Լեննագանի ժպիտները

Գյումրիում եղե՞լ եք:
Սիրուն է, չէ՞, մեր Լեննագանը։ Սաղը կժպտան, սաղը հումոր կենեն։ Դաժե օդի, ջրի (հա, իմիջիայլոց, էն հրապարակի ֆանտանների կողքի պուլպուլակից խմեք, ըդեղանը շատ համով է), մեջ հումոր կա։

Լեննագանը ի՞նչղ ուրախ քաղաք է, ու էս կարծիքը բոլոր էն մարդկանց մոտ են, ովքեր Լեննագան գուկան, ովքեր հրապարակը, թատրոնի շենքը, Սև բերդը կտեսնին ու լիքը տեղի անուն կռնամ գրեմ, որովհետև մենք լիքը սիրուն տեղեր ունինք, բայց դուք դոմիկների մայլեքը եղե՞լ եք։
Հլը գնացեք, հլը գնացեք ու տեսեք իսկական Լեննագանը։
Գնացեք հարցրեք ընդեղ ապրող երեխեքից, թե իրանք ինչ երազանք ունին։ Գիտե՞ք իրանց ամենամեծ երազանքը՝ գիշերը առանց տեղի մեջ բոլոջների, առանց իրանց ծակ պատալոկից գլխին կաթացող ջրի քնելն է։ Իրանք գուզեն, որ իրանց մաման կուշտ քնի, որ իրանց մաման էլ լաց չէղնի, երբ մտածե, որ իրանք քնել են։ Իրանք Լեննագանն են ու իրանք Լեննագանի իսկական ժպիտն են։ Լեննագանը, իրոք, կժպտա Լեննագանը, երջանիկ կեղնի մենակ էն ժամանակ, երբ էդ երեխեքը տուն կունենան, ու իրանց երազանքը կեղնի, օրինակ, հեռախոսը, հեծանիվը, կիթառը, ու չիդեմ ինչ-որ երեխուն բնորոշ երազանք։
Եթե դուք նորմալ կհամարեք, որ 5֊6 տարեկան երեխեն կճանչնա սաղ բոլոջների տեսակները, սաղի խածածները կտարբերե իրարից, ուրեմն սաղ լավ է։
Կպատկերացնե՞ք, 5֊6 տարեկան երեխուն կհարցնես` ինչի՞ դպրոց չես էշտա, կսե` որովհետև ես թազա կոշիկ չունիմ։ Կոշիկ չունի երեխեն, երբ էդ երեխու կոշիկի փողով ինչ֊որ մեկը ռեստորանը նստե կերե-խմե, հետո էլ կոշիկը «չայեվոյ» է թողե։
Հմի կսեք` կռցե, ռեստորան է գնացե, ինքը` իրա փողը։ Ես կխոսամ էն ինչ֊որ մեկերի մասին, որ էդ երեխեքի փողերն են կերե։
Ըբը, մեծերը որ կնստին փողոցին սարքած իրանց նստարաններին ու էդ դառը, տանջված փայլող աչքերով երսիդ կնայեն։ Ընբես էլ հավեսով խորաթա կենեն, ինչից սես կխոսան, բացի ժաժքից։ Էնքան գունավոր կպատմեն իրանց մանկությունը, որ դու կնախանձես իրանց մինչ 88 թիվը։
Գիտե՞ք, ամենասիրածս մասը էդ պատմություններում կինո էրթալն է, սաղը կինոյի տոմս չեն ունեցե: Սքան վախտ հլը մեկմ չի սե, որ կինո տոմսով է նայե. կամ դռան արաքից են նայե, կամ «պռաժեկտրի» մոտից։
Գիտեք, իրանց առաջին բարեմաղթանքը, ըդիգ ժաժք չտեսնիք։
Ու հա, չմոռանամ։ Իմ պաշտելի, անկրկնելի հասարակության մի մաս։ Գիտե՞ք, որ մասի հետ եմ. էն, որ կսեք` սաղ կյանքերը լեննագանցոնք տուն լացան ուզին։ Դուք ժաժքից հետո դաժե շոր լաց կեղնեիք, գուզեիք: Տո եսիմ, է, կռնանայիք բաշարեիք դոմիկի մեջ ապրեիք ու մարդ մնայիք։
Հայաստանի քարտեզի վրա Լեննագանից բացի հեչ մի քաղաք ժաժքին չէր դիմանա։ Դիմանալը ըդիգ հոգեկան դիմադրության մասին կխոսամ, եթե եսօր Լեննագանը սքան ուրախ, հումորով ու պայծառ է։
Մե պահմ պատկերացրեք ինչ կեղներ, որ ժաժք էլ տեսած չէղներ։
Ու ոչ միայն Լեննագանը, Շիրակը ամենապայծառ մարզն է։
Ամենահումորով, ամենաջիգյարով ու ամենալոպազ իմ շիրակցի, կսիրեմ քեզի։

Բաշ-Ապարանի հերոսամարտի տոնը

Այսօր` մայիսի 28-ին Բաշ-Ապարանի հերոսամարտի օրն է, որը Ապարանում յուրաքանչյուր տարի նշվում է մեծ շուքով:

Ապարան քաղաքի մշակույթի կենտրոնի սաների, պատանի զինվորականների մասնակցությամբ տոնը ամբողջացվում է: Քաղաքապետարանի աջակցությամբ քաղաքը զարդարվում է, ամբողջ քաղաքի բնակիչների համար Ապարանի հուշահամալիրի պատկերով տորթ է պատրաստվում, համերգ է կազմակերպվում, ցուցահանդեսներ` մշակույթի սաների ձեռքի աշխատանքները և բազմաթիվ այլ միջոցառումներ:

 

vahan chobanyan

Ինչո՞ւ չի փոխվում ոչինչ

Հասկանալու համար, թե ինչ է փոխվել, կամ փոխվե՞լ է արդյոք ինչ-որ բան վերջին մեկ տարվա ընթացքում, մի քիչ քայլենք Երևանի փողոցներում։

Պայմանական երթուղի՝ Շրջանայինից-Երիտասարդական։ Բոլոր խանութները կարծես տեղում են՝ իրենց սովորական անցուդարձով։ Ահա և գրավաճառ պապիկը՝ իր նույն տեղում, և այն կինը, որ միշտ սակարկում է գրքերի գինը։ Մի քիչ ներքև արագ սննդի կետն է՝ ճիշտ նույն տեղում, ճիշտ նույն ճաշացանկով։ Ճիշտ նույն տեղում է և այն երիտասարդը, որ ամեն անգամ ուտելուց հետո հեռանում է լուռ՝ շնորհակալությունն ու ափսեն թողնելով սեղանին, մինչդեռ պետք է երկուսն էլ փոխանցել փոքրիկ պատուհանի մոտ միշտ նույն դեմքով կանգնած մատուցող-գանձապահին։

Ուղիղ առջևում նույն կանգառն է՝ նույն գովազդներով ու նույն երկարության մարդկային պատով։ Անգամ տոմս չստացողներն են նույնը, նույնն են նաև վարորդի՝ նրանց հասցեին հնչող անհասցե խոսքերը։ Ահա և այն երիտասարդը, որ ամեն անգամ անտեսելով սուլիչի ձայնը՝ փողոցն անցնում է նույն անթույլատրելի տեղով։

Քայլենք դեպի այգի։ Այստեղ էլ ամեն ինչ նույնն է. արձանները, նստարանները, սրճարաններից լսվող երգերը։ Ցավալի է, բայց նույն կերպ թարմացված են նստարանի մոտ թափված ծխախոտի մնացորդները ու արևածաղկի կեղևները, քամին նույն ոգով թարմ տոպրակներ է փաթաթել ծառերի վզին։ Աղբամանից բարձրացող ծխի հոտն էլ է նույնը, բայց թարմ։

Մնացած նույնություններին անդրադառնալն անիմաստ է, հավատացեք։

Ես առանձնապես չգիտեմ, թե իշխանափոխությունից հետո ինչեր են փոխվել մեր հաստափոր օրենսգրքերում, ով որ համակարգից որն է տեղափոխվել, բայց մի բան գիտեմ հաստատ։ Չի փոխվել ամենակարևորը` մեր մտածելակերպը։ Մենք շարունակում ենք կարիքավորի օրվա հացի փողի հաշվին գին սակարկել, բայց թեյավճար թողնել սրճարանում, որտեղ չունեն դրա կարիքը, խախտում ենք օրենքը և սրտնեղում, երբ տուգանվում ենք, կամ նույնիսկ երբ հանդիմանում են։

Մենք կեղտոտում ենք մեր շրջակայքը մի ամբողջ օր՝ մոռանալով, որ մարդիկ գիշերը մեզ նման հանգստանալու փոխարեն աշխատելու են` փորձելով մի քանի րոպեում մաքրել ամբողջը։ Դեռ ավելին, առավոտյան արթնանալուն պես մեր պարտքն ենք համարում հիշել բոլոր իշխանական օղակներին, ներքևից վերև, մեղավոր ու անմեղ՝ մեղադրելով գարշահոտությունը չվերացնելու մեջ։

Մենք զլանում ենք շնորհակալություն հայտնել մեր քաղցը հագեցնողին, ու նեղանում ենք, որ հաջորդ անգամ լայն ժպիտով չի դիմավորում մեզ։

Մենք մի քանի քայլ վերև, սահմանված տեղում կանգառ պահանջելուն սովոր չենք։ Էլի ու էլի շատ բաների սովոր չենք, բայց սովոր ենք պահանջելուն։ Մենք պահանջատեր ենք, պահանջատեր ենք բոլորի նկատմամբ, բացի ինքներս մեր։ Ու ով էլ գա իշխանության, ինչ փայտիկ էլ որ ունենա, մեր մտածելակերպը փոխողը մենք ենք։ Ինչ հրաշք էլ որ կատարվի աշխարհում, մենք չենք տեսնելու, քանի դեռ մեր աշխարհը սահմանափակված է մեզանով։

Ու համաձայն եք, թե չէ, բայց այո, աղքատությունը մեր գլխում է, դեռ ավելին, այն նաև մեր հոգում է։

Arman Mkrtchyan

Թևեր տվեցին, հետո՝ կտրեցին

-Վերջապե՜ս, Իվան բեմ իջավ։

Իրականում բավականին երկար՝ 40 րոպե ուշացումով սկսվեց համերգը, և, եթե դրան չհաջորդեր հետագա սփոփիչ ելույթը, ապա այդ օրվա մասին հիշողությունները մոռացության անդունդից հետ բերել չէր ստացվի։ Երեկույթը նվիրված էր ԵՊՀ 100-ամյակին, երգում էր Իվետա Մուկուչյանը, և ամեն ինչ կատարյալ էր, բացի հետևում կանգնած երեք աղջկա տրամադրությունից ու մեր շուտ տուն գնալուց։ Բայց կարևորը տեղի ունեցավ միջոցառման ընթացքում, երբ մի պահ անծանոթ համարից զանգահարողն ասաց, որ վաղը պետք է մոտենամ Պոլիտեխնիկ՝ ինչ-որ ծրագրի մասնակցելու։ Ցավոք, աղմուկը մեծ էր, ինչի պատճառով, երկրորդ անգամ նույն բանը կրկնելուց հետո, այդպես էլ չլսեցի՝ որ ծրագրի մասին էր խոսում «ANEL»-ի աշխատակիցը։ Այսուամենայնիվ, ևս մեկ անգամ տեղն ու ժամը ճշտեցի ու ասացի` կներկայանամ։
Հաջորդ օրը ամեն երրորդին ծրագրի մասին հարցուփորձ անելուց և կուրսղեկիցս թույլտվություն ստանալուց հետո, մետրոյով հասա համալսարանին կից ինովացիոն կենտրոն, որտեղ էլ հենց գործում է «ANEL»-ը։ Պատուհանից նկատեցի «Ստեղծարար մտքին» մասնակցածներից մեկին ու գլխի ընկա՝ ծրագիրը նախորդի շարունակությունն էր, կամ գոնե որոշակի կապ ուներ։
Շուտով միասին բարձրացանք վերև, լսեցինք ինձ զանգահարողին, ում, փաստորեն, դեմքով ճանաչում էի, և ոգևորված նոր հեռանկարներով, դուրս եկա լսարանից՝ բազում գաղափարներ մտքումս քննարկելով։ Պարզվում էր՝ նախորդի շարունակությունն էր, մրցույթ, որը հաղթելու դեպքում ստանալու էինք 25․000 ֆունտ և Լոնդոնում յոթօրյա շրջագայության հնարավորություն։ Սակայն մասնակցելու պայմանները բավականին բարդ էին, առնվազն նրանով, որ անգլերենն էր աշխատանքային լեզուն, իսկ իմ անգլերենի իմացությունը, մեղմ ասած, այնքան էլ բարձր չէ։ Այս իսկ պատճառով, մեխանիկորեն դիմեցի Ինստագրամի օգնությանը ու գրեցի ծանոթներիցս մեկին, որը շուտով համաձայնեց աշխատել ինձ հետ։ Այդ պահին գետնից 7 մղոն բարձր էի ինձ զգում։ Որոշեցինք, թե որ գաղափարի վրա արժի աշխատել, ու սկսեցինք զարգացնել այն։ Ամբողջ 2 օր ու 3 գիշեր մտածում էի այդ մասին, պատկերացնում՝ ինչպիսին կլիներ գաղափարը իրականության մեջ:
Բայց արի ու տես ՝Բրիտանական խորհուրդը այլ ծրագրեր ուներ։
Երկուշաբթի ևս մեկը միացավ մեր թիմին, ու մյուսի բացակայության պատճառով իր հետ գնացի «ANEL»։ Հասանք, փոքր-ինչ սպասեցինք, ևս մի քանիսի հետ մտանք լսարան, մի երկու թուղթ լրացրինք, նստեցինք ու․․․ Երևի էնտուզիազմը սենյակում չափից շատ էր. մեզ ասացին՝ խորհուրդը փոխել է որոշումը, ու անչափահասները չեն կարող մասնակցել մրցույթին։
Ուղղակի խոսքեր չունեի այդ պահին․ թևեր տվեցին, հետո՝ կտրեցին։

nelli khachatryan

Խորհուրդ է տրվում կարդալ միայն երկրացիներին

Լումուս:

Բարև 3000 անգամ: Թող ուժը միշտ քեզ հետ լինի: Եթե դեռ մտածում ես երաժշտությունն է էն լեզուն, որով խոսում է աշխարհը, ապա հետ ես մնացել: Չես հավատո՞ւմ: Աշխարհի ինչ որ կետում ասա «դռակարիս» ու ավելի շուտ անծանոթի ժպիտին կարժանանաս, քան օրինակ երգելով:

Հիմա նորից սկսենք:

Ուղղակի բարև: Բոլորս էլ արդեն լսել ենք էն իրարանցման մասին, որ կար Վրիժառուների ու Գահերի խաղի շուրջը, դե այսինքն, ոչ բոլորը, բացի էն մեղվից էլի, որ զբաղված է բաց պատուհան փնտրելով:

Եթե չես դիտել ոչ էն, ոչ էն, ապա դու… Չէ, իրականում դա նորմալ է, ու ոչ մի բան էլ չէի գրելու: Ուզում եմ քեզ պատմել` ինչումն է հավեսը էս իրարանցման մեջ լինելու:

Նախ, երևի ցանկացած սագա, մատենաշար կամ ֆիլմաշար իրենք իրենց մեջ արդեն հաջողություն են կրում էնքանով, որ իրենք քեզ հարազատ են դառնում ժամանակի ընթացքում: Երբ հերոսները քո աչքի առաջ անընդհատ են լինում, դու իրենց չես հասցնում մոռանալ, դու իրենց սկսում ես ճանաչել, իրենք քո աչքի առաջ են մեծանում, ու իրենց ճակատագիրը քեզ չի կարող չհետաքրքրել:

Էս ամենի մեջ ամենահավեսը գիտե՞ք որն է. սպասելը, թե երբ է նոր կամ վերջին մասը դուրս գալու: Կանխատեսումներ անելը, վերջին օրերը հաշվելը, աչքերը փակ սփոյլերների մոտով անցնելը, հետո վերջապես նայելը, բայց ոչ մենակ, լիքը անծանոթների հետ, էն անծանոթների, որ ֆիմի նույն հատվածում ծիծաղում, զարմանում ու լացում են: Նույնիսկ հավես է նայելուց հետո սփոյլերներ հանգիստ կարդալը, քննարկումները, թեմատիկ իրեր ձեռք բերելը ու ընկերներին համոզելը, որ իրենք էլ նայեն:

Մարդիկ, ովքեր չեն դիտել, մենք դեռ կարող ենք խոսել օրինակ, հին ավանդական երաժշտության կամ ուրիշ լեզվով: Ու լավ է, որ դուք կաք… Ախր, ձեր մներկայությամբ կարելի է անվերջ սփոյլել առանց ծեծվելու:

Հիմա էլի սկսեմ նորից:

Առանց բարևի: Էս պահին աշխարհի լեզուն սա է, 2018-ի ամռանը ֆուտբոլն էր, վաղը կլինի նորից երաժշտությունը, ու հենց էդ պահերին ես մտածում, թե ինչքան նման ու հարազատ ենք իրար… բոլորս: Էն, որ ուրիշ մոլորակների բնակիչների մոտ երկրացիներս ինչ հավեսով կխոսեինք էս ամենի մասին, իրենց կպատմեինք, կասեինք` ո՞նց, ախր ո՞նց կարեի է ֆուտբոլ չխաղալ, ու չզարմանալ, որ Ռուսաստանը հասավ ¼, ո՞նց չգիտեք Ֆրեդի Մերկյուրիի բեղերը, բա հիշո՞ւմ եք «Փախուստ բանտից»-ը, իսկ սև խոոռոչի նկա՞րը, որ համացանցում հայտվեց, ինչ հավես էր, չէ՞:

Հետո, որ էլի մնանք մենակ երկրացիներով, էս ամենը կմոռանանք ու կասենք` մենք ոչ մի ընդհանուր բան չունենք, մենք ախր, շատ տարբեր ենք, ախր, նա 6 մատով է ծնվել, իսկ մյուսի մազերը կարմիր են:

lilit vardanyan

Անիմեի կողմից գրոհի ենթարկվածները

-Արամ, էսօր կիրակի ա:

-Հա, ճիշտ ա:

Ես ու եղբայրս «թխի թող գա» ենք անում ու գնում համակարգչի մոտ:

Անիմե նայող հասարակության անդամ լինելը այդքան էլ հեշտ չի: Անիմեն շատերի կողմից չինական մուլտ անվամբ հայտնի ճապոնական անիմացիոն ֆիլմն է: Դե արի ու բացատրի, որ այդ «չինական մուլտերը» մի ամբողջ մշակույթ են:

Հայաստանում «Նարուտոն» շատ հայտնի է, հատկապես իմ տարեկիցներին: Վեց տարեկան էի: Ամեն օր ժամը հինգին «Նարուտո» էի նայում: «Նարուտոյի» կերպարների նկարներով ֆիշկաներ էի գնում: Մինչև հանկարծ «Նարուտոն» ցույց տվող հեռուստաընկերությունը կիսատ թողեց թարգմանությունը:

Հետո մի հիասքանչ օր ես ու եղբայրս բացահայտեցինք, որ կարող ենք ինտերնետով էլ նայել: Արդեն կամաց-կամաց հասկանում եք, թե ինչ օրն են իրենց գցում անիմե սիրողները: Արագ-արագ նայում ես, մեկ էլ հանկարծ հասնում ես վերջին դուրս եկած սերիային:

Մի փոքր բացատրեմ, որ ավելի հասկանալի լինի: Ուրեմն, ամեն ինչ սկսում է մանգայից: Մանգան կոմիքս է: Կոմիքսում մանգակաները նկարում են անիմեի սյուժեն: Ճապոնիայում մանգաները ահռելի մեծ քանակությամբ մրցակցություն ունեն: Մարդիկ շաբաթական մեկ անգամ գնում են “Jump” ամսագիրը, որի մեջ տպվում են մանգաները: Ամսագիրը կարդալուց հետո նրանք պետք է նշեն իրենց սիրած մանգան, որպեսզի ամսագիրը տպողները հասկանան, թե որ մանգան է ավելի պահանջված:

Հիմա ամենահետաքրքիր մասը: Եթե մանգան հայտնի է դառնում ու շատ է վաճառվում, մանգական նկարում է անիմե՝ այդ մանգայի վրա հիմնված:

Հիմա անիմե նայողների համար ամենադաժան պահերից մեկը: Անիմեի նոր սերիան նույնպես դուրս է գալիս շաբաթը մեկ անգամ:

Ու այնպես ստացվեց, որ ես ու եղբայրս ունեինք երկու տարբերակ՝ կա՛մ սպասել մի տարի ու նայել բոլոր չնայած սերիաները, կա՛մ սպասել մեկ շաբաթ: Դա իհարկե դժվար է, բայց ամենացավալին այն է, որ «Նարուտոն» 2017թ մարտին ավարտվեց: Մենք էլ որպես «Նարուտոյի» սերունդ, շատ էինք տխրել: Պատկերացնու՞մ եք՝ 10 տարի: Մենք 10 տարի նայում էինք այդ հրաշք անիմեն:

Հիմա անիմե նայողները կասեն՝ դու բացի «Նարուտոյից» ուրիշ անիմե չգիտե՞ս: Իհարկե գիտեմ: Անիմե նայելով եմ մեծացել: Դեռ շարունակում եմ նայել:

Մինչև իմ բացահայտումը, որ Նարուտոն ոչ թե չինական մուլտ է, այլ ճապոնական անիմացիա, նայել եմ «Պոկեմոնները» (փառք Աստծո՝ չգիտեի, որ 22 սեզոն է), Միազակիի գլուխգործոցները, «Սեյլոր մունը» (բոլորի հետ էլ պատահում է) և այլ անիմեներ, որոնք շատ հայտնի էին այդ ժամանակ:

Հիմա մյուս հարցը, որ կարող է առաջանալ կարդացողների մոտ: Ինչու՞ եմ ինձ համարում անիմե նայող հասարակության անդամ: Հիմնականում ճապոնական մշակույթը պաշտող մարդիկ իրենց «օտակու» են կոչում: Օտակուները ավելի ծանր դեպքեր են: Նրանք ոչ միայն նայում են անիմե, այլ իրենց շրջապատող ամեն ինչն են դարձնում անիմե: Խաղում են անիմեի վրա հիմնված կամ մինչև անիմեն ստեղծված խաղեր, ամեն օր նայում են անիմեներ, գնում են անիմեի կերպարների շորեր, լսում են անիմեի երաժշտություն, սովորում են ճապոներեն, փորձում են կրկնօրինակել իրենց սիրած կերպարներին: Ահա թե ինչու ինձ օտակու չեմ համարում:

Ինտերնետը բացահայտելուց և այլևս հեռուստացույցից չօգտվելուց հետո ես և եղբայրս սկսեցինք նայել այլ անիմեներ: Վերջապես հասկացանք, թե ինչ լեգենդար ժամանակաշրջանում ենք ապրել, երբ նայեցինք «Մահվան տետրը»: Հետո նայեցինք 2010-ականների ամենահայտնի անիմեները: Հասկացանք, թե դեռևս ինչ լեգենդար ժամանակաշրջանում ենք ապրում:

Այդքան գրեցի, գրեցի, պատմեցի անիմեի մշակույթը սիրելու դժվարությունների մասին, բայց չասացի ամենավատ կողմը: 10 տարի «Նարուտո» նայելով մեծանալով մի օր իմանում եմ, որ «Նարուտոյի» շարունակությունն են նկարելու: Հենց իմացա, ուզեցի լաց լինել: Բայց ոչ երջանկությունից: Երևի շատերին է ծանոթ այն դեպքը, երբ մի շատ լավ բանի շատ վատ շարունակությունն են նկարում:  Ուզում եմ հիշողությունիցս ջնջել այն, ինչ տեսա «Բորուտոյում»: Հիմա նստած մտածում եմ, որ այս սերնդի օտակուները կասեն «Բորուտոն» ամենալավ անիմեն է, որ տեսել եմ: Ու ես 70 տարեկան տատիկի պես կասեմ՝ էհ, մենք ավելի լավ մանկություն ենք ունեցել: Այնպես, որ խորհուրդ եմ տալիս, որ սկզբում «Նարուտոն» նայեք:

Ախր, անիմեի մասին էջերով կարելի է գրել, բայց երևի ավարտեմ ասելով՝ մի նայեք անիմե, դաս արեք, թե չէ իմ օրը կընկնեք:

Գնամ՝ «Գրոհ տիտանների վրան» նայելու:

sveta davtyan

Ուսանողի մտորումներ

Ինչի՞ց է բաղկացած ուսանողի առօրյան:

Իրականում լինելով ուսանող ես դրա վերաբերյալ իրարից շատ տարբեր կարծիքներ ունեմ:

Ինչքան որ հաճելի զգացողություն է ուսանող լինելը, միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող է: Իրականում ուսանողները այն մարդիկ են, ովքեր մշտապես հոգնած են, կարոտ քնի, դժգոհ քննության արդյունքներից, բայց միևնույն ժամանակ, ամեն ինչ հասցնում են:

Գրեթե մեկ տարի նույն ճանապարհով ես գնում եմ համալսարան: Ամեն օր ճանապարհին տեսնում եմ նույն դեմքերը, որոնց անգամ չեմ էլ  ճանաչում: Նայում եմ գլխավոր շենքին ու հիշում եմ, որ մտածում էի, թե հենց այդ շենքում եմ սովորելու: Հետո անցնում եմ առաջ, դժգոհելով բարձրանում հինգերորդ հարկ: Հասնելով, վերջին մի քանի րոպեն կանգնում եմ աստիճաններին, միայն հետո գնում լսարան:

Բոլորս ունենք մեր սիրելի նստարանը, որի վրա են միշտ մեզ փնտրում: Դասեր կան, որ չես հասկանում, թե երբ սկսվեց և ինչպես ավարտվեց, բայց հստակ գիտես, որ չես ուզում այն ավարտվի, ու սպասում ես, երբ է նորից սկսվելու: Իսկ դասեր կան՝ ինձ բացակա չդնեք:

Երբ լավ ես սովորում, ասում են միշտ այդպես շարունակիր, իսկ, երբ մի փոքր թերանում ես, ոչ ոք չի հարցնում պատճառը, միայն չորս կողմից կշտամբում են: Բայց սովորելու հարցում բացի աշխատասիրությունից և գիտելիքներից մեծ դեր ունեն նաև դասախոսները:

Ինչպես որ լավ գիրքը, այնպես էլ լավ դասախոսը ուսանողի կյանքում շատ բան է փոխում: Դասախոս, ով քեզ օգնում է դասերդ պատրաստելիս և իր խորհուրդներով, թե ինչպես ամուր մնաս կանգնած հողի վրա: Երբ առաջնորդում է քեզ ու հասկանում մտքերդ մինչ այն կհասցնես ավարտել: Ով քեզ ընդունում է հարազատի նման և պատրաստ է քեզ հետ գալ մինչև վերջ:

Երանի թե բոլորը հասկանան, որ ուսանողի կյանքում մեկ բառը անգամ կարող է հեղաշրջում կատարել, և դառնան հենց այդ փոփոխությունը ու մոտիվացիան, իսկ իրենից կախված ամեն բան ուսանողը կանի մեծ սիրով և ոգևորությամբ:

mariam nalbandyan

4 745 028

Եթե այս մի քանի օրը թերթել ես ֆեյսբուքի ու ինստագրամի սթորիները, հաստատ տեսել ես, թե ինչպես են բոլորը կիսվում իրենց՝ դեպի Մարս տոմսերով։ Դե, իսկ եթե ինքդ ես սիրում հետևել ՆԱՍԱ-յի նորություններին, ուրեմն առաջին միլիոնների մեջ էիր, որ գրանցվեցին և ուղարկեցին իրենց անունը Մարս։ Դե, այսինքն, կուղարկեն։ Մարս մենք (ՆԱՍԱ-ն) կթռչենք 2020 թվականի հուլիսին, իսկ մինչև սեպտեմբերը հնարավորություն կա դեռ գրանցվելու ու մեր տոմսն ամրագրելու։ Բանն այն է, որ ՆԱՍԱ-ն իր մարսագնացի վրա կունենա մի շատ փոքր չիփ՝ շատ մեծ հիշողությամբ, որտեղ արդեն միլիոնավոր մարդկանց անուններ կան գրված, ու դեռ միլիոններ էլ կգրվեն։ Հարցը այն բանի մեջ չէ, որ սա երբևէ մարդկության կողմից մտածված լավագույն գաղափարն է, այլ նրա, որ մեր անունները Մարս կգնան։ Դե հա, ես էլ, ինչպես բոլոր ընկերներս, գրանցվեցի միանգամից, ստացա իմ տոմսը ու պահեցի նկարը համակարգչիս ապահով մի թղթապանակում, որ հետո տպեմ, դե, թռիչքից առաջ։ Հայաստանից հազար քանի հոգի արդեն գրել է իր անունը, բայց դեռ շատերը կգրեն, մեզ մոտ լուրերը մի քիչ ուշ են տեղ հասնում։

Բայց ես դրա մասին չէի ուզում գրել, այլ իմ սիրած պատահականության։ Ես բախտ չունեցա իհարկե պատահականությունների տեսությունը իմ ուզածի պես ուսումնասիրելու, բայց հենց չալարեմ արտասահմանյան գրականություն կարդալ, անպայման կուսումնասիրեմ այն դեռ իմ ողջ կյանքի ընթացքում, որովետև էս անտեր պատահականությունները ամենասիրուն բանն են, որ երբևէ տեսել եմ։

Մենք ապրում ենք նույն քաղաքում։ Վեց տարի կլինի՝ իրար չենք տեսել։ Փոքր ժամանակ միշտ իրար կողքի էինք նստում, իրար հետ դասի գնում, դասից էլ՝ տուն։ Հիմա մենք իրար չենք ճանաչում։ Փողոցում տեսնենք, հաստատ իրար չտենալու կտանք, կանցնենք։ Ես քեզ կճանաչեմ, որովհետև լավ հիշողություն ունեմ։ Դու կմտածես՝ ինչ ծանոթ դեմք էր։ Մենք իրար կողքով կանցնենք ու էլ իրար մասին չենք հիշի։ Դու էլ ես հետաքրքրված ՆԱՍԱ-յով նույնքան, ինչքան ես։ Դու էլ ես հետևում ՆԱՍԱ-յի բոլոր նորություններին։ Դու էլ, տեսնելով լինքը, հաստատ հնարավորությունը բաց չես թողնի գրելու քո անունը։ Մինչև դու լրացնում էիր քո էլեկտրոնային հասցեն ու փորձում հիշել փոստային դասիչը, ընկերուհիս ինձ ուղարկեց լինքը։ Ես ավելի արագ լրացրի, ես լավ եմ հիշում մեր փոստային դասիչը։ Մենք միևնույն ժամանակ սեղմեցինք «ուղարկել իմ անունը» կոճակը։ 4745028։ Չորս միլիոն յոթ հարյուր քառասունհինգ հազար քսանութ անունների մեջ իմ ու քո անունը ընկան իրար կողքի։ Իրար հետևից։ Իմ ու քո անունը նույն կրիչի մեջ են։ Նույն Մարսի վրա։

Մենք ապրում ենք տարբեր քաղաքներում, տարբեր երկրներում։ Ես քեզ երբեք չեմ տեսել, բայց միշտ լսել եմ։ Քո երաժշտությունը ինձ միշտ ոգեշնչել է։ Դու հասարակ ֆրանսիացի երաժիշտ ես, դու գրում ես քո անունը՝ Մարս ուղարկելու։ Իմ ու քո անունը՝ նույն կրիչի մեջ։ Նույն Մարսի վրա։

Մենք ապրում ենք տարբեր մոլորակների վրա։ Հազար տարի իրար չենք տեսել ու մի հազար էլ չենք տեսնի։ Մի օր դու տեսնելու ես, թե ինչպես ինչ-որ տարօրինակ մարդիկ թողեցին իրենց անուններով մի կրիչ Մարսի վրա։ Դու մտածելու ես, որ դա լավ գաղափար էր։ Դուք էլ էսպես կանեք։ Քո անունը քո կրիչի վրա կլինի թվով նույնը, ինչ որ իմը՝ իմ կրիչի։ Կամ ընկերոջինս։ Մեր անունները կհայտվեն էնտեղ, որտեղ նույնիսկ մեր մտքերը չեն հասնում։ Բայց նույն տեղում։ Նույն Մարսի վրա։

Ու ինչքան էլ տիեզերքը մեծ լինի, իսկ մենք՝ ցրված դրա ողջ անկյուններով, մի օր մենք հայտնվելու ենք մի տեղ միասին։ Դու երբեք չես լինի այնպիսին, ինչպիսին մարդիկ են քեզ պատկերացրել ու պատկերել տարբեր ֆիլմերում։ Մենք էլ այնպիսին, ինչպես դու ես պատկերացրել։ Դու չես իմանա ինչ է արևը, ես այն կտեսնեմ ամեն օր իմ կյանքում։ Մենք կլինենք անհնարին հեռու, և այնուամենայնիվ, մի օր մեր անունները գրված կլինեն իրար շատ մոտ, մի օր մենք կհայտնվենք նույն տեղում՝ նույն Մարսի վրա։ Այն Մարսի, որ ես անզեն աչքով մի անգամ եմ տեսել, ու հիացած էր, իսկ դու ամեն օր ես տեսնում, կամ տեսնել անգամ չես կարող։ Նույն Մարսի։

Եվ իմ գրելու պահից 418 օր, 21 ժամ, 46 րոպե ու 39 վայրկյան հետո ես կուղևորվեմ Մարս։ Չուշանաս, սպասելու եմ քեզ։

Կհանդիպենք մյուս կյանքում, եղբայրս։

mariam tonoyan

Քյավառի հավատալիքները

Մեծ տատս հետաքրքիր կին էր՝ ավանդապաշտ, կարգուկանոն սիրող, հյուրասեր, բարի, իսկական քյավառցի (իրականում՝ հացառատցի, բայց Հացառատը արդեն թաղամաս է)։ Ամեն անգամ ձեռքս քար վերցնելիս, չարաճճի ընկերներիս  քարով սպառնալիս տատս ասում էր.

-Քարի մեջն արուն կա, ձեռիցդ շպրտա։

Չէի հավատում.

-Քարը քար է՝ կարծր, կոպիտ, ի՞նչ արյուն։

Բայց երբ մեր հարևան կանանց խոսակցությունից լսեցի, թե Գևորգը «քարից հաց քամող» մարդ է, սկսեցի կասկածել.

-Մարդ կկարծի, թե քարն ամբար է՜, ինչ է՜… Մեջն ամեն ինչ կա։

Մի օր դրանում համոզվելու համար մեծ քարով փշուր-փշուր արեցի փոքր քարերը։ Արյուն չկար, ոչ էլ հացի փշուրներ թափվեցին։

Տատիս տարօրինակ, կես հանելուկ, կես առակ հայտարարությունները երբեմն ինձ խելագարության էին հասցնում ու նման ինֆորմացիաները մարսելու համար դրանք վերլուծում էի ինձնից երկու տարով մեծ ընկերուհուս հետ։

-Մա՛ր, (երկուսիս անունն էլ Մարիամ է) գիտե՞ս, անցած անգամ հաց ուտելիս սեղանի անկյունում էի նստել, տատս ասում էր, որ էդտեղ չնստեմ՝ մարդի չեն տանի։ Էդ ի՞նչ է նշանակում,- աչքերս ճպճպացնելով հարցնում էի ես՝ ակնկալելով իմ մանկական ուղեղին հասանելի պատասխան։

Մարիամը, սովորության համաձայն, մի լավ ծիծաղում էր հարցիս վրա ու ինքն էլ մտածմունքների մեջ ընկնում.

-Ա, դե շա՞տ գիտեմ։ Մենակ քո մտքով կանցնի տենց հարց տալ։

-Բա որ ենթադրենք Պողոսի մասին խոսում են, ինչի՞ համար են ասում «Հանգաճդ կանչա, Պողոս ջան»,-նյարդայնանում եմ ես,- տենց ո՞նց կլնի։

-Տենց ասում են, եթե Պողոսը ուրիշ տեղում ա, հեռու ա, չի լսում քո ասածը։ Երբ մեկի մասին խոսում ես, բայց ինքը հեռու ա, իրա ականջի մեջ ձայներ են լսվում, «հանգաճը կանչում ա»։

Հարցական հայացքով նայում եմ նրան, սկսում է ծիծաղել, նրա ծիծաղի վրա էլ իմ ծիծաղն է գալիս։

Օրեցօր ավելի էր հետաքրքրանում հետազոտական աշխատանքս։ Մի օր նույնիսկ պատահաբար հայտնաբերեցի, որ նման տարօրինակ արտահայտություններ ես էլ եմ անում, որոնց իմաստը չգիտեմ։ Մեծերից լսել եմ, ենթագիտակցորեն ընդունել ու գործածել։ Հիշում եմ՝ երբ եղունգս սպիտակում էր, սպիտակ կետիկ էր հայտնվում վրան, ասում էի՝ նվեր ունեմ, ինձ նոր շոր կառնեն։ Երբ թարթիչիս ինչ-որ բան էր նստում, ասում էին. «հաշկին բեռ ա բարձե», ես էլ ուրախանում էի, թե հաստատ մի լավ բան լինելու է, ու չէի գցում այնքան ժամանակ, մինչև ինքն իրեն կընկներ։

Հայրս մինչև հիմա ուրախանում է, եթե աջ ձեռքի ափը քոր է գալիս՝ փող կստանա։ Իսկ ձախը հակառակը՝ կծախսի։

Քանի դեռ քույրս չէր մեծացել, ինձ նախատում էին, որ օրորոցը դատարկ օրորել չի կարելի, չարքերը երեխայի քունը կխանգարեն, ինձ միշտ տանջում էր նաև այն միտքը, թե ինչու են քրոջս բարձի տակ դանակ դնում։ Երբ մորս հարցրի, նա պատասխանեց.

-Երբ տանը, սենյակում մարդ չի լինում, օրորոցի մեջ՝ երեխայի գլխի տակ դանակ կամ մի կտոր հաց են դնում, որ չարքերը չվնասեն։

Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչու են սև կատու տեսնելիս ճանապարհը փոխում, որ հանկարծ խեղճ կենդանին ճամփան չհատի, թե ինչու չէին համբուրում երեխայի ծոծրակը, որ խռովկան չմեծանա։ Մեծերը միշտ լավաշը ձեռքով էին կիսում.

-Հացի վրա դանակ չեն քաշի, հացը կպակասի։

Փոքր երեխան որտեղի՞ց հասկանա, որ այս բոլորը դարերի ընթացքում, դեռևս հեթանոսական ժամանակներից ձևավորված հավատալիքներ են, որ մարդիկ գիշերով աղբ չեն թափում, որովհետև հավատում են, որ տան բարիքը շան ու գելի փայ կդառնա, որ տնից գնացողի հետևից ջուր են շփում, որ գնացողի նպատակը շուտ կատարվի, ու նա շուտ տուն վերադառնա։

Հարևաններից ժամանակավորապես վերցրած ամանը մենք մինչև հիմա դատարկ հետ չենք տալիս, մեջը մի ուտելիք կամ նվեր ենք դնում։ Մենք երևի մտածում ենք, որ դա շնորհակալություն հայտնելու տարբերակ է, այնինչ մեծերը հավատում էին, որ եթե այդպես չանեն, անասունները կկտրվեն կաթից, հավերը՝ ձվից։

Նման հավատալիքները շատ-շատ են, որոնցից շատերը թեև հնացել են, բայց մեծ մասը պահպանվել է ավանդապահ Քյավառում։

Դրանցից առավել հետաքրքիրները կարող եք կարդալ ստորև.

1. Հացը, պատառաքաղը, դանակը եթե տան անդամի ձեռքից թռավ, ասում էին. «Հէսօր մեր տունը մարդ ա գալու»։

2. Թռչունը պատուհանի առաջ եթե կանգնում, ծլվլում էր, կամ պատուհանից ներս էր մտնում, ընտանիքի պանդուխտից լավ լուր կստացվի, պանդուխտը կվերադառնա շուտով։

3. Ճանապարհին տերտերին հանդիպելը վատ նշան էր, որպեսզի ազդեցությունը վերացնի, հանդիպողը մոտակայքում մի քար պետք է գտնի շրջի, կամ ձեռքը գրպանում պահած երեք մատով կոմբինացիա անի՝ միջնամատը ուղղված դեպի տերտերը։

4. Ճանապարհին, եթե դատարկ ամանով մարդու էին հանդիպում, նշան էր, թե նպատակն անհաջողությամբ կպսակվի։ Հարկավոր էր ճանապարհը փոխել։

5. Եթե աջ աչքն է խաղում, լավ նշան է, ձախը՝ վատ։

6. Երբեմն մարդու երեսը տաքանում է՝ վառվում, կրակվում է, հավատում էին, որ ինչ-որ մեկը բամբասում է իրեն, երեսին խաչ էին անում, ասում.«Աստված, դու խերն անես»։

7. Կատուն, եթե թաթով երեսը լվանում է, թաթը տանում է ականջի հետևը, հավատում էին, որ պանդուխտից լուր կգա կամ ինքը կգա։ Այդ է պատճառը, որ Նոր Բայազետում կատուն երեսը լվանալիս, ասում էին.«Թաթդ տար հանկջիդ հետև»։

8. Շունը, եթե առանց պատճառի ոռնում է, նշանակում է` դժբախտություն է պատահելու. շանը կամ արձակում էին, կամ սպանում։

Ինչ հրաշալի են մարդիկ, երբ օգնում են իրար

Ամենօրյա գործերից հոգնած, երբ քայլում ես քեզ հարազատ դարձած քաղաքով, փոփոխություն ես ուզում: Փոփոխություն ես ուզում, որովհետև հոգնել ես քեզ շրջապատող միօրինակությունից…

Իսկ դու տեսե՞լ ես, թե ինչպես է սկսվում փոփոխությունը, թե ինչպես է սկսում շողալ արևը, և թե ինչպես են ծնվում բարությունն ու կարեկցանքը, օգնությունն ու մարդասիրությունը:

Դու տեսե՞լ  ես, թե ինչպես են սկսում համախմբվել մարդիկ լավ բանի համար, թե ինչպես է ձևավորվում թիմը, ու թե ինչպես կարող են մարդիկ գնալ անծանոթ մեկի գաղափարի հետևից ու օգնել նրան դրա իրականացման գործում: 

Հավատա, որ այդ ամենը տեսնելը, իսկապես, հաճելի զգացողություն է, իսկ այդ ամենի մասնիկը դառնալը` աշխարհի ամենաերանելի բաներից մեկը:

Էս ամենին մենք ականատես եղանք երեկ, երբ Հայկական Կարմիր Խաչի Ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի կամավորներով գնացինք օգնելու այդ հոյակապ թիմին: 11:15 էր, երբ հասանք նախապես սահմանված վայրը, որտեղ մեզ սպասում էին Արմանը` էս ամենի կազմակերպիչն ու հեղինակը, մի խումբ երեխաներ, և խոտը հնձող մարդիկ: Գնացինք, կապեցինք գոգնոցները, դրեցինք ձեռնոցները ու միանգամից սկսեցինք աշխաատել: 

Ամիսներ առաջ Աշտարակի քաղաքապետարանի աջակցությամբ Արմանը լուսային դիոդներով լուսավորել էր Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի դիմացի 100 մետր երկարությամբ պատը, իսկ Awesome Foundation-ի տրամադրած գումարով` ձեռք բերել ներկեր, ու ներկել պատը դեղինից դեղին գունային անցումներով: Ու հիմա, երբ Արմանը Աշտարակ ֆանտաստիկ գույներ ու փոփոխություն է բերել ու իրականություն է դարձրել էս հրաշալի նախագիծը, էդ տարածքը մի փոքր մաքրել ու կարգի բերել էր պետք, որպեսզի պաշտոնական բացումը տեղի ունենա: Էս ամենն, ի վերջո, նաև մտածելակերպային փոփոխության սկիզբ է, որովհետև գաղափարն ու մոտեցումը շատ բաներ են փոխելու մարդկանց մոտ: Արդեն սկսել են փոխել… 

Հնձելու գործիքների ձայնն էր լսվում, երեխեքի ծիծաղը: Հետո շենքերից մարդիկ են դուրս գալիս, իջնում ներքև` օգնելու: Երեխեքը քարերն են հավաքում, մեծահասակները` խոտերը փոցխում: Հետո պուճուրները չգիտես որտեղից, սայլակ են բերում, լցնում քարերը մեջն ու տեղափոխում ենք էդ ամենը: Կարմիր Խաչի կամավորներն էլ են օգնում, ու ուշադիր հետևում են երեխեքին, որ հանկարծ չվնասեն իրենց: Ուրիշներն են տեսնում էս ամենը ու միանում, գալիս, սուրճ ու պաղպաղակ բերում, մյուսները` սառը ջուր, ուրիշներն էլ` թան, հյութ, կարկանդակներ…

Ես նայում եմ Արմանի դեմքին, որն ինչ-որ հպարտության կամ գոհունակության արտահայտություն ուներ: Նայում եմ ու պատկերացնում, թե ինչ հոյակապ է աշխարհը, երբ մարդիկ համախմբված են հանուն հրաշալի գաղափարների, եւ թե ինչ հրաշալի են մարդիկ, երբ կարողանում են օգնել իրար: