marat sirunyan

Չգրված նամակ՝ մանկության…

Մանուկների աշխարհն այնքան հետաքրքիր է ու գունավոր, որ ամենուր, որտեղ կան նրանք, գունավոր ու հետաքրքիր է դառնում: Անգամ մանկական հիվանդանոցն իր հետաքրքրությունն ու գույներն ունի:
Իմ վաղ մանկության օրերից իմ հիշողություններում լավ պահպանվել են օրերը, որոնք ես անցկացրել եմ Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոցում: Որքան էլ զարմանալի է, այդ օրերից հիշողություններումս պահպանվել են ոչ թե ցավի, հիվանդության, կամ այլ տխուր փաստերի, այլ լավ, համ ու հոտով, ինչու` ոչ, ուրախ դրվագները:
Վեց տարեկան էի: Երկար ու խուճուճ անուն ունեցող հիվանդությունս ինչ-որ հազվագյուտ ալերգիա էր, բայց դա այնքան էլ էական չէ: Այդ հիվանդանոցում, այժմ՝ չգիտեմ, բայց այն ժամանակ հիվանդասենյակները միմյանցից բաժանվում էին ոչ թե պատերով, այլ վարագույրներով: Առաջին երկու օրերն անցան ձանձրալի, ամենքն իրենց վարագույրների ներսում փակված էին: Հետո ինձ տեղափոխեցին նույն տարածքի այլ հիվանդասենյակ: Պարզվեց՝ վարագույրից այն կողմ իմ հասակակից մի աղջնակ էր իր տատիկի հետ: Սկզբում նրա հետ էի խաղում, զրուցում, վիճում ու հաշտվում: Հերթական զրույցներից մեկը շատ է տպավորվել.
-Մարդու մաշկը այրվելիս հավի մսի պես տժտըժում է, չէ՞,- հարցրեց նա:
Ծիծաղեցի.
-Չգիտեմ, երբեք չեմ փորձել,- սկսեցինք ծիծաղել:
-Հա-հա, էդպես է, ես գիտե՜մ,- մի պահ զարմացած նրան նայեցի, հետո ծիծաղն ավելի ուժեղացավ ու երևի տարածվեց հիվանդանոցով մեկ: Իսկ ինչքա՜ն հեռուն կարող է ձգվել մանկական երևակայությունը:
Հետո վարագույները քիչ-քիչ, հերթով բացվեցին: Դրանց հետևում եղած երեխաները մեկը մեկից հետաքրքիր ու լավն էին:
Մի փոքրիկ կար, ինձնից էլ փոքր, դժվարությամբ էր բառեր արտասանում (անկեղծ ասած՝ չեմ հիշում՝ տարիքի՞ց էր, թե՞ առողջական խնդիր): Հայրը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր, մայրը՝ համեստ ու բարի մի կին: Ֆինանսական հարցերի հետ կապված խնդիրներ, ինչպես հասկացա, չունեին, բայց խնդիրներն ամենքի համար են. նրանց շատ էր մտահոգում մի բան՝ երեխան գրեթե ոչ ոքի հետ չէր շփվում, խոսափում էր շփումից: Չգիտեմ՝ ինչո՞ւ կամ ինչպե՞ս, բայց այդ երեխան ինձ հետ շատ էր կապվել: Ինձ հետ և՛ շփվում էր, և՛ խաղում, և՛ նկարում: Ավելի ճիշտ՝ միայն նա էր նկարում, ես էդպես էլ երբեք նկարելով չփայլեցի: Պետք է ասեմ, որ լավ էր նկարում, բայց բարդ ու խորը: Երևի իր ներաշխարհի պես: Հիշում եմ, երբ մայրը տեսնում էր, թե ինչպես է նա ինձ հետ ընկերություն անում, այնքան էր զարմանում: Ի դեպ, ամեն անգամ իմ սենյակ այցելելիս չէր մոռանում շոկոլադների մասին: Մի լավ ու կարևոր բան էլ եղավ: Երբ գրեթե բոլոր երեխաներով հավաքվում էինք իմ սենյակում, քիչ-քիչ նա էլ էր շփվում մյուսների հետ: Քիչ, բայց արդեն շփվում էր:
Երբ ես դուրս էի գրվում, գրեթե բոլորն արդեն տուն էին գնացել, փակ վարագույր գրեթե չկար: Այդ օրն էլ ես ու իմ «հարևան» աղջնակը դուրս գրվեցինք: Երանի այդ հիվանդանոցները միշտ այդպես դատարկ լինեն, ոչ մի երեխա, ու նաև մեծերը, երբեք առողջական խնդիր չունենան:
Հիմա անկեղծ կարոտում եմ այդ օրերը, ավելի ճիշտ՝ հենց այդ երեխաներին: Նրանցից ամեն մեկն իր առանձնահատկությունն ուներ, իր գույնը, իր աշխարհը: Եթե այսօրվա՝ գիտության առաջընթացի ստեղծած կապի միջոցներից գեթ մեկը այն ժամանակ լիներ, այսօր չէի ափսոսա մանկության չգրված նամակի համար:

Խմբագրության կողմից. Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոցում այդ օրերին բուժում ստացած երեխաներ, եթե Մարատի հիշողություններում ճանաչեցիք ձեզ, խնդրում ենք, կապնվեք մեզ հետ: Կարծում ենք, դեռ շատ բան կա պատմելու, միգուցե տարիներ անց հանդիպելու և պարզելու, թե ինչպես դասավորվեց յուրաքանչյուրիդ կյանքը:

Հուսով ենք, բոլորդ ողջ և առողջ եք:

armenuhi hakobyan

Եթե միայն ցանկություն լինի

Աշխատատեղերի պակասության հարցը ինձ ամենաշատն է հուզում իմ քաղաքում: Այդ իսկ պատճառով Սպիտակում կան շատ սոցիալապես անապահով մարդիկ:

Եթե օրինակ բերեմ ինձ վրա, ապա կասեմ, որ ես սոցիալապես անապահով չեմ, որովհետև հայրս գտնվում է արտերկրում՝ աշխատելու նպատակով: Մայրս նույնպես աշխատում է, սակայն Երևանում, ուստի ես չեմ կարողանում տեսնել իմ ընտանիքի բոլոր անդամներին՝ ծնողներիս, որոնց ամենօրյա խորհուրդների կարիքը զգում է ամեն երեխա:

Շատ ընտանիքներ են գտնվում այս վիճակում: Ես հարցի լուծումն եմ առաջարկում: Սպիտակը, մինչև աղետի գոտի լինելը, եղել է, այսպես ասած, արդյունաբերական քաղաք, սակայն երկրաշարժից հետո գործարանները քանդվեցին, բայց ոչ ամբողջովին: Մեր կառավարությունը կարող է վերանորոգել գործարաններից գոնե մեկը, վերագործարկել, և դա օգուտ կբերի թե՛ պետությանը, թե՛ Սպիտակ քաղաքին:

Մեր քաղաքը փոքր է, և եթե ցանկություն լինի, նրա խնդիրները շատ արագ կարելի է լուծել, և ես ու ինձ նման շատ-շատերը կապրենք լիարժեք կյանքով՝ մեր ծնողների կողքին:

hovik vanyan

Նույնիսկ մտքերս կորան…

Ամբողջ օրը մտածում էի, թե ինչ գրեմ ինքս իմ մասին ու ամփոփեմ իմ ապրած 15 տարիները: Դե, երևի կռահեցիք, որ ծննդյանս օրն է… 15 րոպե կլիներ, որ նստել էի նյութ գրելու, բայց մտքերս գալիս էին ու հանկարծ գնում: Հենց փորձում էի մի միտք որսալ` անհետանում էր: Այ քեզ բան, բայց, չէ՞ որ ամբողջ օրը մտածել էի ու արդեն գրեթե գիտեի, թե ինչ եմ գրելու…

Ի դեպ, ընդամենը մի քանի նախադասություն եմ գրել, բայց երբ ստուգում էի գրածս, տեսա, որ արդեն 7 տառ «կուլ եմ տվել» (երևի ծերանում եմ…): Հիմա կմտածեք՝ գժվել եմ, բայց, չէ, չեմ գժվել, ուղղակի ինչ-որ տարօրինակ զգացումներ ունեմ: Այսօր, երբ այս նյութը գրում եմ` 15 տարեկան եմ, իսկ վաղն այն կարդալիս կլինեմ 16 տարեկան…

Հետ նայելով իմ եկած ճանապարհով, շատ հիշողություններ եմ ունենում ու տեսնում, թե ինչքան իրարից տարբեր դեպքեր են եղել, որոնց վաղը նայելու եմ այլ աչքերով:

Երբ ծնողներս պատմում են իմ առաջին քայլերի ու բառերի մասին, մեծ հրճվանք եմ ապրում ու փորձում եմ ինձ պատկերացնել այդ վիճակում: Չեմ էլ կարողանում հասկանալ, թե ինչքան արագ են անցնում տարիները: Կարծես, դեռ երեկ լիներ, որ գնում էի մանկապարտեզ: Կարծես, դեռ երեկ լիներ, որ հայոց այբուբենն էի սովորում: Չգիտեմ: Չեք էլ կարող պատկերացնել կամ հավատալ, թե ինչքան եմ հուզվել, էլ չեմ կարողանում շարունակել մտքերս: Երևի այսքանով էլ վերջացնեմ, չնայած որ շատ ասելիք ունեի: Միայն վերջում չեմ կարող չասել ամենակարևորը.

-Շնորհակալ եմ ձեզ, մամ ջան, պապ ջան… Շնորհակալ եմ, որ ինձ կյանք եք պարգևել…

Ani Ghulinyan

Հետաքննություն

-Սուս, հիշո՞ւմ ես` մանկապարտեզից ինչպես էինք փախչում:
-Հա՛, հետո էլ գնում էինք ձեր տուն, ստում՝ ասում էինք, թե մեզ թույլ են տվել, որ տուն գանք:
-Ես ու Կորյունն էլ մանկապարտեզից տուն ճանապարհին ինչքան սիգարետի գլանակ կար՝ հավաքում էինք:

Իմ շատ ընկերներ իրար հետ են գնացել մանկապարտեզ: Ես այս խոսակցությունները լսելիս ուղղակի հետ եմ քաշվում, բացում մի որևէ դասագիրք ու իբր խորանում դասը կրկնելու վրա, բայց իրականում փորձում եմ մտաբերել, թե ինչո՞ւ հիմա ես չեմ կարող պարզապես նրանց հետ խոսել իմ մանկապարտեզի տարիներից:
Ես մանկապարտեզ չեմ գնացել, կամ ինչպես ես եմ միշտ ասում՝ երկու ամիս, բայց իրականությունն այն է, որ այն տևել է մեկ ամսից էլ քիչ, բոլոր սովորական երեխաները գնացել են մանկապարտեզ, իսկ ես․․․Բայց պատճառն այն չէր, որ չէի կարողանում երկար ժամանակ ծնողներիցս հեռու մնալ կամ լռակյաց էի ու չշփվող: Ընդհակառակը, ասում են՝ լավ էլ ակտիվ երեխա եմ եղել, մի քիչ էլ՝ երես առած:
Մանկապարտեզը մեր տանը շատ մոտ է, դրա համար մանկապարտեզի դռան ամեն բացվելու հետ առիթը բաց չէի թողնում ու փախչում էի տուն: Բայց եկեք գնանք մանկությանս ամենատպավորված պահը ու հասկանանք, թե ինչո՞ւ էի փախչում: Երբ նոր էի սկսել մանկապարտեզ գնալ, շատ էի սիրում ինձանից մեծերի հետ խաղալ։ Մի անգամ էլ, երբ շատ պնդեցի, որ նրանց հետ խաղամ, մի կարմիր զգեստով, սև մազերով աղջիկ ինձ ապտակեց։ Ես էլ լաց լինելով՝ փախա ներս: Հիմա՝ այսքան տարի անց, մտածում եմ, թե ինչո՞ւ ես էլ չհարվածեցի, հա՛մ ինքս ինձնից գոհ կլինեի, հա՛մ էլ՝ հիմա չէի ափսոսա: Այդ դեպքից հետո անընդհատ առիթ էի փնտրում մանկապարտեզում քնելու, երեխաներից հեռու մնալու համար, որովհետև վախենում էի: Մի օր էլ տանը շատ երկար լաց եղա ու վերջնական ասացի, որ այլևս մանկապարտեզ գնացողը չեմ։ Այսպես ավարտվեց կյանքիս այս մի փուլը, որը կարող էր ավելի երկար տևել:
Այս ամենի մասին երկար ժամանակ մոռացել էի, բայց երբ մի օր դասարանի երեխաներով որոշեցինք մեր մանկության լուսանկարները բերել, տեսա, որ բոլորը մանկապարտեզում նկարված լուսանկար ունեն, բացի ինձնից, որոշեցի մի յուրօրինակ հետաքննություն անցկացել: Բոլոր 9-11-րդ դասարանի աղջիկներին հարցնում էի, թե փոքր ժամանակ կարմիր զգեստ ունեցե՞լ են: Բայց մոռացել էի, որ իմ մանկության այդ պահը միայն ինձ մոտ էր լավ տպավորվել, մյուսներն իրենց այդ տարիքի զգեստապահարանի մասին ոչինչ չէին էլ հիշում: Եկավ ժամանակ, երբ ամենամոտ ընկերուհուս նույնպես սկսեցի կասկածել։ Համ սև մազեր ունի, համ էլ՝ բռնակալի բնավորություն, ինչպես մանկապարտեզի այն աղջիկը: Հետո հասկացա, որ այդպիսի տվյալներով տասնյակ աղջիկներ կան, ու անհնար է գտնել մեղավորին, պիտի լարեմ հիշողությունս ու այլ մանրամասներ էլ հիշեմ: Մինչև հիմա էլ սպասում եմ հիշողությանս փայլատակմանը, բայց համոզված եմ, եթե մի օր գտնեմ մանկապարտեզային կյանքս այդպես տխուր կերպով թունավորողին, ցույց կտամ, որ երբեմնի թույլ ու անպաշտպան աղջիկը մեծացել է ու արդեն իրեն պաշտպանել գիտի:

«Բացի նկարչությունից ինձ ոչ մի բան չի հետաքրքրում»։

Օրերս այցելեցի նկարիչ Լևուշ Հակոբյանի արվեստանոց, ով իր հետևում թողել է ստեղծագործական ու մանկավարժական մեծ գործունեություն։ Արվեստանոցում տիրում էր հաճելի, ստեղծագործական մթնոլորտ։ Լսվում էր հաճելի երաժշտություն, որն էլ երևի այնտեղ ծնվող արվեստի գործերի գեղեցության ու յուրօրինակության գաղտնիքն է։ Կային բազմաթիվ երիտասարդներ, ում հետ էլ իր բազմամյա փորձով կիսվում էր նկարիչը։ Մի հետաքրքիր բան ևս նկատեցի։ Երբ խնդրեցի նկարչին ցույց տալ իր նկարները, արվեստանոցում միայն գտնվեցին իր առաջին աշխատանքները և նրանք, որոնք իր կյանքում նշանակալի դեր խաղացել։ Ստորև ներկայացնում եմ մի փոքրիկ հատված մեր զրույցից։

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին

-Ծնվել եմ Սպիտակում, սովորել եմ Սպիտակում, գնացել, վարժապետ եմ դառել Երևանում։ Հետո էստեղ վարժապետություն եմ արել։

-Ինչպե՞ս որոշեցիք, կամ ո՞վ հորդորեց Ձեզ վերցնել մատիտն ու նկարել։

-Դա ներսից ա եղել։ Ինքս ինձ։ Ոչ մեկը բացարձակ չի ուղղորդել։ Սիրել եմ, արել եմ, ու տենց էլ շարունակվել ա։

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

-Իսկ ո՞ր տարիքից եք նկարել։

-Հինգերորդ դասարանից։ Տասներկու տարեկան էի։

-Ձեր առաջին նկարը հիշո՞ւմ եք։

-Հա՜։ Մի հատ կարմիր խնձոր էր, մեկ էլ նեռժավկից դանակ։ Էդ դանակը հիմա էլ կա, պալիտրա եմ շինել։

-Նկարչության ո՞ր ճյուղն եք նախընտրում։

-Բոլոր։

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

-Իսկ ովքե՞ր են Ձեր սիրած նկարիչները։

-Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար։ Իբր նրա պեսը կա՞ էլ։

-Գիտեմ նաև, որ դասավանդում եք։ Ի՞նչ եք կարծում, երիտասարդների մեջ կա՞ն շնորհալիներ, որոնց մեծ ապագա է սպասվում։

-Իհարկե, կան։ Բայց ամեն ինչ կախված է իրենց աշխատասիրությունից ու տաղանդից։ Սերունդը լավն ա։

-Այսինքն, աշխատասիրությունը ևս կարևո՞ր է։

-Առանց դրա՝ ի՞նչ։ Շատ չնկարես՝ չես կարա, շատ չնվագես՝ չես կարա։ Աշխատասիրությունն ամեն տեղ ա կարևոր։ Ո՞նց կարա շատ չնվագի ու դառնա հանճարեղ։ Դա անհնար ա։ Ինչքան էլ ուզըմ ա ներսից լինի, պիտի կատարելագործվի, վարպետանա։ Առանց դրա չի լինի։

-Ինչպե՞ս եք գնահատում գեղարվեստի դպրոցների աշխատանքը։

-Դա կախված է մարդկանց աշխատանքից։ Դա անհատի անհատական մոտեցում ա։

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

-Եթե նկարիչ չլինեիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

-Կարող ա լինեի մարշրուտկու շոֆեր (կատակում է)։ Բացի նկարչությունից ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Մարդն ինչ լավ ա զգում, էն էլ պիտի դառնա։ Մենակ վարպետությունն են ձեռք բերըմ, մնացածը զգալու վրա ա։ Եթե զգալը չեղավ, սաղ սուտ ա… Կույրն էլ ա նկարըմ ու նա զգալով ա նկարըմ, ի՞նչ մնաց առողջ մարդը տեսնի, չզգա ու գործ անի։

-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին։

-Աշխատանք։ Միայն աշխատանք։ Թող թուղթ սևացնեն։ Ու կաղապարների մեջ չմտնեն։ Արվեստը սահմաններ չունի։ Մեկն ուրիշ ձև ա ընկալում էդ գույնը, ծավալն ու ձևը, մեկն՝ ուրիշ։ Թող ազատ ստեղծագործեն։ Արվեստում ճիշտ ու սխալ չկա։ Չի կարելի համեմատել ու առավել ևս քննադատել։

-Ո՞րն է Ձեր սիրած գույնը։

-Կապույտը, բաց երկնագույնը, բայց սկզբից սպիտակն էր։

-Օրվա մեծ մասը անցկացնում եք այստեղ՝ արվեստանոցում ու նաև այստեղ եք շփվում Ձեր աշակերտների հետ։ Ի՞նչ հետաքրքիր դեպքեր եք հիշում։

-Էստեղ ծնունդ ենք անում, կատակում, դաս ենք անում, նկարում։ Մենակ ասում եմ շատ հումոր արեք: Արվեստագետը պետք ա հումորով լինի, պայծառ լինի։ Եթե արվեստագետը հումոր ու պայծառություն չունենա, իր արած գործերը կդառնան Պիկասոյի վերջին գործերի պես սև ու մութ։ Բայց էս պահին մեկը հիշեցի։ Մի անգամ մի լրագրող էր եկել, սուր քաղաքական հարցեր տվեց, ես դրանից ջղայնացա։ Մի կատու ունեի, եկավ թռավ ուսիս, սրանք վախեցան՝ բա էս ի՞նչ գազան ա։ Ես էլ ասի՝ գազանը դուք եք, որ ով ինչ ասում ա, կրկնում եք։ Արվեստագետին չի կարելի խառնել քաղաքականությանը։

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

-Այսինքն, մտածում եք, որ մտավորականը պետք է քաղաքականությունից հեռո՞ւ մնա։

-Կա մտավորական, որ քամելեոնի պես մենակ բարձր խավի երգն ա երգում քծնելու համար։ Այ մտավորական, դու քո գործն արա, քո ինչի՞ն ա պետք փառք ու եսիմ ինչեր։ Էն մարդն, ով ձգտեց փառքի, պաշտոնի ու աթոռի, նույնիսկ բարև մի տուր։ Դրանցից հեռու։

Լևուշ Հակոբյանը շատ հետաքրքիր մարդ է և նույնքան էլ հետաքրքիր նկարիչ։ Իսկ մի անգամ նրա արվեստանոց գնալով, ցանկանում ես նորից վերադառնալ։

Կյանքի ու մահվան արանքում

Հայ ազգն այնքան հերոսներ է ծնել, որ դժվար է հիշել բոլորին անուն առ անուն: Բայց նրանց սխրանքները հիշել պարտավոր ենք: Պարտավոր ենք նաև հիշել մերօրյա հերոսներին: Իմ զրուցակիցը մերօրյա հերոսներից Կամո Հովսեփյանն է:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Մինչ ծառայության գնալը ինչո՞վ էիր զբաղվում: Ի՞նչ մասնագիտությամբ ես սովորել:

-Զբաղվել եմ սպորտով`ազատ ոճի ըմբշամարտով: 8-րդ դասարանից Դսեղից տեղափոխվել եմ Վանաձոր ու այնտեղ շարունակել սպորտով զբաղվել: Բայց այս մասնագիտությունը իմը չէր, դրա համար էլ չշարունակեցի: Հետո արդեն եկավ ժամկետային զինծառայության գնալու ժամանակը:

-Ինչպե՞ս ես վերաբերվում զինվորական պարտադիր ծառայությանը:

-Ցանկալի է, որ բոլոր հայ տղաներն էլ ծառայեն: Այն պետք է տղաներին, քանի որ տալիս է ինքնուրույն ապրելու փորձ, կյանքը ճիշտ գնահատելու նոր հնարավորություն:

-Քո ծառայության մեծ մասը անց ես կացրել ԼՂՀ սահմանային գոտում: Մի քիչ պատմիր այդ ժամանակվա սահմանային իրավիճակի մասին:

-Սահմանային իրավիճակը նորմալ էր, ընդհանուր լարվածությունը ու կրակոցները միշտ էլ եղել են, ու դրանց լուրջ վերաբերվելու անհրաժեշտություն չկար: Թշնամու կրակոցներին պատասխանում էինք հազվադեպ, միայն ծայրահեղ անհրաժեշտության ու հրաման ստանալու դեպքում:

-Ի՞նչ կպատմես 2015-ի ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերվա մասին:

-Այդ մի օրը ինձ համար հավասարազոր էր մի ամբողջ կյանքի: Ճիշտ է, նախորդ տարվա ապրիլի 2-5-ն ընկած հատվածում ավելի դաժան բաներ եղան, բայց ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ինձ համար բոլորից տարբերվում էր: Դեպքը եղել է մոտավորապես 5-ից քսան պակաս`լուսադեմին: Թշնամին անակնկալ հարձակում էր կազմակերպել: Թափանցելով խրամուղի՝ առաջացել էր դեպի մեզ: Իմ ու զինակցիս`Միրզայի վերակարգն էր, փորձեցին մեզ անցնել, բայց չհաջողվեց: Առաջին կրակոցը եղավ Միրզայի վրա: Նրան օգնեցի, տեղավորեցի խրամաբջջում ու անցա թշնամու դեմ մենամարտի: Կռվել եմ ութ և ավելի հոգու հետ: Ամեն տեսակի զենք էլ օգտագործել են իմ դեմ, բայց չեն կարողացել լուրջ հաջողության հասնել: Ես իմ զենքով որոշ ժամանակ պայքարեցի, հետո կրակեցի թշնամու ուղղությամբ, իրենք էլ ավելի ուժեղ պատասխանեցին: Շարժվելու հնարավորություն էլ չկար, որ հետ գնայի ավելի հարմար դիրքից մարտ վարելու, կրակել եմ մի տեղից, ձեռքիս տակ ունեցած զենք-զինամթերքով: Առաջին նռնակը նետելուց հետո նրանցից մեկը տեղում զոհվեց: Ոչ մի դիակ չէին թողել, ամեն ինչ հավաքել տարել էին, միայն որոշ զենք-զինամթերք էի թողել: Մարտը տևեց 20-25 րոպե: Զոհ չենք ունեցել, վիրավոր մենակ ես էի: Այս օրը կարելի է համարել իմ երկրորդ ծնունդը:
Ողջ եմ մնացել նախ և առաջ Աստծո հովանավորությամբ, հետո արդեն իմ պայքարելու, տվյալ պահին չխառնվելու ու ճիշտ գործողությունների դիմելու շնորհիվ:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Ի՞նչ վնասվածքներ ստացար մարտի ընթացքում:

-Վնասվածքը եղել է թշնամու նետած նռնակի բեկորից: Ձախ ձեռքիս բազկի ոսկորն էր ջարդվել: Վիրահատվեցի, հիմա ամեն ինչ լավ է: Սկզբում չէի կարողանում շարժել ձեռքս: Իրենց գցած նռնակից հրաշքով չեմ վիրավորվել շնորհիվ գրպանումս եղած Աստվածաշնչի ու զինվորական հուշատետրի: Նռնակը ծակել էր երկուսն էլ, բայց ինձ չէր դիպել:

-Ի՞նչ շքանշաններ ստացար սխրանքիդ համար:

-Ստացել եմ ԼՂՀ նախագահի կողմից Մարտական Խաչ Երկրորդ աստիճանի մեդալ, ՀՀ նախագահի կողմից՝ Արիության մեդալ ու Պաշտպանության նախարարի կողմից դրամական պարգև:

-Դեպքից հետո ի՞նչ է փոխվել քո կյանքում:

-Ավելի լուրջ եմ սկսել մտածել դիվերսիաների, թշնամու հարձակումների մասին, քանի որ ինքս եմ զգացել իմ մաշկի վրա: Ընդհանուր, ես նույն մարդն եմ, պարզապես մտածելակերպս է փոխվել, սկսել եմ ավելի արժեվորել կյանքը: Հիմա այն ավելի քան երբևէ թանկ եմ գնահատում: Թանկ եմ գնահատում նաև հայրենիքը, դրա համար էլ հիմա աշխատում եմ Զինված ուժերում որպես դասակի հրամանատար`լեյտենանտ:

-Ի՞նչ է քեզ համար հայրենիքը:

-Այն օրը՝ ապրիլին, կամա թե ակամա, փրկելով իմ կյանքը, ես պաշտպանել եմ նաև իմ հայրենիքի սահմանները: Ինչպես Թեոդոր Ռուզվելտն է ասում. «Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա»: Ես արդեն ապացուցել եմ, որ կարող եմ մեռնել հանուն հայրենիքի, բայց հիմա հերթը ապրելունն ու հայրենիքը շենացնելունն է: Հայրենիքն ինձ համար այն միակ վայրն է, որտեղ ես կարող եմ ընտանիք կազմել և դաստիարակել երեխաներիս:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Մեկնարկել է ձմեռային զորակոչը, ի՞նչ խորհուրդ կտաս այն զինվորներին, որոնք նոր են գնում բանակ, և հնարավոր է, հայտնվեն քո իրավիճակում:

-Միայն կասեմ, որ «դուխով» լինեն: Իրենք պիտի իրենց գործողությունները կարգավորեն, յուրաքանչյուր դիվերսիա լինում է տարբեր: Խորհուրդ կտամ զինվորական ծառայության ժամանակ և մասնավորապես դիրքերում ոչինչ ականջի հետև չգցել, միշտ պատրաստ լինել ու զգոն. թշնամին անկանխատեսելի է: Այն, ինչ ասվում է զինվորին, ինչ կա զինվորի օրակարգում, չի ասվում անիմաստ, ամեն բան էլ հետո պետք է գալու: Աստված պահապան բոլոր հայ զինվորներին:

Կամոն մեր գյուղի պատիվը բարձր պահելու ու հայրենիքը անձնվեր պաշտպանելու համար արժանացել է նաև Դսեղի պատվավոր քաղաքացի կոչման:

Դարձիր այն, ինչ կաս

Ընկեր Բեժանյանն ինձ ու Ստելլային առաջարկեց մեր դպրոցը ներկայացնել Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կազմակերպված «Մասնագիտական կողմնորոշման դասընթացի» ավարտական միջոցառմանը: Պետք է խոսեինք մասնագիտությունների մասին, բայց չգիտեինք, թե ինչպիսի ելույթ պատրաստենք: Վերջապես որոշեցինք խոսել այն մասին, թե ինչպես ընտրել մասնագիտություն: Սկսեցինք ելույթի վրա աշխատել ու անկեղծ ասած՝ մի քանի անգամ փոփոխեցինք:

Միջոցառումը Երևանում էր լինելու: Արդեն մի քանի օր էր մնում, բայց ես ու Ստելլան դեռ այդքան էլ լավ չէինք պատրաստվել մեր ելույթին: Ես առաջին անգամ չէի լինելու մեծ բեմի վրա, իսկ Ստելլայի համար դա առաջինն էր լինելու: Մի քիչ վախենում էր, բայց կարողացա օգնել խորհուրդներով: Ամեն օր փորձ էինք անում, կամաց-կամաց ստացվում էր:

Պետք է Երևան գնայինք մեկ օր առաջ, որպեսզի մասնակցեինք փորձին: Շատ էինք ուրախացել, որովհետև տեսնելու էինք մեր մյուս մարզերի ընկերներին, որովհետև հաճախ չենք կարողանում հանդիպել…

Արդեն միջոցառման օրն էր, խորագիրը շատ խոսուն էր` «Դարձիր այն, ինչ կաս»: Անհամբեր սպասում էինք մեր ելույթին: Եվ ահա լսվեց հաղորդավարի սպասված ձայնը․

-Բեմ ենք հրավիրում Հովիկ Վանյանին և Ստելլա Ավետիքյանին:

-Ստե’լ, մի լարվի, հաստատ լավ ենք ներկայանալու։

-Լա՛վ, գնացինք…

Արդեն բեմի վրա էինք ու նույնիսկ մոռացել էինք, որ լարված ենք: Ելույթի ընթացքում խոսեցինք մասնագիտությունների ընտրության մասին, իսկ վերջում մի բանաձև հորինեցինք.

«Արա այն, ինչն արժեք ունի հասարակության համար, ու երբ գիտակցես, թե որքան կարևոր է մասնագիտությունդ, կսկսես այն ավելի շատ սիրել, ու ինչքան շատ սիրես, այնքան ավելի շատ կսիրես»: Չզգացինք, թե ինչպես ավարտեցինք ելույթը, ու երբ իջանք բեմից, արդեն ամբողջովին հանգիստ էինք, ու այդպես էլ շարունակվեց ամբողջ օրը։ Բայց վերջում տխրեցինք, որովհետև եկել էր հրաժեշտի պահը:

margarita hakobjanyan

Իմ կարծիքով, ամենակարևորը

Սպիտակում շատ խնդիրներ կան, և ինձ հուզող խնդիրներից է աշխատատեղերի խնդիրը: Այն ոչ միայն Սպիտակի խնդիրն է, այլ ամբողջ Հայաստանի: Այս խնդրի պատճառով շատ ընտանիքներ են տուժում: Ոմանք մենակ, ոմանք ընտանիքներով են գնում արտերկիր՝ ապահովելու իրենց ընտանիքների մինիմալ ապրուստը: Իմ շրջապատում կան շատ այդպիսի ընտանիքներ: Կարող եմ օրինակ բերել իմ հարևանի կյանքից: Այդ ընտանիքի ժառանգը գնացել է արտերկիր՝ աշխատելու: Վերջերս նա, գալով Հայաստան, ամուսնացել է, և իր հարսանիքի ծախսերը հոգալու համար նորից գնացել է արտերկիր:

Բերեմ ևս մեկ օրինակ: Կա մի ընտանիք, որտեղ ապրում են երկու երեխա: Նրանց հայրը մեկնել է արտերկիր և տարին մեկ կամ երկու անգամ է տեսնում իր երեխաներին: Իսկ ընտանիքի մայրը աշխատում է առավոտից մինչև գիշեր՝ նվազագույն աշխատավարձով: Իսկ երբ տուն է գալիս, արդեն երեխաները քնած են: Երեխաներին խնամողը իրենց ծեր տատիկն է, որին նույնպես խնամք է հարկավոր:

Այսպիսի ընտանիքների պատմությունները բազմաթիվ են Հայաստանում: Ինձ թվում է, եթե գործեին Սպիտակում ժամանակին աշխատող գործարանների կեսը, ապա այս խնդիրը վաղուց լուծված կլիներ:

Ani Ghulinyan

Վերջիվերջո, ինչի մասին գրել

Այս կայքի բոլոր թղթակիցների ուղեղներում, եթե նրանք պարտաճանաչ են ու ակտիվ, երկար ժամանակվա նյությային երաշտից հետո մի միտք է պտտվում միայն: Ինչի՞ մասին գրել: Ու սկսվում է իսկական որսը: Մենք (գրում եմ մենք, բայց հնարավոր է մենակ ես եմ այդպես անում) սկսում ենք պտտվել ընկերների շուրջը, մայրիկից մի միտք թռցնել, հեռուստացույցով մի շշուկ լսել, փոքր երեխաների խոսակցությանը ականջ դնել, որ մի նյութի թեմա գտնենք:

Բայց ինչքան փորձը ցույց է տալիս (ես եմ ինձ վրա փորձ արել), լավագույն մտքերը գալիս են հանկարծակի ու առանց զգուշացնելու, նրանք չեն սպասում, որ դու իրենց փնտրես, գալիս են, ու վերջ: Բայց դա չի նշանակում, որ պիտի անգործ նստես ու սպասես , թե երբ կփայլատակի միտքդ:

Այս թեմայով վերջերս մի պատմվածք էի կարդում (Օ. Հենրիի «Մի երգիծաբանի խոստովանությունը»), որտեղ գլխավոր հերոսը՝երգիծաբանը, տառապելով խմբագրությանը նյութ հասցնելու մոլուցքով, կորցրել էր հումորի զգացումն ու հանգիստը:
Ամենալավ գաղափարները գալիս են այն ժամանակ, երբ արդեն ամեն բան սպառված է, ու թվում է, թե այս աշխարհում հետաքրքրության արժանի այլևս ոչինչ չկա: Հետաքրքիր մարդիկ, ուշադրության արժանի դպքերը մեր քթի տակ են, պարզապես լավ են քողարկված, պարզապես նրանք վախենում են շատ մարդկանց ուշադրության կենտրոնում լինելուց:

Ամեն մեկին մի բան բարդ է տրվում: Ինձ` նյութի վերնագիր ընտրելը: Այս գործն ինձ համար այնքան բարդ է, որ մեկ-մեկ անվերնագիր նյութեր եմ ուղարկում: Չէ որ վերնագիրը պիտի լինի այնպիսին, որ ընթերցողին ստիպի մտնել ու կարդալ առաջին տողը, իսկ դրանից հետո կշարունակի թե ոչ, դա այլ հարց է:
Բայց չնայած դժվարությանը, ինձ ազատ ժամանակ ամենից շատ նյութ գրելն է դուր գալիս, ու նամանավանդ, վերնագիր դնելու պահը: Չէ որ ամբողջ օրը ուղեղը ծանրաբեռնելուց հետո, պետք է թույլ տալ նրան մի քիչ էլ մարզել ինքն իրեն, տրամաբանել, փնտրել ու գտնել:

marat sirunyan

Քա չթողի՜ն, քասկնա՞ք…

Այս պատմության համար պետք է շնորհակալություն հայտնեմ ավագ ընկերներիցս մեկին՝ Նարինե Փայլակյանին, քանի որ հենց նա է այս պատմությունն ինձ պատմել: Նարինեի ամուսինը ավտոպահեստամասերի և սպասարկման կետ ունի Երևանում, որտեղ էլ երբեմն շատ հետաքրքիր դեպքերի է ականատես լինում: Բայց այս մեկն առանձնահատուկ էր:
«Ապրիլյան պատերազմի օրերին, երևի ամսի վեցը կամ յոթն էր, մի պապիկ եկավ: Ոգևորված՝ մարտական դիմեց տղերքին (ավտոմեխանիկներին).
-Տղե՛րք ջան, ձեր հոկուն ղուրբան, մարալս թըսթըսա գը, մե հադմ նայե՛ք, քանդե՛ք, հավկե՛ք, որ վազե, պառվծել է:
Մարալն էլ քսանհինգ-քսանյոթ տարվա ВАЗ 21-011 էր, նույն ինքը՝ «ջորի», է՜ն թվերի «տյունինգով»: Տղերքը իրար նայեցին, թե բա.
-Ա՛յ հեր, սրան ինչ էլ անենք, չի վազի: Դարն ապրել ա, համ էլ ժիգուլու գործ չենք անում, կներես, ուստա՛:
-Պա՜հ, էդ ընճի՞ որ, ժիգուլին ավտո չէ՞,- ակնհայտ նեղացավ: -Տղե՛րք ջան, ղուրբան էղնիմ ձեզի, բանըմ էրեք՝ Ղարաբաղ հասնիմ, հեդոյի հերն էլ անիձաձ…
-Ա՛յ հեր, Ղարաբաղ ինչի՞ ես գնում, քո համար ուշ չի՞:
-Չէ՛, ուշ չէ, կերտամ. ձագերիս դուխ տամ, ուդելիկ ու հակնելիք գտանիմ:
-Ուստա՛, քանի՞ տարեկան ես:
-Յոտանասունիրեկ:
-Ա՛յ պապի, ախր էն քո տեղը չի, մեկ ա, քեզ սահմանին մոտ չեն թողի, ինչո՞վ պտի օգնես:
-Ա՜խ, կերտամ, մեգ է՝ բդի էրտամ, քնաձ կեղնին` վրեկը գծածկեմ, խրամատ գփորեմ, ջրի կերտամ…
Լուռ հետևում էի էդ զրույցին: Տղերքը ճիշտ էին, բայց պապին համոզեց: Քանդեցին, բզբզացին, մի երկու ժամ տանջվեցին, ինչ կարող էին՝ արեցին, իսկ ես նայում էի մաշված անիվներին ու մտածում. «Էդ անիվներով չորս հարյուր կիլոմետր ո՞նց ա գնալու»: Պապի փորձառու հայացքից չվրիպեց իմ մտահոգությունը.
-Հա՛րս ջան, ճիշտ ես, կալոսներս քյաչալ են, բայծ գառաժս ունիմ մե զույկմ, գդնեմ դեմն ու քասնիմ, դարդ մի էրա, պառավ ձին մէ ոդով էլ կերտա: Էրտա՜մ, հեչ բան որ չենեմ, ձագերիս ոդները գլվամ, ըդիգ էլ խո՞ կըռնամ,- ապա խոսքն ուղղեց տղաներին,- տղե՛րք ջան, ի՞նչ բդի տամ:
-Բան չէ, ա՛յ հեր, լավ ա: Հաշվի մի բան էլ մենք ենք արել:
Պապը ավելի լայն ժպտաց: Էդ մի երկու-երեք ժամում պապը ջահելացավ…

-Դե, գնածի՛, հետ գամ՝ գուկամ, գպադմեմ:
-Սպասի՛, պա՛պ, ե՞րբ ես գնում:
-Հենց հմի: Տուն հասնիմ, կալոսներս փոխեմ: Պառավին ըսել եմ՝ ինչ կռնաս հավակե, էրտամ հասնիմ ձակերիս:
-Դե, որ էդպես է, սպասի, պա՛պ: Բան եմ պատվիրել, ուր որ է կբերեն:

Խոսքս կիսատ՝ ֆիրմայի մեքենան կանգնեց: Ինչ ուզել էի, մի բան էլ ավել՝ իրենց կողմից, բարձեցին ժիգուլու բագաժնիկը: Պապը մի տեսակ սսկվել էր, աչքերը թաց էին:
-Ա՛յ պապ, լացո՞ւմ ես:
-Գուլամ, հըբը, սիրդըս բարգծել (բարակել) է, գուլա՜մ, ձա՜կս, ի՞նճղ չլամ, գիշե՜ր-ցերե՜գ գուլամ…
Գրկեցի պապին, լացեցինք իրար հետ, հետո նրան ճանապարհեցինք՝ նորից հանդիպելու պայմանով:
-Էրտա՜մ,- վերջում արդեն մեքենայի միջից ասաց պապը,- էրտամ՝ մուրազս փորս չմնա, քանի սաղ եմ, բանըմ էնեմ… Ուշ չէ՜, երպեկ ուշ չի եղնի, կսպասե՛ք, հեդ գուկամ, գիշերվա երազս գպադմեմ: Ըդոր եդևեն կերտամ:
Ու գնաց:

Չգիտեմ՝ ինչու, պապի մասին լռում էինք, թեկուզ և հայտնի էր, որ բոլորս էլ մտածում էինք: Լռեցինք մի օր, երկու օր, երրորդ օրը մի հին հաճախորդ եկավ, որ նոր էր Արցախից վերադարձել: Դե, էդ օրերին բոլորի թեման նույնն էր, առանց հարցնելու էլ պատմում, կիսվում էին, մենք էլ ծարավի պես լսում ու լսում էինք: Իրար նման պատմություններ, բայց և տարբեր, տարբեր ճակատագրեր, գուցե և մի քիչ գունավորած, ինտրիգներով համեմված, մեկ է՝ լսում էինք: Բայց էս մեկն ուրիշ էր:

Պարզվեց, որ դեռ մարտի վերջից էր գնացել գործով, և էդ խառնաշփոթի պատճառով մնացել էր, սիրտը չէր տվել վերադառնա, որդին սահմանին էր ծառայում: Իմացանք, որ որդին ողջ-առողջ է, բան չմնաց, շուտով կգա, ուրախացանք իր համար: Տխուր էինք մնացածի համար, որ, ցավոք, էլ չեն գա:
-Բա՜, տղերք ջան, սենց բաներ,- շարունակեց հին հաճախորդը:-Բա որ իմանաք՝ ճամփին ում տեսա. մի լեննականցի համով բիձու, մատոռը խփել էր, մնացել էր ճամփին:
-Վա՜յ,- բերանիցս թռավ:
-Հա, քո՛ւր ջան, շատ նեղված էր, տղերքով օգնեցինք, ջորին քաշեցի տարա ծանոթիս տուն: Հիմա կպել ա ինձ, թե բագաժնիկս դատարկի քո ավտոն, հետ ենք գնում: Ասում եմ՝ այ ուստա, 10 օրից ավել ա տանը չեմ եղել, կգժվեն տնեցիք: Հնար չկա. «Չիդեմ, բանըմ էրա ընձի Ղարաբաղ հասծրա, ես եդ դառնողը չեմ: Չես օգնե՝ ոտով կերթամ, հըմը բագաժնիկս լի՜կը ուդելիկ է, ըդիգ չիդեմ ինճղ տանիմ»,- ասում էր ու լացում էս բիձեն: Սիրտս կտոր-կտոր եղավ, չօգնեմ՝ չի լինի, բայց չեմ էլ կարա հետ գնամ, բա ո՞նց անեմ:
Վերջը, ինչ գլուխներդ տանեմ, զանգեցի ստեղ-ընդեղ, դե շոֆեր մարդ եմ, սաղ գնացող-եկողի հետ ընկեր-բարեկամ ենք: Իմացա, որ ընկերս արդեն Գորիս ա հասել, ուրախացա: Պայմանավորվեցինք, հասցեն ասեցի, մնաց սպասենք, որ գա: Ասի՝ ուստա՛, հարցդ լուծեցի. ընկերս գնում ա Ղարաբաղ, հասել ա Գորիս, բան չմնաց, կհասնի, քեզ հետը կտանի: Պապն էլ մի քանի վայրկյանում օրհնեց աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար օրհնանքներով, մի կուշտ էլ քրֆեց հարևան թշնամիներին, դեսից-դենից խոսացինք, արցախյան ազատամարտում զոհված տղու մասին պատմեց, լացեց, մղկտաց, մինչև ընկերս հասավ, վեշերը բարձեցի, տեղավորեցի, մնաս բարով արեցի, ճանապարհեցի, գնացին:
Փաստորեն այդ ծերունին մեզ արդեն ծանոթ լեննականցի պապիկն էր եղել:
Մոտ 10 օր տեղեկություն չկար պապից: Ինչ ասես՝ մտածեցինք. ո՞ւր գնաց, ի՞նչ արեց: Վերջապես պապը եկավ: Մի քիչ մռայլ, տխուր էր: Սովորականի պես չժպտաց բարևելիս: Եկավ, նստեց, տղերքը գործ էին անում, ես էլ բան չհարցրի: Առանց մեքենայի էր:

-Պապ մի հատ համով սուրճ եփե՞մ:
-Չեմ ուզէ, հարս ջան, բաժագմ ջուր տուր…
Ջուրը խմեց, նայեց դեմքիս, հետաքրքրությունից պայթում էի, բայց կարծես վախենում էի հարցեր տալ:
-Բա՜, բալե՛ս, էս բիձուն սահման չթողին, հասա Ստեպանակերդ, չթողին, ինճղ լեզու թափի՝ չհամոզվան, չթողին: Ես էլ գիշերով մեգիմ հեդ գողդու ուզեծի էրտամ, բռնվա, թկին-մրին էս բիձա պաբուդ, վերջը տարաձս ղրգեծի սահման՝ տղեկին: Գնածի մե վայեննի հոսպիտալ, ըսի՝ գոնե հիվանդներուն պայեմ, չթողին,- դառնացավ, սկսեց լացել: -Հեդո տարան Երևանեն էգաձ տղեկի մոդ, իրանկ էլ ընձի շտաբ օկնուտյան ավտոյով ճամպու դրին Գորիս, ինդիծ էլ մե լավ տղում հեդ էգանկ Երևան… Քա՜, չթողի՜ն, քասկնա՞ք,- հոգուն հասած հայհոյեց,- ըսի՝ էրտամ, հեճ որ չէ՝ տղերկիս ոդները գլվամ… Չթողի՜ն…

Ինքը դառնացավ ու լացեց: Ես էլ լացեցի:
Դրանից հետո մի անգամ էլ եկավ, խոսեց, կիսվեց:
Էլ չեկավ… Իմացանք, որ ըմբոստ հոգին չէր դիմացել. գնացել էր որդու ու Աստծո մոտ»:

Հ.Գ. Պատմության հերոս ծերունու անունը չի նշվում, քանի որ նա, մահվանից առաջ, երբ կրկին եկել էր արհեստանոց, իմանալով, որ Նարինեն գրի է առել իր պատմությունը, խնդրել էր հանկարծ անունը և անմիջապես իրեն մատնացույց անող որևէ տեղեկություն չնշել: