերպված 2017 թվականի հանրապետական մրցաշարը։ Մենք Մեծամորից և Արմավիրի երկու դպրոցներից հավաքական թիմ էինք կազմել և նույնպես մասնակցում էինք։ Մեզ հաջողվեց բոլոր խաղային օրերի ընդհանուր վեց խաղերում հաղթել, և արդյունքում զբաղեցրեցինք առաջին տեղը։

Հիմա պատմեմ, թե ինձ ինչ տվեց այց մրցաշարը։ Դե իհարկե, նոր ծանոթությունները անպակաս են, որոնց համար շատ ուրախ եմ, բայց գլխավոր բանը, որ ես սովորեցի, դա այն է, որ կյանքում երբեք պետք չէ ինչ-որ բանի սպասել, այլ պետք է միայն հավատալ և գնալ առաջ։ Առաջին խաղային օրը, երբ դեռ 28 դպրոց կար պայքարում, մենք ընդհանրապես չէինք էլ սպասում, որ կգանք կհասնենք եզրափակիչ խաղին, սակայն շնորհիվ մեր թիմային աշխատանքի՝ ամեն ինչի հասանք։ Հաջորդ կարևոր բանը, որ սովորեցի, ազատ ելույթ ունենալ: Երբ առաջին խաղն էր, և ես պետք է մեր թիմի ողջույնի խոսքը ասեի՝ շատ էի լարվում, մինչդեռ այդ խաղին միայն մենք էինք, հակառակորդ թիմը և դատավորները, իսկ արդեն, երբ հերթը հասավ եզրափակիչ խաղին, կրկին ողջույնի խոսքը իմն էր: Այս անգամ մեզ էին լսում մասնակից բոլոր դպրոցները, շատ հյուրեր, սակայն շնորհիվ բանավեճի, կարողացել էի իմ միջից հանել այդ վախը, և առանց խնդիրների խաղը և՛ սկսվեց, և՛ ընթացավ իր հունով։

Այս բոլորը շատ կարևոր հատկություններ են, որոնք միշտ պետք են գալու կյանքում, իսկ դա զարգացնելու լավագույն միջոցներից է բանավեճի ակումբը։ Հենց դրա համար էլ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և վստահ եմ, որ կապը դեռ կշարունակվի և շատ այլ նոր հատկություններ ձեռք կբերեմ շնորհիվ ակումբի։

Դե, արդեն վերջում մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր թիմին: Առաջ, Արմավիր 1…