«Չնեղվես, էլի կհանդիպենք»-ը կյանքի մի շրջանում աշխարհի ամենակարևոր, ամենատաք, ամենասպասված ու ամենապետքական արտահայտությունն է, մանավանդ, երբ ասում է նա, ում հետ չհանդիպելը ամենաշատ նեղվելու առիթն է տալու:
Որ հանկարծ թեկուզ մտքիս ծայրով փոփոխություն բառն ա անցնում, միանգամից գամվում ես ուղեղիս աջ կիսագնդին: Չնայած քո մասին ես ձախով էլ եմ մտածում: Այ, հիմա գրում եմ փոփոխության մասին, որն արդեն քո հոմանիշն ա:
…Գիտե՞ս՝ ես նկատել եմ՝ էն մարդիկ, ում առաջին հայացքից, խոսքից, ժեստից չենք հավանում, ամենասիրելիներն են դառնում:
Փոփոխությունները իրենց գցում են մեր նեղ-նեղլիկ կյանք՝ սիրած երգը, հայացքը, աչքերի գույնը փոխելու, նոր կետից ինչ-որ բանին առաջին անգամ նայելու, ինչ-որ բան առաջին անգամ ցույց տալու համար, իսկ էդ մեզ մեկ-մեկ շատ ա պետք: Դե, որովհետև լճանում ենք: Դե, դրանից վատ բան մեկ էլ նորից չհանդիպելն ա:
Երեք գդալ շաքարավազի պես լցվեցիր կյանքիս անհամացած թեյի մեջ:
Սառը անձրևից հետո, որ ուսիդ բրդյա, տաք ժակետ են գցում, այ, դու էդ ժակետն ես:
Դու ոնց որ մի բաժակ սառը ջուր լինես: Էն ջուրը, որ ի վերջո հասցնում են ծարավից մեռնողին:
Ասենք՝ իմ ամենասիրած կանաչ, թթու խնձորն ես:
Դու Բրելի «Մի՛ լքիր դու ինձ» կոչն ես ու Սքորփիոնսի «Դեռևս սիրում եմ քեզ»-ը՝ ընկալածս բոլոր տողատակերով:
Դու էն նամակն ես, որ սոսնձում են օրագրում՝ երբեք չկորցնելուն հավատալով:
Դու ականջակալներումս գնացող-եկող ջազն ես՝ ազատ, անսահման, խորը, ուրիշներից չընկալելի:
Դու պայքար ես, ընդդիմություն, կարծրատիպ ու կարծրատիպային կարծիք կոտրող:
Այ, կյանքում կմտածեի՞ր, որ կդառնաս կախվածության մարմինը, ամենաիրական մարմնացում:
Դու փո-փո-խութ-յունն ես՝ թարգմանած աշխարհի բոլոր լեզուներով: Էն ամենը՝ ինչից սկիզբ է առնում նորը, իմը ու քոնը: Այսինքն, դու էս տողերն ես, նաև գրիչիս թանաքը, անգամ ձեռագիրս:
Դու էն վերջին գրկախառնությունն ես, որ խեղդում ա ու խեղդվում ա տխրությունից:
Վերջերս գրել էի, որ հեռացումը նոր վերադարձ է ենթադրում, դրա համար էլ չեմ նեղվելու:
Փորձելու եմ չնեղվել:
Դեռ:
Մինչ նոր հանդիպում ու երբեք հաջողություն:
Գրկում եմ ոնց որ միշտ:



Բարև՛, խոսելու ժամանակ չկա, արագ հետևիր ինձ, տարածքը գնդակոծվում է… Տների կողքով մի քայլիր, հարվածը տների վրա է ուղղված: Ահա, գրեթե հասանք… Տեսնո՞ւմ ես երկհարկանի տունը… Չէ՛, իհարկե տուն չենք մտնում, այլ իջնում ենք տան նկուղը: Դե արագ, արագ, իջիր… Նկուղում ենք… Տեսնո՞ւմ ես այն հաղթանդամ տղամարդուն՝ Սարգիս պապն է, նրա կողքին՝ Նազան տատը, որդին՝ Վրեժը, Վրեժի կինը՝ Արևիկը, նրանց զավակները՝ Վարդանն ու Ռուզաննան… Սպասում են… Օր ու գիշեր սպասում են, թե երբ է Ճամբարակից ուղարկված ավտոբուսին վերջապես հաջողվելու հաղթահարել գնդակոծվող գոտին ու նրանց անվտանգ վայր տեղափոխելու: Հանկարծ մեր գլխավերևում պայթյուն է լսվում: Բացվում է նկուղի դուռը, և մի երիտասարդ բղավում է.







