jora petrosyan

Մի տեսակ խառը…

Հայերի համար մայիսը հաղթանակների ամիս է։ 1992թ.-ի մայիսի 8-9 իրագործվել է Շուշիի հետ գրավումը, մայիսի 21-29 իրականացել է Սարդարապատի հերոսամարտը,  23-29-ին՝ Բաշ Ապարանի, 24-28` Ղարաքիլիսայի հերոսամարտերը։ Մայիսի 9-ը 2000թ-ից հետո կրկնակի տոն է դարձել մեր տանը,  քանի որ հենց այդ օրը ծնվել է ընտանիքի արու զավակը՝ ես։ Մի պահ պատկերացրեք ծնողներիս ու հարազատներիս ուրախության չափը,  երբ երեք աղջիկներ ծնվելուց հետո ծնվել եմ ես։ Այո՛,  ես երեք քույր ունեմ,  որոնք անգին գանձ են ինձ համար։

Այս տարի նշելու եմ արդեն 17-ամյակս, որը համապատասխանում է կայքի անվանմանը՝ 17.am:
Այսօր իմ ծննդյան օրն է: Ժամանակն է քննարկել անցած տարին։ Առաջին եռամսյակում «լուռ էի»,  բայց դրանից հետո միանգամից սկսեցի գործել։ Ձեռքբերումներս շա՜տ-շա՜տ են,  բայց կցանկանամ առանձնացնել «Մանանա»- ին անդամագրվելը: «Մանանան» դարձավ իմ չորրորդ, թերևս ամենակարևոր ընտանիքը։ Իսկ ինչո՞ւ չորրորդ. ասեմ։ Առաջին ընտանիքը այն ընտանիքն է,  որտեղ ծնվել ու ապրում եմ,  երկրորդը, դե բնական է,  որ դպրոցն է։  Առաջին դասարան գնալու առաջին օրը  դասվարը ասել է,  որ դպրոցը մեր երկրորդ տունն է, իսկ դասարանը՝ մեր երկրորդ ընտանիքը։ Երրորդ ընտանիքը ինձ համար հանդիսանում է World Vision-ը,  որի շնորհիվ նույնպես շատ ձեռքբերումներ եմ ունեցել և ունենում։
Այս տարվա ամենաուրախ օրերը Աղվերանի մեդիա ճամբարի օրերն են եղել։ Հուսամ, որ այդ օրերից «Մանանայի» հետ էլի եմ ունենալու։ Այնտեղ բացի գիտելիքներից ու հմտություններից, ձեռք բերեցի այնպիսի մարդկանց, որոնք որ վստահ եմ, իմ մնացյալ կյանքի ճանապարհին իմ հետ են լինելու։ Իսկ վերջին իրադարձությունը դա Պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությունն էր։ Հավաքվել էին  Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից շուրջ 200 թղթակից։ Գրկախառնություններ, պաչիկներ…
Բոլորը սրտի թրթիրով սպասում էին,  թե երբ պիտի հնչի իրենց անունը։ Մեկ,  երկու,  երեք…  Հնչեցին անուններ,  ստացանք մրցանակներ։ Ես հույս չունեի,  որ կարող եմ գոնե խրախուսական նվեր ստանալ։ Բայց ի զարմանս ինձ, գտնվում էի 100 լավագույն թղթակիցների շարքում։ Իմ անունը հնչելու ժամանակ ես ցավոք ներսում չէի։

Ամեն ինչ շատ լավ էր: Ամենակարևոր մրցանակը այդ օրվա ընթացքում,  թերևս,  հավաստագիրն ու «17.am»-ի թղթակցի վկայականն էր,  որով մի տեսակ ամեն ինչ ավելի պաշտոնական դարձավ:

Սրտանց շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին։ Մրցանակաբաշխությունը պարտավորեցնող դարձավ թե՛ մրցանակակիրների,  թե՛ մյուսների համար։

Սրանք կարևոր իրադարձություններից մի քանիսն էին։ Հաջորդ տարի առաջնորդվելու եմ միայն ու միայն այս կոչով. «Աշխատե՛լ,  աշխատե՛լ, աշխատե՛լ»…

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Սիրելի Ժորա, մենք նույնպես շնորհավորում ենք ծննդյանդ տոնը: Ծնվել մայիսի 9-ին, նշանակում է՝ լինել միշտ հաղթող:

mane m sargsyan

Արծիվներ

Նրանք հպարտ են, նրանք ուժեղ են, նրանց համար վախ բառը հավասարազոր է ստորացման: Նրանք պայքարում են, քանի որ թշնամին համարձակվել է քայլ անել դեպի նրանց սրբությունը:

Կա մի բառ, որն արտասանելիս աչքերիդ առջև մի դաժան ու սարսուռ առաջացնող տեսարան է հայտնվում: Գույների բոլոր երանգները խառնվում են՝ ստեղծելով մի նոր կարմիր: Հայ զինվորի կարմիրը…

Ինչպե՞ս շարունակել ժպտալ, երբ ամեն պահի մտովի հայտնվում ես սահմանին, երբ ամեն անգամ աչքերդ փակելիս՝ որդուն կորցրած մոր պատկերն է հայտնվում տեսիլքի նման: Փորձում ես զգալ այն ցավը, որը զգում է որդուն կորցրած մայրը, ամուսնուն կորցրած կինը, սիրեցյալին կորցրած աղջիկը: Ցավը նույնը չէ, բայց պատճառն ընդհանուր է: Իսկ այն ցավը, որը զգում է զինվորը՝ տեսնելով, թե ինչպես է իր զինակիցը արնաքամ լինում ու վաjրկյաններ անց` անշնչանում: Ինչպե՞ս խոսենք այդ ցավի մասին: Արցունքների միջոցով, մի քանի տոկոսով կարողանում ենք մեղմել հոգու մղկտացող վերքի ցավը, իսկ ինչպե՞ս մեղմի զինվորը:

Ասում են՝ տղան իրավունք չունի լաց լինելու: Իսկ ի՞նչ անի նա, եթե ներսը այրվում է, եթե հոգին հանգստացնել է փորձում, ի՞նչ անի, երբ ցավը խեղդում է ներսից: Թե՞, եթե նա տղա է, ապա իրավունք չունի ցավ զգալու: Ի՞նչ անի նա, երբ ներսը քանդվում է անզորությունից, քանդվում է խոսել չկարողանալուց: Նա ուղղակի կլռի, կհավաքի բոլոր մնացած ուժերն ու կշարունակի կռվել, ուրիշ ճանապարհ չկա: Կամ եթե լինի էլ, բոլորի վերջը նույնն է լինելու:

Ներելու ուժը կվերածվի պայքարի, պայքար հանուն գոյատևման, հանուն ապագայի:

-Մա՛ն, դու պատկերացնո՞ւմ ես, ես անգամ հավ չէի կարողանում մորթել, իսկ էստեղ…

inesa soghoyan

Հաղթանակից շատ ու շատ տարիներ անց

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար կարևոր օր է: Չէ որ դա ոչ միայն ԽՍՀՄ- ի, այլ նաև ՀԽՍՀ-ի հաղթանակն էր: Հայաստանից, այդ փոքր տարածքից,  600 հազար հայորդի է մեկնել ռազմաճակատ:  Նրանցից կեսից էլ քիչն է վերադարձել: Շատերը դեռ ընտանիք չէին կազմել, իսկ շատերն էլ թողել էին իրենց ընտանիքը: Շատերը պատերազմից վերադարձել են արդեն հաշմանդամ և, շատ շատերը գերությունից վերադառնալով, նորից աքսորվել են Սիբիր: Ով դիմակայել էր այս ամենին, վերադարձել էր, իսկ ով ոչ, հավերժ անմահացել է: Այս ամենի մասին մեզ պատմեց մեր գյուղի վերտերան Մեխակ Ավետիսյանը:

Նա մեզ պատմեց պատերազմի մասին: Պատմելուց հետո պատասխանեց մեր մի քանի հարցերին:

-Պարոն Ավետիսյան, կպատմե՞ք պատերազմից մի դրվագ, որը երբեք չեք մոռանա:

-Պատերազմի օրերին կային շատ անմոռանալի դրվագներ, տխուր և ուրախ պահեր: Հիմնականում գերակշռում էին տխուր պահերը:
Պատերազմի ժամանակ կային հողի տակ թաքստոցներ. այդ թաքստոցներում էինք  հանգստանում, իսկ ռազմական գործողությունների ժամանակ դուրս էինք գալիս և կռվում: Մեր խումբը բաղկացած էր 10 հոգուց: Կային մի քանի հոգի, ովքեր չէին կռվում: Նրանք միշտ մնում էին թաքստոցում: Մի անգամ, երբ ռմբակոծում էին մեր տարածքը, նրանք նորից թաքստոցում էին: Հանկարծ թաքստոցը փլվեց: Չնայած դրան, մենք շարունակեցինք կռվել: Կռիվը դադարելուց հետո խմբում մնացինք երեքով: Մենք փնտրում էինք ողջ մնացածներին: Պատկերացրեք ինչ վատ վիճակ էր. դիակները շուրջդ են, իսկ դու փնտրում ես քո ընկերներին: Մենք գիտեինք, որ երեքը մնացել էին թաքստոցում, իսկ մնացած  չորսը կռվի դաշտում էին. այդպես մենք գտանք չորսից միայն երկուսին, իսկ այն երեքին հողի տակից հանելուց հետո փոս փորեցինք, որ թաղենք: Մեկը վրացի էր, իսկ մյուս երկուսը՝ ուկրաինացի:

-Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կգնահատեք ձեր և մեր ժամանակների հայրենասիրությունը:

-Հայրենասիրություն միշտ էլ եղել է, կա, կլինի: Բայց ես չեմ ուզի, որ հայրենասիրությունը արտահայտվի պատերազմում ցուցաբերած քաջությամբ: Հայրենասիրությունը թող արտահայտվի քաղաքացիական կյանքում, բայց ոչ միայն պատերազմում:

-Իսկ ի՞նչ զգացիք հաղթանակի պահին:

-Հաղթանակը մեծ ուրախություն էր, մեծ ցնծություն: Բայց բոլորիս հոգիներում դեռ ցավ  կար, քանի որ զոհվել էին մեր ընկերները, նաև եղբայրները:

Երբ զրույցն ավարտվեց, մենք սկսեցինք հաղթանակին նվիրված մեր ցերեկույթը, որին ծեր վետերանը մեծ սիրով մասնակցեց:

 

susanna geghamyan

Կանգուն և հպարտ

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր:

Արցախյան պատերազմին մասնակցել են նաև`քեռիս, պապիկս, պապիկիս եղբայրը և մայրական կողմից շատ հարազատներ: Հիմա մի փոքր կպատմեմ Արցախյան պատերազմին մասնակցած Իվան (Վանիկ) Լալայանից:

Վանիկ Լալայանը մորական պապիկիս եղբայրն է: Դե, այսինքն պապիկս (և դրա համար հպարտ եմ): Իվան (Վանիկ) Լալայանը ծնվել է 1955թ-ի մայիսի 8-ին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում, մտավորականի ընտանիքում։ Ութ եղբայրներից նախակրտսերն է եղել։ 1963-73թթ. սովորել և ավարտել է  Էրքեջի միջնակարգ դպրոցը։ 1974-76թթ. պարտադիր զինվորական ծառայության  է անցել (Գերմանիայում): 1988թ.-ին նոր էջ է բացվում Վանիկ Լալայանի կյանքում։ Նա անդավաճան և ինքնանվիրմամբ, չխնայելով իրեն, ընտանիքը, իր նախնյաց՝ Լալայանների և մայրական շառավիղ Աբգարյանների հայրենասիրական ոգով տոգորված, ներգրավվում է հայրենի Շահումյանի ազատագրման պայքարին։ Հետագայում ստեղծում է Էրքեջի ինքնապաշտպանական ջոկատը:

Տատիկս մի քիչ փորձեց պատմել տեգրոջ հերոսական կյանքի ու մահվան մասին.

-Հուլիսի 6-ին Ինքնապաշտպանական ջոկատները թաքնված էին անտառում։ Թուրքերը սկսում են գյուղի վրա հեռահար կրակ տեղալ։ Վանիկը իր մեքենայի մոտ պայթած արկից վիրավորվում է, իսկ այնուհետ թշնամին հեռահար հռթիռով կրակ է արձակում նրա ուղղությամբ։

Հուլիսի 15 և 16-ին զուր էին նրա ջոկատի մարտիկները, եղբայրներն ու եղբորորդին Վանիկի դին որոնում գետնին։ Վանիկը հենված մոտակա հոնի ծառին, կանգուն ու հպարտ, այդպես ոտքի վրա էլ ընդունել էր մահը կյանքի 36-րդ տարում։

Կարող եմ շատ բան պատմել հերոս պապիկիս մասին, բայց…

Ուղղակի ուզում եմ ասել, որ հպարտ եմ այսպիսի արմատներ ունենալու համար: Հպարտ եմ, որ  Շուշին ազատ և անկախ է, և որ այդ անկախությունը Շուշիին նվիրել են իմ պապերը…

Anush abrahamyan

Բժի՛շկ, բուժիր, վերքս խորն է…

Սա իրական պատմություն է մի կնոջ մասին, որն ի ծնե հաշմանադամ լինելով՝ երբեք չչարացավ իր բախտի հանդեպ…

Այստեղ անձանց անունները փոխված են, նաև կա  նրանցից մեկի օրագրից որոշ հատվածներ:

Սա մի իրական պատմություն է, որ դեռ երկար չեք կարողանա մոռանալ…

Մաս 1

-Էդ երեխային ծովը նետիր, քեզ պետք չէ, մանավանդ էս անտեր պատերազմի ժամանակ,- ասաց մի գեր կին, որն ամբողջ ուժով փորձում էր գունազրկված ու տեղ-տեղ ճղճղված շալը կոնքերին փաթաթել, և որն ասես երբեք չէր հոգացել, սանրել իր գզգզված ու արդեն յուղոտված մազերը: Դրանք, գլխաշորի վատ կապվելու պատճառով, լցվել էին ուսերին: Այնուամենայնիվ պետք է ասենք, որ ի հակադրություն արևի տակ բավականին երկար և տաժանակիր աշխատանքին՝ նրա մաշկը դեռ պահում էր իր ճերմակությունը: Իսկ աչքերը և կարճ կտրված մազերը ձյութի պես սև էին:

-Չէ, իմ նոր ծնված էրեխուն՝ իմ Շուշանիկին, ո՜ւր նետեմ էս անիրավ ծովը, չէ, պատերազմը կվերջանա, շուտով կվերջանա:

Այդ կինը՝ ձեռքին երեխան, մի խորթ հայացք նետեց կողքին կանգնած գեր կնոջ և ապա՝ ծովի վրա: Նրա ալիքները՝ իբրև չարքեր, ձեռքերը պարզած սպասում էին երեխային՝ հատակ տանելու համար: Գեր կինը մի քանի անգամ ևս պնդեց իր ասածը, բայց տեսնելով, որ իրեն չեն լսում՝ միմիկայով ցույց տվեց, որ արդեն իր համար միևնույնն է, և սկսեց քայլել փոշոտ ճանապարհով: Նորածնին գրկած կինը կլիներ մոտ 30 տարեկան, չափազանց նիհար կին էր՝ ընդգծված այտոսկրերով ու թուխ մաշկով: Նա ոսկրոտ ու կապտած մատներով նորածնին ամուր սեղմել էր իր կրծքին: Երկար ժամանակ չէր ճաշել. դա էր պատճառը, որ գլուխը սկսեց պտտվել, իր աչքի առաջ ծովը այլ կերպարանք առավ, ձեռքերը թուլացան, և քիչ էր մնում՝ երեխան ընկներ: Բայց կինը շատ արագ կարողացավ իր վերջին ուժերն օգնության կանչել և էլ ավելի ամուր պահելով երեխային՝ շրջվեց ու քայլեց գեր կնոջ հետևից:

Հերթական ծանր օրը հոգեվարքի մեջ էր: Եթե գեր կինը գոնե մեկ անգամ շրջվեր ու նայեր իր հետևից դանդաղ, զգույշ քայլերով եկող կնոջը, ապա հեռվից էլ կնկատեր նրա աչքերից հոսող արցունքները, որոնք ընկնում էին ուղիղ երեխայի երեսին: Կտեսներ նաև, թե ինչպես է մայրն անտեսում շուրթերի ճաքերից հոսող արյունը և հինգ րոպեն մեկ համբուրում երեխային: Երբ ուժասպառ եղած կինը տուն հասավ, երեխան չէր դադարում լաց լինել: Փորձեց կրծքով կերակրել, բայց լավ էր հասկանում, որ կրծքում կաթ չկա, ու հենց այդ պատճառով է երեխան անվերջ լաց լինում: Գիշեր էր, այդ անշունչ գիշերվա մեջ միայն Շուշանիկի բարձր լացի ձայնն էր լսվում…

Մաս 2

Վաղ առավոտ էր: Մի կին, նստած տան ամենամեծ սենյակում՝ հին ճռռացող աթոռի վրա, ցածրաձայն լաց էր լինում՝ նայելով դագաղի մեջ պառկած ծեր կնոջը, որը նրա մայրն էր: Արցունքոտված աչքերով, ձեռքերը ծնկներին դրած նա անդադար կրկնում էր.

-Է՜, անխիղճ կին, ինձ թողիր, որ էսպես տանջվեմ, էն ժամանակ ծովը նետեիր, էլի,- բառերը հետզհետե խեղդվում են կոկորդում ու չեն լսվում այլևս:

Այդ կինը Շուշանն էր: Պատերազմը վաղուց ավարտվել էր: Դրանից տարիներ հետո մահացավ հայրը, իսկ ավելի ուշ մայրը ևս լքեց իրեն, ինչի պատճառով ընդմիշտ նրա աչքերում ապրեց տառապանքը: Այն տառապանքը, որ բախտից մերժվածներին մինչև վերջին շունչը կարող է քամել: Շուշանը ուներ երեք քույր և հինգ եղբայր, բոլորն էլ, բացի իրենից, ամուսնացած էին: Իր ժպիտը պատկանում էր միայն եղբայրների մանկահասակ երեխաներին, որոնց ժամերով գրկում էր և պատմում իր իմացած երկու հեքիաթները: Երեխաները այդ հեքիաթները ցանկանում էին լսել ամեն օր: Երբ դադարել էր լացի միջից բառեր արտաբերելը, ներս մտավ եղբայրներից մեկը՝ Սոսը: Սրբեց աչքերի արցունքները ու մոտենալով քրոջը՝ գրկեց նրան:

-Է՜, Սոս ջան,- այս անգամ Շուշանը սկսեց բարձրաձայն լաց լինել:

Օրերն անցնում էին: Շուշանը առավոտ վաղ էր արթնանում, եղբոր կնոջ՝ Նվարդի օգնությամբ հագնում էր շորերը, բարձի տակից հանում ջարդված հայելու կտորը, դեղին սանրը, կարգի բերում երկար մազերը ու նստում իր անկողնու կողքին գտնվող մի հին աթոռի: Նա հաշմանդամ էր: Երիտասարդ ժամանակ կարողանում էր պատերից բռնելով քայլել, բայց ժամանակի ընթացքում այլևս չկարողացավ իր հին աթոռից բաժանվել: Նստում էր առավոտից մինչև երեկո, նստում էր՝ հայացքը միշտ դռանը: Քիչ անց եղբոր երեխաները մեծ աղմուկով լցվեցին սենյակ.

-Հորքո՜ւր, հորքո՜ւր, տես՝ ինչ ենք գտել:

-Ի՞նչ է, լաո:

-Թռչուն է, թռչո՜ւն, հորքո՛ւր:

Երեխաների ձեռքին մի սառած թռչուն էր: Շուշանը վերցրեց, փաթաթեց մի մեծ շորի մեջ ու տխուր աչքերով հետևեց: Մի քանի րոպե անց երեխաները սկսեցին ուրախությունից ճչալ. թռչնակը բացել էր իր աչքերը:

-Ա՛ռ, լաո, տա՛ր, թող թռչի:

Երեխաներից Սևակը վերցրեց թռչնակին ու գրպանը ցորեն լցնելով՝ դուրս եկավ, մնացածը՝ նրա հետևից: Շուշանը երկար ժամանակ նայեց նրանց հետևից…

Մաս 3

Այժմ պետք է ասեմ, որ դու, սիրելի՛ ընթերցող, այսքան ժամանակ բախվել էիր ինչ-որ մեկի աղոտ հիշողության ընդգծված երակներին: Եվ այս մասը կսկսեմ օրագրի այս հատվածով.

«Այսօր իմ ծննդյան օրն էր, իմ ծնունդը միշտ ուրախ է անցնում, ես շատ նվերներ եմ ստանում: Այսօր մայրիկը ինձ ամենաառաջինը շնորհավորեց, և ես նրա հետ տան գործերն արեցի ու սեղան դրեցի: Իմ ծննդյան օրը միշտ շատ հյուրեր են գալիս, մորական տատիկն ու պապիկն էլ են գալիս, բայց հորքուրը չի գալիս: Նա ոչ թե իմ հարազատ հորքուրն է, այլ մայրիկիս: Երբ գնացի, նա ինձ շնորհավորեց ու սկսեց հին պահարանի շորերը հատ-հատ գետնին դնել: Այնտեղից նա վերցրեց երկու թաշկինակ ու նվիրեց ինձ: Մեկը՝ կարմիր ծաղիկներով, մյուսը՝ կապույտ: Ես գիտեմ, որ այդ թաշկինակները իր քույրն էր նվիրել իրեն, ու որոշեցի, որ իր ծննդյան օրը իմ նվերներից կտամ իրեն: Բայց հորքուրը չգիտի իր ծննդյան օրը և երբեք չի նշել, պապիկն էլ չգիտի: Հա, հորաքույրը նաև դպրոց չի գնացել:

26.07.2010, ժամը՝ 00:05»:

Մանեի օրագրի հատված է, որը գրել է տասը տարեկանում: Նա Շուշանի եղբոր թոռներից էր: Այն մեկը, ով Շուշանին ամեն օր այցելում էր:

Շուշանը, իր աթոռին նստած, մաքրում էր արևածաղիկների կեղևը, որ տար Մանեին, իսկ Մանեն փորձում էր սանրել իր խիտ մազերը ու ուղղել վարդագույն զգեստը:

-Հըն, հորքո՛ւր, մաքրեցի՞ր:

-Հա, լաո, արի՛ վերցրու:

-Հորքո՛ւր, ինչի՞ համար ես միշտ ասում «լաո»:

-Մի քիչ որ մեծանաս, կհասկանաս:

-Չէ, հորքուր, անիմաստ բան է, իսկ ես չեմ հասկանա:

Շուշանը ոչինչ չպատասխանեց: Հանկարծ միտն ընկավ այդ գիշեր տեսած ծանր երազը, ձեռքերով փակեց դեմքը և սկսեց լաց լինել: Մանեն մոտեցավ հորաքրոջը.

-Չէ, հորքո՛ւր, անիմաստ բան չէ, ես հաստատ կհասկանամ:

Օրագրի այս հատվածը գրելիս Մանեն տասնմեկ տարեկան է.

«Այսօր, հորքուրս ինձնից մի բաժակ ջուր խնդրեց, բայց ես նոր գնված համակարգչով էի խաղում: Հետո մի քանի անգամ էլ խնդրեց, իսկ ես նրանից նեղացա ու սենյակից դուրս եկա: Ես հորքուրին շատ եմ սիրում, բայց միշտ չէ, որ նրա խնդրածը անում եմ:

12.10.2011, ժամը՝ 11: 30»:

Շուշանը երեկոյան ցածրաձայն լաց եղավ:

Մաս վերջին

2011թ. ապրիլի 14: Մանեն պատրաստվում էր դասի գնալ: Հանկարծ հեռախոսի զանգը հնչեց, Մանեի մայրը վերցրեց հեռախոսը և մի քանի վայրկյան հետո տնից դուրս եկավ՝ գրեթե վազելով:

Ապրիլի 13: Այդ երեկո Մանեն ծնողների ու եղբոր հետ կրկին այցելեց հորաքրոջը: Շուշանը պառկած էր անկողնում, ճակատին թաց թրջոց կար, իսկ Նվարդը նրան թեյ էր խմեցնում: Մանեն մոտեցավ հորաքրոջը, որը մի պահ ընդամենը նայեց նրան: Այդ հայացքը աղջիկը այլևս երբեք չմոռացավ: Ճանապարհին նա, հազիվ կտրվելով մտքերից, լսեց հետևյալը.

-Շուշանը չի կարող մինչև առավոտ ապրել…

Մանեն հազիվ կարողացավ շունչ քաշել, տարիներ հետո այս պահի համար նա իրեն շատ մեղադրեց: Կարող էր կանգնեցնել մեքենան ու վազել հորաքրոջ մոտ: Բայց չարեց: Հենց նույն գիշերը Շուշանը մահացավ:

Մանեն դպրոցից նոր էր տուն վերադարձել, երբ տատը նրան ասաց, որ հորաքույրն այլևս չկա: Մանեն ոչինչ չպատասխանեց, նույնիսկ լաց չեղավ: Հաջորդ օրը նա դեմքի սովորական արտահայտությամբ, առանց կարմրած աչքերի, մարդկանց հետ հորաքրոջը ուղեկցեց մինչև գերեզմանատուն: Բոլորը լաց էին լինում՝ շատ բարձր ձայնով, իսկ 11-ամյա աղջիկը չէր կարողանում լաց լինել:

Անցան օրեր. բոլոր լացող աչքերը հանդարտվեցին, բայց Մանեն ամեն գիշեր արցունքներով այնպես է թրջում բարձը, որ չի կարողանում քնել դրա վրա: Ամեն օր նա մտնում էր այն սենյակը, որտեղ ապրում էր հորաքույրը և գաղտնի արտասվում: Նա կյանքում շատ մեծ բան էր կորցրել՝ լիարժեքությունը: Այստեղ հարկ եմ համարում արտագրել Մանեի օրագրի վերջին հատվածը, որ գրել է տարիներ հետո՝ 16 տարեկանում.

«Սիրելի հորաքույր, տարիներ են անցել քո մահից հետո, և ես բավականին մեծացել եմ: Կուզեի հիմա տեսնեիր ինձ՝ որքան եմ մեծացել և հասկացել խոսքերիդ իմաստը: Հասկացել եմ՝ ինչու էիր ասում «Է՜, լաո»: Ժամերն արագ են անցնում, միայն գիշերն է, որ ծանրանում է սրտիս: Իսկ երբ լույսը հաջորդում է խավարին, և արևը սկսում է այրել, հիշում եմ՝ ինչպես էինք երկուսով նստում դրսի դռան մոտ ու նայում անցնող մեքենաներին: Գիտե՞ս, հորաքույր, քո մահից մի քանի տարի անց մահացավ նաև հորեղբայրս, ես այլևս չկարողացա իմ երազները որևէ մեկին պատմել:

Հիմա գալիս եմ քո սենյակ, որտեղ հին մահճակալիդ փոխարինելու են եկել երկու նոր բազկաթոռ: Քեզնից ինձ մնացած երեք լուսանկարը, երկու հին ժանգոտված բանալիները, որոնք տատիկից խնդրեցի, քո մահից հետո միշտ մոտս են: Առավոտ վաղ արևը իր շողերով լցնում է սենյակդ, բայց դու չես արթնանում: Գիտե՞ս, տարիներ են անցել, բայց իմ մտքում պտտվում են դեռ քո պատմած երկու հեքիաթները…

Ուզում եմ խնդրել նաև ներել ինձ, որ բարկացած պահին նեղացրել եմ քեզ: Ես քեզ շատ եմ կարոտում, ուզում եմ գոնե երազներիս գաս, այդպես մի քիչ կարոտս կառնեմ…

Այժմ ես հավատում եմ, որ դու այդտեղ՝ երկնքում քայլում ես և այլևս թաքուն լաց չես լինում: Հորաքույր, ես միշտ կրկնում եմ քո խոսքերը. «Բժի՛շկ, բուժիր, վերքս խորն է…»:

2016, հուլիսի 24, ժամը՝ 02:30»:

Սևանի միակ թանգարանը

Հարցազրույց Սևան քաղաքի բնագիտական թանգարանի գիտաշխատող Անուշիկ Մկրտչյանի հետ

-Քանի՞ տարվա պատմություն ունի թանգարանը։

-Թանգարանն ունի երեսուն տարվա պատմություն, այն հիմնադրվել է 1987 թվականին։

-Պահպանվող կենդանիները Սևանի տարածաշրջանի կենդանիների խրտվիլակնե՞րն են, թե՞ ողջ հանրապետության:

-Ո՛չ, այստեղ կան միայն Գեղարքունիքի մարզի կենդանիների ցուցանմուշներ:

-Կա՞ն պահպանված ցեղատեսակներ, որոնցից ներկայումս միայն Կարմիր գրքում են:

-Այո՛, օրինակ իշխանը,  որը 1978 թվականին գրանցվել է Կարմիր գրքում: Մեր մոտ կա իշխան, որը չափսերով մեծ է սովորական իշխանից։ Ժամանակին արտերկրից գալիս էին  Հայաստան հատուկ Սևանի իշխան տանելու նպատակով:

-Տարածաշրջանում գտնվող բոլոր կենդանիների խրտվիլակներ ունե՞ք։ 

-Ո՛չ, այստեղ միայն Սևանի ավազանի կենդանիներ են։

-Իսկ այցելուներ ունենո՞ւմ եք։

-Իհարկե, եթե չունենայինք, թանգարանը կփակեինք:

-Իսկ ի՞նչ հաճախականությամբ են այցելում։

-Ամեն օր էլ գալիս են, բայց ամռանն այցելուները շատանում են, հատկապես՝ զբոսաշրջիկները։

-Ես տեսնում եմ, որ պայմաններն այդքան էլ լավ չեն, իսկ Դուք գոհ ե՞ք պայմաններից:

-Այո՛, գոհ եմ, թեև լավ կլիներ, եթե ցուցանմուշները  հարստացնեին,  շատացնեին, բայց ինչ էլ կա, լավ է։ Սևանի համար լավ է, Սևանի միակ թանգարանն է։

jora petrosyan

Փորփրելով արխիվը…

Ո՞րն է հին ժամանակները հիշելու ամենալավ միջոցը. իհարկե, լուսանկարները։ Փորփրելով դարակներս, գտա մի խունացած ալբոմ՝ լի նկարներով։ Նկարներ, որոնք նայելիս ակամայից կարող ես տխրել կամ ուրախանալ, հուզվել ու լցվել կարոտով։ Կարոտ, որը կապված է մանկության ու դրա հետ կապ ունեցող մարդկանց հետ։ Մարդիկ, որոնք գուցե այլևս չկան, ընտանիքներ, որտեղ չկա առաջվա խինդն ու երջանկությունը։ Նայում ես, զարմանում ու միաժամանակ հասկանում, թե մարդը որքան անկարող է ժամանակի հանդեպ։ Ժամանակը քայլում է, իսկ մենք չենք կարողանում կանգնեցնել այն, գոնե մի վայրկյան, մի ակնթարթ։ 

Թերթում եմ նկարները ու տեսնում մեր հին, դեռ չվերանորոգված տունը։ Տան դիմաց ես եմ ու իմ ընտանիքը։ Բոլորը կան նկարում. ծնողներս իրար կողքի կանգնած, ես՝ իմ մոր գրկում, քույրերս՝ մեր կողքերին, իսկ տատիկը՝ հորս մյուս կողքին։ Պատերը խարխլված են, ու ասես նկարից փչում է նկարի մեջ երևացող փտած փայտերի հոտը։ Տունը հին է, բայց մթնոլորտը այնքա՜ն ջերմ ու տաք։ Այժմ առաջվանը չէ ո՛չ տունը, ո՛չ էլ ընտանիքս։ Ընտանիքիս ջերմությունը պահպանվել է, բայց անդամների քանակն է պակասել. երեք քույրերս ամուսնացել են, ու բազմանդամ ընտանիքը դարձել է չորս հոգուց բաղկացած փոքր ընտանիք՝ ես, ծնողներս ու տատս։

Թերթում եմ ու հասնում մեկ այլ նկարի, որտեղ նշում ենք իմ ծնունդը. ես եմ, դիմացս՝ տորթը, իսկ գրկումս՝ քրոջս տղան։ Գիտե՞ք ամենաշատը ինչը գրավեց ուշադրությունս։ Մի խաղալիք ավտոմեքենա, որը նվիրել էր ինձ իմ հորեղբայրը։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ խաղալիքը մինչ այժմ կա։ Անմիջապես անցա խաղալիքը գտնելու գործին ու գտա՜։ Ինչքա՜ն հիշողություններ… Ունեցա նույն այն զգացողությունները, որոնք ունեցա այդ խաղալիքը առաջին անգամ «վայելելու» ժամանակ։ Ուրախացա, հետո տխրեցի ու սկսեցի հորեղբորս կարոտը այդ խաղալիքից առնել։ Ֆիզիկապես նա չկա, բայց հոգեպես ինձ հետ է…

Խաղալիքը ասես մի գանձարան էր, որտեղ պարփակված էր իմ մանկության ողջ պատմությունը։ Փաստորեն իրերն էլ հիշողություն ունեն։

Խորասուզվել էի նկարների մեջ ու հանկարծ լսում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկը հարվածում սենյակիս պատուհանին։ Անձրևն էր թակում պատուհանը։ Եղանակն էլ քիչ-քիչ դառնում էր իմ տրամադրությանը համահունչ։ Մնում էր ընդամենը մի բաժակ տաք թեյ, ծածկոց ու երաժշտություն։ Վերջ, ամեն ինչ արդեն շատ լավ է։ Շարունակում եմ նայել նկարները ու հասկանում, որ լավ ժամանակները փչացնում են մարդկանց, նրանք դառնում են չար, ընչաքաղց ու ագահ՝ ձգտելով անիրականալի շքեղության, մոռանում մարդկային բարի ու պարզ հարաբերությունները։ Ո՞ւմ է պետք նյութական շքեղությունը, երբ չկա հոգու խաղաղություն։

Մարդիկ վազում են այն բանի հետևից, որն իրականում իրենցը չի…

lilit khlghatyan portret

Կարոտի թևեր

Գարունը կյանքի զարթոնքն է, վերածնունդ, երբ խորը քնից դուրս է գալիս ողջ աշխարհը: Գարունը` իմ և իմ համագյուղացիների համար բաժանման եղանակ է:

Կարոտի թևերը տանում են ամիսներ, կորցնում ենք տարիները և այդ ամենի հետ էլ սպասում աշնանը…

Ահա և մի քանի օր առաջ հայրիկս գնաց Մոսկվա: Եվ այդ բաժանումներն են ամբողջ գյուղում: Մի մասը ճանապարհում է, իսկ մյուս մասն էլ թողնում է ամեն ինչ և գնում: Շատերն են գնացել ընտանիքներով և այլևս չեն վերադարձել:

Մայրիկս պատմում է, որ առաջ քչերն են ունեցել բջջային հեռախոս և եթե Ռուսաստանից զանգ էր գալիս, և հարևաններից մեկին էին խնդրում, ապա պետք է տաներ և հեռախոսը հասցներ հասցեատիրոջը, որպեսզի խոսեին և իմանային, թե ինչպես են:

Առաջ հնարավորությունները շատ քիչ էին, և  փոքր երեխաները անգամ մոռանում էին իրենց հայրերին, և ամեն պատահական մարդուն «հայրիկ» էին կոչում: Իսկ դրանից հետո գալիս էր հայրիկը և մինչև հարմարվում էին, կրկին գալիս էր գնալու ժամանակը:

Եղբայրս` Էրիկը, փոքր ժամանակ հայրիկի գնալուց հետո մի քանի օր ջերմություն էր ունենում: Մեր գյուղի բարբառով ասած` «Դեմ ու դարձ էր ընկնում»:

Է՜ , ես էլ` առաջվա սև ու սպիտակ ֆիլմերը նայելիս մտածում էի, թե առաջ ամեն ինչ սևի ու սպիտակի մեջ է եղել: Իսկ հիմա, եթե անգամ հնարավորություն չկա գրկելու, ապա գոնե հեռվից կարողանում ենք տեսնել հայրիկին: Այնպես որ, զարգացած գիտությունից պետք չէ դժգոհել. այն մեզ չի խանգարում: Իսկ թե ինչ կվերցնի մարդը համացանցից` կախված է իր տեսակից: Դրա համար փոքր եղբորս բախտը շատ է բերել, գոնե Skype-ով տեսնում ու չի մոռանում հայրիկին:

Էրիկն ու Սոֆին միշտ բողոքում են, թե ոչ մի տարի իրենց ծննդին` հայրիկը տանը չի լինում, ահա այստեղ էլ իմ բախտն է բերել: Իմ ծննդյան օրը նա տանն է լինում:

Մեր գյուղում` Լիճքում, ամռանը շատ քիչ տղամարդկանց կհանդիպես: Ով էլ մնացել է, կամ առողջական խնդիրներ ունի, կամ էլ արդեն ծերացել է: Դրա համար էլ մեր գյուղը անվանում են կանանց գյուղ: Կանայք էլ գյուղում են աշխատում, հաց են ստեղծում, այգին ու հողամասն են մշակում, յուղ են պատրաստում, պահածո են փակում, մինչև գա աշունը, և մեր խոպանչիները հետ վերադառնան:

Մեր մեծերը մի լավ օրհնանք ունեն, ասում են. «Դատարկ գրպանով գնում եք, լիքը գրպանով հետ վերադառնաք»: Արդեն հաշվում եմ օրերը, թե երբ կգա հոկտեմբերը, և նա հետ կգա…

Առաջին բանը, որ հայրս կասի, դա այն է, որ երեխեքը շատ են մեծացել ու փոխվել, չնայած կարող էր լինել մեր կողքին և անգամ չզգալ, թե ինչպես ենք մեծանում: Բայց մեր ծնողներն էլ մեղավոր չեն, չէ՞: Նրանք ամեն ինչ անում են, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք:

Կարոտի թևերը ձգվում են խոպան, կարոտը մեր աչքերում է: Հուսով եմ կգա այն օրը, երբ հաց կվաստակենք հենց մեր հողի վրա, ամուր կկանգնենք մեր ոտքերի վրա և կշենացնենք մեր երկիրը:

Հայրենիքից և հայրենի տնից սուրբ վայր չկա:

Երանի բոլորը գան ու չգնան…

Artyom Avetisyan

Որոշում ընդունելուց առաջ

Շատերին է ծանոթ որոշում ընդունելուց առաջ խնդրի դրական կամ բացասական կողմերի կշռադատումը: Սակայն այս դեպքում, բացի դրականից ու բացասականից, կարող ենք դիտարկել նաև հետաքրքիր հատկանիշներ: Հետևյալ օրինակը ցույց է տալիս, որ գաղափարը ոչ միայն կարող է լինել վատ կամ լավ, այլ նաև կարող է տանել դեպի այլ գաղափարների ակտիվացմանը:

Եթե բոլոր մեքենաները ներկվեին կարմիր գույնով:

Դրական կողմեր.

● Հեշտ կլիներ ճանապարհներին նկատել,

● Հեշտ կլիներ գիշերը տեսնել,

● Խնդիր չէր լինի, թե որ գույնն ընտրել,

● Հեշտ կլիներ արտադրողի համար,

● Վաճառքի կետերը ավելի քիչ պահեստների կետեր կունենային,

● Կբացառվեր թիթիզությունը,

● Եթե ներկը վնասվեր, դժվար չէր լինի նույն գույնի ներկ գտնելը:

Բացասական կողմերը.

● Ձանձրալի կլիներ,

● Դժվար կլիներ ճանաչել սեփական մեքենան,

● Դժվար կլիներ գտնել մեքենան կայանատեղիում,

● Կարմիրի առատությունը կարող էր հոգնեցնել աչքերը,

● Ոստիկանության աշխատանքը կդժվարանար (չնայած այդ մեկը լավ կլիներ),

● Ընտրության ազատությունը կսահմանափակվեր,

● Ներկ արտադրող ընկերությունները կարող էին սնանկանալ:

Հետաքրքիր կողմերը.

● Հետաքրքիր կլիներ բացահայտել կարմիրի նոր երանգներ,

● Հետաքրքիր կլիներ տեսնել՝ արդյո՞ք մեքենաների նկատմամբ վերաբերմունքը կփոխվեր,

● Հետաքրքիր կլիներ, թե մարդիկ հեշտությամբ կընդունեին առաջարկը, թե ոչ:

Այսպիսով հետաքրքիր կլիներ, եթե այս մեթոդը կիրառվեր, որովհետև նորանոր գաղափարների ու փաստարկների ոգեշնչման աղբյուր է հանդիսանում:

Մարդկանց դեպքում երբեք չէի ուզի այսպես վարվել:

Anush abrahamyan

Մի մրցանակի պատմություն

«Գրավիչ գյուղական պատմությունների համար»Սովորաբար պետք է սկսել սկզբից, բայց լավ, հիմա շտապում եմ, ճանապարհին կասեմ: Մենք գրեթե վազում էինք, իսկ ուր են նրանք: Ահա, ես ամենաառաջինը տեսա Սեդային ու դեռ չէի հասցրել ձեռքով անել, երբ արագ քայլերով ինձ մոտեցան ճամբարի իմ մյուս ընկերները: Դա շատ արագ տեղի ունեցավ, և ես անգամ չհասցրի բարևել նրանց, հասցրի միայն տեսնել շփոթմունքը, ուրախությունը, որ կախվել էր նրանց աչքերից: Մենք ամուր գրկախառնվելուց հետո մի քանի րոպեում հասցրինք պատմել միմյանց ամենակարևորների մասին ու էլի ամուր գրկեցինք իրար:

Շուրջս դեմքեր էին. բոլորը երջանիկ ու զննող աչքերով: Այնքան ծանոթ էին ինձ այդ մարդիկ, բայց երբևէ չէի զրուցել նրանց հետ, ուղղակի հիշում էի նրանց գրած նյութերը: Կոմիտասի անվան երաժշտության տանն էր տեղի ունենալու առաջին փառատոնը, որի մասնակիցներից էի նաև ես: Ինձ համար կյանքում ամենակարևոր օրերից մեկն էր, հավանաբար հենց այդ պատճառով էլ ողջ գիշեր չքնեցի: Այնտեղ հավաքված բազմության մեջ ես դեռ փնտրում էի, այս անգամ «Մանանայի» թիմին: Մի քիչ այն կողմ, բեմի մոտ կանգնած տեսա Դիանային ու պատրաստվում էի մոտենալ, երբ բեմին երևացին հաղորդավարները: Պետք է ասեմ, որ երբեք էլ աչքի չեմ ընկել համբերատարությումբ, բայց այդ անգամ ուրիշ էր, նրանց յուրաքանչյուր խոսք հստակ էր ու հաճելի էր լսել: Ամբողջ ընթացքում ուշադիր լսում էի, ոչ մի բառ բաց չթողնելու սկզբունքով : Այս ժամանակ ցուցադրվեցին նաև մի քանի տեսանյութեր, որոնք մեծ ու միասնական աշխատաքի արդյուք էին ու որոնք հաստատ շատ բան հիշեցրին մասնակիցներին: Այդ թվում և ինձ:

Մի քանի րոպե հետո հնարավոր էր լսել սեփական սրտի ձայը, քանի որ հաղորդում էին մրցանակակիրների անունները: Պետք է ասեմ, սպասելը ծանր էր, բայց երկար չտևեց, հանկարծ լսեցի իմ անունը: Շփոթմունքից չգիտեի ինչ անել, բայց հավաքվել էր պետք, չէ որ այդքան հայացքներ քեզ են ուղղված: Քայլեցի դեպի բեմ, ու թվում էր, թե ահա մի բան այն չի լինի, ու ես բոլոր աչքի առաջ խայտառակ կլինեմ: Ամեն ինչ հիանալի անցավ, բարձրացա բեմ ու անգամ չնայեցի ինձ հետևող ոչ մի հայացքի, այլ հպարտությամբ վերցրի մրցանակս ու քայլեցի ընկերներիս մոտ:

Երբ ավարտվեց փառատոնը, ես մյուսների նման չէի ցանկանում լուսանկարվել, որ ապահովեմ տարիներ հետո հիշողություններ, այլ հայացքս չէի կտրում մարդկանց աչքերից, որովհետև դրանք երբեք չեն մոռացվում:

Երբ 17.am-ը հայտնվեց իմ կյանքում, ես մտածում էի, որ այն այնտեղ երկար չի մնա, բայց ոչ միայն մնում է, այլև աստիճանաբար փոխում է ինձ: Դա կյանքում ամենակարևորն է: Շնորհակալ եմ: