Չնայած ուշ – ուշ եմ գրում ու գրեթե ամեն օր սրտնեղում ժամանակ չունենալուս համար, բայց հիշում եմ, որ իմ 17-ը արդեն 5 տարեկան է… Առաջին հիշողությունները 17-ի մասին տանում են հայրենի Գյումրի, երբ պատրաստում էինք Թագուշի ու Մհերի մասին պատմող «Մի սիրո պատմություն» ֆիլմը: Թագուշն ու Մհերը արդեն բաժանվել են, բայց ֆիլմի մասին վառ հիշողությունները երբեք չեն բաժանվի մեզանից…
Գիտեք, երբևէ իմ հանդիպած ամենաֆանտաստիկ էջն է 17-ը…Պետք չէ փնտրել լուրեր Հայաստանի որևէ քաղաքի ու գյուղի մասին այլ տեղ, քան 17-ում, ինչո՞ւ, որովհետեւ այստեղ են խոսում իրական Հայաստանի մասին, այստեղ այդ մասին խոսում են պատանիները, ում աչքից երբեք և ոչինչ չի վրիպում…Իսկ հիշողությունները, վառ պահերը 17-ի հետ շա~տ են: Ո՞ր մեկն ասեմ. գուցե մեդիա ճամբարները, երբ ամեն օր հավաքվում էինք, քննարկումներ անում, ֆիլմեր նկարում, գրում, սովորում, գուցե մեր առաջին ցուցահանդեսը, երբ չէինք հավատում, որ էկրանին տեսնում էինք մեր նկարած ֆիլմը ու ապշում դահլիճի թնդացնող ծափերից, գուցե նյութ գրելու պահերը, երբ երկար նստում էինք համակարգչի առաջ ու մի ամբողջ ժամ փնտրում ամենահարմար բառը ու երջանկանում այն գտնելուց…Տեսնում եք` հիշելու արժանի պահերը շատ են ու դեռ շատանալու են:
Շնորհավո~ր տոնդ, 17 ջան…




17-ին միանալուց հետո հասկացա, որ իրականում իմ կարողությունների համեմատ շատ քիչ բան եմ անում, հասկացա, որ կարող եմ և պետք է ավելին անեմ։ Հենց այդ նույն տարվա ամռանը գնացի Աղվերանի մեդիաճամբար, որտեղ էլ ավելի ոգևորվեցի նոր հնարավորություններ գտնելու գաղափարով։ Այնտեղ մասնակից աղջիկներից մեկը ֆլեքսի շրջանավարտ էր, ումից էլ իմացա ծրագրի մասին։ Դիմեցի ու դարձա ֆինալիստ։
Ամերիկայից էլ շարունակում էի գրել նոր նյութեր։ Վերադառնալուց հետո էլ սա արդեն երրորդ փոխանակման ծրագիրն է, որին մասնակցում եմ «Մանանայի» անունից։ 17-ը հոդվածներ գրելուց, ֆոտոներ անելուց ու ֆիլմեր նկարելուց ավելին է։ Այն մարդկանց առաջ է մղում դեպի ավելի լավը, մեզ սովորեցնում է ամեն ինչում գեղեցիկը նկատելու արվեստը։

Արագ անցան, բայց շատ բան տվեցին։ 17-ը ինձ համար դարձավ հարթակ՝ գրելու առօրյա տարբեր թեմաների մասին, որոնք առաջին հայացքից կարող են շատ անհետաքրքիր թվալ, բայց ես մի շատ կարևոր բան հասկացա, որ չկան անհետաքրքիր նյութի, լուսանկարի կամ ֆիլմի գաղափարներ, որովհետև եթե մի բանը մեծ ոգևորությամբ ու հաճույքով ես անում, այն երբեք անհետաքրքիր չի ստացվի։
17-ն ու «Մանանան» ինձ համար եղել են սկիզբ:
2017 թվականն էր, երբ միացա 17.am ին: Իսկ այսօր լրանում է 17-ի հինգամյակը:




