marine nikoghosyan

Քարե տանն ապրելու երազանքը

Ինչո՞ւ չլինել հավասար: Ինչո՞ւ քաղել անարդար կյանքի պտուղները:
Ինչո՞ւ ապրել մի հասարակությունում, որտեղ ոմանք երազում են ապրել արքայական պալատներում, իսկ ոմանք՝ լոկ «քարե» տնակներում։
Կամա թե ակամա ականատես լինելով նման իրավիճակի, հոգումս ամեն ինչ ասես տակնուվրա է լինում։
Ինձ շատ հարազատ երկու փոքրիկներ ապրում են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի փայտե  փոքրիկ տնակներից մեկում։
Եվ, երբ հյուր էի գնում նրանց, նրանք ուրախությամբ դիմավորում էին ինձ, սակայն մի քանի րոպե անց նստում էին մի անկյունում և լուռ հետևում ինձ։ Տնակի փոքր լինելու պատճառով նրանք չէին կարողանում խաղալ և վազվզել։
Ամեն անգամ, երբ մեր «քարե» տան դուռն էին բացում, ինձ շատ հարազատ այդ փոքրիկները ուրախ աղմուկ-աղաղակով վազվզում էին սենյակից սենյակ, ցանկություն էին հայտնում, որ իրենք էլ դուրս գան այդ փոքրիկ ու ցուրտ տնակից և ունենան մեծ ու լուսավոր քարե տուն, սիրտս պատում էր մի խոր ցավ։ Ու մտքումս հայտնվում էր հարցերի մի անվերջ շարան: Ինչուներ, որոնց պատասխաններն այդպես էլ չէի ստանում։ Ու չգիտեի էլ, թե ինչպես սփոփեմ այդ փոքրիկներին և վստահ ասեմ, որ նրանք նույնպես կունենան իրենց երազանքների «քարե» տունը։
Բայց մի որոշ ժամանակ անց, երբ կրկին գնացի նրանց տուն, դռնակը դեռ չբացած, նրանք աղմուկ-աղաղակով ինձ ընդառաջ վազեցին և ուրախ-ուրախ բացականչեցին․«Մենք քարե տուն ունինք արդեն, պապան մեզի քարե տուն է առե»։ Նրանք իրենց ուրախ ճիչերով իմ սրտում հույսի մի փոքր նշույլ արթնացրեցին։
Հետո իմացա, որ նրանց հայրը արտագնա աշխատանքի շնորհիվ, մի փոքրիկ, բայց և լուսավոր ու տաք տնակ էր գնել։ Չեք պատկերացնի, թե այդ անմեղ էակների աչքերը ինչպես էին փայլում ուրախությունից։
Բայց և ցավոք ոչ բոլոր ծնողներին է հաջողվում աշխատանք գտնել, և կատարել իրենց փոքրիկների երազանքը՝ ունենալու լուսավոր, ջերմ, մեծ և հարմարավետ «քարե» տուն։ Մանավանդ Շիրակի մարզում, դեռևս բազմաթիվ ընտանիքներ են ապրում ժամանակավոր կացարաններում, որոնք վաղուց «ժամանակավոր» չեն:

ahanit gasparyan gyumri

Ուրեմն, հասցրեցի

Ես Անահիտն եմ: Սովորական աղջիկ, բոլորի նման, ով սիրում է երազել մեկ-մեկ թեկուզ անհույս, բայց ամեն դեպքում: Ասում են՝ գովասանքը խրախուսում է մարդկանց, բայց որոշ դեպքերում «փչացնում է» նրանց, բայց անկախ ամեն ինչից, ես սիրում եմ, որ ինձ գովում են իմ ընդունակությունների, կրեատիվության, ինչու ոչ, նաև արտաքինիս համար: Սիրում եմ, երբ առավոտյան բացում եմ աչքերս, նայում պահուհանից դուրս և ինքս ինձ մտածում, որ սա նոր օր է, և այն իմն է լինելու: Սակայն սիրում եմ նաև այնպիսի օրեր, երբ արթնանում եմ այն գիտակցությամբ, որ այսօր իմ ազատ օրն է, որ կարող եմ իմ սիրելի և հարմարավետ գիշերազգեստով շրջել տանը մինչ կեսօր, հաճախ ավելի ուշ… Սիրում եմ, երբ մարդիկ հասկանում են ինձ կես խոսքից, սակայն ցավոք, նրանք այնքա~ն քիչ են: Իրականում չեմ սիրում շփվել այն մարդկանց հետ, ովքեր իրենց մասին շատ մեծ կարծիք ունեն, բայց ինչ մեղքս թաքցնեմ, հաճախ ինքս եմ այդպիսին: Չեմ սիրում, երբ ինձ քննադատում են, բայց չեմ նեղանում, այլ փորձում եմ անտեսել կամ հետևություններ անել, փորձում եմ ինքս զերծ մնալ քննադատություններից, քանի որ մինչև չանցնես մարդու անցած ճանապարհով, մինչև չզգաս այն, ինչ ինքն է զգացել, երբեք չես կարող հասկանալ նրան: Եվ առհասարակ, կարծում եմ, պետք չէ քննադատել որևէ մեկին, որովհետև չգիտես ինչ իրավիճակում կհայտնվես դու հաջորդ րոպեին: 

Սիրում եմ կյանքով լեցուն ու ակտիվ երիտասարդներին, նրանք նման են գարնան, որը բերում է նոր հույս, ապրելու նոր իմաստ: Ինքս փորձում եմ լինել այդպիսին, բայց հաճախ եմ ծուլանում, հիմնականում համակարգչի կամ ընտանիքում տիրող ջերմ մթնոլորտի պատճառով: Նաև երջանիկ եմ, որ չեմ ծնվել այս տեխնոլոգիական սարքավորումների շրջանում, ամբողջովին վայելել եմ մանկությունս: Չնայած հիմա, մեծ տարիքում, ինչքան էլ որ օգտակար է տեխնոլոգիան, միևնույն է, այն խանգարում է ինձ շփվել ծանոթներիս, ընկերներիս, նույնիսկ ընտանիքիս հետ:

Շատ եմ սիրում սովորել, բայց հիասթափվել եմ այն ուսումնական հաստատությունից, որտեղ սովորում եմ, կամ միգուցե փոփոխություններ սիրող մարդ եմ ու արդեն հոգնել եմ չորս տարի նույն տեղում սովորելուց: Հաճախ ենք կատակում ընկերներով, որ արդեն շատ «հին» ենք այստեղ:

Սիրում եմ Գյումրիս` իմ արվեստների ու արհեստների քաղաքը, իմ երիտասարդական մայրաքաղաքը, բայց ցավոք սրտի չեմ տեսնում իմ ապագան այստեղ: Մասնագիտությամբ թարգմանիչ-գործավար եմ: Դե, վատ չէր լինի ավելի «թեթև» մի բան ընտրել բայց էլի չեմ բողոքում:

Սիրում եմ նվագել կիթառ: Հինգ տարի հո հենց այնպես չեմ սովորել երաժշտական դպրոցում: Երբեմն էլ սիրում եմ լսել ընկերներիս «անտաղանդ» երգերն ու նվագները: Սիրում եմ դասերից հետո ընկերներիս հետ շտապել ինչ-որ տեղ, ճանապարհին հասկանալով, որ քաղցած ենք ու դժվար կարողանանք տեղ հասնել, մտնել պատահած խանութ, գնել մեր սիրելի հացն ու հալած պանիրը, գնալ «մեր տեղը»՝ քաղաքի կենտրոնում գտնվող շենքի տանիք և ուտել հացն ու պանիրը և վայելել քաղաքի տեսարանը:

Մի խոսքով, երևի արդեն շատ երկար ստացվեց: Չգիտեմ էլ՝ հետաքրքրեց, թե չէ, բայց հույս ունեմ, որ մի օր նորից կգրեմ, թե ով եմ ես, բայց հաջորդ անգամ ավելի մանրամասն:

Էլի երկարում է: Այնքան հոգնած եմ, որ չգիտեմ էլ. կհասցնեմ ուղարկել 17.am-ին, թե կքնեմ հենց համակարգչիս առաջ…

Artur Sahakyan

Սա էլ ես

Ո՞վ եմ ես, դժվար հարց է, այս հարցին հստակ պատասխանելու համար, երևի մի ամբողջ ձմեռային գիշերն էլ չբավարարի:

Դե ինչ արած, փորձեմ ուղղակի ու անկեղծ պատասխանել: Ինքնահավանի մեկը: Հենց այսպիսին եմ, եթե ասեմ՝ բառիս բուն իմաստով, ապա մի փոքր չի համապատասխանի իմ անձին: Ինչըղ կըսեն մեր լեննագանցի՞ք.  «Գլուխ ունինք, կգովանք»: Ընդամենը 16 տարեկան եմ, բայց ունեմ շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրոք թանկ են ինձ համար: Չնայած ի՞նչ եմ խոսում, երևի հազարից մեկն է կարողանում ինքն իրենով ապրել: Ինչևէ, չեմ սիրում ձևականություններ, էն մանր-մունրի համար խոսելը անիմաստ եմ համարում, մի երկու բան էլ անկեղծանամ ու…

Կսիրեմ մեր Լեննագանի բարբառը, չնայած օր հենց լեննագանցի չեմ: Երևի սկզբում պետք է նշեի, որ գյուղից եմ՝ Շիրակի մարզի Գուսանագյուղից, բայց դե էսպես ստացվեց: Հիմա կմտածեք՝ ալարկոտ եմ, չէ՞, որ չփոխեցի շարադրանքիս հերթականությունը: Ալարկո՞տ, մի բառով կասեմ՝ չէ՛: Ձգտումն ինքնին փորձում է մարդու միջից հանել ալարկոտությունը, դե, ես էլ ունեմ նպատակներ, իսկ նպատակը առանց ձգտման, ըստ իս, էլ նպատակ չէ:

Գժություններ, բարձր երաժշտություն, պար ու ես: Բայց իրավիճակի լրջությունը միշտ եմ փորձում հասկանալ: Գժական «լեզգինկա». երևի թե հենց սա էլ իմ հոբբին է, բայց այդ ոճը ինձ չի խանգարել սովորել նաև հայկական պարեր:

Մի բան էլ առօրյայիցս. չեմ սիրում, որ ինձ դիմելուց՝ անունիս վերջում ավելացնում են -իկ վերջավորությունը, հակառակը սիրում եմ, երբ մտերիմ մարդիկ դիմում են անունիս կրճատ ձևով՝ Արթ:

Մի քանի տարի անց, ըստ իմ պլանների, կընդունվեմ ԵՊՀ-ի Իրավաբանական բաժինը: Չեմ խոստանում, բայց երևի մի օր լսեք իրավաբան Արթուր Սահակյանի մասին:

meri antonyan shirak

Ընդամենը մեկ օր տևած ընկերություն

Մեր գյուղում` Գուսանագյուղում, շատ թափառական շներ կան, որոնց մարդիկ բերել են պահել, ու երբ նրանք մեծացել են ու դարձել «անպետք», նրանց վռնդել են։

Այդպիսի մի շան մասին կուզեի պատմել, որի հետ ընկերություն արեցի միայն մեկ օր։ Պատմությունը սկսվեց այնտեղից, որ ես տուն էի վերադառնում դպրոցից ու տեսա, որ մեր աստիճանների վրա պառկած է մի շուն: Նրա սպիտակ մորթին հազիվ էր երևում, որովհետև ամբողջությամբ ծածկված էր ցեխով։ Ես մոտեցա, շոյեցի գլուխը ու արագ բարձրացա տուն։

Հաջորդ օրը, երբ դպրոց էի գնում, տեսա, որ այդ շունը գալիս է իմ հետևից։ Ամբողջ ճանապարհին ես իմ հայացքը չէի կտրում նրանից: Չգիտեմ, ուզում էի նրա հետ անցնել այդ ճանապարհը որը սովորականից ավելի երկար էր ինձ թվում, նաև՝ վախենում էի այդ անսովոր լռությունից։

Դասերն ավարտվեցին, տեսա, թե ինչպես է ինձ մոտենում իմ խորհրդավոր նոր ընկերը և ուրախ շարժում պոչը: Անկեղծ ասած, ես էլ էի ուրախ, որ տեսա նրան. Չէ որ արդեն ընկերացել էինք, և շունն ուրախ շարժելով պոչը ուղեկցեց ինձ տուն: Բայց դա վերջին անգամն էր, որ տեսա: Երեկոյան նա արդեն չկար։ Շանը սպանել էին միայն այն բանի համար, որ տրորել էր ինչ-որ մեկի բանջարանոցի մարգերը։

Ես կուզեի, որ ոչ մի շուն նման բախտի չարժանանա։ Ես մինչև հիմա հիշում եմ իմ ընկերոջը, որը մեկ օրով եկավ ու գնաց։

ashot tadevosyan

Խզբզանք…

Ասում են՝ աշխարհի ամենադժվար պատասխանները տրվում են ամենահեշտ հարցերին.

Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ուզում, ինչի՞ եմ սպասում ու ձգտում: Ջոն Լենոնը երևի կասեր, որ երազող եմ:
Ես կհամաձայնեի նրա հետ: Ես իրոք երազում եմ: Բայց, կներեք, չեմ երազում թանկ մեքենաների կամ հագուստների մասին, ոչ էլ մաքուր քաղաքի կամ ասֆալտապատած փողոցների: Ես երազում եմ իմ մասին: Իմ տպավորությունների, փորձի… Իմ Ես-ի…

Ես սարսափելի եսասեր եմ՝ իմ երկու վերջին սերերը ինձ հենց այդ պատճառով էլ թողել են: Կարծում եմ՝ մինչև ինքդ քեզ չսիրես, աշխարհը չես սիրի… Կարծեմ՝ Քրիստոսն է ասել, թե՞ Բուդդան… Արդեն չեմ հիշում:
Ափսոս, որ էդ ընտիր միտքը առաջինը իմ դմբո գլխում չի ծագել:

Հա՛, հիշեցի… Ես ահավոր արևմտամետ եմ: Չէ՛, Թրամփին չեմ սիրում. սիրում եմ բարքերի ազատությունը, սիրում եմ խելառ կյանքը, որ էնտեղ գովերգում ու գովազդում են ու մեկ էլ սիրում եմ Կոկա-կոլա: Չեմ սիրում, որ աղջիկները կամ, որ ավելի վատ է, տղաները նվնվալով են խոսում ու բառերը «գլամուր» դարձնում:

Այսքանը, երևի, հերիք է… Բարսելոնայից չեմ խոսում, սպասում եմ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղից հետո բոլոր մադրիդիստներին տեղը դնեմ՝ նոր:  Հա ու մի բան էլ.  իմ բոլոր ընկերները, անխտիր բոլորը, ինձ հակառակ, Ռեալին են երկրպագում, կամ ֆանտա են սիրում, կամ Սևակ ու Կոելյո ցիտում ֆեյսբուքում: Նման բաները վրաս ազդում են: Էնքան հոգնած եմ, գիշերն էլ չեմ քնել, չեմ էլ պատկերացնում, ոնց եմ կինոյի դասին  նստելու:

Մի խոսքով…
Գրկում եմ՝Աշոտ:

Ես տանն եմ

Բացում եմ պատուհանս, դուրս նայում՝ զգում եմ մի անծանոթ քամի, նայում եմ հեռու՝ պաղ արևին, զգում եմ, որ անգամ արևն է ուրիշ: Տեսնում եմ լեռներ ու ձյունապատ դաշտեր, բայց դրանք էլ իմը չեն։ Քամին չի բերում իր հետ մեր սարերի սառնորակ շունչը, ծաղիկների անուշ բույրը։ Լեռներում էլ չեմ գտնում Արագածը մեր: Անգամ մարդիկ են սառել, հոգիներն են սառել: Այս ամենը տեսնելով՝ հասկանում եմ, որ սա իմ հայրենիքը չէ, որտեղ ամեն ինչ իմ սրտին մոտ է, ու արդեն ինքնաբերաբար հոգիս թռչում է տուն։

Է՜հ, էլի կարոտեցի իմ հարազատ Ամասիան։ Այնտեղ օդն այնքան մաքուր է, ջրի մեկ ումպը բավարար է, որ հագենաս։
Երբ հեռախոսով մայրիկիս հետ էի խոսում, ասացի.
-Մա՛մ, ըմբես եմ կարոտցե ըդտեղի հողն ու ջուրը…
-Քիչ մնաց, գուկաս՝ կարոտդ կառնիս։

Երբ Մոսկվայից արդեն հասա Ամասիա, մեքենայից իջա ու պատահմամբ կանգնեցի ցեխաջրի մեջ։ Մայրս շրջվեց ու ծիծաղելով ասաց.
-Է, կարոտդ առա՞ր։
Դե մի քիչ թրջվել ու կեղտոտվել էի, բայց ուրախ էի՝ չէ՞ որ տանն էի։

mariam hayrapetyan

Սպասել

Մեծ քաղաքում կարծես բոլորն են շտապում: Բայց գիտես, շատերը իրենց մտքերից են շտապում հեռանալ, շատերը ուշանալու պատճառով են շտապում, և շատերն ու  ես, պարզապես չենք կարող սպասել:

Երբ հոգեբանության դասախոսը ծանոթանում էր առաջին կուրսեցիների հետ, առաջին իսկ նստարանին նստած սևահեր աղջկան հարցրեց, թե ինչ կուզենար հիմա՝ հոգու անդորր  ունենալու համար, աղջիկը պատասխանեց.

-Կուզեմ սպասել սովորեմ,- ու մեղմ ժպտաց՝ հայացքը դրսից լսարան բերելով:

Դասախոսը փորձեց կատակի վերածել:

-Իսկ դու սպասելու փոխարեն մետրոյի հետևի՞ց ես վազում:

Նա չհասկացավ գուցե, որ այդ հարցով դասախոսը  չօգնեց, ու մնաց անպատասխան: Ուսանողուհին չհասկացավ՝  ինչու հենց մետրոն, հարվածելով ցավոտ տեղին:

Այդ աղջիկը ես էի, տեսնելով, որ այստեղ էլ չհասկացվեց սպասելու կարողության կարևորությունը, ես հայացքովս էլի դուրս եկա լսարանից ու կանգ առա մի հաստ  խողովակի վրա, որից ծուխ էր դուրս գալիս քուլա-քուլա, ու որն այդ պահին  ավելի օգնեց:

Ես երբևէ չեմ մտածել մետրոյի հետևից վազել՝ սպասելու փոխարեն, բայց երբ կանգնում եմ կայարանում, ավելի շատ սպասում  եմ ոչ թե մետրոյին, այլ էն մեղմ քամուն, որ վագոնին է առաջնորդում, ու որը  կոնկրետ այդ պահին հույս է՝  դեպի վագոնի լույսերը:

Սպասելը դա հեռավորության հաղթահարումն է ժամանակի տեսքով, սպասելը դա  շարունակելն է չշտապելը, երբ շուրջդ բոլորն ու ամեն ինչ շտապում են:

Կյանքը անցնում է միշտ ինչ որ բանի սպասելով: Սպասում ենք գնացքը շարժվի, ապա կայարանից կայարան հասնի ու վերջում մեր կայարանին, կամ կանգառից կանգառ, ու այսպես  շարունակ: Այս ամենի մեջ կարևորը չհաշվել ակնթարթները, չսպասել, որ վայրկյան անց ինչ որ բան կփոխվի: Կյանքը սպասել է թելադրում, ու ինձ, արդեն թվում է, թե դա է կյանքի «շարժիչ ուժը»:

ella ghazaryan

Հաջորդ համերգը

Երազանքներ բոլորս էլ ունեցել ենք… 7 տարեկանում, ինչպես բոլորը, ես նույնպես հաճախում էի պարի: Այն ինձ համար ուղղակի ուրախ ժամանց էր: Երբ քույրս ընդունվեց համալսարան, ես ինքս ինձ հարցրեցի՝ իսկ ի՞նչ մասնագիտություն եմ ընտրելու ես: Սկսեցի մասնակցել մասնագիտական կողմնորոշման դասընթացների։ Ամեն ինչ ձանձրալի էր, և ոչ մի մասնագիտության հանդեպ հետաքրքրություն չէր առաջանում: Իսկ պարի դասերին սկսեցի հաճախել ավելի սիրով և պատասխանատվությամբ: Այդ սերը իմ մեջ առաջացրեց առաջին պարուսույցս՝ Ռոզմարի Հակյանը: Նա ոչ միայն առաջացրեց սեր պարարվեստի նկատմամբ, այլև դարձավ օրինակ, որին ուզում էի նմանվել:

Պարը դարձել էր օրվա բաղկացուցիչ մաս: Ամենօրյա քրտնաջան աշխատանքները չէին հոգնեցնում և ձանձրացնում: Վերադառնոմ էի տուն այն անհագ ցանկությամբ, թե երբ է լույսը բացվելու, որ ես կրկին գնամ պարասրահ: Եվ այսպես, որոշեցի, որ պարը պետք է դառնա մասնագիտությունս:

Միշտ հետևում էի «Բերդ» անսամբլի ելույթներին: Մի օր, Օպերայի ազգային ակադեմիական թատրոնում ներկա գտնվելով անսամբլի մենահամերգին, որոշեցի, որ սա վերջինն է լինելու, որ համերգին հետևեմ դահլիճից: Մոտենում էին ընդունելության քննությունները, ես սկսեցի պարապել ավելի խորացված: Ամեն անգամ, երբ չէր ստացվում այս կամ այն շարժումը, ես փորձում էի այնքան, մինչև ստացվեր: Հետզհետե առաջացավ հավատ սեփական ուժերիս հանդեպ: Այդ հավատն իմ մեջ սերմանեց Տիգրան Նորատյանը: Վեց ամիսների ընթացքում, կարելի է ասել, արեցինք անհնարինը: Ամեն անգամ, երբ չէր ստացվում, ընկեր Տիգրանն ասում էր. «Դու կարող ես»: Եվ ես ամեն ինչ անում էի, որ արդարացնեմ նրա սպասելիքները: Ընդունվելուց մեկ ամիս անց սկսեցի պարել «Բերդ» անսամբլում: Հաջորդ մենահամերգին ոչ թե նստած էի հանդիսատեսի աթոռին, այլ պարում էի բեմի վրա…

Վառվեցին բեմի լույսերը, հայտարարեցին պարի անունը, սիրտս սկսեց արագ աշխատել, անչափ հուզված էի՝ տեսնելով մեծերի վստահությունը, ես նույնպես հավաքվեցի և մտա բեմ: Պարում էի այնպես, ասես ինձ ոչ ոք չէր նայում։ Ավարտվեց պարը, լսվեցին բարձր ծափահարություններ… Ես սթափվեցի և հասկացա, որ երազանքս կատարվել է: Երազանքները կատարվում են, պետք է միայն հավատալ ուժերին, աշխատել և պայքարել:

sona mkrtchyan

Խոհեր «Մետրոնոմում»

Նստած էի Երեւանի «Մետրոնոմում»: Հեռախոսով ինչ-որ անմիտ խաղ էի խաղում, թափառում ֆեյսբուքում, թերթում լրատվական կայքերի էջերը: Հանկարծ ականջս շոյեց Ռազմիկ Ամյանի «Սիրեմ քեզ, լիանամ» երգը: Ճիշտ է, առանց նմանատիպ երգերի էլ կարող եմ հաճելի օր ունենալ (այդպիսի երգերի երկրպագու չեմ), բայց այս անգամն ուրիշ էր:

Ճերմակ դաշնամուրի դիմաց նստած էր մի աղջիկ: Նրա մատներն էին կենդանացնում ամյանական հնչյունները: Այնքան նուրբ էր, այնքան եթերային, որ չնկատեցի` ինչպես սկսեցի ձայնակցել երգին` անգամ բառերը չիմանալով: «Սիրեմ քեզ, լիանամ»-ը փոխվեց «Չունի աշխարհը քեզ նման»-ի, հետո «Evanescence»-ի «My immortal»-ի ու ամենայն հավանականությամբ այդպես էլ կշարունակվեր, եթե…

Ախր, բոլորն էին հիացած լսում: Դաշնամուրից մի քանի քայլ հեռու հավաքվել էին տղաներ. հազիվ երկուսը կամ երեքը լինեին: Քիչ հետո արդեն տասն էին: Եվ ի՞նչ էին անում՝ հմտորեն ցուցադրում էին իրենց տգիտության աստիճանը, այլ կերպ ասած՝ ծիծաղում էին, անմիտ բառեր հնչեցնում: Աղջիկը դադարեց նվագել, ոտքի կանգնեց, հեռացավ…