Կյանքս` հայրենիքիս. Էրիկ Վիրաբյան

Երբ գնաք Վերին Կարմիրաղբյուր, գյուղ մտնող գլխավոր ճանապարհի ձախ հատվածում ծածանվող եռագույնի մոտ կանգ առեք։ Հողաթմբի վրա թարմ-թարմ ծաղիկներ կան, հողաթմբի տակ էլ` մի ջահել ու հերոսական սիրտ։ Բայց դուք չխոնարհեք ձեր հայացքը, այլ կնայեք վեր, շատ վեր, որտեղ Էրիկ Քաջիկի Վիրաբյանի ոգին է թևածում։ Կնայեք վեր առանց արցունքի, հպարտությամբ ու վեհորեն, հետո հայացք կգցեք սառը շիրմաքարին` Էրիկ Քաջիկի Վիրաբյան, 2000-2020 թթ., ու կսառեք այնպես, ինչպես սառեցին ջահել տղայի երազանքները։

-Երկու տարվա ու երկու ամսվա ծառայող էր Էրիկս, այս հուլիսին պիտի զորացրվեր։ «Ես եմ» ծրագրով էր զորակոչվել բանակ։ Երբեք չէր բողոքում ո՛չ ծառայությունից, ո՛չ ընկերներից, ո՛չ ճաշերից։ Միայն ասում էր` գոհ եմ։ Սեպտեմբերի 20-ին, որ խոսեցինք հետը, ասաց` շուտով մեծ պատերազմ է լինելու։ Պատերազմը եղավ, բայց ով կպատկերացներ, որ կտաներ Էրիկիս,- լալիս է Աննա մայրիկն ու ավելացնում,- իմ չորս երեխաներից ամենատարբերվողն ու ուրիշն ինքն էր։ Ո՜նց եմ դիմանալու առանց նրա։

Էրիկին բոլորը  գիտեին։ Հարևաններին օգնող, շփվող ու ակտիվ էր։ Երբ Էրիկը տեսնում էր, որ հարևան կանայք ծանր գործ են անում, վազում ու օգնում էր նրանց։ Սիրած աղջիկ էլ ուներ, ում այդպես էլ  չհասցրեց սիրո մասին պատմել։ Էրիկը նիհար ու բարձրահասակ էր։ Մատներն էլ այնքա՜ն նուրբ էին։ Աննա մայրիկը կարոտել է այդ նուրբ մատների հպումը։

-Պատերազմի օրերին միայն ասում էր` այստեղ մեծ միջատներ կան։ Ասում էի, որ զգույշ մնա, Էրիկս պատասխանում էր. «Մամ ջան, տարիքով մեծ մարդիկ են կռվին մասնակցում»։ Խաբում էր, որ հանգիստ լինեմ,- պատմում է Էրիկի մայրիկը` զգուշորեն դիպչելով որդու իրերին, որ հանկարծ չմաքրվեն նրա մատնահետքերը։
20-ամյա Էրիկը զոհվեց Խոջալուում հոկտեմբերի 16-ին։ Տղայի մարմինը գտան ուշ` դեկտեմբերի 29-ին։ Ամեն օր ընտանիքի անդամները հույս են ունեցել, որ տղան ողջ կլինի։ Երբ վերջին անգամ` հոկտեմբերի 14-ին, խոսել էին Էրիկի հետ, շատ հանգիստ է եղել նա, ու ոչ ոքի մտքով չի անցել, որ այդ զանգը վերջինը կարող է լինել ու այդ հեռախոսահամարից նրանք այլևս երբեք զանգ չեն ստանալու։
-Էրիկս վարորդ էր։ Մեքենայի կողքին կանգնած է եղել, հենց տղաներն օգնություն են կանչել, ռացիան ձեռքին վազել է։ Հենց այդպես էլ մարմինը գտել ենք` ռացիան` ձեռքին, զենքն էլ` կողքին։ Խոջալու վեց երեխա է զոհվել, վեցն էլ դիպուկահարի կրակոցից,- պատմում է տղայի մայրը։

Սեղանին շարված են այն իրերը, որոնք գտել են Էրիկի գրպաններից։ Մեծ նկարի կողքին էլ զինվորական գոտին է` Էրիկի արյամբ շաղախված։ Էրիկը նկարից ժպտում է պարզ ու մաքուր ժպիտով։ Անխախտ ու երկար լռությունը ճեղք տվեց, երբ սենյակ մտավ Էրիկի փոքր եղբայրը։ Նայեց հերոս Էրիկի նկարին, երկար նայեց ու առանց ինչ-որ բան ասելու արագաքայլ դուրս եկավ սենյակից։ Էրիկի կյանքը շատ կարճ տևեց, բայց կենսագրության մեջ գրելու շատ բան կա։ Տղան ուզում էր տունը վերանորոգել, նոր  տուն կառուցել։

Երբ Վերին Կարմիրաղբյուր գնաք, գյուղ մտնող գլխավոր ճանապարհի ձախ հատվածում ծածանվող եռագույնի մոտ կանգ կառնեք։ Այնտեղ ապրում են Էրիկ Քաջիկի Վիրաբյանի երազանքները:

Կորյունը

Հերոս, ով իր կյանքը չխնայեց Հայրենիքի սուրբ գործի համար, ով Հայրենիքն  ավելի բարձր գնահատեց, քան իր կյանքը։

Կորյուն Արմենի Հայրապետյանը ծնվել  է՝ 1997թ.դեկտեմբերի 18-ին՝ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում։ Ավարտել է Կազանի թիվ 3֊րդ դպրոցը, ավարտելուց հետո սովորել է Կազանի ավտոճանապարհային տեխնիկումում, որն ավարտել է գերազանցությամբ։ Չնայած դրան Կորյունը չի հրաժարվել Հայրենիքի հանդեպ իր պարտքը տալուց և տեղախոխվել է Հայաստան՝ զորակոչվել բանակ, ծառայել Արցախի Հանրապետության  Ասկերանի շրջանում։

Կորյունը շատ կատակասեր էր, հումորով, աշխույժ, կյանքով լեցուն տղա, ով ուներ շատ նպատակներ ու երազանքներ։ Նա տան միակ զավակն էր։ Ամեն անգամ տուն խոսելիս մորը միշտ ասել է. «Մամ ջան, ամեն ինչ շատ լավ է, ծառայություն է, էլի: Ծառայեմ` կգամ»:

Լավ ծառայության համար Կորյունը արժանացել է կրտսեր սերժանտի կոչման և եղել է հրետանու հրամանատար։ Վերջին անգամ խոսել է իր մայրիկի հետ  հոկտեմբերի 10-ին՝ ասելով, որ  իրեն տեղափոխում են Հադրութ՝ որտեղ իսկական կռիվ է։ Կորյունը անմահացավ հոկտեմբերի 12-ին՝ Հադրութում։ Ծնողներն ու հարազատները ոչ մի լուր չունեին նրանից: Փնտրում էին այն հույսով, որ կգտնեն իրենց որդուն։ Անգամ հուսահատված մայրը մտածում էր, որ իր որդին գերի է։

Մոտ երեք ամիս որոնողական աշխատանքներից հետո հունվարի 4-ին, նրան գտան, սակայն արդեն անմահացած։ Կորյունին հուղարկավորեցին հունվարի 7-ին՝ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատանը։

Փառք ու պատիվ մեր հերոսներին, հավերժ խոնարհում:

Մարատը

Մարատին ճանաչում եմ փոքր հասակից՝ առաջին դասարանից, և պատմել նրա մասին անցյալով չափազանց դժվար է։

Դպրոցում առաջինն էր, ում հետ ծանոթացել եմ ու կիսել աշակերտական սեղանս։ Այն ժամանակ լեզու չէինք գտնում. ինքը շատ անհանգիստ էր դասերի ընթացքում, իսկ ես՝ չափից դուրս հանդարտ։ Սիրում էր տարբեր թեմաների շուրջ խոսել, տարբեր կարծիքներ լսել ու վերլուծել այնքան, մինչև որևէ եզրակացության հանգեր։ Իսկ իր ընտրած թեմաներն այնքան գրավիչ էին լինում, որ մեր քննարկմանը միանում էին մոտակա բոլոր սեղաններից։ Երբեմն լռություն պահպանելու համար այդ ամենը գրում էինք թղթերի վրա ու միմյանց փոխանցում։

Մարատը շատ լավ էր նկարում ու գրելուց բացի միշտ ինչ-որ զարմանալի գրաֆիկական պատկերներ էր նկարում (օրենքով գողերի նշանը՝ աստղ, գայլեր, խաչեր, առյուծներ…) Վերջում բոլորն ինձ մոտ էր հավաքվում ու հիմա աղմկոտ թղթերի այդ կույտը լուռ դրված է իմ պահարանում ու երբեմն-երբեմն բացվում է, վերընթերցվում՝ մեզ ինչ-որ բան, ինչ-որ մեկին հիշեցնելու համար…

Երկուսս էլ ինքնամփոփ էինք, բայց որքա՜ն էր նյարդայնանում, երբ չէի խոսում այն ժամանակ, երբ դրա կարիքը կար, երբ իր որևէ հարցի պատասխանը գիտեի, բայց լռում էի։ Նա առանց դժվարություններից վախենալու՝ միշտ մեծ նպատակներ էր իր առջև դնում: Ուզում էր Չեխիայում կամ Գերմանիայում բիզնես հիմնել, ինձ էլ մի լավ պաշտոն էր խոստացել Գերմանիայում, որ երազանքս կատարվեր։ Դպրոցն ավարտելիս, երբ բոլորին խնդրել էի իմ հուշատետրում տողեր թողնել, Մարատը գրել էր. «Քնած, դինջ, բայց խելացի։ Մաղթում եմ ամենալավն ու բարին, թող քո երազանքը կատարվի»։ Հիմա, երբ նա հրեշտակ է դարձել, ես վստահ եմ, որ իմ երազանքը կկատարվի…

9 տարի ես Մարատին ճանաչեցի որպես համառ ու նպատակասլաց տղայի, ով միշտ փորձում էր մեծ արդյունքի հասնել ամենակարճ ճանապարհով, ինչպես ինքն էր ասում՝ ուղեղով։ Եվս չորս տարի դպրոցից դուրս ես ճանաչեցի նրան որպես նվիրված ընկեր ու պատասխանատու երիտասարդ։

Եթե մի աշխատանք դժվար էր իրեն հատուկ բծախնդրությամբ ու պատասխանատվությամբ ավարտել, միշտ նույն կերպ էր դժգոհում.

-Էշ գործ ա։

Կատարելության հասնելու ու իդեալականը գտնելու ձգտումն էր պատճառը, որ իր տարեկիցների նման շուտ չէր սիրահարվում։ Նա միշտ փնտրում էր, բայց այդպես էլ չգտավ, որովհետև երկրի վրա կատարյալներ չկային։

Մարատը չէր փայլում բարձրագոչ հայրենասիրությամբ, նա հայրենիքն անաղմուկ էր սիրում՝ լուռ երախտագիտությամբ ու գիտակցված պարտավորվածությամբ։ Նրան ճանաչելը բարդ չէր, միայն հոնքերի խաղը, կիսատ ժպիտը ու աչքերի հետաքրքրասեր արտահայտությունը բավական էր նրա չբարձրաձայնված ասելիքը հասկանալու համար, իսկ բարձրաձայնում էր նա միայն փաստերը։ Իսկ լսելիս համբերատար էր, չէր ընդհատում երբեք, եթե խոսքը գովաբանությանը չէր վերաբերում։ Հրաշալի պարում էր, բայց իր տաղանդները ցուցադրել չէր սիրում։

Բանակ գնալիս էլ լուռ էր, միայն մի մեղմ ժպիտ էր զարդարում նրա գեղեցիկ դեմքը… Երևի հպարտ էր, չէ՞ որ զինվոր էր դառնում։

Շնորհավոր տոնդ, մեր զինվոր, Մարա՜տ…

Հերոս Ղուկաս Պողոսյան

Ղուկաս Սամվելի Պողոսյան, ծնվել է 1990թ. հոկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում, սովորել տեղի հիմնական դպրոցում: Միշտ եղել է բարի և հոգատար բոլորի հանդեպ: Բոլորս էլ իրեն հիշում ենք որպես լուսավոր ու ընկերասեր մարդու:

2017թ.-ից զինվորագրվում է` պայմանագրային ծառայության անցնելով Քարվաճառի զորամասում, որտեղ  նույնպես իրեն դրսևորել է կարգապահբարի և հոգատար զինվորական: Ծառայության անցնելու առաջին օրվանից վայելել է ծառայակիցների սերը և հարգանքը, դարձել ընկեր և եղբայր նրանց համար:

Սեպտեմբերի 27. Ղուկասը գտնվել է արձակուրդում: Լսելով պատերազմի մասին, ժամ առաջ ընկերների հետ մեկնել է առաջնագիծ, որտեղ այդ պահին գտնվում էր եղբայրը՝ Հովհաննեսը:

Ընկերները պատմում են.

- Ամբողջ ճանապարհին խոսում էր եղբոր մասին, ասում էր` եթե եղբորս մի բան լինի, բոլորին կսպանեմ…

Հասնելով առաջնագիծ, հանդիպել է եղբորը:

-Եկավ փաթաթվեց ինձ, համբուրեց ու ասաց, որ իջնեմ ցած, -պատմում է եղբայրը,-արգելեց մնալ այդ դիրքում: Հետո ձեռքով արեց ու ասաց` անպայման կհանդիպենք: Դիրքավորվեց և շարունակեց մարտ վարել:

Հոկտեմբերի 2-ին Ղուկասը և ընկերները ձեռնարկել են կորսված դիրքի հետբերման օպերացիան, որը կատարել են փառքով: Ընկերը պամում է, թե ինչպես էր Ղուկասը «կարդում» մարտը: Նա այնքան ծանոթ էր տեղանքին, որ կարողանում էր ճիշտ թիրախավորել հակառակորդին:

Բարեհաջող օպերացիայից հետո Ղուկասը տեղափոխվել է իր դիտակետ և շարունակել պատվով կատարել իրեն վստահված հայրենանվեր գործը:

Հոկտեմբերի 9-ի առավոտյան կրկին սկսվել է հրետակոծությունը Ղուկասի և ընկերների հետ գրաված դիրքի ուղղությամբ: Պատերազմելիս եղբորը հորդորում էր դուրս չգալ թաքստոցից, բայց ինքը իրեն չէր խնայում:  տեսնում է, որ ընկերը վիրավորվել է, նետվում է նրան օգնելու: Սակայն Ղուկասին է դիպչում ականանետից արձակված  արկի բեկորը, և խլում նրա եռանդուն ու թանկ կյանքը:

Ղուկասն անմահացավ հոկտեմբերի 9-ին, զոհելով իր կյանքը հանուն մարտական ընկերների և իր կողքին կռվող եղբոր:

Ղուկասը իրական Մարտիկ է, դժվար է նրա մասին խոսել անցյալով: Նա հերոս է, անկախ ցանկացած պետական պարգևից:

Ղուկաս, մեր հերոս, մեր լուսավոր և բարի մարտիկ, այնքան հպարտ ենք քեզանով, կրկնապատկեցիր քո հայրենասիրությամբ մեր  հարգանքը և հպարտությունը քո հանդեպ:

Հպարտ եմ, որ ճանաչել եմ Ղուկասի պես Մեծ Մարդու, ով իրեն չխնայեց բոլորիս համար: Դու անմահ ես, Հերոս, դու դարձել ես բոլորիս պահապան հրեշտակը:

Հավերժ փառք և խոնարհում, Հերոս Ղուկաս:

Rima Sahijanyan

Մեղրաձորի հին հարսանեկան ավանդույթների հետքերով

Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ։ Հայկական գյուղերն այնքան ներփակված են եղել, որ հաճախ հարևան գյուղերի և նույնիսկ նույն գյուղում ապրող, բայց տարբեր ծագումնաբանություն ունեցող ընտանիքներ ունեցել են հարսանեկան տարբեր ավանդույթներ։

Հին հայկական ավանդական հարսանեկան ծեսերի հանդեպ հետաքրքրությունս սկսվել է դեռևս  տատիս՝ հարսանեկան հին ավանդույթների՝ «խնամախոսություն», «խոսքկապ», «նշանադրություն», «հղե կտրել», «Հալավօրհնեք», «շորձևքի» մասին պատմող  զրույցներից։ Վերջերս Մեղրաձորի պատմության մասին գրքի ուսումնասիրությունը առիթ հանդիսացավ, և ես որոշեցի գնալ Մեղրաձորի հին հարսանեկան ավանդույթների հետքերով… Կարծում եմ դրանք ձեզ էլ կհետաքրքրեն:

Աղջկատես

Գյուղում «աղջիկ ճարելու» իրավունքը բացառապես պատկանում էր երիտասարդ ամուսնացողի ծնողներին, մասնավորապես՝ մորը։ Ամուսնացողի մայրը, եղբոր կանայք կամ քույրերը աղջիկ էին ընտրում աղբյուրը ջրի գնալիս, եկեղեցում, հարսանիքների  կամ այլ հավաքների ժամանակ։ Երբեմն ավելի մոտիկից ճանաչելու համար որևէ պատրվակով այցելում էին իրենց տները։ Աղջկանից ջուր են խնդրում, որ առիթ ունենան իրեն «լավ զննելու», ասեղ թելել տալիս` ստուգելու համար նրա տեսողությունը, նայում ոտքերը «իլանջուղ» (անբուժելի վերք) չունենա և այլն։ Աղջիկ ընտրելիս հաշվի էին առնում նաև նրա մոր բնավորությունը, համեստությունը։ Դեպքեր են նկատվել, երբ հայրը կամ ավագ եղբայրն առանց նախօրոք տղային տեղյակ պահելու, նշան են տվել իրենց կողմից հավանած աղջկան։ Ընդդիմանալն անիմաստ է եղել։

Հարսնատես

Նշանտուքի հաջորդ օրը փեսան իր մեկ-երկու ընկերների հետ երեկոյան այցի էին գնում աներանց տուն՝ հարսնացուին տեսնելու՝ իրենց հետ տանելով օղի կամ գինի, չրեր, կոնֆետներ ու մի հատուկ նվեր հարսի համար։ Հյուրասիրությունից հետո հարսն ու փեսան հաճախ քենիներից մեկի հետ առանձնանում էին խոսելու։ Հարսը մինչև նվեր չստանար, փեսայի հետ չէր խոսում։ Նվերը կոչվում էր «խոսելա», որը սովորաբար լինում էր ճակատի ոսկի, մատանի կամ այլ արժեքավոր իր։

Շոր կտրեք

Հարսնացուի պսակի զգեստը պատրաստում են փեսայի ծնողները` հաճախ նշանտուքի ժամանակ ստացված նվերների հաշվին։ Այդ նպատակով հավաքվում են բարեկամ կանայք` «շոր կտրելու»։ Երկու կին, որոնք հմուտ են շոր կարելու գործում, գնում են հարսի տուն, վերցնում են նրա չափսերը, վերադառնում ու ձևում շորերը։ Ձևարար կինը մկրատը դնում էր կտորին ու ասում` «մկրատը չի կտրում»։ Սկեսուրը մի նվեր էր տալիս վերջինիս, որից հետո ձևում և իրար մեջ բաժանում էին՝ կարելու։ Վերջին ժամանակներս այս արարողությունը վերափոխվել է և կոչվում է «հարսին շոր առնել»։

Գլուխլվա

Հարսանիքից ութ օր անց հարսի մայրը մի քանի բարեկամուհիների հետ գալիս էր փեսայի տուն` հարսի (աղջկա) գլուխը լվանալու։ Հրավիրում էին նաև փեսայի հարազատ բարեկամուհիներին: Նրանք հանդիսավոր կերպով լվանում էին հարսի գլուխը և վերջում առատ հյուրասիրվում խնամու կողմից։

Գյուղում հարսանիքների ժամանակ մասնակիցներից մեկը փեսայի տուն հասնելիս բակում երգել է.

Թագավորի մեր դուրս արի, տես, թե ինչեր ենք բերե.

Թոնիր վառող ենք բերե, տախտ ավլող ենք բերե.

Կովեր կթող ենք բերե, գլուխդ տփող ենք բեր…

Բացի այս սովորույթներից, եղել են նաև «տաշտատրեք», «միս մորթելը», «հարսանիքի հրավերք», «թագավոր նստել», «շնորհօրհնեք», «հարսնահանեք» ծեսերը։ Կենցաղային մշակույթը, կախված ժամանակաշրջանից, արագ փոփոխվում է, և այսօր հին հայկական ավանդական ծիսակարգերը փոփոխվել և արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող երանգ են ստացել։

Մխոն բանակ վազելով գնաց

Սա պատմություն է մի տղայի մասին, ում անունը դեռ շատերը պետք է լսեին, սա պատմություն է մի տղայի մասին, ում անունը հիմա ու հավերժ լսվելու է…

Սա պատմություն է մեր Մխոյի մասին: Իրեն ճանաչող մարդկանց սրտում ինքը միշտ մնաց «մեր Մխո» անունով, որովհետև իր տեսակով արդեն ավելի քան ՄԵՐ-ն էր:

18 տարեկան Մխոն` Մխիթար Գրիգորյանը, կրկնակի 18 տարիների կյանք ունեցավ, ու նույնիսկ անծանոթները զարմանում էին, թե 18 տարեկանում ոնց կարելի է այդքան հասուն, միաժամանակ, զուսպ ու հավասարակշռված լինել: Այո, նա արդեն իսկ ծնվել էր այդպիսին:

Մխոն ու իր սիրելի սպորտը 18 տարի կողք կողքի քայլեցին, կողք կողքի մեծացան այն հույսով, որ մի օր միասին աշխարհի ամենահայտնի ռինգերում հնչելու է իր անունը, հնչելու է բարձր, շատ բարձր, որ նույնիսկ սիրելի քաղաքի՝ Էջմիածնի ամենախուլ անկյուններում լսելի լինի։

Իսկ Մխոն բանակ վազելով գնաց…

Նա թողեց ռինգը ու իր այդքան պաշտելի սպորտը, պայմանով, որ գալու է, որովհետև աշխարհի չեմպիոնի կոչումը դեռ իրեն էր սպասում (ու հավերժ է սպասելու):

Իսկ մենք իրեն սպասեցինք, ու պատրաստ էինք հավերժ սպասել, միայն թե վերադառնար: Ախր, ռինգում ամբողջ կյանքում պարտություն չտեսածը կռվում չէր ընկնի, ու որովհետև իր անունը դեռ պետք է հնչեր, շատ բարձր հնչեր…

Մինչդեռ թաղի ոչ մի կռիվ բաց չթողած Մխոն իրական կռվից երբեք չէր փախչի:

Մինչդեռ ամենից առաջ ընկերության կենացը խմող Մխոն վիրավոր ընկերոջը մարտի դաշտում մենակ չէր թողնի:

Մինչդեռ իր ու մեր սպասված աշխարհի չեմպիոնի կոչումը որոշեց փոխարինել Հերոսի կոչմամբ, որովհետև Մխոն բանակ վազելով գնաց։

Այս փոքր երկրի ամեն անկյունում, ինչպես և Էջմիածնում, դեռ պիտի ծնվեն ու ապրեն անվախ ու քաջ տղաներ, թիկունք ու հույս աղջիկներ: Իրար հետ համերաշխ նրանց ընտանիքներում պիտի Մխոյի նման տղերք ծնվեն, ովքեր պատերազմի դեռ չհնչած զորակոչին սահման վազելը հերթական կատակ համարեն:

Մխոյի նման տղերք, ովքեր ծնվեցին ու դեռ դարեր շարունակ ծնվելու են, քանի որ Մխոն թողել ամեն ինչ ու  վազել էր բանակ, որ իր եղբայրների տղաները մի օր իր նման դառնան չեմպիոններ:

Որ մի օր էլի իր սիրելի մարզասրահը մարզիկներով ու ամուր տղերքով լցվի: Մխոն ռինգից սահման էր վազել, որ էլի ծնվեն, էլի շատանան, որ սահմանները էլ երբեք առաջ չգան։

Իսկ մենք՝ մենք ուղղակի չկորցրեցինք Մխոյին, աշխարհը կորցրեց իր չեմպիոնին, իսկ աշխարհի ամենահայտնի ռինգը հավերժ կսպասի իր ամենաուժեղ մարզիկին:

Իսկ աշխարհի բոլոր «տղայական կռիվներ» տեսած իր թաղը՝ հավերժ կսպասի երբեք ոչ մի կռիվ բաց չթողած տղային:

Իսկ ընկերության կենացը էլի խմելիս այս անգամ արդեն հավերժ մի անուն առաջինը կհնչի…

…Որովհետև Մխոն բանակ վազելով գնաց։

Բոլորիս պաշտպանն ու պահապան հրեշտակը

Նարեկը մեզնից մեծ էր 4 տարով։ Բոլորս իրեն հիշում ենք կյանքով լեցուն, ջինջ կապույտ ու ժպտուն աչքերով դպրոցական աշխույժ տղայի։

Անսպառ հումոր ուներ, կատակում էր և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների հետ։

Օրինակելի դասարան ունեին՝ չարաճճի էին, բայց միշտ միասին։

Դպրոցն ավարտելու վերջին ամիսներին դպրոցի աշակերտներին միավորել էին. բոլորը դուրս էին գալիս բակ` իրենց հետ գնդակ խաղալու։ Այդ բոլոր պահերը հիմա էլ մեր աչքի  առաջ են. Նարեկի լուսավոր պատկերը, շարժումները, խոսքերը, կատակները։

Պատկերացրեք, թե հիմա ինչ հպարտությամբ ենք սովորում այն դասարանում, հաճախում այն դպրոցը, որը մի ժամանակ Նարեկինն էր ու հիմա էլ իրենն է։

Հենց այդ դպրոցում մեզ սովորեցրել են, որ աշխարհում ամենավատ բառը պատերազմն է։ Նարեկն էլ գիտեր, իրեն էլ էին սովորեցրել: Ինքը զգաց դա, ու զգացինք բոլորս։

Նարեկը առաջինն էր զորակոչվել բանակ: Անմիջապես դպրոցն ավարտելուց հետո, և  պիտի ամենաշուտը գար և եկավ… Եկավ խաղաղ երկնքով, իր վաստակած խաղաղ երկնքով։

Անիծյալ պատերազմը խլեց մեր հավատը մեզնից ու մեր սպասելիքներից: Խլեց մեր երազանքները, խլեց մեր հույսը` երջանիկ ապագայի ու հզոր հայրենիքի հանդեպ, բայց մենք չկոտրվեցինք: Մեր ամեն քայլը պիտի դառնա ի շահ հայրենիքի հզորացման, որովհետև այստեղ է մեր ինքնությունը, որովհետև այս հողում երազանքներ են թաղված, ու մեր առաքելությունն է` իրականացնել դրանք։

Մենք ապրեցինք, ու Նարեկը ապրեց մեր՝ ապրողներիս հոգիներում։

Նարեկ Արմանի Բադալյան,

հայրենիքի նվիրյալ զինվոր, անսահման մեծ կամքի տեր, հավերժ ապրեցնող ու հավերժ ապրող հերոս, բոլորիս պաշտպանն ու պահապան հրեշտակը։

shushanik papazyan

«Խոհանոցային զրույցներ»

Շաբաթվա սկզբին էի որոշել գրել, բայց հետո մտափոխվեցի՝  շաբաթվա կտրվածքով ավելի շատ պատմելու բաներ կլինեն։

Ինչպես տեսնում եմ՝ չեմ սխալվել։ Առավոտյան բժշկուհիս էր զանգել։ Անհանգստացա, որովհետև արթնացրեց ինձ։
Միշտ հետս էդպես է լինում՝ միանգամից վատ բաներ եմ սկսում երևակայել։
«Կարո՞ղ է արդեն մեռնելս եկել է, ես տեղյակ չեմ»,- մտածեցի ու պատասխանեցի զանգին։ Կեսօրին ծիծաղս եկավ  առավոտվա կատարվածի վրա: Պարզվեց զանգել է, որ իրենց տուն հրավիրի։ Ավելացրեց, որ կարծում է, թե լավ աղջիկ եմ ու պիտի անպայման իր որդու հետ ծանոթանամ։
Ես էլ համաձայնեցի, որ երկար չխոսենք։
Կեսօրից հետո մտածում էի՝ ես համաձայնեցի որ լա՞վ աղջիկ եմ, թե՞ որ ուզում եմ ծանոթանալ ևս մեկ անհաջողակի հետ։

Պիտի ինձ զբաղեցնեի մինչև խոհանոց գնալս ու ճաշելս։ Գիտե՞ս՝ լինում է, որ օրս կեսօրից է սկսվում։
Ոչ հաճելի է, ոչ էլ տհաճ ՝ արթնանում եմ, էլի։
Խոհանոցում միշտ մայրս է լինում՝ ինձնից ու մնացած բոլոր կանանցից շատ։
Մենք գրեթե միշտ զրուցում ենք խոհանոցում, ու երբ մայրս ուզում է վիրավորել ինձ, ասում է. «Իսկը հորդ ես նման»։
Սովորաբար նման դեպքում չեմ հակաճառում՝ հայրս իսկական «ծիտ է» ու հետևաբար` ես էլ։ Ի՞նչ վատ է որ։

Շաբաթվա սկզբում ընկերոջիցս բաժանվեցի։ Ավելի ճիշտ, չգիտեր, որ ինքն իմ ընկերն է։ Պարզվեց ինչ-որ կարճահասակ մեկի հետ է։ Առաջին բանը, որ եղավ այս շաբաթ իր` իմ ցանկալի փեսացուների ցուցակից դուրս թռչելն էր։
Ճաշին ոսպով ինչ-որ ապուր էր։ Երևում էր, որ մայրս կարգին ջանք էր թափել։ Ստիպված եղա ամբողջությամբ դատարկել իմ բաժինը, որովհետև նոր խոսակցության տրամադրություն չունեի։
Ինչպես միշտ, վերջում կրկին գալու էր այն եզրակացության, որ ինձ մի կարգին տղամարդ է պետք։

Հաջորդ օրերին ձյուն էր տեղում։ Մայրս ասաց, որ լավ կլինի տանից դուրս չգամ՝ սառելու եմ։
Հետո հիշեցի բժշկուհուս. հա, էլի, իսկական լավ աղջիկ եմ։ Լսեցի մորս ու ոչ մի տեղ չգնացի։
Հանդիպում էինք կրկին  խոհանոցում։ Չորեքշաբթի երեկոյան կրկին ապուր էր ընթրիքի սեղանին։
Առհասարակ քեզ մի բան ասեմ ՝ մայրս սովորություն է ունեցել լսելու տատիս։
Տատս էլ ձմռանը միշտ ասում էր, թե խոհանոցում միշտ տաք ինչ-որ բան պիտի եփված լինի, որ երեխեքի եղած-չեղածը տաքանա։
Մեկ-մեկ զայրանում եմ մորս հնազանդության վրա։ Չնայած կարգին անհնազանդություն է ունեցել ժամանակին։
Ինձ հաճախ է ասում, թե իրեն էլ եմ նման։ Բայց հիմա իմ անհնազանդության ձեռքը կրակն է ընկել։
Ոնց հասկանում եմ, սպասում է, որ «կրքերը հանդարտվեն»։

Երբեմն ինձ թվում է, թե ես ինչ-որ սխալներ եմ թույլ տալիս ու ամեն բան սկսվում է այնտեղից, թե ինչպիսինն եմ ես։
Ես գրեթե ոչինչ չեմ անում, բայց ամեն գիշեր արթնանում են մահճակալիս տակ թաքնված հրեշներն ու խաղում են մազերիս հետ։
Չեմ ստի, եթե ասեմ, որ հիմա ամենաշատն ուզում եմ, որ դա տեղի չունենա։
Ես գիշերով հիմար երազներ եմ տեսնում, որոնք իրականում պատահել են ինձ հետ, ու սարսափում եմ, որովհետև դրանք նորից կրկնվում են։
Ես երբևէ չեմ հարցրել, թե հրեշներն ինձնից ինչ են ուզում։ Բայց խոհանոցային զրույցներում բորբոքվում ու հարցնում եմ, թե ինչ է իրենց ուզածն ինձնից։

Շաբաթվա վերջին ցանկալի փեսացուների նոր ցուցակ գրեցի։ Չէի ասի, թե ուզում եմ ամուսնանալ։ Երբեմն սիրտս կարգին, տեղը-տեղին ժամադրություն է ուզում։ Կարծեմ հինգշաբթի երեկոյին էր։ Մայրս ասում է, որ իր կյանքի միակ տղամարդն իր կողքին չէ։ Չգիտես ոնց է ստացվում, բայց ես շաբաթական երկու անգամ կորցնում եմ իմ կյանքի միակ տղամարդուն։
Ուզում եմ ասել, որ մայրս ճիշտ է՝ ես գաղափար չունեմ, թե ինչ եմ անում կյանքիս հետ։

Երեկոյան բացահայտեցի, որ մայրս օրագրություններս է գտել։ Ոնց հասկացա, նաև կարգին տնտղել է։
Առավոտյան խոհանոցային խոսակցություն ունեցանք։ Ասաց, որ առողջականիս հետևեմ, իսկ երազները հիմար բաներ են։ Պետք  է կարգին բան մտածել, դրանից ազատվելու համար։

Ես հաճախ եմ մտածում, որ այսօրն ինձ սպանեց, բայց շարունակում եմ առավոտյան արթնանալ, գնալ խոհանոց ու նախաճաշել։

Շաբաթվա վերջը գրեթե ոչինչ չբերեց։

Ես առավոտյան իմ սուրճը սառը պատշգամբում վայելում էի, մայրս էլ բողոքում էր, որ պատերազմից հետո ամեն ինչ թանկացել է։ Մենք խոսում էինք իմ երազների մասին, ավելի ճիշտ ես ջրին էի պատմում, որ չքվեին վարդագույն աչքերով հրեշները։ Հիշում եմ, որ մայրս լսում էր։ Տատիս պես, երբ կծկվում էի տատիս  ոտքերի մոտ ու պատմում, որ մեր բակում ոսկիներ կան՝ առավոտյան վաղ պիտի արթնանամ, որ գնամ գտնեմ։

Հաջորդ օրը մորս հարցրի ՝ տատը տեսնես գիտի՞, որ ոչ մի ոսկի էլ չգտա մինչև հիմա։ Որ գտածս միայն հողոտ գդալներ են եղել ու դրանցով սրա-նրա սիրտն եմ փորփրել ու ինձ համար տեղ չեմ գտել։
Գիտե՞ս, նման դեպքերում, երբ ես անկապ փիլիսոփայում եմ, մայրս ասում է ՝ լավ կլինի։
Ճիշտը որ ասեմ, ես էլ ամեն անգամ հրեշների հետ քոռ դանակով կռվելիս ինքս ինձ համոզում եմ, որ մայրս ճիշտ է՝ լավ կլինի, ու եթե աչքերս փակեմ, հետո բացեմ՝ հրեշները կգնան, ու ես նորից խոհանոցում կլինեմ։

Svetlana Davtyan new

Տղերք, երանի մի օր հանդիպենք

Ու ամեն կորսված զինվորի հետ, ես ինքս ինձ եմ կորցնում:

Ու չուզելով, բայց գիտակցում եմ, որ ինչ-որ պահից,

Ինչ-որ տեղ, ինչ-որ մեկին, պարտվում եմ այս պատերազմին:

Ամեն հերոսացած զինվորի հետ, ես էլ եմ բարձրանում երկինք:

Այդքան անծանոթ եք ինձ, բայց միևնույն ժամանակ, այդքան ծանոթ:

Ամեն մի գրած երկտողից, սիրտս պոկվում է տեղից:

 

Ասում են հրեշտակները առաքելությամբ են գալիս երկիր,

Բայց ես չէի ուզում, որ դուք այսքան շուտ վերադառնաք երկինք:

Ու նեղանում եմ ձեզանից, մազերս պոկում գլխիցս,

Որ էդպես էլ գոնե մի անգամ չհասցրի ձեր ձայնը լսեմ:

Սա մեր ընտրությունը չէր, ձերն էր, բայց ոչ մերը:

Դուք գնացիք, ու այս գրողի տարած կարոտը կոկորդիս կանգնած խեղդում է:

Բայց վերջում գալիս է հավատը, կրկին հանդիպելու հույսով ողողված,

Ու ամեն երկնքում ճախրող աղավնի տեսնելիս, կիմանամ, որ հյուր եք ինձ:

Elina Yerkanyan

Ճեղքեր

Եթե չների քեզ առավոտը

երկնային ձայնի հուշումներն լսելով

քո ձեռքն եմ բռնում արտացոլանքում:

ամուր, կարծես մի թել հյուսելով.

թեթև տա՛ր քարկապը կախյալ զգացմունքում

 

ու ստվերը՝ պոկած սենյակի անկյունից,

քեզնից կտանեմ անտեր մի հեռու:

կարծես թե գժվում եմ այն խուսափումից,

որ մթության մեջ կդառնաս դու ուրու:

 

մարդկանց հայացքները լքված փողոցում,

որ վաղուց պղծվել է նրանց մեղքերով

անվտանգություն անկեղծ չեն սուլում:

«Արի՛ վազենք բոբիկ ապակու վրայով»:

 

դու, չես մտածում քո հոգու մասին,

չես զգում նույնիսկ այդ ճիչը արյան:

բայց հիշիր քո սիրուց տանջվող անհասին:

Ես վախենում եմ ամեն մի վայրկյան

 

սարսափում եմ ես ամեն լուսաբաց

փնտրել քեզ մահվան սև ծալքերի մեջ:

հույս ունենալով, որ արևի դիմաց

կյանքիդ կրակը կվառվի անշեջ:

 

Ճեղքեր

Եվ հոգնած մարդկանց եսասիրությունից

մաշված երկնքից իջնում է նա ցած:

ոչ մեկ չի բացի իր սիրտը անբիծ

մի անհայտ ստվերավոր պատկերի դիմաց:

 

բոլորն էլ ջարդվում են այս աշխարհում:

դրա հետ հաշտվում են կամ մնում լքված:

բայց մի բանն է բոլորին միավորում:

երբեք էլ հետ չեն գա մասնիկները կոտրած

 

ի ծնե մենք փորձում ենք դատարկ ճեղքերում

տեղավորել սիրալիր մեզ մարդկանց:

ու խցկու՛մ ենք, խցկու՛մ ենք, խցկու՛մ ու խցկու՛մ:

բայց ի վերջո միայն ճմրթում ենք նրանց:

 

ասում են, որ մենք մինչև կյանքի վերջ

փորձում ենք լցնել այդ բացերն մնացած:

ու էլ կարևոր չի մեր համար էլ հեչ

որ ճեղքերն այդ քանդում են մեզ մի օր հանկարծ…

 

Համահունչ

օրեր կան հիշում եմ հայացքը քո լուրջ:

եվ լուրջ այնքանով, որ չէիր հավատում:

հանկարծ գիտակցում եմ, որ իրականում

երբեք մենք չենք եղել քո հետ համահունչ:

 

հոգումդ շեփոր էիր նվագում գաղտնի,

բայց ձևացնում էիր զորեղ մի թմբուկ:

իսկ երբ հեռացա ես կեսօրին,

հանեցիր դիմակը դեմքից քո փափուկ:

 

հաճախ թվում է, թե մտքիս մեջ

քո տան ճանապարհն եմ վերստին անցնում:

բայց արդյո՞ք արժի միայն կռիվ եվ վեճ

վերածել մի բանի, որին չեմ դիմանում:

 

մենք շնչում էինք քեզ հետ տարբեր օդերով

ես երկրային՝ դու անվեհեր:

բայց չափից շատ խղճուկ է

հաշված օրերով մոռանալ զգացունքը այդ՝ կոչված սեր:

 

Շնչահեղձ

ցորենակար երակներդ համբուրեմ աննկատ,

որ կորչեն մտքիդ կասկածները թյուր:

ուզում եմ թողնել, հեռանալ անընդհատ.

այստեղ միշտ զգացել եմ ինձ ինչպես հյուր:

 

ինչքան համոզես, որ քեզ չլքեմ՝

հետևի մուտքի դուռն թողնելով կիսաբաց,

ես հեռանում եմ շնչահեղձ՝

վերջին բառն անգամ մինչև վերջ չասած: