Lilia Apresyan

Ապրած ու չապրած տարիներս

Մի քանի օր առաջ ծննդյանս օրն էր, դարձա հիսուն տարեկան: Գիշերը պառկել և մտածում էի անցած-գնացած տարիների մասին: Հիշեցի ամեն մի դեպք, որ կյանքումս երբևէ եղել էր (ի տարբերություն պատանեկության տարիների՝ հիշելն ինձ մոտ արդեն շատ լավ է ստացվում): 

Հիշեցի, թե ինչպես մի օր մտանք դպրոց (մանկապարտեզն ինձ համար այդպես էլ մնաց անհասանելի երազանք)՝ 22 վախվորած աչքերով… Հետո այդ աչքերի թիվը դարձավ 26, հետո էլի 22, իսկ ավելի ուշ՝ 24… Հետագայում արդեն ավելի նվազեց (երևի այդպես էլ պետք է լիներ)… Հիշեցի, թե ինչպես էի անհամբեր սպասում դպրոցն ավարտելուն, հատկապես 9-րդ դասարանից հետո… 9-րդ դասարանի քննությունները հիշեցի, ինձ ու Հասոյին հիշեցի ֆիզկուլտուրայի քննության արդյունքներն իմանալու օրը՝ վերջին շարքում նստած… Շա՜տ ուրախ էինք, թեպետ բարձր չէինք ստացել, պարզապես մենք սովորել էինք անարդարությունների վրա ծիծաղել, ոչ թե նեղսրտել… Վերջին զանգին շատ ուրախ էի, դե, վերջապես երկար սպասված օրն էր եկել, բայց ամեն դեպքում մի փոքր հուզմունք կար… Հիշեցի ընդունվելուս օրը. մամայի, պապայի ու իմ երջանկությանը չափ ու սահման չկար… Ընդունվեցի Սլավոնական համալսարան… Երևի… Նաև ավարտեցի…

Հիշեցի՝ ինչպես էի կարդում «Թիթեռը», որն իմ կյանքում ամենաերկար սպասվածներից էր… Հիշեցի «Կուկու»-ին ու բոլոր հերոսներին: Հիշեցի «Որբանոց»-ը… ինչքա՜ն էի լացել կարդալիս… Միգուցե Գուգոյի ու գուգոների համար… Կամ, երևի ավելի ճիշտ կլինի ասել՝ իրականության դառնությունն ու ծանրությունը գիտակցելու համար… Սոնային հիշեցի… Շատ ուժեղ աղջիկ էր… Ամեն ինչ հիշեցի… Ամեն մեկին…

Իմ ամենադասղեկին հիշեցի… Նրա նվիրած գիրքը, որը մինչև հիմա աչքի լույսի պես եմ պահում…

Հիշեցի Լևոն Խեչոյանին ու Լևոն «ձյաձայի» ստատուսը ֆեյսբուքում. «2013 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով գրող Լևոն Խեչոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծարայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բայց հրաժարվել է ստանալ»… Այդ պահին դեմքիս ժպիտ հայտնվեց:

Հիշեցի, թե ինչպես մի օր որոշեցի դառնալ 17.am-ի թղթակից… Դարձա… 17-ցիներին հիշեցի… Բոլորին…

Գյուղս հիշեցի՝ իմ ամենահարազատին… Մանկությունս անցավ աչքերիս առաջով, որը մի օր վերջացավ… 2016-ն էր… Ապրիլը… Դրանից 1 տարի առաջ դեռ ամեն ինչ պայծառ էր, ուրախ… 1 տարի առաջ էի իմացել ԱՍԲ-ի մասին, ծանոթացել ԱՍԲ-ականների հետ, որոնք հետո պետք է դառնային ամենահարազատ մարդկանցից…

10 տարեկան դեռ չկայի, երբ գրանցվեցի (ավելի ճիշտ՝ մաման ստիպեց, որ գրանցվեմ) Վորլդ Վիժնում… Ընկեր Մերիին հիշեցի… Շա՜տ սիրուն ժպիտը ու դունչիկի փոսիկը… Ընկեր Թեհմինեին հիշեցի… Մեր էքսկուրսիաները… Բոլորի դեմքերը հիշեցի… Հետո միայն հասկացա, որ մամային եմ պարտական այդպիսի միջավայրում հայտնվելու համար…

Ինձ ու Լիլիթին հիշեցի՝ ցույցերի ժամանակ… Մենք դեռ դպրոցում էինք որոշել, որ անպայման պետք է միասին ցույցերի մասնակցենք…

Մեր բակի կռիվները հիշեցի… Որտեղ կռիվ կար, ես այնտեղ էի… Ու հատկապես՝ որտեղ տղաների կռիվ կար, ես այնտեղ էի…

Ընկերներիս հիշեցի… Ուսուցիչներիս… Բոլորին… Լավ ու վատ օրերը հիշեցի… Ուրախ ու տխուր…

Գյուղ էի գնացել՝ 50-րդ ծնունդս հարազատիս գրկում նշելու… Հարազատներիս հետ… Գյուղում ահագին փոփոխություններ կային… Դե, այդպես էլ պետք է լիներ… Միջավայրը չէր առաջվանը… Անսովոր էր մի տեսակ… Եսի՞մ… Կարող է՝ ես եմ շատ փոխվել…

Astghik Hunanyan vayots dzor

Գանձերի սնդուկում

Այդ օրը հայրիկս խիստ զբաղված էր, պետք է մինչև երեկո հեռուստացույցը վերանորոգեր: Ինչպես հետո հասկացա, դետալներից մեկն էր վառվել: Աշխատասենյակում անորոշ շարժվում էր մի անկյունից մյուսը, կարծես ինչ-որ կարևոր բան էր փնտրում ու երևի չէր կարողանում գտնել, քանի որ մի լավ նյարդայնացած էր: Մտածեցի մոտենալ ու հարցնել, թե ինչ է պատահել, կամ ինչով կարող եմ օգնել, բայց մյուս կողմից էլ շատ հավանական էր, որ ողջ բարկությունը վրաս կթափեր: Չէ՜, չէ, ռիսկի չեմ դիմի: Տանը մենակ ես ու հայրս էինք:

Սենյակումս նստած դասերս էի անում ու հերթը հասավ մաթեմատիկային: Սինուս, կոսինուս, տանգես, կոտանգես, սեկտոր, սեգմենտ… Չեք էլ պատկերացնի, թե ինչքան եմ ատում մաթեմատիկան ու առավել ևս՝ երկրաչափությունը (դե, իմը չի էդ առարկան, էլի): Ինչպես միշտ հարցեր առաջացան, և ուզած-չուզած, պետք է հայրիկին դիմեի: Հաստատակամ առաջ գնացի, թակեցի աշխատասենյակի դուռն ու առանց պատասխանի սպասելու ներս խցկվեցի: Ինչքան հասկացա՝ նա դեռ չէր գտել անհրաժեշտ «առողջ» դետալը՝ «հիվանդ»-ը փոխարինելու համար, բայց ի՞նչ արած, ստիպված էի խանգարել: Տեսնելով մաթեմատիկայի հաստափոր դասագիրքը՝ ձեռքի՝ իրար վրա դարսած միկրոսխեմաների արկղերը խնամքով դասավորեց դարակում, ու եկավ տեսնելու, թե ինչ հարց ունեմ.

-Ախր, երեկ բացատրեցի էս խնդիրը, ո՞նց չես կարողանում հասկանալ, շա՜տ հեշտ ա:

-Էհ, դե մոռանում եմ, պապ:

-Լավ, լավ, գլուխս մի տար, սևագրությունդ տուր էստեղ:

Արագ-արագ գրեց, հետո սկսեց մանրակրկիտ բացատրել: Միշտ զարմանում եմ, թե ո՞նց են այդքան բանաձևերը, կանոնները մտապահում, իսկ հետո դրանք ճիշտ կիրառում (դրանից դժվար բան մեկ էլ նվեր ընտրելն է): Բացատրելուց հետո միայն նոր հասկանում եմ, թե ինչ հեշտ է, և զարմանում, թե ինչո՞ւ ես ինքս գլխի չընկա, թե ինչպես լուծել:

Այդպիսի մի երևույթ է նաև «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» կարդալը: Խնդիրները թվում են դժվար, մինչև դրանք չեն պարզաբանվում Շերլոկի կողմից, իսկ հետո միայն հասկանում ես, որ մի հիմար պատասխան էր ընկած այդ ամենի հետևում, որ բոլորն էլ կարող էին նկատել: Պատճառն այն է, որ մենք նայում ենք, բայց չենք տեսնում, իսկ տրամաբանող մարդիկ չեն հիմնվում առաջին հայացքի կամ փաստերի վրա:

Երբ ավարտեց, որոշեցի հարցնել, թե ինչ էր փնտրում, կամ, ավելի ճիշտ՝ ինչով կարող եմ օգնել:

-Զգույշ բարձրացիր տանիք ու բեր միկրոսխեմաների արկղերը: Կարծեմ դրված են պապիկիդ ջարդված բահերի կողքին:

Այ, դա ինձ համար մեծ ուրախություն էր: Երևի արդեն 13 տարի է՝ տանիք չէի բարձրացել. արգելել են (երկար պատմություն է): Անգամ չէի էլ հիշում, թե ներսն ինչպիսին է, կամ ինչեր կան այնտեղ: Տանիք բարձրացա պապիկի պատրաստած փայտե սանդուղքով: Երբ մի կերպ դուռը բացելով ներս մտա, փոշին ագահորեն «հարձակվեց» վրաս: Լույս գցեցի, որ կարողանամ առաջ գնալ ու գտնել արկղը: Լույսի ճառագայթներին ուղղահայաց սկսեցին տեսանելի դառնալ փոշու մանր, բայց բազմաթիվ հատիկները, ու փայլել այնպես, կարծես թե նրանք ոչ վնասակար են, ոչ էլ աղտոտում են իրերը՝ նրանց վրա բնակություն հաստատելով: Ու ի՞նչ տեսնեմ: Հազարավոր իրար վրա դարսած արկղեր՝ վեհորեն կանգնած այսքան տարի: Արկղերի վրայի փոշու հաստ շերտից կարելի էր ենթադրել, որ շա՜տ երկար ժամանակ ոչ ոք ձեռք չէր տվել դրանց, իսկ երբ ես ձեռք տվեցի, մատնահետքերս շատ արտահայտիչ տպվեցին արկղի վրա: Մինչ հայրիկին անհրաժեշտ արկղը փնտրելը, շուրջս մի լավ ուսումնասիրեցի (դե, կարոտս առա, էլի): Որոշեցի տեսնել, թե արկղերում ինչ կա: Ձեռքով սրբեցի հենց առաջին արկղի մակերևույթն ու մի գրություն տեսա.

«Բացիր միայն, երբ հասնես երազանքիդ»:

Էլ ավելի հետաքրքրեց, երբ իմ անուն ազգանունը տեսա՝ գրված դրանից մի տող ներքև: Որոշեցի անպայման բացել: Վերցրի այդ արկղն ու հայրիկի միկրոսխեմաների արկղն ու արագորեն իջա ներքև: Հայրիկին տվեցի իր արկղը, վազեցի սենյակ: Հարմար տեղավորվեցի ու բացեցի իմ արկղը: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում. երևի թե և՛ վախենում էի, և՛ այրվում հետաքրքրությունից: Ի՞նչ էր այնտեղ. ուղղակի մի կույտ թղթեր, ծրարներ… Առաջին բանը, որ մտքովս անցավ, այն էր, որ դա նախապապերիս թողած ժառանգությունն է, կամ ինչ-որ կտակ, վերցրի հենց առաջին աչքովս ընկած ծրարը, արագ բացեցի այն ու սկսեցի կարդալ այնտեղ հարմար տեղավորված թղթերից մեկի վրա գրվածը:

Կարդալուց հետո ներսս տակնուվրա եղավ, խառնաշփոթ, անբացատրելի ինչ-որ զգացում ունեի: Առանց դադար տալու, շտապ վերցրի նաև մյուս գրություններն ու սկսեցի ընթերցել բոլորը՝ հազիվ ինձ զսպելով, որ չարտասվեմ: Բայց դա անխուսափելի էր, կարդում էի հիմարի լա՜յն ժպիտով: Դրանք իմ շարադրություններն ու բանաստեղծություններն էին, իմ բոլոր մարտիության բարեմաղթանքներն ուղղված մայրիկին, տատիկին, իմ գրական առաջին փորձերը՝ սկսած տառերը սովորելու պահից, Ձմեռ պապին ու Ձյունանուշին ուղղված բոլոր նամակներս, այն բանաստեղծությունները, որոնք գրում էի, տալիս մայրիկին, դրանց մեջ ինչ-որ բան խնդրելով, այն բանաստեղծությունները, որոնք գրում էի մեր տուն եկած հյուրերի համար ու դրանց դիմաց գումար ստանում: Կարդում էի անկուշտի պես, ինչպե՞ս կարող էի մոռանալ դրանց մասին, դրանց գոյության մասին: Անկեղծ ասած՝ դրանք անտանելի ծիծաղելի էին, դրանք իմ բոլոր հիշողություններն էին, իմ «հրաշքների» տետրերը, իմ նոթատետրերը, որտեղ իմ ապրած ամեն պահը պատմում էի, գրում: Անգամ կարծում էի, թե կորցրել եմ: Այդ «սնդուկում» էր պահվում իմ սիրտը, իմ ողջ կյանքը, իմ ողջ մանկությունը: Հա, դա հենց գանձերի սնդուկ էր, ոսկուց, ադամանդից, բոլոր թանկարժեք քարերից ու մետաղներից էլ թանկ, անգի՜ն:

Եվ չնայած ինձ շատ վատ էի զգում, որ գրությունն անտեսել էի, ու մինչև երազանքիս հասնելը բացել, բայց և այնպես ես իմ ողջ մանկությունը վերապրեցի: Եկավ, սահեց աչքերիս առջևով, բայց մի բան մոռացավ խոստանալ… Որ հետ է գալու:

svetlana davtyan

Մայրիկս ուսանող է

Շատ եմ սիրում երազել, բայց առավել շատ սիրում եմ բոլոր երազանքներս իրականություն դարձնել: Սակայն այսօր իմ մասին չէ, որ ուզում եմ պատմել: Խոսելու եմ իմ կյանքում անփոխարինելի մի մարդու՝ մորս մասին: Մորս կյանքը և երազանքները սահմանափակվել են ամուսնությամբ: Ամուսնանալուց հետո մայրս դադարեց հավատալ և պայքարել իր երազանքների համար: Ինչպես բոլոր պատանիները, այնպես էլ մայրս, վաղ տարիքում ցանկացել է դպրոցն ավարտելուց հետո շարունակել ուսումը: Ընդամենը 14 տարեկան հասակում դպրոց եկող բոլոր անգլիախոս հյուրերի համար թարգմանչուհի է եղել: Շատ լավ տիրապետելով անգլերեն լեզվին՝ ցանկացել է սովորել Երևանի պետական համալսարանում՝ էլ ավելի ընդլայնելու իր գիտելիքների պաշարը: Բայց մայրս չընդունվեց իր նախընտրած բաժինը և ամեն ինչ թողեց մի կողմ՝ կյանքը նվիրելով իր ընտանիքին: Արդեն շատ տարիներ են անցել, բայց ամեն անգամ հիշելով՝ մորս աչքերը արցունքով են լցվում: Մի օր էլ մի կին մորս հարցրել էր.

-Գայանե՛, որտե՞ղ ես աշխատում:

-Ես չեմ աշխատում:

-Իսկ որտե՞ղ ես սովորել:

-Չեմ էլ սովորել:

Կինը շատ զարմացել էր և ասել, որ իրեն թվացել է, թե մայրս բարձրագույն կրթություն է ստացել, քանի որ շատ կիրթ է:

-Ինչո՞ւ հիմա չես սովորում:

-Աղջիկս արդեն մեծացել է, և նրա ժամանակն է սովորելու:

-Ո՛չ, երբեք ուշ չէ: Այն, ինչ չես արել տարիներ առաջ, փորձիր հիմա:

Այդ կնոջ խոսքերը մորս շատ էին ոգևորել, և մենք նրան սատար կանգնեցինք: Հաջորդ շաբաթ մայրս գնաց և ներկայացրեց ընդունելության իր դիմումը: Եղավ անսպասելին. մայրս ընդունվեց Մանկավարժական համալսարան՝ մեթոդիկայի բաժին: Չեմ կարող նկարագրել, թե ինչքան մեծ էր նրա երջանկությունը այդ ժամանակ: Ես նույնպես մի քանի անգամ գնացել եմ մորս հետ դասերի: Խմբում կային ինչպես շատ երիտասարդ աղջիներ, այնպես էլ մորս տարիքի և ավելի մեծ կանայք:

Նորությունը, որ մայրիկը պետք է սովորի, ընտանիքում, իհարկե, մի փոքր անսովոր էր, բայց հետո արդեն դարձավ շատ սովորական, ընդունելի և գովելի: Նա ոչ մի հարցում չի դժվարանում, սովորում է շատ լավ՝ իր աշխատասիրության շնորհիվ: Մայրս ինձ համար շատ վառ, հզոր, գեղեցիկ օրինակ է, որին միշտ ցանկանում եմ նմանվել: Ես նրանից սովորելու շատ բան ունեմ: Նա ինձ ցույց տվեց, որ մարդը հանուն իր երազանքի պետք է միշտ պայքարի: Ուրախ եմ, որ մայրս այսքան տարի անց իրականություն դարձրեց իր նվիրական երազանքը:

elizabet harutyunyan exvard

Լիալուսնի գիշերը

Հունիսի 13-ի գիշեր… 2։14… Անհանգիստ գիշեր էր։ Չէի քնում ես, չէր քնում կատուս, ու չէին քնում դրսի շները։

Քնելու բազում փորձերից հետո վեր կեցա անկողնուցս։ Տունը լուսավոր էր, կարծես արդեն արևը  դուրս էր գալիս լուսավորելու քաղաքի ճանապարհները, բայց դեռ ժամանակը չէր, դեռ խոր գիշեր էր, և հենց այս պատճառով ինձ վախեցում էր տան լուսավոր լինելը։ Առանց սենյակների լույսերը միացնելու ես ուղևորվում էի դեպի այն սենյակ, որտեղ սովորաբար քնում էր կատուս։ Այդ սենյակը կատվիս գրավել էր նրանով, որ պատուհանները մեծ էին, և քանի որ մենք չէինք օգտվում այդ սենյակից, վարագույր չկար կախված, և հենց այդ ժամին լուսինը նայում էր դեպի այդ պատուհանը։ Այսպիսով այդ սենյակը ինձ ավելի լուսավոր թվաց։ Ես կիսախավարի միջով գնում էի, չգիտեմ՝ ինչու էի այդ կողմ գնում, բայց գնում էի: Երևի հույս ունեի, որ այդ սենյակում կտեսնեմ ննջող կատվիս, բայց ես այնտեղ չգտա նրան։ Որոշեցի դուրս գալ և փնտրել: Երբ շրջվեցի դեպի դուռը, երկու լուսնի լույսով ողողված աչք ինձ էին նայում, և ես մի ակնթարթ վախեցա, ապա հասկացա, որ գտել եմ նրան, ում գնում էի փնտրելու։

Կատուն առաջ ընկավ, դուրս եկավ սենյակից, իսկ ես՝ նրա հետևից։ Նա հետ նայելով գնում էր, որպեսզի համոզվեր, որ ես գալիս եմ։ Նա ինձ տարավ խոհանոց և բարձրացավ պատուհանի մոտ, հայացք գցեց դեպի ինձ և հասկացրեց, որ պետք է բաց անեմ պատուհանը։ Ես մի պահ նայեցի լուսնին։ Այդ պահին լուսնի դիմացով արագ հոսանքով անցավ ամպերի մի կույտ, այնքան խիտ դասավորված մեկը մյուսին, որ կաթնային լույսը, որը լուսավորել էր իմ դեմքը, մթագնեց, բայց ընդամենը մի քանի վայրկյանով։ Այսօրվա լուսինը յուրահատուկ էր, ստիպում էր հիանալ իրենով։
Ես բաց արեցի պատուհանը, կատվիս երկար սպասել չտվեցի։ Նա թաթերը դուրս դրեց, և ձգեց իրեն դեպի ձախ, շուռ տվեց գլուխը դեպի ինձ։ Ես անհանգստացա: Իմ մեջ կռվում էին հետաքրքրասիրությունն ու վախը, ցանկանում էի դուրս նայել և տեսնել՝ ինչն է անհանգստություն պատճառում կատվիս, բայց վախենում էի, որ դրանից հետո մի քանի գիշեր էլ վախից չի հաջողվի քնել։

Մտքերիս մեջ ընկղմված լսեցի ձայներ, շան հաչոց, հետո՝ մյուսը։ Մի քանի վայրկյան անց շները մեկը մյուսին հերթ չէին տալիս։ Որոշեցի դուրս նայել։ Դրսում շուն չկար, նրանց ձայները լսվում էին հեռվից։ Փչեց ուժեղ քամի, որը կատվիս հետ հրեց դեպի տուն: Նա իջավ, իսկ ես մնացի, մնացի ապշած գիշերային բնության բուրմունքից, տեսարանից և հասկացա, որ մաքուր օդը լինում է միայն գիշերը, երբ բնությունը մնում է միայնակ, առանց մարդու։
Վերադառնալով անկողին, վերցրի հեռախոսը և սկսեցի գրել: Կարծես արդեն առավոտ է, և շները հանգստացել են։

Anush abrahamyan

Պատրա՞ստ ես

Դու պատրաստ ես ասելու, որ հրաշալի է աշնան մեղեդին՝ տերևերի անկրկնելի խշշոցով համեմված, չնայած լսվում է միայն այն ժամանակ, երբ դու քայլում ես տերևների վրայով:

Դու պատրաստ ես ասելու, որ կցանկանայիր մարդկանց դեմքին ժպիտ տեսնել անգույն փողոցում՝ մռայլ մտքերի բեռի տակ, բայց այդ ժպիտի ու քո աչքերի բախումից հետո առաջին միտքդ լինում է այն, թե արդյո՞ք քո արտաքինի հետ ամեն ինչ նորմալ է:

Ինչու ոչ, դու նաև պատրաստ ես ասելու, որ ավելի շատ սիրում ես գիշերը՝ երբ լուսինը իր շողերը անխնա կերպով քսում է ապակուն: Բայց երբ մթության մեջ որևէ բան սկսում է շարժվել, դու մտածում ես, որ գիշերվա քողը ծածկել է մի գիշատիչ կենդանու, ու արագ փակելով դուռը՝ հանգիստ փակում ես նաև աչքերդ:

Պատրաստ ես, չէ՞, ասել, որ ազատությունը հրաշալի է, չնայած՝ քեզ ոնց հիշում ես, նույն տանն ես ապրում, նույն վարագույրներով սենյակում՝ մի պտղունց արևով ու քո միտքը կլանած ազատութամբ:

Դու վախենում ես ասել, որ մեր երազած ազատությունը մենք արդեն գտել ենք այն մանրուքների մեջ, որոնք կարող էինք երբևէ չնկատել: Դու ուզում ես թռչնի նման ազատ լինել ու անվերջ թռչել կապույտ երկնքում: Լավ, կա՞ գոնե մեկը, ով մտածի այդ խեղճ թռչնի մասին, որ ստիպված է լինում անվերջ կտրվող ծառերի վրա պատրաստել իր բույնը, որ մի որոշ տարածություն անցնելուց հետո պետք է շունչ առնի շարունակելու համար:

Գոնե պատկերացրե՞լ եք, թե այդ խեղճը ինչ է զգում, երբ պարտավորվում է թռչել հսկայական օվկիանոսների վրայով, որտեղ կապույտն ամենուր է:

Ինչևէ: Մենք շատ բան ենք պատրաստ ասելու, գովերգելու, ու պատրաստ ենք ամբողջ մի կյանք երազելու ու փնտրելու, մինչդեռ դրանք մեր ափի մեջ մեր զայրույթից վաղուց ճզմվել են: Իսկ հիմա, հավանաբար, դու մի նոր բան հիշեցիր, որի մասին ես մոռացել եմ նշել, ուրախ եմ. ի վերջո, եթե ես այն մի օր հիշեմ, ապա անպայման կյանքի խաչմերուկներում կհանդիպենք:

Մի բան ևս. եթե դու շնչկատուր հասել ես բլրի ամենաբարձր կետին, ու քեզ չի հետաքրքրում ոտքերիդ ցավը, ապա դա լավ է: Բայց եթե մտածում ես ազատությունը նորից փնտրելու մասին, լավ կանես՝ ուղղակի տուն գնաս:

sona mkhitaryan

Դեռ երկու քննություն կա

Ես էլ ավարտեցի դպրոցս, բայց դեռևս հավատս չի գալիս: Ինձ թվում է, որ շուտով գալու է օգոստոսի վերջին շաբաթը, ու ես գնալու եմ սեպտեմբերի 1-ի համար գնումներ կատարելու, որ սև ու սպիտակով ներկայանամ դպրոց: Մեր վերջին դասին վիդեոնկարահանողը հարցում կատարեց, թե ինչ է տվել մեզ դպրոցը այս 12 տարիների ընթացքում: Սեդային՝ շնորհք, դաստիարակություն, անբաժան ընկերներ, Ջեմմային՝ կատարյալ դասարան, հրաշալի ուսուցիչներ, որոնց միշտ կհիշենք: Ես ասացի, որ միայն դպրոցում կարող ենք գնալ ճաշարան, պարտքով սնունդ վերցնել ու, ինչպես միշտ, պարտքը գրել Մայիսի անվան դիմաց, ասացի՝ միայն դպրոցում կարող ենք մենք ծառատունկ անել, ու այդ ծառերը բերք այդպես էլ չտան, միայն դպրոցում կարող ենք մեր կազմակերպած միջոցառումներից հետո հպարտանալ ինքներս մեզնով: Գոհարի համար դպրոցը ընտանիք է, դասարանը՝ այդ ընտանիքի մի մասնիկը, իսկ դասարանական ընկերները միշտ մեր կողքին են: Սուրենը չէր հավատում կամ չէր ուզում հավատալ, որ ավարտում ենք, մտածում էր՝ վերջին զանգի հերթական փորձն ենք անում: Երբ կանգնած բեմի վրա դասվարիս ուղղված խոսքերն էի ասում՝ իրեն նայելով, հիշեցի 10 տարի առաջ տեղի ունեցած մի դեպք՝ իմ առաջին ապտակը դասվարիս կողմից. կիսաշրջազգեստ պիտի հագնեի, բայց ջինսե տաբատ էի հագել: Ու աչքերս լցվեցին: Ես գրեթե 7-րդ դասարանից երազում էի ավարտելու մասին, վերջին զանգի օրվա մասին: Բայց հենց այդ օրը հասկացա, որ դասարանիս, ուսուցիչներիս, դպրոցիս ոչ մի համալսարան չի փոխարինի: Հնարավոր է՝ ինձ հետ համաձայնվողները շատ չլինեն, բայց ինձ համար անփոխարինելի այդ 12 տարիները ամենագունավորն են եղել իմ կյանքում:

Հիշում եմ՝ մի օր ամբողջ դասարանով սոված էինք, ու ճաշարանում բացի հացից ոչինչ չկար: Ունեինք 750 դրամ հավաքած թեստի գումար ու դպրոցի բակի մոտ կանգնած առևտրականին նկատեցինք: Սամվելն ու Ֆուրմանը գնացին առևտրի.

-Երեխե՛ք, պոմիդոր չկա, լավ վարունգ կա, խնձոր,- դրսից գոռում էին, որ լսեինք:

Բերեցին, կիսեցինք, կշտացանք, հիմա էլ հիշում ու կարոտում ենք այդ օրերը:

Իսկ առջևում երկու քննություն կա…

IMG_4056-2

«Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով էսսեների մրցույթի հաղթողները

Երրորդ մրցանակ 

«Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը, իրականացնում են երեխայի առողջության պահպանմանն ուղղված պետական նպատակային ծրագրեր»:
Հայաստանի Հանրապետության օրենսգիրք. Երեխայի իրավունքները. Գլուխ 2, հոդված 5:

Մեր հանրապետությանը, որն իր կարճատև կյանքի ընթացքում տեսել է երկրաշարժ ու միշտ գտնվել պատերազմական իրավիճակների կենտրոնում, օդի ու ջրի պես անհրաժեշտ են օրենքների ճշգրիտ կատարումը և թերացման բացառումը դրանց կատարման գործում: Կաշառակերությունն այսօր իր ցանցի մեջ է առել բոլոր ոլոտները, այդ թվում և առողջապահությունը: Սպասարկման մեջ թերացումները բացառելու համար միշտ էլ օգնության են գալիս բուժքույրերի գրպանները մտնող հազար դրամանոցներն ու հիվանդասենյակների անկյուններում թողած կոնյակները:

Հիշենք, որ մինչև 7 տարեկան բոլոր երեխաները և սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված մինչև 18 տարեկան երեխաներն ունեն պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնության իրավունք:
Համայնքներում տրվող պետպատվերների ամբողջական ու անվճար իրականացումը մարզկենտրոնների կամ խոշոր քաղաքների պոլիկլինիկաներում մեծ մասամբ չի վերահսկվում պետական մարմինների կողմից:
Պատասխանատվությունը պետական մարմինների վրայից փոքր-ինչ վերցնելով՝ կարելի է այն գցել նաև այն մարդկանց ուսերին, որոնք ամեն անգամ բժշկական հաստատություններում օրենքով իրենց տրված անվճար ծառայություններից օգտվելու և սեփական իրավունքները պաշտպանելու փոխարեն նախընտրում են դառնալ կաշառակերության շղթայի մասնիկը: Հաճախ սեփական առողջությունը կաշառքով գնելու պատճառը ոչ այլ ինչ է, քան անտեղյակությունը: Դրա համար, ըստ իս, դպրոցական տարիքի երեխաներին պետք է ավելի հաճախ տեղյակ պահել իրենց իրավունքների մասին, «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում «Երեխաների իրավունքներ» թեմային հատկացնել ավելի մեծ բաժին, քան մյուսներին, հետևողական լինել դրանց յուրացման գործում, անցկացնել այդ թեմայով առանձին դասընթացներ ուսումնական հաստատություններում:
Առաջադեմ հասարակության մեջ պետք է արմատացած լինի այն միտքը, որ որակյալ առողջապահական համակարգից օգտվել կարելի է նաև սեփական իրավունքների գիտակցման և դրանց պահպանմանն ուղղված համապատասխան հետևողական քայլերի դիմելով: Անարդարության բախվելիս պետք է ոչ թե արագ հանձնվել ու դիմել հեշտ մեթոդների, այլ մինչև վերջ առաջ գնալ, որ հետագայում մյուս սերունդները նման խնդիրների չբախվեն:
Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Անի Ղուլինյան, 16տ., Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջն. դպրոց, Լոռու մարզ

anahit mkrtchyan

«Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով էսսեների մրցույթի հաղթողները

Երրորդ մրցանակ 

Գրեթե ամեն օր առնչվում էի այս արտահայտություններին. «Մի՞թե իրավունք չունեմ», «Իմ իրավունքն է», «Դրա իրավունքը ես ունեմ»: Լսում և օգտագործում էի «իրավունք» բառը, բայց դրա բուն իմաստը չէի հասկանում, մինչև 8-րդ դասարանը, երբ սկսեցի ուսումնասիրել «Հասարակագիտություն» առարկան: Ինձ հետաքրքրեց հատկապես երեխայի իրավունքների մասին դասը, որտեղ կային երեխայի թե՛ կրթության, թե՛ կյանքի, թե՛ սոցիալապես ապահով ապրելու, թե՛ հանգստի մասին իրավունքներ: Շատ իդեալական էր ներկայացված ամեն ինչ: Կարծես հեքիաթային մի երկրում լինեի:

Սովորություն ունեմ ընկեր-ընկերուհիներիս հետ երեկոյան ժամերին դրսում զբոսնելու: Եվ շատ հաճախ աղբարկղերի մոտով անցնելիս հանդիպել եմ անապահով ընտանիքների երեխաների, որոնք աղբամաններում ինչ-որ բան են փնտրում (երևի՝ ուտելիք): Եվ ակամա հարց է ծագել մտքումս. ո՞ւր են այն դրույթները՝ գեղեցիկ ու ճոխ լեզվով շարադրված, որոնք վերաբերում են երեխաների՝ սոցիալապես ապահով ապրելուն: Ո՞ւր են այդ օրենքներն իրականացնողները, երբ մանկահասակ երեխան մուրացկանություն է անում՝ իր համար մի կտոր հաց հայթայթելու, կամ ծնողների սպառնալիքներից վախեցած՝ ծխախոտ ու խմիչք գնելու համար:

Ամառային արձակուրդը մոտենում էր: Տանը նստած զրուցում էի մայրիկիս հետ ու մի քիչ տրտնջում, որ հանգիստս չեմ կարողանում անցկացնել ճամբարում, առողջարանային մի վայրում: Եվ հանկարծ դռան մի անվստահ թակոց լսեցի: Մոտեցա, բացեցի… Մինչև հիմա էլ աչքերիցս չի հեռանում այդ տեսարանը, հիշելիս էլ՝ արցունքներս հազիվ եմ զսպում:

Մի երեխա էր կանգնած դռան հետևում՝ ամառային փոշուց, կամ գուցե ամիսների կեղտոտությունից գզգզված մազերով, հնամաշ ու պատառոտված շորերով, թուխ, արևից խանձված դեմքով: Ես քարացած կանգնել էի. չգիտեի անելիքս: Նա էլ ապշած ինձ էր նայում՝ երևի զարմացած իմ ռեակցիայից: Հետո մայրս մոտեցավ, ու էլ չեմ հիշում, թե ինչ արեց:

Ես մտովի գնացել էի իմ հասարակագիտության դասագրքի «Երեխաների իրավունքները» բաժինը: Հիշում էի, թե ինչպես էի ոգևորվել այդ իրավունքներին լիարժեքորեն ծանոթանալուց, թե ինչպես էի ուրախացել, երբ կարդում էի հետևյալ տողերը. «Պետությունը հոգ է տանում անապահով ընտանիքների երեխաների սննդի, հագուստի, անվճար բուժօգնության և կրթության, հանգստի համար»: Ու էլի ինչ-որ նման բաներ: Ինչքա՜ն անարժեք բառեր, երբ դառն իրականությունն ուղղակի կանգնել է դռանդ առջև: Արդյո՞ք այս երեխայի կյանքում իրավունքների մի ողջ բույլ չէր ոտնահարված:

Հետո իմացա (մայրս էր հարցուփորձ արել), որ երեխային իր մայրն էր ստիպել մուրացկանությամբ զբաղվել: Այստեղ էլ էր խախտվել նրա մեկ այլ՝ պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը:

Երբ սթափվեցի, զգացի մի քնքուշ ջերմություն. մայրս գրկել էր ինձ ու ամուր սեղմել կրծքին: Ի՜նչ լավ է, որ իմ հանգստի իրավունքն է խախտված միայն…

Անահիտ Մկրտչյան, 14տ., Կոտայքի մարզ, Հրազդանի թիվ 8 հիմն. դպրոց

araqs aharonyan kotayk

Գրականության թեմատիկա

Կարդում ես գիրք. կարծես` ամեն ինչ լավ է, սիրուն նկարագրված, հավես ու հարուստ բառաֆոնդով, թեմատիկան ընդհանուր առմամբ հետաքրքիր է, կերպարները` ոչ սովորական: Մի խոսքով` ամեն ինչ տեղը-տեղին, բայց մեկ է` ինչ-որ բան այն չէ, զգում ես միայն, որ այն, ինչ անում ես` կոչվում է ընթերցանություն: Չկան սիրուն ու սուր երկխոսություններ, փիլիսոփայական ու հոգեբանական կծու մտքեր, որ մի պահ ասեն` կանգնի՛ր, ո՞ւր, այստեղ պետք է մի պահ մտածես, սա հեշտ կուլ գնացողներից չէ: Որ այնպիսի զգացողություն լինի, ասես` էնտեղ ես ու մի սիրուն անկյունում նստած, ձեռքդ այտիդ հենած`ուշադիր գործողություններին ես հետևում: Որ կողքի աղմուկը բացարձակ չլսես, որ քեզ կանչեն, ու դու մի քանի անգամից հետո միայն արձագանքես, որ հիշես անելիք ունես, բայց ոտքերդ կապված լինեն ու չկարողանաս կտրվել: Էնպիսի տողեր լինեն, որ մարդուն ուղղված սարկազմից` մի այտիդ վրա քմծիծաղի բարակ երանգ տարածվի ու մի ունքդ սովորության համաձայն թռնի վերև: Պիտի կերպարն էնպիսինը լինի, որ ուզենաս կանչել մի բաժակ դառը սուրճ խմելու ու կարդալու ընթացքում ծագած մի քանի հարցերի պատասխանները պահանջես, իսկ հետո, երբ նրա պատասխաններից նեղն ընկնես` մի մեծ կում սուրճիցդ խմես ու մտածկոտ-կիսաանջատված հայացքով ասես. «Դաաա՜»:

Այ, էդպիսի սիրուն ու դաստիարակիչ գործեր են մեզ պետք, թե չէ` ինչ…

«Նոր գույներ»

Երեկ գնացել էի մեր գյուղի` Արարատի մարզի Նորաշենի պարի դպրոց: Պարի համույթը կրում է «Նոր գույներ» անունը: Հաճելի մթնոլորտ էր, մինչ ղեկավարի գալը շփվեցի երեխաների հետ:

Մի անուշիկ աղջիկ` Ջեմմա անունով, հարցիս, թե սիրով է հաճախում պարի, տվեց հետաքրքիր պատասխան.
-Անկեղծ ասած, սկզբում՝ չէ, անգամ ստիպողաբար էի գալիս: Բայց հիմա ժամերն եմ հաշվում, որ պարի գամ:
Ընկերուհիս` Սյուզին, նույնպես «Նոր գույներ» պարային համույթից է: Երբ նրան եմ հարցնում, պատասխանում է հետևյալ կերպ. «Պարը իմ կյանքն է»:
Մեր գյուղում քիչ են այսպիսի ժամանցային, հետաքրքիր վայրերը, և գուցե դա է պատճառը, որ երեխաների ցանկությունը մեծ է հաճախել պարի:
Սկսեցինք զրուցել, խնդրեցի, որ պատմեն, թե ե՞րբ և ինչպե ՞ս ստեղծվեց խումբը, ի՞նչ պլաններ կան առաջիկայում:
Իմացա, որ համույթը իր գործունեությունը սկսել է  5 տարի առաջ: Չնայած մանկահասակ տարիքին, մեծ են ձեռքբերումները: Դե ինչ խոսք, դժվարություններ լինում են, միշտ և ամեն պարագայում կան խոչընդոտներ, բայց դրանց հետ մեկտեղ համույթը հաստատուն քայլերով առաջ է շարժվում:
«Երաժշտական կոլիզեյ» և «Նազանք» մրցանակաբաշխության շրջանակներում զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը: Նաև մեկ անգամ մենահամերգով ներկայացել են Արտաշատ քաղաքում: Իմացա նաև, որ պատրաստվում են հաջորդին:
Կարծում եմ, մեր գյուղի երեխաներին և երիտասարդներին նման մշակութային դաստիարակության օջախներ շատ են պետք:

Զրուցեցի նաև խմբի ղեկավարի` Հրաչ Շագոյանի հետ, կամ ինչպես իրենք են դիմում, ընկեր Հրաչի հետ:
-Ընկեր Հրա´չ, ինչո՞ւ համույթը անվանեցիք հենց «Նոր գույներ»:
-Քանի որ պարային ոճերը բազմազան են, իսկ երեխաները տարբերվում են մեկը մյուսից, այդ պատճառով էլ հենց «Նոր գույներ»:
-Ո՞վ որոշեց, կամ ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք պարով զբաղվել:
-Երևի մայրս, նա էր ցանկանում, որ պարող դառնամ, իսկ քույրս պատճառ հանդիսացավ, որ ես խորացա այս բնագավառում:
-Քանի՞ տարի է, ինչ պարում եք:
-Չեմ հիշում, բայց 14 տարի է, ինչ պրոֆեսիոնալ պարող եմ:
-Հե՞շտ է աշխատել տարբեր տարիքի և բնավորության տեր երեխաների հետ:
-Հեշտ է, ամեն մեկի հետ խոսում ենք «իրենց լեզվով»: Պետք է փորձել հասկանալ ամեն երեխայի և ինչու չէ, նաև օգնել:
-Ի՞նչ կցանկանայիք դառնալ, եթե ոչ պարող:
-Երաժիշտ, ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային գործիքների բաժինը:
Հարցին, թե որն է ձեր հաջողության բանաձևը, ընկեր Հրաչը ծիծաղելով պատասխանեց.
-Ինչի ես հաջողա՞կ եմ. չէ, ուղղակի պետք է մարդ լինել, որ քեզ սիրեն ու հարգեն, այ դա է հաջողությունը:
-Կհիշե՞ք ձեր այն ուսուցիչներին, ովքեր օգնել են ձեզ ձեր կայացման ճանապարհին:
-Շատ անուններ կարող եմ տալ, բայց իմ լավ ուսուցիչը, այն մարդը, ով ինձ օգնեց կայացման գործում, Նորայր Մեհրաբյանն էր:

Շուտով փորձը պետք է սկսեր, և այլևս հարցեր չտվեցի: Դիտում էի փորձը, թե ինչպես են իմ համագյուղացի երեխաները կերպարանափոխվում, դառնում փոքրիկ պարուհիներ, ու էլի համոզվում, որ չկան մեծ ու փոքր բեմեր, միգուցե գյուղինն ավելի մեծ է ու կարևոր: