Ազատ տարածք խորագրի արխիվներ

anna gasparyan

Ընտրություններ են

Այսօր  ընտրություններ են:

Արդեն մի ամիս է, ինչ տարբեր կուսակցություններ և դաշինքներ ընտրական քարոզչություն են անցկացնում: Ամեն պահի հեռուստացույցով կարելի էր տեսնել դրանք: Բոլոր լրատվամիջոցները տարված են ընտրություններով:

Երեկ ապրիլի մեկն էր, և  արգելված էր քարոզչություն անցկացնել: Հեռուստացույցով լրիվ ուրիշ հաղորդումներ են ցույց տալիս: Մթնոլորտը փոխվել է: Բայց, մի տեսակ անսովոր է. արդեն սովորել էինք ամեն օր լսել ընտրական քարոզչությունները: Չէ որ մի ամիս անընդմեջ քարոզչություն էր անցկացվում:

Ճիշտ է, ես քաղաքականություն չեմ սիրում, բայց ինձ հետաքրքրում են նախընտրական քարոզարշավները և երբեմն հետաքրքրությամբ դիտում էի քարոզչությունը:

Երեկ տոն էր՝ ապրիլի մեկը: Ծիծաղի, կատակ անելու, խաբելու օրն էր: Վստահությամբ կարող եմ ասել, որ բոլոր դպրոցականները սիրում են այս տոնը. ոչ միայն դպրոցականները, այլ նաև փոքրերը և մեծահասակները: Կատակասերների և հումորով մարդկանց ամենասիրելի օրերից մեկն էր, որոնց մեջ մտնում եմ նաև ես: Ասում են՝ ինչքան շատ ծիծաղես, այնքան կյանքդ երկար կլինի: Ո՛չ, սա կատակ չէ, ճիշտ է: Այնպես որ, ծիծաղելը ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար: Ստացվում է այնպես, որ ապրիլի մեկը շատ օգտակար տոն է:

Դե, իսկ այսօր արդեն դժվար թե մեկնումեկը կատակ անի. ընտրություններ են:

Sargis Melkonyan

Երբ լռության օրը ապրիլի մեկին էր

Այս ընտրություններն այնքան քննարկվեցին, որ էլ ասելու չի… Շատերի շուրթերից են հնչում այս խոսքերը։ Փառք Աստծո, որ երեկ «լռության օր» էր հայտարարված, մտածում էի՝ գլուխս մի քիչ կխաղաղվի։ Բայց դե ի՞նչ։ Բացում եմ Ֆեյսբուքը, ամբողջ էջս հանրապետականների ու ընդիմադիրների գովազդներն են։ Աչքերս փակում եմ ու քնում։ Մեկ ժամ անց արթնանում, հագնվում ու գնում դուրս վազելու։ Տեսնեմ՝ կատուս սատկել է, թաղի շներն էլ եկել են «հոգեհանգիստ»…

Դուռը բացում եմ, դուրս եմ գալիս փողոց ու գետնին 10000-անոց է ընկած։ Այ քեզ հաջողություն։ Վերցնում եմ գումարը, մեկ էլ տեսնեմ կողքի տան պատշգամբից Վազգուշ տատին գոռում է.

-Արա, էդ 10 00-ը քո համար չի, ընտրողների համար է։

Վայ, աման, սիրտս այնպես էր խփում, ոնց որ դուռը տուկ-տուկ տային։ Հա, մոռացա ասել, որ փողոցում մի հատ դանակ կար, վրան էլ` արյուն։ Ես էլ այդ գումարը Վարդուշ տատիի ձայնից գցում եմ գետնին` ուղիղ դանակի կողքը։ Մի քիչ վազում եմ, հասնում եմ գյուղամեջ, մեկ էլ տեսնեմ՝ մի 200 մետր վերև կոմունիստները Լենինի ձեռքը բռնած եկել են քարոզարշավի։ (Գյուղամեջից 200 մետր վերև գերեզմաններն են։) Հա, չմոռանամ ասել, որ խանութներում այսօր 30% զեղչ է։ Շտապեք ձեռք բերել Նոր տարվա խոզի բդից պատրաստված «կալբասը» կես գնով` ընդամենը 3000 դրամ։ Թույլատրվում է նաև պահք պահողներին:

Չմոռանամ ասել, որ այսպիսի տափակ հումորներ միայն ես կարող եմ անել։ Դե լռության օր էր, ապրիլի մեկ, հումորներն էլ քաղաքական ստացվեցին…

Հուսամ շնորհավորել եք մյուսներին ապրիլի 1-ի կապակցությամբ և մաղթել անվտանգություն և առաջընթաց, ժառանգություն, համախմբում, հաղթանակ, ելք, արդար և ապահով Հայաստան…

monika grigoryan

Մեր նոր թղթակիցները. Մոնիկա

Ես մի կարճահասակ աղջիկ եմ: Մայրս մտածում է, որ շատ փոփոխական եմ բնավորությանս մեջ: Ւրականում նա ճիշտ է մտածում: Բայց ոչ միայն փոփոխական եմ, այլ նաև տարօրինակ: Այո, շատ զարմանալի է դա կարդալ: Երբ ինչ-որ մեկին գրում կամ պատմում եմ իմ մասին, միշտ մտածում եմ, որ նա իմ մասին սխալ կարծիք կկազմի: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ առաջին տպավորությունը խաբուսիկ է, սակայն իմ ասածը դա չէ: Երբ ինչ-որ մեկը ասում է, որ նա բարի է, մենք մտածում ենք, որ նա բարի է: Սակայն երբ ես իմ մասին ինչ-որ փաստ եմ ասում, մտածում եմ որ դիմացինս դա չի ընկալում այնպես, ինչպես ես եմ դա ուզում, այսինքն՝ ինչպես որ դա կա: Երևի դուք արդեն համոզվեցիք, որ տարօրինակ եմ: Հաճախ եմ ունենում տարօրինակ մտքեր, ցանկություններ և զգացողություններ: Ես նաև շատ նյարդային եմ, շուտ եմ հունից դուրս գալիս: Մայրս և շատերը մտածում են, որ նման մարդիկ էությամբ թույլ են: Սակայն ես համակարծիք չեմ: Իմ կարծիքով պետք չէ մեկը մյուսի հետ կապել: Անկեղծ ասած շատ վատ եմ զգում, երբ լսում եմ, որ նյարդային մարդիկ թույլ են, քանզի մտածում եմ, որ ինքս այդպիսին չեմ:

Բացի նյարդային և տարօրինակ լինելուց՝ ես ռեալիստ եմ: Երևի դա է պատճառը, որ շատ չեմ երազում: Ես լավատես ու վատատես չեմ, մտածում եմ հնարավորինս հեռուն, որը շատ է նյարդայնացնում գործընկերներիս: Իրականում ռեալիստ լինելը ինձ դուր է գալիս:

Ինչպես բոլորը, այնպես էլ ես՝ ունեմ երազանքներ: Երազանքներիցս գրեթե բոլորը անիրականանալի են: Իմ կարծիքով մարդ պետք է միշտ երազի անհնարինի մասին, որպեսզի երազանքը հետաքրքրություն ունենա:

Ես շատ եմ սիրում գիշերը, կցանականայի միշտ գիշեր լիներ: Սիրում եմ լուսին, աստղեր, դրանց հակառակ սիրում եմ նաև արև: Իմ երազանքներից մեկը կապված է աստղերի հետ: Ես երազում եմ, որ ինչ-եր մեկը ինձ նայի այն հայացքով, որով ես նայում եմ աստղերին: Հուսով եմ երազանքս կիրականանա: Շատերը ինձ լավ չեն ճանաչում, շատերը վատ կարծիքի են, շատերը լավ կարծիքի, իսկ իմ տատիկը ճանաչում է մի մարդու որն ընդհանրապես ես չեմ: Սակայն դրանք ինձ չեն խանգարում լինել իսկական, լինել այնպիսին, ինչպիսին ինձ է դուր գալիս…

Պեչենու բաղեր

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Լիլի՞թ, գալի՞ս ես գնանք «Պեչենու բաղեր»,-հարցրեց հայրիկս:

-Է՞դ ո՞րն ա,-հարցրեցի ես:

-Չե՞ս լսել, որ ասում են. «Ի՞նչ ես քեզ պեչենու բաղերը գցել»:

-Չէ, չհասկացա:

- Դպրոցում էդպես չե՞ն ասում հեչ, էն, որ իբր չեն հասկանում:

-Չէէէ:

- Իսկ չե՞ս լսել. «Դոդերի բախչան գցել» արտահայտությունը:

-Հա~, ընկեր Սարուխանյանն էր տենց ասում,- ասացի ես՝ հիշողությունների մեջ ընկնելով:

-Ուրեմն հասկացար:

-Հա:

-Գալի՞ս ես հետս,- հարցրեց հայրիկը:

-Հա, իսկ ի՞նչի համար ենք գնում:

-«Չկա՝ չկա» գրքի շնորհանդեսն ա:

Ես չգիտեի այդ գրքի և հեղինակի մասին, բայց համաձայնվեցի:

Մենք գնացինք «Պեչենու բաղեր» սրճարան: Մուտքի մոտ կանգնած էին մարդիկ, ովքեր արդեն վերցրել էին այդ գիրքը, մարդիկ, ովքեր ծխում էին կամ ուղակի զրուցում:

Ներս մտանք: Տարածքը փոքր էր: Ես և հայրիկը գնեցինք «Չկա՝ չկա» գիրքը: Գիրքը շատ հետաքրքիր էր պատրաստված. շապիկին հաստ ստվարաթուղթ էր սոսնձած, իսկ վրան ոչինչ չկար գրած: Մարդիկ մոտենում էին գրքի հեղինակին՝ Գեմաֆին Գասպարյանին, և ընտրում, թե որտեղ նա դնի կնիքը, որի վրա գրված է «Չկա՝ չկա»: Դե, կնիքը հենց գրքի վերնագիրն էր:

Ծանոթացա Գեմաֆինի հետ, ընտրեցի կնիքի տեղը: Հետո էլ լուսանկարեցի Գեմաֆինին՝ իր գիրքը ձեռքին:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Ես և հայրիկը մի քիչ էլ մնացինք, զրուցեցինք մարդկանց հետ և հետ վերադարձանք:

Կարևորը իմացա, թե ինչ է նշանակում պեչենու բաղեր:

«Չկա՝ չկան» դեռ չեմ կարդացել, բայց էջանիշի վրայի գրածը հավանում եմ:

ձեզ թվում է,
որ ինձ թվում է,
որ ձեզ թվում է,
որ ինձ թվում է:

իսկ ինձ թվում է,
որ ձեզ թվում է,
որ ինձ թվում է,
թե ձեզ թվում է:

բայց ձեզ թվում է
ու ինձ թվում է,
թե ձեզ թվում է
կամ ինձ թվում է…

arman arshak

Նախընտրական Հայաստան

Այսօր Հայաստանում կավարտվի նախընտրական քարոզարշավը: Փողոցում ամենուր պաստառներ են, հեռուստատեսությամբ՝ քարոզարշավի տեսահոլովակներ, դռնեդուռ անցնող ակտիվիստներ: Անկախ մեր կամքից՝ մենք ինքներս ներգրավվում ենք այդ գործընթացներում, ու ամբողջ Հայաստանը՝ բոլոր քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիների ու գյուղացիների առօրյան լցնում են քաղաքական թեմաներով: 

Դե, լինում են մարդիկ, որոնք մտածում են, որ ավելի ճիշտ է չմասնակցել ընտրություններին, սակայն պետք է գիտակցենք, որ դա յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է: Ցավալի է նաև այն փաստը, որ երիտասարդների մի ստվար զանգված ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ: Ըստ իս՝ կապ չունի դու չափահաս ես, թե ոչ, ունես արդյոք ընտրությանը մասնակցելու իրավունք թե ոչ, դու պետք է լինես իրազեկված քո երկրի քաղաքական վիճակից:

Հիմա նյութս գրում եմ հասարակական տրանսպորտում, իսկ իմ հետևում նտած երկու ծերունիները քննարկում են ընտրակարգը, առաջադրված կուսակցությունները ու դաշինքները: Տեսնես, երբ ավարտվեն ընտրությունները, ավարտվեն հետընտրական քննարկումները, հայաստանցու առօրյան էլ ի՞նչը կլցնի:

Այժմ իմ կանգառն է, ես պետք է գնամ, կհանդիպենք ընտրություններից հետո, երբ Հայաստանը կազատվի նախընտրական աժիոտաժից:

Կորած թաշկինակները

Լուսանկարը` Անահիտ Գասպարյանի

Լուսանկարը` Անահիտ Գասպարյանի

Երկու օր առաջ քայլում էի փողոցով ու ինչ պետքական ու անպետք բաների մասին ասես մտածում էի: Գլուխս լրիվ լցված էր բառերով, որոնք արդեն հոգնել են իրենց գոյությունից և անտեղի շատ ծեծված լինելուց:

Հանկարծ մի միտք. կանացի անձեռոցիկներ… Տղամարդու թաշկինակներ… Թաշկինակդ ո՞ւր է, Դեզդեմոնա:
Մի հետաքրքիր բան նկատեցի: Առաջ բոլորը միայն թաշկինակներ էին օգտագործում, իսկ այսօր հազվադեպ եմ մեկի ձեռքին թաշկինակ տեսնում: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ մարդիկ թաշկինակ չեն սիրում: Միգուցե աղջիկները մտածում են, որ թաշինակների վրա շատ մանրէներ կա՞ն, իսկ տղաները չգիտե՞ն դրա մասին: Կամ թե աղջիկները մտածում են՝ այլևս կանացի և նրբագեղ չէ թաշկինակ պահելը:

Սիրում եմ թաշկինակներ՝ բազմապիսի, բազմերանգ ու բազմանախշ: Մանկուց մի սովորություն ունեի: Միշտ դարակից թաքուն վերցնում էի հայրիկիս թաշկինակները, չնայած մայրս նկատում էր դա, բայց բան չէր ասում: Չգիտեմ, գուցե հայրիկի թաշկինակը գրպանումս ես ինձ ավելի պաշտպանվա՞ծ էի զգում:

Հետո միշտ էի այդպես անում, նույնիսկ ավելի մեծ տարիքում: Միշտ տղամարդու թաշկինակներ էի վերցնում, ու այն հարցին, թե ինչու կանացի թաշկինակներ չեմ օգտագործում, պատասխանում էի. «էս մեկը ավելի հարմար է», «Ավելի փափուկ է», կամ թե՝ «էս մեկի գույները ավելի սիրուն են»:

Հիմա էլ եմ նույն կարծիքին, ուղղակի ես էլ թաշկինակ չեմ օգտագործում: Չգիտեմ պատճառը: Բայց կուղղեմ բաց թողածս, վստահ եմ:

Իսկ դու սիրո՞ւմ ես թաշկինակ:

Թևեր տալու ու թռչելու մասին

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Առավոտյան արթնացա արևի ճառագայթներից, որոնք պատուհանից թափանցում էին ներս: Պայծառ օր էր: Հիշեցի, որ բժիշկն ասել էր՝ հեռախոսներից, համակարգիչներից կտրվել է պետք, ու որոշեցի գնալ ֆոտո անելու: Գնացի մեր հարևանի բակ, որտեղ նա աղավնիներ է պահում: Սկսեցի լուսանկարել, և այդ պահին եկան հարևանի թոռները՝ Ալլան ու Մանվելիկը:

-Սոնա, նկարո՞ւմ ես աղունիկներին,- հետաքրքրությամբ հարցրեց Մանվելիկը:

-Ըհը:

-Բա ինչքա՞ն ես նկարելու: Սաղին նկարելու ես, նոր գնա՞ս:

-Հա, կուզե՞ս քեզ էլ նկարեմ:

Վազեցին երկուսով դեպի ինձ, որ նկարեմ:

-Ինձ մի հատ սենց կնկարե՞ս:

Մի քանի հատ նկարեցի ու նայեցի դեպի երկինք. հոսանքի լարերին ու տան տանիքին մի քանի աղունիկ էին կանգնել, իսկ ես համբերատար սպասում էի, թե երբ են թռչելու, որ նկարեմ:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Գիտե՞ք՝ ինչքան երկար սպասեցի: Այդ ընթացքում մտածում էի թռչելու մասին, որ այն արվեստ է, որ նույնիսկ մարդիկ են կարողանում թռչել. ուղղակի մարդկանց լավ սովորեցնող է պետք, որ թռչելիս չընկնեն: Մեկ-մեկ ես էլ եմ ուզում թռչել, բայց վախենում եմ ընկնելուց: Երբեմն մարդիկ կարողանում են թևեր տալ, սովորեցնել թռչել, բայց հենց նույն մարդիկ էլ կտրում են իրենց տված թևերը:

Մտքերիցս շեղվեցի Ալչկայի ու Մանվելիկի կռվի պատճառով: Եղբայրը խոստացել էր գնդակը տալ քրոջը խաղալուց հետո, իսկ քույրը համբերատար, ժպիտով սպասում էր: Չտվեց այդպես էլ:

Կռվից հետո ես նայեցի երկնքին, իսկ աղավնիներն արդեն չկային: Ես այդպես էլ չնկարեցի նրանց խաղաղ թռիչքը:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Նույն օրը պատուհանիս մոտ (այն հենց աղավնիների «տնակի» դիմաց է) կրկին ինձ շեղեցին աղունիկները՝ իրենց թռիչքով: Ես անմիջապես վերցրի ֆոտոապարատը ու վազեցի դուրս, բայց կրկին չհասցրի: Այդ պահին ես էլ էի թռչում, տանից էի թռչում, որ հասցնեմ, բայց ով թևեր տալիս է, նա էլ կտրում է: Ես սպասեցի որոշ ժամանակ, բայց չերևացին այլևս: Ես էլի չնկարեցի թռիչքը:

Բայց ես չեմ սպասում, որ ինձ թևեր տան, նոր թռչեմ: Ես կթռչեմ ու կհասցնեմ նկարել աղավնիների խաղաղ թռիչքը:

syuzi babayan voskehat

Իսկ նախասիրություննե՞րը

Հերթական պարապմունքիս օրն էր: Դպրոցից եկա տուն և գնացի պարապմունքի: Տեղ հասնելուն պես` տեսա ընկերուհիներիս, ովքեր զրուցում էին իրենց ընտրած մասնագիտությունների մասին: Հերթը հասավ ինձ.

-Ցանկանում եմ դառնալ տնտեսագետ:

Բոլորը զարմացած նայեցին ինձ: Աղջիկներից մեկը հարցրեց.

-Ինչո՞ւ ես հաճախում դաշնամուրի, եթե չես ընտրելու այդ մասնագիտությունը:

Ես պատասխանեցի.

-Ես չեմ հաճախում դաշնամուրի, որ հենց այդ ուղին շարունակեմ, ուղղակի շատ եմ սիրում նվագել: Անգամ նյարդայնացած ժամանակ, երբ նստում եմ դաշնամուրի առջև, ակամա ձեռքերս սկսում են նվագել: Դա ուղղակի իմ հանգստությունն է և նախասիրությունս:

Այդ օրվանից սկսած ընկերուհիներս ինձ անվանում են անճանաչելի և փոփոխական մարդ, քանի որ ամեն օր մի նոր միտք է ծագում գլխումս: Իսկ ես մտածում եմ, որ ձանձրալի է ապրել, երբ ամեն բան անում ես միայն ապագա մասնագիտության համար, իսկ ո՞ւր մնացին նախասիրությունները, հոբին, մի՞թե միակողմանի մարդ ենք մեծանալու: