aneta baghdasaryan

Էլի

Էլի մթով գնում եմ տուն, էլի նստում եմ 10 կամ 9 համարի տրոլեյբուսը (այսօր չեմ հիշում, թե որ մեկն էր), քանի որ ալարում եմ մեկ կանգառ քայլել, այդ մեկ րոպեի ընթացքում հասցնում եմ տաքանալ տրոլեյբուսում ու նորից դեմքով բախվել սառը օդին, որն այդքան հաճելի է, հատկապես, երբ հազիվ ես քեզ պահում, որ կանգնած չքնես: Մի կերպ ինձ գցում եմ տուն ու հանելով բաճկոնն ու կոշիկներս, պառկում հատակին: Պառկում եմ ճաշասենյակի չոր հատակին, պառկում, որ մեջքիս ցավը թեթևանա: Իրոք օգնում է, խորհուրդ եմ տալիս:

Երբ կես տարի առաջ քսանս լրացավ, առաջին հարցը, որ հնչեց, «Դե՞, ի՞նչ զգացողություններ կան»: Այդ պահին, դե իհարկե, ոչ մի արտասովոր զգացողություն էլ չկար, 20 տարեկան է էլի, 19-ի ու 18-ի պես: Անունս դեռ Անետա էր, մի ն-ով, մի տ-ով, հասակս` 1,75, ոտքիս չափսը` 38:

Հետաքրքիրն այն է, որ երբ տարիքս հարցնում են, ճիշտ պատասխան հնչեցնելուց առաջ ուղեղս մի քանի վայրկյան կախում է, ցանկանալով ասել 18: 18, 19 թե՞ 20: Ի՞նչ տարբերություն, եթե միևնույնն է, այս տարի էլ ես կորցնելու Compréhension orale-ի գիրքը, իսկ սեղանիդ վրա ինչ ասես կա, բացի ինձ այս պահին հարկավոր հենց այն միակ սիրուն գրող գրչից, կամ էլ ամեն առավոտ տանջվում ես կյանքիդ ամենակարևոր այլընտրանքից` հասցնել նախաճաշե՞լ, թե՞ սիրուն արդուկած բլուզով գնալ դասի: Այն պահին, երբ ձեռքդ տանում ես գրպանդ, որ հանես կամ 50 կամ 100 դրամ, ու սխալմամբ 50-ը տալիս ես ավտոբուսի վարորդին, ով գլխովդ է տալիս այդ 50-ը, հանում ես 100-ը` նույնն է անում, մտքումդ ասում ես. «Դե լավ էլի, մի քիչ ուշադիր է պետք լինել»: Հասկանում ես, որ չես էլ մեծացել, երբ նույն ֆիլմը 1000-րդ անգամը նայելիս, միևնույնն է, լացում կամ լիաթոք ծիծաղում ես, չնայած անգիր գիտես դրա յուրաքանչյուր կադրը:

Ու բոլոր օրերդ սկսվում ու ավարտվում են ուսանողականիդ «ծընգոցով», որին այնքան ես սովորել, որ երբ հասնում ես շենքիդ, տան կոդը հավաքելու փոխարեն հանում ես քարտդ, որ ճտտացնես: Շնչակտուր բարձրանալով երեք հարկ, մի կերպ քեզ գցում ես տուն, հանում բաճկոնն ու կոշիկներն ու պառկում հատակին, որովհետև մեջքդ ցավում է:

juli abrahamyan

Նույն բանը՝ տարբեր ժամերին, կամ էլ հակառակը

Դեռ փոքր տարիքից մեզ սովորեցնում են, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի իր մատնահետքը, որը չի կարող ունենալ մեկ ուրիշը։

«Վայ, քո»,- մտածեցի ես։
Հիմնականում դա միակ արտահայտությունն է, որը ես կարողանում եմ արտասանել ցանկացած շոկային լուր լսելուց։
Ինչպես կասեր ենթագիտակցությունս…
«Վայ քո-ն հոգեվիճակ է»,- ըհն, ինձանից առաջ ընկավ։
Լավ, բա սենց մինչև ե՞րբ։
Նյութ վաղնջական ժամանակներից չեմ գրել, չգիտեմ էլ ինչ գրեմ։ Ֆոտո անելու համար աչքերս չափից դուրս խավար են։

Ես ու իմ ցնորային մտքերը ժամը 3։09-ին

Ես դռելը վեկալ ձեռիցս:
-Չեմ կարա, տաշում եմ:
-Լավ է, տաշի, տաշի:
Հիմա էս ժամին, որ գործ եմ անում, բա հարևանները չե՞ն բողոքի։ Չնայած, ո՞ր մի իրան հարգող-սիրող «ռեմոնտ» անողն ա տենց մտածում, որ մի հատ էլ ես մտածեմ։
Ես դռելն ի՞նչ անեմ, է․..

Մեր կողքի հարևաններն ու նրանց դռելը ժամը 3։09-ին:

Փափագս շատ մեծ է այս գիրքը կարդալու։
Ի՞նչ։ Մոռանում եմ, որ տանը մենակ եմ՝ ոնց ուզեմ, տենց էլ կխոսեմ; Թե չէ` փափագ, եսիմ ինչ։
Ես գրական բառերս էլ մենակ 5-րդ հարկում ապրող երեխան է հասկանում։ Միշտ ուղղում է։ Թե ասա ուսանող ես՝ դասերովդ զբաղվի, էլի, ի՞նչ ես դրել աջ ու ձախ բոլորին ուղղում։

-Մեր առաջին հարկի հարևանը, ով 1 տարի ապրեց Ֆրանսիայում, և հիմա իրեն սփյուռքահայ է զգում, ժամը 3։09-ին (5-րդ հարկի ուսանողն էլ ես էի):

 

Ըհըն, երեխեքին մի աշխարհ դաս եմ տվել։ Լեկցիաներս ուզած-չուզած պիտի սովորեն։
Նյութն արդեն ուղարկել եմ կուրսի ավագին, ով, իհարկե, մոռացել է ուղարկի մնացած երեխեքին, ու վաղը ոչ մեկն էլ պատրաստ չի լինելու։
Ճաշը եփել եմ, տունը մաքրել, շորերս արդուկել եմ։ Վերջ։
Հանգիստ խղճով կարող եմ քնել:

Դասախոսս ժամը 3։09-ին

Հիմա ես էսքան դաս ո՞նց սովորեմ։ Ախր, լավ էլի, ինչքան կարելի ա։ Հետո էլ ասում էին, թե հեշտ է ուսանողական կյանքը։ Հետաքրքիր է։
Ինձանից շատ դաս ունեցող չկա ողջ աշխարհում։

Առաջին կուրսի ուսանողը ժամը 3։09-ին

-Իսկ եթե գրես կիթառների մասի՞ն:
-Շաբլոն ա:
-Ուտելիքի:
-Չէ:
-Մեր աշխարհի խնդիրների մասին:
-Ինչի՞, դրանք ինչ-որ մեկին հետաքրքի՞ր են:
-Գոնե փիսիկների:
-Հը՞…
-Մարդ չդառար:

Ընկերուհիս ժամը 3։09-ին ինձ խորհուրդներ տալիս

Հանգիստ կգնաս, կկանգնես, կսկսես խոսել։ Կարևորը, որ ոչ մեկի աչքերին չնայես։
Թե չէ` կխառնվես։ Ոչ մեկի աչքերին, լսո՞ւմ ես։
Դիմացիդ պատին մի հատ մեծ անցք կա՝ դրան կնայես։ Հա, շատ լավ ա, հենց դրան էլ կնայես։
Մի րոպե։ Բա որ խոսքերդ մոռանա՞ս․․․

Մեր դիմացի շենքում ապրող, ավարտական կուրսի ուսանողը ժամը 3։09-ին դիպլոմայինի պաշտպանելու փորձեր անելիս:

Եթե մարդկային աչքը լիներ թվային ֆոտոխցիկ, ապա այն կգնահատվեր 576 մեգապիքսել:

«Դե, դժվար քոնը տենց լիներ»,- ենթագիտակցությանս անուն պետք է որոշեմ․․․

Ես ու ենթագիտակցությունս ժամը 3։10-ին:

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Բեռլինի երկնքի տակ

Դուք լավն եք, մարդիկ

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Դալայ Լաման ասում է՝ տարվա մեջ գոնե մեկ անգամ գնա այն տեղը, որտեղ երբևէ չես եղել: Երևի ինքդ քեզ նորովի բացահայտելու համար: Մեկ ուրիշն էլ ասել է՝ գնացեք այն վայրը, որտեղ եղել եք վաղուց, որտեղ ամեն ինչ նույնն է, և կզգաք, թե որքանով եք փոխվել: Այստեղ մարտահրավեր է նետում հույն փիլիսոփան, թե` նույն գետը երկու անգամ չես մտնի:

Այդպես է. մենք անընդհատ և շարունակաբար փոխվում ենք, քիչ թե շատ՝ 0,01 տոկոսով, թե հիմնովին, էական չէ: Ընդունենք այս աքսիոման ու անցնենք հետևանքին: Իսկ հետևանքը փնտրտուքն է, երբ փորձում ենք տարիներ անց գտնել անցյալը, հարազատ վայրում թողած մանկությունը, հուշերն ու ապրումները, դեմքերն ու «ես»-ը, որ վաղուց արդեն նախկինը չէ: Մի տեսակ գունափոխված, կուզեք՝ հասունացած կամ ճախրանքի բարձրությունից ցած ընկած: Հիմա դրան ասում են՝ մեծացել ես: Իսկ ես խճճվում եմ այն խաղաղության մեջ, որտեղ եկել եմ փնտրելու՝ ուր եմ ի վերջո հասել:

Գյուղական անդորր, իշխանական, հինավուրց գերեզմանատուն, անբացատրելի խաղաղություն, միջնադարի ու նորագույնի խաչմերուկում կանգնած Սանահին:

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Տարիներ առաջ ամեն ամառ գնում էի տատիկիս տուն, հավաքում բակի փոքրերին ու արշավ կազմակերպում դեպի Սանահին: Հաց ու պանրի բրդուճներով, տատիս տնից բեռնավորված «կահ կարասիով», աղմուկ աղաղակով քայլում էինք գյուղի նեղ ճամփեքով: Մինչև հիմա էլ չեմ հասկանում ՝ ոնց էին գյուղի տատիկները հասկանում, որ իրենցից չեմ:

-Այ բալամ, քաղաքի՞ց ես: Ումոնցի՞ց ես:

Ես էլ գերագույն հաճույքով, որ հնարավորություն կա ներկայանալու, տեղը տեղին պատմում էի: Այս  անգամ այլ էր. փոքրիկ Նարեն չկար, ոչ էլ նրա ընկերներն ու աղմուկ աղաղակը, որով լցվում էին գյուղի խաղաղ ճամփեքը: Փոխարենը կար սուր կարոտ. այ այստեղ էր նստում  տատը, որ ամեն անգամ կանչում էր, իր գործած գուլպաներից նվիրում, որ Երևանում ձմռանը հագնեմ ու չմրսեմ: Նա էլ չկա, յոթ տարի է անցել, մի տեսակ վախենում եմ թակել դարպասն ու ներս մտնել, գուցե չգտնեմ նրան:   Հակառակ սրան, մի սպասում կար, որ համոզմունք էր. պետք է հնարավորինս արագ հասնել վանք, այնտեղ է Նա, որ հավատարիմ է, երբեք չի լքում և արձագանքում է Իրեն կանչողին:

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Այս անգամ արշավ չէր, արդեն գիտեմ՝ ինչ է ուխտը, շիրիմների հետ զրուցելը, վանքում միայնակ շարական երգելը՝ «Տեր ողորմեա…»:

Շըշշշ…

Սանահինը ինձ պես դատարկ էր, մարդկային որևէ շունչ չկար: Հավանաբար դա էր պատճառը, որը օգնեց մեզ իրարով լցվել, վայելում էի մենությունը: Ուզում էի միայն ես հաղորդակցվել աստվածային հրաշքին, ժամերով մտածել սյունին հենված, լսել լռության ձայնը: Լռությունը ապրեցնող էր, լռությունը ըմբոստ չէր: Այնքան հեշտ է նրա հետ ընկերանալը, երբեք չի հակաճառում, ինչ էլ ասես` կհամաձայնվի: Եվ ամառային քամու հետ ականջիս են հասնում սաղմոսները: Այստեղ` աշխարհից ու աշխարհիկից հեռու, քաղաքի թոհուբոհից ու վազքից պոկված զգում ես քեզ զորավոր ու պաշտպանված՝ անսահման ազատության մեջ: Ազատություն, որ քաղաքում պարիսպներ է կառուցում, շատ դեպքերում վնասում դիմացինին: Սովոր ենք, չէ՞, անընդհատ լսել՝ իմ իրավունքը, իմ տարածքը, ես, չփորձես խոչընդոտել, ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, կրթության, աշխատանքի, հանգստի իրավունքներին: Այսպես հարյուրավոր իրավունքների պատեր, որ կարծես ազատություն պիտի բերեն, բայց ճաղեր են շարում, անգամ երկու մարդու միջև: Ո՞ւմ են պետք դրանք, եթե չկա իրականը՝ ազատությունը: Ուրեմն ի՞նչ, ազատությունն այնտեղ է, որտեղ մարդիկ չկա՞ն: Ազատությունն այստե՞ղ է՝ վանքո՞ւմ, ուր շիրիմների մի ամբողջ քաղաք է: Նրանք լուռ են, չեն պահանջում իրենց իրավունքները, չեն սահմանում իրենց տարածքը, անհաղորդ են: Բայց շատ ազդեցիկ ուղերձով՝ «Սա էլ կանցնի», ինչպես մի ժամանակ իրենք են անցել՝ նշանավոր մարդիկ, պատերազմներ հաղթած իշխաններ, վանքեր ու քաղաքներ կառուցած թագավորներ, բարեգործ և ողորմած թագուհիներ: Այո, նրանք անցյալ են, հետաքրքիրն այն է, որ որքան էլ բանականորեն հասկանում ես, որ մի օր դու էլ ես նրանց պես անցյալ դառնալու, միևնույն է, ժամանակից դուրս չես կարողանա ինքդ քեզ պատկերացնել: Որքան հրաշալի է այն ազատությունը, որ ժամանակից դուրս է: Այստեղ որևէ մեկին ապացուցելու բան չկա, այստեղ կա երկու «ես»՝ դու և Նա, որ հավիտենության մեջ եք: Նա չի դատում, չի ցավեցնում, համբերատար է: Եվ որքան էլ աշխարհի աղմուկը փորձի բաժանել մեզ, լռությունը աղաղակում է՝ դուք լավն եք, մարդիկ, ես սիրում եմ ձեզ:

How to Read Media in the Post-Truth Era, Բեռլին. Օր 4

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Այստեղ` Բրանդենբուրգյան դարպասների մոտ, արդեն զգում եմ ինձ ինչպես Օպերայի բակում, կամ ասենք, Երիտասարդական մետրոյի մոտ (դե, որ կողմ էլ շարժվենք քաղաքում, վերջիվերջո  հայտնվում ենք նույն տեղում): Ես, ընդհանուր առմամբ, դեմ չեմ. օրվա տարբեր ժամերին նույն կառույցը լրիվ տարբեր տեսք է ունենում լուսանկարներում։ Ինչևէ։

Բեռլինյան օրերից չորրորդը պաշտոնապես բացվեց հենց այս դարպասների մոտ, ուղղությունը` գերմանական ZDF հանրային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություն։ Սակայն մինչ այդ մասնակիցները հնարավորություն ունեին շրջել Բեռլինի կենտրոնական փողոցներում, ծանոթանալ մի քանի տեսարժան վայրերի, մինչդեռ մենք հասցրել էինք լինել այդ վայրերում արդեն և’ երեկոյան, և կեսօրին, ուստի մեզ համար ընտրեցինք ոչ այնքան կենտրոնական թաղամաս, մտքով, որ Երևան էլ Երևան չէր լինի առանց  Մասիվի։ Իսկ իրականում այդպես է որ կա։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Եղանք նաև Բեռլինյան պատի մոտ։ Էստեղ էլ տպավորությունները մի քիչ հակասական էին։ Սիրանն ասում էր` ահավոր է պատկերացնել, որ ընդամենը մի պատ կարող է քեզ արգելել տեսնել հարազատներիդ, ովքեր մնացել են հակառակ կողմում։  Իսկ այսօր պատից մնացած հատվածների վրա հնարավոր բոլոր ու ամենավառ գույներով գրաֆիտիներ են, գրառումներ ու էլի ինչ կանցնի մտքովդ։
Գնանք հեռուստաընկերություն։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Առաջին պահին մտածում էի` ամեն ինչ սովորական է, այնպիսի մի հեռուստաընկերություն է, ինչպիսին ես պատկերացնում եմ, ինչպիսին պետք է լինի եվրոպական զարգացած երկրի հեռուստաընկերությունը։
ZDF հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1961 թվականին, 1967-ից իրականացնում է գունավոր հեռարձակումներ (հենց այդ թվականին է Գերմանիայում տարածվել գունավոր հեռուստատեսությունը)։ Շրջայցը հեռուստատեսություն մասնակիցներիս հնարավորություն տվեց մեկ հեռուստաընկերության օրինակով պատկերացնել գերմանական հեռուստատեսությունների աշխատանքը։ Ի դեպ, եվրոպական շատ երկրներում հանրային հեռուստա և ռադիոընկերությունների հեռարձակումները դիտելու համար բնակիչները պարտավոր են վճարել, քաղաքական ու տնտեսական կախվածությունից խուսափելու համար ZDF-ը  բաժանորդների վճարներին գումարում է նաև գովազդներից ստացած հասույթը։ Սակայն գովազդային հոլովակների հեռարձակումը  ևս ունի  որոշակի սահմաններ։ Օրեկան առավելագույնը 12  րոպե գովազդ, շաբաթվա մեջ հատուկ օրեր, երբ գովազդներ չեն հեռարձակվում  ընդհանրապես։ Իդեալական է։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Այցից հետո ողջ խումբը կրկին  ազատ էր  շրջելու քաղաքում։
Իսկ մենք վերև-ներքև էինք անում առևտրի կենտրոններից մեկի շարժասանդուղքներով, բնակիչների համար տարօրինակ աշխուժությամբ ծիծաղում փողոցում ու ապրում երեկոն։ Հետո էլի ու էլի։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Իսկ երեկոներն էստեղ գոնե ինձ համար յուրահատուկ են, ուղղակի մի քիչ ցուրտ։

Կեսգիշերին արդեն հոսթելում էինք։ Հա, մի բան էլ. բարձրահարկ, լուսավոր ու սիրուն շենքերով քաղաքում  հիմա` նոյեմբեր ամսին, մութն ընկնում է մինչև երեկոյան հինգը։

mariam yavrumyan

Կանգառում կկանգնեք

-Մա՛մ, ա՛յ մամ, ախր ասում էի, չէ՞, էս վարորդի դեմքը շատ ծանոթ է, հաստատ մեր շենքի բակում եմ տեսել,- հերթական անգամ մամայի նյարդային համակարգի վրա ազդելով բացականչեցի ես:

-Դե չգիտեմ, իսկ ընդհանրապես ինձ չի հետաքրքրում, թե նա ով է, միայն գիտեմ, որ շատ դանդաղ է վարում մեքենան:

Երևի հասկացաք, որ մաման կողմ է միայն գրական հայերենին ու դա է օգտագործում:

Ուֆ, էս մեծերին էլ ոչ մի բան չի հետաքրքրում: Հիմա, որ պարզվի` իրոք մեր շենքից ա, մամայի դուրը տեսնես կգա՞… Դեհ, չգիտեմ, էլ բարձր չեմ խոսի, մեկ է, ոչ ոք «բանի տեղ» չի դնում: Ավելի լավ կլինի, որ հարմար տեղավորվեմ նստարանիս ու «պատուհանից դուրս գամ` երևակայեմ»:

Սկզբում մտքերս սովորական էին, ասենք, գուցե էս մարդը երկու կերպարանք ունի (դա դեռ սովորական էր): Ըըը, իսկ ի՞նչ, եթե բանդիտ… Չէ, ուֆ…

Երևի Գոգոլի «Մեռած հոգիներից է»: Ա~, լավ հասկացա, հա, հաստատ Չիչիկովն է:

Հըմ, բայց էդ դեպքում ովքե՞ր են մեռած հոգիները, մե՞նք: Սկսեցի անհանգստանալ: Չեղավ, չեղավ, դիմեմ էս անզգույշ քայլին.

-Մամ, կարո՞ղ է մենք մեռած ենք, էդ էլ քիչ է` հոգի…

-Անիմաստ խոսելու համար մի հատ ես, գիտե՞ս:

Դե իրականում գիտեի, բայց հո չէի՞ խոստովանելու, գաղտնիք է… Լավ, «մեգաբայթեր» ունեմ հեռախոսիս մեջ, սպասեք` գուգլեմ: Մի րոպե, բայց ի՞նչը գուգլեմ, գրեմ. «Արդյո՞ք մենք մեռած հոգինե՞ր ենք», հա՞ որ:

Ընդհանրապես, էդ դասը վատ էր ազդել վրաս, անընդհատ անկապ խոսում էի, չնայած մաման ասում էր, որ մինչև կարդալն էլ էի էդպես: Ես չեմ հավատում նրան:

Մի վարկած էլ կա, հենց նոր եմ, է, վերջացրել «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը, դեռ գրքի ազդեցության տակ եմ, ասում եմ` գուցե գրքի հերոս Չարլին է… Քանի դեռ չգիտեք, պատմեմ:

Ուրեմն Չարլին մտավոր հետամնաց տղա էր, սակայն բժիշկները որոշում են նրա IQ-ն եռապատկել: Ասեմ՝ ստացվում է, տղան դառնում է հանճար: Բայց միայն մի քանի օր: Հետո նրա IQ-ն վերադառնում է նախկինին: Նա հուսահատ ու ամոթով գնում է մի քաղաք, որտեղ իրեն չեն ճանաչում… Հիմա հասկացաք, չէ՞, ասում եմ` գուցե հենց այդ տղան է, եկել էստեղ վարորդ է դարձել…

Մեկ էլ հա, կանգառում կկանգնեք, Չիչիկով, Չարլի, մեր շենքի բնակիչ, ուղղակի վարորդ կամ իմ երևակայության զոհ…

How to Read Media in the Post-Truth Era, Բեռլին. Օր 3

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Երբ նոր բացված արևի ճառագայթների տակ քայլում ես լճի ափին՝ վայելելով շողերի տաքությունը, լճի կապույտն ու սառը օդը, հասկանում ես, որ օրն ավելի լավ չէր կարող սկսվել։

Հոսթելը, որտեղ մնում ենք, գտնվում է լճի ափին ու մինչ նախաճաշը ժամանակ ունեցանք մի քիչ զբոսնելու՝ վայելելով մեզ շրջապատող բնությունը։ Թարմ ու սառը օդից հետո լավ ուտելուց լավ բան չկա։ Նոր օրն իրականում ավելի ակտիվ ու հետաքրքիր էր, քան անցած երկու օրերը։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Դասախոսություններ լսեցինք մի քանի  թեմաների շուրջ ու սովորածը ամրապնդելու համար տարբեր ազգերից կազմված խմբերով հետաքրքիր աշխատանք արեցինք: Դասախոսության թեման մեդիայի ոլորտում ինֆորմացիայի ճիշտ ընկալմանն ու հետազոտմանն էր վերաբերվում։ Այս դասախոսությունը ավելի շատ ոչ թե տեսություն էր, այլ հիմնված էր գործնական օրինակների վրա։ Ամեն օրինակից հետո բուռն քննարկում էր սկսվում, ու յուրաքանչյուրը ցանկանում էր ներկայացնել իր տեսանկյունը, հիշում նման օրրնակներ իր կարդացած նյութերից ու գրքերից։ Այս ամենը նախ հնարավորություն տվեց մեկս մյուսին ավելի լավ ճանաչելու, փորձի փոխանակում անելու և ներկայացնելու մեր համատեղ աշխատանքը։ Մարտինը, ով վարում էր դասախոսությունը, պատմում ու ցույց էր տալիս քաղաքական թեմաներով կատարված մի քանի մեդիա արշավներ, որոնք իրականում իրենց մեջ թաքնված ուղերձներ էին պարունակում։ Հենց այդ օրինակների վրա էլ բացատրում էր, թե ինչպես են ենթագիտակցորեն  դրանք հասնում մեզ։ Աշխատանքը, որը պետք է կատարեինք նախապես բաժանված խմբերով, հենց այս թեմային էր վերաբերվում, և իմաստը կայանում էր հետևյալում՝ գտնել և ներկայացնել մեդիայի և գովազդի ոլորտում արդեն կատարված տարբեր արշավներից մեկը, որի գաղափարը միայն վիզուալ տեսնելով հասկանալի լինել չի կարող, քանի որ այն իր մեջ թաքնված ուղերձ էր պարունակում։  Քանի որ աշխատանքը կատարելու համար շատ ժամանակ չունեինք, սկսեցինք ինտերնետում հետաքրքիր նյութեր որոնել ու հիշել այն ամենը, ինչ սովորել էինք։ Ճիշտ է, կարճ ժամանակում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում հասցրեցինք ունենալ հետաքրքիր աշխատանքներ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Կարևորն այն է, որ ցանկացած պահի նոր բան ես սովորում յուրաքանչյուրից, ուղղակի լսելով, զրուցելով ու քննարկելով տարբեր հարցեր, քանի որ ամեն մեկը ներկայացնում է իր երկրի մշակույթը ու ձեռք բերած փորձը։

Օրն ավարտեցինք արդեն կազմված խմբերով համատեղ աշխատանքի արդյունքներն ամփոփելով, խորհուրդներ ստանալով ու նոր գաղափարների զարգացմամբ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Չնայած օրվա վերջում զգում էի, որ հոգնել եմ, բայց երեկոն Գերմանիայի հին քաղաքներից մեկում` Պոտսդամում անցկացնելու հնարավորությունը բաց չէի թողնի։

Շատ քայլեցինք։

Հին շինությունները, քաղաքի լույսերը, դատարկ, լուռ փողոցները, անվերջ զրույցներ ու մի բաժակ գերմանական գարեջուրը մոռացնել տվեցին բուռն, ակտիվ օրը, և ուղղակի թուլացանք ու վայելեցինք երեկոն։

milena ghazaryan

IGen-ի մեկ օրը

Երեկոյան խանութներում երկար թափառելուց հետո վերջապես 8-ին տուն  հասա: Տոպրակները հենեցի միջանցքի պահարանին, ոտքերս իրար սեղմելով մի կերպ հանեցի բոթասներս, հանեցի նաև վերարկուս ու տոպրակները քարշ տվեցի դեպի սենյակս: Դատարկեցի, որ վերջնական նայեմ գնածս ապրանքները: Մի քանի անկապ իրեր,  «Աստղալից գիշեր»-ով  արտ-բուք, գունավոր մատիտներ,  գունավոր երկար գուլպաներ, սև շալվար, ու որ ամենահավանածս էր` տաք սվիտեր: Մանուշակագույն, հաստ գործվածքով, ձմեռային ու շատ տաքուկ սվիտեր: Երկու ամիս փնտրտուքներից հետո ես վերջապես գտել էի այն, ու ես ես չէի լինի, եթե  առաջինը հենց դա չփորձեի: Արագ-արագ, մեծ ոգևորությամբ հագա, աաա~խ, ինչ փափուկ է…

«Ես սիրում եմ քեզ»,- մտովի շատ բարձր ձայնով գոռացի ես:

Հանեցի հեռախոսս, որ արագ նկարվեմ ու ուղարկեմ ընկերուհուս, նրա կարծիքը ամենակարևորն է հագուստիս հարցում: Ուղարկեցի..

«Հըն, ո՞նցն ա»:

«Աաաա… Դու ուզում ես` ես քեզ սպանեմ»:

«Մերսի»,- հասկացա, որ շատ է հավանել:

Մի կողմ նետեցի հեռախոսս, գնացի հայելու մոտ, երկար նայում էի ինձ ու չէի կարողանում կտրվել նման աչք ծակող տեսարանից:

Հը՞, թեյ խմե՞մ: Ըհը, արժի, տաք սվիտերով թեյ խմելուց էլ հրաշք պա՞հ:

Գնացի խոհանոց, ջուրը լցրեցի թեյնիկի մեջ ու միացրեցի:

-Մամ, հենց եռա, կասես, հա՞:

-Էդ տաք սվիտերը հագել ես` հերիք չի, մի հատ էլ տաք թեյ ես խմու՞մ: Հեսա` ջերմությունդ կբարձրանա, ու ես քեզ խնամողը չեմ:

-Ինձ հենց էդ ջերմությունն էլ պետք ա էս պահին:

10 րոպե հետո մայրս  կանչեց, որովհետև ջուրը եռում էր: Գնացի խոհանոց, վերցրի իմ ամենասիրած բաժակը, որի վրա իդեպ ինքս ֆլոմաստերով խզմզել էի: Ինչպիսի արվեստի գլուխգործոց… Հա, ինչ էի ասո՞ւմ, ըհը, լցրեցի ջուրը, չորս գդալ շաքարավազ,  Ժասմինի համով կանաչ թեյի գույնը… Հրաշալի է բուրում: Վերցրի տաք բաժակս ու գնացի սենյակ:

-Ահա, սվիտերը կա, թեյը կա, մնաց մի բան նայեմ, որ  ջերմության կոլորիտը ամբողջանա: Միացրեցի նոթբուքը, իմ ամենա-ամենա մուլտիկը` Gravity Falls դրեցի, ու հարմար տեղավորվեցի, սկսեցի «ըմբոշխնել» երեկոս: Մենակ մեկը չկար ինձ «անմահացներ», ոչ մեկը մեր տանը նորմալ ֆոտո անել չի կարողանում: Հա, իդեպ մուլտիկիս գլխավոր հերոսուհին ինձ ստիպեց սվիտեր հագնել, ինքն ամեն օր տարբեր գունավոր սվիտերներ էր հագնում, ես էլ ուզեցի: Ճիշտ է, ամեն օրվա համար մեկը  դժվար կարողանամ գնել, բայց սա էլ ինձ հերիք է:

Խորասուզվել էի մուլտիկիս մեջ, չէի էլ զգացել, թե ոնց եմ քնել: Մենակ առավոտյան արթնացա, տեսա, որ սվիտերս դարակին է դրած, նոթբուքը նույնպես, թեյի բաժակը ընդանրապես չերևաց աչքիս:

-Մամ, դո՞ւ էս արել էս ամենը:

-Չէ, երևի գիշերը այլմոլորակայինները հատուկ իջել են, որ քեզ քնեցնեն:

Դե հա, մաման «շատ հումորովա»:

Ուֆֆ, էլի մուլտիկը մինչև վերջ չնայեցի, արդեն չորրորդ անգամն է, ինչ կեսից քնում եմ ու չեմ նայում մինչև վերջ:  Մոտավորապես հենց այսպես են անցնում իմ երեկոները, որոշ մարդկանց համար, օրինակ տանեցիների, դրանք շատ անհետաքրքիր ու անիմաստ են անցնում, բայց ինձ համար դրանք կյանքի հաճույքը զգալու իրական  միջոց են:

How to Read Media in the Post-Truth Era, Բեռլին. Օր 2

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Բեռլինում երկրորդ, բայց կարծես թե առաջին օրը, սկսվեց բավականին շուտ․ ժամը 8-ին նախաճաշի էինք։ Քանի որ ճանապարհից շատ հոգնած էի, մյուս մասնակիցների պես չէի կարողանա ասել՝ դե, առաջին օրն է, իմ մահճակալում չէի, լավ չեմ քնել։ Քնել էի մեռածի պես, նույնիսկ սենյակի լույսն էի վառ թողել, առավոտն էլ իսկապես չգիտեի, թե ինչու են սենյակակիցներս ինձնից ներողություն խնդրում շատ աղմկելու համար։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Նախաճաշից հետո սկսեցինք մեր դասընթացի «նախաբանը», որն էր` ծանոթանալ միմյանց հետ, և իհարկե, քննարկել մեդիան, մեդիա գրագիտությունը։ Ներածական մասից հետո ծանոթացանք մեր այսօրվա հյուրի՝ Յուլյա Ալեքսեեվայի հետ, որը Deutsche Welle կազմակեպությունն էր ներկայացնում։ Այս կազմակերպությունը, ինչպես և ենթադրվում էր, իրականացնում է մեդիա ծրագրեր Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Կայքում կարող եք գտնել նաև նորություններ և գերմաներեն սովորելու հեշտ դասընթացներ։ Շնորհիվ այս ծրագրերի՝ Կամբոջայում և Մոլդովայում դպրոցական առարկաների շարքում արդեն հայտնվել է մեդիա գրագիտությունը։ Այս նպատակին հասնելու համար կազմակերպությունը բավականին դժվար ճանապարհ է անցել՝ գործ ունենալով արդեն կրթության նախարարության հետ։ Գերմանիայում նույնպես կհանդիպեք մեդիա գրագիտությանը՝ որպես դպրոցական առարկայի, բայց շատ քիչ (ենթադրում եմ՝ ոչ պետական) դպրոցներում։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Օրը շարունակվեց քննարկելով մեդիա-պատկանելությունը։ Էս անունը ես մտածեցի, իրականում քննարկում էինք որևէ գաղափար կրող մեդիան։ Ֆատիման ներկայացնում էր իրավիճակը Բելգիայում։ Պարզվեց, գրեթե բոլոր երկրներում էլ կա այդ պրոբլեմը, երբ որևէ լրատվական պատկանում է որևէ քաղաքական կուսակցության, կամ ինչպես Բոսնիա և Հերցեգովինայում է, որևէ էթնիկ խմբի։ Իսկ ֆրանսիայում լրատվականները պատկանում են նույնիսկ անձանց, բնականաբար, շատ հարուստ անձանց (դե, դժվար թե հիշեք՝ երբ եք վերջին անգամ լրատվական գնել)։ Հետևաբար, պետք է ավելի ու ավելի շատ մտածել մեդիա գրագիտության և քննադատական մտածողության մասին, քանի որ կարդալով որևէ կուսակցության կամ գաղափարախոսություն կրող անձանց պատկանող մեդիան, չեք կարող վստահ լինել, որ հենց այդ պահին մանիպուլյացիայի չեք ենթարկվում, կամ չեք կարող վստահ լինել ձեր կարդացած ինֆորմացիայի հավաստիության մեջ։ Բոլոր երկրներից մասնակիցներն էլ պատմեցին իրենց երկրում մեդիայի պատկանելության, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելու մասին։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Մեր օրակարգով ներքև շարժվելով՝ սկսեցինք քննարկումը այն թեմաների շուրջ, որոնց վրա պետք է աշխատենք։ Ունենք չորս թեմա՝ մեդիա պատկանելություն (դե, արդեն բացատրեցի ինչ նկատի ունեմ), սոցիալապես պատասխանատու մեդիա, մեդիա գրագիտություն և մեդիայի լեզուն։ Ես արդեն շուտվանից զգացել էի, որ վերջինը ինձ շատ է հետաքրքրում, գնացի այդ խումբ։ Հետո քննարկում անելիս Սիրանը մի լավ բան ասաց, հասկացա՝ ինչու էր էդպես հետաքրքիր։ Մեդիայի լեզուն, ասել է թե այն հնարքները, որոնց միջոցով կարող ենք այս կամ այն կերպ փոփոխել իրականում եղածը, հոգեբանական որոշ ազդեցություն ունենալ մարդու վրա, ամբողջովին նույն դեպքը ներկայացնել և լավ, և վատ ձևով, հիմնականում օգտագործում են մարքեթինգի մեջ՝ գովազդներում։ Դե, գովազդը ինքնին մեդիա է ու չէր կարող գոյություն ունենալ առանց դրա։ Որպես օրինակ կարող ենք դիտարկել հենց որևէ գովազդ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Դե, այս գաղափարը Սիրանինն էր, իմը չէր, զգացվում է՝ ով է ավարտել մարքեթինգի ֆակուլտետը, իսկ ով է դեռ երրորդ կուրսը ցեխից հանում։ Հենց Սիրանի ասածի վրա էլ միանգամից հիշեցի, որ վերջին հասարակայնության հետ կապերի դասին հենց դա էինք անում։ Հետևաբար՝ ես բավականին ոգևորված եմ իմ ընտրած թեմայով, ու հենց հիմա՝ նյութս վերջացնելուն պես, կիջնեմ առաջին հարկ, որպեսզի ինտերնետին միանամ ու հետազոտություն կատարեմ մեդիայի լեզվի մասին վաղվա մեր քննարկման ու խմբային աշխատանքի համար։

Մինչ վաղը։