Mishel Harutyunyan

Արձակուրդներ են

Այս տարի չնկատեցի, թե ժամանակը ինչպես այդքան արագ անցավ, և սկսեցին ամառային արձակուրդները։ Ամփոփելով այս ուսումնական տարին, կասեմ, որ այս տարի մրցույթներ քիչ եղան մեծերի համար, եղան և հաջողություններ, և պարտություններ։

Այս տարի, ինչպես անցած տարիներին, դպրոցում կազմակերպվեցին միջոցառումներ։ Սակայն այս տարի «փոփոխություններ» կատարվեցին դպրոցում։ Աշխատանքից ազատեցին մեր շատ սիրելի տնօրենուհուն՝ տիկին Ռուզաննա Հայրապետյանին։
Շատ տխրեցինք:
Հիմա արձակուրդներ են, դասերն ավարտվեցին, և մի լավ շունչ կքաշեմ և կհանգստանամ։ Քննություններ չունեմ:
Մի քիչ էլ խոսեմ, թե ինչպես եմ անցկացնելու իմ արձակուրդները։
Կաշխատեմ, որ այն անցնի հետաքրքիր։ Արձակուրդների ընթացքում այցելելու եմ տատիկիս և պապիկիս։ Մեր դասարանով գնալու ենք էքսկուրսիա։ Կարդալու եմ գրքեր, ինչպես նաև հաճախելու եմ խմբակների՝ ֆրանսերենի և երգի։
Ահա այսպես եմ անցկացնելու իմ ամառային արձակուրդները։

Ամփոփվեց երեխաների իրավունքներին նվիրված մրցույթը

DSC_0630Հունիսի մեկին ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը և «Մանանա» կենտրոնը համատեղ հայտարարել էին երեխաների իրավունքներին նվիրված լուսանկարների, Էսսեների և ֆիլմի սցենարների մրցույթ: Մրցույթի մեկնարկից սկսած մինչև ավարտը հանրապետության բոլոր մարզերից 7-ից 17 տարեկան երեխաներից ու պատանիներից ստացվել էր 50-ից ավելի հայտ: Ժյուրին առանձնացրել էր տարբեր տարիքային խմբերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակներ, ինչպես նաև խրախուսվել էին որոշ աշխատանքներ:

Հայտարարված մրցույթին իրենց մրցանակներով միացել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ գրողների միությունը, ԱՐԱՏՏԱ իրավախորհրդատվական կազմակերպությունը, Save the Children Armenia երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը:DSC_0629

Մինչ մրցանակակիրների անունները հայտարարելը՝ մասնակիցները դիտեցինք «Մանանա» կենտրոնի նկարահանած երեխաների իրավունքների մասին սոցիալական գովազդները՝ պատասխանելով իրավունքներին առնչվող հարցերին:

Իսկ վիկտորինայից հետո հայտարարվեցին հաղթողները:

Եվ այսպես.

«Հայաստանի երեխաները» խորագրով լուսանկարչական մրցույթի հաղթողներն են.

Ավագ տարիքային խումբ

Առաջին մրցանակ – Զարուհի Գեւորգյան, 17տ., Լճափի միջն. դպրոց, Գեղարքունիքի մարզ

Երկրորդ մրցանակ – Մարինե Նիկողոսյան, 16տ., Կաքավասարի միջն.դպրոց, Շիրակ

Երրորդ մրցանակ- Անուշ Հովհաննիսյան, 16 տ., Արմավիրի թիվ 4 դպրոց, Արմավիրի մարզDSC_0626

 Միջին տարիքային խումբ

Առաջին մրցանակ – Արտյոմ Մամյան, 15տ., Կողբի թիվ 1 միջն. դպրոց, Տավուշի մարզ

Երկրորդ մրցանակ – Իզա Ասծատրյան, 15տ., Հալիձորի միջն.դպրոց, Սյունիքի մարզ

Երրորդ մրցանակ – Ստելլա Ավետիքյան, 15 տ., Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջն. դպրոց

Խրախուսական մրցանակ – Եվա Խեչոյան, 15տ., Չարենցավանի ավագ դպրոց,

Կրտսեր տարիքային խումբ

Առաջին մրցանակ – Լիլիթ Վարդանյան, Երեւան , Գ. Ստեփանյանի անվան համար 135 դպրոց,

Երկրորդ մրցանակ – Վիլյամ Հովհաննիսյան, Երեւան, Արեգնազան կրթահամալիր:

«Երեխաների իրավունքները» ֆիլմի սցենարների մրցույթ

Առաջին մրցանակ – Անուշ Աբրահամյան, գ. Ներքին Գետաշեն, Գեղարքունիքի մարզ

Երկրորդ մրցանակ – Անի Ավետիսյան, գ. Ոսկեհատ, Արագածոտնի մարզ

Երրրորդ մրցանակ – Նարեկ Բաբայան,  գ. Մալիշկա, Վայոց Ձորի մարզ

Խրախուսական մրցանակ – Մարատ Սիրունյան, գ․ Լեռնավան, Լոռու մարզ

Խրախուսական մրցանակ – Լիլիթ Խլղաթյան, գ. Լիճք, Գեղարքունիքի մարզ:DSC_0635

Էսսեների մրցույթ «Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով

Ավագ տարիքային խումբ

Առաջին մրցանակ – Զարուհի Գեւորգյան, 17տ., Լճափի միջն. դպրոց, Գեղարքունիքի մարզ

Երկրորդ մրցանակ – Անի Ավետիսյան, 17տ., գ. Ոսկեհատ, Արագածոտնի մարզ

Երրորդ մրցանակ – Անի Ղուլինյան, 16տ., Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջն. դպրոց, Լոռու մարզ

Միջին տարիքային խումբ

Առաջին մրցանակ – Լուսյա Բալաբեկյան, 14 տ., Հրազդանի թիվ 8 հիմն. Դպրոց, Կոտայքի մարզ

Երկրորդ մրցանակ – Անուշ Մկրտչյան, 15տ., Շենիկի միջն. Դպրոց, Արմավիրի մարզ

Երրորդ մրցանակ – Անահիտ Մկրտչյան, 14տ., Հրազդանի թիվ 8 հիմն. դպրոց, Կոտայքի մարզ

Կրտսեր տարիքային խումբ

Առաջին մրցանակ – Էդուարդ Թամամյան, 9 տ., Երեւանի թիվ 71 դպրոց

Երկրորդ մրցանակ – Ալեքսանդր Սահակյան, 8 տ., Երեւանի թիվ 130 դպրոց,

Երրորդ մրցանակ – Աննա Խաչատրյան, 13տ., Երևանի թիվ 135 դպրոց

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և տեղեկացնում, որ մեր կայքը պարբերաբար կհրապարակի հաղթող լուսանկարները և էսսեները:

Հունիսի մեկը Վանաձորում

Astghik Hunanyan vayots dzor

Երկրաբնակ մոլորակը

15 գարուն է արդեն, տնից դուրս գալիս բնազդաբար աչքս գցում եմ հեռու կանաչին տվող սարի վրա գտնվող հի՜ն կարկտակայանին՝ մանկությանս մեջ տպավորված սպիտակափայլ «մոլորակին»: 15 ամառ է արդեն, տնից դուրս գալիս տեսնում եմ, թե ինչպես է կիզիչ արևը նստում այն մեծ գնդի կողքին ու հետևում աշխարհին: 15 աշուն է արդեն, տնից դուրս գալիս նկատում եմ, թե ինչպես է նենգ մառախուղը պարփակում սարերը, խզում կապը իմ ու «մոլորակի» միջև, և 15 ձմեռ է արդեն, նստում եմ պատուհանիս կողքին գտնվող ճոճաթոռին, բրդե ծածկոցով ծածկված տա՜ք թեյ խմում ու ամեն անգամ հայացքս ուղղում պատուհանից դուրս՝ այն ակնկալիքով, որ արևը կծագի ու հերոսաբար կհալի սարի հաստ շերտերով ձյունը՝ նորից կտեսնեմ այն «մոլորակը», որն այդքան սպասում է, որ իր վրա էլ կրկին ուշադրություն դարձնեն:

Միշտ կարծել եմ, թե գարուններ, աշուններ ու նույնքան էլ ամառներ ու ձմեռներ ապրած այդ գունդը մոլորակ է: Հա, մի վայրկյան անգամ չեմ կասկածել, մինչդեռ այն սովետի ժամանակներից լքված կարկտակայան է: Կարկտակայան, ով սպասում է, որ իր վրա էլ ուշադրություն դարձնեն, ով ուզում է աշխարհին, կամ ավելի ճիշտ, իմ քաղաքին օգնել, բայց անզոր է: Ամեն անգամ, երբ տատիկի տուն էի գնում, այն ավելի ու ավելի մոտ էր թվում ինձ, ավելի մեծ, ավելի վեհ: Մինչև անգամ կարծում էի, որ մարդիկ չեն կարողանում այլմոլորակայիններին գտնել, քանի որ նրանք հենց այդ «մոլորակում» էլ թաքնվել են: Մեծանալուն զուգահեռ սկսեցի գիտակցել, որ դա ամենևին էլ մոլորակ չէ, բայց մանկությանս հուշերում այն միշտ էլ «մոլորակ» է մնալու, այդպես էլ կոչում եմ նրան՝ սպիտակ մոլորակ: Դե բնականաբար, ինչպես մյուս բոլոր հետաքրքրասերները, շա՜տ եմ մայրիկիս խնդրել, որ պատմի նրա մասին, երբեք չէի հոգնում դրա մասին լսելուց, միշտ նույն պատմությունը, բայց երբեք չհնացող:

Հիմա ձեզ էլ պատմեմ: Բայց մի րոպե. միացրեք ինչ որ սարսափ ֆիլմի երաժշտություն, նոր կարդացեք:

«Շուրջ 25 հատ 365 օր է անցել այն մեկ օրից, երբ կարկտակայանները դադարեցին գործել, ավելին՝ ավերվել են, թալանվել: Չէ, մի րոպե, պատմեմ սկզբից…

1945թ-ի Հայրենական մեծ պատերազմից հետո էլի սովետի կազմի մեջ մտնող Հայաստանի տնտեսությունը, իսկ ավելի կոնկրետ, գյուղատնտեսությունը, մեծ արագությամբ զարգանալ: 1980-ականներին Խորհրդային Հայաստանն արդեն տարածաշրջանում տնտեսապես ամենազարգացած հանրապետությունն էր, կոմունիստները ջանք չէին խնայում Հայաստանի գուղատնտեսությունը զարգացնելու համար: Դրան մեծապես նպաստեց կարկտակայանների կառուցումը (1970-1980թթ), կառուցվեցին բոլոր շրջաններում, բացառություն չէր նաև Վայոց Ձորը՝ Եղեգնաձոր, Խաչիկ, Աղավնաձոր, Գետափի շրջան: Մայրս ասում էր, որ եկան, կառուցեցին, սարի անունն էլ դրեցին «Թնդանոթի սար»: Հենց տեսնում էին ամպերը հավաքվել են, պատրաստ են պայթելու ու կարկուտ նվիրելու արդեն ծաղկած ծառերին, կրակում էին ու «վախեցնում» ամպերին: Այդպես ամեն տարի հարուստ բերք էինք ունենում, չէինք վախենում, որ կարկուտը կարող է բերքը վնասել, մինչև… Մինչև 1992թ-ին փլուզվեցին այն կարկտակայանները, որոնք պաշտպանում էին գյուղերը կարկուտից, որոնք գյուղացու միակ հույսն էին: Դե, չգիտեմ, մյուս գյուղերում գործո՞ւմ են, թե՞ չէ, բայց Եղեգնաձորում դադարեց գործել: Սկզբից լքվեց, հետո եկան, տարան բոլոր սարքավորումները, առանձին-առանձին, վաճառեցին, ու վերջ: Հետո ինչ-որ մեկը գնեց կայանը որպես գույք, մնացած բոլոր պետքական «դետալներն» էլ վաճառեց, հասնելով այն բանին, որ արդեն 25 տարի է, գյուղացիները վախով են դիմավորում գարունները: Կարկուտը գրեթե ամեն տարի գալիս է, ոչնչացնում նոր փթթող բերքը: Միգուցե դա է պատճառը, որ արդեն քանի տարի է, Հայաստանը՝ ծիրանի հայրենիքը, ծիրան չի տեսնում կարկուտի պատճառով, որ բալենին այնքան է վնասվում, որ երկրորդ, երրորդ, ինչու չէ նաև չորրորդ հայացքից հետո, դժվար թե ուզես ուտել:

Լավ է, է՜, ես ավելի լավ է նրան այդպես էլ որպես «սպիտակ մոլորակ» հիշեմ, չնայած չեմ կարող չգիտակցել, որ հենց այդ մոլորակն էլ կարող է փրկել այն բերքը, որն այսքան տարի է, հալածվում է բնության ու մարդկանց ագահության կողմից:

Դիմանալով անտարբերությանը

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Տատիկս միշտ պատմում էր, որ երբ մարդիկ որոշել են գյուղ կամ բնակավայր կառուցել, ամենից առաջ եկեղեցի են կառուցել, հետո նոր իրենց տները: Ճիշտ է, ինչքն էլ զարմանալի է, բայց փաստ է։ Երբ 1830-ական թվականներին հիմնվեց Գուսանագյուղը, գյուղի բնակչությունը անմիջապես որոշեց եկեղեցի կառուցել։ 1900-ական թվականներին Գյումրիից եկած հոր և որդու ջանքերով կառուցվեց Գուսանագյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին։

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Շինարարական աշխատանքները տևեցին շուրջ 10 տարի, և 1910 թվականին ավարտվեց եկեղեցու շինարարությունը: Ասում են, որ հենց հաջորդ օրը տեղի ունեցավ առաջին Պատարագը։ Իսկ երբ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին, և տարածվեց աթեիզմը, մեր եկեղեցին ևս արժանացավ մյուս եկեղեցիների բախտին և դադարեց գործելուց:

Ինչքան էլ որ դժվար էր գյուղացիների համար, բայց նրանք հարկադրված քանդեցին եկեղեցու գմբեթը և ամբոջությամբ սպիտակեցրին սրբապատկերները, որպեսզի ավելի նմանվի պահեստի: Շուրջ 70 տարի այն ծառայեց որպես պահեստ։ Իսկ քահանային՝ տեր Թադևոսին, աքսորեցին:

Լուսանկարը՝ Մանե Անտոնյանի

Լուսանկարը՝ Մանե Անտոնյանի

Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, եկեղեցին ցավոք, չվերականգնվեց։ Երբ հետ ես նայում, զարմանում ես, թե ինչպես են մարդիկ՝ չունենալով ժամանակակից տեխնիկա, կարողացել կառուցել այդպիսի ճարտարապետական կառույց: Իսկ հիմա, երբ կան բոլոր կենսական պայմաները, մարդիկ զլացել են նույնիսկ վերանորոգել: Սակայն վերջերս արդեն սկսել են վերանորոգման աշխատանքները, և հույս ունեմ, որ հաջորդ նյութս վերանորոգված եկեղեցու մասին կլինի։

Ճանաչի՛ր ինձ

«Ցանկացած երեխա հատուկ է, և այս աշխարհի յուրաքանչյուր փոքրիկ իր հետ հատուկ մի բան է բերում կյանք: Սակայն, շատ հաճախ մենք ենք սահմանափակումներ ունենում և չենք կարողանում հասկանալ, թե հատուկ կարիքներ ունեցող երեխաները ինչ յուրահատուկ գծեր կարող են ունենալ…»,- Երեխաների իրավունքների պաշտպանության օրը իր խոսքում նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Հունիսի մեկը երեխաների ամենասիրելի օրն է, տարվա այն յուրահատուկ օրը, երբ ամեն փոքրիկ բոլորից առավել ունի լիարժեք երջանիկ լինելու հնարավորություն: Չնայած նրան, որ միայն մեկ օրը բավական չէ, բայց հունիսի մեկը ևս մեկ առիթ է անդրադառնալու երեխաների իրավունքների պաշտպանությանը, և հատկապես նրանց, ովքեր ամենից առավել ունեն դրա կարիքը:

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների իրավունքներին էին անդրադարձել նաև Dasaran կրթական ծրագիրը, UNICEF-ը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նրանք հավաքվել էին՝ ներկայացնելու «Իմ ընկեր Ավգուստը» օնլայն խաղը և ամփոփելու «Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթը: Թե՛ մեկը, թե՛ մյուսը նվիրված էին հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներին:

ԱՄՆ փոխդեսպանը միջոցառման ընթացքում նշեց, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ նպատակ ունեն մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցներում ապահովել ներառական կրթության համար անհրաժեշտ պայմաններ, ինչին մեծապես օգնում է նաև Dasaran-ի «Նոր Սերնդի դպրոց» ծրագիրը: Ռաֆիկ Մանսուրը նշեց նաև, որ ամենևին էլ կապ չունի երեխան հաշմանդամ է, թե ոչ. նա իրավունք ունի լիարժեք կրթություն ստանալու:

Շնորհանդեսում ներկայացվող «Իմ ընկեր Ավգուստը» խաղի հիմքում Ռ․ Ջ․ Պալացիոյի «Հրաշքը» և «Ջուլիանան» գրքերն էին, իսկ խաղի հերոսը՝ Ավգուստը՝ «Հրաշքը» գրքի հաշմանդամություն ունեցող հերոսը:

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանը, շնորհավորելով ներկա և աշխարհի բոլոր փոքրիկներին՝ ամենաուրախ տոնի կապակցությամբ, նշեց, որ մրցույթի և խաղի հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ հանդուրժողականության և կրթական հավասար հնարավորություններ ունենալու գաղափարի ամրապնդումը և տարածումն է.

«Խաղը դեռ փորձնական շրջանում է, սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն իսկ մոտ քսաներեք հազար աշակերտներ փորձել են իրենց ուժերը:

Հեծանիվ քշելու արագությամբ

Պարապմունքից տուն ճանապարհին լավագույն բանը, որ կարող է տրամադրությունս բարձրացնել, խաղահրապարակի ճանապարհով գալն ու երեխաներին տեսնել է: Նրանց դեմքին այնքա՜ն բարություն ու ժպիտ կա ,որ ինչքան էլ հոգնած լինեմ, ուզում եմ էլի հետները խաղալ, վազել ու հեծանիվ քշել:

-Էրեխե՜ք, Մարիետան եկավ…

-Վերևի ճյուղի ցոգոլը կտա՞ս…

-Արի՝ պարան թռնենք…

-Չէ, ինձ հետ կլասս ա խաղալու…

-Պարանը պտտի՝ թռչեմ, էլի… Երեխեքը լավ չեն պտտում…

Ու այնքա՜ն եմ ուզում նորից իրենց պես փոքր լինել, ամբողջ օրը բակում խաղալ, վազել ու չարաճճի բաներ անել:

Մենք այնքան զբաղված ենք՝ մտածելով մեծանալու մասին, որ չենք էլ գնահատում մեր անհոգ օրերը, ու հեծանիվ քշելու արագությամբ էլ ավարտվում է մեր մանկությունը:

Աբովյանը սկաուտների հետ

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Հունիսի մեկն այն հաշված օրերից մեկն է, երբ Աբովյանում աշխուժություն կա, ամբողջ քաղաքում կտեսնեք երեխաների իրենց ծնողների հետ, իսկ քաղաքի հրապարակում իրար են խառնվում երեխաների ուրախ տրամադրությունը, ծնողների երջանիկ ժպիտները:

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Այս տարի, ինչպես միշտ, ես կրկին շտապում էի քաղաքի հրապարակ, բայց  այս տարի ոչ թե պարզապես իբրև երեխա, այլ Աբովյանի սկաուտների միավորման սկաուտ: Մի խումբ երեխաներ հավաքվել էին սկաուտական  միավորման շուրջ, հետաքրքրվում էին նրանց ծավալած գործունեությամբ: Երեխաներին զարմացնում էին այն հետաքրքիր խաղերը, որոնք կազմակերպվում էին իրենց համար: Իսկ ծնողները ուրախանում էին, որ դեռ կա մի կառույց, որը կրթում է երեխաներին և դարձնում նրանց օրը հետաքրքիր:

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Սկաուտական միավորումը երեխաների օրը դարձրեց հետաքրքիր ու գիտելիքներով լի: Նրանք սովորեցին, թե ինչպես վրան տեղադրել, խաղացին մի շարք հետաքրքիր ու հայկական հին խաղեր, ձեռք բերեցին գիտելիքներ սկաուտության մասին: Եվ երեխաներից շատերի մեջ առաջացավ ցանկություն համալրելու սկաուտների շարքերը:

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյան

Roza Harutyunyan vayots dzor

Իսկ քեզ շնորհավորե՞լ են

Մանկություն, անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, որն ընգրկում է ծնվելու պահից մինչև մեծահասակի կյանք մտնելու հնարավորության առաջացման շրջանը… Էս ի՞նչ եմ խոսում։ Դե, կենսաբանությունը չսիրածս առարկան է, բայց հիմա վիճակս սրանով եմ մեկնաբանում։

Գիտե՞ք ինչ ահավոր է նվեր չստանալը տոնի օրով։ Էդ էլ հերիք չի, չեն էլ ուզում շնորհավորեն։ Ոչ բոյ ունեմ, ոչ դիմագիծ, ինչի՞ չեք շնորհավորում։ Ես շնորհավորում եմ բոլոր 13-18 տարեկան երեխաներին։
Մանկության ընթացքում սովորաբար առանձնացնում են մանկիկության շրջանը, վաղ մանկությունը, նախադպրոցական տարիքը, կրտսեր դպրոցական տարիքը:
Փոքր ժամանակ ինձ հերթափոխով են պահել։ Մայրս դպրոցում էր աշխատում, իսկ հայրս հաշվապահ էր: Դրա համար առավոտյան հայրիկիս հետ էի մնում։ Բայց էդքան էլ նեղություն չեմ տվել, որ հայրս բողոքի՝ չհավատաք։ Ինչ ասել են՝ սուսուփուս լսել եմ, դրա համար էլ հիմա տեղը հանում եմ։ Մենակ մի անգամ մայրս առավոտը պահեց, ու կաթով լոգանք եմ ընդունել։ Դե չեմ դժգոհում, բայց եռացող կաթով էդքան էլ հաճելի չի։ Համ էլ ես Կլեոպատրան չեմ…
Ես երկու դպրոցական տարիք եմ ունեցել։ Մայրիկիս հետ գնում էի դպրոց, իբր թելադրություն էի գրում ու նեղանում էի, որովհետև ամբողջ տետրս կարմիր էր։ Բայց շատ աշակերտի պես էի ինձ պահում, մայրիկիս երբեք դպրոցում չեմ ասել՝ մամա, ինքը մեր ընկեր Խաչատրյանն էր, իսկ ես դասարանի լիիրավ անդամը:
Հետո գնացի դպրոց ու շատ-շատ էի սիրում, չնայած հիմա էլ եմ սիրում։ Փոքր ժամանակ ուսուցչուհուն «ուշուչից» էի ասում, առաջին «ուշուչուհիս» ընկեր Ալեքսանյանն էր։ Շատ սիրուն ծաղիկներ ունի։ Դասարանը ոնց որ այգի լինի։
Մանկությանս մեջ ամենավառը եղբայրս է, շատ խիստ ու շատ սիրող։ Քույրիկի հետ շատ էր կռվում, որովհետև չէր թողնում փոքր 500 դրամանոցները տամ ու մեծ 10 դրամանոցները վերցնեմ։ Թե ասա՝ ինչ գործ ունեին 500 դրամանոցներն ինձ մոտ: Ապե՜ր, ես քո 10 դրամանոցները հետ եմ տալու, որովհետև դու տալիս էիր, իսկ ես 500 դրամանոցները չէի տալիս։

lyusi karapetyan gavar

Հունիսմեկյան տրամադրություն

Առավոտ էր: Արթնացա հեռուստացույցի ձայնից: Վեր կացա, հագնվեցի և մոռացել էի, թե այսօր ինչ օր է: Պապիկս մտավ սենյակ և շնորհավորեց օրվա առթիվ: Ես նաև մոռացել էի, որ այսօր ամռան առաջին օրն է: Այդ ամենը հիշելով իմ դեմքին հայտնվեց պայծառ մի ժպիտ, և ես շտապեցի դեպի պատուհանը: Պատուհանից դուրս նայեցի և տեսա, որ տեղում է հորդառատ անձրև: Մի պահ դեմքիցս անհետացավ ժպիտը: Այնուամենայնիվ, չհուսահատվելով՝ վերցրեցի անձրևանոցս և իջա մոտակա խաղահրապարակը: Կարծում էի մեծահասակները, թեև անձրևոտ եղանակ է Գավառում, մի բան մտածած կլինեն երեխաների համար: Հասա խաղահրապարակի մոտ և տեսա, որ հակառակ սովորության, այնտեղ ոչինչ տեղի չի ունենում: Դժգոհ տուն վերադարձա: Ամեն տարի այնտեղ կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ, և փոքրիկները ստանում էին անվճար պաղպաղակ: Այդ ժամանակ իմ օրը ուրախ էր անցնում, իսկ այժմ ստիպված եմ գնալ տուն և գտնել մեկ այլ զբաղմունք:

Ստիպված եմ մեկ տարի սպասել: