Եվրոպայի օրը Գյումրիում

Գյումրին մայիսի 12-ին տոնեց «Եվրոպայի օրը», որի առիթով Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հարևանությամբ իրենց գործունեությունն էին ներկայացնում Եվրոպական միության կողմից հովանավորվող մի շարք կազմակերպություններ:

Օրը իրենց ելույթներով գեղեցկացրեցին Երևանից ժամանած Հայկ Պետրոսյանը և  Մաշա Մնջոյանը: Ներկա էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Ես ու Արսենը պետք է հարցազրույց վերցնեինք  մի շարք կազմակերպություններից և ֆոտոներ անեինք: Առաջինը մոտեցանք ԿԱԶԱ Գյումրի հիմնադրամին: Այն շվեցարական հիմնադրամ է, որը կատարում է մի շարք ծրագրեր, որոնցից է՝ Եվրոպական կամավորական ծառայություն ծրագիրը՝ EVS-ը:

Հարցազրույցը վերցրեցինք Մարինա Մուրադյանից, ով ԿԱԶԱ  հիմնադրամում «Աշխատանքային հմտությունների զարգացում» ծրագրի ղեկավարն է:

-Ի՞նչ կասեք այսօրվա միջոցառման մասին։ 

-Իրականում շատ հաճելի միջոցառում է, քանի որ տարբեր կառույցներ փորձում են հնարավորինս  ներկայացնել իրենց ծրագրերը, որոնք կապ ունեն Եվրամիության ֆինանսավորման հետ: Այս միջոցառումը առիթ է, որ շատ երիտասարդներ տեղեկացված լինեն Եվրոպայի մասին,  որը պակասում է մեր քաղաքում, հատկապես Հայաստանի մարզերում գտնվող քաղաքների համար ինֆորմացիաի տեսանկյունից շատ օգտակար է:

-Ի՞նչ կերպ եք ներկայանում այս միջոցառմանը:

-Մենք ներկայանում ենք EVS ծրագրով, որի շրջանակներում հետաքրքիր խաղ ենք կազմակերպել մեր տաղավարի կողքին: EVS ճամփորդություն ենք վերնագրել, ճամպրուկի մեջ կան իրեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է վերցնել ամենաանհրաժեշտ ճամփորդական իրը, որի տակ կգտնի թիվ  և այդ թվի  ներքո կգտնի ինչ-որ հարցի պատասխան: Սա էլ մի միջոց է, որով ոչ ֆորմալ եղանակով երիտասարդներին տեղեկատվություն ենք տարածում:

Այսօրվա երիտասարդությունը բավականին ակտիվ է հատկապես ԿԱԶԱ կենտրոնում: Ամսվա մեջ մոտ 400 տարբեր երիտասարդներ են գալիս, ինֆորմացվում, մասնակցում տարբեր ծրագրերի, դասընթացների: Սակայն EVS ծրագրի շրջանակներում մի շատ լուրջ խնդիր կա Գյումրիում, այն է՝ ծնողները պատրաստ չեն իրենց 17, 18 կամ նույնիսկ 29 տարեկան երեխային թողնել Եվրոպայում ինչ-որ ծրագրի մասնակից լինել ու մեկ տարի միայնակ ապրել Եվրոպայում: Դրա համար կարիք կա այս ծրագրի շրջանակներում շատ ավելի մեծ ինֆորմացիա տրամադրել, ծնողներին հասկացնել, որ այստեղ ոչ մի թրաֆիքինգ չկա, և յուրաքանչյուր երիտասարդ կարող է լիարժեք մասնակցել և հսկայական փորձ ձեռք բերել, լինելով ուրիշ երկրում, ապրել, աշխատել և զգալ մշակութային փոփոխությունները և հետո վերադառնալ ավելի մեծ գիտելիքներով ու արժեքներով և այն տարածել Հայաստանում:
Ովքեր ցանկանում են ԿԱԶԱ-ում EVS-ի մասնակից լինել,  կարող են գալ, դիմել մեզ:

Մոտենալով հաջորդ տաղավարին, պարզեցինք, որ այն ներկայացնում էր Լեհական համայքը:

Հարցազրույց վերցրեցինք Լիանա Հարությունյանից` լեհական համայքի ղեկավարից:

-Խնդրում եմ ներկայացրեք, թե ի՞նչ գործունեություն եք ծավալում Հայաստանում և ինչ ծրագրեր եք իրագործում:

Մենք ներկայացնում ենք լեհական համայքը Գյումրիում: Փորձում ենք տարածել լեհական մշակույթը, ուտեստները: Կազմակերպում ենք  բարձրագույն ուսուցում Լեհաստանում, ունենք նաև լեհերենի անվճար դասընթացներ ամեն շաբաթ և կիրակի օրերին: Շատ երիտասարդներ են հաճախում մեր համայնք, ունենք երիտասարդներ, որոնց պապերը լեհ են, և նրանք նույնպես ցանկանում են սովորել իրենց նախնիների լեզուն: Շատ միջոցառումներ ենք կազմակերպում` լեհական և հայկական յուրաքանչյուր տոն նշում ենք ըստ արժանվույնս:

Այնուհետև մոտեցանք հաջորդ տաղավարին և հարցազրույց վերցրեցինք Իրինա Սաֆարյանից,  ով ներկայացնում է  Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (GITC):  image3gyumrigitsc

-Ներկայացրեք ձեր կազմակերպությունը, ի՞նչ  ծրագիր եք իրականացնում:

-Մենք կատարում ենք «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն Հայաստան (Microsoft Innovation Center Armenia) կենտրոնի և GITC-ի կողմից համատեղ իրականացվող դասընթացներ ՏՏ ոլորտում, որը իրականանում է «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում:  6 ամսյա դասընթացներ են 200 անձանց համար անվճար հիմունքներով, կարող են դիմել  17-35 տարեկան բոլոր անձիք, և պարտադիր պայմանն է, որ ունենան հիմնական կրթություն, որոշակի գիտելիքներ մաթեմատիկայից, ինչպես նաև տղաների պարագայում՝ զինգրքույկ և հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Դասընթացը վարում են փորձառու մասնագետներ  և ապահովում են վեբ ծրագրավորման բարձր գիտելիքներ: Շատ լավ նախաձեռնություն է և խթանում է ՏՏ զարգացումը Շիրակի մարզում:

Հաջորդը մոտեցանք Շվեդիալի դեսպանության տաղավարին:

image4sweden-Ներկայացեք, խնդրեմ, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Մենք ներկայացնում ենք Շվեդիան, նրա մշակույթը` նրա խոհանոցը, ներկայացնում ենք նաև այն նորարարությունները, որոնք արվել են Շվեդիայում, ապրելակերպը սկանդինավյան երկրներում:

Շվեդիան Եվրոպական միությանը անդամակցող երկիր է, և դեսպանությունը Հայաստանում գործում է 2014 թվականից։ Այդ թվականից մենք միշտ մասնակցել ենք Եվրոպայի օրերին և Եվրոպային նվիրված միջոցառումներին: Վաղը գնալու ենք Վանաձոր, հետո՝ Դիլիջան: Շաբաթ և կիրակի ևս  լինելու են միջոցառումներ, որին անպայման մասնակցելու ենք:

Հերթական հարցազրույցը վերցրեցինք «Երիտասարդական նախաձեռնությունների Կենտրոն» հկ-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանից:

image5yic-Ի՞նչ է գործունեություն է ծավալում  ձեր հկ-ն: 

-Ինչպես անունից արդեն պարզ դարձավ, երիտասարդական կազմակերպություն է, և իր ամենակարևոր նպատակը՝ ունենալ համայնքում զարգացած, կրթված և ակտիվ երիտասարդներ: Մենք խրախուսում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունը և իհարկե մեծ տեղ ենք տալիս երիտասարական նախաձեռնություններին

Քանի որ կազմակերպությունը զբաղվում է նաև Եվրոպական ծրագրերով` շարժունակության ծրագրերով, այսինքն, այն կազմակերպություններից է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին Եվրամիության անդամ երկրներում մի քանի օրով գնալ և մասնակցել միջազգային դասընթացների, փոխանակման ծրագրերի, սեմինարների և թրեյնինգների: Իմ կողքին կարող եք տեսնել Էլինային, ով «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում եկել է Գյումրի մի քանի ամսով և իր կամավորական աշխատանքն է կատարում Հայաստանում` դասավանդում է գերմաներեն, ինչպես նաև տեղական ծրագրեր է իրականացնում: Այս ծրագրերի շրջանակներում մենք ոչ միայն հրավիրում ենք կամավորներ Եվրոպայից, այլ նաև մենք ենք ուղարկում կամավորներ Եվրոպական միության երկրներ: Մենք  և մեր շահառուները անմիջականորեն կապ ունենք Եվրոպայի օրվա հետ:

Մոտեցանք նաև «Երիտասարդ Եվրոպական Դեսպանների» վրանին և հարցազրույց վերցրեցինք մեր ընկերներից մեկից` Աշոտ Թադևոսյանից:

-Սա մեր վրանն է` «Երիտասարդ Եվրոպական Դեսպանների» վրանը: Մեր հիմնական նպատակն է՝ մարդկանց իրազեկել եվրոպական ծրագրերի, Եվրամիության տված հնարավորությունների` երիտասարդներին ընձեռելով ճանապարհորդելու և Եվրոպայում կրթությունը շարունակելու հնարավորությունների մասին: Մենք այս պահին մի քանի ակցիաներ ենք կազմակերպում, որով  փորձում ենք ապահովել տեղեկատվությունը Facebook-ում:

Arevamanuk (1)«Հայկական Կարիտաս»-ի Էմիլի Արեգակ կենտրոնի սաների և կամավորների կողմից բեմադրվեց ներառական պար, որը նպատակն էր ընդգծել ներառական մշակույթի ձևավորման կարևորությունը։

Arevamanuk (4)Իսկ երեկոյան Գյումրիում Եվրոպայի օրվա շրջանակում տեղի ունեցավ բացօթյա համերգ, որին մեծ հաճույքով մենք էլ մասնակցեցինք:

Նյութը եւ լուսանկարները՝ Հովհաննես Սարգսյանի եւ Արսեն Վարդանյանի

sona mkhitaryan

Ես 1 տարեկան եմ

Հա, դարձա 1 տարեկան: Շնորհավորեք ինձ, ես մեկ տարեկան Մանանայական եմ:Վերջերս տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ մեր Արտյոմը մի լավ բան ասաց. «Մանանան» ինձ հանեց իմ չսիրած բանից (դաս պատմել) ու տարավ իմ սիրած դասերին: Աշխարհագրության ժամն էր, երբ եկան մեր դպրոց, ու ես պիտի դաս պատմեի: Իմ հերթն էր (սա մեր մեջ մնա): Ուրախ-զվարթ գնացինք դահլիճ և ուշադրությամբ լսեցի «Մանանայի» գործունեության մասին: Դե ինչպես բոլորը, ներկայացրեցի հայտ, անցա, ուրախացա… Չէ, չէ, շատ ուրախացա: Երկար ճանապարհ եմ անցել «Մանանայի» հետ 1 տարվա ընթացքում: Հիշում եմ` դասընթացի ժամանակ, որ իմացա պիտի ֆոտոխցիկներով գնայինք ֆոտո անելու`ուրախությանս չափ չկար: Ամեն դասից հետո գալիս էի տուն ու ոգևորված պատմում մամային օրս` ինչ արեցինք, ուր գնացինք, ում հետ, ինչով, ինչ կերանք.

-Ի՞նչ ես կերել, բա,-մամայի համար կարևորագույն հարցը:

-Մամ, դե համով բաներ ա: Էսօր շաուրմա էր, սալաթով-բանով, տենց, էլի:

Սա ինձ համար գովազդ չի: Ես «Մանանայից» ստացել եմ այնպիսի վերաբերմունք ու ջերմություն, որը մինչև օրս պահպանված է:

Բա որ մի օր եկան մեր գյուղ, որպեսզի օգնեն ինձ՝ ֆիլմս նկարահանեմ: Հիշում եմ 103 տարեկան տատիկի ֆիլմը նկարելիս ինչքան հավես անցավ ժամանակը: Գնացինք իրենց բակ, ծիրան քաղեցինք, Հովնանին ասում էինք.

-Հեսա, էս ճյուղի վրա շատ կա, սրանից քաղի:

Այդ ամառ ես համարվեցի ակտիվ թղթակից և գնացի ճամբար: Հիմա էլ`գրելիս հիշում ու կարոտում եմ այդ օրերը: «Մանանայի» շնորհիվ հիմա ունեմ այնպիսի ընկերներ, ովքեր կարճ ժամանակում դարձան մտերիմ, ինչու չէ, նաև թանկ: «Մանանան» դա Մանեն է, ում հետ մի սենյակում էինք մնում ու ամեն առավոտ կռվում մազերը արագ կարգի բերելու համար:

-Սոն, ստեղ լավ ա՞, հըլը նայի՝ որտեղ հարթ չի:

-Ման, լավ ա, լավ ա, արի գնանք ճաշարան, էլի, սոված եմ:

Լիդուշը` «Փոքրիկ իշխանի» հավատարիմը, Միլենան, ով իր խելացիությամբ միշտ հիացրել է ինձ, Սերոժը, ում ամբողջ հոգով հարգում եմ, Անին` ֆուտբոլի գիտակը, Հասմիկը`մեր համով շատախոսը, Բաղանիսից համեստ Դավիթը, վերջերս մտերմացա Կարինեի` ամբողջ սրտով «ջան» ասողի հետ, Նանեն, Սեդան՝ բարի ու ընկերասեր, ովքեր ինձ ուղղակի գրում են`իմանան`ոնց եմ: Լիլիթը Գրիգորյան,Արտյոմը, Հովոն, ում իր ազնվության համար գնահատում եմ: Մնացած բոլոր-բոլորը ինձ համար առաջնահերթ «Մանանայից» են, նոր միայն՝ Վահե, Արաքս, Անահիտ, Զարա…

1 տարի, 365 օր, չգիտեմ`քանի ժամ…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ամեն տեղ և ամենուր

Սպասում ենք 14 համարին։ Է՜, էս ինչի՞ չի գալիս։ 43, 41, 8… Ըհը, ըհը, եկավ, գնացինք։ Ես ու եղբայրս բարձրացանք երթուղային։ Ես փորձեցի առաջ գնալ, որ ճանաչեմ մեր իջնելու տեղը, բայց չկարողացա հասնել բռնակին։

-Վիգ, բռնվելու տեղ չկա,-ասում եմ եղբորս։

-Ինձանից բռնվի,- ասաց կողքս կանգնած հաճելի արտաքինով մի աղջիկ։

Լայն ժպիտը դեմքիս մտա այդ աղջկա թևը։

-«Մանանայի» մեծ ընտանիքի պես,-հանկարծ ասաց նա։

-Վա՜յ, դուք էլ ե՞ք «Մանանայից»,- զարմացած հարցնում եմ ես (բայց հոգուս խորքում ինձ վատ էի զգում, որ չեմ ճանաչել իմ թղթակից ընկերոջը, իսկ նա ինձ ճանաչել էր):

-Ահա։

-Էստե՞ղ եք ապրում, սովորում։

-Էստեղ եմ սովորում, բայց Հրազդանից եմ։ Բա դո՞ւ։

-Ստեփանավանից եմ, 11-րդ դասարանցի եմ դեռ։

Ի վերջո նա իջավ երթուղայինից, իսկ իմ դեմքին դեռ շարունակում էր խաղալ ժպիտը։

«Մանանան մեծ ընտանիք է»․այս խոսքերը զուտ խոսքեր չեն, այս խոսքերին կյանք տվողները մենք ենք։ Շնորհակալություն, Հայարփի Բաղդասարյան, դու ինձ վերստին ապացուցեցիր այս խոսքերի իսկությունը։

vanuhi harutyunyan

Մայրամուտ

Այսօր առաջին անգամ տեսա մայրամուտն իր ողջ հմայքով: Ասեմ, որ հիացած եմ ապշելու աստիճան: Մի տեսակ խորհրդավորություն կար նրանում: Սկզբում ուզում էի միայն մի կախարդական վրձին, որ կարողանայի պատկերել իմ առջև բացված տեսարանը (կախարդական, քանի որ, չնայած մեծ ցանկությանս, նկարել ընդհանրապես չեմ կարողանում): Այնուհետև այն ինձ կախարդեց ու գցեց մտորումների մեջ: Նրա լույսի ներքո սկսեցի մտածել այնպիսի երևույթների մասին, որ երբևէ մտքովս չէին անցել. երևի հենց այն պատճառով, որ երբևէ չեմ հետևել մայրամուտին:

Հանկարծ մտածեցի երջանկության մասին, ուզում էի հասկանալ, թե ինչ է իրական երջանկությունը, հնարավո՞ր է արդյոք լինել լիակատար երջանիկ… Հետո մտածեցի, թե իմ կյանքում երբևէ եղե՞լ է մի պահ, որ ինքս ինձ համարեմ երջանիկ, երջանիկ՝ առանց վերապահումների:

Կարծես՝ գտա պատասխանը. հասկացա, որ երջանկության համար ժամանակ սահմանված չէ, մենք երջանիկ ենք այն ժամանակ միայն, երբ կարողանում ենք որսալ պահը, գնահատել ու արժևորել այն, ինչ ունենք… Եվ, ի վերջո, մշտական երջանկություն լինել չի կարող, հակառակ դեպքում, այն կկորցնի իր մոգական ուժը: Երջանիկ լինելու համար պետք է զոհես մի բան՝ նորը, ցանկալին, կարևորն ու ճակատագրականը ստանալու ակնկալիքով:

Բայց, անկեղծ ասած, մտորումներս ինձ տխրություն պատճառեցին: Մտածեցի, որ, գուցե, կյանքում շատ անգամներ երջանկությունն անցել է իմ կողքով, ու ես չեմ հասցրել նկատել նրան, կամ գուցե ես արդեն կորցրել եմ իմ բաժին երջանկության մի պատառիկ՝ ժամանակին ամուր չբռնելով այն…

Թվում է, թե այդ մայր մտնող արևը գիտեր ամեն բան աշխարհի ու մարդկանց մասին ու լռում էր, հետ էր քաշվում՝ իր հետ տանելով բյուր գաղտնիքներ, հույզեր ու երազանքներ:

Մտորումներիս մեջ խորասուզված չէի նկատել, որ արևն արդեն գրեթե ամբողջովին մայր էր մտել՝ իր տեղը զիջելով լուսնին, որ նույնչափ հմայիչ ու խորհրդավոր էր ու իր մեջ պարունակում էր նույնչափ մեծ հույզեր:

Ահա, թե ինչ եղավ ինձ հետ, երբ հետևեցի այդ խորհրդավոր մայրամուտին գեթ մեկ անգամ:

violeta mkrtchyan

Ապագան մենք ենք

Օրեր առաջ մասնակցեցինք մի ծրագրի Technovation Armenia-ի շրջանակներում։ Այցելեցինք Ամերիկյան համալսարան, որտեղ նշեցինք տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) աղջիկների տոնը: Ներկայացրեցինք մեր ծրագիրը` ArmenianSignLanguage բջջային հավելվածը, որի օգնությամբ ցանկացողները կարող են սովորել հայերեն ժեստերի լեզուն: Ծրագրի բնույթը հավանո՞ւմ եք։ Ես ինքս այդ օրը նայելով բոլոր մասնակիցների նյութերը, մերը շատ հավանեցի (թող գոռոզություն չթվա): Դեռ մրցույթի նախապատրաստական փուլում մտքներովս չէինք էլ կարող անցկացնել, որ այսքան հաջողված կլինի ամեն բան, բայց արի ու տես, որ ստացվեց…

Այս ամենին նրանք են հասնում, ովքեր աշխատում են, փորձում են առաջ քայլել։ Անգամ մեկ թղթի կտորը, որը այդքան էլ արժեք չի ներկայացնում առաջին հայացքից, մի մեծ աշխարհ արժե, որի բովանդակության մեջ կա «գաղտնի» հաջողության գրավականը։ Հետևելով ծանոթ, անծանոթ, հարևան, գյուղացի կամ ընկեր-ընկերուհի անցուդարձին, վստահ կարող եմ ասել, որ բոլորն էլ քրտնաջան սովորում են և դրա հետ մեկտեղ հաճախում են բազում խմբակների, որոնք օգնում են հետաքրքրությունների շրջանակն ավելի լայնացնել։  Ես ինքս հետաքրքրասեր մարդ եմ, և երբ որևէ նոր բան է լինում, աշխատում եմ ինքս օգտվել դրանից, և ոչ միայն ես եմ օգուտ քաղում անցածս դասընթացներից, այլ նրանք, ովքեր աշխատում են ինձ հետ։ Օրեցօր շատ ու շատ բաներ են բացահայտվում, ինչը դեռ մինչ այժմ չգիտեինք։

Երևի հենց այսպես է կերտվում մեր ապագան:

Stella Avetiqyan

Կհաղթահարեմ

Լավ հիշում եմ. 2016 թվականի հունիսի 6-ն էր: Մեր համայնքում այդ օրը միջոցառում կար՝ նվիրված երեխաների միջազգային օրվան: Այն արդեն ավարտվել էր, երբ անծանոթ համարից զանգեց մեկը (կարծեմ Լուսինե Կարապետյանը) և երկար խոսեց, բայց միայն մի քանի բանն եմ հստակ հիշում: Ասում էր, որ Դսեղից իրենք թղթակից չունեն և կցանկանային, որ մեզ մոտից էլ լինեն ու, կարծեմ ինձ և Խառատյան Սուսաննային՝ համադասարանցուս, ֆեյսբուքով նամակ էին ուղարկել, որ սեմինար ունեն Լուռու պատանիների համար և ցանկանում են նաև մենք մասնակցենք: Թարսի պես ես այդ սեմինարի օրերին Երևանում էի լինելու: Դրա համար՝ պահը չկորցնելով, Ղուլինյան Անիի հետ խոսեցի: Եվ քանի որ չէի կարող մասնակցել, Անիին առաջարկեցի: Ճիշտն ասած, հիմա բարի նախանձով եմ լցված, որ Անին այդպիսի լավ հնարավորություն է ունեցել, դարձել է լավագույն թղթակից, մասնակցել մեդիա ճամբարի, Պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխության մրցանակակիր:

Ժամանակն անցավ, Անին դարձավ թղթակից, բայց մի օր էլ սկսեցի նորից հետաքրքրվել 17-ով, բայց արդեն որպես պատանի լրագրողների կայքով, այլ ոչ թե սեմինար կազմակերպած որևէ «կառույցի»: Իմացա, որ ես էլ կարող եմ թղթակցել: Ճիշտն ասած, մեկնարկը այդքան էլ լավ չտվեցի: Չէր ստացվում լրագրողական տեսանկյունից նյութ գրելս, բայց դե՜ ոնց ասում են. «Անհնարին ոչինչ չկա, ցանկություն է պետք»:

Չստացված նյութիցս հետո հոկտեմբերին գրեցի առաջին հաջողված նյութս: Մեծ բավականություն ստացա, երբ տեսա իմ նյութը հրապարակված:

Իսկ երբ «Մանանայի» առաջին մրցանակաբաշխության ժամանակ բեմի վրա տեսա ընկերուհուս՝ Անիին, լցվեցի բարի նախանձով և որոշեցի, որ մյուս տարի ես էլ կգտնվեմ իր կողքին՝ հաղթահարած այս անտանելի ծուլությունը: Ու այդ ժամանակ հպարտ կասեմ, որ 17.am-ի անդամ եմ, լիարժե՛ք անդամ:

karine nahapetyan

Երբ համարյա 19 տարեկան ես, բայց ոչ մի բանի հավես չունես

Վահեի համանուն նյութից ոգեշնչված

Առավոտ՝ 09:22 րոպե, քոլեջ,  մեր օրեր:
Մտնում եմ լսարան և եթե կանգնեմ դռան հետևում, ապա դասախոսիս. «Ու՞ր է Կարինեն» հարցին, կլսեմ կուրսեցիներիս. «Հեսա ներս կմտնի»,- պատասխանը: Բոլորը քաջատեղյակ են, թե կոնկրետ երբ եմ «ժամանում» քոլեջ:
Մտնում եմ լսարան, դասախոսս հարցնում է.
-Ինչո՞ւ ես ուշանում:
Ես էլ ամեն անգամ (արդեն ամաչելով) ասում եմ, որ տրանսպորտ չկար, անկախ նրանից, որ տրանսպորտի խնդիր վերջերս կարծես թե չկա: Հո չե՞մ ասելու, որ Մորփեոսը խայտառակ ձևով ծաղրում է ինձ:
Նստում եմ տեղս, Երվանդի հետ քննարկում Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը». ամեն օր անդրադառնում ենք մի կերպարին:  Դասամիջոցներին կուրսեցիներիս խորհուրդ ենք տալիս, որ անպայման կարդան դա և նայեն «Շերլոկ» սերիալը: Իրականում ոչ ես, ոչ էլ Երվանդը երբևէ չենք դիտել այդ սերիալը: Դե, ասում են, որ լավն է: Հավանաբար, լավը կլինի, էլի:

Եթե պատմության դասաժամն է լինում, Երվանդին «կրիկի» մեջ եմ գցում՝ ասելով, թե բա՝ հնարավոր է, որ Երվանդունիների տոհմից լինես…

Գալիս է վերջին, կամ ինչպես ես եմ ասում՝ քնելու դասաժամը:
Մորփեոսը կրկին գողանում է ինձ իրականությունից: Քնում եմ, բայց ենթագիտակցությանս  20%-ը  արթուն է մնում. լսում եմ. «Երվանդ, արթնացրու Կարինեին»:  Երվանդն էլ, չուզելով, թեթևակի հրում է ինձ ու ասում՝ հել, Կար:  Ախր, ինքն էլ գիտի, որ երազումս, հավանաբար, «Deep Purple»-ի  համերգին եմ կամ էլ, ասենք, բարձրագույն մաթեմատիկայի ողջ դասընթացը սերտել-վերջացրել եմ, որովհետև ինձ մոտ միայն «Deep Purple»-վելն ու մաթեմատիկայի դասերը սերտելն է լավ ստացվում:
Արթնանում եմ: Արդեն գնալուս ժամանակն է:
Հասնում եմ տուն ու զբաղեցնում թագավորական գահս: Մարդիկ, հավանաբար, այդ գահը պատկերացնում են որպես ոսկեզօծ աթոռ՝ թանկագին քարերով զարդարված: Իրականում՝ սովորական կենցաղային աթոռ է, թագավորությունս՝ համակարգիչը, ենթաթագավորությունս՝ ֆեյսբուքը:
Սկսում եմ X-երորդ անգամ նայել «Разрущение» ֆիլմի այն հատվածը, որտեղ հնչում է Ազնավուրի «La Boheme», ժամանակակից իրանական գրականության նոր թարգմանություններն եմ անցկացնում աչքիս տակով, բնականաբար, մաթեմի դասն եմ սովորում, լսում «Soldier of fortune» երգը 2:47-ից սկսած:

Առավոտ՝ կրկին 09:22 րոպե, քոլեջ, կանգնած եմ լսարանի դռան հետևում:
Չէ, հաստատ ասելու եմ, որ տրանսպորտը նորմալ ա աշխատում, հաստատ ասելու եմ, հաստատ:

Lilit Grigoryan

Կարծրացած «ճշմարտությունը»

Ուզում եմ բացահայտել ինձ համար վերջերս պարզ դարձած մի «ճշմարտություն», սուտ ճշմարտություն, թե՝ սովորողը չունի ապագա, աշխատանք չի կարող գտնել: Կարծրատիպ է սա դարձել, ու սրանից ես շատ եմ բորբոքվում: Ինքս էլ դպրոցում լավ եմ սովորում, ընդհանրապես շատ եմ սովորում, ու մեծ-մեծ հույսեր ունեմ պայծառ ապագա ունենալու հետ կապված: Բայց մի կողմից էլ, որ էսպիսի բաներ չե՞ն ասում… Դե արի, ու նույն նախանձախնդրությամբ շարունակիր:

Չէ՛, ինչքան էլ արհամարհես այդ կարծիքները, չի ստացվում լիովին արհամարհել: Խոսում են փաստերով, ասում. «Ես դպրոցն ավարտեցի մեդալով, համալսարանը կարմիր դիպլոմով, չունեմ հիմա գործ: Ո՞ւմ է պետք սովորելը, կյանքդ վայելի՛»: Սպանում են քեզ այս խոսքով, սպանում այն, ինչ ծրագրել ես, ջարդում են վարդագույն ակնոցներդ, ջարդում ու փշրում այն, ինչի համար շարունակում ես ապրել:

Ի՞նչ, մտածող մարդ չմնա՞ այս աշխարհում: Բոլորը փողի ոտքերը սրբե՞ն: Ու ցավոք, էսպես են խոսում մեզանից մեծերը, ովքեր պիտի քաջալերեին մեզ: Վերջապես մեզանից շատերը դառնալու են Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, շատերն էլ բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ: Դե, իհարկե, մենք երևի պիտի փողի հետևից վազենք ու սովորենք կողոպտել, խաբել… Իսկ այդ նույն մարդիկ այդ ժամանակ կասեն, թե մենք «կաշառակեր էլիտար մասսան» ենք, մենք փչացնում ենք հասարակությունը, խաբում ժողովրդին: Դե բա էլ ի՞նչ սովորենք հնից:
Անընդհատ մտահոգությունների մեջ եմ, բայց արդեն որոշել եմ, որ այդպիսի կարծիքներն ինձ համար երբեք չհանձնվելու, ավելի առաջ շարժվելու դասեր եմ դարձնելու: Մի տեսակ՝ հրման կետ: Սա խորհուրդ կտամ բոլորին:

Ու մի բան ևս. եթե մենք ունենք գիտելիքներ, խելացի ենք, սեր ունենք սովորելու նկատմամբ, մենք ենք դառնալու այս երկրի լավագույն շինարարները, մենք ենք մեր երկրին պայծառ ապագա խոստանալու փոխարեն պայծառ դարձնելու մեր երկիրը, մենք ենք երկրի ուժը: Թող սխալ չհնչի, բայց մենք նաև հարուստ ենք լինելու, չմտածե՛ք: Մենք և՛ ունենք հոգևոր հարստություն, և՛ կունենանք նյութականը՝ բարեկեցիկ կյանքի համար: Այդքան մի՛ մտահոգվեք և նման մարդկանց մի լսեք: Գիտելիքը միշտ էլ ուժ է:

satine sakanyan

Ես մշեցու զավակ եմ

Մի հարց կար հոգումս, բայց չգիտեմ ինչու, տարիներ շարունակ լռում էի և մի օր որոշեցի բարձրաձայնել: Հարցս տատիկիս էր ուղղված:

Գիշեր էր: Տատիկիս կողքին նստած էի և սովորությանս համաձայն հարցեր էր, որ տալիս էի, շատ ժամանակ խնդրում, որ ինձ հեքիաթ պատմի, չնայած որ արդեն 15 տարեկան էի: Տատիկս երբեք չէր մերժում և պատմում էր իմ սիրած հեքիաթը: Բայց այս անգամ, երբ ասացի տատիկիս, որ խնդրանք ունեմ, միանգամից ասաց, որ արդեն մեծ աղջիկ եմ, և էլ հեքիաթ չի պատմելու: Իսկ ես ասացի, որ հեքիաթ չեմ ուզում, այլ ճշմարտությունը:

-Տատ, դու կամ քո ընտանիքը ինչ-որ կապ ունեցե՞լ է Արևմտյան Հայաստանի հետ:

-Այո… Մեր արմատները գալիս են Մշից, դու մշեցու ծոռ ես, իսկ քո հարցը մտովի ինձ տարավ հորս մոտ: Երբ նրան հարցեր էինք տալիս ցեղասպանության մասին, նա լռում էր, աչքերը լցնում և ոչինչ չէր ասում, բայց մի քանի բան կարողացել ենք իմանալ: Հայրս ու պապիկս են եղել իրենց ընտանիքից այն երկուսը, ովքեր մազապուրծ են եղել և հասել Արևելյան Հայաստան: Պատմում էր, որ փոքր է եղել, իսկ մայրը՝ հղի: Նրանք տանն էին հորաքրոջ հետ, իսկ հայրը գնացել էր պաշտպանելու իր ընտանիքը: Մայրը տեսնում է, որ թուրքերը մոտենում են տանը, երեխային թաքցնում է տեղաշորի ծալքի տակ, հորաքույրը դուրս է գալիս տնից և թաքնվում: Թուրքերը մտնում են տուն, տեսնում հղի կնոջը, բացում փորը և երեխային սրի հանում: Իսկ մյուս թուրքը սուրը հանում է և խրում ծալքի մեջ, տան մեջ ամեն ինչ ջարդում, փշրում և հեռանում: Այդ ժամանակ հայրս երեք տարեկան էր, բայց ինչքան էլ որ մեծանար, նրա աչքերի տխրությունը չէր անցնում: Հայրս և պապս փրկվելով գալիս են Արևելյան Հայաստան` Ղուկասյան գյուղ: Իսկ այդ ճանապարհը այդքան էլ հեշտ չէր, սոված, ծարավ: Տարիներ հետո էլ այդ սովի զգացողությունը նրան չէր լքել: Երբ հաց էին ուտում, անպայման պետք է յուղ ուտեր` հացը մեջը փրթած, թե չէ, չէր կշտանում: Վերջ, այսքանը գիտեմ: Էլ ոչինչ չի պատմել մեզ հայրս:

Էլ հարց չտվեցի, սակայն չկարողացա էլ քնել և ամբողջ գիշեր երազեցի այնտեղ լինելու մասին:

Սա էլ մի ցեղասպանությունից փրկված մարդու կյանքի պատմություն է: Ես նրա ծոռն եմ: Հիմա ավելի շատ եմ ուզում գնալ Արևմտյան Հայաստան, տեսնել իմ պապերի երկիրը:

Քուչակ

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Ես ապրում են մի գյուղում, որի անունը Քուչակ է: Մի քիչ խոսեմ գյուղիս մասին: Գյուղը հիմնադրել են 1839թ. գաղթական արևմտահայերը: Գյուղի առաջին տները կառուցվել են Լույս Աղբյուրի շուրջը: Այդ աղբյուրը գյուղի պարծանքն է, քանի որ այդ աղբյուրի  շրջակայքում է գտնվել պատմական Ճերմակ վանքը:

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Գյուղի առաջին անունը եղել է Ճերմակ վանք: Դեռ մինչև հիմա Լույս Աղբյուրի շրջակայքում պահպանվել է գյուղի հին գերեզմանոցը: Արդեն երեք դար է, ինչ Ճերմակ վանքը չկա: Բայց գյուղացիները գիտեն վանքի մոտավոր տեղը, պահպանվել են խաչքարեր և փորագրություններ քարերի վրա:

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Տարիներ հետո գյուղը կվերանվանեն Ալի Քուչակ՝ ի պատիվ Նահապետ Քուչակի, իսկ աղբյուրի վրա կկառուցեն մատուռ, որը կստանա Լույս Աղբյուրի մատուռ անունը: 1901թ. գյուղում կառուցվում է Ս.Մարիամ Աստվածածին բազիլիկ եկեղեցն: Բայց ցավոք, այն երկար չգործեց, Հայաստան ներխուժեցին բոլշևիկները, իրենց հետ բերելով աթեիզմը: Եկեղեցին դարձավ ցորենի պահեստ: Բայց այն վերաօծվեց 1998թ.:

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Գյուղի հյուսիսում գտնվում է ևս մեկ մատուռ՝ Թուխ Մանուկ անունով: Ոչ ոք ճշգրիտ չգիտի մատուռի կառուցման տարեթիվը: Թուխ մանուկ անվանումը կապված է թուխ մազերով մի երեխայի հետ, որը ձմռանը փախել է տանից: Գյուղի արևելքում և արևմուտքում գտնվում են երկու մեծ հարթավայրեր՝ «Յայլի դուրան» և «Զրնգան աղբյուր» դաշտերը:

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լույս աղբյուրի վերևում 1983թ.կանգնեցվել է հուշարձան զինվորին՝ նվիրված հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին: Արձանի ներքևի մասում փորագրված են զոհված քուչակցիների անունները: Այդ անունների մեջ երեքը պապիկիս քեռիների անուններն են: Ես հպարտ կարող եմ ասել, որ ես արևմտահայական արմատներ ունեմ, թեև ապրում եմ Արևելյան Հայաստանում: Ինձ համար չկա աշխարհում ավելի հարազատ անկյուն, քան իմ գյուղը՝ Քուչակը: