Լինել երիտասարդ խորագրի արխիվներ

Anahit Badalyan

Քննությունների մասին

17-ցի ընկերներիցս շատերն են գրում միջանկյալ քննությունների մասին, ես էլ որոշեցի կիսվել իմ փորձառությամբ։ Գնացինք։

Իմոնք միջանկյալներ չեն, համենայնդեպս, էդպես չենք անվանում։ Ես սովորում եմ Միջազգային բակալավրիատ (այսուհետ՝ IB) երկամյա կրթական ծրագրի շրջանակներում, որի ընթացքում ամեն ուսանող պետք է սովորի վեց առարկա․ երեքը՝ խորացված ուսումնասիրությամբ, երեքը՝ ստանդարտ մակարդակի, իսկ մեր քոլեջում պարտադիր ուսուցման առարկա է նաև իտալերենը։ Էնպես որ, ես յոթ առարկա եմ սովորում։ Ի դեպ, որ ասում եմ ստանդարտ, դու մի հասկացիր, թե դյուրին, հասանելի ու հեշտ։ Չէ՜, բարեկամս, շատ աշխատատար է․․․ Դպրոցական առարկաներից բացի՝ ուսանողները պետք է նաև հաճախեն որևէ խմբակ, զբաղվեն ինչ-որ սպորտով ու  կամավորություն անեն համայնքում։

IB-ն ինքնին բավականին խիստ կրթական ծրագիր է։ Ուսուցումն ամբողջապես անգլերենով է՝ չհաշված այն, որ իտալերենի ժամին ուսուցչուհին առաջին օրվանից սկսած անգլերեն ոչ մի բառ չի ասել․ «Ես անգլերեն չեմ խոսում»։ Այ էսպես են մեր իտալերենի ուսուցիչները ի սկզբանե փորձել մոտիվացնել մեզ՝ իրենց երգեցիկ լեզուն սովորելու։ Բան չեմ ասում, ստացվել է։

Իմ առարկաները հետաքրքիր են, շատ բաներ նոր են ինձ համար, սովորելու, ուսումնասիրելու լիքը բան կա։ Խորացված մակարդակով սովորում եմ տնտեսագիտություն, փիլիսոփայություն ու անգլերեն։ Ստանդարտ մակարդակի ուսումնասիրման առարկաներս են իտալերենը, մաթեմատիկան, հայ գրականությունն ու շրջակա միջավայրային համակարգեր և հասարակությունը (հա, երկար ու բարդ անուն է, ու համ էլ ամենաչսիրածս առարկան): Հայաստանում գիտելիքը ստուգելու ամենատարածված ու խստագույն միջոցը ստուգողական աշխատանքներն էին, ամենավախենալուները՝ կիսամյակայինները։ Հիշում եմ՝ ուսուցչիներ ունեի, որ լրացուցիչ հարցեր էին կցում ամեն ստուգողական աշխատանքին, որոնք ենթադրաբար պիտի անթերի կերպով կատարվեին գերազանցիկների կողմից։ Մեկ-մեկ կարոտում եմ էդ հին օրերը։ Դրանք էն ժամանակներն էին, երբ տասնվեց դպրոցական առարկաներն ինձ ծանր ու բարդ էին թվում։ Էն ժամանակները, երբ ես մեր ՆԶՊ-ի ջոկատի հրամանատարն էի ու տանել չէի կարողանում շարային քայլքը։ Դասատուս ասում էր՝ զեկուցելուդ ձևը հեռուստամեկնաբանի՝ լուրեր հաղորդելու ձևին շատ նման է, էսթետիկ է, դրա համար արի, դու եղի ձեր ջոկի հրամանատարը։ Էն ժամանակներն էին, երբ ամենաբարդ բանը ֆիզիկայի ինչ-որ խնդրի լուծման քայլերից մեկը կլիներ, որ հեշտությամբ հնարավոր կլիներ վերլուծել ու հասկանալ մի փոքր ավել աշխատանքի շնորհիվ։ Դրանք իրար հուշելով դաս պատմելու, Տերյանի, Չարենցի ու Սահյանի բանաստեղծությունները հետ ու առաջ քայլելով միատոն անգիր արտասանելու ու գրատախտակի մոտ կամավոր գնալու քաջություն դրսևորելու ժամանակներն էին։ Հայկական ժամանակները․․․ Կարոտում եմ հին ջերմությունը, ինչ խոսք, բայց պիտի ասեմ, որ անասելի գոհ ու բավարարված եմ էն կրթական մակարդակով, որը ձեռք եմ բերում։

IB-ի շրջանակներում դու կարող ես ժամերով պարապել, չարչարվել, «գլուխ ջարդել», բայց այդքանով հանդերձ դասարանում լավագույնը չլինել։ Նման կրթական համակարգը սովորեցնում է առաջնորդվել սեփական առաջընթացով, նվաճում համարել մի գրավորից մյուսում երևացող բարելավումդ ու երբեք չհամեմատվել։ Քանի որ աշխարհի բոլոր-բոլոր ծայրերից աշակերտներ են հավաքված էստեղ ու բոլորը գալիս են տարբեր կրթական համակարգերից, բնական ու տրամաբանական է, որ ամեն մեկի կարողությունները, գիտելիքներն ու սովորելու ունակությունները տարբեր են։ Ու հենց էդ տարբերության գիտակցման շնորհիվ է նաև, որ ոչ մեկի հետ համեմատվելու ցանկություն երբևէ չկա։ Համեմատման միակ առարկան ու օբյեկտը ես եմ, մի տարի առաջ էսսե գրող Անահիտն ու հիմա էսսե գրող Անահիտը։ Ու եթե ես մի օր դադարեմ ժամանակի սանդղակի վրա իմ առաջընթացը նկատելուց, այ էդ ժամանակ է, որ կսկսեմ մտահոգվել։

Ինձ մոտ միջանկյալ ասվածը ուրիշ ձևաչափ ունի։ Քանի որ IB-ն երկամյա ծրագիր է, առաջին տարվա վերջում արդեն ավարտական քննություններ էինք հանձնել։ Իսկ IB-ի ամենածանր ու պատասխանատու շրջանը երրորդ կիսամյակն է, ասել է թե՝ հենց հիմա-ն։ Հիմա բոլոր առարկաներից ամփոփիչ առաջադրանքներ ենք կատարում։ Ամեն ուսուցիչ իր մեթոդներն ունի, ուստի թեզերի, էսսեների, ստուգողական թեստերի կամ բանավոր պրեզենտացիաների միջոցով բոլոր առարկաներից խստագույնս ստուգվում ենք հիմա։ Այս ամենի հետ մեկտեղ հիմա նաև զբաղվում ենք մեր համալսարանների դիմումներով, ինչը չափազանց տարբեր է հայկական համալսարան դիմելու գործընթացից։ Մեկ համալսարանի փոխարեն դիմում ենք մի քանիսը, և ամեն մեկի հետ պիտի պատրաստենք առանձին, ամբողջական ու բավականին ծավալուն պորտֆոլիո։ Քոլեջում բոլորը գիտեն, որ ամենապատասխանատու շրջանը երկրորդ կուրսեցիների առաջին կիսամյակն է։ Անելիքներն այնքան շատ են, որ ընդմիջելու ու հանգստանալու ժամանակ չի մնում։ Բայց մեկ-մեկ ուղղակի նայում եմ մի կետի, հիշում եմ, որ երկու տարի առաջ էր ամեն-ամեն ինչ։ Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ 12-րդ դասարանս սովորականի պես ավագ դպրոցում ավարտելու փոխարեն պիտի ավարտեմ UWC-ի պես կրթական շարժման ամենասիրուն կետերից մեկում։ Առաջին դասարանում դպրոց գնալիս դժվար էլ մտքովս անցած լիներ, որ ավարտելու եմ Ադրիատիկի ափին ու համալսարանների դիմումներս լրացնելիս ուսուցիչներս լինելու են իսպանական, ամերիկյան կամ հնդկական անուններով մարդիկ։

Կարճ ասած՝ մի ուրիշ սթրես է IB-ի երրորդ կիսամյակը, մի ուրիշ ծանր ու աշխատատար շրջափուլ, անբացատրելի հոգնեցուցիչ ու հաճախ քնել ու ուտել մոռացնող երևույթ։ Բայց կազմակերպված, պատասխանատու ու գիտակից ենք դառնում, երեխեք․․․ Էն էլ ինչքան։

Պինդ մնանք, մի շրջան է, կանցնի։ Գրկում եմ։

SOna zakaryan

Դիպլոմ ա էլի, թող լինի

Համալսարան, միջանկյալներ, սթրես։ Սրանք այն երեք բառերն են, որոնք բնորոշում են ուսանողների մեծ մասին վերջին շաբաթվա ընթացքում։
-Մեզ համար հանգիստ ապրում էինք, էլի,- բողոքում են շատերը։
Իսկ իրականում այդ «հանգիստ ապրելը» հարաբերական է, որովհետև եթե օրը ունի 24 ժամ, իսկ դու այդ 24 ժամվա 80%-ից ավելին տրամադրում ես դասերին և համալսարանին, դա այդքան էլ հանգիստ ապրել չի համարվում։
Բայց սա նույնպես հարաբերական է, որովհետև շատ ուսանողներ այդ 24 ժամվա նույնիսկ 5%-ը չեն տրամադրում սովորելուն։
Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ շատ ուսանողներ չեն գալիս համալսարան սովորելու, այլ ավելի շատ իրենց ցուցադրելու և ուղղակի ժամանակ անցկացնելու։
-Էհ, ինչիս ա պետք սովորելն ու բարձր գնահատականը, բավարարը ստանամ՝ հերիք ա։
-Ոչ մի բան էլ չեմ սովորել, կարտագրեմ ու հաստատ դրականը կստանամ։
Այ այսպիսի արտահայտություններ եմ լսում հաճախ ու բարկանում։
Վերլուծում եմ այս ամենը ու հասկանում, որ ոչ բոլորն են արժանի ուսանող համարվելու։
Համալսարան ընդունվելը խաղ ու պար է դարձել ուղղակի, ինչն իրոք շատ ցավալի է ու անընդունելի։ Հետո էլ բողոքում ենք, որ համալսարան ավարտածների մեծ մասը խելացի չէ, որ խելացի կադրերի կարիք շատ ունենք Հայաստանում։
Բա էլ ի՞նչ էիք ուզում։ Եթե համալսարան ընդունված ուսանողի համար ավելի կարևոր են իր շորիկը, սմարթֆոնը, make up-ը, «ավտոն» և նման մի շարք մանր բաներ, քան սովորելը, ուրեմն բնականաբար պետք է այս վիճակը լինի։
Հաճախ ուզում եմ այդպիսի մարդկանց հարցնել, թե ինչ գործ ունեն համալսարանում, բայց հասկանում եմ, որ իմաստ չունի հարցնելը, որովհետև արդեն պատասխանը շատ լավ գիտեմ։
Այնպիսի տպավորություն է, որ համալսարանում սովորելը «մոդա է դարձել» ու ոչ ոք հետ չի ուզում մնալ մոդայից։
-Թող մի տեղ ընդունվի սովորի, էլի,- հաճախ ասում են ծնողները։
Չեն գիտակցում, որ եթե իրենց երեխան ընդունակություններ չունի և սովորելու հետ ընդհանրապես սեր չունի, չարժի նրան ստիպել համալսարան ընդունվել։ Ինչո՞ւ է ծնողներին թվում, որ մի կերպ դրական ստանալը ու 4 տարի անիմաստ համալսարան գալ-գնալը նորմալ երևույթներ են։
Դե, իհարկե, կարևորը՝ դիպլոմ ունենա, որ բոլորի մոտ պարծենան, թե ավարտել է այսինչ ֆակուլտետը, ու երբ հարցնեն.
-Բա որտե՞ղ ա աշխատում։

Դեմքները խոժոռեն ու պատասխանեն.
-Գործ գտնելը հիմա էնքան դժվար ա, գործ չկա, որ աշխատի։
Բայց դա հեչ, կարևորը՝ դիպլոմը կա։
Իսկ ծնողները երբևէ մտածո՞ւմ են, որ եթե իրենց երեխան, օրինակ՝ խեցեգործ դառնար ու զբաղվեր իր սիրելի աշխատանքով, գուցե մեծ հաջողությունների հասներ։
Խնդիրն էլ հենց դա է, չեն մտածում։
Ուսանողների մի ուրիշ տեսակ կա, որ հարցնում ես, թե որն է ապագա մասնագիտությունը,
պատասխանում է.
-Դիմահարդար։
-Բա էլ իմաստը ո՞րն է համալսարան ընդունվելու։
-Դե դիպլոմ ա, էլի, թող լինի։
Թող լինի, ի՞նչ ասեմ։
Հագեք ձեր փայլուն շորիկները, նկարվեք համալսարանի դիմաց ձեր թույն սմարթֆոններով, ձեր թույն ավտոներով պարծեցեք, ամեն ինչ արեք՝ բացի սովորելուց, կարևորը՝ վերջում դիպլոմ ստանաք, թե չէ՝ ինչ սովորել։ Վերջում էլ անպայման դիպլոմով կնկարվեք ու ինստագրամում նկար կտեղադրեք «Մենք էլ վերջապես ավարտեցինք» մակագրությամբ։ Հարազատների մոտ կպարծենաք, որ ավարտել եք,
լիքը շնորհավորանքներ կստանաք, հետո դիպլոմը կտանեք դարակում կդնեք ու կմոռանաք գոյության մասին։ Բայց դա ի՞նչ էական է՝ կհիշեք դրա մասին, թե չեք հիշի, պետք կգա, թե ոչ (դժվար թե պետք գա), դիպլոմ ա էլի, թող լինի։

Լուսանկարները ավելի ազատ են

Լուսանկարչուհի Անուշ Մուրադյանը ծնվել է 2000 թ.-ի մայիսի 25-ին Ստեփանավան քաղաքում։

Որոշ հանգամանքների բերումով ընտանիքի հետ տեղափոխվել է Լեհաստանի Լուկով քաղաք։ Սակայն 2006 թ.-ին հայկական կրթություն ստանալու նպատակով վերադարձել են Հայաստան։

«Եթե հնարավորություն ունենայի մեկ լուսանկարով փոխել կյանքիս դրվագներից մեկը, երևի դա Լեհաստանից վերադառնալը կլիներ։ Կցանկանայի մնալ այնտեղ և լուսանկարել այն վայրերը, որտեղ ինձ են լուսանկարել։ Մանուկ հասակում շատ հանգիստ երեխա եմ եղել, ավելի շատ վախեցել եմ կենդանիներից, ուժեղ քամուց։ Շփումը արտաքին աշխարհի հետ դժվար էր ինձ համար, հետո ժամանակի ընթացքում սկսեցի ավելի շատ շփվել մարդկանց հետ»։

14 տարեկանից սկսել է հետաքրքրվել լուսանկարներով, հետևել տարբեր լուսանկարիչների աշխատանքներին, սովորել, թե ինչպես են լուսանկարում, 16 տարեկանում սկսել է լուսանկարել բնություն։ Փոքր-ինչ ծիծաղելով պատմում է. «Սկզբում ամաչում էի մարդկանց լուսանկարել, հիմնականում լուսանկարում էի բնությունը։ Բնությունը հանգիստ է, քեզ չի ասում՝ մի նկարի, իսկ մարդիկ մի քիչ լավ չէին ընդունում, հատկապես, երբ չունես տեսախցիկ։ Լուսանկարչի համար անպայման չէ տեսախացիկով լուսանկարել, որ գեղեցիկ լուսանկար լինի, լուսանկարիչը կարող է հեռախոսով էլ գեղեցիկ ու հետաքրքիր նկար ստանալ»։

received_400501160831978

2017 թվականին ընդունվում է Վանաձորի պետական համասարանի լրագրության բաժին, որտեղ սկսում է ավելի շատ հետաքրքրվել ֆոտոլրագրությամբ։

Սկզբնական շրջանում լուսանկարելն Անուշի համար հոբբի էր, սակայն ժամանակի ընթացքում դառնում է սիրելի զբաղմունք, աշխատանք։ Հիմնականում լուսանկարում և պատկերում է սև և սպիտակ գույներով, այս գույների մեջ էլ ավելի գեղեցիկ են երևում վառ պատկերները։ Անուշ Մուրադյանի խոսքով՝ լուսանկարները կարող են պատմել մարդու բնավորության, սիրելի գույների, զբաղմունքի մասին, լուսանկարելու ժամանակ պետք է ժպտալ ոչ արհեստականորեն, այլ հիշել կյանքի որևէ դրվագ, որը կփայլեցնի և՛ աչքերը, և՛ հոգին:

received_2318580351787656

Լուսանկարիչը միշտ պետք է ունենա լուսանկարչական ապարատ։ «Պետք է միշտ լուսանկարչի աչքը միացված լինի. այն, ինչ ուրիշների համար սովորական է, լուսանկարչի համար կարող է դառնալ յուրահատուկ օբյեկտ»։

Հետաքրքիր դեպքեր հիշում է․

-Երբ 12-րդ դպրոցի լուսամուտներն էի լուսանկարում, տնօրենը դուրս եկավ և բարկացավ։ Այդ ժամանակ դեռ անփորձ էի և փոքր-ինչ նեղվել էի։

received_887838938283075

Երազում է բացօթյա ցուցահանդես ունենալ Վան Գոգի թանգարանի դիմաց, որպեսզի յուրաքանչյուր մարդ առանց սահմանափակումների ցանկացած ժամի կարողանա դիտել և վայելել լուսանկարները։ «Լուսանկարները ավելի ազատ են․ չեմ ուզում դրանք սահմանափակել ցուցասրահի պատերի ներսում»։

received_1436124719876703

Լուսանկարները պատմում են իրականությունը։

Լուսանկարների միջոցով ավելի հեշտ է ցույց տալ մարդկանց էմոցիաները։

Կյանքը կանգնում է լուսանկարչի մեկ լուսանկարում։

Յուրաքանչյուր լուսանկար ունի իր պատմությունը:

Գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար պետք է ժպտալ աչքերով, հոգով, որպեսզի իրական լուսանկար ստացվի։

 

izaAstsatryan

Նրանք, ում ընտելացրել ենք

Մի քանի ամիս առաջ դպրոցն ավարտեցինք, դասարանցիներից շատերը մտածում էին, որ չէ, անկախ նրանից, թե մեզնից յուրաքանչյուրը որտեղ կլինի, մենք կշարունակենք շփվել, պահել կապը, այն կապը, որը 12 տարիների ընթացքում ենք ստեղծել, սակայն ես գիտակցում էի, որ չէ, չի լինի նման բան, և այո, ես չսխալվեցի…

Ամռանը տղաներից մեկին ճանապարհեցինք բանակ, հետո եկավ սեպտեմբերը, դասերը սկսվեցին, ամեն մեկը գնաց իր երազանքի հետևից, գնաց՝ մոռանալով… Չէ-չէ, ներեցեք, մեկ-մեկ հիշելու հույսով գնացին։

Սկզբնական շրջանում հաճախ էի կապվում բոլորի հետ, բայց ամիսների, օրերի, ժամերի և րոպեների հետ դադարեցի հաճախակի կապը։ Դե, գիտեք, այդքան էլ հեշտ և հաճելի չէ, երբ ինչ-որ մեկին քո կյանքում մեծ տեղ տալով հիշում ես, հետաքրքրվում նրանով, իսկ նրան անգամ հետաքրքիր չէ քո՝ ինչպես լինելը։
Այո, տհաճ երևույթ է, սակայն հիանալի դաս է կյանքից և հենց այդ մարդուց։
Ինչևէ, նման դեպքերում միշտ գտնվում են այնպիսիք, ովքեր անմնացորդ տրվում են ընկերությանը և նրանց ոչինչ չի փոխում։

Անկախ նրանից, թե մենք որտեղ ենք, և թե ով ենք, չպետք է մոռացության մատնենք այդ տարիները։
Գուցե դու հենց իմ շնորհիվ է, որ հիմա այն ես, ինչ կաս, գուցե իմ խորհուրդները քո կյանքի ճանապարհին մեծ նշանակություն են ունեցել, և գիտե՞ք՝ ինչ, դասերը կգան-կգնան, իսկ ընկերները կսպասեն, կսպասեն ինչպես Հաչիկոն էր սպասում իր տիրոջը, չէ, տերը չափից դուրս կոպիտ բառ էր, որովհետև նա տեր չէր, նա ընկեր էր՝ հավատարիմ և անմնացորդ նվիրումով։

Հաճախ եմ մտածում այս հարցի շուրջ և վերջապես գտել եմ պատասխանը, այո, վերը նշվածների համար մենք ենք մեղավոր…
Ինչպես մի ֆրանսիացի տղա էր ասում՝ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։
Այո, մենք ընտելացրել ենք:

milena movsesyan

Հաջողության բանալին իմ ականջակալներում

Ես մեկն էի ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող այն ուսանողներից, որ առավոտյան երթուղայինով գալիս են դասի, ճանապարհին ականջակալներով երաժշտություն են լսում, մտնում են լսարան՝ իմանալով, որ այդ առարկայից իրենց մասնագիտության համար օգտակար ոչինչ չեն ստանալու։

Բայց ես հասկանում էի, որ պիտի գիտելիքի պակասը որևէ կերպ լրացնեի։ Ի տարբերություն համակուրսեցիներիս՝ ես ստացածս կրթությունից ոչ թե բողոքում էի, այլ դասախոսներին զզվեցնում՝ անընդհատ հարցեր տալով ու նույնիսկ դասից դուրս՝ սոցկայքերում, մյուս հարցերիս բացատրությունը խնդրելով։

Ես գիտեի, որ լավ լրագրող դառնալու համար պետք է չափից շատ տեղեկացված լինես ու անընդհատ ինքազարգանաս։ Իսկ ես շարքային լրագրող դառնալ չէի ուզում։

Որոշեցի ինքնակրթությամբ զբաղվել։ Բայց ես գրադարաններում երկար ժամանակ չէի կարող անցկացնել. իմ գրաֆիկը գերծանրաբեռնված էր: Առավոտյան ես անգլերենի պարապմունքի էի գնում, հետո համալսարան, երեկոյան էլ աշակերտներս էին գալիս, որ անգլերեն սովորեցնեմ։ Ես պիտի ճիշտ կառավարեի ժամանակս։

Հասկացա, որ ազատ ժամանակ միայն երթուղայինի մեջ եմ ունենում։ Երևանյան խցանումների պատճառով օրվա ընթացքում միջինում երկու ժամ ծախսում էի տանից համալսարան գնալու և վերադառնալու վրա (եթե ուրիշ տեղ էլ էի գնում, ուրեմն ավելի շատ)։ Հենց այդ օրվանից էլ որոշեցի, որ կարելի է տեղեկատվությունը, գրքերն ու դասընթացները տեղափոխել ականջակալներիս մեջ, իսկ տեխնիկան տվեց այդ հնարավորությունը։ Այնտեղ այլևս երաժշտություն չէր հնչում, համենայնդեպս, ոչ ամբողջ ճանապարհի ընթացքում։

Եթե երեկոյան առանց լուրեր լսելու ուժասպառ պառկում էի քնելու, առավոտյան էլ չէի հասցնում ծանոթանալ կարևոր իրադարձություններին, բացը լրացնում էի ավտոբուսում՝ լրատվական ռեպորտաժներ լսելով։ Երբ սպառվում էին բոլոր նորությունները, ես հեռախոսով երգերիս թղթապանակը չէի բացում. չէ՞ որ դեռ պետք է ինքնակրթվեի։ Այս դեպքում էլ ինձ օգնեցին համացանցը, սոցկայքերն ու մի քանի ծրագրեր։ Դրանք հնարավորություն էին տալիս ներբեռնել աուդիոգրքեր, ֆիլմեր, կրթական, զարգացնող վիդեոներ, դասեր ու հայտնի լրագրողների վարած դասընթացներ։ Տանից դուրս գալուց առաջ ես որոշում էի՝ ինչ նոր թեմա եմ ցանկանում ուսումնասիրել, ընտրում էի համապատասխան նյութերն ու պահպանում հեռախոսիս մեջ։ Ճանապարհին իմ ականջակալներում արդեն ոչ թե հազար անգամ լսածս երգերն էին հնչում, այլ ինչ-որ մեկի ձայնը, ով բացատրում էր՝ ինչպես ճիշտ լուսանկարել, ինչպես օգտվել մոնտաժային ծրագրերից կամ ինչպես դառնալ ավելի լավ լրագրող։ Ու այս ամենը ես լսում էի անգլերենով կամ ռուսերենով, որովհետև հայերեն նմանատիպ նյութեր համացանցում քիչ կան։ Այսպիսով ես նաև զարգացնում էի իմ լեզվական կարողությունները։

Ականջակալներով անհրաժեշտ գիտելիք ստանալը շատ հարմար տարբերակ է. դու խնայում ես քո ժամանակը, կարողանում ես մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել և չես փչացնում տեսողությունդ՝ երթուղայինի մեջ գիրքը դողացնելով կարդալով։

Ես լսում էի նորություններ, վերլուծություններ, հարցազրույցներ, հետո՝ խորհուրդներ պրոֆեսիոնալ լրագրողներից, իսկ դրան գումարվում էր համակարգչային նոր ծրագրերի ուսումնասիրությունը։ Ծանոթանում էի այն բոլոր թեմաներին, որոնք հետաքրքրում էին ինձ՝ բիզնեսից մինչև ինքնազարգացում, ժեստերի լեզվից մինչև հաղորդակցման հմտություններ, երթևեկության կանոններից մինչև ճանապարհորդական ռեպորտաժներ։

Հիմա ես ունեմ լավ աշխատանք հեռուստաընկերություններից մեկում։ Եվ սրան հասնելու համար էլ պիտի շնորհակալ լինեմ ինքս ինձնից ու իմ ականջակալներից։ Դրանց շնորհիվ կարողացա խիստ զբաղված գրաֆիկի դեպքում էլ զարգացնել մասնագիտական հմտություններս, մեծացնել մտահորիզոնս, հետ չընկնել կատարվող իրադարձություններից։

Ես մասնակցեցի լրագրողական մի մրցույթի ու հաղթեցի։ Ես վստահ էի անհրաժեշտ ունակություններիս ու հմտություններիս հարցում և հավատում էի իմ հաղթանակին, իսկ երբ ինքդ հավատում ես, մյուսներին համոզելը շատ հեշտ է լինում։

Այսօր առանց ականջակալների երթուղային չեմ նստում։ Մարդկանց անձնական խնդիրներին, վարորդի և ուղևորի վեճերին, հայհոյանքներին ականջ դնելու փոխարեն գերադասում եմ ամեն վայրկյան մի նոր բան սովորել։

lilit vardanyan

«Երևանը» պատմում է սովորական մարդկանց մասին

«Երևան» ամսագրի մասին իմացել եմ 2012թ.: Տեսնելով, թե ինչ հետաքրիր ու սիրուն ամսագիր է, սկսեցի ամեն ամիս սպասել նոր համարին: Իսկ երբ «Երևանում» ստիկերներ տպեցին, ես սկսեցի ավելի անհամբերությամբ սպասել նոր համարի թողարկմանը: Որպեսզի ավելի շատ բան իմանամ «Երևանի» մասին, զրուցեցի «Երևանի» խմբագրի՝ Արտավազդ Եղիազարյանի հետ:

-Ինչպե՞ս է ստեղծվել «Երևանը»:

-2000-ականների երկրորդ կեսին Երևանում բացվեց «Երևան պրոդաքշնս» ընկերությունը, որը հրատարակում էր ռուսալեզու և անգլալեզու «Երևան» ամսագրերը: Կոչվում էր՝ «Ереван- журнал с акцентом»: Անգլերենը տարածվում էր Լոս Անջելեսում, ռուսերենը՝ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Այսինքն՝ ի սկզբանե ստեղծվել էր դրսում ապրող հայերին Հայաստանի մասին հետաքրքիր բաներ ցույց տալու համար. հետաքրքիր հայերը, հաջողակ հայերը, Հայաստանի սիրուն հատվածները և այլն:

Եվ ահա մի օր «Երևան պրոդաքշնսի» սեփականատերերից  Գոռ Նահապետյանն ասաց,  երևի ժամանակն է, որ «Երևան պրոդաքշնսը» ստեղծի «Երևան» ամսագիր Հայաստանի համար:

Ես այդ ժամանակ աշխատում էի ռուսերենով «Երևանում»՝ որպես խմբագիր: Ինձ՝ որպես թիմի ամենաքիչ ռուսախոս և առավել հայախոս անդամի, առաջարկեցին զբաղվել հայերեն «Երևան» ամսագրով:

Այն ժամանակ Մոսկվայում շատ հանրաճանաչ և սիրված էր «Большой город» ամսագիրը, որը տարածվում էր անվճար, ուներ մեծ ֆորմատ և պատմում էր Մոսկվայի մասին: Երկար մտածեցինք կոնցեպտի մասին: Ազդվեցինք և ոգեշնչվեցինք «Большой город»-ից և գլխավոր սկզբունքներից մեկը, որ ընդունեցինք ու պահպանում ենք՝ շոուբիզնեսի մինիմալ ներկայությունն ու  քաղաքականության  գրեթե բացակայությունն է: Բացի այդ՝ մեզ հուզող ցանկացած խնդրի մասին հանգիստ խոսելն ու լեզվի բնական լինելն է կարևոր: Հաճախ հոդվածների հերոսները սովորական մարդիկ էին, օրինակ, տաքսիստների մասին խորագիրը, որն այդքան սիրվեց մարդկանց կողմից: Եվ մենք որոշեցինք, որ եթե մենք պատմում ենք սովորական մարդկանց մասին, իրենց լեզուն, իրենց խոսքը պետք է լինի այնպիսին, ինչպիսին կա: Դա չի նշանակում, որ չենք խմբագրում տեքստերը, բայց այնպես ենք անում, որ մարդ կարդա ու պատկերացնի՝ հերոսն իրականում ինչպիսին է:

2011-ին երկու փորձնական թողարկում արեցինք: 2013թ-ից արդեն տպաքանակը մեծացրինք և ավելի կայուն սկսեցինք հրատարակվել:

DSC01401

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Երևանի» քանի՞  համար եք տպագրել:

-57, Գյումրիին նվիրված համարը 57-րդ համարն էր: Սկզբում տպագրում էինք տարեկան տասը թողարկում: Ըստ էության՝ ամսագիր էր՝ բառի բուն իմաստով: Հետո «Երևան պրոդաքշնսը» փակվեց, և ծրագրերը առանձնացան իրարից: Մենք սկսեցինք հայթայթել մեր համար տպագրության գումարը ու մինչև հիմա այդ ռեժիմի մեջ ենք: Հիմա տպագրում ենք տարեկան 5-8 թողարկում: Ինչքան որ ստացվի:

-Ինչպե՞ս եք որոշում ամսագրի թեմաները:

-Շատ տարբեր մոտեցումներ կան: Ժամանակի ընթացքում կուտակվում են հոդվածները, ու հասկանում ես, որ այս մի քանի հոդվածով, այս ֆոտոսեսիայով կարելի է կոնկրետ թեման լավ ձևակերպել ու հասունացնել: Երբեմն ստանում ենք առաջարկ ինչ-որ հովանավորից: Օրինակ՝ Գյումրիին նվիրված համարը, երբ մեզ դիմեցին կառավարությունից: Գյումրիում կազմակերպում էին սեպտեմբերի 21-ի տոնը, ու դա Գյումրիի մասին համար անելու լավ առիթ էր: Մենք դեռ 2012թ.-ից ուզում էինք Երևանից բացի ուրիշ քաղաքի մասին համար անել ու հենց Գյումրին էինք քննարկում: Այս դեպքում առաջարկը համընկավ մեր ցանկության հետ:

Կոմիքսների համարը, որը մեր այս տարվա շատ սիրելի թողարկումներից է: Մենք վաղուց ուզում էինք ինչ-որ կերպ անդրադառնալ կոմիքսների գաղափարին, որովհետև իմ և անձնակազմի կարծիքով այն հետաքրքիր  արվեստի ճյուղ է: Բայց չէինք պատկերացնում՝ ինչպես անել: Եվ այդ ժամանակ էր, որ ծանոթացանք Շամիրամ Կարապետյանի հետ, որը շատ հրաշալի կոմիքսային արտիստ է և իր ստուդիան ունի «Թումոյում»: Ինքն էլ ասաց. «Իսկ եկեք «Նյու Յորք թայմսի» պես անենք մի թողարկում, որտեղ հոդվածների փոխարեն կոմիքսներ լինեն»: Համարյա մի տարի աշխատեցինք և ստացանք այն, ինչ որ ստացանք:

-Ովքե՞ր են գրում «Երևանի» համար:

-Մենք ունենք մեզ հետ միշտ աշխատող մեկ հաստիքային, երիտասարդ լրագրող՝ Մարգարիտ Միրզոյանը: Մնացածը մեր հետ արդեն մեծամասամբ բավական երկար աշխատող ֆրիլանս լրագրողներ են, որոնցից ոմանց հիմնական աշխատանքը լրագրությունը չէ, բայց հաճույքով գրում են մեզ համար:

-Ինչպե՞ս եք գովազդներ ստանում:

-Դժվարությամբ: Զանգում ենք, գրում ենք: Մեզ շատ օգնեց 2017թ. «Յուքրաֆտի» հետ համագործակցությունը, երբ առաջին անգամ ստիկերներ տպեցինք: Այդ ստիկերները բում արեցին քաղաքով մեկ:  4000 տպաքանակը շատ արագ սպառվեց, և շնորհիվ «Յուքրաֆտի» հետ այդ ծրագրի, մեզ հիմա պարբերաբար զանգում են և առաջարկում են ստիկերների ֆորմատով գովազդային համագործակցություն:

Մենք հիմա հասել ենք այն վիճակին, որ մեր գործընկերներից շատերը իրենք են մեզ հետ կապվում: Միշտ փորձում ենք թեմատիկ գործընկերներ գտնել: Օրինակ՝ 2018թ-ին «Սիրահարների այգու» տասնամյակն էր: Մենք կապվեցինք Պողոսյան հիմնադրամի հետ, և այնպես ստացվեց, որ հիմնադրամը մեզ աջակցեց ֆինանսապես: Մի կողմից ստացվեց գովազդային թողարկում հիմնադրամի համար, մյուս կողմից՝ «Սիրահարների այգին» կարևոր է քաղաքի համար, ու «Երևանը» ոչ թե փողի համար արեց այդ թողարկումը, այլ որովհետև մենք ուզում էինք ինչ-որ կերպ նաև մեր կողմից նշել այդ առիթը: Իդելական տարբերակն է, երբ թեման և գործընկերը համընկնում են իրար հետ:

-Ինչպե՞ս որոշեցիք ստիկերներ սարքել:

-Դիզայնը «Երևան» ամսագրի գուցե ամենաուժեղ կետն է: Մարդիկ մեր այս կամ այն թողարկումը հիշում են շապիկով, և մենք ուզում էինք յուրահատուկ բան անել: Որոշեցինք այդ համարը անել հինգ տարբեր շապիկներով՝ նույն թողարկումը, նույն տպաքանակը՝ միայն շապիկներով տարբերվող: Այն ժամանակ ստիկերները Հայաստանում այդքան տարածված չէին: Այդ համարի  համար հավաքեցինք մեր ծանոթ բոլոր ամենալավ դիզայներներին ու խնդրեցինք, որ ամեն մեկը իր սիրած նկարը տա: Եվ այն, ինչ ստացվեց, գերազանցեց մեր բոլոր սպասելիքները: Լինում էր, որ մարդիկ ուղղակի ստիկերները համարից պոկում տանում էին: Իհարկե ցավալի է, որովհետև մարդիկ համարը վերցնում էին, և պարզվում էր, որ մեջը ստիկեր չկար: Մենք հետո շատ երկար ամիսներ ավելացած, առանձին ունեցած ստիկերները բաժանում էինք ու դրանից հետո ուղղակի աշխատում ենք, եթե թեման այնպիսին է, որ ենթադրում է ստիկերի առկայությունը, անպայման ներառել համարում:

-Ինչո՞ւ եք «Երևանը» անվճար բաժանում:

-Իմ սիրած հարցն է: Հայաստանի շուկան շատ փոքր էր՝ այն ժամանակ էլ, հիմա էլ: Վաճառքից ստացված գումարը ամեն դեպքում զգալի չէր լինում: Ամսագիրը վաճառելու համար պետք է բավական շատ գործողություններ անել՝ պայմանավորվել ընկերությունների հետ, գին նշանակել, խանութներ տանել, սպասել մինչև այնտեղ կվաճառվի ամեն ինչ և այլն: Բացի այդ՝ կրպակներում և սուպերմարկետներում դրված ամսագիրը չէր լինի այն, ինչ հիմա «Երևան»-ն է: «Երևանի» այցեքարտերից մեկը Երևանին մոտիկ լինելն է: Իսկ ավելի մոտիկ բան, քան սրճարանները, որտեղ մարդիկ առավոտները գնում են սուրճ խմելու կամ երեկոյան գնում են գինի խմելու, չկա:

Դա նաև բիզնես պլանի մի մասն էր: Մենք ուղղակի ի սկզբանե դրեցինք մեր խաղադրույքը գովազդատուների վրա, որովհետև ակնհայտ էր, որ ոչ թե վաճառքն է, այլ գովազդներն են կարևորը:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

-Ովքե՞ր են ձեր ընթերցողները:

-Ես մոտավոր դիմանկար ունեմ մեր ընթերցողների, բայց կարող է սխալվում եմ: Իմ պատկերացմամբ այն մարդիկ են, ովքեր երիտասարդ են կամ միջին տարիքի: Այն մարդիկ են, ովքեր հետաքրքրվում են Երևանի ճակատագրով, ապագայով ու ներկա իրավիճակով: Հետաքրքրված են, որպեսզի Երևանը դառնա ավելի լավ քաղաք: Այն մարդիկ են, ովքեր գուցե իրենք են ինչ-որ բան փոխել քաղաքում: 2011թ.-ից, այսինքն՝ մեր ամսագրի գոյության ժամանակներից սկսած, կարծում եմ՝ մեր հասարակությունը դեպի լավն է փոխվել, հաստատ ապատիան պակասել է: Դրա ապացույցներից մեկն այն էր, ինչը տեսանք անցած տարվա ապրիլին:

-Ո՞րն է «Երևանի» հիմնական նպատակը:

-Հետաքրքիր, ոչ շատ փուչիկային ժամանց ապահովելը մեր ընթերցողների համար: Նաև, երբ ես հիմա նայում եմ մեր անցած ճանապարհին, ինչ-որ առումով վերապահումներով իհարկե, այս պահի դրությամբ 2010-ականների երևանյան կյանքի, իրադարձությունների, մարդկանց, պատմության ֆիքսումն է: Եթե մի օր փակվենք, մոտ 50 տարի հետո մարդիկ կարող են վերցնել «Երևանի» 57 համարները, թերթել ու բավականին շատ բան պատկերացնել այն մասին, թե ինչպիսին էր քաղաքը և քաղաքացիները այս ժամանակ: Մեր թիմի համար կարևոր է անմահացնելը այն ամենալավ, ամենակարևոր երևույթները, իրադարձությունները և մարդկանց, որոնք հիմա մեր քաղաքում են:

-Ո՞րն է «Երևանի» ձեր սիրած համարը:

-Ես շատ եմ սիրում Գյումրին, դիզայներական համարը, կոմիքսներն եմ շատ սիրում, որովհետև շատ էին տարբերվում մեր սովորական ֆորմատից, ֆոտոյին նվիրված թողարկումը, սուրճը: Նաև թաղման արարողությունների մասին համարը, որովհետև մենք այդտեղ հաջողացրեցինք շատ բարդ թեմայի մասին խոսել նորմալ, հանգիստ, մեզ հատուկ ֆորմատով, ամեն դեպքում՝ առանց մեզ դավաճանելու:

- Ձեր կարծիքով՝ երևանցիներին դո՞ւր է գալիս «Երևան» ամսագիրը:

-Ոնց որ թե հա: Մեր համարները մինչև հիմա սպառվում են: Կարծես թե ընթերցողը չի պակասում: Ուղղակի, ցավոք, տպաքանակը միշտ չէ, որ հերիքում է: Հիմա 4000 օրինակ ենք տպագրում: Կարծես թե ընթերցողները ավելի շատ են, որովհետև օրինակ, Գյումրիի թողարկումը լույս տեսնելուց հետո ինձ մինչև հիմա գրում են՝ որտեղի՞ց գտնենք, վերջանում է, չենք հասցնում, բայց դե, ինչ արած: Հենց ֆինանսական հնարավորություն ունենանք, ավելի մեծ տպաքանակով կտպենք:

Երևանի» հետ կապված՝ ի՞նչ նոր մտքեր ունեք:

-Այս պահին մեր բոլոր մտքերն ուղղված են հաջորդ համարին, որը ես հույս ունեմ, նոյեմբերի սկզբին արդեն լույս կտեսնի: Դեռ չեմ ասի թեման, բայց ինչպես միշտ՝ հետաքրքիր ենք անելու: Հուսով եմ՝ այն մարդիկ, ովքեր նույնիսկ չեն մտածել, որ այդ թեմայով կարելի է հետաքրքրվել, ամսագրի շնորհիվ կհետաքրքրվեն:

Syuzanna Arshakyan

Համարձակ ուսանող-լրագրող

-Լավ է գործել սխալ, հետո ներողություն խնդրել, քան հարցնել ու մերժում ստանալ։

Սա լրագրության ֆակուլտետի առաջին կուրսեցու և դասախոսի խոսակցության վերջաբանն էր։ Ես՝ ուսանող-լրագրողս, դեռ առաջին կուրսում տարված բազում նոր գաղափարներով, մտքերով, ամեն միտքս կյանքի կոչելուց առաջ վազում էի դասախոսներից ամենափորձառուի մոտ ու նրանից բոլոր ճանապարհներով փորձում հասկանալ՝ կարելի՞ է արդյոք անել այն, ինչն այդքան ժամանակ մտածում էի (կլիներ դա հարցազրույց կամ որևէ վտանգավոր նյութի հրապարակում), անկասկած վախենում էի, բայց ամեն անգամ փորձառուից մերժում ստանալով ու «չի կարելի»-ներ լսելով՝ հիասթափվեցի թե՛ մասնագիտությունից, թե՛ գաղափարներից, որոնք մտածել էի։ Դասախոսն ի վերջո զգաց հարցերիս բացակայությունն ու ինքը որոշեց հարց տալ։

- Հը՞, ո՞ւր են հասել գաղափարներդ։

-Հասել են Ձեր «չի կարելի»-ներին ու կանգ առել։

-Ափսոս, մի շաբաթ շարունակ սպասեցի, որ տեղադրես նյութդ համացանցում։

-Բայց մերժեցիք, ասացիք՝ չի կարելի։

-Լավ չէ՞ր լինի՝ հիմա երկու րոպե գլուխդ կախ ներողություն խնդրեիր, բայց դասից հետո շտապեիր խմբագրություն, որպես համարձակ լրագրող-ուսանող, որ արդեն մեկ ուրիշն է։ Իսկ դու վախեցար սխալվել։ Համարձա՛կ եղիր, դու լրագրող ես, կարիք չկա հարց ու փորձ անել, երբ հստակ նյութ և գաղափար ունես, իրագործի՛ր, հարկ եղած դեպքում՝ ներողություն կխնդրես ու կսովորես՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ։

-Իզուր Ձեզ լսեցի։

-Այս դեպքում, իհա՛րկե։ Սովորիր կերտել քո ճանապարհը, իսկ իմ անցած ճանապարհում դա չէր կարելի, լավ է գործել սխալ, հետո ներողություն խնդրել, քան հարցնել ու մերժում ստանալ, կոչվել «համարձակ» ուսանող-լրագրող։

anush davtyan

Գոռը

Գոռին վերջին անգամ երևի մոտ ինը տարի առաջ էի տեսել։ Ես իրեն հիշում էի էն տեսքով, որ դեռ մի գլուխ կարճ էր ինձնից (դե, երկու տարվա տարբերությունը մեծ բան է փոքր տարիքում), շա՜տ նիհար էր, ոնց որ ասում են՝ «ճլեզ», ու մեր մանկությունից հիշում եմ մենակ էն պահերը, երբ իրար հետ կախվում էինք իրենց տան պտտաձողից («տուռնիկ»՝ այլ կերպ ասած)։ Մամայիս պատմածներից գիտեմ, որ ահավոր, անտանելի ու անհնարին չար երեխա է եղել։ Չար ասելով՝ հասկանում ենք չարաճճի։ Շատ ակտիվ էր ու երևի դրանով բոլորի զահլան տանում էր։

Դե, անցան տարիներ, ու վերջապես նորից տեսանք իրար «համաբարեկամական» հավաքներից մեկին։ Գոռը տատիկիս եղբոր տղայի տղան է։ Գոռը մեր «ախպերն ա»։ Ու հիմա էդ առաջվա փոքր-մոքր տղան արդեն անցել է ինձ մոտ մի գլխի չափով, էնքան թափ է հավաքել, որ մտածում ես՝ ցանկացած կռվից հաղթող դուրս կգա։ Ու էդ շատ էլ բնական է, որովհետև ինքը Ռուսաստանում մի քանի տարի ապրած և ֆանտաստիկ հաջողությունների հասած մարզիկ է։ Ուշադրություն՝ ընդամենը 17 տարեկան։ Չգիտեմ՝ ում համար ոնց, բայց ես իրոք մտածում եմ, որ իր հաջողությունները ֆանտաստիկ են։ Հիմա թե էդ ձողի վրա երկու պտույտ ավել կանի, թե պակաս, ցած թռչելուց ուղիղ կկանգնի գետնին, թե չէ, իր կատարած ծանր աշխատանքը ոչ մի բանը չի փոխի (մեդալներն էլ չեն տանի)։

Կարճ ասած՝ քույր-եղբայր վերամիավորումը շատ լավ անցավ։ Էնքան լավ, որ որոշեցինք իրենց մեքենան քշել, տանել բակից, քանի բանալին ձեռքներս էր ընկել։ Ուղղակի ես հաշվի չէի առել մի բան․ Գոռը երկրորդ անգամ էր ղեկին նստում։ Ու էդ պարզ պատճառով մեզ շատ արագ բռնացրին ու հետ կանչեցին տուն։

Դրանից հետո ու առաջ էլի ինչ ասես չեղավ, ինչ ասես չարեցինք։ Կես օրը, իհարկե, անասելի քիչ է, որ հասցնես ինը տարվա դեպքեր պատմել, մանավանդ եթե զրուցակիցդ պատմելու բան ունի։ Իսկ Գոռը անցյալ ունեցող մարդ է ինձ համար, որովհետև շատ պատմելու բան ունի։ Ես էլ շատ ասելիք ունեմ։ Ռուսաստանի առաջացրած բացը պետք է լրացնել։

Սևանը հայցում է ձեր սերը

Լուսանկարը` Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը` Օֆելյա Հովհաննիսյանի

Տարվա գրեթե բոլոր ամիսներին Սևանա լիճը չի կորցնում իր գեղեցկությունը։ Սակայն ամռանը Սևանա լճի գեղեցկությունը, կարելի է ասել, կրկնապատկվում է։ Այն իր հյուրընկալ դռները բացում է ոչ միայն իր համաերկրացիների, այլ նաև օտարերկրացիների առջև։ Սակայն ի պատասխան, ի՞նչ վերաբերմունքի է արժանանում Սևանը։ Սևանի հյուրերն իրենցից հետո ի հիշատակ այցելության, թողնում են աղբ, որն աղտոտում է լիճն ու ափամերձ տարածքները։ Այդպես լիճը կորցնում է իր գեղեցկությունը, և եթե մենք ցանկանում ենք շարունակաբար օգտվել այն բարիքներից, որը առատաձեռնորեն մեզ շնորհում է Սևանը, ապա ի պատասխան, մենք պետք է լիճը փրկենք աղտոտվածությունից։

Լուսանկարը` Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը` Օֆելյա Հովհաննիսյանի

Սևանը մեծ նշանակություն ունի մեզ համար, ուստի նրանց, ովքեր աղտոտում են լիճը և այդպես թողնելով՝ հեռանում, պետք է պատժել, որպեսզի մյուսները դա տեսնելով՝ չկրկնեն նույն սխալը։ Ես, իբրև Սևանի բնակիչ, ուրիշ եղանակ այլևս չեմ տեսնում: Լճի գեղեցկությունը և մաքրությունը կարևոր է ոչ միայն մեզ համար, զբոսաշրջիկների, այլև հենց լճի համար։ Այս տարի տագնապն ավելի ուժգին է հնչում. Սևանի ջուրն աղտոտվում է, չի հասցնում ինքնամաքրվել, ուշքի եկեք, գոնե դուք աղբը մի լցրեք լճի մեջ:

Սևանին խոսքեր պետք չեն, Սևանը մեր սիրուն և հոգատարությանն է սպասում:

Milena movsesyan yerevan

Ուսանողը խաղաքար չէ

2018թ. ապրիլի 16-ն էր՝ աշխատանքային շաբաթվա առաջին օրը: Պատմության դասախոսը մտավ լսարան: Ուսանողները, ովքեր ուղիղ եթերով հետևում էին քաղաքում տիրող իրավիճակին, անջատեցին հեռախոսները: Բոլորը պատրաստ էին լսելու Հայաստանի առաջին հանրապետությանը վերաբերող դասը: Բայց դասախոսը եկել էր արտահայտելու իր մտքերը՝ կապված անցկացվող ցույցերի հետ: Նա եկել էր հավաստելու, որ դա ապարդյուն է, որ պատմությունը ցույց է տալիս՝ նման դեպքերի հանգուցալուծումն ինչպիսին է լինում, որ պետք է հիշել փաստերը, ունենալ հստակ ծրագիր՝ հեղափոխության հասնելու համար: Կարճ ասած, պետք չէ միանալ ցույցին: Իսկ մինչ դասի սկսվելը ուսանողների հեռախոսները թնդում էին հակառակ ուժերի հնչեցրած պայքարի խոսքերով:

Պատահական չէ, որ կոչերն ու հորդորները առաջին հերթին հենց ուսանողությանն է ուղղվում. թվում է՝ ղեկավարները կարող են օգտագործել վերջիններիս, ինչպես շախմատի տախտակին հակառակորդի դեմ զինվոր ուղարկելիս, կարող են «շտկել» մեր մտածելակերպն ու կարծրատիպերը, մի խոսքով, ոտքի կանգնեցնել կամ հանգստացնել նրանց:

Դասախոսին ուսանողները ուշադիր էին լսում, բայց հաջորդ օրը ողջ կուրսը դասադուլ հայտարարեց, և շատերը դուրս եկան փողոց: Մի՞թե գաղտնիք է մնացել, որ ուսանողն այսօր ավելի կայացած է ու խելացի: Առանց որևէ մեկի օգնության նա կարող է հասկանալ՝ ինչ է կատարվում իր շուրջը, կարող է տեսնել, նկատել ու ճիշտ եզրահանգում անել՝ քաջ գիտակցելով ինչու է դուրս գալիս փողոց, բացակայում դասերից ու ընկերների հետ ձեռք ձեռքի բռնած դադարեցնում երթևեկությունը: