Ո՞րն է հին ժամանակները հիշելու ամենալավ միջոցը. իհարկե, լուսանկարները։ Փորփրելով դարակներս, գտա մի խունացած ալբոմ՝ լի նկարներով։ Նկարներ, որոնք նայելիս ակամայից կարող ես տխրել կամ ուրախանալ, հուզվել ու լցվել կարոտով։ Կարոտ, որը կապված է մանկության ու դրա հետ կապ ունեցող մարդկանց հետ։ Մարդիկ, որոնք գուցե այլևս չկան, ընտանիքներ, որտեղ չկա առաջվա խինդն ու երջանկությունը։ Նայում ես, զարմանում ու միաժամանակ հասկանում, թե մարդը որքան անկարող է ժամանակի հանդեպ։ Ժամանակը քայլում է, իսկ մենք չենք կարողանում կանգնեցնել այն, գոնե մի վայրկյան, մի ակնթարթ։
Թերթում եմ նկարները ու տեսնում մեր հին, դեռ չվերանորոգված տունը։ Տան դիմաց ես եմ ու իմ ընտանիքը։ Բոլորը կան նկարում. ծնողներս իրար կողքի կանգնած, ես՝ իմ մոր գրկում, քույրերս՝ մեր կողքերին, իսկ տատիկը՝ հորս մյուս կողքին։ Պատերը խարխլված են, ու ասես նկարից փչում է նկարի մեջ երևացող փտած փայտերի հոտը։ Տունը հին է, բայց մթնոլորտը այնքա՜ն ջերմ ու տաք։ Այժմ առաջվանը չէ ո՛չ տունը, ո՛չ էլ ընտանիքս։ Ընտանիքիս ջերմությունը պահպանվել է, բայց անդամների քանակն է պակասել. երեք քույրերս ամուսնացել են, ու բազմանդամ ընտանիքը դարձել է չորս հոգուց բաղկացած փոքր ընտանիք՝ ես, ծնողներս ու տատս։
Թերթում եմ ու հասնում մեկ այլ նկարի, որտեղ նշում ենք իմ ծնունդը. ես եմ, դիմացս՝ տորթը, իսկ գրկումս՝ քրոջս տղան։ Գիտե՞ք ամենաշատը ինչը գրավեց ուշադրությունս։ Մի խաղալիք ավտոմեքենա, որը նվիրել էր ինձ իմ հորեղբայրը։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ խաղալիքը մինչ այժմ կա։ Անմիջապես անցա խաղալիքը գտնելու գործին ու գտա՜։ Ինչքա՜ն հիշողություններ… Ունեցա նույն այն զգացողությունները, որոնք ունեցա այդ խաղալիքը առաջին անգամ «վայելելու» ժամանակ։ Ուրախացա, հետո տխրեցի ու սկսեցի հորեղբորս կարոտը այդ խաղալիքից առնել։ Ֆիզիկապես նա չկա, բայց հոգեպես ինձ հետ է…
Խաղալիքը ասես մի գանձարան էր, որտեղ պարփակված էր իմ մանկության ողջ պատմությունը։ Փաստորեն իրերն էլ հիշողություն ունեն։
Խորասուզվել էի նկարների մեջ ու հանկարծ լսում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկը հարվածում սենյակիս պատուհանին։ Անձրևն էր թակում պատուհանը։ Եղանակն էլ քիչ-քիչ դառնում էր իմ տրամադրությանը համահունչ։ Մնում էր ընդամենը մի բաժակ տաք թեյ, ծածկոց ու երաժշտություն։ Վերջ, ամեն ինչ արդեն շատ լավ է։ Շարունակում եմ նայել նկարները ու հասկանում, որ լավ ժամանակները փչացնում են մարդկանց, նրանք դառնում են չար, ընչաքաղց ու ագահ՝ ձգտելով անիրականալի շքեղության, մոռանում մարդկային բարի ու պարզ հարաբերությունները։ Ո՞ւմ է պետք նյութական շքեղությունը, երբ չկա հոգու խաղաղություն։
Մարդիկ վազում են այն բանի հետևից, որն իրականում իրենցը չի…
Սովորաբար պետք է սկսել սկզբից, բայց լավ, հիմա շտապում եմ, ճանապարհին կասեմ: Մենք գրեթե վազում էինք, իսկ ուր են նրանք: Ահա, ես ամենաառաջինը տեսա Սեդային ու դեռ չէի հասցրել ձեռքով անել, երբ արագ քայլերով ինձ մոտեցան ճամբարի իմ մյուս ընկերները: Դա շատ արագ տեղի ունեցավ, և ես անգամ չհասցրի բարևել նրանց, հասցրի միայն տեսնել շփոթմունքը, ուրախությունը, որ կախվել էր նրանց աչքերից: Մենք ամուր գրկախառնվելուց հետո մի քանի րոպեում հասցրինք պատմել միմյանց ամենակարևորների մասին ու էլի ամուր գրկեցինք իրար:
Տարբեր մարդիկ իրենց զգացմունքները արտահայտում են տարբեր կերպ: Ես մարդկանց այն խմբին եմ պատկանում, որոնց հուզելը դժվար է: Չեմ ասում զգացմունքային չեմ, ուղղակի միշտ չէ, որ կարողանում եմ լաց լինել…
Ախ, որ պատկերացնում եմ, թե ինչեր կկորցնեի, եթե չթղթակցեի 17.am-ին… Սա իմ առաջին հաջողությունն էր, բայց ոչ վերջինը: Այժմ նստած եմ երթուղային մեքենայում և Երևանից-Լիճք եմ վերադառնում, գալիս եմ իմ գյուղ՝ ուրախությունս ընտանիքիս, ընկերներիս հետ կիսելու համար:
Անակնկալի եկա, երբ անունների վերջում հնչեց նաև իմ անունը, ու ես՝ Մանանայի շրջանավարտ և աշխատակից Մանե Տոնոյանի անհատական հովանավորությամբ, ում շնորհակալ եմ իմ նյութերը կարևորելու, գնահատելու ու մրցանակի արժանացնելու համար, արժանացա մրցանակի, ստացա դիպլոմ «Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»: Հուզմունք ու անսպասելի անակնկալի արժանանալու զգացումը պարուրեց ինձ: