Svetlana Davtyan new

Իմ բոլոր տխմարությունների մեջ ես կատարյալ եմ

Հաստատ հիշում ես տխրությանս միակ վկային՝ տանս տանիքը: Հուլիսյան արևոտ օրեր են, բայց կրկին մռայլությունն ինձ բաժին հասավ: Հա՛, էլի եկել եմ և միշտ եմ գալու, որ գրկեմ մենակությունս ու բարձրաձայն լռեմ: Հերթական ապտակն եմ այսօր ստացել, բարձրացել եմ տանիք, որ լուռ ողբամ իմ սև օրերի երգը, իսկ վերջում էլ սովորույթի համաձայն ասեմ. սա էլ կանցնի:

Բայց չէ՛, էս անգամ չեմ եկել լռելու համար, լռություն եմ ուզում գարշելի ամբոխից, որ վերջապես խոսեմ:

Ու թե մի օր սկսեմ խոսել, ու դու էլ լսես, սկզբում կզարմանաս, հետո կխնդրես, որ կրկնեմ, որովհետև չես հասկանա, թե քեզ ինչեր ասացի: Չէ՞ որ աշխարհի ամենափոփոխական սպիտակահերին ես հանդիպել:

Լսելով պատմությունս, չես հասկանա արարքներս, ինչպես չես հասկանում, թե 20 տարեկանում ինչու դեռ չեմ ներկել սպիտակ մազերս: Չես հասկանա, որովհետև պատմությունս լսելուց հետո քեզ համար կդառնամ այս աշխարհի ամենաստոր էակը: Հա, քաոսի մեջ եմ մտել, չեմ համակերպվել, ստել եմ, լքել եմ շատերին, բայց ինքս ինձ` ոչ մի անգամ: Հուսախաբ եմ արել բոլորին, ինձ ոչ մի անգամ:

Ե՞րբ են լքում մարդիկ միմյանց, երբ կյանքին սկսում են այլ անկյան տակ նայել, հա, ես էլ լքել եմ: Հանդիպում ենք մարդկանց, որոնք փոխում են մեր կյանքը՝ նույնիսկ այդ մասին չիմանալով, հետո հանգիստ դավաճանում են մեր իսկ թշնամու հետ, այնուհետև հեռանում են հաղթողների նման՝  հետևում թողնելով փլատակներ ու մայրամուտ: Հա, դրժել եմ, բայց խոստումս չէ, ու ի գիտություն, մարդուն չեմ դավաճանել, այլ նրա սպասումներին:

Ու այս բոլորով հանդերձ իմ բոլոր տխմարությունների մեջ ես կատարյալ եմ: Որովհետև ոչ մի խռովություն մտքումս չի բարձրացել, գնացել եմ հոսանքին հակառակ, եղել եմ ինքս իմ հետ հաշտ, սրտիցս արյուն չեմ կաթեցրել, ինքս ինձ իմ միայնությունն եմ նվիրել ու միշտ եղել եմ հասկացված:

Հա՛, ապրել եմ պահը, մտածելով, որ մնացել է կյանքիս վերջին տասը րոպեն, ու գնացել եմ վերջին ցանկությանս հետևից: Որովհետև կարծում էի, թե վախենում եմ մահից, բայց պարզեցի, որ կյանքից էի վախենում: Չեմ նեղացրել ոչ ոքի, չեմ փոխվել ու չեմ փոխել ինձ՝ ընդդեմ, եթե փոխել եմ, ապա հանուն:

Հա, ու էս ամենն իմանալով հանդերձ, էդպես էլ չիմացաք, երբ է ժպիտն իրական, բայց ոչինչ, մի էլ փորձեք, միևնույն է, չի հասկացվելու: Ու չհասկանալով, առանձնապես ոչինչ չեք էլ փոխելու իր կյանքում, որովհետև շարունակելու է ապրել իրեն բաժին հասած վերջին տասը րոպեն ու իր հետ մնալ ներդաշնակ:

Gohar Petrosyan

Քեզ էլ չհասցրի հրաժեշտ տալ

Դու չխմեցիր իմ պատրաստած թեյը…
Հողն այլևս չի զգում ծանրությունդ, արդեն ինքդ ես զգում մի ողջ ծանրություն, ինչը մնաց քեզանից հետո իմ մեջ։ Չկաս հիմա այնպես, ասես երբեք էլ չես եղել, ու ասես ոչինչ էլ չի փոխվել կյանքում։ Բայց ինչ-որ բան հիմա ներսից խեղդում է ինձ։ Երևի հենց կյանքում ոչինչ չփոխվելու դժվարությունից է։
Շուտով աշուն կգա, ու ես նորից թեյը ձեռքումս կսպասեմ քեզ` տանս դատարկված պատերի ներսում։ Դաշտերի ոչինչ չասող քամին նույն բույրերով կխառնվի շնչիս, ու կրկին կզգամ ներկայությունդ օդում։ Կփակեմ աչքերս, տեսադաշտումս կպահեմ քեզ ու կերջանկանամ մանկության խենթ հույզերով, որովհետև քեզանից հետո կորցրի և մանկությունս։

Ինչ-որ մի տեղ, գրողի ծոցում լուռ նստել է դեռահասությունս ու փորձում է մոռանալ ինքն իրեն, քանզի թանկ չէր ապրելը և ոչ էլ կարևոր։ Բայց հիմա, ես նախընտրում եմ ապրել մանկության մեջ, դե՜ թքած, ինչու՞ չէ, նաև դեռահասության. դու կայիր դրանցում։ Իսկ հիմա պարզապես դատարկ է ամեն բան։ Ծխախոտն էլ խեղդում է, բայց միևնույն է, չի հերիքում։ Դատարկությունն այնքան մեծ է, որ մի ողջ ծխախոտի տուփն էլ քիչ է։

Քեզ էլ չհասցրի հրաժեշտ տալ։ Դեհ, հրաժեշտների հարցում ես միշտ եմ ուշացել, որովհետև չեմ էլ մտածել շտապելու մասին։ Ու դու էլ գնացիր, տարար քեզ հետ ողջ երազանքներս ու պայքարս հանուն դրանց։ Գիտեմ, չէիր ուզում ու չես ուզում տեսնել, թե ինչպես է փոխվել կյանքս քեզանից հետո։ Բայց դե, քարշ եմ տալիս պայքարելու ցանկությունը, որը դեռ քայլել չի ուզում։

Աշունը արդեն մոտենում է, իսկ դու դեռ չկաս։ Չե՞ս գալու… Արի՛, թեյը սառչում է։

mariam tonoyan

Արտաշունչ

Երեկոյի բույրն արդեն սփռվել էր ամենուր․ տոթը հետ էր քաշվել՝ տեղը զիջելով բարդիների սոսափի ներքո պարող տաք, ամառային քամուն։ Չորությունից բակի մի կտոր հողը ճաքճքել էր, ու չորացած խոտերի մեջ ուտելիք փնտրող կրիայի թափառումներն արդեն իզուր էին։ Խոհանոցից անշտապ գալով, կտրտած, կանաչ պղպեղը ձեռքերումս՝ բակ անցա, մոտեցա կրիային ու ավելորդ հանդիսավորությամբ այն շաղ տվի կենդանու առջև․

- Երկնքից մանանա իջնում է։ Գոնե դու հավատա։

Ապա տիրաբար կողպեցի դարպասը նրա վրա ու, թողնելով իր եզրավոր անսահմանության մեջ, դուրս եկա ու քայլեցի մոտակա հիվանդանոցի ուղղությամբ։

Արևի վայրէջքով պայմանավորված՝ փողոցներն այդ ժամերին մարդաշատ էին լինում։ Ամեն անցորդ իր բույրն ու ոտնահետքն էր թողնում փողոցում ու անցնում-գնում էր՝ անընդհատ թարմացնելով անծանոթ դեմքերն իմ հիշողության մեջ։ Այդ շարժի մեջ ու ամեն ինչի ցնդող ներկայությունում ամենամնայունը թերևս երկու տարեց հարևաններս էին, որոնց հանդիպում էի ամեն անգամ փողոցի այդ հատվածին հասնելիս։ Մեկը միշտ նստած էր կանգառում իր համար պատրաստված ստվարաթղթապատ, կարճլիկ պատի ծայրին, մյուսն էլ ամեն օր վերուվար էր քայլում փողոցի երկայնքով, որպեսզի պահպանի իր դեռևս շարժուն մկանները։ «Տարիքն ընկալելու երկու տարբեր օրինակներ են,- մտածում եմ,- մեկը՝ շատ անգամներ մահն աչք առած, դեռևս շարժման ու կյանքի է ծարավ, մյուսը՝ մշտապես լուռ ու գլխիկոր է, արհամարհանքով լցված դեպի առջևում խլրտացող ավտոմեքենաների հոսքը․ որոշել է, որ արդեն տարիքն առած մարդ է ու հոդացավեր է ներշնչել իրեն»։

Ակամա հիշեցի վերջերս աշխատավայրում գերմանացի հաճախորդի հետ ունեցած հեռախոսազրույցս։ Երբ նկատեցի, որ նա գրանցվել է ներդրումներ անելու համար, նա խոսափողից այն կողմ ծանր հոգոց արձակեց ու անտարբերությամբ պատասխանեց․

-Հիմա ես հիվանդանոցում եմ, մեկ է՝ վաղը մեռնելու եմ։ Ինչի՞ս է պետք․․․

… Հիվանդասենյակի հեղձուցիչ օդից ու բժշկական իրերի հոտից ազատվելու համար բուժքրոջը խնդրեցի կիսաբաց անել պատուհանը։ Նա, ում պետք է խնամեի, վերջապես կարողացավ քնել։ Միջանցքից լսվող հողաթափերի քստքստոցները հուշում էին, որ ինչ-որ մեկն ապաքինվում է, բայց սենյակի երկրորդ հիվանդը, որը վիրահատությունից հետո նոր էր պալատ տեղափոխվել ու դեռ ծանր էր շնչում, բոլորովին այլ բան էր քրթմնջում.

-Էս հիվանդանոցի ծառայությունները փաթեթով են։ Երեկ վերակենդանացման բաժնում էի, կարող էի և պալատ չհասնել։ Բայց դա էլ չի փրկում։ Էստեղ ընկնողը պետք է փաթեթից օգտվի։

Չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Գուցե հետվիրահատական հուզմունք էր։ Բայց մարդն ամեն անգամ բուժքույրի հեռանալուց հետո համառորեն իրենն էր պնդում.

- Ամեն ինչ արված է, որ մարդիկ շատ ժամանակ ու նյարդեր չծախսեն։ Լավ են մտածել, հիվանդին էլ անհանգստանալու տեղ չեն թողել։ Վիրահատարանը կա, հիվանդասենյակը՝ լավագույն դեպքում, անատոմիկը՝ կպած, սգո սրահը՝ երկու քայլի վրա, իսկ վերջին կանգառդ՝ մայթի մյուս կողմում։

Անտարբերությունիցս ասես զայրանալով՝ մարդը խոժոռվեց ու խնդրեց ավելի լայն բաց անել պատուհանը։ Անձրևում էր։ Բացելուց հետո, շերտավարագույրն ուղղելիս անձևի երկու տաք կաթիլ, քամու ձեռքից դուրս պրծած, պոկվեցին, ընկան մատներիս ու բացվածքից ավելի շուտ թաց ասֆալտի հոտը ներս լցվեց, քան անձրևի հեռավոր թարմության։ Փողոցի լույսերը թրթռալով մեկը մյուսի հետևից սկսեցին վառվել։ Գորշ լուսավորության ներքո, թթենիների ու ծիրանենիների սաղարթների միջով տեսողությունս ճամփի մյուս կողմում որսաց թրջված ու պսպղուն գերեզմանաքարերը ու դրանցից մեկի վրա (որը հակառակ մնացած գերեզմանաքարերի՝ դեմքով դեպի պատուհանն էր նայում) փորագրված տիկնոջ կծկված ժպիտը։

Մի պահ թվացող երկար դադարից ու ոչնչի մասին լուռ մտքերիցս հետո զգացի, որ  հիվանդի շունչը կտրվում է։ Դուրս վազեցի հերթապահ բժշկին կանչելու։

Նման դեպքերում, երբ ոչ աղոթել ես կարողանում, ոչ մտածել կամ օգնել ու հույսդ  հիվանդին իրենց հսկողության տակ առած բժիշկներն են, դու պարզապես քայլում ես նեղլիկ ու երկար միջանցքով, հենվում ես իրարից միայն համարակալումով տարբերվող մեկ այս դռանը, մեկ մյուսին կամ փորձում ես շշուկներ որսալ, որպեսզի մտածելու ինչ-որ այլ, ավելի թեթև բան գտնես։ Ահա կողքովս անցնում են երեք հոգի. մեկը՝ անվասայլակին նստած թմբլիկ, գունատ աղջնակ, մյուս երկուսը՝ հավանաբար նրա կրտսեր քույրը և նրանց մայրը։ Փորձում եմ հասկանալ, թե ինչ են խոսում.

-Շա՞տ է ցավում,- հարցնում է ամենափոքրը։

Գլխի թեթևակի շարժմամբ քրոջ պատասխանը կռահելով՝ նա նորից հարցնում է.

-Իսկ մաման էդ ցավին կդիմանա՞ր։

…Հիվանդասենյակի դուռը բացվեց, շրջվեցի, բժիշկները ինչ-որ բան քննարկելով հանգիստ քայլեցին միջանցքի հակառակ ուղղությամբ։ Միայն այդ ակնթարթին զգացի, որ կրծքավանդակումս ինչ-որ պահի բանտարկցած օդը հանկարծ դուրս հորդալ է ուզում. արտաշնչեցի։

anahit baghshetsyan new

Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքը Գլենդելում

Հուլիսի 11-ին Գլենդելում տեղի ունեցավ հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկերքի արարողությունը: 2013 թվականից ի վեր հայ-ամերիկյան թանգարանի ծրագիրը մշակվում էր, որպեսզի հանձնվի հանրությանը, և օրեր առաջ Գլենդելի սրտում սկիզբ դրվեց թանգարանի շինարարությանը: Արարողության ժամանակ հնարավորություն ունեցա զրուցելու ծրագրի ոգեկոչմանը մասնակից դարձած ականավոր անդամների հետ, հայ-ամերիկյան թանգարանի ապագա պլաններին ավելի լավ ծանոթանալու համար: Զրուցեցի նաև Կալիֆոռնիայի կոնգրեսմեն Ադամ Շիֆֆի հետ` Կոնգրեսում հայկական համայնքի պաշտպանության գործընթացում հայ-ամերիկյան թանգարանի դերը պարզելու համար:

Առաջին հերթին խոսեցի հայ-ամերիկյան թանգարանի վարիչ-ատենապետի` Պերճ Կարապետյանի հետ:

Ինչպե՞ս է ծնվել թանգարանի գաղափարը:

Թանգարանի միտքը ծնվեց 2013 թվականին, երբ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ոգեկոչման ծրագիրն սկսվել էր: Կազմվել էր հանձնախումբ, որպեսզի փորձեինք 100-ամյակի առթիվ հնարավորինս նշանակալից և մնայուն ինֆորմացիա փոխանցել հաջորդ սերնդին: Որոշվեց կառուցել թանգարան, որտեղ երիտասարդությունը կարող է այցելել, սովորել իր պատմության մասին, և ինչու ոչ, իր հետ բերել արվեստի ու մշակույթի նորությունները:

Որո՞նք են թանգարանի հիմնական նպատակները: 

Այս թանգարանը 95 ամյա կյանք է ունենալու, որի ընթացքում ոգեկոչվելու են երեք հիմնական նպատակներ: Առաջին հերթին, թանգարանի օգնությամբ հայ երիտասարդությունը, որ պետք է ծնվի ու մեծանա Միացյալ Նահանգներում, կկարողանա ավելի մոտիկից հասկանալ և սիրել իր պատմությունն ու ազգությունը: Սա կնպաստի, որ այցելեն Հայաստան ու օգտակար լինեն Հայաստանին: Սփյուռքում շատ խոսում ենք հայապահպանման մասին, բայց հայապահպանումն առանց նորություններ ստեղծելու չի կարող լինել: Այս ծրագիրը մեծ դեր ունի այդ գործում: Հաջորդը` Միացյալ Նահանգներում բնակվող հայերը կարող են գալ այստեղ և միասին ստեղծել արվեստի նոր գործեր, առաջ տանելով հայ մշակույթը: Եվ վերջինը` ԱՄՆ-ի բնակիչները թե’ հայ, թե’ ճապոնացի, թե’ չինացի, կկարողանան համագործակցել, միասին աշխատել, որպեսզի չկրկնենք այն պատմությունը, որը ունեցանք Լիբանանում, Իրաքում և այլուր:

Ինչպե՞ս է այս նախագիծը լինելու կարևոր ու նշանակալից հայաստանաբնակ հայերի համար: 

Մենք հավատում ենք, որ նախագիծը Հայաստանում ապրող հայերի համար լինելու է կարևորագույններից մեկը, քանի որ մեր օրինակով մենք ցույց ենք տվել ինչպես են 10 հասարակական կազմակերպություններ միացել  ու միասին կարողացել ենք մեր շուրջը հավաքել հարյուրավոր ավելիներին, որպեսզի այսօրվա օրը ու միջոցառումը լինի հնարավոր: Մենք ունեցել ենք վատթարագույն 2020, ունեցել ենք համաճարակը, Լիբանանի պայթյունը, և իհարկե, պատերազմն ու հայկական տարածքների հանդեպ ագրեսիան Արցախի և Հայաստանի սահմանագծերին: Մենք ցույց ենք տալիս, որ մենք ևս մեկ անգամ ապրելու ենք, և շարունակելու ենք վերակառուցել ոչ միայն Հայաստանը, այլև կառուցելու ենք Հայաստանից հեռու` այստեղ` ԱՄՆ-ում:

Գլենդելի նախկին քաղաքպետ և ներկայումս Գլենդելի քաղապետարանի խորհրդի անդամ Վրեժ Աղաջանյանի հետ զրույցում քննարկեցինք Գլենդելի քաղաքապետարանի դերը ծրագրի իրագործման մեջ:

Ինչպիսի՞ փոփոխություններ են ակնկալվում այս միջոցառումից հետո և հայ-ամերիկյան թանգարանի հիմնադրման արդյունքում:

Գլենդելի քաղաքապետարանի խորհուրդը հատկացրել է այս տարածքը, որպեսզի հիմնադրվի թանգարանը, և ես ուրախ եմ, որ այդ անձանցից մեկը ես եմ եղել: Քաղաքապետարանն ու քաղաքապետարանի անդամներն առիթ ընծայեցին, որ այս աշխատանքը տեղի ունենա, որպեսզի մեր երիտասարդները կարողանան այցելել թանգարան, ծանոթանալ իրենց անցյալին, հայոց ցեղասպանության և մեր սովորությունների ու մշակույթի մասին ավելի լավատեղյակ լինել: Ուրախ եմ, որ այսօր բացման արարողությունն ենք կատարում:

Որո՞նք են Գլենդելի քաղաքապետարանի հետագա պլանները կապված այս ծրագրի հետ, և ինչքա՞ն կոնկրետ ու շոշափելի են դրանք: 

Գլենդելի քաղաքապետարանը հատկացրել է միլիոնավոր դոլարներ հիմնադրման, ինչպես նաև թանգարանի տարածքի համար: Հիմա կյանքի է կոչվել հանձնախումբ, որը պետք է հետագա աշխատանքները կատարի: Ծրագրի զարգացման հետ մեկտեղ սպասում ենք ուրիշ առիթների, որպեսզի կարողանանք օգտակար լինել Հայ-Ամերիկյան թանգարանին:

Հայ-Ամերիկյան թանգարանի ճարտարապետ Արամ Ալաջաջյանի հետ խոսեցինք կառույցի ճարտարապետական լուծումների մասին:

Ի՞նչն է հանդիսացել ոգեշնչման աղբյուր թանգարանի ճարտարապետական լուծումների համար: 

Գլխավոր ոգեշնչումը հայկական լեռնաշխարհն է: Սարերը հիշեցնող ճարտարապետական լուծումները բխում են Գառնիից, Արևմտյան Հայաստանից և առհասարակ, հայկական բնաշխարհից: Նման լուծումները կազմում են փոքր ֆրագմենտներ, բայց թանգարանի ամբողջական տեսքը այդ բոլոր ֆրագմենտների համակցումն է: Բոլոր փոքր էլեմենտները միասին կազմում են մի մեծ քար, որը խորհրդանշում է միասնականությունը:

Ի՞նչ ուղերձ եք ցանկացել փոխանցել թանգարանի այցելուներին ճարտարապետության միջոցով: 

Սա սիմվոլիզմով լցված ուղերձ է: Չեմ կարող շատ դետալներ ներկայացնել հիմա, բայց էլեմենտները, որոնք արտացոլում են հայկական ճարտարապետությունը ու պատմությունը, շատ են: Լինելու են Մասիս սարը հիշեցնող տարրեր, սփյուռքին նվիրված շատրվան, լինելու է նաև պատ, որը ամբողջովին զարդարված է առաջին մշակութային գյուտով` հայոց այբուբենով: Եվ կառույցն ինքնին հիշեցնում է կենտրոնագմբեթ եկեղեցիների նախատիպը, որտեղ լույսը միշտ ներթափանցում է վերևից: Դրանց վերլուծությունն ու բացահայտումը լիովին թողել եմ այցելուներին:

Վերջում զրուցեցի Կալիֆոռնիայի կոնգրեսմեն Ադամ Շիֆի հետ` հայ-ամերիկյան թանգարանի հիմնադրման կարևորությունը միջազգային թատերաբեմում վերլուծելու համար:

Ինչպե՞ս է հայ-ամերիկյան թանգարանը ձեզ աջակցելու հայ համայնքի համար պայքարելու գործում: 

Սա լինելու է նպատակակետ ամբողջ աշխարհի համար: Երբ ես հերթական անգամ քաջալերեմ իմ ընտրազանգվածին և երկրի բնակիչներին` ուսումնասիրել հայոց պատմություն, սա այն վայրն է, որը ես մատնացույց եմ անելու: Անհամբեր սպասում եմ, երբ եմ այստեղ  հրավիրելու ինձ այցելող պաշտոնյաներին, ինչպես նաև Կոնգրեսի իմ գործընկերներին:

Հայոց պատմության նման ֆիզիկական ապացույցը  հանդիսանալու՞ է գործիք, որպեսզի կարողանաք հայ համայնքի դիրքորոշումը ավելի ամուր ու բացահայտ ներկայացնել Կոնգրեսում:  

Հայոց պատմությունը հանրությանը ներկայացնելը օգնում է ինձ կատարել իմ գործառույթը Կոնգրեսում` հիշեցնել ցեղասպանությունը, վերջ դնել ադրբեջանական ու թուրքական ոտնձգություններին:

Այո, Հայ-Ամերիկյան թանգարանը անպայմանորեն օգտակար է լինելու իմ հետագա աշխատանքներում:

Tamara Avagyan new

Անվճար կրթության հնարավորություն, որը կարող է փոխել բազմաթիվ ճակատագրեր

44-օրյա պատերազմից հետո «CyberGate» ընկերությունը փոխեց իր գործունեության ոլորտը։ Կիբերանվտանգության դասընթացների կազմակերպմանը փոխարինեց պատերազմական գործողություններից տուժած անձանց անվճար կրթությամբ ապահովելու ծրագիրը։

«CyberGate» -ը հասցեագրում է կոնֆլիկտից վնասներ կրած մարդկանց՝ մասնավորապես պատերազմական գոտուց տեղահանված  և սոցիալապես անապահով ընտանիքներին։

«CyberGate» խումբը ստեղծվել է 2020թ․ սկզբին։ Պատերազմական գործողություններից հետո խմբի անդամներից Արամ Հայրյանը, ով մասնակցել է մարտական գործողություններին, և ում ընտանիքը տեղահանվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանից, առաջարկեց փոքր-ինչ փոխել  խմբի գործունեության հունն ու կազմակերպել դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ինչպես պատերազմից  վնասներ կրած և մարտական գործողությունների հետևանքով տեղահանված, այնպես էլ սոցիալական տարատեսակ խնդիրներ ունեցող ՀՀ և Արցախից ՀՀ տեղափոխված քաղաքացիներին ձեռք բերել ՏՏ ոլորտի  բարձր պահանջարկ ունեցող մասնագիտություններ և հետևաբար, կենսական պայմանները բարելավելու հնարավորություն։

Ծրագրի իրականացման հեռանկարների և ապագա նախագծերի մասին զրուցեցինք ծրագրի համահիմնադիր ու գաղափարի հեղինակ Արամ  Հայրյանի հետ։

  • Գիտակցելով թե որքան մեծ նշանակություն ունի կրթությունը, զարգացած սերունդ և անվտանգ երկիր ունենանալու համար, մեր ծրագիրը նպատակաուղղված է անվճար կրթությամբ ապահովել պատերազմի պատճառով վնասներ կրած և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։

Այդպիսի  ընտանիքները այժմ ունեն բազմաթիվ առաջնային խնդիրներ՝ կացարանային, սննդի և այլն։  Ակնհայտ է, որ նրանցից շատերը պարզապես միջոցներ չունեն իրենց երեխաներին կրթությամբ ապահովելու, և այս ծրագիրը հիանալի հնարավորություն է ընձեռում անվճար կրթություն ստանալ և ունենալ  մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն,- նշեց Արամ  Հայրյանը։

Կրթական ծրագրի առանձնահատկությունները ընդգծելով, Արամ Հայրյանը հավելեց, որ  «CyberGate»-ի դասընթացները համապատասխանեցված են միջազգային համբավ ունեցող ոլորտի լավագույն կրթական հաստատությունների նյութերին և դասավանդման մեթոդներին, և ներկայումս կազմակերպությունը ՀՀ-ում միակն է, որը կարող է միջազգային ինստիտուտներին համարժեք որակ ապահովել։

  • Մեր գաղափարը միտված է հասարակության կրթական մակարդակի բարձրացմանը , ուստի ակնկալում  ենք, որ կնպաստենք ավելի բարձր արժեհամակարգ ունեցող հասարակության ձևավորմանը։

Ծրագիրը հասանելի կլինի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ համայնքներում։ Համայնքների բնակիչների համար դասընթացները առայժմ կկազմակերպվեն հեռավար հիմունքներով, սակայն մոտ ապագայում կազմակերպության անդամները նպատակ ունեն կրթական հաստատություններ հիմնել  նաև համայնքային բնակավայրերում։

  • «CyberGate» ընկերության դասընթացները անց են կացվելու բացառապես հայերեն լեզվով, չեն պահանջելու նախնական գիտելիքներ, ինչով ապահովելու են կիբերանվտագության ոլորտում կրթության առավելագույն հասանելություն այդ թվում անգլերենի, կամ, օրինակ՝ մաթեմատիկայի թույլ  իմացությամբ մարդկանց համար։ Դասընթացների ավարտին տրամադրվելու են վկայականներ և քայլեր կձեռնարկվեն լավագույն ուսանողներին աշխատանքով ապահովելու համար,- տեղեկացնում  է Արամ Հայրյանը։

Դիմորդները կազմակերպության  հետ  կարող են կապ հաստատել հետևյալ  ֆեյսբուքյան էջի միջոցով https://m.facebook.com/CyberGateSchool/ կամ զանգահարել 055-11-15-94 հեռախոսահամարին։

«Հունիսի 14»․ Գրախոսությունների մրցույթ «Բռնության մշակույթը Հայաստանում» հետազոտական գրքի վերաբերյալ

Հունիսի 14-ը Խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակի օրն է։

Այդ առիթով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) 2020 թվականի մայիսին հայտարարել էր ստեղծագործական-խորհրդանշական մրցույթ: Բռնադատվածների հիշատակի օրվան նվիրված մրցույթն ամփոփելիս ԵՀՀ-ն պատրաստակամություն էր հայտնել իր ունեցած հնարավորությունների սահմանում շարունակել ապահովել բռնաճնշումների խնդրին հասարակական ուշադրությունը և հետագա տասնամյակների Հայաստանի պատմության վրա դրանց ազդեցության վերլուծությունը:

«Հունիսի 14» անունը կրող մրցույթի առանցքում մարդն է, խորհրդային ժամանակներում հալածանքի, աքսորի ու բռնաճնշումների երևույթները և պատմությունը, այդ համատեքստում դրանք դիտարկելը, մեկնաբանելն ու վերլուծելը։

2020 թվականի մայիսին հայտարարված մրցույթում ամփոփված էին մասնակիցների և տուժածների անձնական և ընտանեկան  հուշերը, պատմություններն ու ապրումները, որոնցից բոլորը առերեսվել էին բռնությանը։ Պատմության այս ժամանակաշրջանն ուսումնասիրելու և անձնական պատումների օգնությամբ այն ընդգրկուն ներկայացնելու փորձն ավելի հաջող կլինի, եթե ուսումնասիրվեն բռնության հիմքերը այս պատմական ժամանակաշրջանում, նաև նախքան այն և դրանից հետո։

Շարունակելով այս թեման, ԵՀՀ-ն կազմակերպեց հայաստանյան իրականության մեջ բռնության հիմքերի ուսումնասիրություն՝ կենտրոնանալով քրեական մշակույթի հիմքերի, ինչպես նաև բռնության դրսևորումների վրա՝ դպրոցում, բանակում և ընտանիքում: 2021 թվականի մարտին հրատարակվեց «Բռնության մշակույթը Հայաստանում» հետզոտությունների ժողովածուն:

Սույնով ԵՀՀ-ն հայտարարում է 2021 թվականի՝ բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» մրցույթի թեման. գրախոսությունների մրցույթ՝ «Բռնության մշակույթը Հայաստանում» գրքի վերաբերյալ։

Մրցույթի պահանջները.

  • մրցույթին կարող են դիմել երիտասարդներ (ավագ դպրոցի սովորողներ, ուսանողներ, երիտասարդ գիտնականներ).
  • մրցույթի մասնակիցները պետք է գրախոսեն «Բռնության մշակույթը Հայաստանում» գիրքը կամ հետազոտությունների գրքից ընտրեն մեկ հետազոտություն (ներառյալ առաջաբանը և վերջին երկխոսությունը) և իրենց գրախոսությունը ներկայացնեն ընտրված հետազոտության շուրջ.
  • գրախոսությունները պիտի լինեն հայերեն, գրագետ գրված տեքստեր (առավելագույնը 10 էջ, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 11, էջերը՝ համարակալված).
  • գրախոսությունները պիտի ներկայացվեն միայն հեղինակների կողմից.
  • բոլոր ներկայացված գրախոսությունները պիտի ունենան հետագայում ազատ հրապարակման իրավունք.
  • գրախոսությունների կառուցվածքի ձևաչափ չկա, սակայն խորհուրդ է տրվում մտածված կառուցել գրախոսությունները.

Մրցանակներ

Նախատեսվում է երեք դրամային խորհրդանշական մրցանակ.

  • առաջին տեղ. 150.000 դրամ,
  • երկրորդ տեղ. 100.000 դրամ,
  • երրորդ տեղ. 50.000 դրամ:

Կլինեն խրախուսական այլ մրցանակներ նույնպես։ Բոլոր մրցանակակիրները կստանան ԵՀՀ հավաստագրեր:

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք նամակ գրել Նանե Պասկևիչյանին npaskevichyan@epfound.am էլեկտրոնային հասցեով, վերնագրի տուփիկում գրելով. «հունիսի 14, 2021_բռնության գիրք», և նրա հետ կապվելով ստանալ գիրքը:

Գիրքը ունենալուց և հետազոտությունն ընտրելուց հետո, ձեր կողմից պատրաստված նյութը որպես կցորդ ուղարկեք Նանե Պասկևիչյանին՝ npaskevichyan@epfound.am էլեկտրոնային հասցեով, վերնագրի տուփիկում այս անգամ գրելով. «հունիսի 14, 2021_գրախոսություն-Անուն Ազգանուն»։

Նամակում գրեք ձեր կողմից ընտրված հետազոտության թեման, կարճ տեղեկատվություն հեղինակի՝ ձեր մասին, նաև՝ հետադարձ կապի միջոց՝ էլեկտրոնային հասցե, հեռախոս, եթե ցանկանաք՝ հավելյալ կապի միջոցներ:

Մրցույթին կարող են դիմել ցանկացած երկրի քաղաքացիություն ունեցող անձինք։ Մրցույթի վերջնաժամկետն է՝ օգոստոսի 15, 2021 ժամը 18:00:

Լավագույն գրախոսությունները կհրապարակվեն ԵՀՀ կայքում։ Հեղինակները հնարավորություն կունենան դրանք տարածել, ինչն էլ լայն քննարկումների առիթ կդառնա։

Ստացված նյութերը կգնահատվեն անկախ հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա.

  • Գրախոսության ինքնուրույնությունը և ձևավորումը՝ ըստ ակադեմիական ստանդարտների.
  • Համապատասխանությունը թեմային.
  • Գրախոսության նշանակալիությունը գիրքը կամ հետազոտությունը (նրա որևէ խնդիրը, մասը) լուսաբանելու առումով.
  • Գրախոսության բովանդակության անսպասելիությունը, նորարարական մոտեցումները.
  • Լեզուն և ոճը, էրուդիցիան (գեղարվեստական կամ մասնագիտական):

Մրցույթը կամփոփվի 2021 թ. օգոստոսի վերջում, հաղթողներրը կազդարարվեն մինչև սեպտեմբերի 15-ը։ Մրցանակները կհանձնվեն հանդիսավոր արարողության ժամանակ:

Հարցերի և խորհուրդների համար կարող եք զանգահարել (+37477) 06․04.89 կամ գրել Նանե Պասկևիչյանին. npaskevichyan@epfound.am

eva harutyunyan 2

Շարունակելին

Ժպտասեր արևը շռայլորեն ջերմություն էր փոխանցում, լուսինը զարդարում էր գիշերային թագավորության անթերի խավարը, անձրևն իր շաղակրատող կաթիլներով հանդարտ քայլում էր մեզ հետ, քամին թափահարում էր մեր հույզերն ու գլխապտույտ պարի հրավիրում, օդը շնչելու հնարավորություն էր տալիս, մարդիկ էլ անթիվ  իրարամերժ, փոխադարձ ու անփոխադարձ զգացմունքներ ունեին։ Կյանք կար մի ժամանակ։

Կյանքը հիմա հավատարմորեն շարունակում է իր անկանգ ընթացքը  ժամանակի մեջ, ապրում է, զգում է, գործում է, իսկ մենք․․․ Մենք հանկարծակի դուրս մնացինք նրա սահմաններից ու մինչ օրս փորձ ենք անում վերականգնել մեր տեղը, բայց չի ստացվում։ Կռիվը կյանքից ուժեղ գտնվեց։

2020-ի սեպտեմբերի 27․ հերթական աշունը անդարձ ու եսասիրաբար կիսում է շունչը ամենաանհավասար մասերի։ Ու մի պահ ուզում ես փակել իրականության արյունոտ աչքերը, կողպված մնալ քո իսկ ստեղծած միանձնյա կառավարվող աշխարհում, փակել նրա ճերմակ պատուհանները, որ ուրիշի աղտոտված գոյության որևէ մասնիկ ներս չթափանցի, որ անցանկալի ճշմարտության ձայնը լսելի չլինի քեզ համար, որ չնայես այն աչքերին, որոնք դեռ ԿՅԱՆՔ պիտի տեսնեին, բայց չտեսան։ Մեղքի զգացում, անբացատրելի զգացում կա, որ ուրվականի պես հետապնդում է անընդհատ։

«Գիտե՞ս, որ Արցախում կռիվ է սկսել։ Քեզ զանգե՞լ է, որտե՞ ղ են հիմա, ինչպե՞ս են։ Ասում են՝ այս անգամ վիճակը շատ լուրջ է։ Արդեն զորահավաք են հայտարարել։ Տանում են, բոլորին տանում են։ Ի՞նչ է լինելու»։

Մղձավանջի հիմնական մասը 44 օր է տևում, բայց միևույնն է, այն չի ավարտվում։  «Մի քանի ամսից պիտի ավարտեր ծառայությունը։ Խոստացել էր, որ կգա, բայց․․. Ընկերոջ կյանքը փրկելիս զոհվեց։ Որոշել էին, որ ծառայությունից հետո ամուսնանան։ Ինչպե՞ս պիտի ապրենք առանց մեր միակի։ Ոչ ոք չի կարող փոխարինել նրան։ Զինադադարից ընդամենը մի քանի ժամ առաջ զոհվեց։ Շատ պլաններ ուներ ծառայությունից հետո։ Շատ էր սիրում երգել։ Ուզում էր արտերկրում սովորել։ Արվեստով էր ապրում»։

Տարավ, տարավ առանց սպասելու, առանց հարցնելու, առանց հրաժեշտի, ուղղակի տարավ։ Մի վերջին անգամ չլսեցինք նրանց ձայնը, չգրկեցինք ամուր, չտեսանք իրար։ Մենք կյանքի դեմ ԱՆԿՅԱՆՔ մնացինք։

Աննպատակ թափառող ենք դարձել։ Թափառում ենք անգին հիշողությունների անվերջ շղթայում, թափառում ենք բազում հարցերի անպատասխան խավարում, ուզում ենք ելք գտնել անլուծելի գաղտնիքների անվերջ թվացող լաբիրինթոսից, խեղդվում ենք անշունչ նկարներից մեզ նայող ամենաանկեղծ հայացքից, կծկվում ենք ամեն վայրկյան հոգին կրծող ուժգին ցավից, գոռում ենք դառն արցունքների կույտի միջից, ջանք ենք թափում վերջին անգամ գոյատևելու հնար գտնել,  փախչում ենք մեզ պատած անխուսափելի իրականությունից։

Մեզ շատ բան չմնաց՝ կորցրած հայրենիք, ոտնակոխ արած հպարտություն, զոհեր, գերիներ, անհայտ կորածներ, վիրավորներ, բազում եռաբլուրներ, ցավ ու տառապանք, անասելի կարոտ ու անչափելի ափսոսանք։

Ինչո՞վ, ինչպե՞ս կամ ինչու՞ է պետք ապրել։ ԱՊՐԵԼ է պետք, որովհետև նրանք մեզ թողեցին ամենաթանկը՝ ԿՅԱՆՔԸ՝ նախընտրելով երկինք բարձրանալ հանուն մեզ։  Իմաստավորված ու արժանի կյանքով է պետք ապրել՝ նրանց հիշատակը հավերժ մեր սրտում պահելով։  Ապրել է պետք, որովհետև մեր կողքին հիմա ապրում են հերոսները՝ հենց մեր աչքերին նայելով։

Անշուշտ, ավելի հեշտ է ինչ-որ բառեր շարել կողք կողքի, քան իրականում գործել, բայց հաճախ անելիքների իրականացումը հենց մեր մտքերից, պատկերացումներից, ցանկություններից ու խոսքերից է սկսում։ Ցավն ու կարոտը  անգործությամբ, անվերջ լացով կամ անտարբերությամբ հնարավոր չէ ծածկել, դա ոչինչ չի վերադարձնելու, ընդհակառակը վերջնականապես խլելու է այն, ինչ դեռ մնացել է։ Դժվար է վերականգնվելը, կրկին արևով ժպտալը, լուսնով ու աստղերով հիանալը, անձրևով ու քամով խելագարվելը, զգալու ունակությունը վերադարձնելը, մեր անդեմ էության ու գոյության համար իմաստ ու արդարացում գտնելը, բայց նաև ծանր է գորշ դատարկության պատերը ողջ ուժով անվերջ ճանկռելը, ամենօրյա ռեժիմով մեր ուղեղը անպատասխան հարցերով լցնելը, մռայլությամբ պատած անդունդի խորքում այդքան ցանկալի հանգստություն փնտրելը։

Սիրտն այժմ ոչ թե ժպտում, այլ ակնդետ զննում է, հոգին ոչ թե զգում, այլ  անշունչ քարանում է, հայացքը ոչ թե ցույց է տալիս, այլ հնարավորինս թաքցնում է, աչքերը ոչ թե խոսում, այլ խորհրդավոր լռում են։

Մահը կյանքի հոմանիշն է դարձել, կորցնելը՝ հանդուրժելի օրինաչափություն։ Տեսնես մենք երբևէ կհասկանա՞նք  կյանքի՝ երբեմն անհամաչափ գործողությունների ու արարքների հաջորդականության, նրա մատուցած անակնկալների իրական իմաստը։

ժպտասեր արևը շռայլորեն ջերմություն է փոխանցում, լուսինը զարդարում է գիշերային թագավորության անթերի խավարը, անձրևն իր շաղակրատող կաթիլներով հանդարտ քայլում է մեզ հետ, քամին թափահարում է մեր հույզերն ու գլխապտույտ պարի հրավիրում, օդը շնչելու հնարավորություն է տալիս, մարդիկ էլ անթիվ  իրարամերժ, փոխադարձ ու անփոխադարձ զգացմունքներ ունեն։ Կյանք կա հենց հիմա։

seyran soghoyan

Ամեն ինչ լավ է լինելու

Հոգ տար քո մասին:

Առջևում դու ունես այնպիսի հնարավորություններ, որոնց մասին դու անգամ  մտածել չես կարող։ Քեզ սպասում է մեծ երջանկություն, դու անպայման կհասնես նրան, ինչի մասին երազում ես։ Քո վերքերը կսպիանան, ժպիտդ ավելի վառ կլինի, քո կողքին կհայտնվեն լավ մարդիկ, դու կստանաս կրթություն, կգտնես աշխատանք՝ տալով քեզ միայն հաճույք։

Մի կոտրիր քեզ: Չի կարելի ձեռքերը թուլացնել, պայքարիր ու հասիր քո նպատակին` փոքր քայլերով։ Լսիր քո սեփական ձայնին. դու ուզում ես, ուրեմն դու կարող ես։ Ես քեզ հավատում եմ, դու էլ քեզ հավատա։ Մի նստիր տեղդ, զարգացիր։ Կատարելագործվիր ու դարձիր լավը։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի և ցույց կտա իրական էությունը յուրաքանչյուր մարդու։ Քոնը կլինի լավագույններից մեկը, որովհետև դու կարողացար հաղթել քեզ։ Չգիտեմ՝ արդյոք կլինի՞ դա, կիրագործվի՞  իրական կյանքում, բայց դու փորձիր հավատալ, որ ոչ մի անհնարին բան չկա։ Շատերը սկսել են զրոյից, ու նայիր որտեղ են նրանք հասել։ Իսկ ի՞նչն է խանգարում քեզ։ Խորը շունչ քաշիր ու նայիր առաջ, քեզ սպասում է նոր օր, և դրա հետ նոր հնարավորություններ։

Ամեն ինչ կլինի, ոչինչ, որ ոչ առաջին փորձից։

Ահա թե ինչ եմ ինքս ինձ ասում ամեն օր։

Աստվածն առաջ, ամեն բան լավ է լինելու։

Lilit Andriasyan

ՔԵԶ…

Քեզ, որ հանդիպել էիր քո կյանքի հազարերորդ կնոջը, որ նման էլ չէր կնոջ, այլ ինչ֊որ անհասկանալի, անմեկնելի էակի, ում հետ, առաջին պահին,  մի բուռն գիշեր ունենալու ցանկություն պիտի որ ունեցած լինեիր միայն, եկել եմ ասելու, որ մենք, ի վերջո, ամենաթանկը գտնում ենք անսպասելի, հիմար մի վայրկյանի։ Քիմիայի թեզի հետևորդները կասեին, որ այդ պահին երկու մարմինների միջև սկսվում է սիրո քիմիան, անհասկանալի տարրերի բարդ միացություն, ավելի ռոմանտիկները այդ հանկարծակի միացումը կվերագրեին Պոսեյդոնի ամենատես աչքին, ավելի հավատավորները՝ երկնային վարձատրության։ Ինչ էլ որ լինի, եկել եմ քեզ ասելու, որ ես հավատում եմ սիրո մասին աշխարհի բոլոր թեզերին, երբ խոսքը մեր մասին է։ Սովորական ես ու դու-ի անցումը մենք-ի, հավանաբար, պիտի որ երկնային ինչ-որ ուժի ձեռքով արված լինի, իսկ ավելի թաքուն պահերին պիտի գործի սիրո քիմիան։

Քեզ, որ երբևէ չես հավատացել նման ցնդաբանություններին, եկել եմ ասելու, որ կինը գեղեցիկ տարիք չունի. կանայք ամենագեղեցիկն են, երբ երջանիկ են։ Գեղեցիկ է ամեն բան, ինչը քոնն է, իսկ եթե գտել ես քոնը, պիտի թույլ չտաս քեզնից խլել։ Մանկությունից սկսած մենք մեր ամենասիրելի բաները պահում ենք ատամներով, դողում ենք նրանց վրա, սարսափում ենք կորցնելու մտքից։ Ու եթե մանուկ ժամանակ անհամեմատ հեշտ է բաժանվել  սիրած խաղալիքներից, սիրած մարդկանցից բաժանվելն անմտություն է հասուն տարիքում։ Մի սպասիր ծանրակշիռ բառեր մի կնոջից, ով երջանիկ է. կանայք այնքա՜ն հիմար են, երբ երջանիկ են, ու եթե քեզ հաջողվել է երջանկացնել նրանցից մեկին, պիտի գոհունակություն ապրես, երբ նա, երբեմն, իրեն հիմար երեխայի պես է պահում։

Դու, որ երբեմն կորցնում ես քեզ ու սերը իր տեղը զիջում է փառասիրությանը, հիշիր, որ աշխարհի շարժիչ ուժը մեր սկզբունքները չեն։ Դրանք կարող են փոփոխվել բոլոր ժամանակներում, այսօրվա կործանարար սկզբունքները վաղվա համար ծիծաղի նյութ են միայն։ Մարդկության պատմության սկզբնավորումից մինչև օրս դրանք միլիարդներով փոխվել են, իսկ սիրելու ձևը մնացել է նույնը։ Ուրեմն, կարիք չկա կյանքի շարժիչ ուժը փոխել։

Դա հրաշալի բան է՝ պատասխանատու լինել ևս մի կյանքի համար և դա անել ոչ թե պարտադրված, այլ հաճույքով։ Մարդը իր ողջ կյանքի ընթացքում կարիք ունի ոչ այնքան սիրված, որքան հասկացված լինելու։ Կինը, ով հասկացված է, կարող է ոչնչությունից սարքել տղամարդ, պատկերացրու, ինչ կարող է անել նա տղամարդուն, ումից ոչ միայն հասկացված է, այլ սիրված։ Եթե ուզում ես ինչ-որ լավ բան անել նրա համար, սիրիր։ Եթե ուզում ես ամենաերջանիկը դարձնել, սիրիր։ Ու եթե ցանկանում ես երջանիկ լինել, թույլ տուր, որ սիրի քեզ։ Իսկական կինն ամեն ինչի ընդունակ է, երբ սիրում է։ Նա կարող է հազար անգամ անցնել դժոխքի միջով ու քեզ համար դուրս գալ վերածնված։ Ի վերջո, կինն է տղամարդուն հանել դրախտից, ու միայն նա կարող է նրան վերադարձնել այնտեղ։ Թույլ տուր, որ քեզ նորից դրախտ տանի։

Երբ ժամանակավոր կրքերն ու մոլուցքները զբաղեցնում են ուղեղդ, հիշիր, որ ժամանակը անողոք է։ Նա չի ներում, երբ իրեն վատնում են, ու նույնչափ անողոք է կյանքը, երբ իր ընծաները չես վերցնում։ Նա լավագույն ուսուցիչն է. քեզ համար հազարավոր թակարդներ է լարում, հազար ձևով փորձում է քեզ, քեզ տալիս է պատեպատ, երբ ըմբոստանում ես։ Նա այնքան է խաղում քեզ հետ, մինչև քամում է քեզ ու թողնում այն, ինչ կաս։ Ու սարսափելի բան է, երբ դրա վերջում առերեսվում ես զղջման հետ։

Քեզ, որ հանդիպել ես քո կյանքի հազարերորդ կնոջը, եկել եմ ասելու, որ մենք միշտ ներում ենք նրան, ում սիրում ենք։ Այդպես ներում են մայրերն իրենց զավակներին,  այդպես վերևից ներում են մեղավորներին։ Երբ կանգնած ես ներելու ու չներելու առաջ, պիտի հիշես, թե որքան է քեզ ներվել վերևում։ Կանայք ամեն ինչ ներում են, բայց ուշ են սպիանում։ Մեկ ճիշտ չընտրված բառով դու կարող ես թռիչքի պահին կտրել նրա թևերը։ Միևնույնն է, նա էլի վեր է բարձրանալու, բայց մի՞թե այլևս ընդունակ կլինի քեզ ազատորեն սիրել։ Զգույշ եղիր այն ամենի հետ, ինչ սիրում ես։

Ամեն անգամ, երբ կկարծես, որ ես քեզ ավելի քիչ եմ սիրում կամ կարող եմ մարդկանց հոտի մեջ գտնել մեկ ուրիշը, կարդա սա, ու մի անգամ էլ մտածիր։ Եթե չեմ սիրում, ինչո՞ւ են քեզնից հեռու ապրած վայրկյանները թվում դարեր, ու ինչու է սարսափելի տխուր, երբ կողքիս չես։ Ինչո՞ւ եմ մեռած տեղից վերակենդանանում քո համբույրից ու ինչո՞ւ եմ թույլ տալիս, որ բովանդակ մարդկության միջից հենց դու ինձ սիրես։

Ես քեզ հեքիաթներ կպատմեմ այն դևերի մասին, ովքեր բարի են դառնում, երբ սիրում են, իսկ դու փաթաթվիր ինձ, երբ անուժ եմ։ Թույլ տուր քեզ սիրել կնոջ, ընկերոջ, քրոջ ու սիրուհու նման։ Իմ աղջկական մաքուր երազներն ու կանացի ֆանտազիաները քոնն են։

Իսկ ես ավելի լավը կդառնամ, երբ սիրես ինձ…

Մեր գյուղի մեծերը. Պապս

Պապս է… Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից: Երկար-բարակ բառերից, ճառերից հեռու, աշխատող, արարող ու ուժեղ  Սարո պապս։ Ինքը ամենից  լավ գիտի «քարից հաց քամել» արտահայտության իմաստը, լավ գիտի  կյանքի դառնությունների միջով անցնելու ու չծնկելու բանաձևը, լավ գիտի  ցավը ու ազնվությունը, ու այն, ինչ ինքը լավ գիտի, հասկանալը հեշտ չէ…

Միասին հաճախ ենք գնում գյուղի վերևի դաշտերը, ինքը`  խոտ քաղելու, ես էլ կողքից հարցեր տալու, խոսելու, լուսանկարելու, խեղճ պապիս զահլեն տանելու համար։  Ու երբ գերանդին ցած է դնում՝ տատիս մեզ  հետ դրած հացն ու պանիրը անուշ անելու, խնդրում եմ`  իր ու տատիս սիրո պատմությունը պատմի, որը պատրաստ եմ հարյուր անգամ լսել (ընտիր պատմության է, բայց չեմ գրի, որ հետո թողնի էլի իրեն լուսանկարեմ ու էլի հարցեր տամ)։

Օրվա վերջում պապ ու թոռ գյուղի փոշոտ ճանապարհներով հետ ենք գալիս տուն, ինքը` հոգնած, ես` առույգ, հոգումս բոլոր երևակայական  պատկերները, ուրախ ու տխուր դեպքերն ամբարած։ Հետ ենք գալիս տուն, որտեղ տատս հաստատ մի համով բան է եփել ու մեզ է սպասում…

Ամառը դեռ շարունակվում է, ես էլ գյուղում եմ ու սպասում եմ, թե երբ պապս ու ես  էլի դաշտ կգնանք:

Հ.Գ. Եթե պապիս ճանաչում եք, մի քանի բառով էլ դուք իրեն նկարագրեք: