Էլ ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, ո՞ր պատին տամ…
Արդեն երեք տարի… Անգամ իմ ծրագիրը կխախտվեր էդ երեք տարում, եթե օր ու գիշեր աշխատեի:
Ուրեմն երեք տարի առաջ հայրս դեռ Ռուսաստանում աշխատում էր ու ինձ խոստացել էր, որ եթե այդ տարում գերազանցիկ լինեմ՝ ինձ հեռախոս կուղարկի: Ես բնականաբար կրկին անգամ կատարեցի իմ պարտականությունն ու դարձա գերազանցիկ: Պապային ասացի: Ճիշտ է, ինքը սկզբում մի տեսակ նայեց, որովհետև՝ ով կուրախանար փող ծախսելու լուրն իմանալու ժամանակ: Շատ չանցած, ավելին ասեմ, ընդամենը մի տաս օր հետո ուղարկեց:
Ու եկավ էդ չարաբաստիկ գիշերը… Վայքում էի, երբ հորաքրոջս տղան եկավ ու ասաց, որ հեռախոսն իր մոտ է ու տվեց ինձ: Մի անմեղ աղջնակ, ով չգիտեր, թե ինչ չարիք է գտնվում իր ձեռքերում:
Հեռախոսն ինձ շատ դուր եկավ, ու ես երեք շատ խնամքով էի պահում: Հետո դասարանով գնացել էին դաշտ, ու գրպանիցս ընկավ ու քարերի վրայով գլորվեց ներքև: Ես վազեցի, մտածելով, որ հիմա դրա «դիակն» եմ գտնելու, բայց բանից պարզվում է, բան էլ չէր եղել:
Հետո բազմիցս ընկնում էր գրպանիցս, բայց էլի բան չէր լինում: Բոլոր փորձություններին դիմանում էր:
Անցած տարի ես ու Անին նստել էինք քարին ու ոտներս կախել էինք փոքր առվակի վրա, չնայած որ լավ էլ վարար էր առվակը:
-Ան, չհելնե՞նք:
-Հելնենք:
Ասելս ու վեր կենալս մեկ եղավ, ու հեռախոսս ծնկներիս վրայից ընկավ առվի մեջ: Ու ջուրը տարավ… Վազում ենք հետևից, ու պարզվում է, ոչ թե հեռախոսն է տանում, այլ դրա մասերից մեկը: Իսկ հեռախոսը տասը րոպե իջել էր ջրի հատակը, «մինչև չանցներ վտանգը»: Մինչև հետ եկանք, վերցրինք, ես արդեն մեռած էի՝ թաղած չէի: Ու ի՞նչ, էլ ի՞նչը՝ ինչ, սկսեց աշխատել միացնելուց հետո:
Այս տարի էլ՝ ձմռանը, դպրոց հասա ու կոշիկներս սկսեցի ցեխից մաքրել: Ես էի ու առաջին դասարանցիները: Մեկ էլ էս երեխեքը գոռացին.
-Վա՜յ…
Ես էլ էս երեխեքին եմ նայում, մտածում եմ՝ ինչ է եղել, էս երեխեքն էլ ինձ են նայում: Մեկ էլ նայեմ՝ էդ պղտոր ջրի միջից մի սպիտակ իր է երևում : Վերցնեմ ու, ի՜նչ…
Իմ տարիների զրկանք կրած հեռախոսը անցել էր իր հին գործին: Սեղմեցի կոճակը, էն հույսով, որ չի աշխատի, ու էլի լույսը վառվեց ու աշխատեց: Է՜հ…
Ինձ խոստացել են նոր հեռախոս էս մեկի փչանալուց անմիջապես հետո:
Հ.Գ. Մերոնք էլ գիտեն՝ ինչ են ասում, էլի:



Չեմ ասում ընդհանրապես, բայց էս վերջերս շատ չէի գրում: Դե, բնականաբար «Վերջին զանգ», փորձ, երգ, պար, բարձրախոս, ու շնորհավորանք, դրանց գումարած հյուրերի մեծածավալ դիմավորում: Այս պահին որոշ չափով թեթևացել եմ գործերից, եթե թեթևացել եմ գործերից, ապա պետք է նյութ գրեմ, հնարավոր չի չգրել: Նյութս սկսեմ դեռ ահը սրտումս, որ մնացել է մեր «Վերջին զանգից»: Ինչո՞ւ ահը սրտումս՝ կասեմ:
Վերջին զանգ, բեմ, մարդիկ, պատասխանատու պահ ու բեմի վրա կանգնած երեք աշակերտ, երեք տասներկուերորդցի: Առաջին անգամ երգեցի մի քանի տասնյակ մարդկանց առաջ, մոռացա լարվելու մասին ու իմ ուժերով, պարելով, բեմի վրա քայլելով սկսեցի երգել: Բայց լսեցի իմ մտածածի հակառակը. «Վայ, ինչ լավ ես երգում» և «Ապրես դու» արտահայտությունները: Հա, մոռացա նաև ասել, որ երբ ինձ համար հանգիստ երգում էի բեմի վրա, այդ ժամանակ լրագրողներն ինձ նկարահանում էին, լուսանկարում: Մեր վերջին զանգը շատերին էր հետաքրքրել, քանի որ Բաղանիս գյուղը սահմանին է, իսկ ավարտականները՝ ընդամենը երեք երեխա, ընտիր թեմա է:
Երգելուց հետո ես գտնվում էի սցենարի 13-րդ կետում: Ուզում էի ամեն ինչ անել, որ հասնեմ հրաժեշտի խոսքի հատվածին՝ կետ 65-ին: Մի կողմից, երբ հիշում էի «Հրաժեշտի խոսք» ենթավերնագիրը, ուզում էի նորից սկսել:
Դե լավ, հիմա ավարտվել են հանդիսությունները, բայց մի րոպե, մինչ մեր դպրոցն ավարտելը կա ևս մեկ դպրոց: Չէ, չէ, սխալ մի հասկացեք. ես երկու դպրոց չեմ գնացել, խոսքը կողքի գյուղի՝ Ոսկեվանի մասին է: Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ կա այդ ավանդույթը. շնորհավորելու են գալիս կողքի գյուղացիները, ու այնպես դասավորում օրերը, որպեսզի չհամընկնեն միջոցառման օրերը:
Մեր վերջին զանգին եկան մեր կողքի գյուղի ընկերները, հաջորդ օրն էլ ոսկեվանցիների վերջին զանգն էր, և մենք պիտի ներկա գտնվեինք այնտեղ: Ճիշտն ասած, ուզում էի նյութս հենց մեր վերջին զանգի օրը ուղարկեմ, բայց սպասեցի՝ գնանք Ոսկեվանի շրջանավարտներին շնորհավորելու: Գնացինք, հասանք, բայց մի տեսակ ոնց որ չերևաս, 18 շրջանավարտների գնացել են շնորհավորելու երեքը: Դե հաստատ դատարկ ձեռքով չէինք գնացել, երբ նվերները հանձնում էինք, նրանք կատակով ասում էին՝ ինչքան վարկ եք վերցրել, որ նվերներ եք գնել: Բայց չպետք է անտեսել կամ ավանդույթը խախտել:
Ահա այսպես են սահմանամերձ գյուղերում նշում վերջին զանգը: Բաղանիսում երեք հոգի էինք այս տարի, սակայն շատ եմ ուզում հավատալ, որ մեր դասարանը հետագա բոլոր տարիների շրջանավարտների մեջ ամենափոքրաթիվն է լինելու:


