shushan stepanyan portret

Իմը սիրելն է

Հա էլի, իմը սիրելն ա, սիրելը: Վե՛րջ, ես մարդկանց, աշխարհին, անիրականին, երևակայականին սիրելու համար եմ ծնվել:

Բոլորս էլ հավանաբար մտածել ենք, թե որն է մեր առաքելությունը կյանքում, և արդյո՞ք մենք կարևոր դեր ունենք նրանում, թե ոչ: Վստահորեն կարող եմ ասել, որ ամենքս էլ ունենք մեր ասելիքը, որ մեր գոյության մեջ հաստատված իմաստ կա: Պարզապես մենք պետք է գտնենք մերը և տանք կյանքին այն, ինչ մեզ է տրվել իբրև մեծագույն պարգև: Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ ես չափից շատ եմ մտածում, թե ինչ կա պահված իմ Ես-ի համար: Ինքս ինձ խոսում ու երբեմն ինձնից ստանում եմ հետևյալ պատասխանը. «Վա՜յ, ոչ մի կարևոր բան էլ չկա, որ դու պիտի անես: Հերիք ա, էլի: Ինչ առաքելություն, ինչ նպատակ»: Իսկ երբ ինձ պատասխանում է իմ մեջ ապրող երկրորդ Ես-ը, նա ինձ ասում է. «Աղջի՛կ ջան, էնքան բան կա, որ քոնն ա, որ պիտի անես: Ինչն իրոք ցանկանաս, որ անես, քոնը դարձրու, սիրիր ու իրագործիր»: Հիմա ինձ թվում է, որ գտել եմ իմ դերը, իմ ապրելու իմաստը: Երկար եմ մտածել ու համոզվել եմ, թե ինչու հենց դա: Չգիտեմ, գուցե տարօրինակ թվա, բայց կարծում եմ, որ գոյությունս սիրելու համար է ստեղծվել, ու ողջ տիեզերքի սիրո ըմբռնումն ու սիրելու մեծ ապրումը հենց ինձ է տրվել: Ես սիրում եմ, սիրում եմ երկնքի կապույտը, ձմեռվա ցուրտը, ամառվա շոգը, քամու սուլոցը, մարդկային ժպիտը, աչքերի փայլը, բարձր ծիծաղը, անձրևի հոտը, աստղերի անսահմանությունը, լուսնի այտերը, աշնան գետնամած գույները, գարնան ծաղկումը, մրջյունի փոքրիկ մարմինը, թիթեռի դողացող թևերը, քաղցր խնձորի համը, վառարանում խորովված կարտոֆիլի բույրը, արևի՝ ամպերը շոյող ձեռքերը, օդի շունչը, ամպերի նուրբ թարթիչները, սառնամանիքի դեմ կռվող փոքրամարմին տաքությունը, գույնզգույն լվացքները՝ պարաններին գերի դարձած, արևի վարդագույն բաժանումն աշխարհից, ձմռան առավոտի մռայլ հայացքը, ահագնացող գիշերը, սիրելի երգերիս բառերը, օդում պարող ու արագ անհետացող երջանկությունը, ամպրոպի որոտը, կիթառի նոտաներն ու համերգի ծափերը, գնահատանքի խոսքերը, ուշացած զղջումը, երբեք չասված, սրտում վանդակված, վախվորած «ես սիրում եմ քեզ»-ը: Ես սիրում եմ, և օրեցօր գիտակցմանս համընթաց սերերս շատանում են: Ես աշխարհն եմ սիրում, ես կյանքն եմ սիրում, ես ապրելն եմ սիրում, ես հաջողության տանող դժվարությունն եմ սիրում, ես մի նոր սկիզբ բերող ավարտն եմ սիրում, և ամենից շատ ես բարությունն եմ սիրում՝ ոտքից գլուխ հրեշտակային:

Ես սերն եմ սիրում, սիրելն եմ սիրում, սիրված լինելը:

Սիրում եմ անկեղծը, սրտի զգացածը, իրական հույզերը ու մաքուր մտքերը: Ու բոլորն իմն են. ես իմ մեծ սերը, իսկ իմ սերերը իրենց ես-երը ինձ են նվիրել:

Իմը սիրելն է…

nina arsutamyan portret

Մեր գյուղի եկեղեցին

Վազում էի, անընդհատ վազում: Առանց կանգ առնելու՝ առաջ էի վազում: Վազում էի դեպի դպրոց: Լսում էի: Լսում էի այդքան երազած եկեղեցու զանգերի ձայնը: Վերջապես հասա տեղ:

-Այո,՜ վերջապե՜ս:

Խոնարհվելով մտա եկեղեցի: Խաչակնքվեցի, նույնիսկ չեմ հիշում, թե քանի հատ մոմ գնեցի: Բայց հիշում եմ, որ ամեն մոմ վառելիս միայն ու միայն շնորհակալություն էի հայտնում…

-Շնորհակա՜լ եմ, Տե՛ր: Շնորհակալ եմ, որ վերջապես իմ և իմ գյուղացիների երազանքը կատարվեց:

Երկար ժամանակ նստած էի եկեղեցու նստարանին: Ժամանակն էր, որ տուն գնայի, բայց չգիտեմ ինչու, չէի կարողանում վեր կենալ նստարանից: Երևի նրանից էր, որ միշտ երազել եմ, որ գյուղում եկեղեցի ունենանք:

-Նինա՜: Այ քնկո՛տ, վե՛ր կաց, ուշացա՛ր դպրոցից,-արթնացնում էր մայրս:

-Արթնացել եմ, հիմա կգա՜մ,- քնաթաթախ, տխուր ձայնով ասացի ես:

Կրկին երազ էր: Կրկին ես արթնացա իմ ամենօրյա երազով, որը չի իրականանում: Հիշեցի տատիկիս խոսքերը. «Բալե՛ս, եթե ինչ-որ բան սրտանց ուզում ես, կլինի, մի՛ մտածիր»:

Դանդաղ քայլերով գնում էի դպրոց և ուշադիր նայում դիմացի փոքրիկ սարին (Յալին): Չէի տեսնում, չէի զգում, չէի լսում այդքան բաղձալի եկեղեցու ղողանջները: Այն ձայնը, որը պետք է լսեի դեռ շա՜տ վաղուց: Պետք է այդ ձայնը դառնար իմ լացի ձայնը կտրելու տարբերակներից մեկը: Բայց պետք է լինի իմ գյուղում եկեղեցի, որ միշտ ղողանջներ արձակի: Եվ իմ գյուղում փոքրիկ երեխաները լինեն այնտեղ՝ քահանայի մոտ հավաքված…

Albina

Մաքուր ջուր

2015թ.-ի նոյեմբեր ամսին մեր գյուղ՝ Լոր, այցելել էր VivaCell MTS-ի գլխավոր տնօրենը՝ մեզ հետ նշելու գյուղի կարևոր իրադարձություններից մեկը՝ ջրերի բացման արարողությունը: Նրանք կտրեցին կարմիր ժապավենը, ու դրանից հետո, իբրև թե պետք է ունենայինք մաքուր ջուր:

Ջրի հարցը մեկ անգամ ևս բարձրացվեց 2016թ.-ին, ու այս անգամ ստացավ վերջնական լուծում: Մի սովորական օր երեխեքով դպրոցից տուն էինք գնում ու տեսանք, որ գյուղից դպրոց տանող ճանապարհը ամբողջովին քանդել էին և շարունակում էին քանդել: Սկսեցինք գյուղացիներից հարցնել, թե ինչի՞ համար են քանդում և ստացանք կարճ ու կոնկրետ պատասխան. «Մաքուր ջուր են քաշում, երեխեք ջան»: Այսպես մեզ պատասխանեց եկեղեցու բակում նստած պապիկներից մեկը: Բոլորս էլ մի պահ ժպտացինք, ուրախացանք, որ վերջապես մեր տներում էլ կլինի մաքուր խմելու ջուր, բայց նաև մի պահ տխրեցինք, որովհետև այլևս չէինք կարողանալու ջուր բերելու նպատակով տանից դուրս գալ և հանդիպել մեր ընկերներին:

Ձմեռն եկավ

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

Է~հ, ինչ պատմեմ: Դե եկեք, սկսենք դպրոցից:

Առավոտյան, ինչպես միշտ, ուշացա երկու ժամ: Դե, ուսուցիչները բարկացան, մնացած դասերն էլ արագ վերջացան: Սկսվեցին պարապմունքները: Ես այսօր լավ չէի զգում, ուսուցչուհուս հարցրեցի և եկա տուն: Հեռախոսիս զանգ եկավ: Անակնկալ, չէի սպասում: Զանգողը Գիվարգիզյան Հասմիկն էր Վայոց ձորի մարզից, ում հետ ծանոթացա 17-ի շնորհիվ: Խոսեցինք ամեն ինչի մասին, և իհարկե, նաև 17-ի մասին: Ասաց, որ այսօր պետք է նկարներ անենք ձմռան վերաբերյալ:

Զրույցը կիսատ մնաց, և ես զբաղվեցի օրվա առաջադրանքով: Առաջինը տատս հայտնվեց կադրում` կար էր անում: Դուրս եկա տնից, հայրս և փոքրիկ եղբայրս փայտ էին կտրատում: Շրջեցի գյուղի տարածքով և նկարեցի մարդկանց` տարբեր գործեր կատարելիս:

Գոմերի կողքով անցնելիս նկատեցի մարդկանց պաշարը, որ հավաքել էին ձմռան համար: Դե, առաջինը անասունների կերն էր, հետո մարդկանց ջուրն ընկած աշխատանքը:

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

Կաղամբը դաշտերից բերել էին տուն, բայց մառանում այնքան ցուրտ է եղել, որ փչացել է:
Բույսի ցրտահարությունից խուսափելու համար բնակիչները տարբեր մեթոդներ են կիրառում: Սա մեր լեզվով կոչվում է «պառնիկ»:

Կովերին ջուր տալու ժամն էր:

Հետաքրքիր է, չէ, մեր գյուղում ձմռանը մեքենան ծածկում են կտորներով, պոլիէթիլենով, իսկ այ, կենդանիները կուչ են գալիս որ անկյունում պատահի:

Մեր գյուղը հետ չի մնում արտագաղթից: Ձմեռն իր հետ բերեց արտագաղթի շունչը:

Այս ժանգոտ մետաղները 10 տարի է կանգնած են նույն տեղում, բայց այս ցրտաշունչ ձմեռն էլ ոչինչ չի փոխի: Երևի այս մետաղները դեռ 10 տարի էլ կմնան նույն տեղում:

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

Եկեղեցի էլ մտա, բայց անսովոր էր. մարդ չկար, միայն վաճառքի մոմերն էին և խորանում վառվող մեկ մոմի լույսը:

Ջերմությունը տան մեջ է, էլ ինչո՞ւ ենք փնտրում ջերմություն: Այս ձմեռ օրով տատը խնամում էր թոռնիկին: Փոքրիկն իր ծնունդով արդեն երջանկություն էր, լուսատու աղբյուր և ջերմություն արձակող:

Դե, էսպես դիմավորեցինք խոստումնալից և ցրտաշունչ ձմեռը:

nina arsutamyan portret

Քիչ մնաց

Արդեն մի քանի ամիս է, որ քույրիկս տանը չէ: Գնացել է Երևան, որպեսզի սովորի բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Չգիտես ինչու, չէի կարոտում քույրիկիս: Իսկ այսօր զգացի կարոտ, երբ աչքերս բացեցի, նայեցի կողքիս դրված անկողնուն, որ գեղեցիկ, կոկիկ հարդարված էր: Դա… Դա նրա մահճակալն էր: Ինչպես հավաքել, գնացել էր, այնպես էլ մնացել էր: Սկսեց կոկորդս սեղմվել, շունչս չէր հերիքում շնչելու համար: Փակեցի աչքերս և լսեցի լաց լինել: Դա կարոտի արցունքներ էին, որոնք երկար ժամանակ կոկորդս բռնել և բաց չէին թողնում:

Վեր կացա, բացեցի քրոջս շորերի դարակը, նայեցի ուշադիր գեղեցիկ ծալված նրա հագուստներին: Կարծես հագուստներն էլ էին կարոտում իրենց տիրոջը: Դե հա, այս մեր սենյակում ամեն ինչ իրեն է հիշեցնում, ամեն ինչ՝ մեր պահարանը, մեր նկարնեըը, մեր միասին միակ նկարը, որը գեղեցիկ դրված էր: Այդ նկարի վրա էլ կախված էր իր իսկ նվիրած «Պարուհի աղջիկը» վզնոցը: Վերցրեցի, կախեցի պարանոցիս և նայելով նկարին, ասացի.

-Զաբելս, սա կդառնա ինձ համար թանկ նվեր՝ թանկ մարդուց, կդառնա իմ թալիսմանը, իմ պաշտպանը:

Տխուր իջա ներքև, գնացի դպրոց: Այդ օրը անընդհատ մտածում էի քրոջս մասին, նայում էի նկարները:

Այս ամիսների ընթացքում կարոտել եմ մեր գժությունները: Անգամ երբ ես, քույրս և եղբայրս սկսում էինք կռվել: Լավն այն էր, որ հայրս, մայրս չէին բարկանում մեզ վրա:

Հիմա ես ուղղակի կարոտում եմ նրան, կարծես տունը դատարկված լինի:

Շուտով քույրիկս կհանձնի քննությունները, և արձակուրդ կգա: Եվ ես կգրկեմ նրան ամուր-ամուր, և կխոստովանեմ, թե ինչպես եմ կարոտել:

Ani asryan

Արամը

1988 թվական, դեկտեմբերի 7, Գյումրի, Սպիտակ:

Հարցազրույց այն մարդու հետ, ում ընտանիքը ևս դարձել է այդ ցավը կրողը:

-Բարև, Քրիստափոր պապի, ինչպե՞ս ես: Կոլյա պապին եկե՞լ ա Արամի գերեզման: (Քրիստափոր պապին Արամի հորեղբայրն է):

-Լավ եմ, բալաս, տու լավ իլես: Տատին հո՞ւնց ա: Հա շուտ են եկալ քացալ:

-Ես էլ ուզում էի խոսել իր հետ: Պապի ջան, Արամի մասին մի փոքր կպատմե՞ս, պատմիր նրա մանկության մասին:

-Հա, հո՞ւնց չեմ պատմի: Ծնվալ ա 1966 թվականի մայիսի 25-ին, շատ ինք ուրախացալ, շատ-շատ, Արամս ուրիշ էր, ուրիշ:-Որտե՞ղ է դպրոց գնացել:

-Արամս Սիսիանըմ ա սվերալ: Ստե սվերավ պրծավ, Կոլյան տարավ Լենինական: Ունդունիլ տվանք Սիսիանի Տրիկոտաժի ֆաբրիկա, եդավ ուրան շատ գովացին: Մի թուղթ տվան, ասան` տարեք թող Երևան սվերի, էս խոխան շատ խելացի ա: Սվերիլի հետ միաժամանակ աշխատըմ էր: Արամիս վեր պիտի տանինք Գյումրի, էտ վախտ ուրա տնօրենը եկավ, ասեց` Արամ ջան, գնա սովորի, կվերադառնաս ու իմ տեղը կնստես: Հա, թենց պաներ:

-Արամին շա՞տ էիր սիրում:

-Է~, բալաս, էնքան շատ եմ սիրալ, ինքը ինձ հունց տեսնմ էր, ասմ էր. «Մեծ պապի, օգնելու բան կա՞»:

-Իսկ Արամի երազանքների մասին գիտեի՞ք:

-Է~, Արամս երազմ էր կար, իրա աշխատանքի վայրմ տնօրեն նստեր, սիրած ալ ուներ: Հա, մի գոզալ աղջիկ: Բայց Արամիս Գյումրի քինալը խորտակեց ուրան: Առաջի երկու տարին Գյումրիում ճանաչվեց ուրա խելքավ, բայց երրորդ տարին չտեսավ խոխաս:

-Որտե՞ղ է եղել Արամը երկրաշարժի ժամանակ:

-Արամս զաչոտնին հանձնալ ա, համլսարանան տուս եկալ: Համալսարանի առաջին սպասալ ա ընկերուհուն: Ընկերուհու մհար թոխտա կիրալ, վեր տանի քննության վախտ տա ուրան: Հունց երկրաշարժը զգացալ ա, քացալ ա սիրածին փրկի, ընդանա եդը երկուսավ մնացալ են փլատկի տակ:

-Իսկ փրկել հնարավոր չէ՞ր:

-Հնարավոր էր: Մունք, որ լիսանք երկրաշարժի մասին, Կոլյան տանան տուս եկավ, քաց Լենինական, հսալա, մինալ լիսալ ա Արամիս սասը. «Պապա~, օգնի, պապա, փրկեք ինձ»: Պանելների տակին էր մնացալ խոխաս: Մինչև խոխիս հանալ են, էլ չկար: Արամս, ա~խ, Արամս ուրիշ էր:

-Իսկ ընկերուհին փրկվե՞ց:

-Չէ, երկուսն ալ մահացան: Արամս Կոլյի մինուճարն էր, բայց իրա մահից 2 տարի հետո Աստված մեզ երջանկացրեց նորից`Դավիթս ծնվեց:

Գերեզմանի ճամփան սառցակալել էր, բայց այդ սառույցը ոչինչ էր նրանց սառած սրտի համար:

Ani asryan

Կարոտ

Կարոտ բառի բացատրությունն էլ կա: Հաճախ գիտակցում ենք, որ շուտով կարոտելու ենք: Ես այսօր արդեն իմ կարոտի մասին եմ մտածում:

Գյո’ւղս, ուզում եմ այսօր զրույց անեմ քեզ հետ: Ա՜խ, գիտես, որ շուտով կավարտեմ դպրոցը ու կգնամ: Քեզ պետք է թողնեմ: Չեմ լսում գետակ, բարձր կարկաչիր, ձայնդ չեմ լսում: Անտառի բարդիները սոսափում են, ճյուղերը` օրորում: Դե’, խոսիր իմ գյուղ, թող կարոտս առնեմ ու նոր գնամ: Կարոտելու եմ ամեն րոպեն, երբ քայլում էի քո ճանապարհով, երազանքներիս մասին էի մտածում, ապագայի պլաններ կազմում: Այսօր այն պահն է, որ նստել եմ քո գետի ափին ու մտորում եմ: Դպրո՜ց, որքան հիշողություն` կապված քեզ հետ: Կհիշեմ բոլոր ընկերներիս, նրանց հետ կատարած սխրանքները և արկածները: Դպրոցը իմ տունն է, իմ հենասյունը և ապագայի հիմք դնողը: Կհիշեմ անգին ուսուցիչներիս: Կհիշեմ տնօրենի դասերը, միշտ ժպիտը դեմքներիս մտնում ենք դասարան:

Կհիշեմ բոլորի հետ անցկացրած թանկ պահերը, ընկեր Վարդանյանի դասերը:

Ընկեր Սանթրյանը միշտ լուրջ է մոտենում բոլոր հարցերին, դա երևի հաշվարկներից է: Բայց այդ լրջությունից էլ ջերմություն է արձակվում:  Չեմ կարող մոռանալ իմ ռուսաց լեզվի թանկագին ուսուցչին: Նա յուրահատուկ մոտեցում ունի բոլոր հարցերում: Կարողանում է արեգակի օգնությամբ ժամը ասել: Սիրում եմ նրա հետ անցկացրած ամեն րոպեն: Հա մոռացա, դե իրեն էլ ավելի շատ եմ սիրում: Ես նրա հետ քննարկում եմ ինձ հուզող բոլոր հարցերը: Իմ ուսուցչուհին`ընկեր Ասատրյանը, դասավանդում է ֆիզիկա: Առաջին իսկ հնարավորության դեպքում ձեզ կծանոթացնեմ նրա հետ:

Դպրոց, որտեղ անցել են կյանքիս 11 յուրօրինակ տարիները: Գյուղս, սա հիշողություն չէ, այլ մի ողջ կյանք` ամփոփված քո գրկում:

Հրդեհը լափեց ամեն ինչ

11:30 էր, երբ անջատեցի համակարգիչս ու պառկեցի քնելու, բայց քունս չէր տանում: Մտածում էի, թե ինչի մասին կարելի է նյութ գրել ու չէի էլ պատկերացնում, որ նյութի միտքը մոտ մեկ ժամից ինքը իրեն կգա, բայց աչքերս փակվեցին ու քնեցի:

12:30 էր, երբ սենյակս լուսավորվեց կրակի բոցից ու լսեցի այրվող խոտի ձայնը, վեր թռա տեղիցս ու տեսա, որ մեր հարևան Պայծառ տատիկի խոտը, որ գտնվում էր գոմի տանիքում, ամբողջությամբ այրվում է: Միանգամից բարձր ձայնով կանչեցի մերոնց, որ նրանք էլ արթնանան: Բոլորս վախեցած էինք ու չգիտեինք` ինչ անել, ու ընդամենը հինգ րոպե հետո գյուղի մեծ մասը արդեն կրակի մոտ էր: Առաջին բանը, որ արեցի արթնանալուց հետո, փրկարարներին զանգելն ու տեղեկացնելն էր: Մինչև փրկարարների գալը գյուղացիները փորձեցին հանգցնել կրակը, որովհետև վտանգը մեծ էր, որ կանցնի նաև դեպի մեր տան կողմը: Բայց դա էլ բարդ գործ էր, քանի որ հարևաններից ոչ մեկի բակում ջուր չկար. ջուրը դույլերով, կաթսաներով, շշերով և ով ինչով կարող էր, բերում էր գյուղի աղբյուրից: Ահավոր պահ էր, երբ աչքիդ առաջ վառվում էր քո ամբողջ մի տարվա աշխատանքը, երբ բարձր ձայնով կանչում էր տատիկը. «Ա՜յ, անջատեք, անջատեք կրակը»: Բայց ամենավատը դա չէր: Կրակը տեսնելով, Պայծառ տատը արագ դուրս էր եկել տնից, այնտեղ թողնելով իր քրոջը՝ Սաթո տատին, ու վախենում էր նրա համար, իսկ կրակը անընդհատ տարածվում էր: Չէին կարող Սաթո տատին էլ դուրս հանել տնից, որովհետև վառված փայտերը ընկնում էի դրսից տուն տանող ճանապարհի վրա:

1:50, երբ վերջապես ժամանեցին հրշեջները, կրակը մարեցին, բայց արդեն ուշ էր. ամբողջ խոտը վառվել ու վերածվել էր մոխրի:

Թե ինչ էր զգում այդ ժամանակ Պայծառ տատը, անհնար է բացատրել, բայց որ ցավը մեծ էր, դա պարզ երևում էր իր ծածուկ, բայց միաժամանակ պարզ երևացող արցունքներից:

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի
Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա

Չորրորդ եղանակը

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի մարզերում եւ Երեւանում մեր թղթակիցները նկարել են ձմեռային օրվա իրենց հանդիպած ամենավառ պահը։

Lusine atanesyan

Պարի փորձ

Ամեն ուրբաթ օրվա պես, ես, Լիլիթը, Անին և Նարեն ժամը 15:30 հավաքվեցինք գյուղի մշակույթի տան դահլիճում: Մենք պարի պարապմունքների ենք ուրբաթ և կիրակի օրերին, և այդ ուրբաթը բացառություն չէր: 

Պարապմունքը վերջացավ: Մենք արդեն վերադառնում էինք տուն, երբ ընկեր Իսկանդարյանը (նա մեր պարի ուսուցիչն է) ասաց, որ հաջորդ օրը պետք է գնանք Սիսիան, քանի որ գալու են նաև Տոլորս գյուղի երեխաները (դե, ընկեր Իսկանդարյանը այնտեղ էլ խումբ ունի), որպեսզի միասին պարի փորձ անենք: Առավոտյան մենք հավաքվեցինք և շտապեցինք հասնել ավտոբուսին: Ավտոբուսը, ինչպես միշտ, լիքն էր կանգնած մարդկանցով, հետևաբար մենք էլ կանգնեցինք: Մի կերպ հասանք Սիսիան: Կանգառից մինչև մշակույթի տուն (դա այն տեղն է, որտեղ անցնում են պարապմունքները) մտածում էինք, թե ինչպես կանցնի օրը, երեխաները ինչպիսին կլինեն:

Հասանք տեղ: Ամեն ինչ շատ լավ էր, պարեցինք, ուրախացանք, ընդմիջում արեցինք, իսկ հետո ընկեր Իսկանդարյանը մեզ մի քանի աճպարարական հնարքներ ցույց տվեց: Ամենահետաքրքիրն այն հնարքն էր, որի ժամանակ լուցկին պետք է մի ափսեից թռչեր մյուս ափսեի մեջ: Հնարքը իրականացնելու համար օգնական էր պետք, և ընտրվեց Տոլորս գյուղի երեխաներից Անին: Հնարքը այդքան էլ «կախարդական» չէր, և լուցկին էլ չէր թռչելու: Անին պետք է աներ այն, ինչը անում էր ընկեր Իսկանդարյանը: Նա ձեռքով շոշափում էր ափսեի հակառակ կողմը և ձեռքը քսում դեմքին, նույնը անում էր նաև Անին, սակայն Անիի դեմքը սևանում էր: Մեզ սկսբում հանձնարարություն տրվեց՝ չծիծաղել և նրան ոչինչ չասել, սակայն դա այնպիսի տեսարան էր, որ հնարավոր չէր չծիծաղել: Վերջապես հնարքը վերջացավ, Անին էլ իրեն տեսավ հայելու մեջ, և չիմացանք՝ տխրե՞ց, թե՞ ոչ, ու ընկեր Իսկանդարյանը մեզ ասաց, թե ինչպես սևացավ Անիի դեմքը: Պարզվում է, որ երկրորդ ափսեի տակ սկզբից էլ սև է եղել: Նախօրոք ընկեր Իսկանդարյանը վառած մոմով սևացրել էր:

Ժամանակը այնքան արագ անցավ, որ մենք չնկատեցինք, թե ինչպես դարձավ ժամը 14:45: Մեզ մնաց էլ էր ընդամենը 15 րոպե ավտոբուսին հասնելու համար: Արագ փոխեցինք մեր հագուստները և վազեցինք կանգառ: Ավտոբուսը արդեն շարժվում էր, երբ հասանք կանգառ: Ավտոբուսում այս անգամ էլ տեղ չկար: Մի կերպ հասանք գյուղ: Երբ փորձեցինք իջնել, դուռը չբացվեց : Մոտ 30-40 րոպե մնացինք ավտոբուսում, մինչև կարողացան բացել դուռը: Մի քանի երեխաների պատուհանով իջեցրին, մինչ կբացեին դուռը, իսկ երբ բացեցին, կանգնած մարդկանցից մեկը ցանկացավ պոկել այն պաստառը, որի վրա գրված էր, որ կանգնած մարդկանց տեղափոխումը արգելված է, բայց չգիտես ինչու՝ չարեց: Իջանք ավտոբուսից, վճարեցինք գումարը և տան ճանապարհին կերանք Սիսիանից գնած էկլերները, որոնք այնքան էլ լավ վիճակում չէին արդեն:

Վերադարձանք տուն սովորականի պես, կարծես թե ոչինչ չէր եղել: