arusyak grboyan

Մա՞հ, թե՞ կյանք

Միշտ մտածել եմ կյանքի ու մահվան հերթափոխի մասին, բայց փոխեցի տրամադրվածությունս կյանքի հանդեպ՝ ուսուցչուհուս խոսքերից հետո: Առաջին օրն էր դպրոցում արձակուրդներից հետո: Ամբողջ օրն անցավ՝ քննարկելով մեր անցկացրած արձակուրդներն ու հանգիստը: Բայց ես շատ զարմացա, երբ ուսուցչուհիներիցս մեկը դասը սկսեց փոքրիկ առակով: Ահա այն այնպես, ինչպես տպավորվել է իմ մեջ.

«Կար մի հեռավոր քաղաք: Այն չէր տարբերվում մնացած քաղաքներից ոչնչով: Բայց ուներ մի առավելություն: Քաղաքում ապրում էր մի իմաստուն, որին բոլորը սիրում և հարգում էին: Նրա համբավը հասնում էր շատ հեռուներ: Քաղաքում ապրում էր ևս մի խելացի մարդ, որը նախանձից դրդված ցանկանում էր բոլորին ապացուցել, որ ինքն ավելի խելացի է, քան այդ իմաստունը: Երկար մտորումներից հետո նրա գլխում մի փառահեղ միտք է ծագում: Նա ասում է.

-Ես կբռնեմ փոքրիկ թիթեռի, կպահեմ նրան ձեռքիս մեջ և կհարցնեմ այդ իմաստունին՝ ինչ կա արդյոք իմ ձեռքում՝ մահ, թե կյանք: Եթե նա ասի՝ մահ, ես բաց կթողնեմ թիթեռին, եթե ասի՝ կյանք, ապա կսպանեմ նրան: Ամեն դեպքում նա սխալ կլինի:

Հաջորդ օրը նա անում է այն, ինչ մտածել էր, և հարցնում է իմաստունին.

-Ի՞նչ է իմ ձեռքերում՝ մա՞հ, թե՞ կյանք:

Իմաստունը պատասխանում է.

-Ամեն ինչ քո ձեռքերում է, կուզես՝ կյանք կլինի, կուզես՝ մահ:

Այսինքն՝ մեզանից է կախված, թե ինչ կլինի մեր ձեռքերում՝ մահ, թե կյանք»։

Այդ օրվանից հետո միշտ հիշում էի թիթեռնիկին ու ժպտում: Նա կարծես ամենուր ինձ հետ էր, իմ ուղեկիցն էր դարձել:

Մի օր մի դեպք էր պատահել ինձ հետ, և ես մի անիմաստ բանից զայրացել էի ու տխրել՝ չնկատելով, որ արդեն քիչ էր մնացել սպանեի թիթեռիս: Ես վնասել էի նրա փոքրիկ թևը, և դրա առողջացման համար մի քանի ժամ պահանջվեց: Բայց ի վերջո նա կազդուրվեց, կրկին ժպտաց ու նոր կյանք հաղորդեց հոգուս:

Աշնանային դասընթաց ապագա առաջնորդների համար

Սեպտեմբերի 15-19-ը Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքում տեղի ունեցավ «Rural emPOWER-երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը» դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Լոռվա և Շիրակի մարզերի հիմնականում գյուղաբնակ երիտասարդները: Դասընթացի ավարտից հետո որոշեցի զրուցել կազմակերպիչների և մասնակիցների հետ:

syuzanna Kharatyan LoriՀարցս ուղղում եմ ծրագրի կազմակերպիչ Կարեն Այվազյանին:

-Ի՞նչը հաշվի առնելով ընտրեցիք մասնակիցներին: 

-Մասնակիցներն ընտրվել էին դիմում-հայտերի հիման վրա, և ընտրության ժամանակ հաշվի էին առնվել նրանց հետաքրքրվածությունն ու փորձառությունը: Հաշվի է առնվել նաև մասնակիցների տարբեր համայնքներից լինելը, որպեսզի ինչքան հնարավոր է ավելի շատ համայնքներ ներգրավվեին մեր ծրագրում:

-Ո՞րն էր դասընթացի հիմնական նպատակը: 

-Դասընթացի նպատակն էր՝ խթանել գյուղաբնակ երիտասարդության մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին և որոշումների կայացմանը Շիրակ և Լոռի մարզերի գյուղական համայնքներում՝ աջակցելով նրանց բացահայտել իրենց առաջնորդական ներուժը, խթանել ինքնավստահության ու ինքնակազմակերպման հմտությունները:

Իսկ հիմա զրուցում եմ մասնակից Արեն Շախկյանի հետ (17 տարեկան, Լոռու մարզ, գյուղ Շնող):

-Ի՞նչ տվեց քեզ այս ճամբարը:

-Ճամբարը ինձ տվեց ինքս ինձ ճանաչելու ու ինքնադրսևորվելու հնարավորություն, նոր ընկերներ, որոնք ինձ օգնեցին ինձ համար այդ երկու կարևոր հարցերում: Դասընթացը շատ հետաքրքիր էր, միջավայրը՝ ընկերական:

Դավիթ Խաչատրյան, 16 տարեկան, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր. 

-Այս ծրագիրն ինձ տվեց հետաքրքիր մարդկանց հետ շփվելու հնարավորություն՝ ամենատարբեր բնագավառներից:

Տաթև Գումաշյան, 18 տարեկան, Լոռու մարզ, Մարգահովիտ համայնք. 

-Այս ծրագրին մասնակցեցի հիմնականում փորձ ձեռք բերելու, նաև գիտելիքներիս պաշարը հարստացնելու համար, հետագայում ինձ համար առավել հեշտ կլինի աշխատել ամենատարբեր բնագավառներում:

-Ի՞նչ դժվարություններ են առաջացել դասընթացի ընթացքում: 

Անի Ցոլակյան, 23 տարեկան, Շիրակի մարզ, ք. Գյումրի.

-Դժվարություններ ունեցել եմ դասընթացի ընթացքում, երբ տրվել է հանձնարարություն, և խումբը պետք է սեղմ ժամկետում կատարեր առաջադրանքը, որպես մասնակից չեմ ունեցել տվյալ պահին հետաքրքիր միտք, որ կարողանամ օգնել իմ թիմին:

Զրույցը վարեց Սյուզաննա Խառատյանը

***

stella avetiqyan

Կարծեմ սեպտեմբերի 6-ն էր, երբ էլեկտրոնային փոստիս հաղորդագրություն ստացա, որ ես ընտրվել եմ «Rural emPower- երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը» դասընթացին մասնակցելու: Դե՜, ոգևորվեցի ու մտածում էի, թե գնում եմ սովորական 5-օրյա ճամբարի:

Դասընթացն ուղղված էր երիտասարդների մասնակցությանը ամեն կարգի որոշումների կայացման հարցում: Դասընթացի հովանավորները Սառնաղբյուրի «Համայնքային և երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունն ու Եվրոպական երիտասարդական հիմնադրամն էին: Դասընթացի ընթացքում վեր հանեցինք երիտասարդների խնդիրները, սովորեցինք, թե ինչպիսին պետք է լինի իսկական առաջնորդը և մշակեցինք գաղափարներ, որոնք պետք է իրագործեինք մեր համայնքներում՝ խթանելու մեր երիտասարդների ներգրավվածությունը:

Սեպտեմբերի 15-ին, երբ ես ու Սյուզաննան արդեն ճանապարհին էինք, ես դեռ չէի գիտակցում, որ գնում եմ մի վայր, որը իմ մեջ հետք է թողնելու:

Պատկերացրեք՝ գնում եք այնտեղ, որտեղ ոչ ոքի չեք ճանաչում, իսկ նույն օրվա երեկոյան մտերմիկ միջավայրում նստած «մաֆիա» եք խաղում՝ առանց այդ խաղն իմանալու: Առաջին օրն ամբողջությամբ տրամադրված էր ծանոթանալուն ու իրար ճանաչելուն:

Երկրորդ օրը հասկացանք, որ մեր կյանքում բավականին շատ մանիպուլյացիաների ենք ենթարկվել («խարդախ» ձևով ներգրավվել ենք որևէ բանի մեջ): Հենց այս գիշեր էր, որ չքնեցինք ու հենց այս գիշերվանից հետո էր, որ առավոտվա դասընթացին մի կերպ էինք դիմանում, որ աչքներս չփակենք:

Երրորրդ օրը ծանոթացանք ՏԻՄ օրենքներին և կոփվեցինք ինչպես առաջնորդ: Գիտե՞ք, մինչ այս էլի էի մասնակցել առաջնորդության մասին դասընթացների, բայց այս մեկը տարբերվում էր, որովհետև մենք սովորում էինք, թե ինչպես պետք է լինել լավ առաջնորդ, իսկ մյուս պահին կիրառում էինք մեր գիտելիքները գործնական աշխատանքներում կամ ինտերակտիվ խաղերի մեջ:

Չորրորդ օրվանից սկսեցինք խմբերով մշակել այն գաղափարները, որոնք պետք է իրագործեինք՝ մեր համայնքներ վերադառնալով:

Վերջին՝ հինգերորդ օրը հույզերով լի օրն էր: Այն օրն էր, երբ փորձում ես արտահայտել տպավորությունդ, բայց հույզերդ խանգարում են: Այն օրն էր, երբ քեզ ստիպում ես չլացել, որ քեզ համար թանկ դարձած մարդու աչքերում արցունք չտեսնես: Ու այդ օրը այն օրն էր, երբ հասկացա, թե ինչքան լավ կարելի է զգալ նաև քեզանից մեծերի հետ (ինձ բացառության կարգով էին ընտրել):

Իրականում գիտակցում եմ, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվելու:

Բայց երբ նստում ես տրանսպորտ՝ հետևում թողնելով երբեք բարկանալ չկարողացող դասընթացավար, ավագ ընկեր Կարենին, թարմացնող վարժությունների «թագուհի» Սիրանուշին, Գևորգի «շտեմարանի» բառերը, Տաթևի հետ գրկախառնությունները, Անրիի կիթառի լարերը, Կարենի ասմունքն ու Վարդի «բլա-բլա»-ները, աչքերդ արցունքով են լցվում, բայց էլի հիշում ես, որ կողքիդ նստած է Տաթևն ու էլի զսպում ես քեզ, որ նրան էլ չլացացնես:

Հաջորդ օրը, երբ գնացի դպրոց, արդեն զգացի, որ շատ եմ փոխվել: Դարձել եմ ավելի ինքնվստահ ու հասկացել եմ, որ դեռ շատ հատկանիշներ եմ իմ մեջ հայտնաբերելու ու միշտ հիշելու եմ, որ այդ «հետքը» թողել է սեպտեմբերի 8-ին իմ՝ ճամբարի մասնակցության հաստատումը:

Ստելլա Ավետիքյան

arxiv

Առաջին անգամ համարյա բաց տիեզերք

Տանը մենակ եմ, ինչ լավ է, ի՞նչ անեմ, ափսոս մի ժամից պետք է դպրոց գնամ, ըհը՜, բանալի էլ ունեմ, ամբողջ տունը իմ տրամադրության տակ է:

Այո, երևի հասկացաք, որ առաջին անգամ ինձ բանալի էին տվել և տանը մենակ թողել: «Հա, ասում եք` ինչ անե՞մ, վա՜յ, փող էլ ունեմ, գնա՞մ մի հատ շոկոլադ գնեմ, որ դպրոցում (այսօր էլ 6 ժամ ունենք) սոված չմնամ: Գնամ»,- որոշեցի ես:

Առաջին անգամ ես պետք է դուրս գամ տանից, դուռը մենակ փակեմ, հետո էլ վերադառնամ ու ինքնուրույն բացեմ:

«Միգուցե զանգահարեմ տատիկին զգուշացնեմ, է՜, չէ, մի անգամ էլ ինքնուրույն ամեն ինչ անեմ: Սոնան (մորաքույրս), ինչ է, զանգահարո՞ւմ է տատիկին, զգուշացնո՞ւմ է, որ տանից դուրս է գալիս»,- մտածում էի ես` մոռանալով, որ Սոնան ինձնից 20 տարով մեծ է: Փողս վերցրեցի, դուռը հպարտ-հպարտ փակեցի, իջա առաջին հարկ:

«Վա՜յ, բանալին: Տանը մնաց: Դուրսը մնացի, ի՞նչ պետք է անեմ»: Իսկ ես այնքան էի ուրախացել… Տրամադրությունս միանգամից ընկավ: Գնացի հարևանի տուն: «Հիմա ամենաահավորը, ո՞ւմ զանգահարեմ, որ գա դուռը բացի»: Միակ մարդը, որին կարողացա գտնել, տատիկն էր:

-Ալո, բարև, տա՛տ:

-Հա, բարև:

-Տա՛տ, ես…Ես… Չէի ուզում, բայց…,- որոշեցի ասել արագ-արագ, որ լավ ստացվի,- գնում էի շոկոլադ գնելու, հանկարծ դուռը վրաս փակվեց, ավելի շուտ, բանալին մոռացա տանը, կարճ ասած, հիմա հարևանի տանն եմ: Արի, որ դուռը բացես:

-Ի՞նչ,- լսվեց տատիկիս ձայնը:

-Տա՛տ, արագ արի, հետո կբացատրեմ:

Անցավ կես ժամ, տատիկս եկավ, դուռը բացվեց: Ասեմ, որ արդեն դասերից ուշանում էի: Երբ մտանք տուն, տատիկիս կարմրած դեմքից հասկացա, որ հիմա պետք է մի ժամ խրատ լսեմ, բայց ինձ չկորցրեցի. վերցրի պայուսակս ու արագ ասացի.

-Տա՛տ, դպրոցից ուշանում եմ, չեմ կարող ասել ոնց եղավ, հետո կբացատրեմ, ուշանում եմ…

Մեգի Հակոբջանյան, 12տ., 2005թ.

Meri Muradyan

Կնգան լսողը սեհե կլի, էլի

Մի ժամանակ, երբ ասում էին, որ հայերը միամիտ ազգ են, ես չէի հավատում, բայց իմ կարծիքը փոխեցի այն ժամանակ, երբ լսեցի այս զվարճալի և միևնույն ժամանակ, եզակի պատմության մասին:

Մի քանի օր առաջ մեր տանն էին հավաքվել տատիկիս ընկերուհիները: Մտա այն սենյակ, որտեղ նրանք նստած էին. ինչ-որ բան էի ուզում վերցնել: Կարծես ճիշտ ժամանակին էի ներս մտել: Աղունիկ տատը, որը խոսքի մեծ վարպետ է, պատմում էր, թե ինչպես է պատահել, որ իրենց գյուղացիները պատահականության զոհ են դարձել:
-Ուրեմն, աղջկերք ջեն, էս մեր գեղի Սամսոնի տղի հըրսանիքն էր, մի երկու օրից եդն էլ իմացանք, որ Անուշկի թոռան հըրսանիքն էլ ա էտ նույն օրը: Գեղը թնդեր: Չադիր կապեին, պատրաստութին տենեին, հրավերքնի անեին, էդ Սամսոնը մեզ էլ կանչեց: Գեղի կեսը կամ Սամսոնանց տանն էր, կամ Անուշկանց: Սամսոնը բարեգամներին չիմնուն հրավերք ա անըմ, հեռու-մոդիկ հաշվի չի առնըմ:

Դե, աղջկերք ջեն, ի՞նչ ասեմ, հըրսանքի օրը էս մեր հըրսանքավորը էկավ, զուռնա-դհոլով մի հէ քեփ արինք, մի հէ քեփ՝ էլ ասելու չի: Համա մի բան ասեմ, ծիծաղիք ոչ: Մի մարդ ու կնիկ եկան մի օրհնըմ են մեր նորապսակներին, մի հե շնորհավորանքնի ասըմ, որ էլ ասելու չի: Մի լավ նվեր էլ ձեռներուն տվին ու գնացին նստեցին: Մի լավ կերան, խմեցին, պար եկան: Համա մինն էլա դրանց ճնանչըմ չի: Փեսի կռան ժողովուրդը ասըմա՝ սրանք երևի հարսի բարեգամնին են, հարսի բարեգամնին էլ ասըմ են՝ սրանք հաստատ փեսի բարեգամնին են: Վերջը էս մեր քավորը շնորհավորանքի խոսքը ասավ պրծավ թե չէ՝ ես մեր անծանոթ «բարեգամնին» վիկացան, գնացին, բանն էլ դրանում չի է, նվերն էլ հետներուն տարան տունը շինվածնին: Դրանց վրա մխելամ ծիծաղեցինք:
Մի երկու օր եդը չիմ պարզվըմ ա, թե էդ ովքեր են էլել, էն ինչ խաբար էր, որ դրանք հըրսանիք էին եկել: Թուրմելի դրանք Անուշկի հարսի բարեգամնին են, Անուշկանց տան տեղն էլ գիդեն ոչ, գալիս են, հասնըմ գեղը: Դրանք էլ, որ տան տեղը գիդնալիս չեն ըլընմ, կնիկը մարդին ասըմա՝ արի մնին հարցնենք, տան տեղը իմանանք: Ճամփին մնին հարցնըմ են, թե որդի հըրսանիք կա, էլ ոչ անըմ են ասըմ, ոչ մի բան, էդ մարդն էլ Սամսոնի տան տեղն ա ցույց տալիս: Էս մեր Անուշևանն ու Մարուսը իրանցից գոհ-գոհ գալիս են հըրսանիք, նվերը տալիս, լավ քեփ անըմ: Մենակ քավորը, որ խոսելիս ա ըլըմ, էդ վախտ ուրիշ անըմ ա տալի, նոր ջոգըմ են, որ թարս են էկել՝ Անուշկանց տուն գնալու տեղը՝ Սամսոնանց տուն են գնացել: Մարդ ու կնիկ սուսուփուս վիր են կենըմ, վեշերներուն վաքըմ, դուս գալի: Համա էս Մարուսը տեղը կենըմ չի: Ասըմ ա՝ ես նվերս եդ տիմ վիրունիլ: Գնըմ ա փեսի մորը չիմ պատմըմ, նվերն էլ եդա վիրունում, հա ըրանքըմն էլ հիշըմա, որ նվերի հետ տարած մի կիլո կանֆետը մոռացել ա, եդ ա գնըմ՝ կանֆետն էլ վիրունում, Անուշկանց տան տեղն էլ իմանըմ, դուս գալի: Վերջը հասնըմ են Անուշկանց տուն: Գալիս են տեղավորվըմ, մինել դրանց հարցնըմ են, թե խի ուշացան: Էս Անուշևանը կնգանն ա մտիկ անըմ, քմծիծաղ տալի, հետո ասըմ. «Բա կնգան լսողը սեհե կլի, էլի»: Էս էլ մեր շշկլված ղոնախնին,- ասաց Աղունիկ տատը և վերջացրեց իր պատմությունը:

ofelya hovhannisyan

«Ինչ եմ ուզում այս աշխարհից»

Հարցազրույց հարևանուհուս՝ Վարդ Ավագյանի հետ: 

Երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ տիկին Վարդին: Նա ծնունդով Հրազդան քաղաքից է, դպրոցն ավարտել է գերազանց, որից հետո սովորել է Հրազդանի քոլեջում՝ «կապակցվող նյութերի տեխնոլոգիա» բաժնում: 1971 թվականին ամուսնացել է ու տեղափոխվել Սևան, որտեղ ընդունվել է Սևանի ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումը: 1974 թվականին ավարտել է տեխնիկումի լրիվ դասընթացը՝ «Մետաղների մշակումը կտրմամբ» մասնագիտությամբ, գերազանց առաջադիմությամբ և կարմիր դիպլոմով: Ավարտելուց հետո նրան անմիջապես աշխատանքի ընդունեցին որպես էլեկտրատեխնիկայի լաբորանտ և գրադարանավար: Նրան ուղարկեցին բարձրագույն ուսումը շարունակելու, բայց ընտանիքում ծնվեց 3-րդ երեխան, որի պատճառով ուսումը չկարողացավ շարունակել: Դրանից հետո 3 տարի տիկին Վարդն աշխատել է մանկապարտեզում՝ որպես թե՛ փոքրերի, թե՛ մեծերի խմբերի դաստիարակչուհի: Շուրջ 18 տարի աշխատել է Գագարինի լուսատեխնիկական ապակու գործարանում՝ որպես հսկիչ: Իսկ հիմա աշխատում է որպես ավանի հավաքարար: Հոգով մաքուր և բարի այս կինն անցել է կյանքի մեծ ուղի, տեսել ցավ, տառապանք, բայց այդ ցավն ու տառապանքը չեն փոխել նրա հոգու մաքրությունը: Այդ ամենը նա հանձնել է թղթին:

-Քանի՞ տարեկան էիք, երբ սկսեցիք ստեղծագործել

-7-րդ դասարանում էի սովորում, խմբակի էի հաճախում: Գրականության ուսուցչուհուս ամուսինը՝ Վարդան Փարթամյանը, բանաստեղծ էր, նա մեզ համար ուղեցույց էր հանդիսանում: Մի քանի առաջադրանքներից հետո, որ հանձնարարել էր մեզ, նկատեց, որ ստեղծագործական ձիրք ունեմ:

-Ի՞նչ թեմաներով եք գրել առաջին անգամ

-Առաջին անգամ գրել եմ դպրոցի մասին, ընտանիքիս մասին, շրջապատում կատարվող վատ կամ լավ իրադարձությունների մասին, աշխատանքային ընկերներիս մասին: Մտքումս տարբեր թեմաներ էին առաջանում, որոնք անմիջապես թղթին էի հանձնում:

-Իսկ ընտանիքում և շրջապատում ինչպե՞ս էին դրան արձագանքում

-Ընտանիքում և շրջապատում բոլորն ուրախանում էին, խնդրում, որ իրենց մասին էլ որևէ բան գրեմ: Կային այնպիսի թեմաներ, որոնք գրելիս մտածում էի, թե լավ չի ստացվել, բայց ընտանիքում և շրջապատումս բոլորն ինձ քաջալերում էին, հաջողություն մաղթում:

-Իսկ երբեմն չե՞ք մտածել, որ կարող եք տպագրել ձեր ստեղծագործությունները

-Սկսած այն ժամանակից, երբ արդեն գրում էի բանաստեղծություններ, երազում էի, որ դրանք տպագրվեն: Բայց ոչ ընտանիքս ուներ միջոցներ, ոչ էլ շրջապատում որևէ մեկը, որ կարողանար աջակցել ինձ: Դիմել եմ տարբեր կառույցների, բայց ապարդյուն: Սակայն մինչև հիմա էլ այդ երազանքն ինձ համար շատ կարևոր է, դեռ չեմ կորցրել հույսս, որ կգտնվի մի բարերար, ով կօգնի ինձ՝ կատարել իմ ամենանվիրական երազանքը:

-Իսկ բացի ստեղծագործելուց՝ էլ ի՞նչով եք սիրել զբաղվել

-Մանուկ հասակից սիրել եմ շփվել երեխաների հետ: Թեկուզ հիմա արդեն էլ երեխա չեմ, բայց սիրում եմ խաղալ երեխաների հետ: Նրանց համար միջոցառումներ էի կազմակերպում, ամեն կերպ ջանում էի օգնել երեխաներին և հիմա էլ շարունակում եմ նույն կերպ:

-Եթե ժամանակը հետ տայիք, հատկապես ի՞նչը կցանկանայիք փոխել ձեր կյանքում

-Ուսումը, որն ինձ համար մնաց անկատար երազանք: Ուսումս կիսատ թողեցի, որովհետև խնամում էի եղբորս երեխաներին: Հետագայում ինձ էլի շանս ընձեռվեց, բայց ես այդ ժամանակ արդեն ընտանիքի մայր էի: Մտածեցի, որ ընտանիքումս սովորելս կարող է խնդիրներ առաջացնել: Եթե ամուսինս բանվոր է, ուրեմն ես էլ բանվոր կլինեմ. այդպես էի ես մտածում: Ես իմ կյանքում բազմաթիվ զիջումների եմ գնացել, և իմ կատարած այն բոլոր քայլերի համար, որոնցով օգնել եմ մարդկանց, երբեք չեմ զղջացել:

-Տիկին Վարդ, ներկայումս աշխարհին ի՞նչ կցանկանաք

-Ի՞նչ եմ ուզում այս աշխարհից.

Ես ուզում եմ խաղաղություն,

Միայն ժպիտ ու բարություն,

Բայց մարդկային հոգու ամեն կոպտություն,

Տրորել է սիրտս մի պահ ու անցել,

Մի վատ խոսքից օրերով եմ վշտացել,

Ու մարդկանց դաժանության համար զարմացել,

Մի թույլ ժպիտ, բարի հեգնանք

Մոռացնել են տվել ինձ ամեն դառնություն,

Եվ հոգուս մեջ լույս է վառվել, համառ կամք,

Կարծես նորից բարության տենչն է ծնվել իմ հոգում,

Ինչ եմ երազել իմ կյանքում.

Երազել եմ սեր, մաքրություն, միասնություն,

Ի՞նչ եմ խնդրել մեծ արարչից,

Մեծ արարչից ես խնդրել եմ

Զավակներիս առողջություն,

Շատ երկար կյանք, հաջողություն,

Զերծ ու հեռու փորձանքներից, չար աչքերից, նենգի ձեռքից,

Եվ փա՜ռք Աստծո,

Զգացված եմ ու շատ գոհ,

Որպես Աստծո գթություն,

Գտել եմ միշտ օգնություն:

«Ընթացքն ինձ համար է, իսկ արդյունքը՝ ձեր»:

Հարցազրույց նկարիչ Նվեր Ռոմիա Հայրապետյանի հետ:

Նվեր Ռոմիա Հայրապետյանը ինքնուս նկարիչ է, զբաղվում է նաև բանասիրական աշխատանքներով: Ծնվել և ստեղծագործում է Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում: 

-Պարոն Ռոմիա, ե՞րբ սկսեցիք ստեղծագործել: 

-Հիշում եմ, որ ինձ տարել էին ուսուցչանոց՝ ծեծելու. դպրոցի սեղաններն էի նկարազարդում, ստուգողականի տետրերն էի ձևավորում: Նկարել եմ, կարելի է ասել, դպրոցական տարիքից: Ինձ ինչքան հիշում եմ՝ խզբզելու հետ սեր ունեի: Հետո զգացի, որ այդ խզբզոցը դառնում է կյանքիս կարևոր մասը: Դա և՛ երջանկություն է, և՛ դժբախտություն, իսկ հիմա հասկանում եմ, որ իրականում դա առաքելություն է:

-Իսկ ինչո՞վ է երջանկություն կամ դժբախտություն: 

-Ինձ համար երջանկություն է, որովհետև հնարավորություն է ընձեռված արտահայտվելու: Մարդն առնվազն պետք է երախտամոռ լինի, որ հաշվի չառնի այն փաստը, որ Հայր Աստծո ստեղծելու շնորհից իրեն էլ է բաժին հասել: Չէ՞ որ կտավը երկրի պես անձև է ու դատարկ: Ինչպես Հայր Աստվածն էր շրջում ջրերի վրա ու արարում, այդպես էլ՝ նկարիչը: Երբ զգում ես, որ նկարն այն է, ինչ դու էիր ուզում, արդեն իսկ մեծագույն երջանկություն է: Իսկ դժբախտություն է, որովհետև մտածում են, որ ես առնվազն խելագար եմ: Այս նյութական աշխարհում բոլորը մտածում են՝ ինչ ուտել, ինչ հագնել, իսկ ես մտածում եմ, որ ներկ չունեմ, կտավ չունեմ: «Դժբախտություն» ես վերացական ասացի, պարզապես հարկավոր է միշտ համադրել:

-Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ Ձեր ասած «դժբախտությունը» արտահայտվի կտավում: 

-Չեմ կարող ասել: Ես վրձինը վերցնում եմ ձեռքս, երբ ինչ-որ բան նախ ներսիցս է գալիս, կամ երբ ինչ-որ խորհրդավոր բան եմ իմացել: Նկարներիս բովանդակությունը զգուշացում է պարունակում: Ես դաժան եմ նկարում: Ինձ մոտ գերակշռում է իրականությունը, որը շատ հաճախ շղարշված է: 

-Ձեզ ճանաչող արվեստագետները և առհասարակ՝ մարդիկ, նշում են, որ Ձեր ոճը բնորոշ է միայն Ձեզ: Համաձա՞յն եք: 

-Ասեմ, որ ընդհանրապես նկարելիս շատ քիչ եմ մտածում ուղղության մասին: Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ ոճը, ուղղությունը և նման բաները ձևականություն են: Ես նկարում եմ այն, ինչ տեսնում և զգում եմ: Օրինակ՝ ես նկարում եմ արհավիրք ու տեսնում եմ, որ լիճը ցամաքած է, տարածքը աղտոտված է, մարդիկ ձուկ են որսում, մի խոսքով՝ բնությունն իր կատարյալ շարժման մեջ չէ, բնականաբար, առաջանում է զգացողություն: Ա՜յ, հենց այդտեղ էլ զգացողությունից կտավի վրա ծնվում է գույնը, գիծը, շարժումն և պատկերը: Ու ստեղծվում է այն, ինչը ստեղծվում է: Մի կողմ դնել զգացողությունն ու մտածել. «Վա՜յ, գծից դուրս չգամ, վա՜յ, ոճից չշեղվեմ» սխալ է: Ես պահի տակ եմ նկարում, ոչ մի պարագայում երբեք չեմ էսքիզում, միգուցե այդ պատճառով առանձնացնեմ էքսպրեսիոնիզմը:

-Երբևէ եղե՞լ է, որ չհասկանան Ձեր նկարները: Եթե այո, ի՞նչ եք զգում այդ պահին:

-Ըմ, շատ: Ասեմ, որ բոլորն էլ գիտեն, որ բավականին բարձր գներով են վաճառվում իմ նկարները, ու ասում են՝ յանի էդտեղ ի՞նչ կար, որ: Դե, չգիտեմ՝ ինչ կար, կարևորը, որ ես խելագար չեմ: Այն, որ չեն հասկանում, ժամանակին ցավ էր պատճառում: Ավելի շատ ցավում եմ, որովհետև ինձ համար չէ, որ նկարում եմ: Հիմա ես փորձում եմ օգնել, բացատրել ու ցույց տալ:

-Պարոն Ռոմիա, որպես արվեստագետ՝ ունե՞ք ոգեշնչման աղբյուր:

-Իհարկե, ունեմ և ունեցել եմ: Երիտասարդ տարիներին ես ոգեշնչվել եմ մեծ նկարիչներով՝ Վան Գոգ, Մոդիլիանի, Սարյան: Հավելեմ, որ 10-12 տարի առաջ Մոդիլիանիով պարզապես տարված էի: Դրանց արգասիքը մեծ տիկնոջս պատկերով բազում կտավներս են: Հիմա, երբ տարիքս այլ է, ուրիշ է նաև ոգեշնչումս: Հիմա այն Աստվածաշունչն է: Աստվածաշնչից ոգեշնչվելով՝ ավելի շատ գրում եմ, քան նկարում: Ունեմ մի քանի հատոր գիրք, որոնք հրատարակված չեն՝ հնարավորություն չունենալուս պատճառով:

Վերադառնալով թեմային՝ ասեմ, որ Աստվածաշունչը մեր հոգեգիրքն է: Այն այբուբենն է, որով դու կարդում ես քեզ: Ու այդտեղից է, որ իրերը, պատկերները, տիեզերքից, ժամանակից ու տարածությունից դուրսը քեզ մեկնվում են, ու դու մեկնվում ես կտավին:

-Իսկ Ձեզ համար ստեղծագործությունը ընթա՞ցքն է, թե՞ արդյունքը: 

-Հըմ: Կարծում եմ՝ հարցդ երկսայր բնույթ ունի: Ե՛վ աջ խփեցիր, և՛ ձախ: Փորձեմ պատասխանել: Երբ խոսքը գնում է եռաթև, հնգաթև մի խոսքով՝ կառուցում պահանջող կտավի մասին, ես սարսափ եմ ապրում: Ի՞նչ է ստեղծվելու, ինչպե՞ս եմ ստեղծագործելու, ո՞րն է լինելու ընթացքը: Պարզապես վախենում եմ կտավին կպչել: Հետո փակվում են դռները, միացվում է բարձր երաժշտությունն, ու սկիզբ է դրվում ընթացքին: Կարծում եմ՝ ինձ համար ստեղծագործությունը ընթացքն է: Ընթացքն ինձ համար է, իսկ արդյունքը՝ ձեր:

-Ո՞ր դեպքում բացարձակապես կհրաժարվեք նկարելուց: 

-Երիտասարդ տարիքում երեք հարյուր կտավ եմ ջարդել: Պատճառը ծաղրն էր: Ընտանիքում բոլորը բժիշկներ, քիմիկոսներ, կենսաբաններ էին, իսկ ես՝ «խզբզիկ»: Այդ ժամանակ էր, որ չէի նկարում: Հիմա ավելի հասուն եմ: Հրաժարվե՞լ. ոչ մի պարագայում: Ես միշտ ասում եմ, որ գրականությունն իմ աղջիկն է, նկարչությունը՝ տղաս: Ես իմ երեխաներին սիրում եմ հավասարաչափ: Աղջիկս զգացմունքներս է, տղաս՝ ուժս:

-Երբևէ կփոշմանե՞ք, որ տեղի չտվեցիք հարազատներին և հասարակությանը ու դարձաք արվեստագետ:

-Գիտեք՝ կա գենետիկական կոդ հասկացությունը, ըստ որի՝ հիմա ես պետք է բժիշկ լինեի: Բայց ես շատ ուրախ եմ, որ հիմա մարդու մարմին չեմ բուժում, եթե կարողանամ, արվեստով հոգի կբուժեմ:

lilit grigoryan

C. A. M. P.-ի մասին

2017 թվականի սեպտեմբերի 16-19 Աղվերանի «Կրիստալ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ C.A.M.P. (Cultural Awareness Migrants Program) ծրագիրը՝ հաստատված Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից: Ծրագրի հիմնական նպատակը ինտեգրված հասարակության կառուցումն էր՝ տեղացի և սիրիահայ երիտասարդների մշակութային գիտակցության մակարդակը բարձրացնելու և նրանց միջև միջմշակութային երկխոսություն ստեղծելու միջոցով: Ծրագրին դիմել էին 300 մասնակիցներ, որոնցից միայն քառասունս հնարավորություն ստացանք մասնակցելու ճամբարին: 4-օրյա այս ծրագիրը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու մշակութային բազմազանությանը, Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ծրագրերին, մարդու իրավունքների մասին գիտելիքներ ձեռք բերելու, հասկանալու գենդերային հավասարության ճշմարիտ էությունը, մասնակցելու տարբեր թեմաներով բանավեճերի: Այս ամենից զատ՝ մասնակցեցինք ինտելեկտուալ խաղերի, ժամանցային ծրագրերի, երեկույթների: Մի խոսքով՝ ակտիվ հանգիստ ակտիվ միջավայրում:

Իսկ հիմա՝ պաշտոնական ինֆորմացիան հաղորդելուց հետո, ուզում եմ սովորությանս համաձայն կիսվել հաճելի տպավորություններով: Կթվա ինքնավստահություն, բայց դիմելիս համոզված էի, որ ընտրվելու ու մասնակցելու եմ քեմփին: Ամենը պայմանավորված է նրանով, որ ես հավատում եմ նրան, ինչ անում եմ ու չեմ սիրում պարտված դուրս գալ ինչ-որ բանից: Լավ, պատմեմ այն մասին, թե ինչքան շատ ուրախացա, երբ եկավ սեպտեմբերի 16-ն ու գնացինք «Հայ մարզային երիտասարդություն» ՀԿ-ի գրասենյակ, որպեսզի այնտեղից շարժվենք դեպի Աղվերան: Ուրախությունս ոչ այդքան այդ օրն էր, մեր այնտեղ հավաքվելը, կամ թե այլ բան, այլ 17-ի ընտանիքի անդամներից մեկին՝ Վահեին առաջին անգամ տեսնելը (երկար էինք սպասել): Դե, հետո արդեն «Sevan Startup Summit»-ի ընտանիքի ամենատպավորիչ ու առանձնահատուկ անդամներից մեկին՝ Մայային տեսա, հանդիպեցի և՛ տարօրինակ, և՛ կասկածելի, և՛ հաճելի դեմքերի ու իսկապես առաջին վայրկյանից սկսեցի մշակութային բազմազանությանը անմիջականորեն առնչվել ու մտածել այդ մասին:
Երևի երկար-բարակ չխոսեմ քեմփի ընթացքում օրակարգային իրադարձությունների մասին, որովհետև ապացուցված բան է, որ մարդկանց միշտ դուր է գալիս որևէ բանի անլուրջ ու արկածային մասը: Հա՛, իրականում մեր հրաշք սեմինարավարների և իրազեկ մասնակիցների շնորհիվ ես վերջապես հասկացա, թե ինչ է գենդերային հավասարությունը, ինչպես կարելի է ոչ ֆորմալ կրթական միջավայրում ավելի մեծ գիտելիքներ քաղել ու մարդու իրավունքներից վերցնել իմն ու պաշտպանել դրանք: Բայց, դե այսպիսի ծրագրերի ժամանակ մարդկային շփումը, նոր տեսակներ հայտնաբերելը մեկ այլ հաճույք է: Սկզբից ևեթ ինձ երջանկացրել էր այն գաղափարը, որ ժամանակս անցկացնելու եմ ոչ միայն տեղացի, այլ սիրիահայ երիտասարդների հետ, ու երբ ինձ քեմփի մասին էին հարցնում, անպայման շեշտում էի դա ու ժպտում: Ես զգում էի մարդկանց, ովքեր իրենց մեջ կեղծիքի նշույլ անգամ չունեին:
Մի քիչ էլ տիպիկ հայերիս մասին խոսեմ: Դե, իրականում այդքան խորանալու կարիք չեմ տեսնում, ուղղակի ուզում եմ ասել, որ 40-ի հետ էլ ուժեղ կապվեցի, որովհետև նրանք իրարից տարբեր էին: Նրանք ունեին տարբեր մասնագիտություններ, կարծիքներ, տարբեր ու մեկը մյուսից գեղեցիկ, աչքին հաճելի արտաքին, տարբեր էին նրանց ճաշակները, մոտեցումները, տաղանդները և այլն: «Եվ այլն»-ը իր մեջ ներառում է արտաքինի հետ կապված մի քանի բաներ ու բնավորության էլի տարբեր, շատ անգամ՝ ծայրահեղ գծեր: Հետաքրքիր է, որ խառը տեսակները մի տանիքի տակ հաշտ ու համերաշխ ապրեցին, անձնական մշակույթներով փոխանակվեցին, գտան իրար մեջ լավագույն ընկերներ, սիրեցին իրար, հետո 19-ից սկսած էլ՝ կարոտեցին: Ես երրորդ դեմքով եմ խոսում, բայց ասածներիս մեջ ինձ էլ պատկերացրեք:
Իրականում այս ամենն այսքան լավը չէր լինի, եթե չլիներ կազմակերպչական հրաշք խումբը: Ծրագրի ղեկավար Սաթեն ու կազմակերպիչներից յուրաքանչյուրը մեզ համար ստեղծեցին ապահով, գեղեցիկ, գիտելիքով լեցուն, հարգալից միջավայր, որի համար շնորհակալություն բառը օրվա մեջ մեկ քայլ անելու պես չնչին բան կթվա: Նրանք անընդհատ հետևում էին մեզ, հոգ տանում մեր մասին, աշխատում, ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի մենք գոհ ու երջանիկ լինենք մեր օրերից: Իսկապես, հաջողվեց: Ու, իսկապես,, շատ սիրեցինք նրանց:
Մենք սովորականի պես ապրում էինք մեր չորս օրերը՝ խաղալով մաֆիա, փարթիներ կազմակերպելով, խարույկի շուրջը հաճելի մի քանի ժամ անցկացնելով, որոնելով տարածքում թաքնված քաղցրահամ գանձերը, կիսելով մեր կյանքի փորձը, ծիծաղելի դեպքերը, պարելով տարբեր ազգային պարեր ու, նորից նշեմ, սիրելով ու հարգելով միմյանց «ես»-երը:

Տարբեր էինք մենք, ու դա էր հենց մշակութային երկխոսության գլխավոր նախապայմանը:

milena barseghyan

Հարգենք առանց թվերի

Գրում եմ այն մասին, որը գուցե բազմիցս անցել է քո մտքով, բայց անցնելիս երևի «կոնտակտային տվյալներ» չի թողել, որ հետո նորից կապվես հետը։ Դրա համար։

Վերնագիրը դրել ենք, դե, սկսենք։

Ամեն օր դու ծանր պայուսակով, դպրոցում հոգնելուց ու հետո էլ պարապմունքներով զբաղվելուց հետո, վերջապես որոշում ես հասնել տուն, չէ՞։ Ավտոբուսով պետք է գնաս ու «օրենքով» պետք է կանգնած գնաս ու ազատ նստատեղը զիջես մեծահասակներին, չէ՞։ Ինչո՞ւ դու նստած չես՝ որովհետև դու փոքր ես, իսկ նրանք՝ մեծ, «պետք է հարգել մեծերին»։ Անկեղծ ասած, մեր ու մեծահասակների իրավունքներն ու հնարավորությունները լիովին հավասար և նույնն են հասարակական տրանսպորտում։ Քննարկման ենթակա էլ չէ, որ և՛մենք, և՛ մեծահասակները նույն ուղեվճարն ենք տալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք զիջում։

Եթե հոգնած եմ, ուսապարկս լիքն է գրքերով, ոտքերս էլ հրաժարական են տվել, ու ուզում եմ նստած տուն հասնել, բոլորովին չի նշանակում, որ չեմ հարգում մեծերին, լա՞վ։ Որովհետև հարգել մարմինը, չափերը, և առավել ևս տարիքը՝ խելքին մոտ չէ։ Իմ ամենաչսիրելի արտահայտություններից է՝ «Գոնե տարիքը հարգի»։ Ես սովոր չեմ ու ոչ մի տեղ չեմ էլ կարդացել, որ պետք է տարիքը՝ թվերը հարգել։ Ոչ էլ կարդացել եմ, որ եթե չհարգեմ՝ անդաստիարակ պիտի կոչվեմ կամ «էս հիմիկվա ջահելնե՜րը…»։ Որովհետև թվերը հարգելը չէ կարևորը։

Հարգանքը իր ճիշտ իմաստը կրում է այն ժամանակ, երբ ավելացնում ենք «փոխադարձ» բառը ու մոռանում տարիքի մասին։ Բոլոր մեծահասակներին հարգելը ի՞նչ կանոն է, ես դա չեմ հասկանում, քանի որ ինձ համար հարգանքի չափորոշիչը տարիքը չէ։ Ես ինձնից փոքր երեխաներին էլ եմ հարգում և ուզում եմ բոլորդ էլ հարգեք նրանց՝ երեխաներին։ Դիմացինի հանդեպ հարգանք ցուցաբելերու համար կարևոր չէ, որ նա չորս տարեկան է, շիկամազ է, օտարերկրացի, կապույտ մազերով է կամ մաշված շապիկով։ Կարևոր չէ։ Դե՞մ չեք, որ չափորոշիչը լինի փոխադարձությունը, փոխադարձ հարգենք իրար, մարդկանց հարգենք անկախ իրենց, օրինակ՝գույնից։

Մի քիչ էլ «դու»-ի ու «Դուք»-ի մասին բարձրաձայնեմ ու հետո ավարտեմ, թողնեմ՝ մտածեք ու հակաճառեք։

Հարգանքի դրսևորում է «Դուք»-ով խոսելը։

Ավտոբուսում վարորդի հետ «դու»-ով խոսելը՝ «կանգառում կկանգնես»-ը, մեծահասակի կողմից ավելի անշնորհք վարքագիծ է, քան իմ, որ նրան չզիջեցի կիսակոտրած նստատեղը։ Հարգո՞ւմ է վարորդին, Ձեզ եմ հարցնում։

Կամ, եթե ինչ-որ մի կին ուզում է իմանալ երեխայի անունը ու հարցնում է՝ անունդ ի՞նչ է, արդեն ակնհայտ նեղանալու առիթ կա այդ կնոջից, քանի որ տարիքը կապ չունի, ու «Դուք»-ով խոսելը հարգանք է։

Ձեր անունն ի՞նչ է, սիրելիս, ես Ձեզ հարգում եմ ու բոլորովին ինձ չի հետաքրքրում, թե քանի տարեկան դարձաք Ձեր ծննդյան օրը, ես այդ թվերով ոչինչ չեմ որոշում։

hovik vanyan dsex

Կարոտում եմ քեզ, տատիկ

Շուտով հինգ տարի կլինի, որ Ասիկ տատիկս (մայրիկիս մայրը) ֆիզիկապես ինձ հետ չէ: Անչափ շատ էի (եմ) սիրում նրան: Ամեն անգամ, երբ հիշում եմ իր մասին, առաջին բանը, որ մտքիս է գալիս, նրա անսահման սերն ու բարությունն է: Շատ օրինակելի ու մեծահոգի կին էր: Սիրում էր խելացի մարդկանց, ու ինքն էլ շատ խելացի էր…

Երեք տարեկանից սկսած, կարողացել եմ մենակ գնալ նրանց տուն (պապիկս ու տատիկս երկուսով էին ապրում), չնայած այն բանին, որ մեր տունը գյուղի մի ծայրում է գտնվում, իսկ նրանցը` մյուս: Տատիկիս կողքին ինձ շատ լավ էի զգում: Կարծես հրեշտակ լիներ` ինձ միշտ ջերմությամբ ու սիրով էր պատում: Հաճախ էի գիշերները նրանց տանը մնում, որովհետև շատ հետաքրքիր էր անցնում ժամանակը: Երեկոյան, երբ ոչխարները գալիս էին հանդից, գնում էինք գոմի մոտ, ու ես դույլը պահում էի, որ տատիկս կթի ոչխարներին: Հետո այդ կաթը պետք է պանիր դարձնեինք, ու ես անհամբեր սպասում էի «ղազանդիբի» (կաթի մինչև պանիր դառնալու պահը) ուտելուն, շատ համեղ էր լինում: Այդ ամենը վերջացնելուց հետո էլ վառարանն էինք վառում, որ պլեճ անենք: Ես վառարանի մեջ արվածն էի սիրում, իսկ տատիկս` հենց վրայինը:

Վերջապես գալիս էր հեքիաթ կարդալու ժամանակը: Շատ էի սիրում «Գեղեցկուհի Վասիլիսան» ու «Կռնատ աղջիկը» հեքիաթները ու չէի հոգնում դրանք անդադար լսելուց, որոնք տատիկս առանց հոգնելու սիրով կարդում էր ինձ համար: Ժամը 11-ից հետո էլ քնելու ժամանակն էր, ու երբ քնած ժամանակ վերմակը վրայիցս ընկնում էր, զգում էի, թե ինչպես է տատիկս զգուշությամբ նորից ծածկում ինձ…

Հիմա, երբ տատիկս ինձ հետ չէ, պատրաստ եմ ամեն ինչ տալ, միայն թե հին օրերը վերադառնան, որ նորից նրա պատրաստած ոչխարի պանիրն ուտեմ, որ նորից հեքիաթ կարդա ինձ համար ու նորից գիշերները ծածկի ինձ:

Տատիկ ջան, միշտ հիշում եմ քո խորհուրդները ու հիմա ինչի կարողացել եմ հասնել, հենց այդ խորհուրդներն են ինձ օգնել:

Կարոտում եմ քեզ…

«Փոքրիկ իշխանը» Գավառում

Հարցազրույց Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնի համակարգող Սոնա Խաչիկյանի հետ

-Ո՞ր թվականից է Գավաոում բացվել «Փոքրիկ իշխան» կենտրոնը: Ո՞րն է կենտրոնի նպատակը:
-2010թ.-ից Գավառում գործում է «Փոքրիկ իշխան» կենտրոնը: «Փոքրիկ իշխան» -ը Գավառում գործող միակ սոցիալական կենտրոնն է, որը նպաստում է երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը և հզորացմանը: Կենտրոնի նպատակն է՝ աջակցել կյանքի դժվար իրավիճակներում հայտնված ընտանիքներին, տալ սոցիալական, հոգեբանական աջակցություն: Կենտրոնը ծավալում է ընտանիքակենտրոն գործունեություն:

-Ի՞նչ է նշանակում ընտանիքակենտրոն գործունեություն ծավալել:
-Այսինքն՝ աշխատանքներ են տարվում ոչ միայն կենտրոն հաճախող երեխայի հետ, այլև ամբողջ ընտանիքի: Ընտանիքը ստանում է համապատասխան աջակցություն և ուղղորդում:

-Քանի՞ ընտանիքների երեխաներ են սովորում գործող խմբակներում:
-Այս պահին ունենք քառասուն ընտանիք:

-Ծառայություններ մատուցվում են նաև շահառուների ծնողներին: Ի՞նչ տեսքով են դրանք լինում: Ո՞րն է դրանց նպատակը:
-Նպատակն է՝ հզորացնել ընտանիքը: Այսինքն՝ եթե ընտանիքն ունի որևէ խնդիր, որը կարող է կապված լինել աշխատանքի, զբաղվածության հարցեր լուծելով կամ որևէ կառույցի դիմելով՝ կախված խնդրից, մեր սոցիալական աշխատողները տալիս են համապատասխան ուղղորդում:

-Ինչպիսի՞ կրթություն են ստանում երեխաները:

-Ունենք մասնագիտական կողմնորոշման խմբակներ: Այժմ գործում են լրագրության, համակարգչային հմտությունների, ձեռագործության, նկարչության, տիկնիկագործության, խոհարարության, պարի, առողջ ապրելակերպի, անգլերեն մշակույթի խմբակներ: Խմբակները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են՝ կախված կարիքներից ու նյութական պահանջներից:

-Ի՞նչ մեթոդներով են իրականացվում դասերը:
-Դասընթացի մեթոդներն ընտրում են դասընթացավարները՝ կախված տարիքային խմբից, երեխաների հետաքրքրություններից ու օրվա քննարկվելիք թեմաներից: Հիմնականում դասերն անցկացվում են ինտերակտիվ թիմային աշխատանքների միջոցով:

-Ինչո՞ւ կենտրոնը կոչվեց «Փոքրիկ իշխան»:
-
Կենտրոնը կոչվեց «Փոքրիկ իշխան», Անտուան դը Սենտ Էքզյուպերիի համանուն ստեղծագործության հիման վրա: Այսինքն՝ սա այն վայրն է, որտեղ երեխան կերտում է իր միջավայրը, զգում է իրեն ապահով, ստեղծագործում է, կարող է հենվել իր հետ աշխատող մարդկանց վրա, նոր զարգացվածություն արձանագրել իր կյանքում ու տարբերվել շրջապատից:

-Որո՞նք են կենտրոնի առջև դրված խնդիրները, որոնց դեմ ինչ-որ քայլեր եք ձեռնարկում:
-Մեզ համար շատ կարևոր է ինտեգրումը և կապը համայնքի հետ, որովհետև մենք չենք սահմանափակվում կենտրոնի գործունեությամբ: Մենք համագործակցում ենք այլ կառույցների հետ, կարևորում երեխաների շփումը այլ հաստատությունների շահառուների հետ: Մեր նպատակն է, որ երեխաները զարգանան, ձեռք բերեն նոր գիտելիքներ, հմտություններ, նոր բացահայտումներ լինեն նրանց կյանքում, հասկանան, թե ինչպիսի կողմնորոշումներ ու հետաքրքրություններ ունեն, կարողանան ընտրել մասնագիտություն ու գտնեն կյանքում իրենց տեղն ու դերը: Մենք կարևորում ենք թե՛ կրթությունը, թե՛ կրթվածությունը: Խմբակների շրջանակներում նրանք ստանում են անհրաժեշտ մասնագիտական կրթություն, բացի այդ, ուշադրություն է դարձվում երեխայի հաղորդակցման հմտությունների զարգացմանը:

-Շահառուները քանի՞ խմբակների կարող են մասնակցել:
-Յուրաքանչյուր երեխա կարող է ընտրել 2-3 խմբակ՝ ըստ իր նախասիրությունների:

-Ի՞նչ բնույթի միջոցառումներ եք կազմակերպում:
-Մեզ մոտ կազմակերպվում են տարաբնույթ՝ սոցիալական, ժամանցային միջոցառումներ, նշում ենք բոլոր տոները, ունենում ենք խմբային աշխատանքներ տարբեր թեմաներով: Թեմաները ընտրում ենք մենք երեխաների հետ ու ունենում տվյալ թեմատիկային բնորոշ միջոցառումներ, ամառային ճամբարներ, էքսկուրսիաներ, արշավներ, ուխտագնացություններ: Դրանք նպաստում են ընկերական միջավայրի ամրապնդմանը, հոգևոր ու մշակութային արժեքների ճանաչմանը:
Կենտրոնում կազմակերպվում են բաց դռների օրեր համարյա ամեն ամիս, ու մենք հյուրընկալում ենք այլ կառույցներում սովորող երեխաների: Ունենում ենք ֆեյսբուքյան հայտարարության տեսքով ծանուցում, և կարող է այցելել ցանկացած մարդ:

-Հասարակական աշխատանքներում ինչպիսի՞ մասնակցություն ունեն շահառուները:
-Երեխաներն ակտիվ մասնակցություն ունեն հասարակական աշխատանքներին. թե՛ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, թե հասարակական ակցիաներին, դասընթացներին, քարոզարշավներին, եթե երեխաները հետաքրքրություն են ցուցաբերում:
Մենք ունենք նաև համայնքային կենտրոն, որտեղ երեխաները քաղաքի այլ երեխաների համատեղ ջանքերով կառուցել են խաղահրապարակ:

-Խոսեք կենտրոնում տարվող հոգեբանական աշխատանքների մասին:
-«Փոքրիկ իշխանում» շատ է կարևորվում սոցիալ-հոգեբանական աշխատանքները: Հոգեբանը աշխատում է երեխաների հետ, իրականացնում տարբեր թերապիաներ, խմբային աշխատանքներ, անհատական խորհրդատվություններ: Հոգեբանը աշխատանքներ է տանում նաև շահառուների մայրերի հետ:

-Ինչպե՞ս եք իրականացնում ընդունելությունը:
-
Ընդունելությունն իրականացվում է 7-17 տարեկանների շրջանակներում: Մեզ մոտ ուղղորդում են դպրոցներից, կամ մենք ենք դպրոցներ այցելում, տեղեկացնում մեր կենտրոնի մասին: Ցանկացողները դիմում են մեզ, մենք էլ տնայցերի միջոցով ընտրում ենք նրանց ու ներգրավում կենտրոնի շահառուների շարքերը կամ ցուցակներ ենք ստանում մարզպետարանի ու քաղաքապետարանի համապատասխան բաժիններից ու ըստ այդմ իրականացնում ընդունելությունը: