Ճամբարի օրակարգում կար մի կետ` ֆիլմերի գաղափարների քննարկում: Քննարկման ժամանակ առաջարկ եղավ ֆիլմ նկարել Մարտունում ապրող նկարիչ Սպարտակ Հայրապետյանի մասին, ով նկարում է քարաքոսներով:
Դա իրենից առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում: Որոշեցինք, որ կստացվի հետաքրքիր ֆիլմ, ընտրեցինք նկարահանող խումբը և ուղևորվեցինք Մարտունի` ծանոթանալու նկարիչ Սպարտակ Հայրապետյանի հետ: Պարոն Հայրապետյանը մեզ դիմավորեց և ուղեկցեց դեպի տուն: Այո տուն, քանի որ նա չուներ արվեստանոց, նրա համար իր արվեստանոցը դա իր տունն էր, ուր ամեն մի անկյունում, նույնիսկ պահարանների մեջ` շորերի փոխարեն, նկարներ էին:
Սկզբում ծանոթացանք նկարներին… Նա նկարում է արդեն 50 տարուց ավելի, առաջին քայլերը սկսել էր վաղ տարիքում: Սկզբում նկարել էր ինքնուրույն, իսկ հետագայում, գնալով Մոսկվա, շարունակել է ավելի ու ավելի մասնագիտանալ իր գործում: Ավարտելուց հետո նա ստացել էր բազմաթիվ առաջարկներ, որ մնա և շարունակի իր նկարչական գործունեությունը Մոսկվայում: Բայց ի զարմանս առաջարկողների, նա հրաժարվում է` ասելով, որ ես պետք եմ իմ հայրենիքին:
Քարաքոսներով նկարել սկսել է, երբ վերադարձել է Հայաստան, և իր խոսքերով, դրան նպաստել է իր քիմիայի մասնագետ լինելը: Նրա քարաքոսներով նկարների առաջին ցուցահանդեսը եղել է Մարտունու պատկերասրահում, հետո հասել Երևան: Դա հետաքրքրել է Մշակույթի նախարարությանը: Նրանք Սպարտակ Հայրապետյանին հրավիրում են իրենց մոտ և նրան շնորհում քարաքոսներով նկարելու հեղինակային իրավունքը: Ըստ հեղինակային իրավունքների կանոնների, այն մարդը, ով փորձի նորից նկարել քարաքոսներով, պետք է նրանից ստանա թույլտվություն, և եթե այդ մարդու նկարը վաճառվի, ապա շահույթի 5 տոկոսը պատկանում է հեղինակին: Սպարտակի խոսքերով, եթե նա ունենար արվեստանոց, ավելի շատ կնկարեր: Ըստ նկարչի, Մարտունու քաղաքապետարանը խոստանում է տրամադրել արվեստանոց. բայց «Գցում են սար ու ձոր, անընդհատ ասելով` կտանք, կտանք, բայց էդպես էլ չեն տրամադրում: Միայն ասում են` նկարներդ նվիրիր»:
Իր պատմելով, նկարների մեծ մասը նվիրել է և ոչ թե վաճառել: Նաև, առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում այն փաստը, որ նկարում էր արտադրական թափոններով`պղինձ, երկաթ:
Ճիշտ է, ցույց տվեց իր նկարները, բայց ցույց չտվեց, թե ինչպես է նկարում: Այնպիսի տպավորություն էր, որ մենք գնացել էինք նրա ցուցահանդեսին: Բայց մեր նպատակը վավերագրական ֆիլմ նկարելն էր:
Սեյրանի համառ պնդումներն իմ մտորումների պատճառը դարձան: Ամբողջ օրվա ընթացքում միտքս զբաղված էր Գավառի ու Մարտունու կարտոֆիլներով, Գավառին հատուկ ճաշատեսակներում և հնուց եկած սովորույթներում փռի մասին գրված հատվածներ որոնելով կամ մտաբերել փորձելով:
Փռի կարտոֆիլն իսկապես շատ համեղ էր:
Երկրորդ օրն էր, ինչ արդեն ճամբարում էինք: Ահա և նստած էինք ամենասպասված դասաժամին՝ կինոյին: Քննարկում էինք նախորդ օրվա առաջարկված թեմաները, որոնցով ֆիլմեր էին նկարահանվելու: Ճամբարի մասնակիցներով առաջարկել էինք 30 ամենատարբեր գաղափարներ: Մի քանի գաղափարներ դուրս մնացին ցուցակից՝ եղանակի պատճառով: Մոռացա նշել, որ Սևանի «զեփյուռիկը» ամբողջ օրը ոռնում էր պատուհանների տակ, էլ չխոսեմ` անձրևների և հնարավոր ձյան մասին: Այնուհետև մեզ բացատրեցին, որ որոշակի գաղափարներ ավելի ճիշտ կլինի ներկայացնել գրելով, ֆոտոշարքով, քան ֆիլմ նկարելով: Դե այդ փաստն էլ հաշվի առնելով, ևս մի քանի ապագա ֆիլմեր հանեցինք շարքից: պարզապես այնքան հեռու վայրերում էին, որ որոշեցինք ճամբարից հետո նկարել: Արդյունքում մնացին 16 ֆիլմերի գաղափարներ, որոնցից վերևի հորիզոնականներում էին «Սոֆիայի պապիկը» և «Ձիարշավարան» թեմաներով ֆիլմերի գաղափարները: Պարզվեց, որ բոլորը շատ-շատ են սիրում Սոֆիայի պապիկին, չնայած որ նրան չեն էլ ճանաչում: Սոֆիայի պապիկը 93 տարեկան է, նախկինում Գագարին ավանի դպրոցի տնօրենն է եղել, Հայրենական պատերազմի մասնակից ու ինչպես Սոֆիան էր հավաստիացնում, պարզապես շատ հետաքրքիր զրուցակից: Իսկ Մարտունու ձիարշավարան գնալ ցանկանում էին անխտիր բոլորը: Այս երկու գաղափարներից բացի բարձր ձայներ էր հավաքել արտագնա աշխատանքի վերաբերյալ թեման: Դե գաղտնիք չէ, որ հատկապես Գեղարքունիքի մարզում տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, և տան տղամարդու և կնոջ հոգսերը ծանրանում են կանանց ուսերին: Մենք պետք է Լճափ գյուղում նկարենք այդ ֆիլմը, մեր թղթակից Դիանան ասաց, որ կարելի է մայրիկին նկարել, որը հենց այս օրերին գնել է վառարանի փայտը և պետք է կոտրի, վառարանը տեղադրի: Սակայն Դիանայի մայրիկը իր համաձայնությունը դեռևս չի տվել:
Շատերին հետաքրքրեց նաև հովիվերի մասին ֆիլմ նկարելու Ներքին Գետաշեն գյուղի Անուշի գաղափարը: Իրենց գյուղի հոտերը մի քանի հովիվ պահում են սարերում: Այս տարի արջերը հարձակվել էին հոտի վրա ու գյուղացիներից մի քանիսի կովերը սատկացրել: Հովիվները ստիպված են փոխհատուցել վնասը, և մենք ուզում էինք թե իրենց նկարել, թե գյուղացիներին: Ցավոք սրտի, մի քանի զանգից հետո պարզեցինք, որ հենց այդ օրը հովիվներն իջել են սարերից:
Ես դարձա Նապոլեոն Բոնապարտը. միանգամից մի քանի գործողություն էի անում՝ մտքումս արտասանում, հաց էի ուտում, մասնակիցների հետ ծանոթանում և youtube-ով վերհիշում բանաստեղծությունս: Իրականում անիմաստ էր, քանի որ այնքան հուզված էի (դե, հասկանում եք՝ մեծ պատասխանատվություն էր ինձ համար), որ մոռացա ընթացքում:
Այս ճամբարի ընթացքում մենք ոչ մի բան չենք «սովորեցնելու» ու պարտադրելու ճամբարի մասնակիցներին, որովհետև «աշխարհի ամենադժվար բանը թռչունին ստիպելն է հավատալ, որ ինքն ազատ է. չէ՞ որ յուրաքանչյուր ճայ ինքը կարող է համոզվել, եթե միայն մի փոքր մարզվի»: Լրագրության, լուսանկարչության և կինոյի պարապմունքները ընդամենը միջոց են, թռիչքի հասարակ մարզում դեպի կատարելություն, որովհետև «երկինքը տեղ չէ և ոչ էլ ժամանակ. երկինքը կատարելության հասնելն է»: