Սևան մեդիա ճամբար. Պատանի թղթակիցների մեդիա ճամբար: Լինել Ջոնաթան Լիվինգսթոն ճայ

-Կարո՞ղ ես ինձ սովորեցնել այդպես թռչել,-հարցրեց Ջոնաթան Ճայը՝ մի նոր անհայտի նվաճման մտքից դողահար։ 

-Իհարկե, եթե ուզում ես սովորել։

 -Ուզում եմ։ Ե՞րբ կարող ենք սկսել։ 

-Հենց հիմա էլ կարող ենք սկսել, եթե համաձայն ես։

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»

 

Ամեն անգամ մեդիա ճամբարից հետո թվում է՝ ավելի հանգիստ կվերաբերվեմ, զգացմունքներս վաղուց պարպված կլինեն նախորդ ճամբարներում, բառիս բուն իմաստով, չեմ թռվռա ուրախությունից, երբ երեխեքից մեկը հավես նյութ կգրի, հետաքրքիր ֆիլմի գաղափար կառաջարկի կամ լուսանկար կանի:

է՜, մի քիչ սենտիմենտալ ստացվեց: Ախր, ես ընդամենը պիտի ասեմ, որ. «Հոկտեմբերի 29-ից-նոյեմբերի 4-ը Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի մի խումբ պատանիներ հավաքվել են Սևանում՝ հերթական մեդիա ճամբարի շրջանակներում, որպեսզի…»:

… Նստած եմ Սևանի ափին՝ այդ «չարաճճի աղջկա» կողքին: Իսկական չարաճճի աղջնակ. դե, պատկերացրե՛ք, երկու րոպե առաջ այնպես սառը, բայց սիրալիր էր, իսկ հիմա այնպես է մռութները կախել, որ թվում է, թե մի կտոր ամպիկ հենց հիմա դեմքից կվերցնեմ ու կշպրտեմ դիմացի սարին: Սպիտակ ճայը թռչում է դիմացովս, հեռվում՝ մի լքված տնակ: Ու թվում է՝ ես այս ամբողջի վրա յուրահատուկ զորություն ունեմ, որ կարող եմ իրերն ու պատկերներն այնպես փոխել, ինչպես ցանկանամ: Առօրեականության աշխարհում այս ամենն այնքան ուժեղ ու վեր է մեզնից բոլորից, բայց ստեղծագործական աշխարհում ամեն ինչ ենթարկվում է ստեղծագործող մարդու աշխարհին: Ու հիմա, երբ նստած եմ ափին ու մտքումս արագ-արագ վերադասավորում եմ պատկերները, անկախ իմ կամքից մտքովս անընդհատ անցնում է Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»: Սա մի ճայի մասին է, որը թռիչքի գաղափարի կատարյալ մարմնացումն է, ինչը ցույց է տալիս, որ «սահման գոյություն չունի» , որ «ճայը որքան բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում», որ « թռիչքի ճշմարտությունը ևս մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր իսկական էության արտահայտմանը», որ իսկական գեղեցկությունը թռիչքի մեջ է: Այս ճամբարի ընթացքում մենք ոչ մի բան չենք «սովորեցնելու» ու պարտադրելու ճամբարի մասնակիցներին, որովհետև «աշխարհի ամենադժվար բանը թռչունին ստիպելն է հավատալ, որ ինքն ազատ է. չէ՞ որ յուրաքանչյուր ճայ ինքը կարող է համոզվել, եթե միայն մի փոքր մարզվի»: Լրագրության, լուսանկարչության և կինոյի պարապմունքները ընդամենը միջոց են, թռիչքի հասարակ մարզում դեպի կատարելություն, որովհետև «երկինքը տեղ չէ և ոչ էլ ժամանակ. երկինքը կատարելության հասնելն է»:

Այնպես որ, եթե ձեզ հետաքրքրում են «ճայական» մեր «մարզումները» և թե ինչպես է առօրեականությունը ենթարկվում ստեղծագորոծողի կամքին, ոչ թե հակառակը, ապա հետևեք Սևանի մեդիա ճամբարի մեր օրագրին:

Սիրով՝ Լիվինգսթոնյան ճայերի երամ:

anik avetisyan

Կարմիրգյուղ

Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղում: Գյուղն ունի շատ հին պատմություն: Այն նախկինում անվանվել է Ղուլալի: Այդպես են անվանել գյուղում նախկինում բնակվող թուրքական ցեղերը: Այնուհետև այն վերանվանվել է Կարմիրգյուղ: Գյուղը Հայրենական և Արցախյան պատերազմի տարիներին մեծ մասնակցություն է ունեցել: Հայրենականի տարիներին շատերը գնացին, բայց քչերը վերադարձան: Սակայն այն փաստը, որ գյուղը մասնակցել է ժողովրդի ազատության համար մղված պայքարներին, մեծ հպարտության առիթ է տալիս: Դա է վկայում գյուղի սկզբնամասում կառուցված Հայրենական և Արցախյան պատերազմներին մասնակցած, զոհված կամ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողը:

Գյուղում գործում է 2 դպրոց, 1 մանկապարտեզ և 1 արվեստի դպրոց: Գյուղի ոչ մի երեխա առանց կրթության չի մնում: Շատերը, ստանալով բարձրագույն ուսում, հասնում են մեծ հաջողությունների: Գյուղում գործում է նաև բռնցքամարտի խմբակ: Գյուղը շատ հայտնի բռնցքամարտիկներ է տվել:

Չնայած նրան, որ գյուղի երիտասարդները աշխատանք չլինելու պատճառով լքել են երկիրը, բայց չեն մոռանում նաև վերադառնալ: Գյուղի մեծամասնությունը տարվա 3 եղանակներին կազմում են մեծահասակները:

Գյուղում կա նաև համայնքային գրադարան, որը գործում է արվեստի դպրոցում: Այն ունի 40 000 կտոր գիրք:

Գյուղում գործում է նաև նախակրթարան: Այն գտնվում է թիվ 2 դպրոցի մասնաշենքում: Նախակրթարան հաճախած երեխաները, արդեն մասամբ գրաճանաչ դարձած, հաճախում են դպրոց:

Գյուղի հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Հիմնական մշակաբույսերն են ցորենը, գարին, կարտոֆիլը: Մասամբ զարգացած է նաև մեղվապահությունը: Մեղուներին հիմնականում ամռանը տեղափոխում են «Դուրան» կոչվող տարածք, որտեղ հարուստ բուսականություն կա:

Գյուղում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց հույս ունենք, որ այդ խնդիրները կստանան իրենց դրական լուծումները:

 

Սևան մեդիա ճամբար. Ծածկագրված ֆիլմեր

Այսօր մեդիա ճամբարում, նախաճաշից հետո, հավաքվեցինք կոնֆերանսում` դիտելու մի քանի ֆիլմ մարդկանց և երեխաների իրավունքների պաշտպանության մասին: Ներկայացված ֆիլմերը նաև օգտագործվել են ՄԱԿ-ի մարդասիրական դասընթացների ժամանակ`տարբեր երկրներում:

Ֆիլմերը վերաբերում էին երեխաների իրավունքներին `խաղալու, ազատ լինելու, զարգանալու, բնության հետ շփվելու, ինքնաարտահայտվելու, որակյալ կրթություն ստանալու, որակյալ բուժօգնություն ստանալու, պատերազմական իրավիճակներում անվտանգության, հոգեկան և ֆիզիկական բռնություններից զերծ մնալու, տուն ունենալու և այլ իրավունքների մասին: Մենք դիտում էինք ֆիլմերը, որոնցում փոքր երեխաների միջոցով ներկայացնում են ավելի գլոբալ խնդիրներ: Ամեն ֆիլմից հետո մենք կարծիքներ էինք արտահայտում, թե որ իրավունքի մասին է ֆիլմը: Մարդկանց իրավունքները պատկերավոր դարձնելու նպատակով նկարահանվել էին ֆիլմեր, որոնք ավելի հեշտ են դարձնում  իրավունքնրի ընկալումը`իմ և ընկերներիս համար: Հատկապես հավանեցի ֆիլմերի վերջում գրված ուղերձները: Օրինակ`«Թույլ մի տուր քեզ լռեցնել», որը վերաբերվում էր մարդու ազատ արտահայտվելու իրավունքին, «Քո իրավունքները կմնան թղթի վրա, եթե չպայքարես դրանց համար», «Մեր երազանքները իրականանում են ոմանց ազատության գնով» և այլն: Այս ֆիլմերը սոցիալական գովազդներ են, որոնք տարբեր տարիների ժամանակ նկարահանել է «Մանանա» կենտրոնը, բայց արդիական է այսօր ևս:

Ֆիլմերից հետո անցանք իմ ամենասիրելի գործին`օպերատորությանը: Ներկայացվեցին նկարահանելու հմտությունները, իսկ երեխաները ստանում էին իրենց հարցերի պատասխանները` ֆիլմերում օպերատորական այս կամ այն աշխատանքը դիտելով կամ քննարկելով: Այս աշխատանքը մեզ համար շատ կարևոր էր, քանի որ մենք դրանից հետո պետք է մտածեինք մեր սոցիալական գովազդների թեմաները, որոնք պետք է նկարահանենք վաղը:

Սկսեցինք փոքր խմբերով քննարկել գաղափարները: Նախ ընտրեցինք մեր սերնդին անհանգստացնող խնդիրները: Թեմաները, գաղափարները շատ-շատ են` սկսած վիրտուալ և իրական կյանքի հակադրությունից, մինչև դեռահասների խնդիրներ:

Վաղը կընտրենք ամենաշատ դուր եկած սցենարները և կսկսենք նկարահանել:

anush

Սևան մեդիա ճամբար. Թե ինչու այդ օրը բորշչ չկերանք

-Այ աղջի՛կ ջան, խելքի՛ արի, հերդ չի թողնի գնաս:

-Մա՛մ, դե վերջ, իբր ինձ կանչեցին` դուք էլ չեք թողնում գնամ, բայց, որ կանչեն է՜, հաստատ գնալու եմ:

-Էդ հեչ, դու, դու կգնաս:

Մայրս դուրս գնաց: Մի պահ հիասթափվեցի ու որոշեցի ոչինչ չգրել, բայց ընդամենը մի վայրկյան: Արագ մոտեցա գրասեղանիս ու սկսեցի նոր նյութս՝ «Եթե արևը հեռու է ու չի գալիս, ես կգնամ նրա մոտ՝ դանդաղ, բայց կգնամ»: Ինձ համար սա էր սկզբունքը: Մի քանի օր անընդմեջ նյութեր էի գրում՝ գիշերները ու առավոտյան, դպրոցի համակարգչից ուղարկում էի 17.am-ի խմբագրություն: Չեմ սիրում քնել, բայց օրական երկու ժամ քնում էի, որն ինձ համար դարձավ երազանք: Հինգշաբթի առավոտյան վեցն էր: Նոր էի մաքրագրել տեքստս, ձեռքերս դողում էին, աչքերս ցավում, գլուխս պտտվում էր իմ փոփոխված ռեժիմից: Հիշեցի, որ դասերս չեմ արել, ոչ էլ պարապմունքներս: Ծաղկաքաղ անելով իբր արեցի դասերս: Բարեբախտաբար, ինձ այդ օրը դաս չհարցրին, իսկ պարապմունքներս մի կերպ հասցրի: Արդեն ուշանում էի ու սկսեցի վազել, բայց ուղեղիս մեջ ճամբարն էր: Եթե ինձ կանչեին, է՜…

Այդ ընթացքում քիչ էր մնում ընկնեի: Հենց ոտքերիս մոտ, ճանապարհի մեջտեղում, մի կատվի ձագ՝ միայնակ, փոքրիկ, դողացող մարմնով: Չկարողացա թողնել այդտեղ, վերցրի ու հետը խոսելով տարա տուն, ու որովհետև ես նրան գտել էի ճամբարի մասին մտածելով՝ անվանեցի «Մանանա», բայց, որովհոտև շատ երկար էր, նրան կարճ «Մոնո» եմ անվանում: Ուշացա պարապմունքիցս, բայց ոչինչ, կարևորը նոր ընկեր կունենամ: Որքան էլ որ հոգնած էի, պետք էր գիշերը նյութ գրել՝ վաղվա համար: Հոգնած տուն մտա: Տանը միայն տատիկս էր, որ ցածրաձայն խոսում էր.

-Տոմատը գցե՞լ եմ, թե՞ չէ: (ինձ տեսնելով) Իյա, ա՛յ բալամ, քեզ ճամբար են ուղարկում:

Ես լսել էի իմ ամենասպասված լուրը, բայց, ինչպես բոլորը, սկզբում ես էլ չհավատացի:

-Տա՜տ, լավ է՜ ..

-Տո լուրջ եմ ասում, խեվա, իրոք ուղարկում են, մերդ էլ գնացել ա ընկերուհուդ տուն՝ իմանա, ինքն է՞լ ա գնալու, թե՞ չէ:

Ես ուրախությունից ո՛չ ճչացի, ո՛չ ցատկեցի, ուղղակի ամբողջ ուժով գրկեցի տատիկիս ու սկսեցի վալս պարել: Ինձ շուրջս ոչինչ չէր հուզում, նույնիսկ այն, որ իմ անփույթ շարժումներից տատիս սիրած բաժակը կոտրեցի, և ըստ տատիս օրենսգրքի, պետք է վեցը գնեի: Իմ և տատիս չստացված վալսը տևեց 30 վայրկյայն, որից հետո սենյակը լցվեց վառված սոխեռածի հոտով:

Տատս մի կերպ կարողացավ ազատվել ձեռքիցս, բայց արդեն գազօջախի վրա դրված բորշչը վառվել էր: Չհամարձակվեցի էլ տատիս կողքին մնալ. բա որ իր երկաթե շերեփով «վրեժ» լուծեր: Դուրս թռա ու վազեցի մորս մոտ: Իմ վազելու ընթացքում երևի ոտքերս գետնին էլ չէին կպչում: Շնչակտուր մտա ընկերուհուս տուն.

-Մա՛մ, երևի նոր կոշիկներ են պետք, իսկ պայուսակս ոչ մի բանի պետք չէ …

-Մի րոպե, շու՛նչ առ:

-Ես տատիկին կասեմ իր ոսկե ականջօղերը կտա. էնպես որ, փողը խնդիր չէ:

Մայրս իմ հանցավոր արտահայտության վրա ժպտաց: Հաջորդ օրը ամեն բան գնել էի, իհարկե առանց ականջօղերի «օգնության»: Ճամբար գալու օրը իմ կյանքի լեցուն օրերից էր: Ես հասկացա, որ իմ առաջին քայլն արված էր, բայց բազում քայլեր դեռ կան, իսկ ես չեմ վախենում:

albina hovsepyan

Սևան մեդիա ճամբար. Ճանապարհը դեպի մեդիա ճամբար

Երեկո էր, երբ ինձ զանգեց Լիլիթը` 17.am-ից, ու ասաց, որ հրավիրում են մասնակցելու Սևանում կայանալիք մեդիա ճամբարին: Տրամադրությունս ահավոր բարձրացավ. դե իհարկե, մեծ սիրով ընդունեցի առաջարկը: Դասերիս ու ստուգարքներիս պատճառով չէի կարողանում շատ ժամանակ տրամադրել ֆեյսբուք մտնելուն ու բնականաբար տեղյակ չէի, թե ինչեր են տեղադրում նախօրոք ճամբարի համար բացված խմբում: Ուրբաթ օրը որոշեցի մտնել ֆեյսբուք ու առաջինը, որ տեսա այն էր, որ շաբաթ առավորտյան ժամը 12-ին պետք է լինեի Երևանում:

Ահավոր ընկավ տրամադրությունս, որովհետև ես քաղաք էի շարժվելու հենց շաբաթ օրը այն ժամին, երբ պետք է շարժվեր ճամբարի ավտոբուսը: Մտքիս առաջինը, որ եկավ, որոշեցի ավտոբուսով հասնել մեր Լոր գյուղից գոնե Սիսիան: Հասա. արդեն շատ ուշ էր, պառկեցի քնելու, բայց ամբողջ գիշեր չկարողացա քնել, ու իբր քնելուց հետո, առավոտյան շատ շուտ արթնացա ու ականջիս ծայրով լսեցի տատիկիս ու մայրիկիս խոսակցությունը ու հասկացա, որ տաքսին ներքևում ինձ է սպասում: Րոպեների ընթացքում հավաքեցի շորերս ու իջա ներքև: Այնքան էի շտապել, որ կոշիկներս մոռացել էի. տատիկս 5-րդ հարկից ներքև շպրտեց կոշիկներս, ու ես շարժվեցի Երևան:

Բայց էլի այդ բայցը: Ճանապարհի կեսին մեքենան փչացավ, ու ես ուրիշ մեքենայով հասա քաղաք: Քաղաքի կենտրոնից մինչև «Մանանա» հասա ընդհանրապես ուրիշ մեքենայով, բայց դե, կարևորը, հասա: Այնտեղից շարժվեցինք Սևան:

Ճամբարի առաջարկը ընդունելով՝ ես մերժել էի Ջինիշյան հիմնադրամի բանավեճի մրցույթին մասնակցելու հնարավորությունը, որն այնքան կարևոր էր ինձ համար: Մերժեցի, որովհետև ինձ համար ճամբարը ավելի սպասված ու հետաքրքիր էր: Վաղուց էի որոշել ֆիլմ նկարել, բայց չէի կողմնորոշվում՝ ինչ թեմայով, բայց վստահ եմ, ճամբարի ընթացքում կկարողանամ իրականացնել երազանքս:

Ես հասկացա, որ եթե ինչ-որ բան շատ ես ուզում, ապա, անկախ խոչընդոտներից, կհասնես դրան:

seyran soghoyan

Իմ վոլեյբոլիստ տատիկը

Հարցազրույց տատիկիս՝ Հեղինե Սողոյանի հետ

-Տա’տ, ինչպե՞ս եղավ, որ դու ընտրեցիր սպորտի այդ տեսակը՝ վոլեյբոլը:

-Դպրոցական էի, սիրում էի սպորտը: 8-րդ դասարանում էի սովորում, երբ արդեն վոլեյբոլի խմբակ  կար, որոշեցի ես էլ մասնակցել: Մարզիչ Սմբատ Մհերյանն ինձ կանչեց, որ ես էլ դառնամ խմբակի անդամ: Մեր թիմը լավագույնն էր ներդպրոցական մրցույթներում, բոլորս մեծ հետաքրքրությամբ էինք մոտենում սպորտին:

-Սիրո՞ւմ էիր վոլեյբոլը և ինչպե՞ս էիր խաղում:

-Հաճելի էր, սիրում էի սպորտը, մեր  թիմի հետ մասնակցում էի շքերթներին: Նույնիսկ շքերթում ցուցադրության ժամանակ, մենք երեք ընկերուհիներով կամուրջ էինք իջնում, իսկ հաղորդավարը բղավում էր «Կերցցե’ Մայիսի 1-ը»: Դա  ուղղակի  հրաշք էր: Մեր  ժամանակները ավելի հետաքրքիր էին: Ես ո՛չ ուժեղ էի խաղում,  ո՛չ թույլ, բայց ճկունությանս ոչ ոք չէր գերազանցել: Երբ ես խաղում էի, թռնում, ընկնում էի գետնին, որպեսզի ոչ մի գնդակ չկորցնենք: Ընկեր Մհերյանը ասում էր. «Օ՛, ինչ անձնազոհ խաղացող է»:

-Իսկ մրցումների գնո՞ւմ էիր:   

-Ո՛չ, ցավոք սրտի, հայրս չէր թողնում: Մեր ժամանակ Մարտունիում շատ խիստ էին վերաբերվում աղջիկների սպորտով զբաղվելուն: Մեկ անգամ եմ ընդամենը մասնակցել, ու վերջ:

-Բացի վոլեբոլից էլ ի՞նչ սպորտի էիր տիրապետում:

-Սիրում և զբաղվում էի ակրոբատիկայով և ամբողջ ազատ ժամանակս գրեթե դրանով էի զբաղվում:

-Իսկ ի՞նչ եղավ, որ թողեցիր սպորտը:

-Մեծացա, դպրոցն ավարտելուց հետո էլ չմասնակցեցի ոչ մի բանի: Գորգագործության մեջ էլ եմ շատ ուժեղ եղել: Մեր և Գավառի միջև մրցույթ եղավ, լավագույնները նվերներ ստացան, ես էլ ստացա: Երգել եմ բեմերում, ունեցել եմ բազում-բազում հաղթանակներ:

-Իսկ կուզենայի՞ր դպրոցից հետո շարունակել ուսումդ: 

-Մեծ սիրով կուզենայի շարունակել, նախ` երաժշտությամբ, շատ լավ էի երգում, բայց ամուսնացա, ու ամեն ինչ մոռացվեց…

maya harutyunyan

Սևան մեդիա ճամբար. Դե՛, Սևա՛ն, սպասիր…

Նստած նկարչություն էի անում, ու հանկարծ Սոնիկ տատի հեռախոսին զանգ եկավ: Սոնիկ տատը իմ տատիկի քույրն է, բայց նրան սիրում եմ հարազատ տատիկիս նման: Նա էլ է մեր գյուղում` Կոթիում ապրում: Այդ օրը ես նրա մոտ էի մնալու: Մի խոսքով, շատ չշեղվեմ ու անցնեմ բուն թեմային: Հա՜, ու հանկարծ հեռախոսին զանգ է գալիս: Քույրս էր` Սերինեն: Հարցնում է, թե ինչո՞ւ հեռախոսս հետս չեմ վերցրել, հետո հարցնում է թուղթ ու գրիչ տարե՞լ եմ, թե՞ ոչ: Այդ ամենը ինձ տարօրինակ էր թվում: Մի պահ նույնիսկ ինձ թվաց, թե քույրս գժվել է: Հետո ասաց, որ ինձ լավ լուր ունի հայտնելու: Ուրախ-ուրախ հարցրեցի, թե ինչ է պատահել: Սկսեց տանջել, անընդհատ ձգձգում էր: Այնպես, ինչպես ֆիլմ նայելու ժամանակ ամենահետաքրքիր պահը ցույց տալիս, կամ, մրցույթների ժամանակ հաղթողի անունը հայտարարելիս: Ու հետո երկար ժամանակ ձգձգում էր, մինչև ես բարկացա ու նրա վրա գոռացի: Այդ պահին իմ կողքին էին Սոնիկ տատը և նրա ընկերուհին: Ի տխրություն ինձ, նրանք պաշտպանում էին քրոջս ու ասում: 

-Բա մեծ քվոր հետ դհե՞ են խոսըմ, աղջի:
Իսկ ինձ լրիվ ուրիշ բան էր թվում, մտածում էի, որ կտեսնեն` շատ եմ բարկանում ու կհարցնեն. «Էդ խի՞ ես ջղայնանըմ, աղջիկ ջեն»: Ու այսպես կսկսեն ինձ պաշտպանել, բայց փաստորեն լրիվ հակառակն էր:

Քույրս վերջապես ասում էր, թե որն է այդ լավ լուրը, բայց ձայնը չէր լսվում: Երկրորդ անգամ հարցրեցի նրան, ու այս անգամ ամեն ինչ լավ էր: Եվ այսպես, բազում տանջանքների ենթարկելուց հետո վերջապես իմացա:

-Այզիզ, մի քիչ առաջ Լիլիթն էր զանգել «Մանանայից», ասում էր, որ քեզ ընտրել են Պատանի թղթակիցների աշնանային ճամբարին մասնակցելու համար: Հա, ու ամենակարևոր գործն արել եմ, պապային համոզել եմ:

Պապային համոզել ենք, վե՜րջ… Դե՛, Սևա՛ն, սպասիր…

Ani Ghulinyan

Սևան մեդիա ճամբար. Մեզ բարի ժամանց

-Մամ, իմանաս` ի՞նչ ա էղել, նոր զանգել էին, գնալու եմ, մամ ջա~ն:
-Ո՞վ էր զանգել, էդ ո՞ւր ես գնում:
-«Մանանան» էր զանգել, է~, «Մանանայից» էին զանգել, դե, 17-ից էլի, ճամբար եմ գնալու, կարելի ա, չէ՞, թողնում եք, չէ՞:
-Մի հատ հանգստացի, նորմալ բան ասա, տենանք` ինչ ենք անում:
Հարյուրավոր ճամբարներ կան, հարյուրավոր մարդիկ ամեն օր զանգեր են ստանում ճամբարների մասնակցելու համար, բայց ասեմ, թե ինչով է յուրահատուկ այս դեպքն ինձ համար:
Այս տարվա օգոստոսին, լրիվ պատահական, ես տեղեկացա Վանաձորում կայանալիք 17-ի դասընթացների մասին: Դասընթացից պիտի ընտրվեին 2 հոգի Դիլիջանի մեդիա ճամբարին մասնակցելու համար: Ես չընտրվեցի: Բայց իմացա, որ նմանատիպ ճամբար լինելու է նաև աշնանը, ու այս տեղեկատվությունն էլ եղավ իմ հետագա նյութեր գրելու առաջին դրդապատճառը:
Գյուղից տուն ճանապարհին ուղեղիս մեջ հազարավոր նյութերի, ֆիլմերի գաղափարներ էին գալիս ու գնում: Մտածում էի, որ միայն անհաջողակը կարող է մի հնարավորությունը երկու անգամ ձեռքից բաց թողնել:
Վերադարձա ու սկսեցի նյութ գրել, սկսվեց իմ կյանքի մի նոր, ավելի հագեցած ու հետաքրքիր փուլ:
Հոկտեմբերին իմանալով, որ հաստատ մասնակցելու եմ Սևանի մեդիա ճամբարին, ինքս իմ հանդեպ երախտագիտություն զգացի, զգացի, որ կյանքում առաջին անգամ ես իմ աշխատանքի շնորհիվ ինչ-որ բանի եմ հասել:
Ամեն անգամ ճամբար գնալիս ես ինձ հետ պարտադիր երեք բան եմ վերցնում` ինտերնետ մտնելու սարքավորում, Բարսելոնայիս շարֆը և ընկերուհուս: Դե իհարկե, ոչ բառիս բուն իմաստով, պարզապես վերցնում եմ հեռախոսս` անհրաժեշտ գումարով, և միշտ կապի մեջ եմ լինում նրա հետ: Ինքն էլ ինձ ինչ-որ տեղ ճանապարհելիս ասում է. «Դե, մեզ բարի ժամանց»:

Կյանքը ոչ հռոմեական ճանապարհի վրա. կադրի հետևում

Դպրոցից գնում էի տուն, մեկ էլ` Սերո~ժ, մի րոպե կանգնի: Ալեքսանյան Դավիթն էր: 

-Սպասիր գամ՝ քեզ լավ բան եմ ասելու:

-Ի՞նչ ա եղել, Դավ, ասա շուտ,- ինձ էլ հետաքրքրեց:

-Վաղը «Մանանայի» խումբը գալիս ա մեր գյուղ` իմ ֆիլմը նկարելու: Անպայման կգաս, որ ճանապարհին տեսնենք` կանգնեցնեք մեքենան:

Ասացի` անպայման տեղյակ կպահեք, անպայման գալու եմ: Պայմանավորվեցինք, ու ամեն մեկս շարունակեցինք մեր ճանապարհը: Այդ օրը նկարչությունից եկա ու, ինչպես մեծերն են ասում, ականջս ձայնի` նստած սպասում էի, թե երբ ենք գնալու ճանապարհի մոտ: Տեսա արդեն ուշանում է, որոշեցի ականջակալներս դնեմ ու մի քիչ երգ լսեմ, մինչև ինձ կգան, կկանչեն տղերքը: Բայց արի ու տես, երբ ականջակալներս դնում եմ հենց էդ ժամանակ՝ թարսի նման ինձ ձայն են տալիս: Մոտ 10-15 րոպե սպասելուց հետո տեսնում են դուրս չեմ գալիս՝ թողնում-գնում են գյուղամեջ, կամ ավելի ճիշտ, խաչմերուկ: Որոշ ժամանակ անց մայրիկս տուն մտավ և ասաց.

–Սերոժ, էդ ո՞նց ա դու խաչմերուկում չե՞ս, Ձեր թղթակիցների խումբը եկել ա, գյուղում ա: Մայրիկիս խոսքը կիսատ, կարելի ա ասել, դուրս թռա տնից, որ հասցնեմ տեսնեմ: Ճանապարհին հասնելուց մի քանի մետր էր մնացել արդեն, մեքենան շարժվեց՝ չհասցրեցի: Կանգ առա, ու ինձ մի քիչ մեղադրելով ու մի քիչ հույս տալով ասացի. «Դե լավ, հիմա թող մի քանի ժամ ուշ տեսնեմ, մեկ ա առավոտ գյուղ են գալու»:

Առավոտ 9:30 էլի նույն տեղը՝ խաչմերուկում էինք, ու մեկ էլ` հոպ, մեքենան եկավ: Չգիտեմ ինչի` նկարահանման սարքավորումները տեսնելուց հետո «Մանանայի» կամ 17.am-յան տրամադրություն ստեղծվեց: Տեսախցիկ, սցենար, անչափ բարի մարդիկ ու նկարահանումներ:
Այդ օրը, կարելի է ասել, տրամադրեցինք ֆիլմեր նկարահանելուն: Ամեն տեսակ կադրեր, աշխատանքային ֆոտոներ, արևից այրված մաշկ և հոգնածություն: Ֆիլմը նկարահանվեց՝ տեղադրվեց 17.am-ում. «Կյանքը ոչ հռոմեական ճանապարհի վրա»:

Կայքում ֆիլմը նայեցի և հասկացա, որ իզուր չէր այդ տքնաջան աշխատանքը: Մեկ օր տանջվեցինք և արդյունքում ստացանք բավականաչափ հետաքրքիր, հիանալի ու հաճելի դիտվող մի ֆիլմ, որը 10 րոպե էր, բայց իրենից ներկայացնում էր մի ամբողջ ամառային սահմանային գյուղի առօրյա:

Նրանք, ովքեր դեռ չեն տեսել, նայեք, չեք փոշմանի:

Պա՜հ, տեսար դու

2015 թվականի օգոստոս ամսից սկսվեց և այս տարի մոտավորապես նույն ժամանակ ավարտվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը։ Ի ուրախություն մեզ՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներիս, մեր համալսարանն ու ՎՏԿ-ն իրարից բաժանված են միայն մի պատով, իսկ եթե պատի մեջ մի դուռ էլ բացենք, էլ բաժանված չեն լինի։ Իսկ մինչ նոր շենքի շինարարությունը կավարտվեր, ՎՏԿ-ն գործում էր մեր լսարաններում։ Մի խոսքով՝ ՎՏԿ-ն ծնվեց մեր աչքի առաջ, ու մենք եղանք դասընթացների ամենաառաջին շրջանավարտները։

Այսօր՝ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին, կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը։ Ես էլ, որպես ամենաառաջին շրջանավարտներից մեկը, ներկա էի։ Նրանց համար, ովքեր գուցե բազմիցս լսել են, բայց դեռևս ամբողջական պատկերացում չունեն կենտրոնի վերաբերյալ, մեջբերում եմ. «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: ՎՏԿ-ի առաքելությունն է` Վանաձորը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:»

Հիմա չգիտեմ էլ նյութս որ ուղղությամբ տանեմ. նախագահի այցի՞ց պատմեմ, բացման արարողությունի՞ց, մարդկանց շրջանում տարածված իրարանցումի՞ց, թե՞ քաղաքի զգաստ տրամադրությունից։

Ցավում եմ, որ Վանաձորում շատերը չգիտեն, նույնիսկ տեղյակ չեն իրենց համար ստեղծված նոր հնարավորությունների մասին, ու իրենց համար առավել ուշագրավ է ոչ թե հենց կենտրոնի գործունեությունն ու բացման արարողությունը, այլ ավելի շատ՝ նախագահի այցը։ 

Բացման արարողությունից հետո քայլում եմ փողոցում, երկու հոգի իրար հանդիպեցին ու առանց գոնե իրար բարևելու.

-Ասըմ են նախագահն ստե ա։

-Լա՜վ է՞։

Ու շարունակեցին իրենց ճանապարհները։ Քիչ էր մնում՝ շրջվեի, ասեի. «Հա՜, հա, բարևում էր»։ Տո՛, դուք ձեր նոր աշխատատեղերի համար ուրախացեք ու էդպես հուզվեք, թե չէ` նախագահի այցից ի՞նչ օգուտ ունեք, նախագահն եկավ, մտավ ՎՏԿ սիրուն շենքը, նա ոչ ձեր կարգավիճակը տեսավ, ոչ էլ ձեր քարուքանդ փողոցներով քայլեց։ Նախագահի այցից ձեր հոգսերը չթեթևացան, ընդհակառակը՝ մի քանի փակ փողոցներ ավելացան, բջջային կապերը կորան, շրջակայքի շենքերի խաղաղ բնակչությունն անհանգստացավ «սրտացավ» ոստիկանների աշխատանքից։ Իհարկե՝ այս ամենը զուտ անվտանգության համար… Չգիտեմ՝ ո՞ւմ։

Մի տեսնեիք՝ ինչ օրինապահ ենք մենք։ Ամեն փողոցում կարգով սահմանված ոստիկանների քանակ, ճիշտ է՝ միայն մի քանի ժամով, երեկվանից՝ մաքրություն բոլոր փողոցներում։

Տուն գալիս կամրջի վրա ավտովթարի հանդիպեցի։ Էնքան մարդ էր հավաքվել, որ պարոն նախագահի «թիկնազորից» երկար շարասյուն էր կազմվել։ Մտածեցի՝ երևի նախագահն է անցել, ուշքները տվել են նրան ու էդպես իրար հետևից շարվել։

Չէ, ես իմ քաղաքի չուզողը չեմ, ես կուզեմ, որ նախագահը շատ հաճախ աշխատանքային այց կատարի, որ միշտ լավ առիթներով գա, միշտ նոր օգտակար կառույցների բացումը շնորհավորի։ Բայց, ախր, կուզեմ, որ մեր քաղաքն անկախ ամեն ինչից մաքուր, կարգապահ ու «կոստյումավոր» լինի, ես կուզեմ, որ իմ ժողովուրդը իր հարազատ քաղաքի կարևոր փոփոխությունների մասին նախագահի այցով չտեղեկանա, ու ինձ մոտ տպավորություն չստեղծվի, որ եթե նախագահը չգար, քաղաքը ՎՏԿ-ի մասին չէր էլ իմանա։

Ես ուզում եմ, որ մենք սկսենք գիտակցել մեր շահը, օգուտ քաղենք մեզ ընձեռված լավ հնարավորություններից ու չդառնանք մենակ ընտրություններով, միջոցառումներով ու «մեծ» մարդկանց գալով մեր քաղաքը սիրող, խնամող քաղաքացիներ, մենք չլինենք այսպիսին.

-Էսինչ երգիչն եկավ Վանաձոր, իմացա՞ր։

-Յա՜, տես է՞։

Քաղաքի կյանքը բարելավող մի բան եղավ.

-Պա՜հ, տեսա՞ր դու, էդ ի՞նչ ա որ։

Լուսանկարները՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ֆեյսբուքյան էջից