Mane Minasyan

Դպրո՞ց, ո՞ւր ես գնում

Երբ դեռ 4-5 տարեկան էի, հորաքրոջս տղան մեզ հետ էր ապրում (հորաքրոջս ընտանիքը գտնվում էր Հայաստանից դուրս): Նա մեծ էր ինձանից: Ամեն օր՝ դպրոցից տուն գալու ժամին, ես վազում էի նրան ընդառաջ: Մեր հանդիպման վայրը հիվանդանոցի բակն էր, որը մեր տնից 3 տուն այն կողմ էր: Վերցնում էի եղբորս ծանր պայուսակն ու ինձանից գոհ վազում դեպի տուն ու ամեն օր քնում առավոտյան աշակերտ լինելու երազանքով:

2006թ.-ին երազանքս կատարվեց, ու ես էլ վերջապես առավոտյան լսում էի.

-Մանե՛, արթնացի՛ր, դպրոցից կուշանաս:

Սովորում էի հաճույքով, դպրոց գնում՝ հաճույքով, բայց այ, դպրոցից տուն՝ չսիրածս ճանապարհն էր: Ի դեպ ասեմ, որ միշտ երազում էի, որ դպրոցից տուն ճանապարհը երկար լիներ, իսկ այն 5 րոպե էլ չէր տևում: 9 տարի սովորել եմ Վեդու համար 2 դպրոցում: Դպրոց, որն ինձ շատ բան է տվել, որտեղ ինքնաբացահայտվել ու ինքնահաստատվել եմ: Երբ դպրոցում հանդես, մրցույթ, տոն էր լինում, ես միշտ առաջին շարքում էի (չէ, ինձ չեմ գովում, ակտիվությանս աստիճանն եմ ուզում ցույց տալ):

Գիտե՞ք, 2014-ին, երբ ավարտում էինք միջնակարգ դպրոցը, ինձ թվում էր, թե երբեք էլ ոչ մի դպրոց, քոլեջ կամ համալսարան նույն սիրով չեմ գնա, ինչպես 9 տարի շարունակ գնացել եմ հարազատ դպրոցս: Այս դպրոցում դասընկերներս այն մարդիկ էին, ովքեր ընկերներս էին մանկապարտեզում: Սակայն, «երբեք մի ասա երբեք»-ը իմ կյանքում էլ եղավ:

2014 թվական, 10-րդ սեպտեմբերը իմ կյանքում:

-Մանե Մինասյան, Համլետ Մելքոնյան,- դպրոցի մուտքի մոտ կանգնած, ձեռքին՝ ցուցակ, կարդում էր ապագա դասղեկս:

Այս դպրոցում մեր դասարանը մի տեսակ ուրիշ է՝ աննկարագրելի լավը: Հա, ի դեպ, երազանքս էլ կատարվեց, դպրոցը մեր տանից ահագին հեռու է, ու քայլելու մի երկար-բարակ ճանապարհ կա: 10-րդ դասարանում թվում էր՝ 3 տարին այնքան երկար ժամանակահատված է, ու դեռ այնքան երկար ենք այս դպրոցի աշակերտը լինելու:

Բայց, արի ու տես, որ 3 տարին կարծես 3 ժամ լիներ: Ավագ դպրոցում ես իրոք զգացի այդ «ավագ» բառը: Ավագ դպրոց գնալով՝ մի քայլ էլ մեծացա:

Հիմա արդեն կարոտով եմ հիշում դպրոցից տուն գնալիս հանգիստ քայլելս, կամ էլ ցեխոտ եղանակին աճպարարի պես իբրև զգույշ քայլելս ու առվի մեջ հայտնվելս: Հիմա վազում եմ, որ պարապմունքից չուշանամ:

Իրոք, հիմա զղջում եմ, որ 12-րդ դասարանում գրեթե 4-5 ամիս բացակայել եմ դպրոցից:

Մնաց ընդամենը 2 ամիս, որ առավոտյան ընկերուհիս զանգի ու ասի.

-Հլը չես հելե՞լ: Դե հել, էլի, մաթեմ չի առաջին ժամը:

Մնաց երկու ամիս, մոտավորապես 60 օր…

Հետադարձ հայացք եմ ուղղում դեպի 2006 ու մի պահ քարանում եմ: Ես աշակերտ էի, ես հիմա էլ եմ աշակերտ, բայց ունեմ ընդամենը 2 ամիս, 2 ամիս հետո դպրոց եմ գնալու որպես հյուր:

Գրում եմ, բայց չեմ կարողանում ասել այն, ինչ իրոք ուզում եմ ասել: Դպրոցն իմ կյանքի անբաժան ընկերն էր:

Ani avetisyan

Ժամանակագրություն. մեկ տարի «Մանանայի» հետ

Մարտի վերջ, 2016

-Ան, կգա՞ս դպրոց, մարդիկ են գալու, հանդիպում պիտի լինի:

Չեմ հիշում՝ որտեղ էի, բայց հիշում եմ, որ երբ հասա դպրոց, հանդիպումն արդեն վերջանում էր: Հասցրեցի միայն մի քանի րոպե լսել ու ամսագրերից համարներ ստանալ: Դե, խոսքը «Մանանայի» կազմակերպած հանդիպման մասին էր, որին էլ պիտի հաջորդեր դասընթացը:

Չնայած, որ համարյա ոչինչ չէի լսել կենտրոնի մասին, հանդիպման օրն էլ շատ բան չհասցրեցի իմանալ, որոշեցի, որ ինչ էլ լինի՝ կմասնակցեմ ծրագրին: Եթե չշահեմ, կորցնելու բան էլ չեմ ունենա:

Իսկ տանը համակարգչիս ու համացանցին լուրջ փորձություն էր սպասվում: Սկսեցի բոլոր հնարավոր ու անհնար վայրերում գտնել կենտրոնի մասին նյութեր ու կարդալ, դիտել: Ստացվեց: Հաստատ նամակ կգրեմ, երեսուն երիտասարդների մեջ, հուսամ, ես էլ կլինեմ:

Մի քանի օր անց.

-Անի ջան, բարև, Լուսինեն է «Մանանայից», ուզում եմ հարցնել՝ դեռ ցականո՞ւմ ես մասնակցել դասընթացին: Ուրեմն շաբաթ օրը 10-ն անց 45 մեքենան դպրոցի մոտ ձեզ կսպասի: Չուշանաք:

Գիտեմ՝ մանրուք կթվա, բայց Լուսինեին, իր կարևոր խորհուրդներից ու սիրուն նյութերից բացի, ամենաշատը էս զանգի համար եմ սիրում:

Ո՞ւր էինք հասել: Հա, դասընթացին: Չորս օր՝ երկու շաբաթ և կիրակի օրեր, ժամը 11-ից 5-ը պիտի սովորեինք լրագրություն, լուսանկարչություն ու կինոարտադրությանը ծանոթանայինք:

Ապրիլի առաջին և երկրորդ շաբաթներ, 2016

Դպրոցի բակում անհամբեր սպասում էինք մեզ անհայտ կենտրոնի անհայտ դասընթացին կապող մեքենային.

-Տաքսին եկավ, գնացինք:

Վորքշոփի բոլոր օրերին մեզ տանում և տուն էր բերում նույն հաճելի վարորդը, որին առաջին օրը փորձում էինք բացատրել, թե ուր ենք գնում, երբ ինքներս էլ հստակ չէինք պատկերացնում: Հետո մեր ուրախ քննարկումներից ու այդ օրվա մասին պատմելուց ամեն բան պարզ էր դառնում թե՛ մեր, և թե՛ նրա համար:

Դասընթացը տևեց չորս հագեցած օր: Չորս օր՝ ֆոտոարշավների, լրագրողական նյութեր գրելու և ֆիլմերի գաղափարներ քննարկելու համար: Զբաղված օրվա ընթացքում էլ միշտ ժամանակ էինք գտնում իրար ճանաչելու, կատակելու ու լիցքաթափվելու համար: Կյանքում առաջին անգամ հենց այդ չորս օրերի ընթացքում սկսեցինք փողոցում ուղղակի քայլելու փոխարեն փնտրել ու գտնել կադրեր, որոնք գեղեցիկ լուսանկարներ կարող էին դառնալ: Կյանքում առաջին անգամ սկսեցինք ավելի ուշադիր լինել շրջապատի նկատմամբ և նրանում հետաքրքիր դեմքեր ու դեպքեր որոնել: Այնպիսիները, որոնք նյութ, հարցազրույց կամ ֆիլմ կարող էին դառնալ: Այդ ամենը անսովոր էր մեզ համար, բայց, միևնույն ժամանակ, այնքան աննկատ ու արագ դարձավ օրվա անբաժան մաս, որ մենք էլ չնկատեցինք ու չհասկացանք՝ ինչ կատարվեց: Հիմա էլ երևի այնքան էլ լավ չենք պատկերացնում, թե ինչպիսին էր կյանքը մինչ այդ:

Հունիսի 5, 2016

Հունիսի հինգին Հայաստանում մեծ շուքով նշվում էր Եվրոպայի օրը: Դե, երևի գիտեք, որ «Մանանա» կենտրոնի «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» երկար անունով, բայց անչափ կարևոր ծրագիրը ևս իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ: Այսինքն, տոնից անմասն չէր մնում նաև «Մանանա» կենտրոնը: Դա իմ ու «Մանանայի» երկրորդ հանդիպումն էր վորքշոփից հետո: Էլի մեկ հագեցած ու անմոռանալի օր:

Օրը լի էր ստացված հարցազրույցներով, ֆոտոներով, հաճելի ծանոթություններով ու մրցանակներով:

28.07-03.08, 2016

Չէ, նախ՝ դրանից մոտ մեկ ամիս առաջ

Ես ու Հայաստանի մի շարք պատանի թղթակիցներ ստացանք երազանքների նամակը (Հոգվարթսի նամակի նման, էլի): Նամակում գրված էր, որ մենք համարվում ենք առաջին մեդիա ճամբարի հավակնորդ ու պիտի աշխատենք, որ «հավակնորդը» փոխարինվի «մասնակից» բառով: Երազանքների նամակից էլ երևի տասը օր հետո երազանքների զանգն ստացանք:

Այ հիմա՝ 28-ը հուլիս, 2016

Մաշտոցի պողոտայի այդ հատվածում պատահաբար կամ ոչ պատահաբար հայտնված մարդիկ ոչ մի պատկերացում չունեին, թե ովքեր են այդ ճամպրուկներով երեխաները կամ ուր են պատրաստվում գնալ: Իսկ նույն այդ երեխաները գտնում էին հին ծանոթներին, ծանոթանում մյուսների հետ կամ փորձում հիշել իրար ֆեյսբուքյան խմբից ու չաթից:

 28.07-03.08, 2016

Ճամբարի մասին շատ երկար չպատմեմ, առանց այն էլ նյութս երկար ստացվեց: Չնայած մեկ տարին էլ քիչ չի:

Ճամբարը վորքշոփից ավելի հագեցած ու հետաքրքիր դպրոց էր: Լիքը գիտելիքներ, նոր ընկերներ ու հիշողություններ, որ հաստատ երկար են մնալու: Ուրախ պահերի պակաս էլ մեկ շաբաթում չունեցանք: Մեկ-մեկ էլ հոգնեցինք, բարկացանք կամ բարկացրեցինք, բայց առանց դրանց էլ մի բան պակաս կլիներ: Դասերի հետ մեկտեղ հասցրեցինք պարել, խաղալ, լուսանկարել ու լուսանկարվել: Մեկ շաբաթում «Այլ կերպ»-ի ու «Ունո»-ի չեմպիոններին էլ բացահայտեցինք, գտանք լավ պարողներին ու երգողներին. տաղանդավոր թիմ էր:

Ո՞ւր հասանք: Համարյա վերջ, ճամբարից հետո էլ շարունակեցինք մեր հեռակա կապը, էլի ֆոտոներ, նյութեր, ֆիլմեր:

Վե՞րջ: Մնաց վերջին այցը «Մանանա», վերջերս էր՝ մարտին: Առա կարոտս, նորից հետաքրքիր զրույցներ. խոսեցինք ամեն ինչից, անձամբ ծանոթացա հեռակա ծանոթիս՝ Լիդուշի հետ, եղանք ԵՄ գրասենյակում, անգլերենի իմացության յուրահատուկ ստուգում անցանք, տեսանք ԵՄ-ի աշխատակցի զարմացած, մի քիչ էլ հիացած հայացքը, երբ խոսում էինք 17-ից ու մեր նյութերից: Հա, նաև ամսագրիս վերջին համարները վերցրի:

Հետո էլ փակեցի մեկ տարվա երկար, բայց սիրելի գրքի էջն ու ինքս ինձ հավատացրի՝ նոր գիրք կգրվի՝ նոր վերնագրով:

Ani asryan

Աղետներ և հետևանքներ

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Մի անգամ մեր գյուղում քամու և անձրևի միաձուլումից փոթորիկ էր սկսվել: Ամառ էր՝ ամառային տարօրինակ օրերից մեկը: Այդ օրը ծնողներիս հետ դաշտ էի գնացել: Դաշտերում շատ մարդիկ կային, որոնք նույնպես աշխատում էին: Օրը սկսվել էր արևի կիզիչ ճառագայթներով: Ո՞վ էր սպասում այդպիսի անակնկալի: Կեսօր էր, երբ սկսվեց տեղատարափ անձրևը: Հայրիկիս զանգահարեց գյուղի բնակիչներից մեկը և հայտնեց, որ գյուղում ջուրը լցվել է տների և ամբարների մեջ: Մենք նույն պահին շտապեցինք տուն: Այդ օրը համայնքի բնակիչները պայքարում էին ջրհեղեղը կանգնեցնելու համար: Բոլորը բահերով, դույլերով դուրս էին թափվել, որպեսզի կանգնեցնեն ջրի հոսքը դեպի տուն: Այն ամբողջությամբ լցվել էին ամբարների մեջ: Նույնիսկ տների մեջ էր ջուր լցվել: Բոլորը օգնում էին իրար՝ փորձելով խուսափել խոշոր վնասներից: Մարդկանց աշխատանքի ժամանակ էլ հորդառատ անձրևը շարունակում էր նույն կերպ տեղալ: Բայց բնակիչները պատնեշներ տեղադրեցին տների առջև և ջրի հոսքը ուղղեցին դեպի ճանապարհը: Սա միակ դեպքը չէր:

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Ամեն ամիսը մեկ մեր գյուղում ցնցումներ են նկատվում, մի ակնթարթ, և աղետը անխուսափելի է: Գյուղում տները և մի քանի այլ կառույցներ սեյսմիկ անկայուն վիճակում են գտնվում: Դպրոցը և համայնքապետարանը ամենամարդաշատ կառույցներն են, որտեղ ամեն օր հավաքվում է բնակչության 65%-ը, սակայն հենց այս երկուսն էլ անմխիթար վիճակում են:: Ամեն օր աշակերտները և ուսուցիչները ոտք են դնում սովետական ժամանակներում կառուցված դպրոցը՝ հույս ունենալով, որ մի օր այն կվերանորոգվի, և երկրաշարժի ժամանակ վտանգը ավելի քիչ կլինի:

Հույսը վերջում կմարի, իսկ այդ վերջը դեռ չի եկել:

lida armenakyan

Բարև, պաթոս

Բարև, պաթոս: Չէ որ այսօր ապրիլի 2-ն է: Այսօր պիտի խոսենք կամ ընտրություններից, կամ արդեն մեկ տարվա վաղեմություն ունեցող պատերազմից:

Խնդրում եմ սենտիմենտալ մի դարձրեք ամեն ինչ ու սիմվոլների մի վերածեք ամեն բան: Շատ եմ լսում, որ բողոքում ենք, որ ընտրությունները հենց ապրիլի 2-ին են նշանակվել: Մարդիկ հիշեցնում են, որ այսօր ազգը պիտի Եռաբլուր գնար, այլ ոչ ընտրատեղամասեր: Հարցին ուրիշ կողմից նայեք: Մեզ ոչինչ չի խանգարում Եռաբլուր գնալ: Ոչինչ չէր փոխվի, եթե անգամ ուրիշ օր նշանակված լինեին ընտրությունները: Ձեր ներսն է կարևոր: Հարգանքը դրանով չէ, որ պետք է որոշվի: Շատ ուրիշ հարցեր ու խնդիրներ կան, որտեղ ցույց եք տալիս ձեր հարգանքը, կամ հակառակը: Չեմ վիճում:

Չեմ եկել բողոքելու, ընտրակաշառք բաժանելու, ընտրությունները կեղծելու, քվեաթերթիկները պատռելու, անվավեր ճանաչելու, տեսախցիկների չաշխատելու, ուղիղ եթերներին հետևել չկարողանալու և երկրի գործող նախագահի անձնագիրն ու մատը չճանաչելու մասին ասելու: Կամ գուցե հենց դրա համար էլ եկել եմ: Չգիտեմ:

Չեմ եկել լացելու, բանաստեղծության տողեր ցիտելու, ավելորդ անգամ հերոս տղերքի` «մոնումենտցի Կյաժի», Ադամի, Քյարամի, Ուրֆանյանի, Ռոբերտի ու Մկրտչյան Սասունի անունները շահարկելու, թուրքին մեղադրելու, անօդաչու թռչող սարքի գործը խափանած հովվի, 800 հեկտարի մասին հիշեցնելու ու  «ամեն» ասելու: Կամ էլ դրա համար եմ եկել: Ով գիտե:

Ես եկել եմ ասելու, որ մեր Բաղանիսի տղաները վաղուց էլ երեխա չեն: Իրենք էդ սահմանին են մեծացել: Կրակոցները իրենց հետքը թողել են ժամանակի ընթացքում: Հիմա էլ է նույնը: Սերյոժան «Ուղտի մեջք»-ի մասին մի տեսակ սովորական է պատմում, բայց կուտակված շատ բան կա: Թվում է, թե շատ հանգստությամբ է խոսում, բայց բոլորիս ներսը տակնուվրա է լինում: Պատմում է, որ շատ ժամանակ ստիպված են շորերով քնել, որ կրակելու դեպքում, հանկարծ հագնվելու վրա ժամանակ չկորցնեն: Հաճախ ստիպված են բաց թողնել պարապմունքները, որովհետև կյանքն ավելի կարևոր է, բնականաբար հասկանում եք:
«Հա, մին էլ մոռացա, կռավաթդ պատուհանիցը դեսն ենք բերել՝ դբա պատը, պոստերը երևըմ ա քու սենյակիցը, դրա հըմար»:
Մահճակալն էլ տեղափոխվում է տան անկյուններից, որ մի քիչ ապահով լինի: Դրանից մեր սրտերի տեղերը չեն տեղափոխվում, որ մենք էլ մի քիչ ապահով լինենք, մի քիչ հանգիստ լինենք, մի քիչ էլ քիչ մտածենք:

Պատերազմական օրերին ես տանը հանգիստ նստած կարդում եմ Դավիթի «Խաչմերուկ» նյութը ու ուղեղիս ծալքերով անցկացնում, որ ես էլ, ինքն էլ նույն Հայաստանում ենք ապրում: Իրականում կյանքը շատ տարբեր է սահմանամերձ գյուղերում ու հեռու-հեռավոր քաղաքներում:

Հիմա, այսօրը շատերը տխրությամբ են հիշում, շատերը հպարտությամբ, շատերը չեն ուզում հիշել: Ես արդեն չգիտեմ` որ տեսակին եմ պատկանում և կամ՝ որ խմբի մեջ եմ մտնում: Միայն կասեմ, որ այսօր ապագա Հայաստան ընտրելու ու ողջ մնացած հերոսների կողքին հպարտությամբ կանգնելու օրն է: Լավ մնացեք:
Ցտեսություն, պաթոս:

nane ohanjanyan

Արքան առանց զորքի

Բարև ձեզ, ես Նանեն եմ: Ես ուզում եմ պատմել անտառների պահպանության մասին, քանի որ իմ հայրը` Դավիթ Առաքելյանը անտառապետ է: Նրանց կազմակերպությունը կոչվում է «Հայ-անտառ»: Քանի որ մենք ապրում ենք Կապանում, հայրիկս անտառապետ է հենց այստեղ: «Հայ-անտառի» կարևոր խնդիրներից են անտառների խնամքը: Նրանք կտրում են չորացած ծառերն ու ճյուղերը, դրանց փոխարեն տնկում են նոր ծառեր:  Սյունիքի անտառներում աճում են կաղնի, բոխի, հացենի, թխկի և շատ այլ արժեքավոր ծառեր: Էլ չեմ ասում այն մասին, որ Շիկահողի արգելոցում է գտնվում սոսիների միակ պուրակը: Նրանք հետևում են նաև անտառների անվտանգությանը: Սակայն կան մարդիկ, որոնք դա այլ կերպ են հասկանում, նրանք կտրում են ոչ միայն չորացած, այլ նաև երիտասարդ և առողջ ծառերը, որպեսզի վաճառեն կամ իրենք վառեն:  Այդպիսի մարդկանց դեմ պատիժ կա, որը տուգանքի ձևով է:

Հայրիկս շատ է սիրում բնությունը: Նա ասում է, որ ինչպես արքան առանց զորքի, այնպես էլ մարդն է առանց բնության:

Ես էլ չեմ ուզենա տեսնել այդպիսի արքաների, դրա համար կոչ եմ անում, որ չհատեն ծառերը: Ողջ աշխարհն է պայքարում անտառահատումների դեմ, որովհետև անտառները մեր երկրագնդի թոքերն են, թթվածին են արտադրում: Ծառերի տերևները կլանում են ծուխը, փոշին, աղմուկը:

Աշխարհի շատ երկրներում կան օրեր, երբ ասենք, մի օր պետք է երթևեկեն կենտ համարներով ավտոմեքենաները, մյուս օրը` զույգ համարներովը: Երևի հարց առաջացավ` ինչո՞ւ, ասեմ, քանի որ կառավարությունները փորձում են սահմանափակել արտանետումների քանակը:

Ահա թե ինչ կարևոր աշխատանք ունի իմ հայրիկը:

davit aleqsanyan

Էլի խաբեցին

Չգիտեմ ձեզ մոտ ոնց, բայց մեզ մոտ ընդունված է այն փաստը, որ ապրիլի 1-ը խաբելու, տեղ-տեղ էլ խաբվելու օրն ա: Չնայած այս տարի այնքան էլ լավ չէր, դասի չէինք:

Ես հիմա նստած նյութ եմ հավաքում, իսկ ադրբեջանցիները հիշեցնում են, որ իրենք այստեղ են՝ իրենց մի երկու անկանոն կրակահերթերով: Չեք մոռացել, չէ՞, որ ես Բաղանիսից եմ, սահմանամերձ գյուղից:

Լավ, շեղվեցի թեմայից: Ո՞ւր էինք հասել: Հա. հիշեցի: Այս տարի ինձ շատ խաբեցին, իսկ ես ընդհանրապես հավես չունեի ինչ-որ մեկին խաբելու: Բակում փայտ եմ կոտորում մեկ էլ.

-Դավ, զանգում են, բայց չգիտեմ՝ ով ա, էկրանը չի բացում:

-Բեր՝ տենամ:

Քույրս էր: Ինձ խաբեց, ասելով թե՝ զանգում են, ու էկրանը չի բացում: Ամբողջ բակով ընկել էի հետևից, բայց քանի որ խաբելու օրն էր, ջղայնությունս զսպեցի: Անցավ մի քանի ժամ, քույրս նորից եկավ:

-Դավ, խոզերը փախել են, շուտ դուրս արի:

Այս անգամ էլ էր ուզում խաբել, բայց չստացվեց: Դրանից հետո ընկերներս եկան մեր տուն: Նրանց մի քանի ստերին էլ չհավատացի: Երեկոյան դուրս էինք եկել գյուղով քայլելու, մեկ էլ ընկերս.

-Հըըը, Դավ, կոշիկդ ի՞նչ ա էլէլ:

Նայեցի ներքև. ոչինչ չկար:

-Խաբեցի, խաբեցի…

Լավ Էլի, նորից խաբեցին: Հիմա գրում են, բայց նեղսրտած չեմ… Փոքր ուրախություններ են, որ տարին մի անգամ պատահում են: Ադրբեջանցիք էլի կրակեցին… Իսկ սա խաբելու հետ կապ չունի…

մարինե իսրայելյան

Մենք պարտք ունենք

Հայոց այբուբեն, մեսրոպատառ գիր, հայ գրականություն, պատմություն, արարում, հաղթանակ, վերապրում: Սրանք բարձրարժեք բառեր են, թերևս բոլորը գիտեն, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը օտարի ու թշնամու սրի դեմ պայքարել ու պահպանել է հայոց գրերը` այբուբենը, քրիստոնեական հավատի հետ միասին:

Նույն կերպ նաև ով չգիտի ֆեյսբուքի մասին, արդեն նույնիսկ ամոթ է լսարանում հարցնել, թե ով կա ֆեյսբուքում, պիտի հարցնել` ով չկա ֆեյսբուքում: Ֆեյսբուքը օր օրի աճող ու ընդլայնվող հաղորդակցական հարթակ է, որն իր երախի մեջ է առել ողջ աշխարհը: Իսկ ինչպե՞ս կապել հայոց այբուբենն ու ֆեյսբուքը: Կապը սահմռկեցուցիչ է: Ֆեյսբուքը համաշխարհային սոցիալական ոլորտ լինելուց բացի հարթակ է, որտեղ մեռնում է հայոց այբուբենը, ոչ, չի մեռնում, մեռցվում է, նահատակվում է, կախաղան է բարձրացվում, գանահարվում է, խողխողվում ու սրատվում է, և ենթարկվում այն բոլոր պատժամիջոցներին, որ պատմության ընթացքում հորինել է մարդկության երևակայության անառողջ հատվածը` ուղղված ոչնչացման կլանող գաղափարին: Ու այս անգամ հրապարակում հայոց այբուբենն է:

Ինչպես բոլոր միջնադարյան պատիժների ժամանակ, այստեղ էլ կան դահիճը և նրա օգնականը: Դահիճը լատինական այբուբենն է, իսկ օգնականը` մենք, և շատ հաճախ մեծ գործերում օգնականներն ավելի մեծ դեր են ունենում, քան գլխավորները: Նույնիսկ անհավատալի է պատկերացնել, որ 21-րդ դարի զարգացման գաղափարախոսության մեջ որպես քողարկված կմախք առկա է միջնադարյան դահճային համակարգը. այն ևս զարգացել է, եթե նախկինում նա կուլ էր տալիս հազարավոր մարդկանց, ապա այժմ նա կլլում է հարյուրհազարավոր մարդկանց հոգևոր արժեքները` անուղղակիորեն դեպի կործանումը ուղղորդելով նաև մարդկանց:

Օրինակ, ո՞վ է երբևէ տեսել, որ անգլերեն sun, school, orange և այլ բառեր գրեն հայերեն տառերով, հենց այսպես` սան, սքուլ, օրինջ, երևի դժվարացաք կարդալ, կամ աչքի համար անսովոր եղավ, այդ դեպքում ավելի քան սրությամբ է դրվում այս հարցը. ապա ինչո՞ւ հայերեն արև, դպրոց և նարինջ բառերը գրված այլատառությամբ` arev, dproc, narinj, բոլորովին սովորական է և հասկանալի ողջ ֆեյսբուքահայության համար, որ ներառում է հայության գերակշիռ մասը, և արդեն նույնիսկ ահռելի քանակությամբ գրական տեքստեր են ստեղծվել այս նորահայտ լեզվով, որ ոչ հայերեն է, ոչ անգլերեն, և ոչ այլ ինչ:

Երկար եմ մտածել, թե ինչու են մարդիկ այսպես գրում, և միակ պատասխանս այս է. մարդիկ խուսափում են հայերեն գրելուց, քանի որ առաջանում են ուղղագրական և կետադրական խնդիրներ, որոնք հիանալիորեն քողարկում է լատինատառագրությունը: Սա գրություն է բոլոր ձևաչափերից ու կանոններից դուրս, սա պարզապես աբսուրդ է: Եվ այն այբուբենն ու գիրը, որով մենք հպարտանում ենք, որը մեզ հասցրել է փառահեղ 21-րդ դար, մենք սպանում ենք նույն այդ 21-րդ դարի զոհասեղանին և զոհաբերում ենք լատինական աստծուն: Պայքարի զենքն այնքան պարզ է և իր պարզության մեջ այնքան հզոր, ահա այն` կյանքի բոլոր բնագավառներում հայերեն լեզվի գործածության դեպքում գրել բացառապես հայատառ, մաշտոցյան սուրբ գրերով, իսկ եթե լատինական տառերն այդքան գերում են մեզ, ապա բարի լինենք գործածենք նրանց իրենց հարազատ լեզուներում:

Ու հիշենք` մենք պարտք ունենք մեր եկող սերունդների առջև, մենք պարտավոր ենք նրանց փոխանցել ինչպես հնարավորինս մաքուր ու կենսունակ Երկիր, անկախ ու զարգացած հայրենիք, նույնպես և մաքրամաքուր հայոց լեզու, հայ գրեր և լիարժեք հայ մշակույթ:

anna gasparyan

Ընտրություններ են

Այսօր  ընտրություններ են:

Արդեն մի ամիս է, ինչ տարբեր կուսակցություններ և դաշինքներ ընտրական քարոզչություն են անցկացնում: Ամեն պահի հեռուստացույցով կարելի էր տեսնել դրանք: Բոլոր լրատվամիջոցները տարված են ընտրություններով:

Երեկ ապրիլի մեկն էր, և  արգելված էր քարոզչություն անցկացնել: Հեռուստացույցով լրիվ ուրիշ հաղորդումներ են ցույց տալիս: Մթնոլորտը փոխվել է: Բայց, մի տեսակ անսովոր է. արդեն սովորել էինք ամեն օր լսել ընտրական քարոզչությունները: Չէ որ մի ամիս անընդմեջ քարոզչություն էր անցկացվում:

Ճիշտ է, ես քաղաքականություն չեմ սիրում, բայց ինձ հետաքրքրում են նախընտրական քարոզարշավները և երբեմն հետաքրքրությամբ դիտում էի քարոզչությունը:

Երեկ տոն էր՝ ապրիլի մեկը: Ծիծաղի, կատակ անելու, խաբելու օրն էր: Վստահությամբ կարող եմ ասել, որ բոլոր դպրոցականները սիրում են այս տոնը. ոչ միայն դպրոցականները, այլ նաև փոքրերը և մեծահասակները: Կատակասերների և հումորով մարդկանց ամենասիրելի օրերից մեկն էր, որոնց մեջ մտնում եմ նաև ես: Ասում են՝ ինչքան շատ ծիծաղես, այնքան կյանքդ երկար կլինի: Ո՛չ, սա կատակ չէ, ճիշտ է: Այնպես որ, ծիծաղելը ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար: Ստացվում է այնպես, որ ապրիլի մեկը շատ օգտակար տոն է:

Դե, իսկ այսօր արդեն դժվար թե մեկնումեկը կատակ անի. ընտրություններ են:

Sargis Melkonyan

Երբ լռության օրը ապրիլի մեկին էր

Այս ընտրություններն այնքան քննարկվեցին, որ էլ ասելու չի… Շատերի շուրթերից են հնչում այս խոսքերը։ Փառք Աստծո, որ երեկ «լռության օր» էր հայտարարված, մտածում էի՝ գլուխս մի քիչ կխաղաղվի։ Բայց դե ի՞նչ։ Բացում եմ Ֆեյսբուքը, ամբողջ էջս հանրապետականների ու ընդիմադիրների գովազդներն են։ Աչքերս փակում եմ ու քնում։ Մեկ ժամ անց արթնանում, հագնվում ու գնում դուրս վազելու։ Տեսնեմ՝ կատուս սատկել է, թաղի շներն էլ եկել են «հոգեհանգիստ»…

Դուռը բացում եմ, դուրս եմ գալիս փողոց ու գետնին 10000-անոց է ընկած։ Այ քեզ հաջողություն։ Վերցնում եմ գումարը, մեկ էլ տեսնեմ կողքի տան պատշգամբից Վազգուշ տատին գոռում է.

-Արա, էդ 10 00-ը քո համար չի, ընտրողների համար է։

Վայ, աման, սիրտս այնպես էր խփում, ոնց որ դուռը տուկ-տուկ տային։ Հա, մոռացա ասել, որ փողոցում մի հատ դանակ կար, վրան էլ` արյուն։ Ես էլ այդ գումարը Վարդուշ տատիի ձայնից գցում եմ գետնին` ուղիղ դանակի կողքը։ Մի քիչ վազում եմ, հասնում եմ գյուղամեջ, մեկ էլ տեսնեմ՝ մի 200 մետր վերև կոմունիստները Լենինի ձեռքը բռնած եկել են քարոզարշավի։ (Գյուղամեջից 200 մետր վերև գերեզմաններն են։) Հա, չմոռանամ ասել, որ խանութներում այսօր 30% զեղչ է։ Շտապեք ձեռք բերել Նոր տարվա խոզի բդից պատրաստված «կալբասը» կես գնով` ընդամենը 3000 դրամ։ Թույլատրվում է նաև պահք պահողներին:

Չմոռանամ ասել, որ այսպիսի տափակ հումորներ միայն ես կարող եմ անել։ Դե լռության օր էր, ապրիլի մեկ, հումորներն էլ քաղաքական ստացվեցին…

Հուսամ շնորհավորել եք մյուսներին ապրիլի 1-ի կապակցությամբ և մաղթել անվտանգություն և առաջընթաց, ժառանգություն, համախմբում, հաղթանակ, ելք, արդար և ապահով Հայաստան…

Երազում եմ դառնալ օլիմպիական չեմպիոն

Հարցազրույց հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանի հետ

Լուսանկարը՝ Անի Աճեմյանի

Լուսանկարը՝ Անի Աճեմյանի

-Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք սպորտով և ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք հունահռոմեական ըմբշամարտը:

-11 տարի է, ինչ զբաղվումեմ այս սպորտաձևով: Եղբայրս նույնպես հաճախել է հունահռոմեական ըմբշամատի, և ահա այդ տեղից է գալիս իմ սերը այդ սպորտաձևի նկատմամբ:

-Ի՞նչ հաջողությունների եք հասել հունահռոմեական ըմբշամարտի բնագավառում:

-2011 թվականին Եվրոպայի փոխչեմպիոն դարձա Լեհաստանում, Աշխարհի առաջնությունում 3-րդ մեդալակիր դարձա Հունգարիայում, 2012 թվականին Եվրոպայի չեմպիոն դարձա Լեհաստանում, 2013 թվականին Աշխարհի Երիտասարդական առաջնության չեմպիոն դարձա Բուլղարիայում, 2014 թվականին Աշխարհի առաջնության փոխչեմպիոն՝ Խորվաթիայում և բազում այլ մրցաշարերի հաղթող եմ եղել:

-Հետաքրքիր է, կա՞ն արդյոք աղջիկներ, և ինչպե՞ս եք ընդունում նրանց ներկայությունը նման կոպիտ սպորտաձևում։

-Կարծում եմ աղջիկների համար դա շատ դժվար, միաժամանակ, շատ գեղեցիկ սպորտաձև է:

-Հիասթափության պահեր եղե՞լ են:

-Չնայած իմ ունեցած պարտություններին, ես ոչ մի անգամ չեմ հիասթափվել:

-Եթե չընտրեիք այս մարզաձևը, ապա ի՞նչ այլ սպորտաձև կընտրեիք:

-Այդ մասին չեմ մտածել:

Լուսանկարը՝ Անի Աճեմյանի

Լուսանկարը՝ Անի Աճեմյանի

-Արդյո՞ք Ձեր ընտրած սպորտաձևը համապատասխանում է Ձեր բնավորությանը:

-Ես բնավորությամբ շատ նպատակասլաց եմ, երբ մի բան մտքիս եմ դնում, ամեն հնարավոր բան անում եմ դրան հասնելու համար: Բնավորությամբ մի փոքր կոպիտ եմ, որն ամենաբնորոշ գիծն է իմ ընտրած սպորտաձևի հետ:

-Ի՞նչ երազանքներ ունեք:

-Օլիմպիական չեմպիոն դառնալ: