mariam tonoyan

Անընդհատ շարժում

Ահա վերցնում եմ քննական հարցերի պատասխաններ խզմզելուց հոգնած գրիչս ու երկար դադարից հետո վերջապես գրում հերթական հոդվածս։

Վերջերս ամենուր լսում եմ. «Մեր հայերը ուրիշ են, էլի…» արտահայտությունը։ Իրոք, մտածում եմ, մենք՝ հայերս‚ շատ տարբերվող ազգ ենք։ Մենք տարբերվում ենք մյուս ազգերից մեր թե՛ դրական, թե՛ բացասական առանձնահատկություններով։
Քայլում եմ դրսում, վայելում հայրենի հրաշագեղ բնությունը, մտածում եմ մեր ազգային սովորույթների, մեր կարծրատիպերի մասին, նայում նորակառույց շենքերին, շրջող մարդկանց… Մեկ էլ, հո՜պ… Մի գեղեցիկ հայուհի է անցնում կողքովս՝ չադրա հիշեցնող երկար ու գորշ զգեստ հագած, մազերը գույնզգույն ներկած, ձեռքերին էլ վերջերս մոդայիկ դարձած հնդկական «մեհենդի» կոչվող զարդարանքներով շպարված։

Սկսում եմ ուշադրություն դարձնել կողքովս անցնող անծանոթ մարդկանց հագուկապին, նկատում, որ այն հայերը, որոնց ես տարբերվող էի համարում, այժմ բոլորովին նման են ոչ միայն միմյանց, այլև մնացած ազգերին՝ կորզելով յուրաքանչյուրից ազգային մի աննշան նմուշ։ Մի՞թե մենք ի զորու ենք ուրանալ մեր ազգայինը, հանուն «մոդայիկ եվրոպականի կամ հնդկականի», մի՞թե իմ տարբերվող ազգը ձուլվում է օտարներին… Օտարապաշտություն. ահա թե ինչն է խանգարում հայ ազգի ծաղկմանն ու բարգավաճմանը իր սեփական ուղով։
Ամոթ է, երբ երիտասարդ հայը չի տարբերում հայկական ազգային տարազը այլ ազգային հագուկապից, երբ օգտագործում է օտար բառեր իր խոսքում, որի համարժեք հայերենը չգիտի, երբ ազգային երաժշտությունը լսելիս ոչ թե հպարտությամբ պարում է, այլ անտարբեր խնդրում փոխել երաժշտությունը, որովհետև դա հնացել է արդեն:
Իսկ արժե՞ մտածել՝ ինչ ազգություն են ունենալու մեր ապագա հայորդիները, որոնց ծնողները միայն լսել են, որ հայեր են, այնինչ սերնդեսերունդ փոխանցելու ոչինչ չունեն։ Արժե՞։ Անշու՛շտ։ Բոլորս էլ կանցնենք, կգնանք, բայց գոնե կարողանանք մեր սերունդներին դաստիարակել հայավարի։
Կյանքը շարժում է, բնության մեջ հանգիստ կոչվածը միայն տերմին է, որը իրականում չի գործում։ Շարժումը նույնիսկ մահվան մեջ է։ Մինչև անգամ դիակի քայքայումն է շարժման ձև։ Աշխարհում ամեն ինչ շարժման մեջ է՝ տիեզերքը, բնությունը, մենք ինքներս։ Անգամ երբ քնում ենք, մեր սրտխփոցից մեր արյունը վազում է մեր երակներով։ Ապրենք այնպես, որ կյանքի այս շարժման հետ համատեղ ընթանա նաև հայ ազգը, չկորցնելով ազգային դիմագիծն ու հավերժ հարատևի։

davit aleqsanyan

Տարօրինակ օր էր

Առավոտյան սպասում էի մորս ձայնին, որ հեսա բարձր ձայնով կասի, որ ելնեմ, հաց ուտեմ ու գնամ անասունները պահելու՝ այսպես ասած, տավարած։ Բայց այդպես էլ ձայնը չլսվեց։ Ինքս ինձ ուրախացա ու նորից քնեցի։ Որոշ ժամանակ անց արթնացա: Մեկ էլ տեսնեմ՝ պապին եկավ մեր տուն։

-Դավիթ ջեն, հացդ կի, որ գաս տնատեղը քոմակ անես, մաքրենք դեննի, որ գնաս տվարած։

-Լավ, պապի, դու գնա, էնա՝ հացս ուտըմ եմ, գամ։

Գնացի օգնեցի, գործը ավարտեցինք ու Էրիկի հետ գնացինք տավարած։ Էս քանի օր է՝ փոքր եղբորս հետ եմ գնում, քանի որ Էրիկը գնում էր դպրոց՝ կոնսուլտացիաների։ Փոքր եղբայրս էլ շատախոս էր, անգամ չէր թողնում մի քիչ քնեմ հանգստանամ։ Աչքերս մի քանի րոպե էր, ինչ փակել էի, որ քնեմ, փայտով խփեց ճակատիս։ Բայց էսօր բախտս բերեց, Էրիկի հետ էի։ Ծառի տակ պառկած պատրաստվում էինք մի քիչ քնել, մեկ էլ նապաստակ տեսանք։ Գիտեինք, որ անհնար է բռնել նրան, բայց մեկ է, վազում էինք նրա հետևից։ Այդ ընթացքում իմ դեմը ելավ աղվեսի մի փոքրիկ ձագ, որին ես տեսել էի աղվեսի բնի մեջ։

Նապաստակի հետևից վազելուց հետո բարձրացանք լեռան գագաթը, որ տեսնենք, թե ուր են անասունները։ Այդ ժամանակ ես նկատեցի Էրկի ոտքին բարձրացող մի կարիճ և անմիջապես սպանեցի նրան։ Տունդարձի ճանապարհին հանդիպեցինք մի օձ, որը նույնպես գնաց այն աշխարհ՝ մեր թեթև ձեռքով։

Բա ինչ, գիտեք Տավուշի լեռներում միայն երփներանգ ծաղիկներ ու կանաչ խո՞տ է:

lilit mkrtchyan

Դեղին աղջիկ

Հայացքս թափառում է տան մեջ: Երկար նայելուց հետո եմ միայն տեսնում, որ մատիտները նորից թափված են սեղանին: Փոքր եղբայրս է թափել՝ նկարները գունավորելու համար, և, հավանաբար մոռանալով այդ ամենը, վազել դուրս՝ ֆուտբոլ խաղալու: Մոտենում եմ, որ հավաքեմ: Միանգամից աչքի է զարնում դեղինը: Ժպտում եմ, մտաբերում, որ ընկերներիցս մեկը սիրում է ինձ համեմատել արևի հետ, ասում է՝ «դեղին աղջիկ»:

Ամեն անգամ տխրելիս հիշում եմ, որ «դեղին աղջիկ» եմ, պետք է ժպտամ ու փայլեմ, ինչպես արևը: Այս անգամ էլ է ժպիտս վերադարձնում «դեղին աղջիկ»-ը:

Չեմ դադարում ժպտալ: Ժպտում եմ այնպես, ինչպես ամեն անգամ, երբ լսում եմ այդ խոսքերը: Լսում եմ… Չնայած նրան, որ ինձ ու ընկերոջս կիլոմետրեր են բաժանում, լսում եմ, որովհետև պատկերացնում եմ նրա ձայնի տոնայնությունը, հայացքից թափվող ջերմությունն ու բարությունը: Ու իրոք լսում եմ…

Այդ «տիտղոսը» ստանալուց հետո ես էլ սկսեցի զուգահեռներ անց կացնել շրջապատիս մարդկանց ու գույների միջև: Գիտե՞ք՝ ստացվեց: Այժմ շատերն ունեն իրենց գույնն ու անգամ երանգը ինձ համար:

Իսկ այժմ խոսքս ուղղում եմ հենց քեզ, այո՛, քեզ, որ կարդում ես այս տողերը և հավանաբար փորձում մտաբերել՝ համեմատե՞լ են քեզ երբևէ որևէ գույնի հետ, թե՞ ՝ ոչ: Եվ կամ քեզ, որ առաջին անգամ ես սկսում մտածել այս զուգահեռների մասին: Եվ քեզ, որ կարդալու ընթացքում գտար քո գույնը կամ ընկերներիդ ու շրջապատիդ մարդկանց գույները: Նաև քեզ՝ ընկերս, որ առաջինը ինձ համեմատեցիր դեղինի հետ (վստահ եմ՝ կարդում ես)…

Այո՛, հենց քեզ, եղի՛ր հնարավորինս լավատես ու լուսավոր, փորձի՛ր լույս ճառագել ու դրանով ջերմացնել շրջապատին… Փորձի՛ր լինել վառ ու պայծառ գույն…

Շատերի համար ես էդպիսինն եմ, շատերի համար՝ ոչ… Չգիտեմ, բայց գիտեմ հաստատ, որ միշտ պետք է ժպտալ. չէ՞ որ ժպիտն է առողջ հոգու գրավականը:

hovik vanyan dsex

Նույն Հարրի Փոթերը

«Նրա դեմքը նիհար էր, ծնկները` դուրս ցցված, մազերը` սև, աչքերը` կանաչ: Կլոր ապակիներով ակնոց էր կրում, որի կոտրված երկու կեսերը կպչերիզով իրար էին ամրացված»…

Դե, իհարկե, Հարրի Փոթերն է, բայց ոչ թե իմ պատկերացրած Հարրին, այլ ֆիլմի Հարրին: Չկարողացա նրան պատկերացնել իմ երևակայությամբ, որովհետև միայն ֆիլմի Փոթերն էր աչքերիս առաջ հայտնվում: Չնայած, ինձ թվում է, որ Դենիել Ռեդկլիֆից լավագույն տարբերակ չէր էլ կարող լինել Հարիին լավագույնս արտացոլելու համար:

Հարրին ինձ համար մնում է այն գրական կերպարներից լավագույնը, ում երբևէ կարող էի պատկերացնել: Հաճախ ինձ թվում է, որ նա գոյություն ունի ու եթե ոչ բոլորի համար, ապա ինձ համար, նա երևակայության արդյունք չէ: Մեր օրերում շատերը կարող են օրինակ վերցնել նրանից…

Հ.Գ. «Հարրի Փոթերն» այն եզակի գրքերից էր, որ ընդամենը երկու օրում ավարտեցի… Հա’ , մեկ էլ, նման հետաքրքիր գրքերի թարգմանությունները շատ են օգնում ու պետք գալիս իմ տարիքի անձանց:

ella mnacakanyan yerevan

Վճռում եմ լինել և գործել

«Է՜լ, շնորհավորում եմ, 20 ես ստացել ֆրանսերենը, անցել ես հաջորդ փուլ»,- իմ կյանքի հերթական օլիմպիադայի պատմությունը սկսվեց դասընկերներիցս մեկի՝ հենց այս ավետաբեր զանգով, ով ինձնից շուտ էր տեղեկացել օլիմպիադայի համայնքային փուլի արդյունքների մասին ու շտապել էր տեղեկացնել:

Չէ՛, ավելի ճիշտ, սկսվեց դպրոցական փուլի արդյունքներով, բայց դե, դպրոցականն ամենաառաջին ու, հետևաբար, ամենահեշտ փուլն է, որը հաղթահարելը առանձնապես մեծ բան չի նշանակում, առջևում դեռ երեք դժվարին փուլեր կան: Ընթերցողին ավելորդ անգամ ձանձրացնելուց խուսափելու համար բաց կթողնեմ քաղաքային և հանրապետական փուլերի դժվարությունները, լարված ու ծիծաղաշարժ պահերը, դրանց արդյունքներն իմանալիս ապրածս բերկրալից վայրկյանները: Երևի շարունակեմ այն մասից, երբ վերջապես իմացա, որ հաջորդ օրը հանձնվելու են հանրապետական փուլում Առաջին կարգի դիպլոմի արժանացած աշակերտների մրցանակները (ի դեպ, հենց այն նույն դասընկերոջս հեռախոսազանգից, ով նաև հայտնել էր վերը նշված ուրախալի լուրը): Վերջապես, որովհետև այդ պահին բոլորս էլ ստիպված ենք լինում սպասել բավականին երկար ու անհամբեր, դե՜, մինչև ավարտվում են մնացած օլիմպիադաներն ու ամփոփվում են դրանց արդյունքները ևս: Ինչևէ, մենք վերջապես Կրթության և գիտության նախարարությունում ենք: Աշակերտների մեծ մասն արդեն եկել է: Չնայած նրան, որ օրն անձրևոտ է, ու բոլորս էլ նյարդայնացել էինք քաղաքային խցանումներից՝ կարևորը, որ հիմա այստեղ ենք՝ բարձր ու տոնական տրամադրությամբ: Դե՜, անհնար է բարձր տրամադրություն չունենալը, երբ գիտակցում ես, որ ընդհանուր առմամբ այս տարի օլիմպիադաների մասնակցած աշակերտները 47500-ն էին, բայց միայն դու և քեզ հետ 61 հոգի են այսօր այս սրահում: Մի խոսքով, նախարարն իրեն երկար սպասեցնել չի տալիս: Մենք կլանված լսում ենք նրա ելույթը՝ հետաքրքրական ու իմաստալից, իսկ այն պահին, երբ պարոն Մկրտչյանը հայտարարում է, որ մեր անընդհատ զարգացող պետության բախտը մեր ձեռքում է լինելու, և պիտի շարունակենք մեր հաջողությունները, մարմնովս մի տարօրինակ դող է անցնում: Ես հասկանում եմ՝ կարող եմ լինել այն քչերից, ում լինել-չլինելով, ում գործել-չգործելով, մեր մի բուռ հայրենիքում ինչ-որ բաներ կարող են փոխվել: Ու վճռում եմ լինել և գործել, որպեսզի հետո հայրենիքս բարելավվի իմ շնորհիվ:
Արդեն երեկո է, բայց ես տանը չեմ: Բնական է. երկու օրից Վերջին զանգն էր, բոլորս էլ զբաղված էինք: Իսկ ընկերներիցս ու ծանոթներիցս շատերը զանգահարում ու գրում էին ինձ, ասում էին՝ հեռուստացույցով տեսանք քեզ, շատ վարժ էիր խոսում (մոռացա ասեմ՝ մինչև նախարարի գալը հասցրի հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալ): Ես ջերմորեն շնորհակալություն էի հայտնում, բայց իրականում չգիտեմ՝ իսկապե՞ս լավ էի դուրս եկել կադրում, որովհետև չէի կարողացել դիտել հաղորդումը: Այդպես էր նաև երեք տարի առաջ. էլի բոլորը տեսել էին ինձ դիպլոմը ստանալիս, բացի ինձնից: Ինչո՞ւ: Որովհետև էլի ավարտում էի, էլի զբաղված էի: Ընդհանուր առմամբ ամեն ինչ նույնն էր՝ նույն զգացողությունները, դիպլոմի արտաքին նույն դիզայնը, միայն թե այս անգամ առարկայի տեղում «հայոց լեզու»-ի փոխարեն գրված էր «ֆրանսերեն», դասարանն էլ՝ 9-րդի փոխարեն՝ 12-րդ:
Դե՜ ինչ, մնաք բարով դպրոցական օլիմպիադաներ, հիմա հերթը համալսարանականներինն է:

stella avetiqyan

Երբ կա «Այլ կերպ»-ը…

Մի միջոցառման համար դսեղցի դպրոցականներով գնացինք Երևան: Մեզ Երևանից միանալու էին Անի Ղուլինյանն ու Հովիկ Վանյանը: Ճիշտն ասած, առանց Անիի սրամտության և Հովիկի անսպառ հումորի մի քիչ անհետաքրքիր էր, բայց դե՜, դիմացանք:

Երբ Երևան հասանք ու Անիենք էլ մեզ միացան, մեր այցելություններն ավարտելուց հետո, երբ հետ էինք գալիս գյուղ, տեսանք, որ Անիի պայուսակը անհետացել էր: Ճիշտը որ ասեմ. «Աչքն էլ դուս էր էկել, էդ խի՞ էր մարշրուտնըմը թողըմ, որ մի հատ էլ կորչի»: Բայց դե բոլորս էլ անհանգիստ էինք: Մանավանդ, երբ իմացանք, որ պայուսակի մեջ էր նրա «ողջ հարստությունը»՝ վզնոցների հավաքածուն: Մի քիչ տխուր-տրտում նստեցինք: Բայց հանկարծ հիշեցի, որ հեռախոսիս մեջ «Այլ կերպ» ունեմ քաշած, որը, սովորաբար, խաղում ենք ազատ դասերի կամ երկար դասամիջոցների ընթացքում: Միացրեցի ու սկսեցի «բզբզալ»: Այնքան, մինչև բոլորը համաձայնեցին խաղալ, ու ես համոզվեցի, որ «Այլ կերպ»ը ոչ միայն կոփում է միտքը, այլև օգնում վերականգնել լավ տրամադրությունը՝ մոռացության մատնելով մեզ անհանգստացնող բաները: Ի դեպ՝ սա միակ դեպքը չէր:

shushan stepanyan portret

Շնորհակալ եմ

Էլի ուզում եմ խոսել. էլի ասելիք ունեմ։ Ու ինչքան լավ է, որ 17-ը կա իմ կյանքում. ուրիշ էլ ո՞նց ես կարող էի այսքան լսելի դարձնել խոսքս:

Ուզում եմ այս անգամ պատմել բոլորին մարդկային երկու շատ բարի կերպարների մասին, ովքեր երկար ժամանակ հիացմունքիս առարկան էին: Գուցե այս կերպ կարողանամ արտահայտել շնորհակալությունս իրենց այդքան նվիրումի ու սիրո համար:
Երկու շատ բարի մարդիկ՝ ընկեր Խալաթյան ու ընկեր Վարդումյան, շնորհակալ եմ ձեզ։ Երբևէ չեմ պատկերացրել, որ կհանդիպեի այնպիսի դասախոսների, ովքեր կարող էին կապող օղակ հանդիսանալ, և իրենց շնորհիվ դանդաղ քայլերս ու դասի գնալ չկամեցող մտքերս ինձ մեծ ցանկությամբ համալսարան կտանեին։ Ամեն անգամ, երբ կարդում էի «Ընթերցանություն» կամ «Հայրենագիտություն» դասացուցակիս մեջ, մտածում էի՝ ջա~ն, էլի լավ բաներից կխոսենք, էլի իմ կարծիքը հաշվի կառնվի, էլի կնայեմ նրանց ու կհիանամ։
Ընկեր Խալաթյանը, ով մեր ընթերցանության դասախոսն էր, ով կարող էր շատերի նման միայն գալ, անգլերեն մի երկու բառ իրար կապել ու վերջում ասել «օքեյ, գուբդայ գըլզ», այս ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մեզ դասավանդեց համաշխարհային պատմություն, արվեստ, մարդկային արժեքներ։ Ու ես մտածում էի՝ մարդ ո՞նց կարող է այսքան զարգացած լինել ու լինել ընդամենը ընթերցանության դասախոս։ Ինչ բողոք էլ որ ունենայինք, հանգիստ խղճով կիսվում էինք, ու չնայած նրան, որ կարող էր շատ հոգնած լինել, իրեն բնորոշ համբերատարությամբ ու իր այդքան կանացի կերպարի բարի ժպիտով մինչև վերջ լսում էր խմբի քսաներկու լեզվաբան աղջիկների բողոքները, ովքեր իրար հերթ չէին տալիս: Ուրախ էինք. հազիվ մեկը, ով լսում ու հասկանում էր մեզ համալսարանում, ով մեզ հետ ապրում էր մեր բոլոր դրական հույզերը ու մեր լավ պատասխաններից ու հաջողություններից մեզնից շատ էր ուրախանում։ Մեր համատեղ վերջին դասի ժամանակ ես հուզվել էի, բայց կարողացա ինձ զսպել ու նորից նայել իր այնքան գեղեցիկ աչքերին ու նորից հիանալ իր այդքան բարի ժպիտով։
Ընկեր Վարդումյանը, ով մեր հայրենագիտության դասախոսն էր, զարմանալիորեն կարճ ժամանակում ներկայացրեց մեր ծագումն ու մեր անցյալը, հայի անցած ուղին, մեզ ավելի սիրել տվեց մեր երկիրը, մեր հողը, մեր պատմությունը, մեր գիտակցություն մտավ Հայաստանի՝ որպես դրախտային երկրի ու մարդկային արարչության օրրան լինելու անհերքելի փաստը։ Երբ մտնում էր լսարան, մի խաղաղ ու մեղմ ժպիտով բարևում էր բոլորիս, ու սկսվում էր մեր հարց ու փորձը։ Սկզբում, երբ հարց ունեի տալու, մտածում էի՝ ինչ ամոթ է, որ չգիտեմ, հիմարի տպավորություն կթողնեմ։ Բայց ամենաանհեթեթ հարցին անգամ նա տալիս էր շատ պարզաբանված պատասխան ու այնպես էր որևէ բան պատմում, բացատրում, որ դժվար թե հետո մոռանայինք։ Անգամ քննության ժամանակ, երբ հարց տվողն ինքն էր, ու պատասխանելու մեր հերթն էր, էլի հարցեր էինք տալիս արագ-արագ. Ախր, էլ ո՞վ կարող էր այդքան ստույգ մեզ պատմություն պատմել։ Ու մի բան էլ ասեմ. միակ քննությունն էր, որ մի վայրկյան լարվածություն չեմ զգացել, որ անգամ սխալ պատասխանիցս չեմ տխրել. փոխարենը այնքան բան եմ ստացել։
Սա էլ իմ մի պատառ շնորհակալությունն այն ամենի դիմաց, ինչն ինձ տրվեց, ինձ ու ինձ նման շատ շատերին:

anna sargsyan

Ինչո՞ւ չի փչանում

Էլ ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, ո՞ր պատին տամ…

Արդեն երեք տարի… Անգամ իմ ծրագիրը կխախտվեր էդ երեք տարում, եթե օր ու գիշեր աշխատեի:
Ուրեմն երեք տարի առաջ հայրս դեռ Ռուսաստանում աշխատում էր ու ինձ խոստացել էր, որ եթե այդ տարում գերազանցիկ լինեմ՝ ինձ հեռախոս կուղարկի: Ես բնականաբար կրկին անգամ կատարեցի իմ պարտականությունն ու դարձա գերազանցիկ: Պապային ասացի: Ճիշտ է, ինքը սկզբում մի տեսակ նայեց, որովհետև՝ ով կուրախանար փող ծախսելու լուրն իմանալու ժամանակ: Շատ չանցած, ավելին ասեմ, ընդամենը մի տաս օր հետո ուղարկեց:
Ու եկավ էդ չարաբաստիկ գիշերը… Վայքում էի, երբ հորաքրոջս տղան եկավ ու ասաց, որ հեռախոսն իր մոտ է ու տվեց ինձ: Մի անմեղ աղջնակ, ով չգիտեր, թե ինչ չարիք է գտնվում իր ձեռքերում:
Հեռախոսն ինձ շատ դուր եկավ, ու ես երեք շատ խնամքով էի պահում: Հետո դասարանով գնացել էին դաշտ, ու գրպանիցս ընկավ ու քարերի վրայով գլորվեց ներքև: Ես վազեցի, մտածելով, որ հիմա դրա «դիակն» եմ գտնելու, բայց բանից պարզվում է, բան էլ չէր եղել:
Հետո բազմիցս ընկնում էր գրպանիցս, բայց էլի բան չէր լինում: Բոլոր փորձություններին դիմանում էր:
Անցած տարի ես ու Անին նստել էինք քարին ու ոտներս կախել էինք փոքր առվակի վրա, չնայած որ լավ էլ վարար էր առվակը:
-Ան, չհելնե՞նք:
-Հելնենք:
Ասելս ու վեր կենալս մեկ եղավ, ու հեռախոսս ծնկներիս վրայից ընկավ առվի մեջ: Ու ջուրը տարավ… Վազում ենք հետևից, ու պարզվում է, ոչ թե հեռախոսն է տանում, այլ դրա մասերից մեկը: Իսկ հեռախոսը տասը րոպե իջել էր ջրի հատակը, «մինչև չանցներ վտանգը»: Մինչև հետ եկանք, վերցրինք, ես արդեն մեռած էի՝ թաղած չէի: Ու ի՞նչ, էլ ի՞նչը՝ ինչ, սկսեց աշխատել միացնելուց հետո:
Այս տարի էլ՝ ձմռանը, դպրոց հասա ու կոշիկներս սկսեցի ցեխից մաքրել: Ես էի ու առաջին դասարանցիները: Մեկ էլ էս երեխեքը գոռացին.
-Վա՜յ…
Ես էլ էս երեխեքին եմ նայում, մտածում եմ՝ ինչ է եղել, էս երեխեքն էլ ինձ են նայում: Մեկ էլ նայեմ՝ էդ պղտոր ջրի միջից մի սպիտակ իր է երևում : Վերցնեմ ու, ի՜նչ…
Իմ տարիների զրկանք կրած հեռախոսը անցել էր իր հին գործին: Սեղմեցի կոճակը, էն հույսով, որ չի աշխատի, ու էլի լույսը վառվեց ու աշխատեց: Է՜հ…
Ինձ խոստացել են նոր հեռախոս էս մեկի փչանալուց անմիջապես հետո:

Հ.Գ. Մերոնք էլ գիտեն՝ ինչ են ասում, էլի:

Պարի լեզուն

Բոլորն էլ սիրում են պարել և հաստատ լսած կլինեն հիփ-հոփ պարաոճի մասին: Հիփ-Հոփ ժանրի ամենահին պարաոճը՝ բրեյք դենսը, ծնվել է 1970-ականներին Նյու Յորքում: Հայաստան է հասել ավելի ուշ՝ 1999 թվականին: Այժմ Հայաստանում շատ են հիփ հոփի սիրահարները: Բացվել են պարի դպրոցներ և ստեղծվել են պարային խմբեր:

Իմ զրուցակիցը այս պարաոճի սիրահարներից մեկն է: Նա «Հայոց աշխարհ» պարային համույթի պարուհի Սյուզի Սարգսյանն է:

՞րբ է սկսվել պարարվեստով հետաքրքրել:
-Եթե անկեղծ լինեմ, երբևէ չէի պատկերացնի, որ պարարվեստով կհետաքրքրվեմ: Վեց տարեկանում եղել եմ մոդել և պարի գնալու մասին երբևէ չեմ էլ մտածել: Յոթ տարեկան էի, երբ մայրս որոշեց, որ ես պետք է հաճախեմ պարի:

-Քանի՞ տարի եք պարում և ո՞րն է Ձեր ամենասիրելի պարաոճը:
-Պարում եմ արդեն 13 տարի: Սիրածս պարաոճը հիփ-հոփն է, որովհետև այդ ոճում ինձ ավելի լավ և ազատ եմ զգում:

-Առաջին անգամ ե՞րբ եք պարել հանդիսատեսի առաջ:
-Առաջին անգամ բեմ եմ դուրս եկել 7 տարեկանում, քանի որ շատ լսող և ընդունակ երեխա եմ եղել: Իսկ 8 տարեկանում հանդես եմ եկել մենապարով:

-Եղե՞լ են պարի մրցույթներ, որոնց մասնակցել եք:
-Իմ կարծիքով, չկա այնպիսի խումբ, որ մրցույթների մասնակցած չլինի: Իհարկե մասնակցել եմ, ունեմ մեդալներ առաջին և երկրորդ տեղերի համար:

-Դուք ինքնե՞րդ եք ձեր պարերի բեմադրողը:
-Պար բեմադրելն այնքան էլ հեշտ չէ: Կողքից նայելով դժվար է պատկերացնել, թե ինչ մեծ աշխատանք է տարվում: Բայց այսքան տարիների պարապմունքները զուր չեն եղել: Ես հաղթահարել եմ այդ խոչընդոտը: Ունեմ բեմադրություններ, որոնք նույնիսկ բեմ են բարձրացել:

-Պարից բացի ինչո՞վ եք զբաղվում:
-Պարից բացի հաճախել եմ նաև բասկետբոլի, լողի, թենիսի, դաշնամուրի, յոգայի և ֆիթնեսի դասընթացների: Իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ, սովորել եմ համակարգչային ծրագրավորում չորս տարի: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել եմ Բլեյանի անվան քոլեջ՝ հագուստի մոդելավորում բաժին:

-Ի՞նչ եք կարծում, պարի միջոցով հնարավո՞ր է արտահայտել այն, ինչ կատարվում է մարդու հոգում, թե՞ պարի լեզուն քչերին է հասկանալի:
-Եթե կարողանայի բացատրել այն, ինչ զգում եմ, չէի պարի: Պարի միջոցով հնարավոր է արտահայտել այն, ինչ կատարվում է հոգում: Թե ուրախություն, թե տխրություն և թե ցավ: Վերջիվերջո, պարի միջոցով կարող ես արտահայտել ավելին, քան պատկերացնում ես: Օրինակ, արգենտինական տանգոյի միջոցով կարող ես արտահայտել սեր և նույնիսկ ատելություն: Պարի լեզուն քչերին է հասկանալի, պարը մի լեզու է, որը պետք չէ թարգմանել:

-Եթե պարը Ձեր կյանքում չլիներ, ինչ-որ բանի պակաս կզգայի՞ք:
-Չեմ էլ ուզում պատկերացնել, որ պարը կարող էր իմ կյանքում չլինել, որովհետև պարը իմ սրտում է: Իմ օրը սկսվում և ավարտվում է պարելով: Առանց պարի իմ կյանքը անիմաստ, ձանձրալի և անհետաքրքիր կլիներ:

gohar hakobyan (ararat)

Մանկապարտեզ

Միշտ երազել եմ ունենալ իմ սեփական դպրոցը կամ մանկապարտեզը, որտեղ կլինեն շատ երեխաներ: Երբ մանկապարտեզ էի գնում, ուզում էի, որ ինձ էլ դիմեն «ընկեր Գոհարիկ»: Դա իմ ամենամեծ երազանքն էր այդ տարիքում: Մանկապարտեզն իմ ընկերն էր, ով ձեռքս բռնած տանում էր դեպի նոր աշխարհներ: Հիշում եմ, երբ մանկապարտեզ էի գնում, չէի սիրում քնելու ժամերը, նույնիսկ մի անգամ թաքնվել եմ մահճակալի տակ, որ չքնեմ: Երբ մանկապարտեզ ունենամ, չեմ ստիպի, որ երեխաները քնեն, եթե նրանք չեն ուզում:

Հիմա արդեն մեծ եմ բայց երազանքներս ու ցանկություններս կարծես նույնն են մնացել: Երազում եմ սեփական մանկապարտեզ ունենալու մասին: Երեխաներին սիրում եմ անչափ, կարծում եմ նրանք էլ ինձ:

Մանկապարտեզը, որը ես հաճախել եմ, գտնվում է Վերին Արտաշատ գյուղում: Այն տարիներին այնքան էլ լավ վիճակում չէր, ինչ այսօր: Կատարվել են վերանորոգման աշխատանքներ: Ես իմ մանկապարտեզը դարձնելու եմ ավելի լավը, նմանը չունեցող: Հաճախ այցելում եմ այն մանկապարտեզ, որտեղ անցել է իմ մանկությունը: Շփվում եմ կրտսեր ընկերներիս հետ, խաղում, կատակում, լիաթոք ուրախանում…
Երբ ունենամ իմ երազանքների մանկապարտեզը, կուզեմ, որ այն լինի գունավոր:
Կլինեն բարի դաստիարակներ, ովքեր չեն քնեցնում երեխաներին իրենց կամքին հակառակ:
Կուզեմ, որ մանկապարտեզս մեծ այգի ունենա, լի տարբեր խաղերով, որտեղ երեխաները կկարողանան խաղալ որքան ցանկանան:
Իմ երազանքների մանկապարտեզը անվճար է լինելու բոլոր 3-5 տարեկան փոքրիկների համար:
Երանի…

Հիմա եմ հասկանում, թե ինչու էի այդքան կապված մանկապարտեզիս: Իմ մահճակալը, աթոռը սեղանը, որի շուրջը նստում էի հաց ուտելիս… Ամենը նույնն է մնացել, միայն մեծացել եմ ես…
Եթե մի բան սրտանց ցանկանում ես անպայման կատարվում է: Ով գիտե, միգուցե օրերից մի օր ես ունենամ իմ երազանքների մանկապարտեզը: