«Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում Ալեններ են ծնվում»

«Գնալ երազանքի հետևից, սիրել և հանդուրժել մարդկանց իրենց բազմազանությամբ և աշխարհը նվաճել այն կատարելության բազմազանությամբ, որ վաղն ավելի լավն է լինելու»,-մեջբերեց ՀՊՄՀ ռեկտոր  Սրբուհի Գևորգյանը` 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի խոսքերը։

Արցախի Հերոս Ալեն Մարգարյանի 23-րդ տարեդարձը նշվեց հարազատ համալսարանում`փետրվարի 11-ին։

Միջոցառմանը ներկաները ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի բակում տեղադրված  խաչքար-հուշաքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին, ինչից հետո Կուլտուրայի ֆակուլտետում բացվեց քանդակագործ  Մկրտիչ Արզումանյանի հեղինակած Ալեն Մարգարյանի կիսանդրին։ Նույն ֆակուլտետի կարմիր դահլիճում էլ շարունակվեց հուշ-միջոցառումը։ Ներկայացվեցին երաժշտական, պարային համարներ` համալսարանի փողային նվագախմբի, «Բերդ» պարային համույթի, հենակետային վարժարանի սաների և երգիչ Գոռ Սուջյանի մասնակցությամբ։

-Ալենը կրթելու մեծ առաքելություն ուներ և այդ տարիքում հասցրել էր ունենալ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ գրեթե բոլոր ոլորտներում»- խոսեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը` ավելացնելով,- Նա երիտասարդ էր, որը ձգտում ուներ ուսանել և մանկավարժական փորձը փոխանցել: Սա պատահական չէ, քանի որ նա ընտրեց հենց Հայկական Պետական Մանկավարժական համալսարանը։

Ալեն Մարգարյանի ծննդյան առթիվ  Սրբուհի Գևորգյանը հերոսի  մորը՝  Նազելի Տերտերյանին հանձնեց «Մանկավարժական համալսարան» մեդալը։

-Արժևորեց ամենից շատ հայրենիքը, սերը դեպի հայ ժողովուրդը և անսահման անձնուրացությունն էլ դարձավ տխուր, բայց շատ հպարտ վախճան,-որդու մասին խոսեց Նազելի Տերտերյանը,-Սիրում էր կրթվել ու կրթել, հնարավորություն ունենալով` չօգտագործեց, դարձյալ ապացուցելով, որ ինքն ուրիշ է, ինքն այլ արժեհամակարգի կրողն է։

Հերոսի մայրը հպարտությամբ հայտնեց, որ աշխարհի տարբեր երկրներում ամեն օր Ալեններ են ծնվում։

Նազելի Տերտերյանը նաև  խոսեց «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական-կազմակերպության հետագա առաքելության մասին` տեղեկացնելով, որ շուտով կհիմնվի «Ալեն Մարգարյանի» անունը կրող կրթահամալիր, որտեղ սովորելը կլինի պարտավորեցնող, բայց միևնույն ժամանակ, հաճելի ու պատվաբեր։

Խոսեց նաև «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գրքի հեղինակ, ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի սան Արման Վարդանյանը։

-Այս գրքի էջերը անվերջ են, ինչպես Ալեն մոլորակը, ինչպես Ալենի երազանքները, սերը։

Արմանը նշեց, որ չնայած գիրքը պատերազմում անմահացած հերոսի վառ հիշատակին է նվիրված, սակայն ոչ պատերազմի մասին է, ոչ մահվան։

-Գիրքը ներքին բոլոր պատերազմները հաղթահարելու և որակյալ աշխարհաքաղաքացի լինելու մասին է,-հավելեց հեղինակը։

Խոսելու և հիշողություններով կիսվելու հնարավորություն ընձեռվեց նաև Ալենի կուրսընկերներից Էլեն Խաչատրյանին։

-Նա մեր մոտիվացիան էր, ոգևորում ու մոտիվացնում էր բոլորիս, անգամ այն ժամանակ, երբ տրամադրություն չունեինք ոչնչի համար։ Ալենը լույս էր, գրկելու մեծ տաղանդ ուներ և իր գրկախառնությամբ կարող էր մոռացնել տալ ցանկացած տխուր պահ։ Գիտեի, որ գալու է մի օր, երբ խոսելու եմ նրա մասին, բայց այն ժամանակ, երբ ֆիլմերից մեկը Օսկար կստանար… Սակայն նա ընտրեց հերոսանալու այլ տարբերակ։

Էլենը խոսքը եզրափակեց.

-Ալենը միշտ ներկա է ու միշտ մեր կողքին։

Հուշ-ցերեկույթի ավարտին ցուցադրվեց հերոսի անցած ուղու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որից հետո ներկաները այցելեցին Եռաբլուր պանթեոն։

«Կյանքի իմաստը վաղվա օրվա ավելի լավը լինելու հավատի մեջ է»։

Syuzanna Navasardyan

Խոսք իմ մուսային

Նա ավելին էր, քան այն ամենը, ինչի համար մարդիկ թանգարաններ են շտապում։ Նա, անխոս, սովորեցնելու, հիացնելու շա՛տ արժեքներ ուներ։ Ամենամեծ արժեքը, սակայն, որ և՛ հիացնում, և՛ բարկացնում էր ինձ, համեստությունն էր նրա, անսովոր, երբեմն չափազանց, երբեմն էլ շռայլ համեստությունը։

Ես միշտ կողքից նայում էի իրեն՝ ինչպես գողը կհետևեր իր երանելիին, ինչպես նկարիչը՝ բնորդին, տերևը՝ քամուն: Ես հետևում էի նրա հայացքի երանգներին. երբեմն (իսկ հետո՝ արդեն միշտ) այդ երանգներն ինձ ծանոթ էին լինում, և այդպիսով ես հայացքներ գրկող դարձա։

Հետևում էի աչքերին նրա։ Ես սովորել էի նրան նուրբ ու աննկատ հետևել այնքան, որ երբեմն մտքովս անցնում էր, թե ավելի շատ ուսումնասիրում եմ, քան սիրում։ Դա այն եզակի մտքերից էր, որ այդպես էլ չկշռադատեցի, ճիշտ ու սխալ լինելը (գոնե ինձ համար) չորոշեցի։

Նա անթերի էր երբեմն։ Իսկ հաճախ էլ՝ ոչ։

Պատկերացնում եք՝ ինչքան նման էր ինձ։

Մեկ-մեկ պարզ էր ու հասկանալի այնքան, որ բառեր պետք չէին գալիս։ Երբեմն բարդ ու դժվար էր այնպես, որ չէի հասկանա անգամ այն դեպքում, երբ բացատրեր։ Մենք նման էինք, և դա հրաշալի էր։ Սակայն մեր նմանությունը երբեք չէր ենթադրում կանխատեսելիություն, թե չէ` կյանքն անիմաստ կդառնար կամ որ նույնն է՝պարզ հաշվարկ։ Եվ մենք նման էինք նաև այդ հարցում՝ չէինք սիրում հաշվարկներ, հաշվարկներով չէինք սիրում իրար։

Մեր գլխավոր ու բևեռային տարբերությունը սերն էր։ Չէ, չէ, կներեք. ոչ թե սերը, այլ սիրելը։

Ես (լավ միտք չէր բացասականից սկսելը) քչախոս էի սիրում, հաճախ՝ լուռ, հեռու, շատ հաճախ՝ սառը, մի քիչ չսիրելով զգացմունքներս ցույց տալը։ Ես ժլատ էի սիրում ու պերճախոս։ Ես շատ էի սիրում ու քիչ ցույց տալիս։ Ես շատ էի գրում ու քիչ խոսում այդ մասին։

Նա (դրականը) հեռավորության դեմ էր, քչախոսությանը՝ ևս։ Նա ազնիվ էր։ Ու չնայած իր անսահման համեստությանը, շատ շքեղ, շատ շռայլ էր սիրում։ Երբեմն ինքս ճշտում էի (չհավատալով, որ իմ այս բարդությունը հնարավոր է սիրել), թե դու ինձ իրո՞ք այդպես սիրում ես։ Փոշմանում էի հարցիցս։ Նա չէր սիրում պատասխանել դրան։  Նա ազնիվ էր սիրում։ Իսկ ազնիվ սիրո մեջ հարցեր ու պատասխաններ չկան։

…Արժեր նրա արժեքներն ու որակները որպես օրինակ ցույց տալ մարդկությանը։ Միայն թե… ե՛ս ազնիվ չէի, ես ժլատ էի ու երբեք համաձայն չեղա, որ ուրիշներն իմանան նրան. ուրիշները… ուրիշ լինելու իմաստն էլ հենց այդ էր՝ չը՛ճանաչել նրան…

Anna Harutyunyan

Ո՞վ է հայը

Անժխտելի փաստ է՝ հայն աշխարհի հնագույն ազգություններից մեկն է։ Դրա մասին վկայում են ոչ միայն հայոց, այլև համաշխարհային պատմության վկայությունները։ Իսկ ո՞վ է հայը, ի՞նչ ճանապարհ է անցել, ո՞րն է նրան ճանաչելու բանաձևը։ Մի՞թե բավական է միայն քրիստոնյա կոչվելը, հայերեն խոսելը, ազգանվան վերջում «յան» մասնիկ կրելը կամ Հայաստանում ապրելը հայ կոչվելու համար։ Իհարկե ոչ…

Հայը Հայաստանում ապրելուց զատ, այն համարում է իր հայրենիքը, որտեղ ինչպես առաջ իր, այնպես էլ հիմա նրա զավակների պատմությունն է կերտվում։ Հայը գիտի՝ այստեղ մի թիզ հողի վրա որքա՛ն արյուն, արցունք ու քրտինք է թափվել, որն իսկական հայը չգնահատել չի կարող։

Հայի ազգանունը կարող է չունենալ «յան» վերջավորություն, բայց նրա դեմքը կմտանի նրա հայությունը։ Դիմագծերը, փոքր-ինչ կեռ քիթը, խոշոր, կրակոտ, բայց և թախծոտ աչքերը։

Մի՞թե թշնամին վատ գիտի մեզանից մեր լեզուն: Նա չէ՞, որ հաճախ մեզանից ճիշտ ու անսխալ է խոսում կամ գրում։ Ստացվո՞ւմ է, որ նա էլ է հայ։ Իհարկե ոչ… Միայն հայը կարող է սրտանց ասել անթարգմանելի «ջան»-ն ու «ցավդ տանեմ»-ը։ Միայն հայը կարող է տարօրինակ բան տեսնելուց երեք մատը ծալել ու ցուցամատը բարձրացնել՝ անպայման ինչ-որ տեղի-անտեղի մեկնաբանությամբ։

Հայը փորձում է ոչ միայն անունով, այլև գործով քրիստոնյա լինել։ Նրա համար հայրենիքն ու հավատքը ամեն ինչից վեր են, դրանք նրա սրբություններն են, որոնց համար նա պատրաստ է կյանքը տալ: Ինքնազոհություն, այ թե որն է հայի հոմանիշը։

Հայրենասեր, աշխատանքի գինն իմացող, ազնիվ, բայց միևնույն ժամանակ խիստ ու պատվախնդիր հայ տղամարդն ու ընտանիքին նվիրվող, աստվածավախ ու բարոյական հայ կինը միասին ստեղծում են հայ ընտանիքը, որտեղից էլ սկսվում է հայի ինքնությունը։

svetlana davtyan new x

Սիրում եմ միայնակ լինելս

Գիտե՞ս, բարեկամ, քեզ մի շատ անկեղծ բան կասեմ:

Իրականում մենակության մեջ ապրելն այնքան էլ բարդ ու դժվար չէ: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է դատարկ սենյակ ու շատ գրքեր: Պարզապես մի օր բացում ես աչքերդ ու հասկանում, որ լիարժեք ազատ ես, կարող ես թոքերդ հարյուր տոկոս օդով լիցքավորել ու խորը շունչ քաշել` ազատվելով կոկորդիդ փաթաթված փշալարերից, որոնք ամեն կերպ քեզ փորձում են ցած քաշել:

Մենակության ուժը հասկանում ես այն ժամանակ, երբ որոնումներիցդ հոգնած հանձնվում ես մակույկին ու երազում, թե երբ ամեն բան կվերջանա, ճանապարհդ էլ կհասցնի սենյակդ, դեպի մենակության գիրկը ու հասնելուն պես խոստանում ես, որ էլ երբեք չեք բաժանվելու:

Ու միակ խանգարողը մեր մտքերն են, որ ամեն անգամ հիշեցնում են մեր վերապրածը, որ օրեր, շաբաթներ, տարիներ շարունակ սրսկել ենք մեր երակի մեջ, թունավորել ինքներս մեզ: Ու մի փոքրիկ մանրուք շատ ենք արժևորում, դրան տալիս մեծ տեղ: Արդյունքում, չեղածն էլ մեզ թվում է ահռելի, դրան օժտում ենք հզոր ուժով, թույլ տալիս, որ իշխի մեզ: Ու թվում է, թե դրան հաղթել հնարավոր չէ:

Մինչդեռ մեկ քայլ է պետք ուշքի գալու համար: Իրականում հաճախ իրողությունը այնքան փոքր է, ինչպես երկիր մոլորակը ողջ տիեզերական համակարգում: Դու ինքդ ես որոշել, որ պետք է կապկպես քեզ, խեղդվես, իսկ իրականում որոշումը քո ձեռքում է: Դու ես քո զգացմունքների պատասխանատուն ու ղեկավարը:

Սփաթ գլխով նայում ես շուրջդ ու հասկանում, որ իրականում պատկերն այլ է ու, որ պետք չի մտացածինը բերել քո անձնական դաշտ: Պետք չէ անիրականը պահել ու վախենալ դրանից, այլ պետք է կոտրել շղթաներն ու նորից ազատվել հնարավորինս արագ:

Զգալ քեզ քո մեջ, ոչ թե կաշվիցդ դուրս, դառնալ ակունքին ու լինել մենակ, ու լինել քեզ հետ խաղաղ: Հիշել, որ պետք չի ինչ-որ բան որոշել, խորհել մի բանի շուրջ, ինչը չկա:

Բարեկամս, դու ես ու քո մենակությունը, գնա՛, դու ազատ ես, նորից դարձիր քոնը:

Anahit Arshakyan

Դու` դու, ես` ես

Դու փակել ես էջը, ես՝ գիրքն եմ այրել:

Ես աշխարհում կամ ու չկամ՝ քոնում: Դու էն աշխարհում ես վաղուց, որ իմն է:

Դու գտել ես աշխարհ ու այն կառուցել, ես ստեղծել եմ ավազից:

Դու անցել ես աշխարհներ, ես բանտարկված եմ իրականությանս մեջ:

Դու բախտավոր ես, որ ես քո բախտը չէի, ես ունեմ բախտ՝ քեզնից նվեր, որ դժբախտությունս էր:

Մոռացումը քեզ հարկավոր չէ, իսկ ես մոռացված եմ հիշողությանս մեջ:

Դու նույնն ես, անցորդները քեզ չեն փոխել: Ես չկամ անցորդների հետ. էլի նույնն եմ ես:

Աշխարհում կան շատ ճանապարհներ, իսկ ճանապարհներում աշխարհներ՝ շատ քիչ:

Դու տգեղ ես, անսահման տգեղ, բայց դա ինձ չի խանգարել երբեք: Ես գեղեցիկ եմ, անսահման գեղեցիկ, իսկ դա քեզ խանգարեց:

Դու խոսում էիր ինձ հետ, ես՝ քեզ հետ: Մենք խոսում էինք այնքա՜ն հարմար, այնքա՜ն ճիշտ, այնքա՜ն հեշտ: Ես խոսում էի, հասկանու՞մ ես, ես խոսում էի, ինչպես ոչ միշտ, ինչպես երբեք:

Ես այն մեկն եմ, ում ձեռքը անդունդի եզրից չքաշեցիր ու կողքիդ չգցեցիր, թողեցիր գնամ ու դու մենակ մնացիր: Քո աշխարհը քանդել ինձնով դու չուզեցիր:

Դու չթողեցիր ինձ մոտ, դու ինձ չսպանեցիր: Ես քեզ չսպանեցի, որովհետև ուժ դու ինձ չտվեցիր, թույլ չտվեցիր: Դու մեռած ես երևի ու ապրել չուզեցիր:

Դու հորինվածք ես ու մի քանի րոպեներ: Ես խփնված եմ, որ գրում եմ քո մասին այսպես:

Դու կյանքից հոգնել ես ու այնքան պարզ ես այդպես: Ես այնքան դժվար եմ, բայց կյանքից չեմ հոգնել, կյանքն է ինձ ուժասպառ արել:

Ես թանտրոն չգնացի էդպես էլ ու մոռացա  քեզ: Քանզի ես միայն ստեղծեցի շարունակություն ու չպահեցի այն, ինչ իրապես էր եղել:

Որովհետև դու ներկայացում ես ու անցորդ: Իսկ ես ուղղակի՝ անծանոթ: Իսկ թե նման ես ինձ, դու էլ ես իմ պես, ապա ես ֆիլմ եմ ու վեպիդ մի գլուխն արդեն: Տես, նույնիսկ սա՛ չգիտեմ:

Դու տեսնում ես ինձ քո գույնի մեջ: Իմ գույները կորչում են քեզ հետ:

Դու գտել ես ինձ քո հետ, ես փնտրում եմ քեզ իմ մեջ:

Դու չես լսում ինձ, բայց մտածում ես, որ տեսնում ես ու գիտես: Ես լսում եմ քեզ, բայց չեմ տեսնում ու չեմ էլ տեսնի երևի երբեք, որովհետև դու միշտ գիտես, իսկ ես՝ երբեք:

Դու հարվածներ ես ստանում բազում ու ինձ պատմում ես, թե հարցնեմ: Ես հարվածներ երևի նույնպես ստացել եմ, բայց այնքա՜ն կուզեի լռեիր ինձ լսելու պես ու երևի ես կխոսեի, երևի չէի գոռա հիմարի պես:

Դու քնքշանքս ու հանգիստս ես մեկ-մեկ:

Ես քեզ չեմ տա ինձ երևի երբեք:

դու՝ Դու, Ես ՝ ես:

mariam poghosyan

Ժամանակը կանցնի

Ժամանակը կանցնի, ու նա կգա… Կգա ու առանց հարցնելու կխրվի մութ ներկայիդ մեջ: Մթությունը քեզ չի խանգարի, բայց նրա ներկայությունը քո գլխում քեզ խորթ կթվա: Գլխացավ կունենաս, դեղեր կխմես, երկար կքնես, բայց չի օգնի, երազիդ էլ կգա…

Հետո կարթնանաս, դատարկ դեղատուփում գլխացավի դեղ կփնտրես, ուշքդ կորել է, մի փոքր ուշ միայն կնկատես, որ դատարկ է, ոչինչ չկա:

Մի պահ կլռես, կանէանաս, հետո խորը շունչ կքաշես, ու դա քեզ կօգնի վերադառնալ իրականություն: Հետո կհիշես, մի քանի բան կմոռանաս, հետո նորից կհիշես, վերջում էլ կհասկանաս, որ գլուխդ ամենևին էլ չի ցավում, գլուխդ կորցնելու աստիճան հոգիդ է ճչում, որովհետև միտքդ ու սիրտդ ընկել են հոգուդ հետևից, ինքն էլ վազել է, ընկել ու հիմա էլ ցավից ճչում է

Հոգուդ է դեղ պետք, այլ ոչ գլխիդ, հոգու դեղ պետք է փնտրես, ոչ թե գլխացավի, ու ոչ թե դատարկ դեղատուփում, այլ… Չգիտեմ, երդվում եմ, չգիտեմ, թե որտեղ կարող ես այդ դեղից գտնել, խոստանում եմ, իմանալուն պես անպայման կասեմ:

Հոգիդ կբուժվի, հետո հերթը կհասնի մտքիդ, մտքերդ խճճվել են, ով ասես ու ինչ ասես կա գլխումդ: Ախր, զգուշացրել էի, ամեն պատահածի ու պատահած իր ներս չթողնես, սենյակիդ պես թափթված է դարձել ու պահարանիդ պես փոշոտ: Հավաքել ու մաքրել է պետք, կուտակված մտքերն էլ զգեստապահարանի ներսում եղածի պես դասավորել է պետք:

Բա տեսքդ ի՞նչ է, տեսքդ ավելի թափթփված է, մազերդ մոռանում ես սանրել, կոշիկներիդ վրայի փոշին էլ կարծես գրադարանում պահված գիրք լինի. մաքրող չկա:

Հագուստդ կարծես ժամկետն անց ապրանք լինի, կներես, բայց շատ հին է:

Աչքերդ սառած են, ձեռքերդ` կնճռոտված, եղունգներդ դադարել ես խնամել: Քեզ ոտքից գլուխ պետք է նորոգես: Չէ, կներես, վերանորոգես…

Դեմքիդ գույն կգա, կվերսկսես շպարվել, կարմիր շրթներկով կպատես շուրթերդ, կշարունակես ժպտալ, աչքերդ շրթներկով չես ծածկի, բայց աչքերով էլ կժպտաս, ձեռքերդ կսկսեն փափկել, եղունգներդ էլ կխնամես, հագուստդ կփոխես, նորը կգնես, հինն էլ դեն կնետես, մազերդ կսանրես, կոշիկներիդ վրայի փոշին էլ մի լավ կմաքրես…

Մտքերդ էլ կդասավորես, ինչպես րոպեներ առաջ դասավորել էիր զգեստապահարանում խառնված շորերդ, ու սենյակդ էլ իսկույն կսկսես մաքրել:

Կկանգնես հայելու առաջ, կնայես քեզ, կհիանաս, հետո միանգամից կհիշես, որ մոռացել ես ամենակարևորի` դատարկ դեղատուփի մասին: Կվազես դեղատուն, կգնես գլխացավի դեղը ու միայն տուն մտնելուն պես կհիշես, որ գլուխդ չէր ցավում, ու որ քեզ հոգու դեղ էր պետք, այլ ոչ գլխացավի…

Սովորական լուսանկար

Առաջին հերթին սովորական նկար՝ ուղղակի ջերմ նստած նստարանին։

Իրականում էդքան էլ սովորական նկար չի: Նկարում բոլորս սայլակի վարորդներ ենք։

Մի քանի վայրկյան, ու մենք համալրում ենք սովորական մարդկանց շարքերը. նստում ենք նստարանին։

Իրականում շատ ասելիք կա էս նկարի տակ, միևնույն ժամանակ, նկարի հետ կապ չունեցող։

Արդեն երկրորդ օրն է, որ համալսարանում սկսվել են դասերը, ու ես կրկին համալսարանում եմ։

Ես «սովորական մարդ» եմ միայն իմ կուրսընկերների համար։ Երբ  հայտնվում եմ ուսանողաշատ միջանցքներում, ուսանողության մի ստվար հատվածի հայացքներից հասկանում եմ, որ ես եկել եմ Մարսից, ու մաշկիս գույնը կապույտ է։

Չգիտեմ, թե երբ կփոխվեն էդ հայացքները մեզ տեսնելիս, բայց ուզում եմ դիմել խնդրանքով բոլոր էն մարդկանց, ովքեր մեզ  որպես այլմոլորակային են ընդունում ու հարցական ու տխուր հայացքներով են ուղեկցում: Ուզում եմ, որ մեզ ընդունեք այնպես, ինչպես որ մենք հիմա կանք։ Հիշեք, որ պատերազմն է մեզ վարորդներ դարձրել։

Հուսամ կհասկանաք ու կփոխվեք։

Աստված պահապան բոլորիս։

valentina

Ինքնամեկուսացում

Օր առաջին

Արթնանում եմ կոկորդի ցավից: Ու մտաբերում եմ էն բոլոր պատճառները, որոնք կարող էին հանգեցնել կոկորդի ցավին:

-Դե հա, միշտ սառը ջուր եմ խմում: Մի քանի օր առաջ շատ թեթև էի հագնված: Ոչինչ, էսօր հաստատ գլխարկ կդնեմ:

Ինքս ինձ արդարացնում էի, որ բոլոր հավանական պատճառներն ունեմ չվարակվելու, բայց գիշերվա հազարին, շատ պատահաբար որոշեցի, որ պետք է գնամ թեստավորվեմ: Գնացի թեստավորման, հիշելով թե ոնց եմ գրկել ընկերներիս: Բայց ախր, ես ջերմության կարիք ունեի, ո՞նց չգրկեի: Կարևորը էսօր համալսարան չգնացի, ու անծանոթ մարդկանց չեմ վարակել: Մենակ ընկերներիս եմ վարակել, դե, իրենք էլ ընկերներս են: Քանի որ գիշերվա 11-ին միայն Զվարթնոց օդանավակայանի թեստավորման կենտրոնն էր աշխատում Երևանում, ուղիղ գնացի Զվարթնոց: Մոտեցա, գրանցվեցի թեստի համար, ու հասավ հերթս:

-Բարև ձեզ: Անձնագիր կտա՞ք:

-Բարև Ձեզ: Անձնագիր ինչի՞ համար: Ես Վալենտինան եմ:

-Հա, ես ուրախ եմ, որ դուք Վալենտինան եք: Բայց գրանցման համար, պաշտոնական փաստաթուղթ է պետք:

-Լավ:

Ընթացքում մտածում էի` ինչ հիմար եմ ես ու ինչի՞ պիտի անձնագիրս չտամ: Հիմար իրավիճակ ստացվեց: Ու ես ընդհանուր բարկացած էի ինձ զգում, որ հենց գրանցող տղան ինքը դիմակ չի կրում, ու ուզում էի բարկությունս ամեն ձև արտահայտել, թեկուզ անձնագիրը պատճառ ստեղծելով:

-Շատ գեղեցիկ անուն ունեք, Վալենտինա: Ձեզ պես գեղեցիկ անուն:

Լավ, Վալուշ: Հենց հիմա ժամանակն է արտահայտելու բարկությունը: Պահը հասունացել է, «ֆշշցրու»:

-Իսկ դուք ինչի՞ դիմակ չեք կրում:

Արեցիր դու դա, Վալու’շ: Ես հպարտ եմ քեզնով: Կարծես դու չէիր, որ իմանալով ախտանշաններ ունես, ընկերներիդ էիր գրկում: Իրոք, շատ պատասխանատու վարք ես դրսևորում: Ազգը քո կարիքն ունի:

-Հիմա կդնեմ:

Թեստավորումից հետո հաջորդ քայլը ֆիզիկապես ինքնամեկուսացումն է: Ճանապարհին դասախոսներիս տեղեկացրի, որ թեստ եմ տվել, ինքնամեկուսանալու եմ և կաշխատեմ օնլայն եղանակով միանալ դասերին:

 

Օր երկրորդ

Օրը սկսվեց իմ ամենասիրելի դասով: Դասի ավարտից հետո ստուգեցի էլեկտրոնային նամակներս, ու շատ «դրական» լուր: Ես պաշտոնապես վարակվել եմ քովիդով: Ինչ ազդեցիկ է հնչում: Այս ընթացքում ես միշտ կարողացել եմ պաշտպանել ինձ, անգամ ամբողջովին պատվաստված եմ եղել, աշխատել եմ հնարավորինս պահել կանոնները ու հիմա այլ իրականություն: Շոկի մեջ էի: Գրեցի ընկերներիս, որոնց հետ կոնտակտի մեջ եմ եղել ու հորդորեցի թեստավորվել: Ամեն ինչ ծայրահեղ վատ էր թվում, բացի վիճակիցս: Ընդհանուր շատ թեթև էի տանում, բայց դասեր, վերջնաժամկետներ, ամեն ինչ բաց թողեցի: Ոչ պրոդուկտիվ Վալուշ: Ահա, թե ինչն է ավելի վախենալու քովիդից: Երեկոյան որոշեցի, որ ինձ պետք է ոչ միայն ֆիզիկապես ինքնամեկուսանալ, այլ նաև մտավոր: Ջնջեցի բոլոր սոցիալական հարթակները հեռախոսիցս ու ընկերներիս վերջին պահին բացատրեցի, թե ինչ անեն:

-Դե որ կարիք լինի կապ պահելու, մեյլ գրի:

-Ի՞նչ:

-Դե ասեցի: Ես պետք է ինքնամեկուսանամ ու կենտրոնանամ իմ ու մտքերիս վրա: Ու կապի մեջ չեմ լինելու, ուստի եթե կարիք լինի հաղորդկացվելու, մեյլ գրի՝ հասկանանք:

-Ի՞նչ մեյլ:

- Լավ հարց էր: Համալսարանի մեյլն է ակտիվ լինելու, մյուս մեյլն էլ եմ ապաակտիվացնելու:

-Գժվե՞լ ես:

-Երևի քովիդն է ազդում, ուֆ, չգիտեմ:

-Էս տիպիկ Վալուշական արարք է: Քովիդը մեղք չունի:

-Ես մեռնելու եմ:

-Իսկ եթե զանգելու կարիք լինի՞:

-Դե պարզ չի՞: Մեյլ կգրես, զանգի համար կպայմանավորվենք:

Սրան ուղեկցում է մի քանի րոպե լռություն, որի ընթացքում ընկերս կրկին իր մեջ հասկանում է, որ ցավոք, իմ հետ է շփվում ու ուրիշ ելք չունի:

Ընդհանուր վիճակիս մասին գրելու ոչինչ չկա: Բավականին թեթև եմ տանում ու կարծես սովորական մրսածություն: Իսկ հիմա, պիտի վերջին սոց.հարթակն էլ ջնջեմ ու քնեմ:

 

Օր Երրորդ

«Սիրելի Վալենտինա,

Այս էլեկտրոնային նամակը գրում եմ քեզ, որ տեղեկացնեմ, որ մեր թեստի պատասխանը բացասական է: Քեզ մաղթում ենք առողջություն:

Սպասում եմ պատասխան նամակիդ:

Սիրով,

.… »

Չնայած անպատասխանատու վարք էի դրսևորել ընկերներիս շրջանում, նրանց չէի վարակել: Շատ երջանկացա նամակից ու հիշեցի երեկ ինչքան լավ բաներ եմ արել ու անցա գործի:

Որոշեցի, որ սկզբից պետք է ծնողներիս անունները հեռախոսիս մեջ փոխեմ: Ես հեռախոսիս մեջ բոլորին գրանցել եմ անուն-ազգանուններով, անկախ նրանից` քույր, եղբայր, ծնողներ, տատիկ, պապիկ: Բայց հիմա մտածում եմ, որ ճիշտ կլինի հեռախոսիս մեջ մայրիկիս գրանցեմ` «Mom», իսկ հայրիկիս «Dad»: Հիմա կարծում եմ, որ ընդհանրապես ճիշտ է ծնողների հետ պահպանել այդ ընտանեկան ջերմ հարաբերությունները հեռախոսի անունների բաժնում: Հետո ստացա թոքերիս ախտորոշման պատասխանը: Հա, մոռացել էի գրել, որ չոր հազ ունեմ, ու դրանից ելնելով երկրորդ օրը գնացել էի հիվանդանոց: Քանի որ ցանկանում էի հանգիստ լինել, որ չեմ մեռնելու թոքերի ախտահարումից, որոշեցի ստուգվել: Պատասխանը կատարյալ լավ էր: Այսինքն, միակ խանգարող հանգամանքը հարբուխային վիճակն էր, որն էլ մի քանի օրվա ընթացքում կբարելավվի:

 

Օր չորրորդ

Շատ ուրախ եմ, որ քովիդի չորրորդ օրը պահում եմ պրոդուկտիվությունը` հնարավորինս կենտրոնանալով ինձ վրա: Ցավոք, էսօր առաջին անգամ զգում եմ, որ դժվարանում եմ հավասարակշռություն պահել արտաքին ու ներքին աշխարհների միջև:

Ուրիշ ոչինչ:

 

Oր հինգերորդ

Քաոս:

 

Օր վեցերորդ

Փոքր եղբայրս բացատրում է, թե ոնց է ստեղծվել «6-8»-ը: Հետո պատմում, թե ինչ լավ ժամանակ ենք մենք անցկացնում, չնայած որ մեզ բաժանում է իմ սենյակի դուռը, հետո, որ ես իր ամենասիրելի քույրն եմ:

Իսկ հետո՝

-Վալ, ինձ 1980 դրամ կտաս: Պիտի խաղալիք մեքենա առնեմ, հետո ջարդեմ, միջից հանեմ շարժիչը, հետո դա օգտագործեմ իմ թռչող ապարատի վրա:

Չի փոխվել:

Խոստանում եմ, որ կտամ՝ իբր չեմ հիշում, թե ոնց էր սենյակի դուռը բացել ու բանան շպրտել սենյակ, վրան ալկոգել փչելով կամ ոնց է իմ սիրած չիփսերը ալկոգելով մաքրել:

-Մամ, ես ամեն ինչ անում եմ Երկիր մոլորակի առողջության համար:

Էս ընթացքում մտքերս շատ խառն են: Էմոցիոնալ տարբեր ագրեգատային վիճակներում եմ հաճախ հայտնվում:

 

Օր յոթերորդ

Այսօր վերջին օրն է, լրիվ չեմ ապաքինվել, բայց դուրս եմ գալու ինքնամեկուսացումից:

- Բարև ձեզ, թեստերի վերահսկման կենտրոնից է: Վալենտինա Չիլինգարյանի հետ եմ խոսու՞մ:

-Այո, ես եմ:

-Ուրեմն դուք երեկ թեստ եք հանձնել, ու դրական է եկել, ու դուք պետք է 7 օր ինքնամեկուսանաք:

-Ըը: Ես մի շաբաթ առաջ եմ թեստ տվել, ու այսօր վերջին օրն է ինքնամեկուսացմանս, վաղվանից արդեն կարող եմ դուրս գալ ըստ ձեր օրենքների:

-Վալենտինա ջան, ուրեմն համակարգը բերել է երեկվա համար, կապ չունի` երբ եք թեստ հանձնել:

- Կներեք, բայց ես մեղք չունեմ, որ ձեր համակարգը սխալ է բերում, ու պետք է դրա հիման վրա որոշումներ կայացնել:

-Վալենտինա ջան:

-Կներեք, բայց չեմ հասկանում:

-Գիտե՞ս` ինչ, Վալենտինա ջան: Ինչ ուզում ես՝ արա:

-Մերսի շատ: Հենց դա էլ ուզում էի:

Մի քիչ բարկանում եմ  կատարվածի համար: Բայց, հետո մտածում եմ, որ ուղղակի համատարած բարդակ է ամենուր, ինչպես իմ մտքերում, որն էլ գերազանցորեն նորմալ է:

 

***

trust the process (հայերեն` վստահել ընթացքին)

Gohar Petrosyan

Դու չես համակերպվի ինձ

Դու այլևս սովոր չես լինի ու չես համակերպվի ինձ։
Ինչ-որ մի պահի բաժանվեց մեր ճանապարհը, բայց ի տարբերություն քեզ, ես փոխեցի այն հակառակ ուղղությամբ, և գուցե հանդիպենք ապագայում դեմ առ դեմ։ Բայց դու ինձ չես ճանաչի, քանզի ամեն բան այլ դարձավ իմ կյանքում։ Դու գուցե ծերացար քո ցավից, ես էլ փոխեցի ապրելակերպս։ Քեզ դուր չի գա ոչինչ իմ մեջ, գուցե դա էլ ուզում էի։ Դու գինետներից հարբած ու մտամոլոր կգնաս տուն, իսկ ես դեռ ծխով կլցնեմ մեջս ու կշարունակեմ հարբելը, քանզի ինձ տանը ոչ ոք չի սպասում։

Անկեղծ ասած, ափսոսում եմ քեզ, քո մեջ անվերջ պատերազմներ են, իսկ ես ազատվեցի դրանցից։ Քեզ ոչինչ չի փրկի, դու ինքդ պատերազմի մեջ էիր, և այն քո մեջ է այնքան ժամանակ, մինչև աչքերդ փակվեն։ Իսկ ես կփակեմ ծխից մրմռացող աչքերս, գլուխս կդնեմ փաբի սեղանին ու կմտածեմ դատարկության մասին, որն ամեն ծխի հետ լցնում եմ ներսս։

Ինձ մոտ շատ բան է փոխվել այս կարճ ժամանակում, բայց տպավորություն է, թե միայն կորցնում եմ կորուստներիս հաշվարկը։ Իսկ դու շարունակիր հարբել և տուն գնալ, քեզ դեռ սպասում են, իսկ ես ազատ եմ իմ կոտրված թևերով։
Ես դեռ երկար ժամանակ ոչինչ չեմ գրի քո, իմ ու այս կյանքի մասին։ Այլևս ոչինչ չկա ասելու, պարզապես ապրում ենք, որ չնեղացնենք ինքներս մեզ ու մեր հին երազանքներին, որոնց հասանք ու հոգնեցինք։ Ես քեզնից էլ եմ հոգնել, բայց դու երազանք չէիր։ Ես հոգնել եմ գրելուց, որովհետև դատարկում եմ միջիս դատարկությունը։ Իսկ դու կապրես դեռ երազանքներով. պայքարել ներսիդ պատերազմների դեմ ու գոնե հաղթել, որովհետև պարտվեցինք այս անիմաստ ու ծանր պատերազմում։ Բայց ես չունեմ ոչինչ պայքարելու և հաղթելու համար, ես կորցրի ամենը իմ ճանապարհին։

Դու այլևս սովոր չես լինի ու չես համակերպվի ինձ։ Ես ինքս չեմ կարողանում համակերպվել այն կյանքին, որում չգիտեմ էլ ինչպես հայտնվեցի։

Anahit Arshakyan

Արցունքս աղի ա, անձրևդ՝ դառը

Արցունքս դառը անձրևիցդ ա, որ քեզ թվում ա, թե պետք ա կտրել. կտրել՝ քո սեփական ձեռքերով, որովհետև Աստված սպառել է իր ձեռքերը, որ քեզ կհասնեն ու կկտրեն: Դու ուզում ես քնել, բայց նրա համար չէ, որ արև լինի. դու գիտես, որ չկա՛ ոչինչ. ու դա բացարձակ ճշմարտություն է՝ թե այդպես ես մտածում: Թող քո ականջին ստեր փչեն, որ անձրևդ երկարի. ես քեզ չեմ խաբի երբեք ու չեմ հորինի:

Քեզ չի՛ թվում, քեզ ոչինչ չի՛ թվում, ոչ մեկին ոչինչ չի՛ թվում ի՛ր մասին, մեզ միայն թվում է դիմացինի՛ մասին: Մենք թվում ենք ու քանակում ենք դիմացինին՝ իր թվարկածներից ու թվերից, չիմանալով, որ անձրևի կաթիլները հաշվել չի լինի, գրել չի լինի, բառոտել չի լինի, սիմվոլե՞լ ՝ դժվա՜ր. միայն երբ չի լինի: Դիմացին լինել չի՛ լինի. միայն ոչինչ չասող հայացքով ու հասկացող աչքերով դիմացից նայել. դիմացից, ոչ թե՝ կողքից: Ես ոչ մեկի կողքին չեմ. ոչ մեկն իմ կողքին չի: Ոչ մեկ ոչ մեկի կողքին չի կարող երբևէ լինել, միայն այն պատճառով թեկուզ, որ նախադասությունը ես – ով եմ սկսում:

Արվեստդ կյանքդ ա, որովհետև չունես արվեստ՝ կյանքում: Դու գրում ես, որ բացատրես. քե՛զ բացատրես, ինքդ՝ քեզ՝ ինքդ քեզ բացատրես, բայց… քո՛ համար չէ, այլ՝ իմ, այլ՝ նրա, այլ՝ մեկ ուրիշի, որ մի օր գիրքդ կկարդա ու դառը անձրևդ կուլ կտա: Դու գրում ես նրա՛ համար կամ գրում ես ուղղակի, որովհետև այլ՝ անելու բան չկա, ու երևի թե լավ կլինի, որ վերևից նայելով սկսի կարդալ, միգուցե մի փոքր ավել քեզ կողքից նայի: Դուք կուլ կտաք անձրևը. դու կմարսես, ինքը՝ կթքի: Դու կթրջվես, ինքը՝ գլխիդ անձրևանոց կպահի ու չի թրջվի: Կամ` հակառակը:

Ես՝ քեզնից եմ միտք քաղում, դու ինձնից ես միտք քաղում: Մենք լալիս ենք աղի անձրևով՝ միմյանց դառը արցունքների համար կամ հակառակը: Որովհետև մենք միայն մեզ ունենք ու երևի թե միայն լացել գիտենք, որ չունենք: Որովհետև արցունքս աղի է, անձրևդ՝ դառը: Կամ հակառակը: Արդեն ասել եմ: Ասում եմ, որ իմանաս: Վիճակս ավելի հասկանաս: Քեզ ավելի լավ խաբեմ:

Քո փոքր աշխարհում՝ մեծ աշխարհի մասին, ես միայն ի՛նձ կկարողանամ գտնել: Բայց իմացիր, որ ես քեզ գտել եմ իմ փոքր աշխարհում՝ մեծ աշխարհի մասին, ու քեզ լսող մեկը կա, ու քեզ ես երևի թե մի քիչ հասկացել եմ՝ կողքից:

Դու սիրիր ու ապրիր: Դու սիրիր, որ ապրես: Քեզնից չեմ պահանջում, որ ապրել սիրես:

Դու գրիր ու սիրի էն՝ ինչ գրում ես, որովհետև ցանկություն ու նպատակ ու կյանք կունենաս, որ գրածդ՝ իրականությունից հանես ու սարքես: Դու գրիր, որ ինչ-որ բան ստեղծես: Գրիր, որ լացեն ու դատարկվեն ու լցվեն: Դու գրի… Դու գրի բոլոր գրվելիք պահերին կամ գրվելու արժանի պահերի մասին ու ստեղծի, երբ ուժ կունենաս խմբագրելու: Դու պատմիր ու ստեղծիր քո մի բուռ իրականությունից: Մարդիկ ավելի լավ կգտնեն իրենց՝ իրենց փոքր աշխարհում՝ մեծ աշխարհի մասին կամ ուղղակի բառերից ինչ-որ ձև, ի՜նչ-որ ձև իսկականը կզգան ու քեզ կտեսնեն:

Մոռացիր դու նրան, ի՛նձ մոռացիր. մոռացիր դու բոլորի աչքերը, որոնցով գրածդ՝ հետո հազար անգամ ավել ես փորձելու կարդալ: Ես չգիտեմ, ես չգիտեմ ու չեմ կարող պատասխանել, թե մարդիկ ո՞նց են իսկականը հասկանում, թե դու ո՞նց ես իսկականը հասկանում, թե ո՞րն ես դու՝ իսկակա՛նը: Բայց մարդիկ հասկանում են, երևի որովհետև իսկական են, ու ամենաիսկականը հենց մա՞րդն է: Դու գրիր, հազարավոր անծանոթ մարդիկ քեզ կկարդան ու կզգան ու կմտածեն այն, ինչ իրենք են, այն, ինչ իսկական է, իսկ քեզ իմացողները թող խնդան. դու հիմարություն ես, միայն երբ պատմու՛մ ես քո մասին իրենց: Բայց դու իմաստ ես, թե պատմում ես ինքդ քո մասին պատմելու մասին: Ու ես չեմ խնդում, ոչ էլ լաց եմ լինում:

Իմացի՜ր, ես հենց քե՛զ համար եմ գրում ու իմացիր, որ խաբում եմ. ես էլ ի՛մ նրանց ունեմ երևի, ես էլ երևի ինձ եմ խաբում: Դու կարդա քո՛ աչքերով: Մի քանիսը փորձելու են իմ աչքերով կարդալ, ախ, այնքա՜ն իզուր: Մեկը միգուցե վստահ է, որ տեսնում է աչքերս՝ գրելու պահին, ախ, որքա՜ն սուտ ու ճիշտ, եթե նա այդպես է մտածում: Մնացածը ուղղակի վազանց կկատարեն որևէ աչքերով, որևէ պահի ու կհասնեն վերջակետին, որը չկա:

Դու իմացիր, որ ես քո առջև՛ չեմ նստած, այլ՝ կողքիդ: Դու իմացիր, որ մենք լուռ նայում ենք որևէ կետի, այլ ոչ թե՝ իրար: Դու իմացիր, որ նույն՝ ոչ մի տեղ նայելով հանդերձ, մենք ավելի լավ կտեսնենք միմյանց, ու դու իմացիր, որ դեռ ոչինչ չգիտես ու դեռ այնքա՜ն բան ունես իմանալու, որ տարիները ու կյանքը՝ կարճ, այդքան ծանր ու դանդաղ հոսող բոլոր գիշերներով քեզ չեն հերիքի. մեկը նրա համար թեկուզ, որ ինձ հասկանաս կամ նրա համար, որ թեկուզ ուղղակի:

Ուղղակին հզոր բառ է, Պուշկինի «չտո-տը»-ն հզոր է, որովհետև այն բառերից ու սիմվոլներից վերև է , այն վեռբալ չէ: Իմացիր, որ Բախը ստեղծել է «չտո-տը», իմացիր, որ շա՜տ «չտո-տը»- ներ և ուղղակիներ կան այս անուղղակի աշխարհում: Իմացիր, որ քո ուղղակին հզոր է. դու վեր ես ելնելու բոլոր բառերից՝ հենց գրելով: Դու վեր ես ելնելու բոլոր սիմվոլներից՝ հենց ստեղծելով: Իմացիր, որ հիմա քո ուղղակին ամենաիսկական իմաստն ունի ու բացի՜ր աչքերդ: Ես սպասում եմ. սպասում եմ  քե՛զ. ամեն օր՝ արդեն ուրիշ ես-ը ամեն օր կսպասի քեզ՝ արդեն ուրիշ. ամեն րոպե ինձ ավելի անծանոթ ու հարազատ: Ես սպասում եմ քեզ, իմացի՜ր. ուղղակի:

Քնիր դու ցերեկները ու գիշերները՝ ապրիր կամ հակառակը. միայն ապրիր: Ապրելու իմաստը ես դրանում եմ տեսնում. գտնում ես, թե ո՞նց ես ուզում ապրել ու ապրում ես: Գտիր Ո՛նց-ը: Ուզու՞մ ես, ուղղակի՛ ապրիր: Թող քո Ո՞նց-ը լինի Ուղղակին: Արդեն ասել եմ իմ վերաբերմունքը՝ Ուղղակիին: Դեռ շատ բան ունես ասելու, ուղղակիորեն՝ առանց բառերի, հենց քեզնով, քո ապրելով: Ողղակիից հետո միշտ գալիս է պատասխանը՝ թե՛ բառերով, թե՛ սիմվոլներով, թե՛ գույներով, թե՛ էմոցիաներով, թե՛ եղանակներով, ամե՜ն ինչով ու ոչնչով: Քեզ մի քայլ է մնացել. էլ մի՛ վազիր, հանգիստ և ուղղղակի քայլիր, ու ես հավատում եմ, որ դու կգտնես քո՛ «չտո-տը»-ն, քո ինչ-որ բանը. ուղղակի. ես էլ չգիտեմ, թե ինչի, ու պետք էլ չի: