Հասուն կյանքի առաջին ամառը

Մի քանի տարի առաջ ընտանիքով գնացել էինք ծով հանգստանալու: Ես դեռ փոքր էի, շատ էի երազում, լավ հանգստանում էի, իհարկե, նաև ամեն ինչում օգնում էի ընտանիքիս, բայց ամբողջ պատասխանատվությունը և որոշումներ կայացնելու իրավունքր իրենց վրա էր: Այդ ժամանակ ես մեր մասին գրեցի մի պատմվածք «Մանկության վերջին ամառ» վերնագրով: Իսկ այս տարի մենք՝ 6 ընկերուհիներով, որոշեցինք ինքնուրույն քաղաքից դուրս հանգիստ ու արկածներ կազմակերպել: Մեր կյանքի ու ամեն ինչի պատասխանատվությունը մեր վրա էր, և մենք կազմակերպեցինք այնպես, ինչպես թույլ էին տալիս մեր երիտասարդ, մի քիչ մանկական, աղջկական ուղեղները և հնարավորությունները: 

Մենք վեց հոգի էինք. Ամենատարբեր արտաքինով և էլ ավելի տարբեր բնավորությունների տեր աղջիկներ՝ ես, Աննան, Վեներան, Լենան, Իրման ու Սոնան: Գնում էինք ինձ շատ հարազատ, իսկ այս պատմությունից հետո էլ ավելի հարազատ քաղաք՝ Դիլիջան:

Սուսաննայի մոտ

Աննան էր ամեն ինչ մտածել: Շատ շնորհակալ եմ իրեն իր բոլոր ծընգլ անող զանգերի, մուննաթների, առաջնորդության համար, ու նրա համար, որ բոլորիս հավաքեց: Նա պատվիրել էր Երևան-Դիլիջան գազելի տոմսերը, պայմանավորվել էր Դիլիջանում ապրող մի կնոջ հետ, ում տանը պիտի մնայինք:

Առավոտ շուտ մենք բոլորս ժամանակին հասանք Հյուսիսային ավտոկայան, գտանք մեր գազելը, նստեցինք մեր նախօրոք պատվիրած և արդար ձևով վաստակած տեղերը, շարժվեցինք և համերաշխ, առանձ դժբախտ պատահարների հասանք Դիլիջանի ավտոկայան: Այո, Հայաստանում երբեմն պատահում է այդպես:

Այն կնոջ անունը, ում տանը պիտի մնայինք, Սուսաննա էր: Նա իր տանն ընդունում է հովեկների, փող է աշխատում և նրանց հետ էլ ապրում է նույն տանը: Մենք ներս մտանք, բարևեցինք: Ես մի քիչ լարվեցի մթնոլորտից, բայց ինքս ինձ համոզելով, որ մենք նոր ենք եկել, և ընդհանրապես ոչ բոլոր մարդիկ են միանգամից դուր գալիս, մտածեցի՝ դե, ոչինչ… Բարձրացանք 2-րդ հարկ: Պատերը, իհարկե, լավ վերանորոգված պատեր չէին: Համենայն դեպս, պատերի վրա չկային պատռված պաստառներ, այն պարզ պատճառով, որ ընդհանրապես բացակայում էին: Իսկ ընդհանուր առմամբ, տարօրինակ էր: Տարօրինակ էին անկողնու սպիտակեղենի վրա գտնվող երևակայական ինֆեկցիաները, քանի որ միջավայրը մաքրություն չէր խոստանում: Տարօրինակ էին տանից եկող ձայները, իսկ զուգարանի վիճակը ընդհանրապես սարսափեցնում էր մեզ: Մենք խորհրդակցեցինք և որոշեցինք, որ կարելի է ուրիշ տուն փնտրել: Վեներան հավաքեց իր խիզախությունը և փորձեց Սուսաննային բացատրել, որ մենք կուզեինք գնալ մեր «ծանոթների» մոտ, իրենց տունն էլ տեսնել, իսկ հետո որոշել, թե որտեղ կմնանք:

- Դուք չգիտե՞ք` ուր եք մնալու: Դուք որոշեք արագ, ու ինձ ասեք. մնո՞ւմ եք, թե` չէ: Ձեզ տասը րոպե ժամանակ, – վրա տվեց Սուսաննան:

Մենք մտածեցինք, որ կարելի է դուրս գալ, մի քիչ զբոսնել և տեսնել, թե ինչ տներ կան մոտակայքում, իսկ մեր ծանր պայուսակները թողնել Սուսաննայի տանը: Լենան համաձայնեց պայուսակների հետ մնալ տանը:

-Ես հիմա տասը րոպեից տուրիստներ եմ ունենալու, – ասում է Սուսաննան, – եթե դուք մնալու եք, ուրեմն հիմա ասում եք,  որ ես ձեզ տամ սենյակը: Ի՞նչ: Ո՛չ, դուք չեք թողնի ձեր «վեշերը»: Դուք գնո՞ւմ եք: Ուրեմն, հենց հիմա «վեշերներդ» հավաքեք ու գնացեք:

-Բայց դուք կարող եք մեզ մարդկայնորեն հասկանալ: Մենք հիմա կնայենք ուրիշ տներ էլ ու կորոշենք: Մեր մի ընկերուհին կմնա վերևում, մեր պայուսակների հետ: Մենք կգանք, ու եթե չստացվի, կվերցնենք: Դուք ձեր հյուրերին ասեք, թող իրենք հանգիստ գան, – ասում է Վեներան:

-Ի՞նչ: Ուրեմն մարդկային, հա՞: Բա դու մարդկայի՞ն ես, որ իմ գործերը սաղ խառնում ես: Ուրեմն դուք վճարելու եք էս ամենի համար: Հա: Ու ձեր բարեկամին էլ կասեք, որ դուք հելաք ու գնացիք, ինձ մոտ պայմանավորվում եք ու չեք մնում, հա՞: Կասեք` ես ձեր համար պատասխանատու չեմ, եղա՞վ:

-Ոչ, ոչ, էսքանից հետք դուք մեր համար ընդհանրապես պատասխանատու չեք, դուք հանգիստ մնացեք, մենք գնում ենք: Մենք հիմա մեր պայուսակները կվերցնենք ու կգնանք:

-Դե գնացեք: Գնացեք: Առաջինը դու գնա, խառնակի՛չ, – ասում էր` ցույց տալով Վեներային. – Դուք ուրեմն ինձ խաբեք, հա՞: Եկեք տեսեք հլը իմ բաղնիքը: Ասում եք` ես բաղնիք չունեմ, հա՞: Եկեք տեսեք ու գնացեք, եղա՞վ: Եկեք տեսեք, որ իմ մոտ բաղնիք կա: Հետո փորձվեք ասեք, որ Սուսաննայի մոտ բաղնիք չկա, հասկացա՞ք: Ի՞նչ ա իմ տան պատերի ռեմոնտը, հլա մի տեսեք, դուրները չի գալիս: Բա ձեր տանը տենց չի՞: Ձեր տանը ավելի լավ ա՞: Հելեք գնացեք:

Ու մենք թողեցինք, փախանք այդ չար տնից: Ավելի լավ է փողոցում մնալ, քան այդ կնոջ հետ: Ես վախենում էի, որ նա հանկարծ դիմի բռնի ուժի:

Ահա մենք՝ վեց աղջիկներով, թափառում ենք Դիլիջանի ծուռ փողոցներով, Աստված գիտի, թե որտեղ, պայուսակներով և առանց գիշերելու տեղի: Շատ հիմար տեսք ունեինք, գժերի նման ծիծաղում էինք ու երջանիկ էինք…

Մոտենում էինք անցորդներին ու հարցնում.

-Կներեք, այստեղ մի տեղ քոթեջներ չկա՞ն, որ կարողանանք գիշերը մնալ, մենք վեց հոգով ենք, բայց թող գոնե երկու մահճակալ լինի, ոչինչ: Ինչ-որ տեղ գիտե՞ք:

-Դե, ես չգիտեմ: Դուք ի՞նչ տուն եք ուզում: Պայմանավորված էլ չե՞ք: Այ էստեղ մի տեղ կնիկ կա, ինքը տուն ա տալիս վարձով: Գնացեք ըտեղ:

Այո: Անցորդը ցույց էր տալիս հենց Սուսաննայի տան ուղղությամբ:

-Ոչ, ոչ, շատ շնորհակալ ենք, չենք ուզում էդտեղ, Աստված հեռու պահի:

- Է, դե ինչ ասեմ…

Հանկարծ տաքսի է անցնում, Աննան գոռում է.

-Բռնեք, բռնեք դրան:

Տաքսին կանգնում է:

-Կներեք, դուք այստեղ տուն գիտե՞ք վարձով: Որ կարողանանք մնալ: Մեզ երկու մահճակալը հերիք կանի, մենակ մաքուր տեղ լինի, գիշերը չենք քնի:

-Տո՞ւն, մի րոպե, հեսա ճշտեմ:

Ու վարորդը սկսում է զանգել: Ահա և զանգեց մի կնոջ, որը նույնպես հյուրեր է ընդունում:

-Հո անունը Սուսաննա չի՞, – հարցնում ենք մենք:

-Չէ, Նառա ա:

-Իսկ ջուրը ո՞նց ա: Նորմա՞լ տուն ա:

-Հա նորմալ ա, – պատասխանում է մեզ վարորդը, տալով մեր այդ բոլոր հարցերը հեռախոսով Նառային:

-Իսկ կարո՞ղ ա մեզ զեղչ անի,- հարցրեց Աննան:

-Իսկ կարո՞ղ ա զեղչ անես, Նառա: Հա, կանի, 4000-ով կմնաք մարդը:

-Դե լավ, գնացինք, կտանե՞ք մեզ:

 

Նառայի մոտ

Ներս ենք մտնում Նառայի տուն:

-Վայ, բարև ձեզ, ներս եկեք, էս ինչ լավ աղջիկներ եք, եկեք տեսեք իմ տունը:

Նառան շատ հաճելի կին դուրս եկավ, տունը լավն էր, մահճակալները մեզ տվեց, նույնիսկ ծալովի մահճակալ ավելացրեց:

-Ես ձեզ ամբողջ տունը կտամ, եթե պետք ա: Կողքի տունը մամայիս տունն ա, իրա մոտ կմնամ, որ ձեզ հանգիստ լինի: Տղաս էլ առավոտը վեցին գնում ա, իրիկունը իննին գալիս: Բա պիտի հանգստանաք, չէ՞: Ես ձեզ անտառի տեղն էլ ցույց կտամ: Կարամ` ուտելիք էլ սարքել: Բայց դե, ուտելիքը դուք պիտի առնեք: Բայց ես գումարը նախօրոք եմ վերցնում: Թե չէ` ինձ էնքան են խաբել, էնքան են նեղացրել: Մարդ ու կնիկ էին գալիս ստեղ չգիտեմ ինչ էին անում, կարող ա սկի ամուսնացած էլ չէին, խալադելնիկը ջարդեցին: Բայց դուք լավն եք: Ուզո՞ւմ եք, երրորդ գիշերն էլ ձրի մնացեք, էդ էլ ձեզ նվեր:

-Վայ ինչ լավ ա…

-Իմ տղուս թայ աղջկեք եք, ձեզ հարազատի պես կընդունեմ, գնացեք վեշերը բերեք:

 

Քայլելով մանկության հետևից 

Երեկոյան զբոսնում ենք: Դուրս ենք եկել գլխավոր փողոց, և ես նկատում եմ Փոստը: Ու այդ պահին մայրիկս զանգեց:

-Մամ, Դիլիջանում քանի՞ հատ Հայփոստ կա: Ստեղ քաղաքապետարանն ա, «Դիլիջան» կինոթատրոնն ա:

-Հասարակական զուգարան կա՞:

-Հաաա, հեսա էդ հասարակական զուգարանը: Ես ստեղից արդեն հիշում եմ: Աղջիկներ, ուզում եք` եկեք, ուզում եք` սպասեք, ես պիտի գնամ ու տեսնեմ մեր տունը:

Ես մոտենում եմ: Արդեն տեսնում եմ դարպասների հետևից երկու տուն՝ սպիտակ ու սև: Ես հիշում եմ, թե ոնց էր տատիկս ցույց տալիս ու ասում. «Էն սիրուն սպիտակը տեսնո՞ւմ ես, էդ հարևաններինն ա: Իսկ են սև քանդվածը մերն ա, քո պապական տունն ա»: Ու այդ նույն խոսքերով ես դիմում եմ ընկերուհիներիս, այնքա՜ն հպարտ այդ քայքայվող փայտի կտորների համար… Ընկերուհիներիցս երկուսը եկան ինձ հետ, մյուսներին հետաքրքիր չէր: Մարդ չկար, ու դարպասները փակ էին, իսկ մենք թռանք դարպասների վրայով ու մտանք բակ: Այդ բակում կանգնել էի ու տեսնում էի մանկության վառ պատկերներից մեկը. վազվզող փոքրիկ ճուտիկներ…Հերթական անգամ զարմացա, թե ինչպես կարող է տարածությունը ժամանակի հետ փոքրանալ, բայց հիշողության մեջ հսկայական մնալ: Մեկ անգամ էլ հայացքով ընդգրկեցի ամբողջ բակը ու տունը, նայելով և հիշելով, որ այստեղ, օրինակ, առաջ խոզեր էին պահում: Ես մի պահ մտածեցի, արդյո՞ք ես ձանձրացրել եմ Լենային ու Սոնային, բայց նայելով նրանց աչքերի մեջ, հասկացա, որ ոչ…

Ու այո, ես ինքնուրույն գտա այդ տունը:

Party

Դիլիջան, ընկերուհիներ, մենք մենակ ենք և ազատ: Նման միջավայրը պարզապես չի կարող չտրամադրել մի լավ Party անելու: Աննան բերել էր հսկայական ձայնաուժեղացուցիչ սարքեր ու գինի: Մի քիչ խմեցինք ու պարում էինք շատ բարձր երաժշտության տակ, վրեժ լուծելով Նառայի տղայից իր «ռաբիզ» երաժշտության համար: Գինին մի լավ ազդել էր, պարում էի ազատ, առանց մտածելու, աչքերս փակ: Առավոտյան Վեներան ծիծաղում էր, բայց իմ համար դա իսկական պարել էր:

Պարելուց հետո Աննան, Իրման ու Վեներան գնացին ֆիլմ նայելու, իսկ ես, Սոնան ու Լենան նստեցինք ու իբր պիտի փիլիսոփայեինք: Դրա հավեսը ես չունեի, ու միակ բանը, ինչի մասին մտածում էի ու ինչից վախենում էի. «Միայն հանկարծ ես չքնեմ բազկաթոռի մեջ իրենց աչքի առաջ»: Իրականում հենց այդպես էլ եղավ: Հետո ես տեսա, որ Սոնան ու Լենան ինձ վրա ծիծաղում են: Առավոտյան իմացա, որ իրենք քիթս էին խուտուտ տալիս, որ արթնանամ, բայց դա չազդեց: Հետո չալարեցին և իմ սենյակից բերեցին վերմակս ու դրեցին գլխիս, որ արթնանամ: Հետո ինձ քաշ տվեցին իմ սենյակ, գցեցին անկողնուս վրա և «խնամում էին», ինչպես հարբեցողի կխնամեին: Ծիծաղից փորս ցավում էր…

Նառան

Նառան շատ էր խոսում: Շատ բարի ու անկեղծ կին էր, բայց ինչքա՜ն էր խոսում… Լենան հերոսաբար ժպտում էր:

-Դուք շատ լավ, տան աղջիկներ եք: Բայց երևում ա, որ դուք մամայի կարիքը դեռ ունեք: Դուք որ մենակ մնաք, սոված չեք մնա, շատ բան եք կարողանում անել ու շատ բան գիտեք: Բայց նաև լիքը բաներ կա, որ չեք կարողանում: Մեր մոտի աղջիկները 19 տարեկանում արդեն պատրաստի մամաներ են, էլ զակատ են անում, մուրաբա սարքում, էլ թթու են դնում, ամեն ինչ: Իսկ քաղաքում խնդիր ա: Քաղաքի աղջիկները հարսի են գնում ու իրանց կիսուրը իրանց վրա բարկանում ա: Իրանք էլ քնելուց առաջ իրանց մարդուն տխուր-տխուր բողոքելու են, բա, մամադ սենց ասեց: Դե մի անգամ, երկու անգամ, երեք՝ կհասկանա, բայց վերջիվերջո կասի: «Դե հերիք ա, կարո՞ղ ա քո պատճառով մամայիս պիտի բան ասեմ: Չես կարում եփել, էլի»:

Իսկ ես իմ տան ռեմոնտը, ամեն ինչ ես եմ արել, աբոյները ես եմ կպցրել իմ ձեռքերով, իմ տղաս ու ամուսինս խաբար չեն, թե ինչն եմ ես արել: Ամեն օր իմ խոզերին ու կովին կեր եմ տալիս, խնամում եմ: Ջուրը 4 ժամ ա գալիս, ամեն ինչ հասցնում եմ:

Ու սկսեց ինքը իր տղայի, ամուսնու ու սկեսուրի մասին պատմել: Իր մյուս տղայի մասին, իր հարսի մասին, իր տղայի ընկերների մասին…

Մի անգամ Նառան մեզ առաջարկեց, որ իր տղայի ընկերը իր ավտոյով մեզ Պարզ լիճ տանի: Սկզբում ուրախացանք, մտածեցինք. «Ջան, անվճար կտանեն»… Համաձայնվեցինք: Բայց հետո հասկացանք, որ եթե ինքը մեզ տարավ, Պարզ լճում մեր հետ կմնա… Մի կես ժամ չգիտեինք` ոնց մերժենք, որ չնեղանա: Հետո մեզ վիլիսով հարևանը տարավ ու շատ քաղաքավարի էր իրեն պահում, չէր անհանգստացնում, չէր կպնում մեզ: Մենք էլ դրա համար իրեն ձմերուկ հյուրասիրեցինք:

 

Ավտոկայան

Ահա և վերջ: Մեզ ճանապարհեցին դեպի ավտոկայան, և մենք պիտի նստեինք Դիլիջան-Երևան գազելը: Վճարեցինք, տոմսերը վերցրինք, ու գազելը պիտի ժամը 2-ին շարժվեր: Նստելուց պարզվում է, որ մեր տեղերում կանայք են նստած: Մենք ցույց ենք տալիս մեր տոմսերը, իրենք էլ իրենցը: Տոմսերը համընկնում են: Կանանցից մեկն ասում է, որ սա ժամը մեկի գազելն է, բայց արդեն 15 րոպե ուշանում է: Իսկ մեր գազելը ուրիշ է, ժամը 2-ինը: Բայց վարորդը մեզ ասում է, որ նստենք, իսկ այդ կանանց տեղ չի տալիս: Իրենք էլ հակաճառում են.

-Բայց չէ՞ որ սա մեր գազելն ա, ժամը 1-ի գազելը, մենք տոմսերի համար վճարել ենք, ու սրանք են մեր տեղերը:

-Ժամը մեկի գազելը վաղուց գնացել ա, – ասում է վարորդը:

-Ո՞նց թե` գնացել ա: Մենք տոմսերը առել ենք: Ինչի՞ ա գնացել: Ինչի՞ չի սպասում վարորդը ուղևորներին:

Մի խոսքով, ժամերը խառնվել էին: Առաջին գազելը գնացել էր առանց իրենց, իսկ իրենց փոխարեն վարորդը տարել էր ուրիշ ուղևորների: Իսկ այս խեղճ կանայք, որոնցից 2-ը ծեր տատիկներ էին, մնացել էին դուրսը: Իսկ 2-րդ գազելն էլ նստել չեն կարող, քանի որ դրա բոլոր տոմսերը արդեն վաճառված էին: Իսկ այն մարդիկ, որոնք վճարել էին այդ տոմսերի համար, արդեն եկել էին ու կռիվ էին գցել: Մի գոռոց, մի բղավոց… Տոմսարկղի հարբած աշխատողը բղավում է խեղճ կանանց վրա…

-Չեմ դուրս գա ես, կնստեմ ստեղ, ուզում ա մինչև հինգը կնստեմ: Թող նորմալ աշխատեն, նորմալ տեղերը դասավորեն, էդ խմած աշխատողը եսիմինչ ա անում…

-Դու քո ավտոյից ուշացել ես, գնա, թող էս մարդիկ նստեն, իրանք մեղավոր չեն, – բղավում է վարորդը:

-Բա ես ի՞նչ մեղք ունեմ, որ ժամը մեկի ավտոբուսը 15 րոպե շուտ ա շարժվել, ու ուրիշ մարդկանց ա տարել, բա կարելի ա՞:

-Դու էս մի գազելի փողը չես տվել, դուրս արի գնա, թող էս մարդիկ նստեն:

-Ես տվել եմ, ինքը կերել ա: Նորմալ աշխատեիք, նորմալ կտանեիք պասաժիրներին, չի շարժվում, դե ես էլ չեմ իջնի:

Մոտավորապես նույն պատմությունը տեղի էր ունեցել, երբ ես գնում էի Սևան: Էս վարորդները, երբ տեսնում են, ուղևոր է եկել, արդեն ոչ մեկին չեն սպասում: Ու ամենաահավորը այն էր, որ ժամը 2-ի գազելի համար վճարած ուղևորները ստիպված կլինեն նստել ժամը 3-ի գազելը, քանի որ իրենց գազելում նստած են ժամը 1-ի ուշացած ուղևորները: Իսկ ժամը 3-ի ուղևորները կգան ու կհասնեն իրենց պատվիրած, վճարված, բայց զբաղված տեղերին: Եվ այդպես շարունակ… Տարրական մաթեմատիկայի գիտելիք է ընդամենը հարկավոր, որպեսզի կարգավորվի այս հարցը, բայց, ցավո՜ք, դրամարկղի հարբած աշխատողը չունի այդ գիտելիքները:

Եվ հանկարծ այս խառնաշփոթի մեջ մեզ մոտենում է մի բարի արտասահմանցի և անգլերենով հարցնում.

-Wich one of this two minibuses leaves now?

-Oh,- ծիծաղում ենք,- even we don’t know that.

-You know, actually I want to go to Yerevan today, you see.

-Ahahah, We also very very much want to get to Yerevan today. So you go and pay for the ticket, maybe that will help.

-Thank you.

-Good luck,- կարեկցանքով և հույսով լի ձայնով պատասխանեցի ես:

Նման պատմություններ հաճախ կհանդիպես Հայաստանի ավտոկայաններում: Դե, ինչ… Սա Սև ծովը չէ, Եվրոպա չէ, բայց այն է, ինչ մենք ինքներս կազմակերպեցինք և արեցինք: Ես շատ ուրախ եմ, որ նման արձակուրդ անցկացրեցի ընկերուհիներիս հետ: Երբ դու անցկացնում ես քո հասուն կյանքի առաջին ամառը, ինքդ ես պատասխանատու, ինքդ ես որոշում, թե արժե՞ արդյոք մնալ Սուսաննայի տանը, դու բավականին կազմակերպած ես, որպեսզի ժամանակին հասնես միջքաղաքային տրանսպորտին, ու նաև բավական համբերատար, որպեսզի նստես գազազած գազելի մեջ: Դու հասուն ես…

 

Երևակայություն և իրականություն

Անդրենթագիտակցական կյանքը մի ուրիշ աշխարհ է, որտեղ ժամանակն ու տարածությունը պաշտոնաթող են եղել, որտեղ երևույթներն ու իրերը կարող են լինել այնքան իրական, որքան երազանքն է և պատիր այնքանով, որքան նպատակն է:

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Ես քայլում էի ու չգիտեի, թե ոտքերս ինձ ուր են տանում: Անձրև էր գալիս , բայց այն շրջանցում էր ինձ: Գրողներն են այդպես սկսում. ես գրող չեմ, ոչ էլ բանաստեղծ: Պաշտոնս՝ աշակերտ, մասնագիտությունս՝ խզբզող: Խզբզում եմ գրելիս, նկարելիս, նույնիսկ իմ նկարած լուսանկարներն են խզբզոցներ: Ես քայլում էի դասից տուն, անձրև էր գալիս, իսկ ես անձրևանոցով էի: Փողոցը նույնն էր, բայց զգում էի, որ ինչ-որ բան այն չէ: Ես անընդհատ շրջվում էի, նայում շուրջս: Չէ, հաստատ տներն ուրիշ էին: Սուր-սուր քթերով տներ էին՝ ծղոտից պատրաստված, բակերում ինչ-որ գյուղական անցուդարձ: Մյուս կողմում ուրիշ պատկեր էր ՝ճոխ ու շքեղ տներ: Մի փողոցից մյուսը ծայրահեղություններ էին իրենց բոլոր չափանիշներով: Ծայրահեղությունները այդտեղ շատ էին: Ես սիրում էի ծայրահեղությունները, որից ադրենալինդ բարձրանում է, ու ավելի արագ է աշխատում սիրտդ: Իսկ իրականությունն այլ է. իրականում միջակությունն  է, այն միջակը, իրար հավասար, տուփի նմանվող շենքեր, միջակ  մարդիկ ու միջակ հոգիներ: Ինձնից մի քանի քայլ առաջ մի աղջիկ էր քայլում, կանաչ սարիով: Կանաչ ու անձրև: Ես անձրևանոցով էի, նա առանց անձրևանոց: Մի քիչ խղճահարական հայացքով էի նայում նրան, նրա թրջված մազերին ու շորերին: Նրա  ձեռքում ինչ-որ բան կար, բայց ես դա տեսնել չէի կարող: Շատ քայլելով արդեն իսկ հասկանում էի, որ իմ քաղաքում չեմ , ոչ էլ երկրում, բայց սարիով աղջիկներ աշխարհի տարբեր մասերում էլ կլինեն: Նույն հայացքով նայում էի նրան, ուզում էի կանչել, բայց երկիրն անգամ չգիտեի , աղջկա անունը իմանալը ավելի տարօրինակ կլիներ: Դա մի այնպիսի երկիր էի , որտեղ երբեք չէի եղել: Դպրոցիս տեղն աչքերիս առաջ իր ամբողջ գեղեցկությամբ կանգնեց ինչ-որ տաճար. Թաջ-Մահալն էր. հաստատ Հնդկաստանում էի: Վերջապես իրականում տեսա դա (դա ավելի իրական էր, քան երբևէ ինձ հանդիպած այլ երևույթ) : Մտքերս չէին խանգարում, որ քայլեի ու անքթիթ նայեի աղջկան: Ինչքան գեղեցիկ էր նա: Ես, անձրևափոսերը չշրջանցելով, քայլում էի: Նա շրջվեց, կանգնեց և տեսանելի դարձավ, թե ինչ էր նրա ձեռքում: Թեյնիկ էր բաժակներով: Նա թեյ էր տալիս նրանց, ովքեր մրսում էին: Բայց տեսնես նա չէ՞ր մրսում: Ինչպե՞ս չէր մրսում . շորերն ամբողջությամբ թրջված էին: Իմ մեջ կարեկցանք առաջացավ նրա հետ անձրևանոցս կիսելու, երբ փորձեցի մոտենալ նրան, ժպտաց: Ժպիտից հասկացա, որ կարեկցանքի կարիք ոչ թե նա, այլ ես ունեմ: Թեյ առաջարկեց, չհրաժարվեցի: Թեյարանը ցույց տվի , բայց հրաժարվեց, ասաց , որ հենց այստեղ կթեյենք: Լսեցի նրան: Ճիշտ է, իմ երազն էր, բայց նրա երկիրն էր: Հնդկաստանի փողոցներն էին՝ լի մարդկանցով ու կովերով, նույն ծայրահեղական հյուղակներն ու առանձնատներն էին, այդ աղջիկն էր կանաչ սարիով, մարդիկ էին՝ հակառակ փողոցի գունավոր հագնված:
-Թեյը ես եմ հավաքել ու պատրաստել:
-Այստեղ ամե՞ն ինչն է գունավոր:
Իմ երազներում լեզուներ, դեսպաններ, թարգմանիչներ չկան:
-Գույներ շա՞տ ես սիրում:
-Բոլոր գույներն իմն են ուղղակի:
-Կգ՞՟ս միասին Հոլի խաղանք:
-Ի՞նչ:
-Հոլի: Հո-լի:
-Հո-լի, սա-րի: Երկվանկային աշխարհ է: Իսկ այդ ի՞նչ է իրենից ներկայացնում:
Սկսեցի փնտրել ինտերնետում, երբ նա հետ դրեց հեռախոսս գրպանս:
-Մ՜ի տրվիր թվային իրականությանը: Փորձիր միացնել երևակայությունդ: Դա գույների խաղ է և խաղի գույներ:
-Մենա՞կ պիտի խաղանք:
-Հետևի՜ր ինձ:
Մենք հասանք մի ինչ-որ տեղ: Գունավոր ամբոխն այնտեղ էր: Մենք վերցրինք գունավոր փոշիներն ու միացանք նրանց: Ամեն ինչ այնքան իրական և այնքան եթերային էր: Իսկ վերևում ճախրում էին գույները:
Կանաչ…կարմիր…դեղին…վարդագույն…ու նորից կանաչ:
Իրական աշխարհը երազային աշխարհի ճիշտ հակառակն է: Ես քայլում էի ու չգիտեի, թե ոտքերս ինձ ուր են տանում: Անձրև էր գալիս, բայց այն շրջանցում էր ինձ: Գրողներն են այդպես սկսում. ես գրող չեմ, ոչ էլ բանաստեղծ: Ես քայլում էի դասից տուն, անձրև էր գալիս, իսկ ես անձրևանոցով էի: Ամեն ինչ նույնն էր՝գորշ ու տամուկ: Անձրևը բոլորին հարվածում էր՝ամենքին հիշեցնելով ինչ-որ մի բան: Տները նույն միջակ տներն էին՝ իմ չսիրածը: Ես ամբոխի հետ քայլում էի՝ չզգալով, որ անձրևը ինձ էլ է հիշեցնում մի բան, մի երազ և կանաչ սարի: Բայց ի տարբերություն ամբոխի, անձրևը ինձ ոչ մի տխուր բան չէր հիշեցնում: Իմ մտքում երազներ էին, ժպտացող աղջիկ, վարդագույն կովեր՝ այս ու այն կողմ թռչկոտող ու հոլի՝ կանաչ…կարմիր…դեղին…վարդագույն…ու նորից կանաչ:

Խաղաղությունն իմ աչքերով

Լուսանկարը՝ Արփինե Խոջայանի

Լուսանկարը՝ Արփինե Խոջայանի

Առավոտ էր: Քաղաքը դեռ չէր արթնացել: Ընդհանրապես քաղաքը միշտ քնած էր` թե՛ գիշեր, թե՛ ցերեկ: Քնած էին բոլորը: Քնած էր ամեն ինչ: Քնած էին մարդկային հոգիները: Քնած էին շենքերը: Միայն արթուն էր մեկը. Նա պարոն Խաղաղությունն էր: Նա միշտ արթուն էր: Մեկ միլիոն, թե մեկ ու կես միլիոն դար էր ապրել: Այլևս չէր հիշում, կամ չէր ուզում հիշել: Տեսել էր նա ամեն ինչ: Աշխարհի ստեղծումից մինչև կրակի հայտնագործումը, դրանից մինչև անիվի հայտնագործումը, սրանից մինչև առաջին քաղաքակրթության ստեղծումը և աշխարհի զարգացումը: Տեսել էր նա պատերազմներ և դրանց մեջ արյան ծովեր, մարդկային չարության և ագահության ծովեր: Նա փորձում էր հաշտություն ու խաղաղություն հաստատել չարերի, պատերազմասերների և ագահների միջև: Ավաղ, ավաղ, մարդկային մոլորությունները գնալով շատանում էին, և մարդիկ՝ չարանում: Մեռած էին մարդկանց հոգիները: Նա կարոտում էր առաջվա մարդուն, որ երջանիկ էր ոչնչից և ոչնչի պատճառով: Քայլում էր պարոն Խաղաղությունը փողոցներով, դիպչում էր մարդկային հոգիներին, տեսնում նրանց հոգու սովը: Կարծես թե մի վարակ էր տարածվել քաղաքում և վարակել բոլորին, չկար որևէ հակավարակ դրա դեմ: Այդ բոլորը զոմբիացված գնում էին դեպի չարիքը և անտեսում Խաղաղությանը: Խոր քուն էր մտել քաղաքը և չէր պատրաստվում արթնանալ այնքան ժամանակ, որքան որ չարիքը դուրս կգար մարդկանց միջից, մինչև մարդիկ կսիրեին խաղաղությունը և միմյանց: Մեռել էր քաղաքը արդեն: ՄԵՌՅԱԼ ԷՐ ՔԱՂԱՔԸ ԱՐԴԵՆ…

Ինձ համար խաղաղությունը այն չէ, որ մարդիկ ապրեն խաղաղ կապույտ երկնքի տակ, բայց միևնույն ժամանակ՝ իրար դեմ չարացած: «Խաղաղությունն իմ աչքերով» բառակապակցության իմաստը ես հասկանում եմ այսպես. այն է, որ հասարակությունը լինի բարի, կամեցող և ոչ թե տաքարյուն և ըմբոստ: Ապրեն երջանիկ և անհոգ, լինեն բարյացկամ, բարեհամբույր և ունենան նույն զգացողությունը նույնիսկ թշնամու նկատմամբ:

Պատմություն միայն աղջիկների համար

-Մար, Մար, մի հատ կողային հայելի կաշխատե՞ս,- խնդրեց Ձյունիկը բարի հայացքով:

Ես զգուշորեն շրջվեցի:

-Մաքուր զոնա,- հայտարարեցի հոգնած ձայնով:

-Է՜էհ:

-Մար, Մար, գիտես ի՞նչ ենք նկատել,- խոսակցությանը միացավ Կապուտաչյան,- Հիտլերը մոտենում ա Սովետական Միությանը:

-Լա՜վ է, – ձգեցի ես ժպիտով,- լո՞ւրջ եք ասում:

-Հա, այո, այո,- հաստատեց Ձյունիկը,- ավելի քան մոտենում ա, շուրջը պտտվում ա, արագ-արագ ա մոտենում:

-Բա էս մեր Կենսուրախն ո՞ւր ա,- հարցրի ես` թեման փոխելու համար:

-Կենսուրախը հիվանդ ա,- տխուր ձայնով հայտնեց Կապուտաչյան:

Մեր գեղեցիկ խումբը հասավ կանգառ:

-Հլը նայեք` ի՜նչ բանան կա ստեղ,- ծաղրական տոնով կիսվեցի իմ հայտնագործությամբ:

Ձյունիկն ու Կապուտաչյան հեռախոսի էկրանի արտացոլանքով որսացին անհրաժեշտ պատկերը:

-Մար, մենք անպայման ստեղ պետք ա չէ՞ կանգնենք,- հարցրեց Կապուտաչյան` բազմանշանակ հայացքով ինձ նայելով: Մենք իրար աչքով արինք:

-Բա ո՞ր համարին ես սպասում:

-259 կամ 1675,- փչեցի ես:

-Ո՞ւր ա գնում:

-Երուսաղեմ:

Ես ու Կապուտաչյան ծիծացեղինք, իսկ Ձյունիկը դավադրության հոտ առավ:

-Դու խելոք մնա, դու էլ նստի 57-դ ու գնա տուն,- պահանջեց Ձյունիկը:

Ես ու Կապուտաչյան կատակով ծաղրական մռութներ արեցինք ու նորից ծիծաղեցինք: Ես հեռախոսով մտա ֆեյսբուք «Հիտլերը  մոտենում ա Սովետական Միությանը» նորությունը Սալորիկին հայտնելու:

-Ձեր կոկորդիլոսները,- նկատեց Ձյունիկը տհաճությամբ:

-Ախր, իրանք լավն են,-  առարկեցի ես: -Միրգը գնացել ա,- հայտարարեցի ես՝ ևս մեկ անգամ զննելով կանգառում կանգնած բազմությանը:

-57-դ եկավ, թռի տուն, Մարիկ,- հայտնեց Ձյունիկը:

-Ու մտի ֆեյսբուք, սպասում ենք,- շարունակեց Կապուտաչյան:

-Ընդհանուր չաթ բացեք, եկա,- ասացի ես և, գրկելով ընկերուհիներիս, վազեցի 57-ի մոտ:

Հ.Գ. Այս պատմությունը գրված է միայն աղջիկների համար:

Պետք է խնայել ու գնահատել փողը

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Այդ օրը   երկինքը ավելի քան ճնշող էր թվում, մութ էր ավելի, ու օդն էլ ավելի ցրտոտ: Ես խանութների ցուցափեղկերի շնորհիվ լուսավորված փողոցներով քայլելով գնում էի դեպի քրոջս աշխատանքի վայրը: Ուզում էի իր հետ գնալ տուն, որ գումար չծախսեմ: Դրամապանակիս սպառնում էր դատարկությունը: Ընտանիքիս տված գումարը, որը պետք է ծախսեի մի շաբաթում, ծախսել էի երկու օրում: Մի քանի կոկտեյլ, մի քանի համով աղցան, իմ սիրելի գույնով գրիչ, ու վերջում ընդամենը հազար դրամ:  Մոտս աղքատության մի զգացողություն էր, որն ընդհանրապես կապ չունի կամ գուցե մի քիչ ունի բոլորին հայտնի աղքատության հետ: Ամեն ինչ ճնշում էր, իսկ ես շատ անվստահ էի: Ընտանիքս նոր էր սկսել ինձ մեծ գումարներ վստահել և թողել իմ հայեցողությանը, թե ինչպես կծախսեմ: Երևի արդեն մեծ եմ, բայց … Չէ… Կամ…. Իրականում երկու օրում ամբողջը ծախսեցի, էլ ի՞նչ մեծ:

Թվում էր, թե այս շաբաթ շատ հավես միջոցառումներ կլինեն, իսկ այդ ամենին չեմ մասնակցի, որովհետև չունեմ փող: Ժամանակ կար, որ ատում էի փողը: Թվում էր, եթե չլիներ այն,  բոլոր մարդիկ երջանիկ կլինեին: Եթե այդ պահին մոտս փող լիներ, ես այս ցուրտը չէի զգա, կամ ինչո՞ւ պետք է երեկոյան մթին ես մենակ  քայլեի փողոցում: Ինչքան շատ բան է փոխում փողը: Մի քիչ տատիկական է վերջին միտքս, բայց դե, ես երբեք այս ժամին ու այս եղանակին մենակ դրսում չեմ եղել, իսկ հիմա…

Այսպիսի մտքերով անցավ  մեկ շաբաթը: Ես արդեն փող ունեի և ուրախ էի: Ուրախ էի, որովհետև արդեն գիտեմ փողն օգտագործելու ձևը: Գիտեմ, որ ինչքան էլ շատ լինի, պետք է տնտեսել: Պետք է ճիշտ ծախսել: Այս անփող շաբաթը այնքան ազդեց ինձ վրա, որ ես այնքան տնտեսեցի, որ վերջերս գնեցի նոր բլուզ իմ տնտեսած փողերով: Դա այնքան հաճելի զգացողություն է: Փողը ճիշտ տնօրինելը կամային մարդու հատկանիշ է: Իսկ ես, կարծես թե, այդպիսին եմ դարձել:

Խաղաղություն մեր սրտերում

Լուսանկարը՝ Տաթեւիկ Խաչատրյանի

Լուսանկարը՝ Տաթեւիկ Խաչատրյանի

Խաղաղություն: Այս բառը ունի լայն իմաստ և յուրաքանչյուրը հասկանում է իր ձևով: Տարբեր մարդիկ խաղաղություն ասելով հասկանում են տարբեր բաներ. հանգստություն, համերաշխություն և այլն… Յուրաքանչյուրը խաղաղությունը տեսնում է իր աչքերով… Կանգնեցրու պատահական անցորդի և հարցրու, թե ի՞նչ է խաղաղությունը և ե՞րբ է այն  պետք:

Ես համոզված եմ, նա ձեզ կպատասխանի. «Խաղաղությունը դա հանգստություն է և պետք է միշտ»: Իհարկե, նա ձեզ կտա ճիշտ պատասխան, սակայն դա չէ միայն խաղաղությունը: Շատերը կարծում են, թե խաղաղությունը պետք է լինի այս կամ այն երկրների, այս կամ այն մարդկանց միջև: Բայց ինչպե՞ս պետք է մարդ խաղաղություն տարածի, եթե ինքը չի կարող խաղաղ լինել իր սեփական ԵՍ-ի հետ: Գիշերը պառկիր և փորձիր խաղաղ լինել ինքդ քեզ հետ: Ինքդ քեզ հարց տուր, թե ինչո՞ւ այդ օրը մերժեցիր նրա նոր առաջարկը, կամ ինչո՞ւ չօգնեցիր նրան, ով դրա կարիքը ունի: Մեզ պետք չի գա խաղաղություն տարածող ոչ մի կազմակերպություն, եթե մենք չենք կարող խաղաղ լինել մեր Ես-ի հետ, չմտածենք վրեժ լուծելու կամ կռվի մասին: Նայիր փոքրիկ երեխայի դեռ կյանքը լիովին չտեսած և չհասկացած աչքերի մեջ և կտեսնես, թե ինչքան խաղաղություն կա դրանց մեջ: Նա չի հասկանում, թե ինչ է խաղաղությունը, բայց ակամայից դառնում է դրա տարածողը: Չէ որ նա է դառնում բաժանված զույգերի նորից  միասին լինելու վերջին լույսը: Այո, այո, հենց այդ երեխան, այդ փոքրիկ խաղաղությունը: Խաղաղ ապրիր, որ խաղաղ ապրեն: Յուրաքանչյուրը յուրովի է հասկանում խաղաղությունը, չէ որ ամեն մեկը այն տեսնում է իր ԱՉՔԵՐՈՎ:

Բարի, ժպտերես շփում

-Բարև

-Բարև, ոնց ես 

-Ես լավ եմ, դու ոնց ես, ինչի՞ դասի չես գալիս, կարոտում եմ շաաատ: (K)- (ֆեյսբուքահամբույր):

-Հիվանդ եմ, որ լավանամ, կգամ, ջան: Ես էլ քեզ եմ կարոտել:

Այսպես շարունակվում էր իմ ջերմ ու ժպիտաշատ զրույցը իմ դասարանցու հետ ֆեյսբուքում: Մի քանի օր հետո ես դասի գնացի, մի քանի հոգի ոգևորված ընդունեցին, ասացին, որ կարոտել էին, իսկ այդ աղջիկը նույնիսկ չբարևեց: Նայում էի նրան, որ գոնե ինքն էլ ինձ նայեր, որ բարևեի ու ասեի, որ իր վերջին ուղարկած տեսահոլովակը շատ լավն էր, իսկ նա ուղղակի նստած էր: Գուցե  ես ֆեյսբուքում ավելի լավն էի, քան իրականումՉգիտեմ, բայց այդ դեպքից հետո ես էլ չեմ պատասխանում նրա ֆեյսբուքյան նամակներին:  

Մեղրաձոր

Լուսանկարը՝ Արփինե Հակոբյանի

Լուսանկարը՝ Արփինե Հակոբյանի

Մեր գյուղը ծվարել է Ծաղկունյաց և Փամբակ լեռնաշղթաների միջև: Գյուղում ամենաառաջին բնակչությունը, այսպես ասած գյուղի հիմնադիրները, եղել են մի խումբ գաղթականներ, ովքեր եկել են Բայազետ նահանգի Կոգովիտ գավառի Արծափ գյուղաքաղաքից, 1829 թվականին:

Նշեմ, որ գյուղս կոչվում է Մեղրաձոր, իսկ ավելի վաղ ժամանակներում այն կոչվել է Թայչարուխ: Նախկին անվանումն ունի մի քանի բացատրություն: Առաջինը՝ քանի որ գյուղը գտնվում է երկու՝ Մարմարիկ և Փամբակ գետերի հատման կետում: Մյուս բացատրության համաձայն, իբր մի անցորդ կամրջի վրայով անցնելիս կորցրել է չարոխի մեկը, իսկ «թայ» նշանակում է հենց զույգի մեկը:

Մեր գյուղը շատ նշանավոր է հատկապես իր տաղանդներով: Գյուղում ունեինք չորս-հինգ պատմաբաններ, գիտնականներ: Գյուղը հատկապես վերջերս սկսել է ծաղկել: Արդեն մի քանի տարի է, ինչ գյուղում գործում է Սբ. Աստվածածին եկեղեցին, որը ևս հանդիսանում է գյուղի բնակչությանը համախմբող կենտրոն: Եկեղեցու շնորհիվ գյուղի բնակչության մեջ կրկին արթնացել է հոգևոր կյանքի գիտակցությունը, ավելի մոտեցել են եկեղեցուն:

Գյուղի անմիջապես գլխավերևում անխավար ու անսասան կանգնած է ևս մեկ եկեղեցի, որը, ճիշտ է, չի գործում, բայց մեծ համբավ ունի և գյուղի բնակչությունը բարձրանում է այդ եկեղեցին, մոմ վառում, աղոթում: Գյուղն ունի իր ուխտի օրը, այդ տոնը նշում է ողջ գյուղը:

Գյուղի մշակութային կենտրոնի ջանքերով և դպրոցի աջակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, հավաքույթներ: Հատկապես գյուղի համար կարևոր նշանակություն ունեն կազմակերպվող շաբաթօրյակները, որի ընթացքում գյուղի բնակչությունը համախմբվում և մաքրում է գյուղը աղտոտումից:

Գյուղի երիտասարդությունը ևս շատ ակտիվ մասնակցություն ունի գյուղում ընթացող բոլոր արարողություններին: Երիտասարդները մասնակցում են հավաքների, խմբակների:

Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է, ինչպես նաև գյուղում գործող «Մեղրաձոր Գոլդ» ոսկու հանքը, որը մեծ համբավ է ձեռք բերել ողջ աշխարհում: Չնայած՝ գյուղում դրությունը բավականին լավ է, այնուամենայնիվ, գյուղում կան այնպիսի ընտանիքներ, որոնք ապրում են սոցիալական ծանր պայմաններում:

Գյուղում ակտիվ գործունեություն են ծավալում և ժամանակին գործել են մի շարք հասարակական կազմակերպություններ, խմբակներ:

Ինչպես ցանկացած բնակավայրում, այնպես էլ մեր գյուղում անպակաս են վեճերն ու կռիվները, որոնք վերջում հիմնականում բավականին ծիծաղելի ավարտ են ունենում:

Գյուղի ակտիվ կյանքն ապահովում են դպրոցը, մանկապարտեզը, մշակութային կենտրոնը և մասնավոր այլ շինություններ:

Ջանֆիդա

Լուսանկարը՝ Շուշանիկ Հարությունյանի

Լուսանկարը՝ Շուշանիկ Հարությունյանի

Իմ գյուղը Ջանֆիդան է, որը գտնվում է Արմավիրի մարզում: Իմ գյուղի հետ կապված շատ հետաքրքիր պատմություններ կան: Օրինակ, գյուղի անվանումն առաջացել է, երբ տեղացի ֆիդայիները մենամարտել են թուրքերի հետ, և, երբ հաղթել են, գյուղացիները գոռացել են ,ջան, ֆիդայիներե: Եվ գյուղը հետագայում անվանափոխվել է Ջանֆիդա: Գյուղը սահմանամերձ է, և գյուղից դեպի Արաքս գետը երկու քայլ է: Քանի որ ջանֆիդացիները իրենց լեզվով ծըռ (ծուռ) են, շատ պատմություններ են հորինել Արաքս գետի մասին, բայց դրանցից մեկը գիտեմ: Ասում են, որ իսկական հայը, երբ մտնում է Արաքս, գետի ջուրը տաքանում է, բայց երբ այլազգի մեկն է մտնում, ջուրը սառչում է: Գյուղում կա նաև մի լիճ, որն անվանում են Ավազանոց: Երբ լիճը սկսեց ճահճանալ, ոչ ոք ուշադրություն չդարձրեց, շարունակում էին առաջվա պես մտնել լողալու: Լողացողներից համարյա ոչ մեկը չփրկվեց: Լիճը սկսեցին կոչել Մահվան ճահճուտ: Ջանֆիդան տարբերվում է բոլոր գյուղերից իր մրգաշատ այգիներով, հյութալի վարունգով և քաղցր սոխով:

Մի պատմություն հիշեցի: Մի ամառային օր եղբայրներիս հետ որոշեցինք հարևանի այգուց խնձոր գողանալ: Ժամը մոտ տասն էր: Հաղթահարելով հարևանի բոլոր թակարդները՝ վերջապես հասանք խնձորենիներին և սկսեցինք քաղել: Այնքան քաղեցինք, որ չգիտեինք, թե ինչպես ենք տանելու: Մտածեցինք և որոշեցինք: Շապիկները դրեցինք տաբատների տակ և գնացինք մեզ մոտ ապրող բարեկամներից մեկի տուն: Եվ զարմացանք, քանի որ քաղել էինք մոտ յոթ կիլոգրամ խնձոր:

Հաջողության բանաձեւը

Լուսանկարը՝ Գեղամ Մադադթյանի

Լուսանկարը՝ Գեղամ Մադադթյանի

Մարդուն հաջողության հասնելու համար պետք են շատ բաներ, օրինակ, աշխատասիրություն: Ենթադրենք, աշակերտը պետք է մասնակցի օլիմպիադայի, և ուզում է, որ մրցանակ ստանա: Դրա համար նա պետք է շատ աշխատի:

Երբ ես երաժշտական դպրոցում առաջին դասարան էի, ինձ հայտնեցին, որ երեք օրից քննություններ են լինելու: Ես շատ տխրեցի: Մտածում էի, թե ինչ եմ անելու, ինչպես եմ նվագելու և վախենում էի, որ շատ ցածր կստանամ: Սակայն հաջորդ օրվանից ես գնում էի դպրոց, պարապում էի ուսուցչիս հետ: Իսկ երբ քննություն հանձնեցի, տնօրենն ասաց, որ գոհ է ինձնից, և ես հասա հաջողության:

Սիրակ Կիրակոսյան

* * *

Ինձ համար հաջողության բանաձևը իմ կարծիքով աշխատասիրությունն է: Ես, իհարկե, այդքան աշխատասեր չեմ, ես մեծ հաջողությունների չեմ հասել, սակայն, գիտակցում եմ, որ առանց աշխատասիրության ոչնչի չեմ հասնի: Ես արդեն չորս տարի մասնակցում եմ «Կենգուրուին» և երկու տարի առաջ շատ աշխատելու շնորհիվ հասա արդյունքի՝ հավաքելով բարձր միավորներ և հասկացա, որ բոլոր հաջողությունների բանաձևը աշխատասիրությունն է: Արդեն որոշ չափով դասերիս հետ կապված և կենցաղում հասնում եմ արդյունքի: Հաջողության հասնելը շատ բարդ չէ և մեծ նպատակասլացությամբ կարող ես հասնել հաջողության:

Վահագ Մարտիրոսյան

* * *

Երևի թե սկսեմ մի պատմությունից։ Մի օր անգլերենի ուսուցչուհիս զանգեց ինձ, և ասաց, որ մի ծրագիր կա, որը իր մեջ ներառում է երկու տարվա անվճար անգլերենի դասընթացներ։ Այդ զանգը նա արեց մեկ տարի առաջ, և ասեմ, որ այդ զանգից հետո շատ բան է փոխվել իմ կյանքում։ Ես որոշեցի, որ պետք է անպայման օգտվեմ այդ հնարավորությունից։ Այդպես էլ արեցի։ Ճամբարակից մասնակցում էին մոտ 40 աշակերտ, որից պետք է ընտրվեին 20-ը։ Մեզ երկու խմբի բաժանեցին, և ես առաջին խմբի հետ էի։ Այդ կազմակերպության տնօրենը ասաց, որ ընտրելու է ակտիվ երեխաներին, և սկսեց հարցեր բարձրացնել, որոնք մենք պետք է քննարկեինք և հայտնեինք մեր կարծիքը։ Ես դեռ մեկ տարի առաջ շատ էի վախենում կարծիքս հայտնել, ինքնավստահ չէի, և այդ քննարկումների ժամանակ, այսպես ասած ես իմ կարծիքը հայտնում էի մտքումս։ Անգլերենիս ուսուցչուհին իմանալով իմ այդ բնավորության մասին, անընդհատ ինձ էր նայում և ասում, որ խոսեմ, բայց ես ոչ մի բառ չէի արտասանում։ Դե պարզ է, որ այդ ծրագիրը չանցա, զրկվեցի այդպիսի հնարավորությունից, և չեք պատկերացնի, թե ինչքան էի նեղվել, թե տանը ինչքան մտածեցի այդ օրվա մասին։ Եվ որոշեցի, որ պետք է ծրագրերի մասնակցեմ, և փորձեմ խոսել, կարծիքս հայտնել։ Այդ օրվանից հետո դպրոցում ցանկացած ծրագրի մասնակցում էի։ Ընկերներիս, քրոջս օգնությամբ, ինքնագնահատականս և վստահությունս բարձրացան։ Արդեն մասնակցելով ծրագրերի միջոցառումների ինձ ազատ էի զգում, ազատ հայտնում էի կարծիքս և մտածում եմ , ախ, եթե այդ ծրագիրը հիմա լիներ։ Այդ օրը հիշում եմ, որ հենց այս դասասենյակում էի նստած, հաստատ համոզված եմ, որ այդ ընթացքում դեմքս ամբողջությամբ կարմիր է եղել, ինձ համոզում էի, որ խոսեմ, մտքումս ձևակերպում էի, թե ինչ՞ պետք է ասեմ, բայց կամ չէի ասում, կամ այնքան ցածր էի խոսում, որ ոչ ոք չեր լսում։ Վերջում արդեն գլուխս առել  էի ձեռքերիս մեջ, և քիչ էր մնում լացեի։ Իհարկե, երբ տուն հասա դաս էլ արեցի, և մայրս ասաց, որ լավ կլինի չանցնեմ, դա ինձ դաս կլինի հաջորդ անգամ խոսելու և ազատ պահելու համար։ Իհարկե այդ ժամանակ մայրիկից նեղացա, բայց հետո հասկացա, որ շատ ճիշտ էր։

Նելլի Խաչատրյան