mariam harutyunyan

5 խորհուրդ դիմորդներին

Մոտենում են միասնական քննությունները։ Միայն ուսանողը գիտի, թե ինչ էմոցիոնալ իրավիճակում են գտնվում դիմորդները։ Կյանքի կարևորագույն որոշումներից մեկը (մասնագիտության ընտրություն) արդեն կայացված է, մնում է հասնել դրան։ Ես արդեն 2-րդ կուրսի ուսանող եմ և ցանկանում եմ իմ խորհուրդներով որոշ չափով օգնել դիմորդներին։

1․ Ձեր ինքնագնահատականը միշտ բարձր պահեք։ Թվում է՝ սա բացարձակ կապ չունի միասնական քննությունների հետ, բայց եթե մի փոքր ավելի խորքային դիտարկենք իրավիճակը, կհասկանանք, որ մարդու բարձր ինքնագնահատականը չափազանց կարևոր նշանակություն ունի դժվար իրավիճակները հաղթահարելու համար։ Երբեք թույլ մի տվեք որևէ մեկին ցածրացնել ձեր ինքնագնահատականը՝ լինի ուսուցիչ, շրջապատի մարդ, թե դասընկեր։

2․ Թեմայի հետ կապ չունեցող նյութերից խուսափեք։ Ուղեղը շատ կարևոր օրգան է և պետք չէ այն լցնել անհեթեթ ինֆորմացիայով, որը, վստահ եղեք, ձեզ քննությունների ժամանակ ապակողմնորոշելու է։ Կենտրոնացեք միայն ձեր ընտրած առարկայի քննությանը պատրաստվելու վրա։

3․ Երաժշտություն լսեք։ Ընդմիջումների ժամանակ ցանկալի է, որ լսեք երաժշտություն։ Ինքս խորհուրդ կտայի ռոք։ Ինչո՞ւ, որովհետև ռոքը ձեր ներսում կուտակված նեգատիվը մի քանի րոպեում ցրում է։ Օրինակ՝ System of a Down, AC/DC, Deep purple, Pink Floyd, Scorpions, The Beatles, Green day, Queen:

4․ Մի ընկեք գնահատականի հետևից։ Եթե մեր ուղեղը միայն կենտրոնացնենք մեր, այսպես ասած, «երազանքների գնահատականի» վրա, ապա կստորադասենք այն գիտելիքը, որը մեզ իրոք պետք է։ Հավատացեք՝ գնահատականը ամենահարաբերական բանն է։ Երբեք մի մտածեք, որ 20-ներով ընդունվածները միանշանակ գիտունիկներ են։

5․ Քաղցր շատ կերեք։ Ասում են՝ շոկոլադը օգնում է հաղթահարել սթրեսը։

Դե ինչ, սիրելի դիմորդներ, գոնե որոշ չափով հետևեք խորհուրդներիս։ Բոլորիդ հաջողություն եմ ցանկանում։ Լավ պարապեք, գնահատեք ձեր ժամանակը և այն մի վատնեք համակարգչի դիմաց։ Մի բան հաստատ գիտեմ՝ բոլորդ ձեր ուզած համալսարանը և ձեր ուզած բաժինը ընդունվելու եք։ Չկա ավելի գերէմոցիոնալ զգացում, քան համալսարանի պատին քո անուն և ազգանունը կարդալը։ Ուզում եմ, որ բոլորդ առանց բացառության ապրեք այդ գերէմոցիոնալ րոպեները։

«Կարտոֆիլ սրսկողը». շուտով նոր եթերաշրջան

Փոքր ժամանակ որ լսում էի` «գնում ենք կարտոշկեն սրսկենք», ինչպես գրված է, էդպես էլ պատկերացնում էի.  մեկը ներարկիչը վերցրած բժշկի գործ է անում։ Ճամբարակում շատ արագ են պատկերացումները իրականություն դառնում, քանի որ խիստ կլիմայի պատճառով հիմնականում կարտոֆիլ են աճեցնում: Ու երբ մի օր ականատես եղա, թե ինչպես են կարտոֆիլը սրսկում, մի քիչ հիասթափվեցի: Եվ ինչի՞ են սովորական շորեր հագած, մի երկու կաթիլ էդ բույսերը ջրելու արարողակարգը էդպես կոչել:

Իսկ սա եղբայրս է` Մամիկոնը, իմ մանկության պատկերացրած «դոկտոր» կարտոֆիլ սրսկողը։ Սրսկելու դիմաց խոստացա ֆոտոսեսիա անել համարյա ապոկալիպտիկ ֆիլմերի ոգով:

mariam tonoyan

Էրիխ Ֆրիդ․ Բանաստեղծություններ

Այդժամ

Երբ քո երջանկությունը
երջանկություն չէ այլևս,
այդժամ կարող է քո ուրախությունը
դեռևս ուրախություն լինել,
և քո կարոտը՝
դեռևս քո իրական կարոտը։
Անգամ քո սերը կարող է դեռևս սեր լինել,
դեռևս գրեթե երջանիկ սեր,
և քո ըմբռնումը կարող է աճել։
Բայց այդժամ անգամ քո տխրությունը
կցանկանա տխուր լինել,
և քո մտքերը ավելի ու ավելի
քո՛ մտքերը կդառնան։
Դու այդժամ կրկին դու կլինես
և գրեթե չափազանց մոտ ինքդ քեզ։
Քո արժանապատվությունը
քո արժանապատվությունն է,
միայն թե… երջանկությունդ
երջանկություն չէ այլևս։
***
Ինչ որ է 
-Դա անմտություն է,- ասում է Բանականությունը։
-Այն է, ինչ որ է,- ասում է Սերը։
-Դա դժբախտություն է,- ասում է Կշռադատությունը։
-Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ցավ,- ասում է Վախը։
-Դա անհույս է,- ասում է Ըմբռնումը։
-Այն է, ինչ որ է,- ասում է Սերը։
-Դա ծիծաղելի է,- ասում է Հպարտությունը։
-Թեթևամտություն է,- ասում է Զգուշությունը։
-Դա անհնարին է,- ասում է Փորձառությունը։
-Այն է, ինչ որ է,- ասում է Սերը։
***
Միայն  թե
Կյանքը, գուցե, ավելի պարզ լիներ,
եթե ես երբեք քեզ հանդիպած չլինեի.
ավելի քիչ վիշտ՝
ամեն անգամ մեր բաժանումից,
ավելի քիչ վախ՝
հաջորդ և դրան հաջորդող բաժանումներից առաջ,
և նաև ոչ այդքան շատ՝
անզոր կարոտից,
երբ դու այստեղ չես,
և այն (կարոտը) միայն անհնարինն է ցանկանում
այն էլ իսկույն՝
հաջորդ ակնթարթին
և դրանից հետո։
Ու քանի որ դա չի կարող պատահել՝
ցավալի է
Ու շնչելը՝ դժվարացած։
Կյանքը, միգուցե, ավելի պարզ լիներ,
եթե ես երբեք քեզ հանդիպած չլինեի,
միայն թե դա ի՛մ կյանքը չէր լինի։
***
Քեզ
 
Քեզ թողնել,
որ դու դու լինես,
լիովին դու։
Տեսնել,
որ դու միայն դու ես,
երբ դու այն ամենն ես,
ինչ որ կաս՝
քնքշությունը և վայրին.
այն ինչ պոկվել,
այն ինչ գգվել է ուզում։
Ով միայն կեսդ է սիրում,
նա քեզ ոչ թե կիսով չափ է սիրում,
այլ բոլորովին չի սիրում։
Նա ցանկանում է քեզ վերաձևել,
անդամահատել,
աղավաղել…
Քեզ թողնել,
որ դու դու լինես։
Արդյոք այդ ծանր է, թե թեթև,
չի որոշվում նրանով,
թե որքան են դիտավորությունն ու դատողությունը,
այլ նրանով, թե որքան է սերը
և թե որքան է անկեղծ կարոտը ամենի հանդեպ,
ամենի հանդեպ, ինչը «Դու» է՝
տաքության ու սառնության,
բարության ու համառության,
կամքի ու դժկամության,
քո յուրաքանչյուր դիմաշարժի,
քո յուրաքանչյուր անհնազանդության,
անկայունության,
հարատևության հանդեպ…
Ապա, հավանաբար,
բնավ էլ դժվար չի լինի
ինքդ քեզ թույլ տալ՝
լինել Դու։
***
Մինչ կմեռնեմ
 
Եվս մեկ անգամ խոսել կյանքի ջերմությունից,
որպեսզի ևս մի քանիսն իմանան.
ջերմ չէ,
բայց կարող էր ջերմ լինել։
Մինչ կմեռնեմ,
ևս մեկ անգամ խոսել սիրո մասին,
որպեսզի ևս մի քանիսն ասեն.
դա եղել է,
դա պետք է լինի։
Եվս մեկ անգամ խոսել
երջանկության համար փայփայած հույսի
երջանկության մասին,
որպեսզի ևս մի քանիսը հարցնեն.
-Ի՞նչ էր դա,
ե՞րբ կվերադառնա։
***
Դու
 
Որտեղ ազատություն չկա,
դու ես ազատությունը,
Որտեղ արժանապատվություն չկա,
դու ես արժանապատվությունը,
Որտեղ ջերմություն չկա,
չկա մտերմություն մարդուց մարդը,
դու ես մտերմությունն ու ջերմությունը,
Սիրտը անսիրտ աշխարհի։
Քո շուրթերը և քո լեզուն
հարցերն են ու պատասխանը
Քո ձեռքերի մեջ, քո գրկում
ինչ որ բան կա.
ինչ-որ հանգստություն։
Եվ ցանկացած ստիպված բաժանում քեզնից,
ավարտվում է վերադարձով դեպի քեզ։
Դու ապագայի սկիզբն ես,
Սիրտն ես անսիրտ աշխարհի։
Դու ո՛չ հավատալիք ես,
ո՛չ փիլիսոփայություն,
ո՛չ կանոն, ո՛չ սեփականություն,
որից կառչում են,
Դու կենդանի մարդ ես,
Կին ես,
որ կարող է սխալվել, և կասկածել, և բարիանալ…
Դու սիրտն ես անսիրտ աշխարհի։
 ***
Նատուրալիզացիա
 
Սպիտակ ձեռքեր
Կարմիր մազեր
Կապույտ աչքեր
Սպիտակ քարեր
Կարմիր արյուն
Կապույտ շուրթեր
Սպիտակ ոսկորներ
Կարմիր ավազ
Կապույտ երկինք
 ***
Գիշերերգ
 
Քեզ ծածկեմ, ոչ թե համբույրներով,
այլ միայն ընդամենը քո ծածկոցով
(որ ցած է սահել ուսերիդ վրայից),
որ դու քնիդ մեջ չմրսես։
Ավելի ուշ,
երբ արթնացած կլինես,
բացեմ պատուհանները և քեզ գրկեմ,
քեզ ծածկեմ համբույրներով,
քեզ բացահայտեմ։
 ***
Բայց
 
Սկզբում ես սիրահարվեցի
հուրհրանքին քո աչքերի,
քո ծիծաղին,
քո բերկրանքին՝ կյանքին տածած։
Հիմա ես սիրում եմ նաև արցունքներդ,
և քո վախը կյանքի հանդեպ
ու աչքերդ անօգնական։
Բայց ուզում եմ
օգնել ես քեզ ընդդեմ վախի,
որովհետև
Իմ բերկրանքը կյանքի հանդեպ
Դեռ հուրհրանքն է քո աչքերի։
 ***
Իշխողներին
 
Այրվե՞լ են երբևէ ձեր սիրտն ու աչքերը։
Տասից ավելի արդարություն չկա՞ աշխարհում։
Դուք գազանային չէիք, քանի որ այդպես չի սպանվում և ոչ մի կենդանի։
Ձեր ոչ մի զոհը այնքան մեռած չէ, որքան դուք։
***
Անկատակ
 
Երիտասարդները
որպես կատակ
քարեր են նետում
գորտերի վրա։
Գորտերը մեռնում են
ամենայն լրջությամբ։
***
Պատասխան
 
Մեկը ասաց քարերին.
-Մարդանման եղեք։
Քարերն ասացին.
-Մենք դեռ բավական կարծր չենք։
***
Թշնամիները
 
Նրանք արդեն իսկ կյանքից պատռված,
դեռ մտահոգ են, որ չեն իմանա
պատասխանները չհարցված հարցերի։
Եվ իրենց կյանքի մնացած մասը
վատնում են իրենց չապրած կյանքի գովերգի վրա։
Եվ, հավանաբար, անգամ պատրաստ են
իրենց կյանքը տալ գեթ նրա համար,
որ ստիպված չլինեն տեսնել՝
ինչու և ինչի համար են ապրում։
Եվ նրանք անգամ վաղվա հույս ունեն,
առանց այսօրվա ու երեկվա մասին իմացության։
Նրանք բաց են բոլոր ստերի ու խաբկանքների համար,
նրանք իմ եղբայրներն ու քույրերն են։
***
Ի վերջո
 
Երեխա ժամանակ ես մտածում էի,
որ յուրաքանչյուր թիթեռ՝
իմ կողմից փրկված,
յուրաքանչյուր սարդ ու խխունջ,
յուրաքանչյուր մժեղ, ականջմտուկ,
յուրաքանչյուր անձրևաորդ
կգա ու լաց կլինի շիրիմիս վրա,
երբ գերեզման կմտնեմ։
Ասես մի անգամ փրկվածներն էլ չէին կարող մեռնել
և բոլոր-բոլորը կգային իմ գերեզմանին։
Մեծ տարիքում ես հասկացա,
որ դա անմտություն է։
Նրանցից ոչ մեկը չի գա,
 չէ՞ որ չի ապրի մինչ այդ պահը։
Իսկ հիմա, ծերության մեջ
ես հարցնում եմ.
եթե ես կրկին ու կրկին նրանց փրկեմ,
նրանցից երկուսը կամ երեքը ի վերջո կգա՞ն։
***
Definition
Այն շունը,
որ մեռնում է
ու գիտի,
որ մեռնում է շան պես
և որը կարող է ասել,
թե գիտի,
որ շան պես է մեռնում՝
մարդ է։
***
Որտե՞ղ ենք սովորում
 
Որտե՞ղ ենք ապրել սովորում,
և որտե՞ղ ենք սովորում սովորել,
և որտե՞ղ մոռանում
սովորածը ապրելու մասին։
Որտե՞ղ ենք սովորում
բավական խելացի լինել
հարցերից խուսափելու համար,
որոնք մեր սերը շահավետ չեն դարձնում
և որտե՞ղ ենք սովորում
բավական ազնիվ լինել
հանուն մեր սիրո՝
հարցերից չխուսափելու համար։
Որտե՞ղ ենք սովորում
ընդդիմանալ իրականությանը,
որն ուզում է մոլորեցնել մեզ մեր ազատությունից
և որտե՞ղ ենք սովորում երազել
ու արթուն մնալ մեր երազների համար,

որպեսզի դրանցից որոշները իրականություն դառնան։

Թարգմանությունը գերմաներենից՝ Մարիամ Տոնոյանի

Juliabrahamyn12

Դիմորդ 2020

Մեկ տարի առաջ ինչ ասես որ մտքներովդ չէր անցնի, լսո՞ւմ եք, ինչ ասես, ինձ ասեիք՝ կհավատայի, բայց այն, որ ուսանողները կցանկանան ընդունվել ու ավարտել, բայց չեն կարողանա, այն, որ մենք իրար հանգիստ խղճով գրկել կամ համբուրել չենք կարողանա՝ չէի հավատա։

Իրոք, մի շաբաթ առաջ զանգեցի ինձանից մեկ տարով մեծ ընկերուհուս, ով իմ մաթեմատիկական փայլուն հաշվարկներով պետք է արդեն քննությունների պատրաստվեր և ընդունվեր համալսարան, ու պարզվեց, որ դեռ ոչինչ պարզ չէ։ Տանից դուրս գալ ու գնալ համալսարան չեն կարող, միակ լուծումը համալսարանի հետ հեռախոսազանգով կամ համացանցով կապնվելն է, բայց դա էլ չի փրկում։

-Էհ, լավ, մի նեղվի, մի բան կանենք։ Օրինակ՝ ․․․  Չգիտեմ։

-Օրինակ՝ ես էլ չգիտեմ։ Լավ, գնամ տեսնեմ, թե ոնց եմ համալսարան ընդունվում ու կյանքս կարգի բերում։

Մի խոսքով, պարզվում է, որ այս պայմաններում մեկ քննությունով բուհ ընդունվելու համար չարժեր այդքան ուրախանալ, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ։ Միգուցե քննության ժամանակ հնարավոր վարակներ գրանցվեն, միգուցե բուհ ընդունվելն այս տարի ամենամեծ ռիսկերից մեկը համարվի:
Հեռավար քննություններն էլ արդյունավետ չեն։ Հեռակա ուսուցումը, այս դեպքում, առավելություններ ունի, քանի որ քննություն հանձնելու խնդիրներ չեն առաջանում, ամեն ինչ ավելի հեշտ է կազմակերպվում, իսկ առկա ուսուցման համա՞ր։

Եվ ի՞նչ կարծիքի են ապագա ուսանողները։ Եթե մեկ տարի առաջ ապագա ուսանողները պատրաստվում էին քննություններին, ոմանք պատկերացնում էին իրենց ուսանողական չորս տարիներն ու ընկնում երազանքների գիրկը, ապա հիմա, իմ կարծիքով, ոչ մեկը բուհ չի ցանկանում ընդունվել, քանի որ դա ժամանակի կորուստ է համարում։

Կորուստ այնքանով, որ հեռավար ուսուցումն ինչ-որ տեղ ավելի հարմար ու արդյունավետ են համարում, կորուստ այնքանով, որ մինչև հիմա ուսանողները չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց մի քանի ամիս անց։

Նրանք, ովքեր պետք է հանձնեն միասնական քննություն, կարծում են, թե քննությունը կանցկացվի այնպես, ինչպես եղել է նախորդ տարիներին։ Ուղղակի այս անգամ դռան դիմաց ջերմաչափվելով և լսարանում իրարից մեկ մետր հեռավորության վրա նստելով։

Ավելի արդյունավետ չի՞ լինի, եթե ուսանողները երկու-երեք օր շուտ հանձնեն կորոնավիրուսը հայտնաբերող արագ թեստ, որն ինչ-որ չափով վստահություն է ներշնչում, և միայն թեստի պատասխաններից հետո՝ հանձնեն քննությունը։

Բայց կրկին ամեն հարց շոշափելիս՝ կան այլ խնդիրներ։ Ի՞նչ անի այն ուսանողը, ում ընտանիքը չի կարող վճարել արագ թեստի դիմաց։ Կամ ասենք, հենց քննության նախաշեմին պարզվի, որ կոնտակտավոր է, առավել վատ սցենարով` վարակվել է: Ի՞նչ է սպասվում այդ դեպքում դիմորդին: Ռիսկային գոտում գտնվելով՝ հանձնի՞ քննությունը, թե՞ չընդունվի բուհ այս տարի։

Ընկերուհիս դեռ փաստաթղթերը չի հանձնել: Հավանաբար դիմի հեռակա ուսուցման բաժին: Տեսնենք: Նորություն լինի` կտեղեկացնեմ:

nare hovhannisyan

Մենության 5 երանգները

Ամեն մեկը թաղվեց իր մենության մեջ. մեկն անջատեց սենյակի լույսն ու կորավ մթության մեջ, մյուսը միացրեց սիրելի երգը, որ այն իր փոխարեն խոսի, այն մեկն էլ սկսեց տառերն իրար կողքի շարել, որ տառերը չլռեն, մյուսը տաք սուրճը խառնեց, որ գոնե մտքերը չխառնվեն, իսկ ամենավերջինը հաշվեց վերջին աստղը, արհամարհեց լուսնին ու գնաց գիրք կարդալու։ Ես այս վերջինն էի, ու հա՜, արհամարհել բառն այս դեպքում ճիշտ էր, սակայն չափազանցված, քանի որ ուղղակի լուսինն ինձ չզեկուցեց, ու ես այդպես էլ չիմացա, թե ինչու էր ամեն գիշեր նույն փայլող լուսատտիկը հայտնվում երկնակամարում՝ նույն թափանցիկ շղարշով։ Հետո ինձ մի պահ թվաց, որ ինչ-որ բան պակաս է, ու ես դարձա նաև այն մյուսը, ով տառերն էր շարում կողք-կողքի, ու հետո շա՜տ արագ փոխեցի պատկանելությունս, ինչպես ձմեռվա սառը արևն է փոխվում՝ դառնալով ամառվա այրողը։ Փոխվեցի ու սկսեցի խառնել սառը սուրճը, ճիշտ ես, այն մեկի սուրճը տաք էր, բայց ես չեմ խաբի, եթե ասեմ, որ իմ երկաթյա գդալը ժամեր շարունակ շաղակրատում էր սուրճի հետ, որ հանկարծ մտքերս չխառնվեն, ու որ ես հանկարծ չմոլորվեմ։ Նախավերջում վերցրի սառած սուրճս, ի դեպ, ես սիրում եմ սուրճը այն ժամանակ, երբ այն սառն է լինում կամ էլ «գդալով սառեցրած», իսկ վերջում միացրի իմ սիրելի երգը, այն լցվեց սենյակում ու ես լռեցի, իսկ նա խոսեց, ու հա՜, սենյակս լցվեց ինձանով, երգով, սառած սուրճի մոլեկուլներով, գրքի հերոսներով ու կիսաամառվա զովով։ Բայց ուզում եմ, որ դու իմանաս, որ ես երբեք էլ չդարձա այն մեկը, ով անջատեց սենյակի լույսն ու կորավ մթության մեջ։ Գիտե՞ս՝ ես երևի երբեք էլ այդ մեկը չդառնամ։

Anahit Badalyan

Մի քիչ տխուր

Զարմանալու չափ հետաքրքիր է, որ արևոտ, անձրևոտ, քամոտ, ցուրտ ու տաք օրերը կարող են ինչ-որ պահի լրիվ նույն գույնն ունենալ։ Ինչ-որ ժամանակ կարող է մեկ լինել՝ ինչ եղանակ է դրսում ու ինչ եղանակ է լինելու վաղը։ Կարող է մեկ դառնալ՝ ամսի քանիսն է, շաբաթվա որ օրն է, ամռանից քանի օր է անցել ու քանի օր է մնացել աշնանը։ Էս տարի բոլոր եղանակներն են աշուն թվում՝ խոնավ, սառը։ Տերևներ չկան, չկա և անձրև, ծառուղիներում տերևաթափ չկա, ուստի և լսել չի լինի «Մեր սիրո աշունը»․․․ Թերևս աշնան լավագույն պարգևները չկան, բայց թվում է՝ աշուն է՝ բնավորության իր ամենատհաճ գծերով։

Տարվա մյուս եղանակների վերադարձին սպասում ենք ես, վերարկուներս ու լողազգեստներս։ Սպասում ենք, բայց ոչ անհամբեր։ Որովհետև անհամբերությունը վաղուց լքել է մեզ, ճիշտ էնպես, ոնց սրտի թրթիռը։ Բայց մենք համբերատար էլ չենք։ Մենք ուղղակի սպասում ենք։ Սպասում ենք, որովհետև մեծ հաշվով ուրիշ տարբերակ չկա։ Ինքներս էլ մեծ հաշվով թքած ունենք՝ որքանով ենք համբերատար կամ անհամբեր, մեծ հաշվով կարևոր էլ չէ, մեծ հաշվով դա ոչինչ չի փոխելու։

Կյանքի նման ոչ խոստումնալից շրջաններին ամենքը տարբեր վարվելակերպ են դրսևորում։ Մեկը փորձում է իմաստ փնտրել այն ամենի մեջ, ինչ նախկինում անիմաստ էր թվում, մյուսը սկսում է անիմաստ համարել նախկինում խորիմաստ թվացող շատ բաներ, մեկը հոգնում է, մյուսը՝ օգտագործում ժամանակը հանգստանալու համար, մեկը սկսում է դիետիկ աղցաններ և ուտեստներ պատրաստել, մյուսն ուղղակի սկսում է ուտել նախատեսվածից ավելի շատ, մեկը սկսում է գրքեր ընթերցել, մյուսը գիրք ընթերցելու ցանկությամբ էլի մի անգամ հիասթափվում է ներկայից, որովհետև գիտակցում է՝ գրադարաններն անգամ փակ են։ Մեկը սկսում է ավելի հաճախ զանգել հին մտերիմներին, մյուսն ուղղակի դառնում է անհասանելի, մեկը լավ ֆիլմեր է գտնում, մյուսը՝ խորհուրդ տալիս այդ ֆիլմերն ու գիտակցում, որ ինքն արդեն դիտել է դրանք։ Մեկը պոզիտիվ է, մյուսը՝ ոչ այդքան, մեկն ուղղակի նեյտրալ դիրք բռնելու համար է ծնվել, ենթադրյալ որոշում չկայացնողներից է, այնինչ խելամիտ որոշում է նաև նեյտրալ լինելը․ խելամիտ ու հաճախ դժվար։

Էսպես տարբեր կյանքեր շարունակվում են տարբեր ուղիներով։ Գոյությունը շարունակվում է, կյանքը՝ ասում են՝ ևս։ Շարունակվում է գրեթե ամեն բան՝ կիսատված ժպիտների, չկայացած գրկախառնությունների, միասին չխմած թեյերի, իրար ժպիտները դիմակների հետևից պատկերացնելու ու իրար ներկա բացակայությանը համակերպվելու գնով։ Փոքրիկ Իշխանը մի բան գիտեր․ մենք բոլորս էլ ի վերջո մի օր մխիթարվում ենք․․․ Մեզ երևի մխիթարում է հետզհետե համակերպվելու այս անգույն, անձև ու մեր կամքով չընտրված տարբերակը․․․ Երևի․․․