diana hovhannisyan

Իմ կյանքի ամեն դրվագ առնչվում է ֆուտբոլի հետ

Սիրուշն ինձ հանդիպած եզակի աղջիկներից է, որի սերը ֆուտբոլի նկատմամբ գալիս է ոչ թե ժամանակի տենդենցներից ու մոդայից, այլ ֆուտբոլի նկատմամբ դեռ շատ վաղ տարիքից մոլի հակումներից։

-Իմ կյանքի ամեն դրվագ առնչվում է ֆուտբոլի հետ։ 7 տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի Պելեի գլուխգործոցների մասին, ու այդ ժամանակվանից ծագեց հակումը ֆուտբոլի նկատմամբ։ էնքան էի տարված ֆուտբոլով ու լավ էի խաղում, որ մեր դասարանի տղաների հետ ինձ էլ տարան մրցումների։

Իր հակումներն ու անդավաճան սերը ֆուտբոլի նկատմամբ ինձ թերևս հետաքրքիր թվացին, ու պնդեցի, որ մանրամասն պատմի։

-Ամենասիրածս թիմը «Արսենալն» է: Երբ դեռ փոքր էի, ֆուտբոլի օրերին նախօրոք պատրաստություն էի տեսնում։ Ամեն ինչ պետք է արած լինեի, խաղից մի ժամ առաջ պառկած լինեի քնելու, որ հետո թաքուն կարողանայի նայել։ Թաքուն էի նայում, որ տնեցիք ձայներից չարթնանան։ Շատ դեպքեր են եղել, որ առանց ձայնի եմ նայել՝ միայն պատկերով, որ տնեցիք չիմանային, որովհետև կարող է գային, տեսնեին ու ջղայնանային։ Զուտ էն պատճառով էին ջղայնանում, որ հաջորդ օրը դասի էի, իսկ ես չէի կարողանում առավոտյան արթնանալ։ Պատահել է, որ հեռուստացույցն են անջատել, ու անկողնումս պառկած ռադիո եմ միացրել ու լսել ֆուտբոլը։ Եղել է, որ քնած եմ ձևացել ու հետո վեր կացել՝ ֆուտբոլ նայելու։

Եղել է նաև, որ բռնվել եմ ու խիստ պատժվել։ Առաջին անգամ էլ մամայիս պատասխան եմ տվել հենց ֆուտբոլ նայելու պատճառով։ Մի խոսքով՝ իմ կյանքի ամեն մի դրվագ կապված է ֆուտբոլի հետ։

Սիրուշի նախասիրությունները չեն փոխվել, հավանաբար չեն էլ փոխվի։ Մնում է հուսալ, որ անդավաճան երկրպագուն մի օր ստադիոնից կհետևի «զինագործների» խաղին, կհասցնի Պելեից վերցնել իր իսկ ստորագրությամբ մարզաշապիկն ու կշարունակի սիրել ֆուտբոլը։

ani avetisyan nor

Մի ուսանողի պատմություն

Կանգնում եմ առաջին հարկում ու մտքում հաշվում՝ քանի րոպե կտևի բարձրանալը։ Որպես կանոն ստացվում է։ Դե, գոնե մեկ-մեկ, մեկ- մեկ՝ չէ։ Էդ դժվար ճանապարհին միշտ նայում եմ ինձ հավասար բարձրացող վերելակին, որից ավելի արագ շարժվում են ոտքերս, մտքերս՝ էլ չասեմ։

Ամենածանրը 3-րդ հարկով անցնելն է։ Կարդում եմ «Արևելքն այստեղ է» գրվածքը ու սրտի խորքում ուզում չորս տարի Անի Արևելցի լինել, բայց դե դեռ մտածում եմ, թե իմ կոչումը լրագրող «դառնալն է» (իրականում՝ լինելը): Հուսամ, միտքս չեմ փոխի։ Իսկ դրա համար կան չորրորդ եւ հինգերորդ հարկերը։

Վերևում եմ։ Հիմա էլ լարում եմ հիշողությունս՝ պարզելու՝ որ լսարանում էր դասը։ Դե, որովհետև ալարել եմ դասացուցակը, հայերեն ասած, ներբեռնել հեռախոսիս մեջ։ Սիրուն բառ է, չէ՞։ Ի՞նչ անեմ, մեկ է, դուրս չի գալիս։

Բայց դասացուցակս առաջին փորձից անգիր անել ստացվեց։ Նախորդ կիսամյակում մինչև վերջ էլ միայն երկուշաբթի օրվա առաջին ժամն էի հիշում։ Առաջընթացը քիչ չէ, ինչ խոսք։

Դասը սկսվել է։ Ուսանողները նստած են՝ մեկը աշխարհի ամենահետաքրքրասեր մարդու հայացքով, մյուսը՝ հակառակը։ Ես էլ եմ նստած, հայացքիս «ժանրային պատկանելությունը» չեմ հիշում։ Բայց նստած եմ։ Կարծեմ՝ կանգնած մարդ չկար։

Հա, մեկ-մեկ դասի ժամին ականջներումս “battery low” եմ լսում: Ականջակալներիս սիրած արտահայտությունն է ու իմ չսիրած հոգեվիճակը, մանավանդ դասերին։

Հետո դասն ավարտվում է։ Համենայնդեպս մեր բոլոր դասերը ինչ-որ պահի ավարտվում են, ու հենց էդ պահին են հնչում ամենահետաքրքիր ու կարևոր հարցերը: Կամ, դրանք էդպես էլ չեն ուղղվում ոչ մեկին, ոնց որ իմ դեպքում։ Գիտեմ՝ լավ չէ։ Բայց էսպիսինն եմ ես, ի՞նչ կարող ես անել։

Սոկրատն ասել է՝ խոսիր, որ տեսնեմ քեզ: Էստեղ մի հավես բան կա։ Ես, օրինակ, վատ եմ յուրացրել էս կանոնը, իսկ մարդիկ էլ կան՝ կյանքի նպատակ են դարձրել։ Խոսելը։ Մեկ-մեկ ուզում ես ասել՝ լռիր, որ լսեմ քեզ։ Բայց դե, էլի չես ասում։

Որ փիլիսոփայելու հավես ունենայի, կասեի, թե կյանքի ամենաերկար ժամանակահատվածը ուսանողներն անցկացնում են աստիճանների վրա կամ լսարան փնտրելիս։  Երևի ավելի երկար, քան լսարանում, բայց չէ։ Ուսանողներ կան, որ վերելակով են «գնում-գալիս»։ Իսկ ես հավես չունեմ։ Ոչ փիլիսոփայելու, ոչ էլ վերելակ «կանչելու»։

Չնայած վերջինը հնարավորությունն էլ չունեմ, գոնե մեր մասնաշենքում։

Sargis Melkonyan

Մենք անկախության սերունդը չենք

Մենք, որ ուղղակի պիտի գնայինք դպրոց, գայինք տուն, սովորեինք մեր դասերը, շփվեինք ընկերների հետ, խելոք ապրեինք ու մտածեինք բուհական կրթության մասին, մի փոքր շեղվեցինք այս պատկերացրած ուղուց։ Մենք երևի ժամանակից շուտ սկսեցինք մեծանալ ու մտածել մեզ շրջապատող աշխարհի խնդիրների մասին, մի փոքր ավելի շատ տեսանք այն, ինչ չպիտի տեսնեինք։ Ու մենք, որ ձեր պատկերացմամբ պիտի խոնարհ ու հնազանդվող լինեինք, պիտի լսեինք մեծերին ու անեինք նրանց ասածները, հանկարծ, չգիտես՝ որտեղից, որոշեցինք մեր իրավունքներից խոսել։ Ու երբ սկսեցինք տարբերվել «մեծերի» ասածները լսողներից, մենք դարձանք ըմբոստ բոլորի աչքերում։

Երբ մենք սկսեցինք խոսել մեր քաղաքի կամ գյուղի, դպրոցի կամ բակի խնդիրների մասին, մեզ բոլորն ասացին. «Բալա ջան, երկու աչք ունես, մի բերան, քիչ խոսա»։ Իսկ մենք, չգիտես՝ որտեղից վերցրինք, որ խնդիրները չտեսնելու տալով չեն լուծվում։ Դուք մեզ հակառակը համոզեցիք, դրա համար էլ մենք սկսեցինք իրար չհասկանալ։

Մենք համարեցինք, որ էս չէր մեր երազած անկախությունը, ու խոսեցինք դրա մասին։ Դուք էլ հոգու խորքում, բոլորի աչքից հեռու, միայն ձեզ համար էդպես համարեցիք, բայց վախեցաք բարձրաձայնել։ Դուք ստիպեցիք, որ մենք դադարենք խոսել մեր խնդիրների մասին։ Ի՞նչ ստացվեց։ Ստացվեց, որ մեր բոլոր նպատակները, որ կապել էինք մեր երկրի հետ, մեր բոլոր ջանքերն ու խանդավառությունը՝ ինչ-որ լավ բան անելու, հօդս ցնդեցին։ Արդյունքում մենք հիասթափվեցինք ամեն ինչից ու մեր բոլոր նպատակները կապեցինք դրսի հետ։ Մենք էլ դարձանք պոտենցիալ գնացողներ։

Ազատությունը երևի միակ բանն է, որի համար մենք կհեռանանք մեր երկրից։ Բայց մենք չափից դուրս համառ կգտնվենք ու ազատությունը կստեղծենք մեր երկրում՝ բոլոր առումներով։ Չէ, մենք էն անկախության սերունդը չենք, որ միայն անունով ենք։ Մենք մեր երազած անկախությունը կերտող սերունդն ենք։

astghik hovhannisyan

Ոչ բնապահպան, ուղղակի՝ մարդ

Ընտանիքով ռադիոյի թրթռոցի ներքո գնում էինք Երևան։ Ըստ իմ սովորության՝ նստել էի պատուհանի մոտ ու նայում էի դուրս։ Ինձ թվում էր, որ Ապարանի սառը օդը չի թեթևացնում նույնիսկ ծխնելույզներից դուրս եկող ծուխը։ Ուշադրությունս միանգամից գրավեց մի գետ։ Գետ չէ, երևի աղբակույտ։ Հետո էլ բողոքում են, թե գնալով Հայաստանի ջրագրական ցանցը նոսրանում է, բայց չեն ասում, որ հենց իրենք են նոսրացնում։ Մարդիկ ծառ են տնկում՝ մաքուր օդի մասին մտածելով։ Բայց այդ իրենց ստեղծած թթվածինը փչացնում են, երբ աղբը լցնում են գետը։ Էլ ի՞նչ մաքուր սնունդ ու թթվածին։ Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ նոր շինություն է կառուցվում, բայց տխրում եմ, երբ այն կառուցելուց ու ցանկապատելուց հետո շինարարկան աշխատանքներից մնացած թափոնները ցանկապատից դուրս են նետում։ Կարևորը՝ աղբը իրենցից հեռու է։

Հետո էլ հայ ժողովուրդը բողոքում է բնապահպանության նախարարությունից։ Բայց հո բնապահպանության նախարարությունը չի՞ կարող փոխել մարդկանց մտածողությունը։

Sargis Melkonyan

Անտարբերության մասին

Էսօր քայլում էի փողոցով: Մայթեզրին մի շուն էր ընկած: Ոչ ոք չնկատեց: Ավելի ճիշտ՝ ոչ ոք չուզեցավ նկատել: Բոլորս խուսափեցինք պատասխանատվությունից: Բայց այ թե էդ սիրուն շունը կենդանի լիներ ու զբոսներ մի լավ աղջկա կամ տղայի հետ: Մի հոծ բազմություն, նկարներ, ծանոթություններ, ժպիտներ… Իսկ հիմա միայն անտարբերություն:

Գիտե՞ս՝ 3 տարի առաջ, երբ ինչ-որ հարցաթերթիկ էի լրացնում, վախերի մասին խոսելիս նշեցի, որ ամենաշատը վախենում եմ անտարբերությունից: Ոչինչ չի փոխվել:

Հիմա լամպի լույսի տակ էս եմ գրում ու աչքիս առաջ ինչ ասես՝ անցնում է: Ախր, մեր էս վիճակի համար մենք ենք պատասխանատու, մեր անտարբերությամբ ենք մեղավոր: Մենք մեղավոր ենք: Մենք մեղավոր ենք, որ նորմալ ենք համարում հանրային միջոցների թալանն ու մի բան էլ արդարացնում ենք, թե բա. «Ով էլ լիներ, առաջինն իրա բարեկամների մասին կմտածեր»: Դու գոնե հասկանո՞ւմ ես, որ էդ գրողի ծոցից հայտնված անտարբերությունը քայքայում է ինձ՝ ատոմներս հեռացնելով իրարից։

Դու կարող ես թքած ունենալ ամեն ինչի վրա, բայց զրկվեցիր էդ իրավունքից, երբ հասկացար քո ով լինելը:

Ու հիմա, երբ ով ինչ ուզում անում է, ով ում ուզում, ոնց կարողանում վիրավորում ու ծաղրում է, ինչ-որ չափով մենք էլ ենք մեղավոր: Դրա համար որպես լավագույն ապաշխարություն, խնդրում եմ, բացիր նոթատետրդ ու գրիր մեր նորօրյա ամենակարևոր պատվիրանը․ «Անտարբեր մի՛ եղիր»:

liana hakobyan voskehat aragacotn

Քաղաքս առաջվանը չէ

Քաղաքս առաջվանը չէ, չկա այն եռուզը, որ հագեցած էր մարդկանց շնչով, չկա այն ձանձրալի աղմուկը, մեքենաների բարձր ազդանշանների ձայնը։ Քաղաքս դարձել է միապաղաղ, փողոցները քիչ-քիչ դատարկվում են, միայն մնում են անբաժան շները՝ իրենց միաձայն ոռնոցով։ Օր օրի շատանում են փակված դռները, մարած լույսերով պատուհանները, և միայն քամու ձայնն է լսվում, որ մեղմորեն անցնում էր քաղաքիս փողոցներով։ Անցնում են օրեր, ժամանակի հետ հասկանում ես, որ չկա էլ քեզ պահող ոչինչ այս քաղաքում, բայց մի պահ կանգնում ես և մտածում․ ինչո՞ւ չտարբերվել քաղաքդ լքող մարդկանցից և չստեղծել մարդկանց պահանջմունքներին հարմար միջավայր քաղաքում։ Միգուցե դա ստիպի մարդկանց մտածել, որ լավն է իմ քաղաքը գուցե դա նոր գույներ հաղորդի քաղաքին, մինչդեռ հիմա քաղաքին գույն է հաղորդում միայն պարանից կախված լվացքը։ Եվ մենք չունենք մեր ներդաշնակ գույները, որը մեր ձեռքով ենք կառուցում։ Քաղաքս միայն հարուստ է դատարկ փողոցներով, որտեղ լուսավորությունը միայն հաղորդում են երեկոյան փողոցային լույսերը։ Փողոցներում մնացել են դատարկ նստարաններ, որտեղ առաջ պապիկները նարդի էին խաղում, զրույց անում, մտորում, երիտասարդներին կյանքի դասեր տալիս։ Փողոցներում մնացել են դատարկ կանգառներ, որոնք առաջ մարդկանցով էին լեցուն։ Փողոց, որի ծառի տակ տատը թոռանը հեքիաթ էր պատմում, բամբասում ու երազում։ Փողոցներում առկա է ամեն բան, միայն մարդիկ են, որ չկան։ Դատարկ են փողոցները քաղաքիս, ու չկա ոչ ոք, որ վայելի թեկուզ երկնքի գեղեցկությունը, չկան այն երկու սիրահարները, որ նայեն երկնքին ու երազեն, չկան այն մանուկները, որոնք ամեն անգամ մանկապարտեզ գնալիս բարևում էին տատիկներին։ Ամայի է դարձել քաղաքս, ցավալի է դա։ Եվ ի՞նչ է մեզնից միայն հասնում․ գտնել մեր տեղը այս քաղաքում, իմ քաղաքում։ Վայելել է պետք այս հրաշք քաղաքի ամեն մի փողոցը, ամեն մի անկյունը։ Արի ու քո շնչով տաքացրու Աշտարակ քաղաքս, և այն դարձրու հենց քո քաղաքը։

Anushik Mkrtchyan

Մեկ տարի թղթակից

Մարտի տասը ինձ համար սովորական օր էր մինչև 2017 թվականը, երբ առաջին անգամ իմացա «Մանանա» կենտրոնի մասին՝ Վորլդ Վիժնի Արագածոտնի ղեկավար ընկեր Սուրենի շնորհիվ։ Սոց․ ցանցում տեսա նրա գրառումը, որում ասվում էր, որ ով ցանկանում է հմտանալ լրագրության, լուսանկարչության մեջ ու ռեժիսորական գործում, ապա կարող է դիմել։ Ինձ այդ գաղափարը այնքան գրավեց, որ այդ ժամանակ այդ երեք մասնագիտություններն էլ ընտրել էի, բայց կանգ էի առել ռեժիսորականի վրա (չնայած՝ հիմա հաստատ որոշել եմ, որ լրագրող եմ դառնալու)։ Ու մեր գյուղից մի քանի երեխաներ ընկեր Սուրենի միջնորդությամբ մարտի 11-ին և 12-ին գնացին Ապարան ու ծանոթացան «Մանանայի» անձնակազմի հետ։ Այդ մի քանի երեխաներից ես, Նաիրան ու Աննան սկսեցինք պարբերաբար նյութեր ուղարկել, ինչի արդյունքում ես ու Նաիրան դեռ երկու ամիս էլ չկար, որ թղթակցում էինք, բայց ընդգրկվեցինք լավագույնների շարքում։

Այս մեկ տարվա ընթացքում ես կարողացա սովորել ավելի ճիշտ մտքերս արտահայտել։ Եթե կարդաք իմ առաջին ու վերջին նյութերը, դուք մեծ, շատ մեծ տարբերություն կզգաք։ Այս մեկ տարվա ընթացքում կարողացա լինել ավելի համարձակ։ Եթե ուրիշների համար դպրոցն է երկրորդ տունը, ինձ համար «Մանանան» է։ Եվ սրանք ամենևին էլ զուտ խոսքեր չեն։ Այս ամենը սրտանց եմ ասում։ Կարևոր է նաև, որ այս մեկ տարվա ընթացքում իմ ընկերների թիվն աճել է 30 հոգով, եթե ոչ ավելի։ Ընկերությունս ձգվեց Եղվարդից Եղեգնաձոր, Արարատից Մալիշկա, Երևանից Աշտարակ ու էլի դեպի շատ քաղաքներ ու գյուղեր։ Շնորհիվ «Մանանայի» ես տեղեկացա այնպիսի գյուղերի, քաղաքների մասին, որոնցից չնչին բան գիտեի։ Դպրոցում սկսեցին ինձ ավելի մեծ ուշադրություն հատկացնել։ Ինչ-որ միջոցառում կազմակերպելիս ինձ էին դիմում, որ լուսաբանեմ, ու հրապարակեն դպրոցական կայքում։ Ու ես հպարտությամբ էի դրան նայում, երբ նյութի տակ գրված էր լինում «Մկրտչյան Անուշ, 10-րդ դասարան»։ Դա նույնպես «Մանանայի» շնորհիվ է։ «Մանանայի» շնորհիվ էր, երբ գնացի մեր գյուղի խանութներից մեկն, ու ասացին, որ «էն մի նյութը հուզիչ էր»։ Շնորհիվ «Մանանայի» էր, որ տատիկին ասում էին․ «Նուշիկ ջան, թոռդ էդ ինչ լավ բան էր գրել»։ Շնորհիվ «Մանանայի» է, որ ծնողներս՝ ինձնից կիլոմետրերով հեռու, որոշ տեղ հպարտանում են ինձնով։ Ու վերջապես, շնորհիվ «Մանանայի» է, որ հազարավոր պատանիներ կարողանում են առաջ բերել իրենց հուզող հարցերը, պատմել իրենց գյուղի կյանքի, իրենց կյանքի մասին։ Միավորելով այդքան պատանիների՝ ավելի է ամրապնդվում գյուղերի կապը։ Կարողանում ենք մեր մտքերն արտահայտել ու դրանից մեզ լավ զգալ։

Գիտեմ, որ ես դեռ տարիներ շարունակ «կնշեմ» մարտի 10-ը, ու էլի շնորհիվ «Մանանայի»։

Anushik Mkrtchyan

Մի քիչ ուշացած

Մամ, հիշո՞ւմ ես, որ քո գնալուց մի տարի առաջ ինձ Մեղրիից թևնոց էիր բերել: Հա, կհիշես: Արդեն երեք տարի է, ինչ թևիցս չեմ հանել: Դու ասել ես, որ ուսուցիչներին չպատասխանեմ, էսպես ասած՝ հետները լեզվակռիվ չտամ: Ասում են՝ թևնոցդ հանի, դասին մի կրի, իսկ ես, երկար ժամանակ իրենց հետ բանավեճից հետո, հոգնելով ասում եմ՝ մայրս է նվիրել, չե՛մ հանի, ու իրենք էլ լռում են: Միայն ընկեր Ավետիսյանն ասաց, որ դա իմ թալիսմանն է: Հա: Թալիսմանս է: Էսօր էդ թալիսմանս 3 տարեկան է: Քո կողմից իմ ամենասիրելի նվերը: Ես քեզ ինչ էլ որ ուզել եմ նվիրել, ասել ես, թե ես եմ քո նվերը: Չգիտեմ՝ գիտես, թե ոչ, բայց մենք միշտ պապայից գումար էինք ուզում ու քեզնից թաքուն նվեր էինք քեզ գնում։ Կես ժամ որոշում էինք՝ ոնց անենք, որ դրսում չլինեիր ու մեզ չտեսնեիր, ոնց գնանք ու ոնց գանք:

Երկու «մարտի 8»-եր քեզ չեմ գրկել: Պապայից գումար չենք խնդրել: Խանութ չենք գնացել: Քո սիրած ծաղիկներից չենք գնել ու նվիրել քեզ:

Մամ, շնորհավորում եմ մարտի 8-դ, էս մի ամսյակը: Իրականում քեզ ամեն օր է պետք շնորհավորել: Մարտի 8-ը գեղեցկության օրն է: Դու ամեն օր ես գեղեցիկ, մամ: Ու էդ գեղեցկությամբ ես գեղեցկացնում մեր օրը, ոչինչ, որ հեռախոսով: Էդպես էլ կլինի:

Բա ո՞նց կլինի, որ տատիկիս մարտի 8-ը չշնորհավորեմ: Տատ ջան, շնորհավոր տոնդ: Թող արցունքներդ մյուս տարվա մարտի 8-ին ուրախության արցունքներ լինեն:

Հ. Գ. Չմոռանանք, որ էսօր իմ թևնոցի ծնունդն էլ է՜։

ani avetisyan nor

Կհարմարվես, բան չկա

Դե, եթե քեզ էլ թվա, թե երեկվա կատարվածը ուղղակի պատահականություն էր, ոչինչ. սկզբում ինձ էլ նույնն էր թվացել։ Երևի բոլորիս հետ էլ պատահում է։ Ինչևէ։

Գիտե՞ս քեզ ինչ խորհուրդ կտամ: Ամեն ինչ այդքան մոտ մի ընդունիր սրտիդ, ու ոչ էլ ձևացրու, թե հետաքրքիր է մի բան, որ իրականում նույնքան անէական է քեզ համար, ինչքան Գերմանիայի թենիսի հավաքականի խաղերը։ Դե, այնքան, որ չգիտես էլ նման բան կա՞, թե՞ չէ: Ասում էիր, որ անտարբեր ես դարձել։ Նորմալ է, հավատա: Իսկ գուցե նույնիսկ լավ։ Եսիմ։

Հիշում եմ՝ մի անգամ խորհուրդ էի տվել շատ երազանքներ ունենալ։ Ասում էի՝ իրականանալու ձգտում ունեն դրանք։ Ու չեմ մոռանա պատասխանդ.

-Իմ երազանքները միշտ էլ իրականանում են… Ուրիշների մոտ։

Մեր հաղթանակն էլ նա է, երբ ուրախանում ենք, թե ոնց են ուրիշները տոնում մեր այն երազանքները, որոնց մասին իրենք երևի չէին էլ մտածել։
Վերջերս ես էլ շատ բաների (մարդկանց) հանդեպ անտարբեր եմ դարձել։ Չգիտեմ ՝ ինչից է: Մտածում էի, որ կամ արժեքներս են փոխվել կամ մարդիկ։ Կամ, որ ավելի հավանական է՝ երկուսը միասին։ Ուղղակի, տեսնես ինչի՞ էդպես միաժամանակ։

Մի քանի օր առաջ՝ փետրվարի վերջին, Երևանի իմ ամենասիրած (չհավատաք, ուղղակի գրում եմ) փողոցով էի քայլում ու տեսա կամ հասկացա, որ չնայած բոլորն իրենց «վալենտիններին» են գրկած քայլում, իսկ ես՝ Դոստոեվսկու «Ապուշը», դրանից ոչինչ չի փոխվում։ Ու ես պակաս անտարբեր չեմ դառնում աշխարհի նկատմամբ։ Չէ, ուղղակի էդ գիրքն էին ինձ նվիրել, նույն հաջողությամբ դա կարող էր, ասենք, «Ալքիմիկոսը» լինել։

Բայց, եթե ճիշտ եմ հիշում, հենց նույն օրը մի բան ստիպեց աշխարհին ժպիտով նայել, դե, գոնե մինչև երեկո։ Տիգրան Մանսուրյանն էր՝ «զեբրաների» վրայով անցնելիս։ Այ, թե տասներեք վայրկյանի փոխարեն այդքան ժամեր ունենայի… Իսկ տասներեք վայրկյանը լրիվ բավական էր ժպտալու ու նրա պատասխան ժպիտը տեսնելու։ Էդպիսի ժպիտ մեկ էլ Կոմանդոսի աչքերում էի տեսել։ Մեծ մարդիկ երևի բոլորն իրենց մեծության չափ են համեստ: Փոքրերն էլ, երևի… Չնայած, գուցե դու կամ մեկ ուրիշը հիմա ասի՝ փոքր մարդիկ չկան։ Բայց մենք հո՞ գիտենք, որ կան։

Իսկ մեզ մի քիչ սովորելու ունակություն կամ ցանկություն է պետք։ Մեծանալու համար։ Թվերով չէ։

Հետո շարունակում եմ քայլել։ Էն նշածս փողոցը, որ իրականում շատ էլ չեմ սիրում, երկար է, իսկ ես դրանով օրը երկու անգամ անցնել եմ սովորել՝ մի ծայրից մյուսը։ Ու ծանոթ եմ նույն ժամին էնտեղով քայլող բոլոր դեմքերին։ Չգիտեմ, իրենք էնքան հավես ունեցել են ինձ էլ նկատելու, թե չէ: Բայց դա ինձ հետաքրքիր էլ չի։ Ուղղակի գիտեմ, որ ամեն մեկն էլ էդ ու դրան նման փողոցներով քայլելիս մտքում կամ գուցե բարձր ասում են.

-Ինձ ի՞նչ քո խնդիրները, ես սեփականներն ունեմ, ու դրանք ինձ լրիվ բավական են։

Ինձ էլ։ Ու ի՞նչ հոգ, թե նա քայլելուց հանկարծ ընկավ, ու դու ուղղակի չմոտեցար նրան օգնելու՝ պատճառ ունեիր շտապելու կամ ոչ, կամ թե այնքան հոգնած էիր, որ մի պահ վախեցար կանգնել ու տեղդ մեկին զիջել։ Կարող է լինել, չէ՞։ Երևի կասես՝ չէ։ Ես էլ կարող եմ նույնը ասել։ Բայց երկուսս էլ հո՞ գիտենք, որ հնարավոր է։

…Գլխով բարևում եմ ավտոբուսում ինձ հետ ու ինձ հավասար կանգնած ծանոթիս, հանում ականջակալներս, խոսում ամենաշաբլոն մի երկու թեմայի մասին ու դնում ականջակալներս։ Գիտեմ, կախվածություն է։ Չգիտեմ էլ՝ ուզո՞ւմ եմ հաղթահարել դա, թե՞ չէ։ Հիմա էլ դրանք ականջներումս են։ Ու ես հանել չեմ ուզում։ Երևի ազատվել էլ չեմ ուզում դրանցից։ Չէ՞ որ «անտարբերիս» կերպարը իրենք ավելի իրական են դարձնում։ Լավ, է:

Տուն եմ հասնում։ Էստեղ է երևի, որ անտարբեր չեմ։ Անտարբեր չեմ նույնիսկ գրիչներիս բազմագույն տեսականու, նոր ստացած ու հին գրքերիս նկատմամբ: Իսկ սա այս պատմության երևի ամենալավ կետն է։

Կին, արվեստ, տոն

Լուսանկարը՝ Նարինե ԳեւորգյանիԱրարչագործության հրաշքը Աստծո մենաշնորհն է: Բայց Աստված այնքան սիրեց մարդուն, որ նրան ևս տվեց ստեղծելու, արարելու շնորհը։

Հովհաննես Շարամբեյանի անվան  Ժողովրդական արվեստի կենտրոնում գարնանամուտի մեկնարկը տրվեց մարտի 3-ին «Կին, արվեստ, տոն» խորագրով ժողովրդական վարպետների ցուցահանդեսով:

Լուսանկարը՝ Նարինե Գեւորգյանի

Լուսանկարը՝ Նարինե Գեւորգյանի

Արվեստի գործեր ստեղծում են բոլորը, սակայն կնոջ ստեղծածը աչքի է ընկնում իր նրբագեղությամբ, կնոջը հատուկ բծախնդրությամբ և խորաթափանցությամբ։

Ներկայացված ցուցահանդեսը իր մեջ ներառում է դեկորատիվ-կիրառական արվեստի, խեցեգործության, կարպետագործության, ասեղնագործության, արծաթագործության նմուշներ, հուշանվերներ` նախատեսված կանանց համար։

Լուսանկարը՝ Նարինե Գեւորգյանի

Լուսանկարը՝ Նարինե Գեւորգյանի

Ցուցահանդեսի մասնակիցներից Նարինե Գևորգյանը մեկ տարի է, ինչ ժողովրդական վարպետի կոչում է ստացել և արդեն ունեցել է վեց ցուցահանդես։ «Ես անում եմ այն, ինչ-որ չկա, գոյություն չունի։ Եթե գոյություն ունի, դա ինձ արդեն չի հետաքրքրում»։

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Գաղտնիք չէ, որ երաժշտությունը կարող է ոգեշնչել մարդուն, արարելու ոգի տալ։ Եվ  ես տեսա կակաչներով կոլաժ, որը ստեղծելիս հեղինակը ոգեշնչվել է «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգից:

Նարինեն առաջիկայում ծրագրում է ևս մեկ անհատական ցուցահանդես, որտեղ ընդգրկված կլինեն բոլորովին նոր աշխատանքներ։

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 11-ը: Ի դեպ, կարող եք նաև ձեռք բերել ձեզ դուր եկած աշխատանքները, քանի որ սա ցուցահանդես-վաճառք է:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Ցուցադրված էին նաև նկարչուհիներ Սիրանուշ  Բաղրամյանի, Ալվինա Աբելյանի, խեցեգործ Ժասմենա Տեր-Մանուկյանի, կարպետագործ Սոնա Մակարյանի, Լալա Մնեյանի և Մարալ Շիօղմելյան- Բերբերյանի ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև Անահիտ Գրիգորյանի կաշվե զարդերի հավաքածուն: