Առաջնահերթ նշեմ ամենամեծ ձեռքբերումս, որին հասել եմ 17-ի շնորհիվ, դա իմ համարձակ լինելն է ազատ արտահայտվելու մեջ: Ես կարող եմ գրել ամենատխուր թեմաներից, որոնք կարող են կապված լինել շրջապատի, ապրելավայրի, նույնիսկ ընտանիքի հետ: Կարող եմ գրել այնպիսի թեմաներից, որ ընթերցողը ինձ ասի` բա չե՞ս վախենում: 
17-ը, իսկապես, շրջադարձային եղավ իմ կյանքում` 16 տարեկանից սկսած: Հնարավոր է քաղաքում ապրողների համար ինչ-որ միջոցառումներին բեյջեր կախելը սովորական բան է, բայց էդ շրջանում, երբ մասնակցում էի որքշոփի, ինձ էնքան էր պարտավորեցնում էդ բեյջը, որի մեջ իմ անունն էր, որն ուղղակի անունս հիշելու համար էր, ես ուզում էի միշտ կրեի, որ ինձ մեծ զգայի, կամ դա մեծ լինելու հետ հնարավոր է կապված էլ չի:
Երբ իմացա, որ ընտրվել եմ որպես մեդիա ճամբարի մասնակից, բառիս ուղիղ իմաստով 7-րդ երկնքում էի: «Մամ, ինձ ճամպրուկ ա պետք, մամ նոր բաներ պիտի առնենք, մամ էս բլուզը տանե՞մ, թե՞ էն կանաչը»:
«Մանանա», դու չես պատկերացնի, թե դու ինձ ոնց ես մոտիվացրել ամբողջ կյանքի համար, թե ինչքան էնտուզիազմ ես ներարկել ինձ:
Դու ինձ տվել ես լիքը ընկերներ Հայաստանի ամբողջ տարածքից, էնպիսիններին ես տվել, որ մենք երբեք չենք հանդիպել, բայց վիրտուալ հարթակում շփվելով բավականին մտերիմ ենք:
Դու ինձ տվել ես ճանաչում. «Վայ, մեր 17-ի Սոնան ա»:
Դու ինձ տվել ես կրեատիվ մտածողություն, զարգացած լինելու մակարդակ, 16 տարեկանից ուղի ես հարթել ու ձեռքս բռնած օգնել ես ինքնակերտման ճանապարհին:
Դու ինձ դարձրել ես քոնը, իսկ ես քեզ դարձրել` իմը, մերը:
Մեր 17, շնորհավոր բոլորիս 5 տարին:
17-ն իմ կյանք եկավ (կամ գուցե ե՞ս 17-ում հայտնվեցի) 2017-ին՝ գոյությանս 17-րդ տարում, ու 17-ամյակս նշվեց արդեն որպես 17-ցի: 17-ն իմ կյանքում նշանավորվեց բազմաթիվ 17-երով, և ամեն ինչ ավելի սիմվոլիկ ու բանաստեղծական կլիներ, եթե այստեղ ասեի, որ գրածս նյութերն էլ 17-ում հենց 17-ն են, բայց դա նենգ ու անհավատալի մի սուտ կլիներ, քանի որ 17-ում գրածս նյութերն արդեն վաղուց հատել են 4 տասնյակի շեմն, ու կարծում եմ՝ դեռ շատ տասնյակներ պիտի հատեն, որովհետև… Որովհետև իմ 17-ում կարելի է խոսել պատանեկան խնդիրների ու հոգսերի, կպչուն մտքերի, հանգիստ չտվող մտածմունքների ու հիշողությունների մասին: Որովհետև 17-ը տեղ է, ուր կարելի է պատմել սիրածդ կերակուրի ու չսիրածդ եղանակի մասին, ուր հնարավոր է պատառիկներ գրել կյանքիդ թանկագույն մարդկանցից ու անմոռանալի պահերից, և ուր անհնար է, պարզապես անհնար է չգրել…


Գիտեք, երբևէ իմ հանդիպած ամենաֆանտաստիկ էջն է 17-ը…Պետք չէ փնտրել լուրեր Հայաստանի որևէ քաղաքի ու գյուղի մասին այլ տեղ, քան 17-ում, ինչո՞ւ, որովհետեւ այստեղ են խոսում իրական Հայաստանի մասին, այստեղ այդ մասին խոսում են պատանիները, ում աչքից երբեք և ոչինչ չի վրիպում…Իսկ հիշողությունները, վառ պահերը 17-ի հետ շա~տ են: Ո՞ր մեկն ասեմ. գուցե մեդիա ճամբարները, երբ ամեն օր հավաքվում էինք, քննարկումներ անում, ֆիլմեր նկարում, գրում, սովորում, գուցե մեր առաջին ցուցահանդեսը, երբ չէինք հավատում, որ էկրանին տեսնում էինք մեր նկարած ֆիլմը ու ապշում դահլիճի թնդացնող ծափերից, գուցե նյութ գրելու պահերը, երբ երկար նստում էինք համակարգչի առաջ ու մի ամբողջ ժամ փնտրում ամենահարմար բառը ու երջանկանում այն գտնելուց…Տեսնում եք` հիշելու արժանի պահերը շատ են ու դեռ շատանալու են:




17-ին միանալուց հետո հասկացա, որ իրականում իմ կարողությունների համեմատ շատ քիչ բան եմ անում, հասկացա, որ կարող եմ և պետք է ավելին անեմ։ Հենց այդ նույն տարվա ամռանը գնացի Աղվերանի մեդիաճամբար, որտեղ էլ ավելի ոգևորվեցի նոր հնարավորություններ գտնելու գաղափարով։ Այնտեղ մասնակից աղջիկներից մեկը ֆլեքսի շրջանավարտ էր, ումից էլ իմացա ծրագրի մասին։ Դիմեցի ու դարձա ֆինալիստ։
Ամերիկայից էլ շարունակում էի գրել նոր նյութեր։ Վերադառնալուց հետո էլ սա արդեն երրորդ փոխանակման ծրագիրն է, որին մասնակցում եմ «Մանանայի» անունից։ 17-ը հոդվածներ գրելուց, ֆոտոներ անելուց ու ֆիլմեր նկարելուց ավելին է։ Այն մարդկանց առաջ է մղում դեպի ավելի լավը, մեզ սովորեցնում է ամեն ինչում գեղեցիկը նկատելու արվեստը։
