Զրուցակիցս գրող, բլոգեր, լրագրող Սյունե Սևադան է:
-Վաղո՞ւց եք ստեղծագործում:
-Պաշտոնապես՝ վեց տարի: Փորձեր վաղուց եմ արել՝ յոթ-ութ տարեկանից սկսած:
-Ո՞րն է եղել Ձեր առաջին ստեղծագործությունը:
-Եթե էլի պաշտոնապես, բլոգիս առաջին գրառումը եղել է «Ավել» վերնագրով, որտեղ ես տունը սրբող ավելի մտքերն էի գրել, փոքրիկ գրառում էր: Բայց իմ մեջ շատ տպավորվել է փոքր տարիքում գրած իմ հեքիաթը մի նապաստակի մասին, որի անունը Ձյունիկ էր:
-Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ ստեղծագործելիս:
-Ես չունեմ ոգեշնչում: Որևէ պահի ինչ-որ բան կարող է մեծ ազդեցություն թողնել վրաս, բայց դա ոգեշնչում չէ: Մեկի ձեռքը, մյուսի բառախաղը, երրորդի թարթիչները, հաջորդի թարթիչները, մեկ ուրիշի կոշիկները: Դետալներ, որոնք ուղղակի ինձ դուր կգան: Սրանք ուղղակի վառ կետեր են դառնում պատմվածքներիս մեջ, բայց ես կարիք չունեմ գլոբալ ոգեշնչումների, որովհետև գրելը ևս աշխատանք է՝ տեխնիկական առումով: Իսկ ասելիքը սպառվել չի կարող: Կարծում եմ՝ ինձ մոտ նման խնդիր չի լինում, ես միշտ գրելու բան գտնում եմ: Գուցե չլինի լավագույն գրածը, թույլ ստացվի, հետո ջնջեմ, բայց հնարավոր չէ նստել բլոկնոտի կամ համակարգչի առաջ ու ոչինչ չգրել: Առհասարակ կարծում եմ, որ քո սիրելի գործերը պիտի հասցնես այն մակարդակի, որ ոգեշնչումներից կախված չլինեն: Պիտի կառավարես նրանց, որքանով հնարավոր է:
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց լրագրողի մասնագիտությունը:
-Ժառանգական է: Մայրս, մորաքույրս լրագրողներ են եղել, հայրս՝ օպերատոր, երեք տարեկանից խմբագրությունների պատերի տակ եմ մեծացել, յոթից՝ հաղորդումներ եմ վարել: Հինգ տարեկանից վարել եմ նաև այն համերգները, որտեղ ինքս երգել եմ, բայց երգչուհի դառնալու ճանապարհով չգնացի՝ չնայած ուղիղ տասը տարի բավականին պրոֆեսիոնալ երգել եմ: Ձայնիս լայն դիապազոնը կորցրի, «զոռը» տվեցի գրելուն: Ժուռնալիստիկան ինձ հարազատ մասնագիտություն է, ինձ լավ եմ զգում աշխատանքիս մեջ: Հենց դրա համար էլ ընտրել եմ:
-Իսկ ի՞նչ է գրելը Ձեզ համար:
-Երևի պաթետիկ մի բան պիտի ասեմ, ինչպես, օրինակ, գրելն իմ կյանքն է, գրում եմ, որովհետև չեմ կարողանում չգրել: Չէ, գրելն ուղղակի մտքերիս մարմնացումն է՝ թղթերի վրա կամ համակարգչում: Ինձ համար շատ կարևոր ու ինձ իսկապես երջանկացնող գործողություն:
-Հաճա՞խ եք վերընթերցում Ձեր գրածները:
-Շատ քիչ եմ կարդում սեփական գրածներս, դրանք մեծամասամբ չեմ հավանում: Ուղղակի, երբ դրանք հրապարակվում են, այլևս իրավունք չունեմ որևէ բան փոխելու, քանի որ գրվածքներս դադարում են ինձ պատկանել, ընթերցողը դրանց մեջ իր պատկերացումներն է դնում: Դրա համար սեղմում եմ ատամներս ու ձեռքով ճակատիս խփում՝ «էս ինչ էշություն եմ գրել» վանկարկելով: Ասում եմ, բայց շարունակում եմ գրել, որովհետև շատ սիրելի «էշություն» են պատմվածքներս, չափազանց շատ: «Էշությունները» ևս սիրվելու կարիք ունեն, այդ ծանր գործն ինձ վրա եմ վերցրել:
-Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը, որ հաճախ եք ընթերցում:
-Հիմա ինչ-որ փոփոխական վիճակում եմ: Մեկ ամիս առաջ կասեի, որ ամենասիրելի գրողս Չաք Փոլանիքն է: Հիմա չեմ ասի: Ոչ թե որովհետև էլ չեմ սիրում, այլ որովհետև այդ փուլն էլ անցավ: Բրոդսկի եմ հաճախ թերթում, դեռ իր փուլը չի անցել: Հիմա «իմոնքական» նոր գրողներ եմ փնտրում, հուսամ ինձ երկար մենակ չեն թողնի ու կհայտնվեն կյանքումս: Լավ գրքերն ինձ գտնելու սովորություն ունեն՝ ընկերներիս օգնությամբ, ուրիշների գրառումների շնորհիվ, գրախանութների դարակներից աչք ծակելու տարբերակով: Նշանների եմ սպասում:
-Ձեր մասնագիտություններից ո՞րն եք համարում ավելի դժվար:
-Ոչ մեկը: Ե՛վ պատմվածքներս, և՛ հոդվածներս երգելով եմ գրում: Ավելի դժվար չեն, որովհետև երկուսն էլ իրենց դժվարություններն ունեն, բայց դա ինձ դուր է գալիս: Հեշտ լինեին՝ չէի ընտրի:
-Եթե կանգնած լինեիք ընտրության առաջ, կընտրեք լրագրությո՞ւնը, թե՞ գրելը:
-Իհարկե գրելը, դա չի քննարկվում: Լրագրությունը իմ շատ-շատ սիրելի մասնագիտությունն է, բայց եթե անկեղծ, առանց դրա էլ կապրեմ: Սկզբում մի քիչ տարօրինակ կլինի, դատարկ կլինի, բայց ամենաուշը մեկ տարուց փոխարինող մի բան կգտնեմ: Ավելին ասեմ, հիմա հանրային կապերն եմ ուսումնասիրում, հանրային կապերի մասնագետ եմ ուզում դառնալ: Լրագրությունը թողնելը հեշտ չէ, բայց հնարավոր է: Շատ էգոիստ եմ՝ ինձ գրելուց զրկելու համար, չի ստացվի, իսկապես ծանր կտանեմ՝ պաթետիզմի ու դրամատիզմի բոլոր մուգ երանգների կիրառությամբ: Բայց նման բան չի լինի, չեմ տեսնում պատճառ, որի համար առհասարակ դադարեցնեմ գրելը:
-Արվեստի ո՞ր ճյուղն եք համարում Ձեզ հոգեհարազատ և ինչո՞ւ:
-Նոր-նոր սկսել եմ արվեստի պատմություն ուսումնասիրել: Դեռ շատ խակ եմ՝ այս հարցին պատասխանելու համար: Ամեն ոլորտում էլ ունեմ սիրելի գործեր, ճյուղեր, բայց դա քիչ է: Գուցե որևէ մեկը ժամանակի ընթացքում ինձ համար առանձնահատուկ կդառնա, տեսնենք:
-Ինչպիսի՞ բնավորությամբ մարդիկ են Ձեզ դուր գալիս:
-Ինքնաստեղծ մարդկանց եմ սիրում: Որոնք հատիկ-հատիկ կառուցում են իրենց: Ճաշակից բռնած մինչև սիրելի երաժշտություն, բնավորությունից մինչև արտաքին տեսք: Ուժեղ, ձգտող, քայլեր անող մարդկանց եմ սիրում: Քիչ հանդիպող տեսակ է, բայց ինձ համար՝ անսահման սիրելի:
-Կա՞ ինչ-որ մեկը, ում կցանկանայիք նմանվել:
-Նմանվել՝ չէ, բայց շատերից եմ սովորում:
-Ո՞րն է Ձեր կարգախոսը:
-Per aspera ad astra (փշերի միջով դեպի աստղեր):
Հարցազրույցը վարեց` Մարի Բաղդասարյանը
Այսօր, երբ հունվարի հինգն է, ես ցանկանում եմ շնորհավորել Նոր տարվա հետ, Սուրբ Ծնունդը: Գրեթե բոլորը դեռ դեկտեմբերի երեսունմեկից ասում են. «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», երբ Պատարագի ժամանակ քահանան իր քարոզի մեջ ասաց, որ դա ճիշտ չէ, նաև ընկերս իր ֆեյսբուքյան շնորհավորանքի մեջ դա ասաց, սկսեցի մտածել, որ իրոք ճիշտ չէ շնորհավորել Սուրբ Ծնունդը, քանի որ դեռ դրան մի քանի օր կա:
Այդ իսկ պատճառով այսօր երեկոյան, երբ եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո Քրիստոսի ծննդյան ավետիսը նշանավորող ճրագը կտանենք տուն, նոր կարող ենք ասել` շնորհավոր Սուրբ Ծնունդ:


Չորս նյութ, ու վե՞րջ: Ինչքան ժամանակ է` ինձ հարց եմ տալիս. «Չորս նյութ, ու վե՞րջ»: Ախր, թեմաները գալի՜ս-գնում են: