Հեծանիվ քշելու արագությամբ

Պարապմունքից տուն ճանապարհին լավագույն բանը, որ կարող է տրամադրությունս բարձրացնել, խաղահրապարակի ճանապարհով գալն ու երեխաներին տեսնել է: Նրանց դեմքին այնքա՜ն բարություն ու ժպիտ կա ,որ ինչքան էլ հոգնած լինեմ, ուզում եմ էլի հետները խաղալ, վազել ու հեծանիվ քշել:

-Էրեխե՜ք, Մարիետան եկավ…

-Վերևի ճյուղի ցոգոլը կտա՞ս…

-Արի՝ պարան թռնենք…

-Չէ, ինձ հետ կլասս ա խաղալու…

-Պարանը պտտի՝ թռչեմ, էլի… Երեխեքը լավ չեն պտտում…

Ու այնքա՜ն եմ ուզում նորից իրենց պես փոքր լինել, ամբողջ օրը բակում խաղալ, վազել ու չարաճճի բաներ անել:

Մենք այնքան զբաղված ենք՝ մտածելով մեծանալու մասին, որ չենք էլ գնահատում մեր անհոգ օրերը, ու հեծանիվ քշելու արագությամբ էլ ավարտվում է մեր մանկությունը:

Աբովյանը սկաուտների հետ

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Հունիսի մեկն այն հաշված օրերից մեկն է, երբ Աբովյանում աշխուժություն կա, ամբողջ քաղաքում կտեսնեք երեխաների իրենց ծնողների հետ, իսկ քաղաքի հրապարակում իրար են խառնվում երեխաների ուրախ տրամադրությունը, ծնողների երջանիկ ժպիտները:

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Այս տարի, ինչպես միշտ, ես կրկին շտապում էի քաղաքի հրապարակ, բայց  այս տարի ոչ թե պարզապես իբրև երեխա, այլ Աբովյանի սկաուտների միավորման սկաուտ: Մի խումբ երեխաներ հավաքվել էին սկաուտական  միավորման շուրջ, հետաքրքրվում էին նրանց ծավալած գործունեությամբ: Երեխաներին զարմացնում էին այն հետաքրքիր խաղերը, որոնք կազմակերպվում էին իրենց համար: Իսկ ծնողները ուրախանում էին, որ դեռ կա մի կառույց, որը կրթում է երեխաներին և դարձնում նրանց օրը հետաքրքիր:

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Սկաուտական միավորումը երեխաների օրը դարձրեց հետաքրքիր ու գիտելիքներով լի: Նրանք սովորեցին, թե ինչպես վրան տեղադրել, խաղացին մի շարք հետաքրքիր ու հայկական հին խաղեր, ձեռք բերեցին գիտելիքներ սկաուտության մասին: Եվ երեխաներից շատերի մեջ առաջացավ ցանկություն համալրելու սկաուտների շարքերը:

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Roza Harutyunyan vayots dzor

Իսկ քեզ շնորհավորե՞լ են

Մանկություն, անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, որն ընգրկում է ծնվելու պահից մինչև մեծահասակի կյանք մտնելու հնարավորության առաջացման շրջանը… Էս ի՞նչ եմ խոսում։ Դե, կենսաբանությունը չսիրածս առարկան է, բայց հիմա վիճակս սրանով եմ մեկնաբանում։

Գիտե՞ք ինչ ահավոր է նվեր չստանալը տոնի օրով։ Էդ էլ հերիք չի, չեն էլ ուզում շնորհավորեն։ Ոչ բոյ ունեմ, ոչ դիմագիծ, ինչի՞ չեք շնորհավորում։ Ես շնորհավորում եմ բոլոր 13-18 տարեկան երեխաներին։
Մանկության ընթացքում սովորաբար առանձնացնում են մանկիկության շրջանը, վաղ մանկությունը, նախադպրոցական տարիքը, կրտսեր դպրոցական տարիքը:
Փոքր ժամանակ ինձ հերթափոխով են պահել։ Մայրս դպրոցում էր աշխատում, իսկ հայրս հաշվապահ էր: Դրա համար առավոտյան հայրիկիս հետ էի մնում։ Բայց էդքան էլ նեղություն չեմ տվել, որ հայրս բողոքի՝ չհավատաք։ Ինչ ասել են՝ սուսուփուս լսել եմ, դրա համար էլ հիմա տեղը հանում եմ։ Մենակ մի անգամ մայրս առավոտը պահեց, ու կաթով լոգանք եմ ընդունել։ Դե չեմ դժգոհում, բայց եռացող կաթով էդքան էլ հաճելի չի։ Համ էլ ես Կլեոպատրան չեմ…
Ես երկու դպրոցական տարիք եմ ունեցել։ Մայրիկիս հետ գնում էի դպրոց, իբր թելադրություն էի գրում ու նեղանում էի, որովհետև ամբողջ տետրս կարմիր էր։ Բայց շատ աշակերտի պես էի ինձ պահում, մայրիկիս երբեք դպրոցում չեմ ասել՝ մամա, ինքը մեր ընկեր Խաչատրյանն էր, իսկ ես դասարանի լիիրավ անդամը:
Հետո գնացի դպրոց ու շատ-շատ էի սիրում, չնայած հիմա էլ եմ սիրում։ Փոքր ժամանակ ուսուցչուհուն «ուշուչից» էի ասում, առաջին «ուշուչուհիս» ընկեր Ալեքսանյանն էր։ Շատ սիրուն ծաղիկներ ունի։ Դասարանը ոնց որ այգի լինի։
Մանկությանս մեջ ամենավառը եղբայրս է, շատ խիստ ու շատ սիրող։ Քույրիկի հետ շատ էր կռվում, որովհետև չէր թողնում փոքր 500 դրամանոցները տամ ու մեծ 10 դրամանոցները վերցնեմ։ Թե ասա՝ ինչ գործ ունեին 500 դրամանոցներն ինձ մոտ: Ապե՜ր, ես քո 10 դրամանոցները հետ եմ տալու, որովհետև դու տալիս էիր, իսկ ես 500 դրամանոցները չէի տալիս։

lyusi karapetyan gavar

Հունիսմեկյան տրամադրություն

Առավոտ էր: Արթնացա հեռուստացույցի ձայնից: Վեր կացա, հագնվեցի և մոռացել էի, թե այսօր ինչ օր է: Պապիկս մտավ սենյակ և շնորհավորեց օրվա առթիվ: Ես նաև մոռացել էի, որ այսօր ամռան առաջին օրն է: Այդ ամենը հիշելով իմ դեմքին հայտնվեց պայծառ մի ժպիտ, և ես շտապեցի դեպի պատուհանը: Պատուհանից դուրս նայեցի և տեսա, որ տեղում է հորդառատ անձրև: Մի պահ դեմքիցս անհետացավ ժպիտը: Այնուամենայնիվ, չհուսահատվելով՝ վերցրեցի անձրևանոցս և իջա մոտակա խաղահրապարակը: Կարծում էի մեծահասակները, թեև անձրևոտ եղանակ է Գավառում, մի բան մտածած կլինեն երեխաների համար: Հասա խաղահրապարակի մոտ և տեսա, որ հակառակ սովորության, այնտեղ ոչինչ տեղի չի ունենում: Դժգոհ տուն վերադարձա: Ամեն տարի այնտեղ կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ, և փոքրիկները ստանում էին անվճար պաղպաղակ: Այդ ժամանակ իմ օրը ուրախ էր անցնում, իսկ այժմ ստիպված եմ գնալ տուն և գտնել մեկ այլ զբաղմունք:

Ստիպված եմ մեկ տարի սպասել:

Հունիսի 1–ը թանգարաններում

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Հունիսի 1-ն ինձ համար ամենասիրելի և կարևոր տոներից է, որովհետև իմ տոնն է: Թեքեյան մշակութային կենտորը, որը հաճախ է կազմակերպում էքսկուրսիա Երևանի տարբեր վայրեր, այսօր ևս պատրաստել էր անակնկալ: Ներկա էին հանրապետության բոլոր Թեքեյանի անունը կրող դպրոցների երեխաները և ուսուցիչները:

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Այցելեցինք Երևան քաղաքի պատմության թանգարան: Իրական հրաշք վայր, որտեղ ձեռք բերեցինք բավականին շատ գիտելիքներ, մրցույթ խաղ տեղի ունեցավ, որտեղ ստուգում էին մեր գիտելիքները: Եվ երկու թիմեր՝ այդ թիմերից մեկը մեր դպրոցինն էր, ստացանք շնորհակալագրեր ակտիվ մասնակցության համար:

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Տեսանք սեպագիր արձանագրություն թանգարանի բակում, հնագույն հայկական հագուստներ, զենքեր, կահ-կարասի և ամենագեղեցիկը՝ Էրեբունի-Երևանի մանրակերտը: Հաջորդ վայրը դա Հայաստանի ազգային պատկերասրահն էր: Եվս մեկ գեղեցիկ վայր, որտեղ կարող ես շատ գիտելիքներ ձեռք բերել արվեստի բնագավառից: Կրկին մրցույթ խաղ, որտեղ մնջախաղի միջոցով գուշակում էինք հայ արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչների դիմանկարները:

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ համար օրը տոն դարձրեցին:

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

sirun

Շարադրություն

Եթե ուզում ես ինչ-որ հարցի շուրջ պարզել դիմացինիդ կարծիքը, տուր նրան թուղթ, գրիչ և վերնագիր…

Այ, այդպես էլ արեցի ես։ Իմ փոքրիկ աշակերտներին հանձնարարեցի գրել շարադրություն՝ «Իմ գյուղը» վերնագրով։ Շատ աշակերտներ լավատեսորեն էին մոտեցել և ամեն կերպ փորձել էին ներկայացնել դրականը և գեղեցիկը։ Ընթերցածս բոլոր շարադրություններից աչքի էր ընկնում մեկը, հենց այն մեկը, որն իրականն է, ամենապարզը, որով բացահայտում ես դիմացինիդ, նրա ներաշխարհը, պահանջներն ու ցանկությունները։

Ահա հայրենի գյուղի պատկերը 7-8 տարեկան երեխայի աչքերով (ներկայացվում է սխալներն ուղղած տարբերակով).

«Իմ գյուղում չկան բարդիներ, չկան ճոճանակներ, չկան խաղահրապարակներ։ Իմ գյուղում չկան սուպերմարկետներ։ Մեր գյուղում ապրում են շատ մարդիկ, բայց նրանք հարուստ չեն։ Հրապարակ չկա մեր գյուղում»։

Այո՛, ցավալի ու դառը ճշմարտությունը սա է, երբ այս մեծ աշխարհում ամենափոքրը ամեն անգամ «իմ գյուղը» ասելիս, հիշելու է այն խաղահրապարակը, որտեղ երբեք չի խաղացել, այն մեծ ու լի խանութները, որտեղից երբեք գնումներ չի կատարել, և այն բոլոր մարդկանց, ովքեր երբեք հարուստ չեն եղել…

Anushik Mkrtchyan

Ջրահարսերի ժամանակաշրջանը

Ես իրավունք չունեմ դժգոհել իմ մանկությունից: Այն անցել է հիանալի: Մանկություն ասելով ես նկատի ունեմ մինչև այն տարիքը, երբ խաղում ենք մանկական խաղեր: Իսկ եթե ասեմ, որ մանկական խաղեր խաղացել եմ մինչև 11-12 տարեկա՞նը: Իսկ հիմա, եթե 11 տարեկան աղջկան հարցնեմ, թե խաղո՞ւմ է «Տուն- տունիկ», «բժիշկ-բժիշկ», «խոհանոց», կարծում եմ նա ինձ վրա կծիծաղի:

Իմ մանկության և ոչ միայն մանկության, այլ մինչև այսօր իմ կողքին է ընկերուհիս՝ Նաիրան: Մենք ծնված օրվանից միասին ենք: Մենք տարբերվել ենք մնացած բոլոր ընկերուհիներից: Մենք ժամերով նամակներ էինք գրում, նկարում, զարդարում և փոխանցում իրար:

Ուզում եմ մի երկու բան պատմել ձեզ մեր մանկությունից:

Եթե ասեմ, որ մենք գնում էինք, մտնում մեր տան հարևանությամբ գտնվող առվակի մեջ և… Եվ ուզում էինք դառնալ ջրահարս: Հավատում էինք, որ կդառնանք:  Տարիներ անց, երբ քույրս էր արդեն այդ նույն տարիքի, հիշեցի սա և ասացի.

-Սյուզ, գիտե՞ս, որ մտնես առվակի մեջ, կդառնաս ջրահարս:

-Հա, հա, հա,- ծիծաղեց նա,-Ցնդե՞լ ես: Ի՞նչ ջրահարս:

Տխրեցի:

Մանկությունը մի ժամանակաշրջան է, երբ չես նախանձում: Մենք անկեղծ ուրախանում էինք, որ մեր ընկերոջը նոր «մեքենա» կամ «տիկնիկ»  են նվիրել: Չէ՞ որ միասին էինք դրանցով խաղալու:

Մանկությունը մի շրջան է, երբ մայրիկի բարձրակրունկ կոշիկները հագնելը մեզ երջանիկ էր դարձնում: Մեզ երջանիկ էր դարձնում «մեծ» լինելու միտքը, իսկ այսօր մենք առավոտից երեկո այդքան երազած բարձրակրունկ կոշիկներով ենք, բայց թաքուն երազում ենք ջրափոսերի մեջ ոտաբոբիկ վազվզելու մասին:

Ֆուտբոլն իմ սիրած զբաղմունքն է

ruslan aleqsanyanԱյսօր ուզում եմ պատմել իմ հետ տեղի ունեցած դեպքերից մեկի մասին,որը տեղի է ունեցել վերջերս:Ուզում եմ պատմել մեր գյուղի և մնացած գյուղերի միջև տեղի ունեցած ֆուտբոլի մրցումների մասին,որը մինչև հիմա էլ ընթացքի մեջ է:

Երեք օր առաջ մեր գյուղը մրցեց <<Բագրատաշեն>> գյուղի հետ:Այդ խաղում մենք պարտվեցինք 6-0 հաշվով:Բագրատաշեն գյուղի տղաները շատ լավ էին խաղում բացի այդ նաև մենք լավ չխաղացինք,որը դարձավ մեր պարտության պատճառ:

Երկու օր առաջ մենք մեր ուժերը փորձեցինք Նոյեմբերյանի դպրոցի թիմի հետ:Այդ խաղը ավարտվեց 1-0 հաշվով:Մենք տոնեցինք մեր առաջի հաղթանակը:Այդ խաղի ժամանակ մենք շատ կազմակերպված և գեղեցիկ խաղ ցուցադրեցինք և նույնիսկ ունեիք մի քնի իրական պահ որը կարելի էր գոլի վերածել:

Անցած օրը մենք որ ոքի խաղացինք Ոսկեվան գյուղի տղաների հետ:Խաղի ժամանակ մենք հաղթում էինք երկու գնդակի առավելությամբ սակայն խաղը ավարտվեց 4-4 հաշվով:Պատճառը երևի այն էր, որ մենք մի պահ վստահ էինք մեր հաղթանկի վրա և թուլացրեցինք հսկողությունը նրանց հարցակվողներ նկատմամբ:

Չնայած ոչ ոքիին մենք դեռ կարող էինք դուրս գալ եզրափակիչ բայց վերջի հույսը մարեց վերջի խաղի հետ միասին:

Մեզ բաժին էր հասել մի շատ բարդ մրցակից, որը նույնիսկ դարձել էր Հայաստանի չեմպիոն:Մենք խաղացինք Բերթավանի հաետ և պարտվեցինք 6-1 հաշվով և դուրս մնացինք հետագա պայքարից:

Ես շատ եմ սիրում ֆուտբոլը և ինձ առանց նրա չեմ պատկերացնում:

Ռուսլան Ալեքսանյան 15 տ., Տավուշի մարզ, գ. Բաղանիս:

*** davit aleqsanyan Սովորական առավոտ էր։ Ես քայլում էի փողոցով ու մտածում կիսամյակային գրավոր աշխատանքներիս մասին։ Հասա դպրոց ու դեռ դասարան չէի մտել, ընկերս կանչեց թենիս խաղալու։ 

Մեկ էլ մեր ֆիզկուլտուրաի ուսուցիչը եկավ ու ասաց, որ Բերդավանում ֆուտբոլի մրցումներ են կազմակերպում, կուզե՞նք մասնակցել, թե ոչ։ Դե մենք բնականաբար համաձայնվեցինք։

Մի երկու օր հետո ուրախ տրամադրությամբ շարժվում ենք դեպի Բերդավանի ֆուտբոլի խաղադաշտ։ Առաջին խաղը մեզ համար բարդ էր։

Անսովոր խաղադաշտ, անսովոր թիմ, մի խոսքով պարտվեցինք։ Երկրորդ խաղը մեը օգտին դասավորվեց. հաղթանակ տոնեցինք Նոյեմբերյանի հետ խաղում:

Երրորդ խաղը ընթացավ հավասարը հավասարի հետ. ոչ ոքի խաղացինք մեր հարևան Ոսկեվանի հետ։

Չորրորդ խաղից առաջ մենք գիտեինք, որ պարտվելու ենք, քանի որ խաղալու էինք բարձր խաղամակարդակ ունեցող Բերդավանի հետ։

Այդպես էլ եղավ: Մենք պարտվեցինք խոշոր հաշվով։ Բայց մեկ է, մենք ուրախ էինք։

  Դավիթ Ալեքսանյան 15 տ., Տավուշի մարզ, գ Բաղանիս 

Lilia Apresyan

«Զենքն իմը չէ, երեխաներն են իմը»

Հարցազրույց Վահան գյուղի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Առուշանյանի հետ, ով գյուղում ուսուցչություն է անում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում՝ 5-րդ և 7-րդ դասարանցիներին: Նաև գյուղի ԻՄՓԱՔԹ ակումբի լիդեր է:

 -Ինչպե՞ս տեղեկացաք ծրագրի մասին, և ինչպե՞ս ծնվեց մասնակցելու գաղափարը:

-Այդ ժամանակ բնակվում էի Երևանում և նեղացած էի ամբողջ աշխարհից, մարդկանցից, նույնիսկ՝ հարազատ: Մտածում էի, որ ոչ մի բան չեմ արել, ոչ մի լավ բանի չեմ հասել, ես ինձ անպետք էի զգում: Հենց այդ ժամանակ էր, երբ համացանցում կարդացի «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասին: Հասկացա, որ սա իմ շանսն է՝ որևէ լավ բան անելու:

-Իսկ ինչպե՞ս էիք պատկերացնում որևէ լավ բան անելը:

-Երկու տարբերակ կար. առաջին՝ անցնել ընդդիմադիր ակտիվիստների շարքերը, որոնց ջանքերը ողջունում եմ, երկրորդ՝ անցնել պետական աշխատանքի, որը հիմա այնքան էլ չի ստացվում: Եվ հիմա կա ոսկե միջինը:

-Գիտեմ, որ ապրիլյան դեպքերն էլ են իրենց ազդեցությունն ունեցել Ձեր որոշման վրա: Կպատմե՞ք դրա մասին: 

-Այդ ժամանակ արդեն «Դասավանդի՛ր…»-ի մասնակից էի և մտածում էի. «Աշխատել հանուն հայրենիքի և, որ ամենակարևորն է, աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնց տեսլականը նույնն է՝ հանուն հայրենիքի, հանուն երեխաների, հանուն ապագայի: Այդ օրերին գրեթե գրանցվել էի կամավոր, ընկերս ասաց, որ գրիչով ավելի շատ կուժեղացնեմ մեր սահմանները: Եվ նա ճիշտ էր. զենքն իմը չէ, երեխաներն են իմը:

-Այ նշեցիք, որ երեխաներն են ձերը: Ի՞նչ է Ձեզ տալիս երեխաների հետ շփումը:

-Դա իմ աշխարհն է, չեմ ուզում շատ կիսվել իմ աշխարհով, բայց մի բան կասեմ՝ իսկական երջանկությունը երեխաներն են, նրանց մեջ է մաքրությունը: Մնացած բոլոր բաները՝ փող, ոսկի, սուտ է:

-Ակտիվորեն մասնակցում եք դպրոցական առօրյային, ԻՄՓԱՔԹ ակումբի լիդեր եք, նաև հեռակա սովորում եք Գյումրու պետական մանկավարժական համալսարանում: Ինչպե՞ս եք այս ամենը համատեղում:

-Համատեղում եմ, քանի որ անում եմ սիրով: Իսկ համալսարանը մեր հանդեպ փոքր-ինչ հանդուրժող է:

-Դժվար չէ՞ գյուղի առօրյան, չե՞ն առաջանում խնդիրներ:

-Համարում եմ, որ դժվարությունները կոփում են մարդկանց: Դժվարությունները պետք են, իհարկե՝ ոչ միշտ, բայց ժամանակ առ ժամանակ մարդ պետք է առերեսվի դժվարությունների հետ, այլապես թուլանում է:

-Իսկ պատկերացնո՞ւմ եք Ձեր ամբողջ կյանքը գյուղում:

-Դժվարանում եմ պատասխանել: Միգուցե՝ ոչ հիմա: Քանի դեռ երիտասարդ եմ, ուզում եմ ավելի շատ շրջիկ կյանք վարել: Իսկ հետագայում միգուցե ընտրեմ ավելի հանգիստ կյանք:

-Եվս մեկ ուսումնական տարի այստեղ եք լինելու: Հնարավո՞ր է՝ դրանից հետո կրկին մասնակցեք ծրագրին:

-Ծրագրին երկրորդ անգամ չեմ կարող մասնակցել, բայց ես միշտ շարունակելու եմ մնալ երեխաներիս կողքին և թակելու եմ յուրաքանչյուր դուռ մեր այսօրվա խնդիրները՝ երեխաների հետ կապված, բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար:

narek hakobyan

Ինչն է ինձ հուզում

Երբեք այս թեմայով, նյութ չեմ գրել միայն այն պատճառով, որ չեմ խորհել, թե ինչն է ինձ հուզում: Նախ սկսենք նրանից, որ ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց ընթերցանության, գրքերի և ֆիլմարտադրության: Ճիշտ է, ես դեռ կայացած ռեժիսոր չեմ և ոչ էլ այնքան ֆիլմեր եմ նկարահանել, որ ինձ կարելի է Օսկար տալ:

Ես ստանդարտներից դուրս մարդ եմ: Չեմ մտածում ինչպես իմ հասակակիցներից շատերը: Իմ պատկերացումները, աշխարհայացքը, նույնիսկ երաժշտությունը տարբեր են: Ինձ հաճախ են ասում, որ դու ընտրել ես քեզ բնորոշ մասնագիտություն:

Կինոն իմ մեջ արթնացրեց երևակայական, հոգեբանական, փիլիսոփայական մեծ զգացում:

Իսկ ինչ կարող եմ ասել, գրքերի մասին: Դրանք իմ երկրորդ աշխարհն են, որտեղ ես եմ և իմ գրքի հերոսները: Ուրիշ ոչ ոք:

Ինձ նաև հետաքրքրում է սցենարական արվեստը: Ունեմ բազում աշխատանքներ՝ թե կարճամետրաժ, թե լիամետրաժ ֆիլմերի սցենարներ, թե՛ պիեսներ և փոքրիկ բեմադրություններ:

Ի դեպ, նշեմ նաև, որ ունեմ նկարահանած առաջին կարճամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորը և սցենարիստը ինքս եմ: Ֆիլմը կոչվում է «Օտար լույսը»: Ներկայացրել եմ Ավրորա միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին:

Մեծ երազանքս է՝ ֆիլմեր նկարահանել՝ Տիգրան Մեծի մասին, «Սամվել» պատմավեպի և հայկական վիպաշխարհի հիման վրա:

Մի խոսքով, ինձ հուզում է կինոն: