
Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի
Մարդը երջանիկ կարող է համարվել, եթե իր կյանքը լի է հետաքրքիր բացահայտումներով, երբ ամեն օր ինքը մի նոր բան է սովորում, ավելի է ճանաչում աշխարհը, որտեղ ապրում է: Ես երջանիկ եմ համարում ինձ, որովհետև ես կարողացա երկու օրում բացահայտել մի հրաշալի աշխարհ, որը մարդկային աշխարհից հետո ամենահետաքրքիրը կարող է համարվել: Ես բացահայտեցի ձիերի աշխարհը: «Այրուձի» հեծյալ ակումբի մասին շատերը գիտեն, այդ թվում նաև ես, բայց ուղղակի իմանալն ու այնտեղ լինելը միանագամայն տարբեր են:
Ձիերին պաշտում եմ. նրանց հետ կապված բազում հետաքրքիր ու անմոռանալի հիշողություններ ունեմ: Ինձ համար ուղղակի ամենամեծ ուրախությունը կարող էր լինել կրկին ձիերի հետ շփվելն ու հեծնելը: Իմ այս մեծ ցանկությունը չէր կարող ազդեցություն չունենալ իմ ընտրության վրա, թե որ ֆիլմի աշխատանքային թիմում ներգրավվեմ: Երկու օրվա նկարահանումները անմոռանալի էին: Ծիծաղելի կարող է թվալ, բայց շատ էի կարոտել ձիերին կամ էլ երևի կարոտել էի իմ մանկության այն անմոռանալի հատվածները, որոնց մի կարևոր մասը կապված է ձիերի հետ: Բայց հիմա այդ մասին չեմ պատրաստվում խոսել: Նյութը գրելիս կարևոր համարեցի ուղղակի առանձնացնել այն ամենը, ինչ տեսա «Այրուձիում»:
Բնականաբար կսկսեմ այն մարդուց, ով այդ ակումբի ոգին է: Քեռի Գագիկին` Գագիկ Փարադյանին, գիտեն բոլոր նրանք, ովքեր երբևէ եղել են այնտեղ: Բարի, հոգատար, խիստ ու բոլորին հարազատ Քեռին իշխում է իր տան, իր այգու, իր ձիերի վրա: Իր ձիերը ամենահարազատը նրան են համարում, քանի որ միայն Քեռին է ընդունակ հասկանալ իրենց տրամադրությունը, ցավը, հոգնածությունը, կամակորությունները: Քեռին շփվող մարդ է: Ինքը բոլորին հարազատ է համարում, բոլորն էլ՝ իրեն: Ակումբի կոլորիտը ինքն է պահպանում իր հումորներով: «Ես աշխարհին հումորով եմ նայում»,-ասում է նա: Քեռին ոչ միայն բոլորի սիրելի Քեռին է, այլ նաև հրաշալի հայր է, պապիկ ու ամուսին, ուսուցիչ ու ընկեր…ու մարդ, հրաշալի ուրախ մարդ: Սա ես ինձ համար պարզել եմ ընդամենը նրան իր շուրջը գտնվող մարդկանց հետ շփվելիս տեսնելուց: Քեռու և ձիերի ընկերությունը տեսնելուց հետո վստահ եմ, որ եթե մի քանի օրով նա բացակայի ակումբից, ձիերը կտխրեն, իրոք, կտխրեն, որովհետև իրենցից կպակասի հասկացված լինելու զգացողության ամենօրյա չափաբաժինը: Ինձ թվում է՝ մենք՝ մարդիկս, նախանձելու տեղ ունենք, քանի որ ձիերը այս աշխարհում մարդ էակի կողմից ավելի հասկացված են, քան մեզնից յուրաքանչյուրը: Ասացեք, որ կա նման բան:
Հիմա ուզում եմ խոսել այն մասին, թե ակումբն ինչ է տալիս մարդկանց, երեխաներին: Ես այժմ ուղղակի ներկայացնելու եմ իմ տեսածը: «Այրուձիում» բնության ու մարդկանց ներդաշնակություն է, փոխադարձ սեր, հանդուրժողականություն, խաղաղություն: Եթե հավատայի, որ որևէ կատարյալ բան գոյություն ունի, ապա դա կլիներ այստեղի օդը՝ լի երանելի հանգստությամբ: Այստեղ ամենակենդանատյաց մարդն անգամ իրեն մեղավոր կզգա այս կենդանիների առաջ, որոնք անշահախնդրորեն պատրաստ են օգնել երեխաներին առողջ լինել ու ավելի լավը դառնալ: Կենդանիների հետ ընկերությունը այն ճանապարհներից մեկն է, որը կարող է մարդու մեջ արթուն պահել մարդկայինը: Այստեղ երեխաներին սովորեցնում են մարդ ու ընկեր լինել, լինել հոգատար ու սրտացավ: Այստեղ թաքնված է հաշտ ապրելու գաղտնիքը:
Չմոռանամ ասել՝ երեկ ես նորից ձի նստեցի:
Իսկ վերջում գրեմ մեկ նախադասություն, որ Քեռին ասաց երեկ: Նրա ասածի շուրջ մտածել է պետք:
«Չեմ հասկանում մարդկանց. միս են ուտում, հետո սկսում են խղճալ ձիուն»: Այսօր արդեն սկսել ենք ֆիլմի մոնտաժային աշխատանքները: Հուսով եմ, մեր ֆիլմով կկարողանանք ձեզ փոխանցել «Այրուձի» ակումբի մթնոլորտը:





Շատ հաճախ, երբ ես ինչ-որ իրադարձության մեծ նշանակություն եմ տալիս, մեծ ոգևորություն եմ ցուցաբերում, դրանք չեն իրականանում, կամ փոփոխվում են…
Լույսը բացվեց…Առաջին անգամ էր, որ պարզ երևաց Արարատը: Իՙր ճերմակ գագաթով, իՙր հպարտ կեցվածքով…Հայի հպարտությունը…
-Ոչինչ, կիջնենք գյուղամեջ, ու այնտեղ կցրվենք տարբեր ուղղություններով, – ասաց Սիսակը:
-Երևանի՞ց եք, ասում եք` կինո՞ եք նկարում… Մեր եկեղեցիները, ձորը նկարեք, սիրուն բան շատ կա,- ոգևորվեցին պապիկները:
Թարգմանի՞չ…Շատ հետաքրքիր է, իմ ինչի՞ն է պետք թարգմանիչը, երբ ես գիտեմ իմ մայրենի լեզուն` մտածում էի ես:



Օրեցօր ավելի է հետաքրքի է դառնում մեր առօրյան: Այսօրվա ընթացքում ես ավելի մանրամասն սովորեցի ֆիլմ նկարահանելու գաղտնիքները: Օրինակ` քանի հիմնական պլանով են նկարահանում ֆիլմերը կամ, որն է ամերիկյան պորտրետը: Հետո մենք բավականին երկար և բարդ քննարկում ունեցանք մեր ֆիլմերի գաղափարների վերաբերյալ, քանի որ ֆիլմերի գաղափարները շատ էին, և մենք չէինք կարող կողմնորոշվել, թե որոնք ընտրենք այս ընթացքում նկարահանելու համար, իսկ երբ ընտրեցինք, համարյա մինչ ուշ գիշեր քննարկում էինք, թե ով որ թիմում աշխատի: Մեր ավագ ընկերները վերջնական ընտրված ֆիլմերի վերնագրերը գրել էին գրատախտակին և մեզ առաջարկել ընտրել մեկը և անունը գրել թիմի կազմում: Երեկոյան պարզվեց, որ համարյա բոլոր թիմերի մեջ աշխատելու ցանկություն էինք հայտնել բոլորս: Կեսգիշերին վերջապես կողմնորոշվեցինք: Շուտով նկարահանումները կսկսեն:
Առավոտը հետաքրքրասիրությամբ լցված իջանք նախաճաշի, քանի որ գիտեինք՝ գիշերը մեր սերբ ընկերները շատ ուշ ժամանել էին ու արդեն հյուրանոցում են: Երկար ճանապարհից հոգնած՝ նրանք առավոտյան մեր աշխատանքներին չմիացան, բայց մինչ մեր ծանոթությունը, պատանի թղթակիցներս հասցրինք մեր՝ մոնտաժային աշխատանքի տեխնիկական գիտելիքները հարստացնել գործնական աշխատանքով:
Ճամբարի առաջին նկարահանումները
Առավոտս բացվեց այն ժամանակ, երբ սենյակակիցներս` Մանեն և Նելլին պատրաստվում էին գնալ վազելու: Նրանք որոշել են այստեղ էլ հավատարիմ մնալ իրենց ռեժիմին. Վեր կաց ու վազք առավոտյան 6-ին և քնել գիշերը 10-ին: Վեր կացն առայժմ ստացվում է:
Բացի դասընթացներից, ինձ շատ են դուր գալիս նաև նոր շփումները և ծանոթությունները: Մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից են ու Երևանից, և զրուցելիս շատ նոր բաներ ենք իմանում նաև մարզերի մեր հասակակիցների մասին: Իսկ այսօր արդեն սկսում ենք ծանոթանալ մեր սերբ հասակակիցների հետ: Առաջինը` սերբերեն «բարև» բառն է, իսկ երեկոյան հասցրեցինք սովորել նաև սերբական պար: Մի խոսքով, այս օրերի ընթացքում կհասցնենք «փոխանակվել» նաև մեր մշակույթներով, ինչը ինձ շատ է ուրախացնում: Առաջին օրն էր, և մեր սերբ հասակակիցները մշակութային շոկ էին ապրում. Առաջին անգամ էին լսում հայերեն խոսք, ուտում հայկական կերակուրներ, անգամ երբ դիտում էին մեր նկարած ֆիլմերը, դիտում լուսանկարները:
