mariam tonoyan

Գավառի Հացառատ թաղամասում հայտնաբերված պատմական գանձերը

Այցելել էի պապիկիս ու, ինչպես սովորաբար, սկսեցինք ժամերով զրուցել: Նրա հետ միշտ ինչ-որ հետաքրքիր զրույցի եմ բռնվում:

-Պա՛պ, այսօր ի՞նչ կպատմես:

-Դե, ի՞նչ պատմեմ,- մի պահ լռեց պապս,- լսե՞լ ես, որ մեզ մոտ՝ Հացառատում, ուրարտական դամբարան են գտել:

-Իրո՞ք,- հետաքրքրվեցի ես,- ինչպե՞ս:

-Գերեզման փորելիս:

Հետաքրքրված սկսեցի հարցուփորձ անել: Պարզվեց, որ հայտնաբերվել են կավանոթների բացառիկ նմուշներ, խեցեղենի կտորներ, երկաթյա զենքերի բեկորներ, մարդկանց ու կենդանիների ոսկորներ: Գտել էին հասուն տարիքի մարդկանց ոսկորներ, որոնցից չորսը, ինչպես պարզվեց, տղամարդկանց ոսկորներ էին: Թաղումը հավանաբար բարձրաշխարհիկ մարդու թաղում էր, քանի որ կային նաև ինքնակամ զոհաբերություններ:

-Պա՛պ, բա դամբարանը որքա՞ն հին է:

-Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ, բայց ասում էին՝ գերեզմանատան
«Բերդի գլուխ» ամրոցի շերտի տարիքի է: Նշանակում է՝ բավականին երկար ժամանակ են ուրարտացիները բնակվել այստեղ:

-Հետաքրքիր է,- որոշեցի ես,- պեղումները շարունակվո՞ւմ են:

-Ասում են, թե մարտից էլի վերսկսելու են պեղումները: Գանգերն են փորձում վերականգնել, ափսոս, փշրված են:
Որքան հաճելի է լսել, որ քո բնակավայրից գտնվել է պատմական ու մշակութային նշանակություն ունեցող մեծ ժառանգություն:

jora petrosyan

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

Վերնագրից թվում է, թե պիտի խոսեմ համաշխարհային գրականության մեծագույններից մեկի՝ Շեքսպիրի և նրա թողած ժառանգության մասին: Ամենևին: Խոսքս տասնամյակի «հանցագործության»՝ սելֆիի մասին է: Սելֆի անող մարդկանց կարելի է հանդիպել ամենուր՝ հասարակական տրանսպորտում, թանգարաններում, պատկերասրահներում, նույնիսկ զուգարաններում: Չնայած՝ ինչո՞ւ նույնիսկ, զուգարանում դա անելը ամենատարածվածն է: Սելֆին ծնվեց սմարթֆոնների, կամ, որ նույնն է՝ խելախոսների հետ: Բայց կա հակասություն, քանի որ սելֆիի «ծնունդը» վերագրվում է 1900-ական թվականներին, երբ մի ամերիկուհի հայելու առաջ «Կոդակ» լուսանկարչական տեսախցիկով ինքնանկար արեց: Սելֆիի հետ ծնվեցին նաև լուսանկարվելու տարբեր դիրքերը: Նույն վայրում տարբեր դիրքով նկարվում են ու ավելացնում համաշխարհային սարդոստայնում՝ սոցիալական էջերում: Նկարներ, որոնց նույնատիպությունը հոգնեցուցիչ է, իսկ նկարին կցված լատինատառ, անգրագետ հայերենով գրված տողերը՝ նյարդայնացնող:

Սելֆիի մայրը հանդիսանում է հայուհի Քիմ Քարդաշյանը, ով նույնիսկ իր անձնական սելֆիների գիրքն է հրապարակել:
90-ականների երեխաները (չնայած, որ այժմ երեխա չեն) գաղափար չունեին սելֆի բառի մասին, իսկ հիմա բոլոր երեխաները՝ 2-4 տարեկան, գիտեն, թե ինչ է սելֆին: Իսկ ընդհանրապես ի՞նչ է սելֆին գիտական առումով: Ըստ Օքսֆորդյան բառարանի՝ սելֆին այն ինքնալուսանկարն է, որտեղ մարդն ինքն իրեն է նկարում հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով ու տեղադրում համացանցում:
Սելֆի բառը 2013-ին համարվել է տարվա բառը: Սելֆի-սելֆի-սելֆի: Հոգնեցինք արդեն: Հոգնեցինք բադի մռութով, «ռետրիկայով» նկարած, դզած-փչած նկարներից, որտեղ մարդը կերպարանափոխված է 180 աստիճանով: Բնականն ենք ուզում, միայն բնականը, չէ՞ որ այն, ինչ բնական է, այն էլ բարոյական է:
Ամենն ամփոփելով մեկ հարց է առաջանում. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ՝ լայքե՞լ սելֆիները, թե՞ ոչ:

Nelli Khachatryan

Մի երկար ու կարճ օր

Քնած ես, ոչինչ չես զգում, նույնիսկ ժամանակը: Մեկ էլ ականջիդ, ուղեղիդ ու սրտիդ ամենաատելի ձայնը սկսում է զնգալ: Արթնանում ես, անջատում զարթուցիչի ձայնը, նայում ժամին և ուրախանում հնարամտությանդ վրա. գիշերը ժամը 4-ն է: Նորից քնում ես, բայց հաջորդ զնգոցից փրկություն չկա: Դողալով վեր ես կենում վերմակի մեջ փաթաթված, հագուստդ հագնում նույնպես վերմակիդ մեջ փաթաթված, բայց մի քիչ անհարմար է այդպես լվացվել: Ստիպված վերմակդ պոկում ես ու սկսում պատրաստվել: Նայում ես հայելու մեջ, նախորդ օրվա պլաններդ մազերիդ ու շորերիդ հետ կապված իրենց տեղն են զիջում տաք շորերին ու արագ կապվող պոչիկին։ Դուրս ես գալիս, ու ականջդ որսում է 15 համարի ավտոբուսի շարժիչի ձայնը, մոռանում ես, որ քիչ առաջ պինգվինաքայլով էիր առաջ գնում սառույցի վրա ու սկսում ես վազել: Հասնում ես: Դռները բացվում են, այս անգամ ազատ տեղ չկա, կանգնում ես վերջում. այնտեղից բոլորը երևում են: Դնում ես ականջակալները, ծանոթ դեմքեր նստում են ծանոթ կանգառներից: Մարդիկ այնքան խիտ են կանգնած, որ համոզված ես՝ հաստատ չես ընկնի… Երաժշտության ձայնը մեխանիկաբար իջեցնում ես, որ հետաքրքրությունդ լրացնես որոշ մարդկանց խոսակցությունները լսելով… Իմանում ես նրանց անունները, սիրելի միրգը, ինչ որ զավեշտալի պատմություններ ես լսում, մտքում ծիծաղում, համաձայնում կամ ջղայնանում ես: Վարորդը գոռում է և ասում, որ այնպես անեն՝ դռները փակվի… էլի էն ջղայն մարդն է… Երաժշտության ձայնը բարձրացնում ես ու սկսում զննել դիմացի աղջկա մազերի գանգուրները, կողքինիդ մատները ու նստած ուսանողի ձեռքի պարսկերենի գիրքը։

Կանգառներում պարզում ես, թե խոսող ուսանողներից ով որտեղ է սովորում, իջնում ես քո կանգառում… Գնում ես դասի, դասերն ու դասախոսները նույնն են, միայն դասամիջոցներն են տարբեր… Ավարտում ես դասերդ ու գնում կանգառ: Ջղայնանում ես 15-ի վրա, որ այդքան դանդաղ է աշխատում, բայց մի քանի րոպեից հեռվից նկատում ես դեղինիդ, ու ժպիտ է գալիս դեմքիդ: Բարձրանում ես: Ափսոս, մի տեղանի նստարանները զբաղված են (թե՞ բարեբախտաբար): Նստում ես պատուհանի մոտ, կանգառում բարետես երիտասարդ է բարձրանում, անհանգիստ նստում է կողքիդ… Ձեռքերով լարված շարժումներ է անում, մի ոչ այնքան մեծ կին է բարձրանում, միանգամից կանգնում է ու տեղը զիջում… Կանգնած կարծես ավելի հանգիստ է … Հոգնած ես: Աչքերդ ու ականջներդ փակում ես ու շատ արագ հասնում տուն: Լավ է, տանը հետաքրքիր է, սիրտդ մի քիչ թափառել է ուզում, բայց ցուրտ է, ինչ արած, ֆիլմ կնայեք, բայց մի քիչ էլ քաղցր եք ուզում, ամենաարդար «չինգաչունգով» կորոշեք՝ ով խանութ կգնա, երաժշտություն կլսեք, ձեր տարիքակիցների ամուսնության լուրերով կկիսվեք ու կզարմանաք, հետո կհասկանաք, որ գրեթե տանտիրուհու առօրյայով եք ապրում:

Որոշել ես այսօր շուտ քնել, բայց արդեն ժամը 12-ն է: Լավ, մի սերիա էլ նայես ու կքնես…

Ախ, այդ անտանելի զարթուցիչի ձայնը, բայց լավ է, դեռ ժամը 4-ն է…

Artyom Avetisyan

Հիվանդությո՞ւն, թե՞ մրցակցություն

Ամիսներ առաջ թե՛ ծանոթներս, թե՛ ընկերներս, և թե՛ դասընկերներիցս յուրաքանչյուրն զբաղվում էր իր սիրելի աշխատանքով: Մեկը՝ սպորտով, մյուսը՝ իր պարապմունքներով, այն մյուսը տարված էր սելֆի անելով, մյուսներն էլ կամ ազատ ժամանակը անցկացնում էին ֆեյսբուքում, կամ էլ զրուցում, շփվում էին միմյանց հետ: Ոմանք ասում էին, որ արդեն քիչ են օգտվում հեռախոսներից և համարում էին, որ դրանք միայն զանգ ուղարկելու և միմյանց հետ խոսելու միջոց են: Բայց այժմ, արի ու տես, որ բոլորը թողել են իրենց գործերը, աշխատանքներն ու պարապմունքները՝ անջատելով թե՛ բարեկամի, թե՛ ծանոթի զանգը, և խաղում են հայտնի դարձած, «համաճարակի» աղբյուր հանդիսացող Color Switch խաղը: Ճիշտ է, առաջին իսկ հայացքից թվում է, թե հիմար խաղ է: Շատերը սկսում են վատաբանել խաղը, բայց երբ ընթացքում չեն կարողանում թաքցնել իրենց հետաքրքրասիրությունը, թաքուն ու արագ ներբեռնում են խաղը և ընկնում թակարդը: Ասեմ, որ դասընկերներս ևս տառապում են այդ հիվանդությամբ: Չես կարողանում հասկանալ այն խա՞ղ է, հիվանդությո՞ւն, «ներվերի դե՞ղ», թե՞ մրցակցության մի եղանակ: Այս դեպքում թվարկածներիցս յուրաքանչյուրը իրար հոմանիշ և միմյանց լրացնող բառակապակցություններ են, որովհետև ընթացքում չես կարողանում քեզ տիրապետել, և կամ հեռախոսն ես ձեռքիցդ նետում, կամ ոտքի տակ ընկած ցանկացած առարկայի հարվածում ես: Սկսեցի երկրորդ դեմքով խոսել, որովհետև չորս շաբաթ է, ես ինքս էլ եմ ընկել այդ ծուղակը և չեմ կարողանում դուրս գալ: Եթե կա որևէ մեկը, ով կարողացել է ազատվել դրանից, ինձ ասեք՝ ես էլ ազատվեմ: Միայն չասեք, թե՝ ջնջիր, որովհետև փորձել եմ և չի օգնել, նորից ներբեռնել եմ՝ պարապությունից և հետաքրքրասիրությունից ելնելով: Իսկ հիմա գրեթե վերջացրել եմ խաղը և նորից կրկնում եմ, այսինքն, նորից խաղում եմ, և ձեռքս էլ չի գնում, որ ջնջեմ:

Օր օրի այն աներեսի նման թարմացվում է, և հայտնվում են նոր մակարդակներ, որից էլ առաջ է քաշվում հետաքրքրությունը:

Իսկ ինչ վերաբերում է դասընկերներիս, երբ մտնում եմ դասարան, կարծես թե նրանց փող կամ մեդալ են տալիս խաղը ավարտելու համար, դրա համար էլ մրցակցության մեջ են մտնում, և մեկը մյուսին ասում է.

-Տե՛ս, նոր աշխարհ է եկել ինձ, քեզ եկե՞լ է:

-Ոչ, ո՞ւր է:

-Հա հա հա, ես արդեն սա էլ եմ վերջացնում ու կհաղթեմ:

-Ես այս աշխարհն էլ անցա: Արտյոմ, իսկ դու կարա՞ս էս աշխարհը անցնես, վերցրու իմ հեռախոսը, խաղա, անցիր և տուր, էլի:

Դե, ինչ վերաբերվում է խաղը չիմացողներին, ոչ էլ փնտրեք ու խաղացեք, թե չէ կընկնեք կրակը, իսկ նրանց, ովքեր արդեն ընկել են կրակը, ցավակցում եմ:

Anahit Papoyan

Երբ պատերազմը միայն հիշողություն չէ

1991 թվականն էր, երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը: Սակայն այն թեժացավ հենց այն ժամանակ, երբ հայրս ծառայում էր Ղարաբաղում՝ «Եղնիկներում»: Դա արդեն 1993 թվականի ապրիլ ամիսն էր:

Հարց տվեցի հայրիկիս.

-Ինչպիսի՞ն էր այդ օրը:
Հայրս, երկնքին նայելով, ասաց.
-Երկինքն անհանգիստ էր, այդ օրն ուրիշ օրերի նման չէր:

-Իսկ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:
-Շատ հանկարծակի: Անկեղծ ասած՝ չէի մտածի, որ օրերից մի օր պատերազմ կտեսնեմ ու կզգամ սեփական մաշկիս վրա:

-Իսկ ի՞նչ նկատի ունես՝ ասելով. «կզգամ սեփական մաշկիս վրա»:
-Այդ թվականներին զինվորի ամենաուժեղ զենքը եղել է կամքը: Թշնամու հարվածներից զոհվեցին իմ ընկերներից շատերը, սպաներ և սերժանտներ: Նրանցից շատերը զոհվեցին հենց իմ կողքին, իմ ձեռքերում: Հիշում եմ, հակառակորդին ընդառաջ էինք գնում, երբ զինակից ընկերոջս ուղղությամբ նետվեց մի նռնակ: Դեպքը սարսափելի էր: Պայթյունից հետո կարծես արյան անձրև տեղար ու…

Ընդհատեցի հայրիկիս՝ չթողնելով շարունակել.
-Իսկ դու վախեցա՞ծ էիր, կա՞ր միտք այլևս չշարունակելու:
-Դու չես կարող վախենալ նման իրավիճակում, անգամ իրավունք չունես: Այդ պահին մտածել ինքդ քո մասին անհնար է: Տեսնել, թե ինչպես է ընկերդ ընկնում ու հետ գնալ՝ չես կարող:

-Իսկ դու վիրավորվե՞լ ես, ի՞նչ ապրումներ ես ունեցել:
-Վիրավորվել եմ: Այս պահին էլ մարմնիս տարբեր հատվածներում կան ռումբի պայթյունից մնացած բեկորներ, որոնց ձեռք տալու արդյունքում կարող եմ զրկվել տեսողությունից կամ, անգամ, կյանքից:

-Իսկ դա քեզ չի՞ վախեցնում:
-Պատերազմից հետո թե՛ վախը, թե՛ ցավը սառել են իմ մեջ:
Էլ չթողեցի, որ հայրս շարունակի: Չէի ուզում, որ կրկին վերապրի… Ուզում եմ, որ սա միայն հիշողություն մնա, այլևս չկրկնվի:

mariam tonoyan

Հեռախոսազանգ

Հեռախոսի զանգը հնչեց: Գիտեի, որ ինչպես միշտ, լսափողի մոտ ինձ են կանչելու: Տաք վառարանի կողքից ծուլորեն վեր կացա և լսափողը մոտեցրի ականջիս: Զոհրաբն էր` դասընկերս: 

-Կգա՞ս մեր տուն, միասին քննության համար հանրահաշիվ կպարապենք,-հարցրեց նա:

-Չէ՜, ես չեմ գա: Դո՛ւ արի:

-Ես էլ չեմ գա: Գիտե՞ս, որ հիվանդ եմ: Չլինի՞ անցած անգամ աչքդ վախեցել է:

-Ըհը, գուշակեցիր: Էլի ոտքս սահելու է, ու ընկնեմ ձեր ձորի փշոտ չիչխանի ծառերի մեջ:

Սկսեց ծիծաղել: Կծիծաղի, բա ո՞նց: Նրանց տունը գտնվում է մի հսկա բլրի վրա, որտեղից երևում է ամբողջ Գավառ քաղաքը, բայց… Ախ, այդ չարաբաստիկ «բայցը»: Բայց ճանապարհը շատ խորդուբորդ է ու դժվարանցանելի, հատկապես գարնանը, երբ ձյունը հալվում է, ամբողջ ճանապարհը ցեխի մեջ կորչում է, ու ջրափոսեր են առաջանում: Իսկ ձմռանը սառցակալում է, ու վեր բարձրանալը դառնում է անհնար: Որքան էլ ճիգեր ես գործադրում, պարզվում է, որ սահում ու նույն տեղում ես մնում: Իսկ սարսափելին էլ այն է, որ նեղ ճանապարհի մի կողմում՝ չիչխանի ծառերից այն կողմ, խորն ու վտանգավոր ձոր է:

-Բա ճանապարհը չե՞ն վերանորոգելու,- տրտնջացի ես:

-Որ մտադրություն լիներ, հիմա արդեն վաղուց վերանորոգած կլինեին,- դառնությամբ պատասխանեց Զոհրաբը:

Ինչ արած, Գավառի ծայրամասային համարյա բոլոր փողոցների ճանապարները խարխլված են:

-Է՜հ, բայց ի՞նչ կարող ենք անել: Գոնե ասֆալտապատեին, որ սեպտեմբերին դպրոց գնալիս, սպիտակ շորերը չփոշոտվեին: Երբ հանկարծ մեքենա է անցնում, փոշու ամպ է բարձրանում:

-Ես ցանկապատ էլ կկառուցեի,- ծիծաղեցի ես: -Գուցե դիմենք քաղաքապետի՞ն:

-Մի խումբ աշակերտների ձայնը երբեք լսելի չի դառնա: Ինչպես էլ մտածում եմ, հանգում եմ այն մտքին, որ հարստանալ է պետք:

-Այդ մե՞ր ձայնը լսելի չի դառնա: Դու միայն սպասիր…

hasmik vardanyan

Կանեփով քյուֆթա

Հայաստանում յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր բառն ու բանը: 

Մեր Մարտունին և հարակից գյուղերը ևս ունեն իրենց յուրահատկությունները` բարբառը և հնուց պահպանված ճաշատեսակները: Այսօր կպատմեմ մեր տարածաշրջանին բնորոշ, յուրահատուկ և զավեշտալի ճաշատեսակի մասին։

Կանեփով քյուֆթա․․․ Նախ մի փոքր ներկայացնեմ կերակրատեսակի նախապատմությունը: Կերակրատեսակը եկել է հնուց և պահպանվել մինչ օրս: Տատիկիս խոսքերով` կերակրատեսակը պատրաստել են այն ծանր տարիներին, երբ գոյությունը պահելու խնդիր է եղել: Կանեփն իր մեջ պարունակում է յուղայնություն, և այդ կերակրատեսակը պատրատել են, որպեսզի հագեցնի սովը: Եվ այդպես՝ ճաշատեսակը հորինվել և պահպանվել է: Իսկ ճաշատեսակի բաղադրությունը շատ պարզ է: Դե, ինչպես հասկացաք՝ ամենակարևոր բաղադրիչը կանեփն է: Կանեփը սկզբում բովում են, հատուկ աղացի միջոցով աղում: Աղացած կանեփին ավելացնում են տաք ջուր և ստանում կանեփի հյութը: Այնուհետև պատրաստում են խճողակը: Այն իր մեջ պարունակում է ձավար, որը ցորենի ամբողջական կամ աղացած հատիկներից պատրաստված սննդամթերք է: Ձավարին ավելացնում են կտրատած սոխ, սև և կարմիր պղպեղ, համեմ և աղ: Այդ պատրաստած խճողակը լցնում են արդեն նախատեսված, թթու դրած կաղամբի մեջ և փաթաթում: Փաթաթելուց հետո լցնում են կանեփի հյութը և դնում՝ եփվի: Այս կերակրատեսակը հիմնականում պատրաստում են ձմռանը, շատ հազվագյուտ դեպքերում՝ գարնանը:

inesa soghoyan

Իմ ազատությունը

Երբևէ մտածե՞լ եք՝ ազա՞տ եք, թե՞ ոչ: Գուցե ազատ եք, բայց միևնույն ժամանակ՝ անազատ: Ես դեռ մեկ տարի առաջ հագնում էի այն, ինչ հագնում էին բոլորը, լսում էի հասարակության կարծիքը ու ապրում էի դրանով, աշխատում էի ամեն բան անել, որ դուր գամ շրջապատիս: Կարծում էի՝ ազատ եմ ապրում: Շուտով մտածեցի, որ այդպես ճիշտ չէ, հասկացա, որ այն, ինչ ես համարում էի ազատություն, ավելի շատ անազատություն էր`շրջապատից կախվածություն: Հասկացա ու փոխեցի այն, ինչ խանգարում էր ազատ ապրել:

Այժմ սիրում եմ այն, ինչ ուզում եմ, ազատ արտահայտում եմ զգացմունքներս, լսում եմ ինձ ու հաճելի երաժշտություն, հագնվում եմ այնպես, ինչպես ինձ է հարմար, այլ ոչ թե մտերիմներիս, լսում եմ հասարակության կարծիքն ու անտեսում:

Ես հասկացել եմ՝ կյանքը մի մեծ ավտոբուս է, որտեղ պետք է նստես, եթե չես ուզում հոգնել: Երբ հասնում ես վերջին կանգառին, պետք է իջնես, բայց պետք է գոհ լինես քո ընտրած տեղից: Դա քո կամքն էր, դու կարող էիր համառություն դրսևորել և գտնել քո տեղը:
Շատերս չենք հասկանում, թե ինչպես է մեր շրջապատը ստիպում ապրել իր կարծիքով և դարձնում մեզ անազատ: Ազատությունը հեքիաթ է, որը բոլորը պետք է լսեն ու հասկանան միայն ճիշտ ձևով: Իսկ ճիշտը մեր չափորոշիչներն են:

Խմբագրության կողմից. Հետաքրքիր է լսել նաև ձեր կարծիքը: Դուք ինչպես եք պատկերացնում ազատությունը: Գրեք մեզ:

aharon sahakyan

Իմ հանճարեղ միտքը…

Մարտ ամիսն էր: Քամիաանձրևաձյունախառը մի զզվելի եղանակ: Սովորականի նման  արթնացա: Անհանգիստ էի, ինչպես սովորաբար մեծերն են ասում՝ աչքս վնասի էր: Պետք է որևէ «սխրանք» գործեի: Եվ քանի որ իմ կյանքում երբևէ արկածների պակաս չեմ ունեցել, այդ օրն էլ բացառություն չեղավ:

Չնայած անբարեհաճ եղանակին`դուրս եկա բակ: Առաջին բանը, որ նկատեցի` հարևանի հողամասից դուրս եկող ծուխն էր, իսկ երբ ավելի մոտիկից ուսումնասիրեցի, տեսա, որ խոտի մնացորդներն էին վառում: Եվ հենց այդ պահին էլ գլխումս ծագեց հանճարեղ միտքը. «Իսկ ինչո՞ւ ես էլ մեր հողամասում կրակ չվառեմ»: Առանց ժամանակ կորցնելու, գործի անցա: Հավաքեցի խոտի մնացորդները, լցրեցի առաջին իսկ պատահած ամանի մեջ։ Թաքուն մտա տուն, վերցրեցի կրակայրիչն ու դուրս թռա: Փորձեցի վառել, բայց քամին խանգարում էր: Երկար փորձելուց հետո համոզվեցի, որ հնարավոր չէ։ Որոշեցի ամանը մոտեցնել խոտի դեզին։ Դեզը բավականին բարձր էր, հետևաբար, կպաշտպաներ քամուց, ու կհասնեի նպատակիս: Այո´, ես չէի սխալվում: Կրակը վառվեց և վայրկյանների ընթացքում բարձրացավ դեզն ի վեր: Հասկացա, որ վերջ: Հրդեհ բռնկվեց: Անմիջապես տուն վազեցի: Մայրս խոհանոցում ինչ-որ գործով էր զբաղված, կրակայրիչը ինչպես, որ թաքուն վերցրել էի, նույն կերպ՝ թաքուն էլ, տեղը դրեցի և բղավեցի.

-Ի՞նչ եք կանգնե՜լ, խոտի դեզն այրվում է՜:

Մայրս դուրս թռավ, բայց ի՞նչ, այլևս ոչինչ հնարավոր չէր անել: Հարևաններն էլ միացան, փորձեցին ջրով հանգցնել, բայց ապարդյուն: Կրակի բոցերը կատաղած վեր էին բարձրանում: Շատ չանցած՝ արդեն բակում էր նաև հրշեջ մեքենան: Բարեբախտաբար նրանց հաջողվեց մարել կրակը: Բայց վնասը քիչ չէր` 500 հակ խոտ: Իսկ արդեն հաջորդ օրը մեր տուն այցելեցին ոստիկանները: Հարցաքննեցին ինձ, ես նրանց ասացի, որ ճիշտ է՝ ես եմ այրել խոտը, բայց ինձ ոգեշնչել է մեր հարևանը: Եվ ուրեմն` նա է մեղավոր, թո՛ղ պատասխան տա․․․

Anush abrahamyan

Ջրի հերթը մերն է․․․

Աշխարհի ստեղծումից ի վեր ոչինչ կանգ չի առել մինչև այսօր: Ես լավատեսորեն վստահ եմ, որ ոչ մի լավ բան երբեք կանգ չի առնի… Կա մի լռություն, որ ոչ թե տխրություն է քարոզում, իր գրկի մեջ հավաքելով միայնակների վախեցած ազատությունը, արցունքները, այլ, տարածվելով օդում, թիկնոցի պես իջնում է ուսերիդ` լրացնելով քեզ: Լիության ուրվականն է դա, բախումն է քո ու էջերի, որտեղ ուզում ես պարտվել: Ամեն ինչ քաղցր քնի մեջ էր: Կարդալիս համոզվում էի,  որ դատարկությունը սպանում է այնքան, որքան զգացումները կախաղանից առաջ: Դեռ չէի ավարտել, բայց լույսը մարեց: Մութն անմիջապես կատաղած շան նման հաչեց երեսիս, թվում է՝ հիմա կմաղվեմ վախի ուժից: Օգնության կանչելով բանականությանը՝ հազիվ հասա պատուհանի մոտ: Բացեցի պատուհանը ու ձեռքս մեկնեցի՝ սպասելով, որ աստղեր կընկնեն: Հենց այդ ժամանակ երկնակամարը աքսորեց մի քանի աստղերի ու ես զգացի հրաշքի բույրը: Եվ, առհասարակ, ի՞նչ է հրաշքը: Մենք պատրաստ ենք ճչալ, որ հավատում ենք հրաշքների, բայց երբեք ի զորու չենք ճանաչել նրանց: Ես ճանաչեցի այն, թեև հազար անգամ նայել էի երկինք: Նրանցից ոչ մեկն ափիս մեջ չընկավ, եթե ընկներ էլ, միևնույն է, չէի նկատի։ Ես մոռացել էի ինքս ինձ, իրենց առաքելությունը կատարում էին միայն աչքերս: Օդը կատարյալ հանգիստ էր, ոչ մի դող չէր համարձակվում մոտենալ ինձ, մոտ մեկ ժամ չէի կարողանում կտրվել այն աշխարհից, որը ժամանակավորապես երկիր էր իջել: Գիշերվա ժամը 4-ն էր, երբ հայրս թխկոցով բացեց դուռը: Ես արագ փակեցի պատուհանը, բայց չկարողացա գլուխս կախել ու լռել, այլ սկսեցի ինձ հատուկ շատախոսությամբ նկարագրել գիշերը…

-Ջրի հերթը մերն է, մայրդ ու դու հողամասում կսպասեք, որ ջուրը գա, իսկ ես ու եղբայրդ կգնանք` ուժեղացնելու:

Բայց ես համառեցի ու, վերցնելով բահը, ճանապարհ ընկանք: Քայլում ենք, ու լուսինն ինձ համար ավելի պայծառ է դառնում: Խոսում էինք ամենատարբեր թեմաներով՝ մասնագիտությունից, երկնքից, կեղծիքից: Հանկարծ՝ մի տուն իմ  ուշադրությունը գրավեց: Գիշերվա այդ ժամին մի սենյակում լույսը դեռ վառված էր: Ինչո՞ւ ես երջանկացա այն տեսնելով, ինչո՞ւ այն ինձ այդքան խորհրդավոր թվաց: Միգուցե ես հանդիպեցի ինձ մի այլ վայրում, չէ՞ որ, հավանաբար, մեկ ուրիշի մտքում էլ է խորհրդավորությունը բնակվել, երբ անցել է իմ պատուհանի կողքով:

Մի որոշ ժամանակ անց հասանք այն վայր, որտեղ սարերից եկող ջուրը բաժանվում էր 2 գյուղի միջև: Հորիզոնը ամայի էր, ու քամին իրեն զգացնել տվեց: Մի կողմում կանաչ սարերն էին, իսկ մյուսում՝ սպիտակ երեսով լեռները: Հենց այդ ժամանակ ես նկատեցի հեռավոր սարերի լուսաբացը՝ ամենաչքնաղ լուսաբացը: Հորիզոնը թույլ կապտեց, իսկ հետո դարձավ վարդագույն, որը դանդաղ իջավ լեռներից: Հետզհետե աստղերը խամրեցին, դրան զուգակցում էր բահի ու քարի բախումից առաջացած ձայնը: Լույսը տարածում էր իր իշխանությունը, և մենք վերադառնում էինք:

Երբ հասանք տուն, եղբայրս ու մայրս հողամասն էին ջրում, ջուրը մեզնից առաջ էր ընկել: Հատկապես հետաքրքրական էր այն պահը, երբ փորձեցի հասնել մորս մոտ ու տեղ հասա ցեխոտ երեսով ու առանց կոշիկների, քանի որ կոշիկներս ցեխի պատճառով մարգերի մեջ էին խրվել, մնացել։ Տուն մտա: Վերցրի Աստվածաշունչը, որ կարդացել էի գիշերը ու, համոզվելով, որ այն, ինչ եղավ ինձ հետ գրքի պատճառով էր, մեկ անգամ ևս համոզվեցի, որ բազում հիասթափություններից հետո էլ լավը կշրջանառվի աշխարհով մեկ: Չէ՞որ աշխարհի ստեղծումից ի վեր ոչինչ կանգ չի առել մինչև այսօր…