Sargis Melkonyan

Երկու կարոտների մեջտեղում

Օրեր առաջ Նունե տատիկն էր մահացել։ Այդքան էլ մեծ չէր, երևի 65 կլիներ կամ չէր լինի։ Խե՜ղճ կին, քաղցկեղն իրենն ասաց ու մեկին էլ տարավ։ Տարիներ շարունակ որդին Ռուսաստանում էր, հետո հարսն ու թոռները գնացին, հետո՝ ինքը, բայց շուտով վերադարձավ, որովհետև կարոտում էր: Կարոտում էր թաղն ու հարևաններին, բայց այստեղ էլ ընտանիքին էր կարոտում։ Ու երկու կարոտների արանքում տարիներ շարունակ ապրում էր:

Մահվանից օրեր առաջ էի տեսել նրան. հյուծված քայլում էր դեպի տուն, իսկ ես շտապում էի հասնել խաչմերուկ, որ հասցնեի երթուղայինին։ Բարևեցի։ Բարևեց, երևի ճանաչեց, իսկ ես միայն բարևից ճանաչեցի, որովհետև արտաքնապես ընդհանրապես նման չէր ինքն իրեն։

Մահանալու հաջորդ օրը ամբողջ փողոցը ծածկված էր մեքենաներով և սևազգեստ մարդկանցով։ Եվ ահա երեկո եկավ, որին հաջորդեց միօրինակ գիշերը և 23։16-ը (համենայնդեպս, հեռախոսս այդ ժամն էր ցույց տալիս): Հրավառություն էր։ Փորձեցի խուսափել մեկնաբանելուց, որովհետև տրամադրություն չունեի, իսկ այնտեղ՝ վերևում, երևի մեկը երեխա էր ունեցել։ Ինչ հետաքրքիր բան է կյանքը. երկու տուն ներքև որդին մայր կորցրեց, իսկ երկու տուն վերև մեկը որդի ունեցավ։

Չորս օր չլողացա, որովհետև ոչ թե ջուր, գազ կամ լույս չունեինք, այլ որովհետև ես սնահավատ տատիկ ունեմ, որը հավատում է, որ եթե մարդ է մահանում, ջուրը նրանն է (անկեղծ՝ ես էլ չհասկացա, բայց համարձակությունս չհերիքեց չենթարկվել)։

Թաղմանը չեմ մասնակցել, բայց մերոնք գնացել էին։ Սովորաբար թաղման ժամանակ մարդու տարիքն իմանալուց հետո ինչ-որ մեկը գտնվում է, ով ասում է՝ ջահել էր, էլի: Մի օր, երբ իննսունն անց կին էր մահացել գյուղում, հեռավոր ազգականներից մեկն ինքնաբերաբար, մի փոքր լացակումած ասաց. «Իր չապրած տարիները տա իր ծոռներին»: Ներկաների դեմքին ժպիտ հայտնվեց, երբ հիշեցին կնոջ տարիքը (կարծեմ 93 տարեկան էր)։

Հիմա դրսում դադարել է անձրևը, Նունե տատիկը վաղուց հանգչում է հողի տակ, արևը մայր է մտնում: Իսկ դու շարունակում ես ապրել երկու կարոտների մեջտեղում։

lilit grigoryan

Ես էլ եմ հոգնում

-Դու ընդհանրապես գիտե՞ս, թե հոգնելն ինչ է:

-Էներգիադ անպակաս է, այդքան բան ես անում, ազատ գրեթե չես էլ լինում, բա չե՞ս հոգնում:
Սրանք կյանքումս ինձ ամենաշատը տրվող հարցերն են հարազատներիս ու ընկերներիս կողմից: Միշտ փորձում եմ իրարից տարբերվող պատասխաններ տալ, որ հանկարծ չկրկնվեմ, որովհետև նույն մարդը նույն հարցը արդեն հինգ-վեց անգամ տվել է: Երբ նույն պատասխանն եմ տալիս հինգ անգամն էլ, այդ մարդն ասում է.
-Ուրիշ խաբելու բան չունե՞ս:
Ու պարզվում է, որ ես իսկապես խաբում եմ, ամեն անգամ փորձ եմ անում խաբելու այլ կերպ, այլ կերպ եմ ներկայացնում իմ՝ չհոգնելու ունակությունն, ու որ ամենակարևորն է՝ ինքս ինձ էլ եմ խաբում:
Ես զգում եմ, որ խաբում եմ, երբ սենյակում մենակ եմ լինում, շուրջս ոչ մի շնչող էակ չի լինում, միայն ես ու շտեմարաններս, հագուստի պահարանը, հայելին, մահճակալը, իմ սիրելի ու ինձ գրկող չորս պատերը, բայց ոչ բանականության տեր մեկը:
Զգում եմ, որ ինձ հաճելի է մենակ լինել մի քանի ժամ, ես չեմ հոգնում մենակությունից, ես հանգիստ գլուխս դնում եմ բարձին ու հոգնում լիքը մարդկանցից. նույն ոտք ու ձեռքով, տարբեր գլուխներով էակներից: Միշտ չէ, որ առանց մարդկանց ապրելն անհնար է: Թեկուզ մի քանի րոպե, բայց, դե, որոշ ժամանակ:

Ես հոգնում եմ համացանցից, ինձ 24 ժամ օնլայն լինելը հաճելի չի թվում, երբ ես ինտերնետ չեմ ունենում ու ժամանակս ծախսում եմ ավելի կարևոր բանի վրա, քան հաղորդագրություններիս պատասխանելն է: Հոգնում եմ ֆեյսբուքյան լայքերից, մեկնաբանություններից, հոգնում եմ անընդհատ թարմացվող ինֆորմացիոն պատից, ինտերնետում որևէ բան փնտրելուց: Հա՛, հոգնում եմ, բայց այդպես պատճառաբանելով համացանցից հեռանալը ճիշտ չէ ինձ համար, քանզի կապն ընկերներիս հետ պահպանելու թերևս ամենալավ տարբերակը ֆեյսբուքն եմ համարում: Ուզում էի ուղղակի ասել, որ սրանից էլ եմ հոգնում, այնպես չէ, որ միշտ օնլայն լինելը կախվածություն է:
Ես էլ եմ սովորական մարդկանց պես հոգնում ինձ շրջապատող ամենօրյա նույն դեմքերից: Չնայած՝ պիտի ասեի սովորական հրազդանցիների պես, ոչ թե մարդկանց: Եթե դու էլ ամեն օր նույն ճանապարհով գնաս դպրոց ու տուն գաս՝ ճանապարհին տեսնելով նույն հրազդանցիներին, ովքեր ոչ մի տեղաշարժ չեն գրանցում հազար տարի է, կհոգնես և դու: Միայն թե տեսնես՝ ինչպես ենք ուրախանում, երբ նոր հարս է գալիս Հրազդան այլ քաղաքից, կամ էլ երեխա է ծնվում: Ախր, իրոք հոգնում եմ, որ բոլորս կոչվում ենք հրազդանցիներ, բոլորս հայերեն ենք խոսում, նույն մենթալիտետի տեր ենք, գրեթե նույնաոճ հագուստ ենք հագնում, նույն խանութներից գնված նույն ապրանքների նույն տոպրակներն են մեր ձեռքերում, նույն կրոնն ենք դավանում: Ուզում եմ ինձնից տարբերվող մարդու հանդիպել ամեն օր, որպեսզի հասկանամ, թե ես ինչով եմ մյուսներից տարբերվում, թե չէ այսպես կարծես թե լինենք նույն տեսակի կոնֆետներ, որոնց մեջ չգիտես, թե որին ավելի ուշադիր նայել, որը վերցնել, որն է մյուսից տարբեր: Է՜հ, լավ:
Հոգնում եմ շատ խոսելուց, այդ պատճառով էլ վերջերս շատ եմ լռում:
Հոգնում եմ շնչելուց մեկ-մեկ էլ, թեև չշնչելու տարբերակը բացառված է լիովին:

Կարևորը, որ կյանքից դեռ չեմ հոգնել, որովհետև ինձ համար յուրաքանչյուր բան, թեկուզ՝ քիչ հեռու գտնվող սեղանի փոշին պատճառ է հանդիսանում ապրելու ու արարելու: Հոգնում եմ մի բանից, իսկ նույն ժամանակահատվածում ինձ հաճույք է պատճառում մեկ այլ բան:

Ասածս ի՞նչ էր: Չգիտեմ, բայց էլ չեմ խաբելու, ես հոգնելու ունակություն վաղուց ունեմ: Ու թեև բոլորին է շնորհված այս ունակությունը, ինձ հաճույք է պատճառում նաև հոգնելու իմ տարբերակը:

Լուսանկարը` Կարինե Նահապետյանի

Չմոռանաք կարդալ. Հոկտեմբեր 2017

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Սեպտեմբեր ամսին, ինչպես հիշում եք, մենք՝ 17.am-ի խմբագրակազմով խոստացել էինք ամեն ամիս ներկայացնել այն նյութերը, որոնք կարող էիք բաց թողնել բազմաթիվ հետաքրքիր հոդվածների, ֆիլմերի ու ֆոտոպատմությունների մեջ: Հոկտեմբերին ևս 17.am-ի փոստը լի էր ամենատարբեր թեմաներով գրված, հետաքրքիր ու կարևոր նյութերով: Այս նյութերի մեջ իրենց յուրահատուկ ու գեղեցիկ տեղն են զբաղեցնում գյուղական կյանքը, առօրյան պատկերող հոդվածներն ու ֆոտոպատմությունները: Բաց մի թողեք Լաուրա Սեկոյանի «Երկու փութ արիշտա» գյուղական կոլորիտը լավ արտահայտող նյութը:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Մեր թղթակիցները միշտ փնտրում են իրենց շրջապատում հետաքրքիր մարդկանց՝ նրանց մասին բոլորին պատմելու, նրանց բացահայտելու համար: Հաճախ ամենահետաքրքիր մարդիկ հենց մեր կողքին են: Այս ամիս շատ նյութեր ունեցանք մեր ընտանիքների ամենահետաքրքիր անդամների՝ տատիկների ու պապիկների մասին: Բաց մի թողեք Սերյոժա Առաքելյանի հուզիչ պատմությունը իր պապիկի մասին, ծանոթացեք Սոսե Զաքարյանի Ռոմել և Արտյոմ Ավետիսյանի Արուսյակ տատիկների հետ: Մեր թղթակիցներն, իհարկե, նաև շատ լավ հարցազրույցներ են վարում: Չմոռանաք կարդալ Միլենա Խաչիկյանի հետաքրքիր ու ոգեշնչող հարցազրույցը Արմինե Հայրապետյանի հետ:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Գրելու միջոցով թղթակիցները բարձրացնում են շատ կարևոր, իրենց հուզող հարցեր, հաճախ՝ հումորով, հավեսով գրված: Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես է ապրում Գավառից Երևան տեղափոխված ուսանողուհին, բաց մի թողեք Անուշ Դավթյանի «Մենակ ապրելու գաղտնիքները»: Իսկ եթե ուզում եք ծանոթանալ ուսանողի կյանքին, տեսնել, թե ինչ ազդեցություն են թողնում հետաքրքիր առարկաները նրա վրա, ընթերցեք Անետա Բաղդասարյանի թեթև ու հումորով գրված «Հավանականությունն ու մենք» նյութը:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Երիտասարդների համար շատ կարևոր ու արդիական հարց է բարձրացնում Նելլի Խաչատրյանը: Ընթերցեք «Ցավոտ մի հարց» հոդվածը և մտորեք այս կարևոր խնդրի շուրջը: Մտորեք նաև Սուսաննա Ղազոյանի «Վարդան Մամիկոնյանը, շապիկն ու 16-դարյա թակարդը» նյութում առաջադրված համարձակ հարցադրման մասին: Իրենց նյութերում բարձրացնելով արդի կարևոր հարցերը՝ մեր թղթակիցներն այս ամիս նույնպես անդրադարձել են արտագաղթին: Բաց մի թողեք այս ամսվա մեր ամենաընթերցված նյութը՝ Աննա Սարգսյանի «Մալիշկայի անծուխ ծխնելույզները»: Շարունակելով ձեզ ներկայացնել ամենակարևոր հարցերն ու խնդիրները բարձրացնող նյութերը՝ առաջարկում ենք ընթերցել նաև Անի Ավետիսյանի «Մանկություն չունեցող մարդիկ» հուզիչ պատմությունը:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Հոկտեմբերի՝ երիտասարդների համար ամենակարևոր իրադարձությունը, թերևս, #տարկետումլինելուԱ ակցիայի սկիզբն էր: Մեր թղթակիցներն, իհարկե, ակտիվ քաղաքացիներ են, որոնք առանց լուսաբանման չթողեցին դասադուլը, բողոքի ցույցերը՝ տարկետման մասին օրինագծի ընդունման դեմ: Ձեզ ենք ներկայացնում Լուսինե Կարապետյանի և Սուրեն Կարապաետյանի լուսաբանումները:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լարված ու հուզիչ նյութեր ընթերցելուց հետո խորհուրդ ենք տալիս կարդալ Վալենտինա Չիլինգարյանի «Անավարտ պատմությունները»՝ հետաքրքիր ու ստեղծագործական այս նյութը: Խորհուրդ ենք տալիս նաեւ դիտել  «Երեւանյան օրերի խրոնիկա» ֆոտոշարքը, որտեղ Երեւանն ու իր բնակիչները մի քիչ թախծոտ տրամադրությամբ ներկայացված են  Լիանա Թուրյանի օբյեկտիվի միջով։

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

Դե, իսկ եթե չալարեցիք ու հասաք 17.am-ի հետ մինչ այստեղ, վերջում էլ կարդացեք Աստղիկ Հունանյանի ալարելու ու հավեսի մասին ոչ ալարկոտ ու շատ հավեսով գրված նյութը՝ «Երբ դեռ 15 տարեկան ես, բայց ոչնչի հավես չունենալու հավես էլ չունես»-ը:

Լուսանկարը` Կարինե Նահապետյանի

Լուսանկարը` Կարինե Նահապետյանի

Դե, եթե դեռ չէիք կարդացել հոկտեմբերին տպագրված նյութերը, արդեն գիտեք, թե որոնք չարժե բաց թողնել:

Մինչ մյուս ամիս:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Աշունը` սարերում

vahe stepanyan

Ոսկե սկավառակի վրա

Գիտեք՝ երբ բան չկա անելու, NASA-ի կայքում ինչ-որ հետաքրքիր բան փնտրելը հաստատ վերջին բանը չի, որ կգա մտքիդ: Իսկ ես սովորաբար կիրակի առավոտները բան չունեմ անելու: Ես հանգիստ սրտով բացում եմ NASA-ի կայքն ու հանգիստ սրտով մտնում ուր ուզում եմ: Մեկ-մեկ մեզ զգում ենք մարդկությունից հեռու ու կտրված: Մեկ-մեկ մեզ զգում ենք ամեն ինչից ամենահեռուն գտնվողը: Բայց NASA-ում ձեր սրտաճմլիկ պահերը ոչ մեկին չեն հետաքրքրում: Որովհետև մարդկությունից ամենահեռուն գտնվողը իրականում Վոյաջեր-1 ավտոմատ միջմոլորակային կայանն ա: Ինքը էնքան հեռու ա երկրից, որ նույնիսկ դուք ձեր ամենադեպրեսված վիճակում դժվար էդքան հեռանաք: Համենայնդեպս, դուք շատ-շատ մտածեք. «Երանի Մարսի վրա լինեի ու սատկեի մենակության մեջ», իսկ Վոյաջերը արդեն վաղուց էլ արեգակնային համակարգում չի: Ուրեմն սրանից հետո կարող եք ասել. «Երանի Վոյաջերի տեղը լինեի»: Բայց, իհարկե, էդտեղ ոչ մի երանի տալու բան էլ չկա: Էս վերջերս արդեն ստացվեց, որ խեղճ կայանը մեն-մենակ արդեն 40 տարի ա՝ գնում ա, ինքն էլ չգիտի՝ ուր: Բայց էդ կարևոր չի: Դե նենց չի, որ հիմա կարևոր բան կասեմ: Բայց, դե հիմա… Մոռացեք: Դե, քանի որ Վոյաջերը հիմա մարդկության ոչ ամենահեռանկարային, բայց գոնե ամենաարագ ընթացող ներկայացուցիչն է միջաստղային տարածությունում, NASA-ն բռնել ու մտածել է էսպես բան անել: Վոյաջերի վրա կա մի ոսկե սկավառակ, որի մի երեսին մարդկության մասին առաջնահերթ ինֆորմացիա է, իսկ մյուսը ձայնապնակ է մարդկության մասին ձայներով: Մի շտապեք մտածել, որ մեր ինֆորմացիան ու պնակը միևնույնն է՝ չեն հասկանա, որովհետև դրանց հետ կապված ամեն ինչը մենք ենք հորինել: Նույն վայրկյանները, տառեր-թվերն ու ամեն ինչը: Դրա համար հատուկ հաշվարկման համակարգ են ստեղծել ու փորագրել սկավառակի վրա: Իսկ ինչ վերաբերվում ա պնակին. ըհ, թերևս հույս ենք դնում այլմոլորակայինների ստեղծագործ մտքի վրա: Իհարկե, հնարավոր ա՝ մի օր Վոյաջերը հասնի մի բանական էակներով լցված մոլորակի, բայց մեր սկավառակը ընդունեն ուրիշ բանի տեղ ու գցեն աղբը: Ամեն ինչ էլ հնարավոր ա: Ոնց ասում են. «Երբեք չգիտես՝ ինչ կմտածի այլմոլորակայինը ձեր մոլորակի մասին»: Հա լավ, էդպես ոչ մեկը չի ասում: Ես եմ ասում: Կարող եք դուք էլ ասել, դեմ չեմ լինի:

Անցած դարի սկզբին Տեխասի անապատներում կորած քաղաքներից մեկում մի տղա էր ապրում: Անունը՝ Վիլի: Երբ Վիլին 5 տարեկան էր, հայրը նրան սիգարի տուփից սարքած կիթառ ա նվիրում: Դե, նույն կիթառն ա, ուղղակի ռեզոնատորը դատարկ սիգրարի տուփից սարքած: Հա: Ու 7 տարեկանում խորթ մոր պատճառով կուրանում ա Վիլին: Դրա համար իրեն բոլորը գիտեն որպես Blind Վիլի Ջոնսոն, որտեղ «blind»-ը էնքան էլ կեղծանուն չի, որովհետև իրոք կույր էր էդ տղան: Հետո Վիլին դարձավ փողոցային երաժիշտ: Շատ հայտնի: Նստում էր փողոցի անկյունում, նվագում ու երգում էր: Ու ձայնն էնքան բարձր էր, որ փողոցի աղմուկը չէր լսվում: Էդպես նստած երգում ու փող էր աշխատում: Ու էդպես էլ մահացավ, երբ 48 տարեկան էր: Վոյաջերի ոսկե սկավառակի վրա Կույր Վիլին էլ ունի իր մասը: «Dark Was the Night». Վիլիի կտորն ա Վոյաջերի սկավառակի ձայների մեջ:
Ու երբ առաջին անգամ այլմոլորակայինները կարողանան միացնել սկավառակը, նրանք չեն տեսնելու, թե ինչ ռումբեր կամ ինչ տանկեր է ստեղծել մարդկությունը: Չեն տեսնելու՝ ոնց են միլիոնավոր մարդիկ սովից մեռնում: Չեն տեսնելու ոչ Էյֆելյան աշտարակը, ոչ Ազատության արձանը, ոչ էլ Բիգ Բենը: Ոչ էլ ձեզ են տեսնելու: Բոլոր այլմոլորակայինները էդ մոլորակի վրա շուչները պահած լսելու են. լսելու են 30 տարեկան մի կույր մարդու, որը Տեխասի ամայի քաղաքների փողոցներում նստած՝ սիգարի դատարկ տուփից սարքած կիթառ է նվագում ու երգում…

naira mkhitaryan

Կաշառված ընտրություն

Նախագահական ընտրություններ էին 9-րդ դասարանում: Դասարանի նախագահի երկու թեկնածուներ կային՝ Քնարիկն ու Աբրահամը: Մեր դասարանը ևս մասնակցելու էր ընտրությանը: Նախքան գնալը՝ մեր ուսուցիչը մեզ կարգադրեց.

-Չգնաք, աղջիկներով ընտրեք աղջկան, տղաներով՝ տղային: Ձեզ իրենց ծրագրերը կներկայացնեն. լսեք, հարցեր տվեք ու ընտրեք նրան, ում ծրագիրը ավելի կհավանեք:

Պայմանավորվեցինք. այդպես էլ անելու էինք, եթե չլիներ այն, ինչ եղավ:

Տասը րոպե, ոչ ավելի: Տասը րոպեից ընտրությունը կսկսվեր: Միջանցքում կանգնած էինք, երբ մեզ մոտեցան Աբրահամի «վկաները» ու ցածրաձայն ասացին.

-Մարդա մի հատ բուլկի:

Դե, մենք հասկանում էինք խոսքն ինչի մասին էր:

-Կլինի՞ «պանդա» կոնֆետ,- եղավ պատասխանը:

-Կլինի:

Գնացինք: Թեկնածուներին լսեցինք: Անկեղծանամ՝ ընտրեցի Քնարիկին: Եթե նույնիսկ Աբրահամինը ավելի դուրս գար, որոշումս չէր փոխվի, չնայած, որ Աբրահամի «կաշառքին» համաձայնել էի:

Նախագահ ընտրվեց Աբրահամը: Համ տղաներն էին շատ, համ էլ «պանդա» սիրողները:

Հաջորդ օրը Աբրահամը, խոստմանը համաձայն, կոնֆետներ բաժանեց իր կողմնակիցներին: Ես էլ օգտվեցի, նույնիսկ՝ Քնարիկը:

Իսկ մենք դեռ խոսում էինք արդարության ու արդար ընտրությունների մասին:

arman arshak

Տուն տանող ճանապարհը

Երբեք չէի մտածել, թե որտեղից է ինձ համար սկսվում տուն տանող ճանապարհը: Բայց այսօր՝ տուն վերադառնալիս, փորձում էի հասկանալ կապվածությունս տան հետ, այժմ տանից շատ բացակայելս: Հասկացա, որ այն ճանապարհը, որը տանում է տուն, տանում է տաք ու հարազատ միջավայր, լավագույններից է: Բայց որտեղի՞ց է սկսվում այդ ճանապարհը: Անմիջապես հիշեցի մանկությանս ամենահաճախ պատահող դեպքը, երբ հասնում էինք մեր շենքից գրեթե 200 մետր հեռավորության վրա գտնվող անտանելի զառիթափին, ու ամեն անգամ այդ հատվածում մերոնք լսում էին ինձնից.

-Պա՜պ, ա՜յ պապ:

-Արի, արի կգրկեմ,- չթողնելով, որ շարունակեմ՝ շտապում էր պատասխանել հայրս:

Փոքր տարիքում միշտ հայրս ինձ գրկած էր տանում այդ ճանապարհը:

Ճանապարհը գրկած անցնելու շրջափուլին հաջորդեց «մետրոյի աստիճաններ» շրջափուլը: Երբ արդեն մեծ էի ու չէին գրկում զառիթափը բարձրանալիս, ամեն անգամ ասում էի՝ որ մեծանամ, էստեղ մետրոյի աստիճաններ եմ դնելու: Մետրոյի աստիճաններ ասելով շարժասանդուղքը նկատի ունեի: Լինեմ անկեղծ՝ ես դեռ կցանկանայի, որ շարժասանդուղքով փոխարինվեր զառիթափը:

Այսօր կարծես յուրահատուկ է ճանապարհը: Այսօր խորհրդավոր է այն: Բարձրանում եմ զառիթափով ու հասկանում, թե ինչքան զգացողություններ եմ ապրել այս ճանապարհին՝ տուն տանող ճանապարհին: Եղել եմ թե՛ ուրախ, թե՛ տխուր, երբեմն շտապել եմ, որ նշված ժամանակին տուն հասնեմ, գուցե վախեցել եմ, քանի որ արդեն ուշացած եմ եղել ժամանակից: Աշխարհում ոչ մի հրաշալի ճանապարհ չի փոխարինի տուն տանող ճանապարհը:

marieta baghdasaryan

Դեպի ուրիշ մոլորակներ

«Fly me to the moon»-ը քթիս տակ երգելով՝ ուտում եմ հերթական մանդարինը։ Մանդարինի հոտը ասոցացնում երևույթների, երևույթները՝ մարդկանց ու հիշողությունների հետ։ Աշուն է։ Երևի մի փոքր բնական մելանխոլիկ տրամադրությունը ստիպում է անհաշիվ թեյեր պատրաստել ու խմել դրանք, մինչև կսառեն: Կամ մինչև ինքներս կսառենք։ Դե, երբեմն մենք էլ ենք սառում։ Իրար տեսնելն ու չբարևելը դարձնում ենք սովորություն, զանգերին չպատասխանելը՝ բնավորություն: Հետո էլ բողոքում ենք, որ ֆեյսբուքն ու ինստագրամը բոլորիս դարձրել են ռոբոտ ու հեռու են պահում իրարից՝ ցրելով ուրիշ մոլորակներ։ Չէ, հաստատ չէ։ Ախր, մենք ենք մեզ աքսորում մեր ընկերներից, ծանոթ ու անծանոթ մարդկանցից ու ինքներս մեզնից։ Քամիները պահում ենք ներսում ու ջերմություն որոնում թեյի գոլորշիներում, գրքերի տողերում ու մարդկանց խոսքերի տողատակերում։ Թող լուսինները մնան երգերում։ Կամ էլ լուսնին հասնելու փոխաբերությունը դառնա երջանկության, սիրո ու հրճվանքի համար օգտագործվողը։ Մանդարինն ու թեյը հերիք են, չէ՞. աշուն է:

mariam tonoyan

Կյանքի արժեքը մեկ փամփուշտում. Մաս 1

Հորս պատմած պատմությունները պատերազմի մասին մի մեծ կնիք են դրել զգացմունքներիս ծրարի վրա, իսկ դեպքերի աղոտ պատկերացումները դառն ու սարսափազդու տենդով են համակում հոգիս ու խլում աչքերիցս թաքուն գլորվող արցունքներ:

Միշտ զարմացել եմ հորս սառնասրտությունից, որն ինձ երբեմն անտարբերություն էր թվում: Այժմ, երբ գիտակցում եմ, թե որքան սառնասրտություն է պահանջվում պատերազմի դաշտում, երբ ընկերդ կարող է զոհվել քո աչքի առաջ, սուրացող հազարավոր փամփուշտներից մեկի զարկից, ու քո մահվան հավանականությունն էլ քիչ չէ, հասկանում եմ, որ այդ հատկանիշը ներարկված է ցանկացած սահմանապահի ու զինվորի, պատերազմի մասնակցի երակներում: Ծնված օրվանից որպես հեքիաթ հորիցս լսել եմ պատմություններ պատերազմի ու հայրենասիրության մասին, որպես օրորոցային՝ ազգագրական երգեր, ֆիլմերի հերոսների փոխարեն սիրել եմ Մոնթեին ու Բեկորին, Դուշման Վարդանին ու Վազգեն Սարգսյանին: Մանկուց հարցրել եմ ամենքին՝ կգա՞ ժամանակ, երբ էլ պատերազմներ չեն լինի, բայց, չգիտես ինչու, պատասխանի փոխարեն դառնացած հայացք ու խոր հառաչանք եմ ստացել: Նման հառաչանքով է հորս մարտական ընկերը հրաժարվում պատերազմի մասին խոսելուց, իսկ հայրս պատմում է.

-1993թ.-ի հունվարի 19-ն էր՝ գիշեր: Ջիվանավանի սարերում էինք: Հակառակորդի կրակոցներից մեզնից որոշ հեռավորության վրա հրդեհ էր բռնկվել: Օմարից մինչև Ջիվանավան թեժ մարտական գործողություններ էին ընթանում: Թշնամին անցել էր լայնածավալ հարձակման: Նրանց բանակը համալրված էր Աֆղանստանից եկած վարձկան զինվորներով: Համեմատած իրենց զինվորների հետ՝ մոջահեդներն ավելի արագաշարժ էին ու կարողանում էին արագ լեռներ մագլցել:

Սառնամանիք էր: Մրսում էինք: Թշնամին գրոհում էր տարբեր կողմերից: Մարտական ընկերներս թույլտվություն ստացան դասակի հրամանատար Հակոբյան Լյովայից ու գնացին գումարտակ՝ տաքանալու ու իրենց փոխարինողներ ուղարկելու: Բավականին երկար ժամանակ անցավ, բայց տղաները չեկան: Հարցրի հրամանատարին՝ կարո՞ղ եմ գնալ նրանց հետևից: Վերջինս որոշեց ինքը գնալ, ու ես մնացի մենակ: Երկար ժամանակ անցավ: Ոչ ոք չվերադարձավ: Հանկարծ զգացի, որ ոչ միայն առջևից, այլև շրջանցելով սարերը՝ թշնամին կրակում է աջից ու ձախից և ավելի է մոտեցել: Ես բոլորովին անտեղյակ էի ընկերներիցս, չգիտեի՝ ինչ անել:

Պարզվեց, որ հրաման էր եղել նահանջելու, և զորքը Յանշակ էր նահանջել: Իմ մասին էլ բոլորովին մոռացել էին: Միայնակ, սարի վրա, և ո՞վ գիտի՝ քանի թշնամիներով շրջապատված: Խուճապահար մի քիչ իջա սարով ցած, նայեցի ներքև ու տեսա, որ տունը, որտեղ մեր գումարտակն էր տեղավորվել, այրվում է: Իսկույն հասկացա եղելությունը և ցած իջա սարից: Գնացի այրվող տնից մոտ 150 մետր այն կողմ գտնվող մեր տնակը, վերցրի ուսապարկս ու գիշերով ճամփա ընկա: Հեռվից որսում էի գնդի տղաների ձայները Յանշակից Չապլին ճանապարհի վրա և որպեսզի նրանց հասնեմ, ճանապարհս վազելով շարունակեցի: Վերջապես գտա նրանց, միացա զորքին, գանգատվեցի, որ դիրքում մենակ էին թողել ու ճանապարհվեցինք դեպի Սետլար:

Իմ այդ ծանր օրն էլ ավելի ծանրացավ, երբ հանգստի ժամին մեզ ասացին, որ հրամանատարներ Գլոբա Վովան, Վերդյան Վլադիմիրը և մի քանի զինվորներ զոհվել են: Ծանր դեպքերից ճնշված ու հուզված՝ հասանք Սետլար:

Ani Harutyunyan

Երրորդ եղանակը

Քայլում եմ փողոցով ու ինչ-որ բան ինձ հուշում է, որ տարվա երրորդ եղանակն է արդեն: Չէ՛, դա ո՛չ թափվող տերևներն են, ո՛չ անձրևն ու դրա թողած հետքերը, ո՛չ էլ մարդկանց՝ արդեն մրսած դեմքերն ու տաք հագուստը: Դա օդում կախված աներևույթ, մարմնիդ թեթև դիպչող ու իրեն զգացնել տվող տրամադրությունն է, արտասովոր օդը, որ միայն այս եղանակին է այսպիսին լինում:

Շարունակում եմ քայլել: Մարդկանց դեմքից թախիծ է կաթում, իսկ ես ոտքերով ինչքան հնարավոր է վերև եմ շպրտում տերևներն, ու դա ինձ ուրախացնում է: Աշունն այնքան էլ իմ սիրելին չէ, բայց էլ ե՞րբ պետք է տերևները խշխշացնելով, վատ մտքերս հետը փշրելով՝ քայլեմ մինչև տուն: Էլ ե՞րբ անձրևից պաշտպանվելու համար պիտի ավելի արագ վազեմ կանգառ, իմ կանգառից՝ տուն ու սովորականից էլ շուտ հասնեմ: Ախր, էլ ե՞րբ այդքան կարոտեմ:

Այս եղանակի գալու հետ տուն են գնում այգում նստած ու կյանքի մայրամուտը վայելող ծերուկները: Ճանապարհով անցնելիս լսում եմ միայն իմ քայլերը: Այլևս ո՛չ մի խաղաքարերի շխկոց, ո՛չ մի արդար կամ անարդար խաղի պարզաբանում: Ինձ համար աշնան տխրությունը ոչ թե կոտրված սրտերն ու հիասթափություններն են, այլ ինձ հարազատ դարձած պապիկներից շատերին գարնան գալուստի հետ նորից իրենց տեղում չտեսնելը: Աշունը կգնա ու կտանի նրանց:

Նկատում եմ, որ սիրահար զույգերն ավելի ամուր են գրկում իրար. չէ՛, չեն սկսել ավելի շատ վախենալ իրար կորցնելուց. մրսում են: Ու, երևի, հենց այս ջերմությունից ելնելով են աշունը սիրո եղանակ համարում: Մինչդեռ սիրո համար չկա եղանակ ու ժամանակ: Սերն ինքն է եղանակ՝ ամենալուսավորը, հինգերորդը:

Թող գունավոր այս եղանակը քամիների հետ քշի ու տանի մեր հոգում նստած մութը, որ ես չվախենամ առաջին քայլն անելուց, դու չվախենաս բարձր ու ինքնավստահ խոսելուց, որ մենք չվախենանք իրար չգտնելուց: