նինա շահմուրադյան

Քաղա՞ք, թե՞ գյուղ

Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, որոնք, ապրելով գյուղում, երազել են քաղաք գնալ: Անկեղծ եմ ասում` ես նախանձում եմ գյուղում ապրող մարդկանց: Թվում է` նրանց կյանքը չի կարող ձանձրալի լինել: Ամեն օր արտերում, միշտ ընկերների հետ, շատ քիչ համացանց: Ինձ համար դա է կատարյալ աշխարհը, որտեղ ես կուզեի ապրել: Չեմ հասկանում ու դժվար թե երբևէ հասկանամ մարդկանց, որոնք ասում են, թե գյուղում ապրող մարդիկ, ներողություն եմ խնդրում նրանց անունից, հետամնաց են, հնաոճ ու այդպիսի հիմարություններ: Նրանք պարզ են, միամիտ ու սրտաբաց. դե, համենայն դեպս այնքանով, ինչքանով ես եմ նրանց ճանաչում:

Իսկ քաղաքում… Քաղաքում էլ է լավ: Այստեղ էլ են մարդիկ լավը: Ես սիրում եմ իմ քաղաքը, բայց քաղաքի թոհուբոհը չի կարելի համեմատել գյուղի անդորրի հետ. դրանք տարբեր բաներ են, տարբեր գեղեցկություններ: Ճիշտ է, գյուղում չկան սրճարաններ, բրենդային խանութներ ու զվարճալի կարուսելներ: Այնտեղ կան միայն կանաչ արտեր, ծառեր ու թարմ մրգեր:

Գուցե շատերը ինձ հետ չհամաձայնեն ու ասեն, որ ես չեմ ապրել գյուղում ու չգիտեմ, թե ինչ դժվար է այնտեղ: Այո՛, չգիտեմ, բայց որտե՞ղ չկա դժվարություն: Հարցն այն չէ, թե ինչպիսին է դժվարությունը, այլ այն, թե մենք դա ինչպես ենք ընդունում: Եթե մենք մտածենք, որ այն միայն մեզ կոփելու համար է, ապա այն պատվով կհաղթահարենք ու պատրաստ կլինենք առաջ գնալու:

Սիրում եմ գյուղը ու ուզում եմ, որ դուք էլ սիրեք:

Sona Tumanyan

Ամենակարճ ամառային արձակուրդները

 Արդեն ամառային արձակուրդներ են: Մարդիկ վայելում են ամառը, հանգստանում` լիցքաթափվելով լցվում են ամառային արևի դրական էներգիայով: Իսկ արդյոք որտե՞ղ են ինները, ինչո՞ւ դրսում չեն խաղում, չեն զգում ամռան ջերմությունը և. ի վերջո, ինչո՞ւ են նրանց փայլող աչքերը գիշերային անքնությունից ուռել և «դեֆորմացվել»:

Ես գիտեմ դրա պատասխանը. մենք քննության ենք: Օրերն անցնում են մեկը մյուսին հաջորդելով, բոլորի համար սովորական, բայց մեզ համար անսովոր. երևի ցանկանում ենք տարբերվել մյուսներից: Կարծես թե չեն եկել այդպես սպասված ամառային արձակուրդները, վերջապես մեր «սիրելի» դպրոցին չենք  ասի այդքան սպասված բառերը. «Հաջողություն, երեք ամիս էլ չեմ գալու»:

Ահա եկավ առաջին քննության օրը: Բոլորս պարտաճանաչ եկել էինք: Աղջիկ-տղա հորանջելով մտանք դպրոց: Վերցրինք նստարանի համարները. ինձ ընկավ 9-րդ համարը: Կարծես թե ամեն ինչ լուռ էր, չկար ոչ մի շշուկ, անգամ շատախոսները լուռ խորհում էին: Բերեցին հայոց լեզվի քննության թեսթերը: Դավիթը, համարձակ գտնվելով, բացեց ծրարը, իսկ տղաները կատակեցին.

-Դավո՛, ձեռդ խերով ըլնի:

Մեծ ակնկալիքներ ունենալով` ջանասիրաբար գրում էին` չմտածելով արդյունքների մասին: Երեխաները չորս կողմից հարցախեղդ էին անում, իսկ մենք` ուսուցիչներին, ու ամենահետաքրքիրն այն էր, որ նրանք չէին պատասխանում հարցերին, քանի որ Ն.Զ.Պ-ի և երկրաչափության ուսուցիչներ էին ու գաղափար չունեին հայոց լեզվից և գրականության քննական թեստերից: Եվ հենց այսպես անցավ մեր` չարաճճիներիս, առաջին քննությունը:

Շուտով քննությունները կավարտվեն, և կսկսեն երկար սպասված արձակուրդները:

anushmkrtchyan

Իմ «Լուռ» ընկերը

Վերցնում եմ թուղթն ու գրիչը, որ գրեմ: Ամեն անգամ գրելիս մտածում եմ` ինչպե՞ս սկսել: Այս անգամ սկսում եմ այսպես: Գրում եմ մեր տան ամենասիրածս տեղի՝ պատշգամբի մասին: Երևի մտածում եք, թե ի՞նչ մի սիրելու բան է, շատերն ունեն պատշգամբ, ու բոլորի պատշգամբներն էլ նույնն են:

Իրականում ամեն մի պատշգամբ ունի իր պատմությունը: Այդ պատմությունը կերտում ենք մենք՝ պատշգամբի տերերս` մեր իսկ կյանքով:
Մեր պատշգամբը մանկությանս ու պատանեկությանս լավագույն ընկերն է: Դեռ մանկուց սիրում էի  բարձրանալ ու ժամերով ինքս ինձ հետ մենակ մնալ: Չէ՛, սխալվեցի, ես մենակ չէի, ինձ հետ էր  նաև պատշգամբը` միակ «լուռ» ընկերս:

Մի փոքրիկ աղջնակ էի ու մտածում էի, որ պատշգամբը կախարդական է: Կանգնում էի, խոսում, խոսում` սպասելով, որ մի օր ինքն էլ կխոսի: Առաջ ավելի շատ էի գալիս: Գալիս էի այն հույսով, որ կխոսեմ, կպատմեմ ամեն ինչ, ու նա էլ կխոսի: Հիմա, երբ հասկանում եմ, որ նա երբեք չի խոսի, ուշ-ուշ եմ  գալիս, բայց միևնույնն է, հոգուս խորքում դեռ սպասում եմ այն օրվան, որ նա էլ կխոսի:

Շատերի համար միգուցե սա տարօրինակ կհնչի, բայց  մեզանից յուրաքանչյուրը ունի հնարավորություն  կերտելու իր փոքրիկ աշխարհը: Իմ աշխարհը սկսվում է հենց պատշգամբից: Ես այստեղ եմ գտնում իմ հանգստությունը, այստեղ աշխարհը խաղաղվում է, ու ամեն ինչ դառնում է լուսավոր:
Հիմա գալիս եմ, կանգնում ու վերևից նայում գյուղիս. այստեղից ամեն ինչ հրաշալի է երևում: Առհասարակ սիրում եմ բարձրությունը, որովհետև ինչքան բարձր եմ, այնքան ավելի մոտ եմ երկնքին, ու ավելի հեռու այն իրականությունից, որ կա աշխարհի վրա:

Ահա այսպիսին է մեր պատշգամբի և իմ պատմությունը: Այդ պատմությունը մենք գրում ենք միասին: Տարիներ կանցնեն,  ու միգուցե գա մի օր, երբ ես հոգնեմ անվերջ մենակ խոսելուց, գուցե այլևս չգամ, բայց այն պատմությունը, որը մենք գրում ենք հիմա, հավերժ կմնա այս պատերի ներսում:

nane eghiazaryan

Ամառն արդեն մեր քաղաքում է

Ուռա՜: Վերջապես ամառը իսկապես հայտնվեց իմ քաղաքում: Այո՛, արդեն հունիսը վերջանում է,  բայց ես մինչ այսօր չէի լսել մեր բակի երեխաների բացականչությունները: Ամառը մեզ մոտ այդպես է սկսվում, այսինքն` ես եմ այդպես կարծում: Նայում եմ պատուհանից ու տեսնում մի շարք երեխաների, որոնք անհոգ ու երջանիկ խաղում են բակում: Ա՜խ, ինչ լավ ժամանակներ են ապրում այս երեխաները: Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ ես էի նրանց տեղում: Մինչ ուշ գիշեր խաղում էինք` է՛լ գործնագործ, է՛լ հալամուլա ու էլի շատ խաղեր: Դեռ փոքր էինք: Մեր բակում ամենամեծը ես էի, իսկ ընկերներս ինձնից մեկ-երկու տարով փոքր էին ու ինձ լսում էին. ես ինձ լավ էի զգում, իսկ հիմա…

Հիմա  գուցեև իջնեմ բակ, ու խաղանք ավելի «մեծական» խաղեր՝ աղջիկները` վոլեյբոլ, իսկ տղաները` ֆուտբոլ: Ու եթե որոշենք դա մեծերով խաղալ, ասենք նույն գործնագործը, ու մի ուրիշ իմ տարիքի աղջիկ անցնի, հավատացե՛ք, ինձ կասեն, որ ես դեռ չեմ մեծացել, ու պետք է ինձ ավելի մեծի պես պահեմ: Ախր ինչու՞ չեք հասկանում, որ ես սիրում եմ խաղերն ու առհասարակ ուրախ ժամանակ անցկացնելը: Ես կարող եմ ինձ մեծի նման պահել, բայց հասկացել եմ, որ մեծն էլ է  ուզում վերադարձնել այն տարիները, երբ կարող էր առանց հոգսերի խաղալ դրսում: Այսպիսով, ես իմ այս պատմությամբ նաև ուզում եմ խոսել երիտասարդների հետ, որոնք իրենց արդեն մեծ են պատկերացնում: Պետք չէ այդպես միանգամից մեծանալ, որովհետև հետո ցանկանալու եք միանգամից փոքրանալ, իսկ դա հնարավոր չէ: Թեկուզ, եթե դուք դրսում խաղալ չեք սիրում և կամ դա համարում եք ոչ ճիշտ պահվածք, ապա պետք չէ ուրիշներին քննադատել ու նրանց կարծիքը փորձել փոխել: Ես նաև հակադարձում եմ իմ ասածին, քանզի կան մարդիկ, որոնք դրսում են օրը 24 ժամ: Խաղն էլ իր ժամանակն ունի, և դա էլ պետք է լինի չափավոր, որովհետև միայն դրսում լինելով մարդը ոչինչ չի կարող հասկանալ: Գիտե՞ք, այս նախադասությունները գրելիս ամեն բառիս հակառակն ապացուցող պատասխանն եմ ուզում տալ, բայց այլևս չեմ ցանկանում երկար-բարակ անիմաստ մենախոսել, որովհետև չեմ սիրում:

davit avagyan

Բաղանիս

Բաղանիս գյուղում Բաղանիս անունով գետ կա: Պարզ է` անունը մեկից մյուսին է անցել, սակայն գետից է անցել գյուղին, թե գյուղից գետին, դժվար է ասել:

Գյուղի պապիկներից մեկը գյուղի անվան ծագման  մասին երկու տարբերակ նշեց, որոնցից մեկը այգիներով հարուստ տարածքի իմաստն ունի, իսկ մյուսն այն է, որ ժամանակին այստեղ ստորգետնյա տաք ջրեր են եղել, ու մարդիկ այդ ջրերով լողացել են, այսինքն` բաղնիքն է «բաղ» արմատում: Մի խոսքով հասկացաք, բայց ահա մեր պատմաբան  Սամվել Ալավերդյանը այլ տարբերակի կողմնակից է.

-Հիմքը, իմ կարծիքով, Անին` որպես Արամազդից էլ առաջ հայր աստծո, տարածքի իմաստն ունի: Պարտադիր չէ ` հենց այգին արմատում լիներ, որովհետև  «բակ» և «Անի», գուցեև`« Անիի փոս»:  Իրոք, այստեղ փոս տեղ է, և գյուղի տարածքում աճում է այն, ինչ որ Հայաստանում աճում է, իսկ կողքի գյուղում շուտ ցրտահարվում է, չի աճում: Խաղողը, նուռը, թութը արևադարձային, մերձարևադարձային որոշ բուսատեսակներ: Մասնավորապես այստեղ  թուզ է աճում, իսկ կողքի գյուղերում` համարյա ոչ:

Երկու-երեք հարյուր տարվա գերեզմանները վկայում են, որ այստեղ բնակվել են մեր տարածաշրջանի շատ տոհմեր: ՈՒրեմն, Ռուսաստանին միանալուց հետո  ցարի հրամանով Արցախի  կողմերից մարդկանց բերել են Թբիլիսի-Երևան հատվածի անվտանգությունը ապահովելու համար: Եթե գնանք դարերի  խորքը, յոթ-ութ հազար տարվա բրոնզեդարյան  ու նույնիսկ ավելի  վաղ շրջանի հուշարձաններ կան, բայց եթե վերջին ազգանուններին ենք նայում, մեր տարածքի  ահագին մասը Հադրութի, Արցախի մյուս տարածաշրջաններից մարդկանց բերել են այստեղ` սահմանը պահելու:

Այն, որ մեր բնակավայրը շատ հին է, վկայում են շրջակայքի կիկլոպյան ամրոցները, որոնց մոտենալը այնքան էլ անվտանգ չէ:

Բաղանիս գետն իր շրջակայքով Գուգարաց աշխարհի ամենազմայլելի վայրերից մեկն է: Գետն այնպես է «գրկված» անտառներով ու այգիներով, որ տներն ու գյուղամիջյան ճանապարհը հեռվից դժվար են երևում:

Lyuba Sharoyan

Իմ ուսուցիչը

Իմ հարցազրույցը մի նկարչի հետ է, ով այժմ բնակվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում: Այդ նկարիչը 37-ամյա Հակոբ Հակոբյանն է:

-Որտե՞ղ եք ծնվել:

-Ծնվել և մեծացել եմ Արթիկ քաղաքում, իսկ այժմ ապրում եմ Ակնալճում:

-Ինչպե՞ս Արթիկի ցուրտ եղանակից հետո հարմարվեցիք Ակնալճի շոգին:

-Դժվարությամբ, բայց դե ստիպված էի: Մորս հարազատներն այստեղ էին, և ստիպված տեղափոխվեցինք:

-Որտե՞ղ եք հաճախել դպրոց:

-Ես դպրոց գնացել եմ Արթիկում, սովորել համար հինգ դպրոցում: Լավ եմ սովորել, բայց ամենից լավ տիրապետել եմ գրականության և նկարչության առարկաներին: Այդ իսկ պատճառով աչքաթող եմ արել մնացածը, որի համար շատ եմ ափսոսում:

-Արթիկի հետ կապված հուշեր կպատմե՞ք:

-Իմ մանկությունը  շատ լավ է անցել Արթիկում, կարոտով եմ հիշում այդ  օրերը: Հիշում եմ, 12 կամ  13  տարեկան էի, բակի երեխաների հետ գնում էի մեր շենքին հարակից զորամաս՝ վերցնում զինվորական համազգեստ, դուրս գալիս հրապարակ և մեր քայլերով զարմացնում անցորդներին: Որոշ մարդիկ ապշած մեզ էին նայում և ուրախության ճիչեր արձակում, ծափահարում, այդպիսով ավելի ոգևորելով մեզ: Շատ մեծ կարոտով եմ հիշում այդ օրերը:

-Դպրոցից բացի այլ տեղ սովորե՞լ եք: 

-Իհարկե: Սովորել եմ Արթիկի գեղարվեստի ուսումնարանի նկարչության բաժնում: Ես դեռ շատ փոքր էի, երբ ծնողներս նկատեցին մեծ սերս դեպի նկարչությունը, իսկ այժմ այդ ամենը ես նկատում եմ տղայիս մեջ: Ես իմ բացթողումներն ու կիսատ երազանքները շարունակելու եմ տղայիս միջոցով:

-Եղե՞լ է ժամանակ, որ հիասթափվեք նկարչությունից:

-Հիասթափությունը համարում եմ նկարչի առաջին ու գլխավոր թշնամին, սակայն բոլորի պես ես էլ հիասթափության պահեր եմ ունեցել: Նույնիսկ փորձել եմ մասնագիտությունս փոխել, բայց ծնողներս ինձ հետ են պահել այդ քայլից, որի համար անչափ շնորհակալ եմ իրենց:

-Իսկ այժմ աշխատո՞ւմ եք Ձեր մասնագիտությամբ:

-Այո, աշխատում եմ: Մասնավոր խմբակներ ունեմ: Ես ինքս էլ հասկանում եմ, որ որոշ երեխաներ դժվարությամբ են ներկեր ձեռք բերում:  Աշխատավարձս քիչ է աշխատանքիս դիմաց, բայց դե չեմ տրտնջում:  Մեծ սիրով եմ գնում աշխատանքի, քանի որ տվածս օդում չի մնում: 14 երեխաներից 6-ը լավ են նկարում, դա մեծ ցուցանիշ է: Ես հպարտանալու տեղ ունեմ:

-Դուք գյուղում ճանաչված նկարիչ եք, պատվերները շատ են, գյուղում համար առաջինն եք Ձեր մասնագիտությամբ: Արդյո՞ք գյուղից դուրս ունեք այդ ճանաչումը:

-Ցավոք՝ ոչ: Ես միայն գյուղով եմ բավարարվել: Գյուղից դուրս  ճանաչում ունենալու համար պիտի փոխեմ բնակավայրս, որի համար բավարար միջոցներ չունեմ:

-Ձեր կարծիքով մեր հանրապետությունում գնահատվո՞ւմ է նկարչի գործը: 

-Ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում  բոլոր գործերը  և գնահատողներ կան, և ՝ոչ:

-Նկարիչների համար հե՞շտ է  նկարչական պարագաների ձեռք բերումը:

-Ցավոք՝ ոչ: Նկարչություն ասելով պետք չէ հասկանալ կտավ, ներկ, վրձիններ: Հազար ու մի բան  է հարկավոր, որոնք բավականին թանկ են:

-Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Ձեր աշակերտների պատկերացումը դեպի գույներ ընդլայնելու համար:

-Հիմնական միջոցն այն է, որ իրենց աչքերով տեսնեն բնությունն իր ողջ հմայքով, չէ՞ որ աշխարհի միակ անթերին բնությունն է:

-Ձեր կարծիքով նկարիչներն ունե՞ն ընդհանուր մոտեցում դեպի գույները:

-Ամեն նկարիչ ունի իր ոճն ու ճաշակը, որին համապատասխան գույներ է ընտրում: Ամեն նկարիչ նկատում է իր սրտի զգացածը: Նկարիչները չեն կարող նույն բանը բոլորով զգալ և նկարել:

-Ի՞նչ եք կարծում, եթե հիմա Արթիկում ապրեիք, տաղանդավոր աշակերտներ կունենայի՞ք:

-Այո, իհարկե, տաղանդավորներ ամենուր կան, բայց  քանի դեռ այստեղ եմ՝ Ակնալճում, աշակերտներիս չեմ փոխի հարյուրավոր նկարիչների հետ:

-Ավելացնելու բան ունե՞ք:

-Կուզեի նշել, որ փոքր տարիքում, երբ հաճախում էի նկարչության, ուսուցիչներս ինձ լավ խորհուրդներ էին տալիս, որոնք հիմա օգտագործում եմ իմ աշխատանքի ժամանակ: Կարծում եմ, շատ մեծ է ուսուցչի դերը:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ո՞ւմ հետ է խաղում Դավիթը

-Բարև Դավիթ:

-Բարև:

-Ի՞նչ ես անում:

-Խաղում եմ:

-Ինչի՞ ես միշտ մենակ խաղում:

-Մենա՞կ, բայց ես մենակ չեմ:

-Բա ո՞ւմ հետ ես խաղում:

-Հրեշտակիս:

-Հրեշտակի՞դ… Բա հիմա ինքը որտե՞ղ ա:

-Էստեղ, մոտս նստած:

Դիտավորյալ նստեցի իր ցույց տված տեղը.

-Բա հիմա՞:

-Հիմա ի՞նչ, նստեցիր հրեշտակիս վրա,-շարունակելով խաղալ, անտարբեր պատասխանեց նա:

-Ի՞նչ տեսք ունի:

-Նույն ինձանից, ուղղակի սև շորերով: Աղջիկներինը` սպիտակ շորերով են լինում:

-Բոլորը ունե՞ն հրեշտակ:

-Իհարկե,- երևի միամտությանս վրա զարմացած ասաց Դավիթը:

-Իսկ իմ հրեշտակը ի՞նչ ա անում:

-Ի՞նչ իմանամ, պետք է ասես.  «Հրեշտակ, դուրս արի միջիցս», որ տեսնեմ:

Կրկնեցի, երևի դուրս եկավ… Ես չտեսա, բայց նա հաստատ տեսավ…

alex hakobyan

37 տարվա պատմություն

Տատիկս` Սեդա Փաշյանը, ծնվել է 1948 թվականին, Վրաստանում, Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում:

-Որտե՞ղ ես ուսում ստացել, տատ:
-Ազավրեթ գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտել եմ 1966 թվականին:
-Դպրոցը ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստացե՞լ ես:
-Բարձրագույն կրթություն չեմ ստացել, բայց հեռակա սովորել եմ Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումում և նաև  37  տարի աշխատել եմ Ազավրեթի գյուղական գրադարանում գրադարանավարուհի:
-Ե՞րբ ընդունվեցիր աշխատանքի:
-1967 թվականի մայիսից: Մեր գյուղում  նոր էր բացվել գրադարանը, և ես, միջնակարգ դպրոցի ատեստատը ներկայացնելով գրադարանի տնօրենին, ընդունվեցի որպես գլխավոր գրադարանավարուհի:
-Սիրո՞վ էիր կատարում այդ գործը:
-Դե, քանի որ ես շատ էի սիրում գրքեր ընթերցել, այս գործը ինձ համար ուղղակի հրաշալի էր:
-Հաճա՞խ էին գալիս գիրք ընթերցելու:
-Գյուղի մեծ մարդիկ, աշակերտներ և հատկապես բարձրագույն  սովորող ուսանողներ գրեթե ամբողջ օրը գրադարանում գիրք կարդալով էին զբաղվում:
-Կայի՞ն մարդիկ, ովքեր գալիս և խնդրում էին տալ այնպիսի գրքեր, որոնք հետաքրքրությամբ կընթերցեն:
-Իհարկե կային: Ես նրանց առաջարկում էի իրենց նախասիրություններին համապատասխան գրքեր:
-Երեխաները հաճա՞խ էին գալիս գրադարան:
-Շատ հաճախ:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ մեր օրերի երեխաները պարզապես գիրք չեն ուզում բացել:
- Որովհետև օգտվում են համակարգիչներից, հեռախոսներից և այլ տեղեկատվական տեխնոլոգիաներից: Բայց ես հոգուս խորքում  շատ եմ ափսոսում, որ այսօրվա երիտասարդները ընթերցանության անունն անգամ չեն ուզում լսել:
-Իսկ, եթե հիմա լինեիր գրադարանավարուհի, ի՞նչ քայլեր կձեռնարկեիր այսօրվա երիտասարդներին, այսպես ասած, ճիշտ ուղու վրա դնելու համար:
-Դե  կկազմակերպեի բացօթյա  ընթերցանություն, միջոցառումներ, հետաքրքիր գրքերի քննարկումներ, չէ՞ որ յուրաքանչյուր գիրք իր մեջ ունի բարոյախրատական որևէ իմաստ:
-Իսկ ի՞նչ հիշողություններ ունես այդ 37 տարիներից:
-Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը հրաշալի հիշողություններ ունեմ, քանի որ հաճախ էի գրադարանի ներսում կազմակերպում միջոցառումներ:
-Իսկ ԽՍՀՄի փլուզումից հետո ի՞նչ փոխվեց:
-Դե, մարդկանց հոգսերը շատացան, մարդիկ չէին գալիս գրադարան, աշխատավարձը իջեցրին, և այդպես շարունակ:
-Իսկ այդ 37 տարին  քեզ ի՞նչ տվեց:
-Այդ աշխատանքի շնորհիվ ես գտա իմ ամուսնուն, մենք հինգ աղջիկ ունեցանք, և հենց իմ ընտանիքը տվեց այդ սքանչելի տարիները:
-Քո աշխատանքը գնահատվե՞լ է կառավարության կողմից:
-Երկու մեդալ ունեմ. մեկը՝ 25 տարի  հավատարիմ և լավ աշխատող, որը ես ձեռք բերեցի իմ աշխատանքի շնորհիվ, մյուսն էլ որպես բազմազավակ մայր:

milena khachikyan

Հետավարտական օրերի եւ նախաքննական սպասումների մասին

Տասնութ, տասնինը, քսան… Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, քսանյոթ… Չէ, ես հաշվել չեմ սովորում, սրանք ընդամենը օրերն են, որ մնացել են իմ ու քննությունների միջեւ: Թվում է՝ ինչքան հանձնեմ, էլի մնալու են հանձնելու. գնում-գնում եմ, դեռ չորսն էլ կան: Ոնց որ վրեժխնդիր լինեն ինձնից. ոչ կարողանում եմ ուզածս գիրքը կարդալ, ոչ ֆիլմը նայել, տատիս տուն էլ արդեն չեմ հասցնում գնալ. սրանից լավ պատի՞ժ:

-Քիչ մնաց, դիմացի՛ր,- կասեր ինձ մայրս, եթե կարդար այն, ինչ գրում եմ այստեղ Նարեկացուց, Չարենցից մի քանի անգիր կրկնելու փոխարեն: Եվ քանի որ նա հավանաբար մտածում է, թե ես հենց դրանով էլ զբաղված եմ հիմա, ուրեմն հաստատ չեմ լսի ամենալուսավոր «քիչ մնաց»-ը, ինչը միայն մաման է կարողանում այնպես ասել, որ իսկապես հավատամ:

Ուրեմն՝ բարեւ: Ես սովորական մեկն եմ, ով, երեք տարի տառապելով ավագ դպրոցի լծի տակ, շուտով հայտնվելու է համալսարանում:

-Մի փոսից դուրս ենք գալիս, ընկնում մյուսի մեջ,- ասում է Մինասյան Լուսինը: Ո՞վ է նա. նա մի աղջիկ է, ում քամիները եւս բերել-հասցրել են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Բայց դա ուրիշ պատմության նյութ է:

Չէ, իրականում իմ պատկերացումները համալսարանական կյանքի մասին ավելի լավն են, սպասելիքները՝ շատ ուրիշ, որքան էլ կողքից հուշեն, թե ամեն ինչ նույն ձանձրալին է, անհետաքրքիրը: Ամեն ինչ չի կարող նույնը լինել գոնե սկզբնական շրջանում, քանի դեռ նոր են մարդիկ, միջավայրը: Հետո գուցե հոգնենք, գուցեեւ՝ հակառակը: Չնայած՝ ինքներս պիտի հետաքրքրություն մտցնենք, թե չէ առանց դրա միշտ եւ ամենուր նույնը կլինի, չէ՞:

Հիմա քննությունների ավարտը այնքան անիրական է թվում, որքան մի քանի ամիս առաջ՝ դպրոցն ավարտելը: Իսկ դրան այսօր արդեն միայն մի քանի օր է մնացել: Պատկերացնո՞ւմ եք: Ես՝ դեռ չէ: Շուտով այլեւս ստիպված չեմ լինի օրերիս մեծ մասը ուղարկել գրողի ծոցը՝ ծախսելով ժամանակ եւ անսպառ նյարդեր, ինչը սպասվում է բոլոր նրանց, ովքեր դեռ մեկ տարի էլ ունեն դպրոցում: Խոսքը մեր մեջ՝ նրանց ընդհանրապես չեմ նախանձում ու եթե հանկարծ հայտնվեմ ընտրության առաջ՝ կրկնել տասներկուերորդ դասարանը թե հանձնել բոլոր քննությունները նորից, վստահաբար կընտրեմ վերջինը, որքան էլ այն դեպրեսիոն է ու լարված, կարեւորը՝ առանց շտեմարան: Դպրոցը դպրոց է, կյանքի սովորական մի շրջան, որ յուրաքանչյուրի հետ պատահում է յուրովի, դառնում լավագույնը կամ հոգնեցնում, իրենից թողնում վերքեր կամ հակառակը: Բայց ինչ էլ որ լինի, hետ դառնալու կարիք չկա: Ի վերջո, ապրածը ապրած է արդեն: Հա, ի դեպ, առանց շտեմարան ապրելը մեծ անհոգություն է, ազնիվ խոսք: Դրա համար բոլոր պարապողներին միայն ծով, դեռ ծով էլ չէ, օվկիանոս համբերություն եմ մաղթում, որովհետեւ այս խառնիխուռն շրջանում ամենալուսավորը միայն վերջին դաս-վերջին զանգ օրերն են, չստացված փորձերն ու թաքուն լուսանկարներն են, մեկի անկեղծ լացը, մյուսի զվարթ ծիծաղը, որ պահելու եմ ինձ հետ մշտապես: Իսկ դպրոցը կարոտելու մասին հայտնի լեգենդները ծալում-դնում եմ մի կողմ. մենք կարոտելու ենք մեր ընկերներին, մեր մարդկանց, նրանց հետ ապրած ամեն խելառ արարք, միասին բարձրացած ամեն դժվարին աստիճան, կարոտելու ենք ուսուցիչների, ովքեր դպրոցի դասերից բացի նաեւ կյանքի դասեր են տվել, ովքեր թողել են իրենց մեծ հետքը մեր մեջ, կարոտելու ենք անհոգ օրերի այն շղթան, որ մշտապես կախված ենք պահելու մեզանից, բայց դպրոցն ու դասերը այս ամենի հետ ոչ մի կապ չունեն: Եվ կարոտելու ենք հատկապես այն դեպքում, երբ ներկայում այդ ամենից ինչ-որ բան պակասի մեզ հանկարծ: Հա, երեւի փոխվել եմ:

-Ծերանում ենք, Խաչիկյա՛ն, ծերանում ենք, սիրելի՛ս, – կասեր Պարույր Սեւակը, եթե հանդիպեր ինձ մի օր:

Ծերանում չէ, բայց հաստատ մեծանում ենք: Եվ մեծանալով ենք սովորում արժանապատվորեն տանել թե՛ հաղթանակ, թե՛ պարտություն, մեծանալով ենք սովորում լինել դավաճանված, մնալ հավատարիմ, սովորում կարոտել, հասկանալ, ներել, կորցնել, սովորում մարդկանց: Մեծանալով ենք սովորում սովորել:

-Ե՞րբ ա հաջորդ քննությունդ:

-Չորեքշաբթի:

-Վախ կա՞:

-Բա առանց դրա՞:

Չնայած՝ մեկ էլ տեսար, ի՞նչ կա որ:

Տասնինը, քսան, մեկ, երկու, երեք…Հետո՞:

Անգիրներս մնացի՜ն:

gohar zaqaryan

Երբ քեզ չեն մոռանում

-… Հորքուրի պատկերն ա է, շա՜տ նման ա,  մեր երկրորդ Լուսինեն ա…

Այս խոսքերը մանկուց եմ լսել, դեռ փոքրիկ երեխա էի, երբ մեր տուն հյուրեր էին գալիս, կամ մենք էինք հյուր գնում, միշտ ասում էին, որ հորաքրոջս եմ նման տեսքով, անգամ ինձ հաճախ Լուսինե էին անվանում: Վերջում անպայման ավելացնում էին` հուսանք նրա նման լավ կսովորի և բարձունքների կհասնի:

Երբ առաջին անգամ գնացի դպրոց, ինձ մոտեցավ մի տատիկ և ասաց.

-Վա՜յ, էս իմ պուճուր Լուսինեն ա: Է՜ս ինչ նման ա, բայց դու՝ Գոհարիկ ջան, պետք ա հորքուրիդ նման փայլուն սովորես, որ քեզնով էլ էնքան հպարտանանք, ինչքան մեր Լուսինեով:

Երբ նա գնաց, մայրիկին հարցրեցի, թե ո՞վ էր, իսկ նա պատմեց, որ հորաքրոջս դասղեկն է եղել և շատ է սիրել ու հպարտացել նրանով:

Երբ դեռ փոքր էի, չէի հասկանում նրանց խոսքերը, թե ինչով եմ նման հորաքրոջս, բայց հիմա հասկանում եմ և հպարտանում, որ նման եմ նրան: Նա մեր դպրոցի, մեր գյուղի պատիվն ու հպարտությունն է եղել, մեր դպրոցի ամենալավ սովորող աշակերտուհիներից մեկը: Հաղթել է բազմաթիվ մրցույթներում և հանրապետական օլիմպիադաներում: Պատկերացրեք, թե ինչ մեծ պատիվ է ինձ համար, երբ ինձ համեմատում են նրա հետ:

Հորաքույրս և նրա ընտանիքն այժմ արտերկրում են ապրում և մեզ շատ ուշ-ուշ են այցելում: Շատ եմ կարոտում նրանց: Գյուղում բոլորն են նրան կարոտում, հատկապես դպրոցում: Ահա թե ինչ է նշանակում` բարի հետք թողնել: Հուսամ, ինձ էլ վաղը կհիշեն նույն ջերմությամբ: