Հայրենիքս ու ես

Ես հայ եմ։ Անվախ, քաջ և հզոր ազգի զավակ: Այնպես է պատահել, որ ծնվել, մեծացել և ապրում եմ Վրաստանում։ Չնայած այն բանին, որ ապրում եմ այստեղ՝ Հայաստան աշխարհը միշտ իմ սրտի մի անկյունում եղել է, կա և կմնա։

Մի քանի շաբաթ առաջ մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագիրը, ես էլ առաջին հոսքի մասնակից էի։ Սա այն ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների հետ, տեսնել, ճանաչել, բացահայտել և կրկին ու կրկին սիրել մեր հայրենիքը։ Հենց այդպես էլ եղավ…

Կլինեմ անկեղծ՝ այս 13 օրերը իմ կյանքի ամենագունավոր, ամենապայծառ, ամենաուրախ օրերն էին, որ երբևէ կարող էի ունենալ։ Շրջապատված էինք այնպիսի լավ ու բարի մարդկանցով, որոնց մոռանալը անհնար է, ստեղծվել էր այնպիսի լավ միջավայր, որ բոլորիս մոտ տուն վերադառնալու ցանկությունը անհետացել էր։ Բազմատաղանդ, խելացի ջոկատավար-ուսուցիչներ, ծրագրի ղեկավարներ, ովքեր իրենց գործը կատարում են մեծ նվիրվածությամբ, սիրով ու ջերմությամբ։ Այս 13 օրերը ապրել ենք մեծ ընտանիքի նման, մեկը բոլորի համար, իսկ բոլորը՝ մեկի։ Եվ այս օրերը անմոռանալի են։

Էքսկուրսիաներից տպավորություններս բառերով նկարագրելը անհնար է։ Ամեն օր երկուժամյա ճանապարհին մեր աչքի առջև բացվում էր Հայաստանիս աննկարագրելի բնության հրաշալի տեսարան։ Իսկ Հայաստանի տարբեր վայրերը, ուր մենք հասցրեցինք այցելել, խոսում էին նրա հազարամյա պատմության մասին։

Մեր այցելած վայրերից կառանձնացնեմ Եռաբլուրը, ուր մեր այցին շատ էի սպասում, որտեղ կամա թե ակամա, թափվում են մարդկանց ամենաանկեղծ արցունքները։ Չէ՞ որ յուրաքանչյուրս պարտավոր ենք իմանալ մեր հերոսների ազգանվեր սխրանքի մասին, ծաղիկներ դնել և խոնարհվել նրանց շիրիմին…

Եվ այնքան հաճելի էր, երբ ուր էլ գնայինք, ասում էին. «Դուք ձեր տանն եք, ձեր հայրենիքում»։ Եվ այո, դա այդպես էր։   Սովորեցինք Հայոց պատմություն, Հայոց լեզու, ազգագրական երգ ու պար։ Այս ամառվա շոգին անգամ դասի նստելն էլ էր հետաքրքիր ու հաճելի։

Ծանոթացանք և ճանաչեցինք Հայաստանի տաղանդավոր մարդկանց, որոնց գործին կհետևենք միշտ։

Ծրագրի առաջին օրերին ամեն բան այլ էր. մասնակիցներից շատերին չէինք ճանաչում, բայց շատ-շատ էինք ուզում ծանոթանալ, փոքր-ինչ ամաչում էինք,  իսկ երբ արդեն ժամանակն էր վերադառնալու մեր երկրներ, իրար այնքան հարազատ էինք դարձել, որ բաժանումը արցունքներով էր ու ծանր, կապը` ամուր, որը շարունակվելու է միշտ։

Ամեն օրը մեծ երջանկությամբ եմ հիշում ու կարոտում։

Տիգրանը

Տիգրան Հարությունյանն արտիստ էր իր բոլոր հատկանիշներով․ գեղեցիկ ու ոչ ոքի անտարբեր չթողնող արտաքին տեսքը, գրավչությունն ու արտիստիզմը նրան բեմից ու էկրանից բացի այլ տեղ գնալու հնարավորություն չէին թողնում։ Ընկերները Տիգրանին հաճախ անվանում էին երիտասարդ Դի Կապրիո։

Պարարվեստի քոլեջում սովորելուց ու երկար տարիներ տարբեր խմբերում պարելուց հետո Տիգրանն ընտրեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ պարում էր «Ամարաս» համույթում, նրանց հետ հասցրել էր արտերկիր մեկնել համերգների, մասնավորապես Փարիզ և Մոսկվա։

Տիգրանը դեռ դերասանական կրթություն չուներ, սակայն ի ծնե տաղանդի շնորհիվ բազմաթիվ առաջարկներ էր ստանում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների տեսահոլովակներում նկարահանվելու համար։ Խաղում էր «Outdance» սիթքոմում և պարում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։

«Տիգրանը մեկ միավորի տարբերությամբ ընդունվեց անվճար ու ծառայության մեկնեց իր հասակակիցներից ավելի ուշ։ Այդ ժամանակ ուրախացել էինք, որ ուսումը կավարտի, նոր կգնա ծառայելու, բայց ինչ իմանայինք՝ ինչ է սպասվում․․․», – ասում է Տիգրանի մայրը՝ Լիանան։
14 տարեկանից Տիգրանն աշխատում էր ու ծառայությունից առաջ աշխատանքային փորձ ուներ բազմաթիվ ու ամենատարբեր ոլորտներում։ Ասում էր՝ ես պիտի ունենամ ամեն ինչ։

Ընկերների խոսքով՝ Տիգրանի հետ տխուր լինելն ու ձանձրանալն անհնար էր։ Ցանկացած պարագայում դրական ու լավատես էր։ Էքստրիմի սիրահար էր ու անգամ մոտոցիկլետ էր գնել։ Նրան կարելի էր գտնել ցանկացած բարձունքից թռչելիս։

Տիգրանը ծառայում էր Հադրութում, պատերազմի օրերին էլ այնտեղ է եղել։ Զինակից ընկերները պատմում են, որ նա ուժեղ զինվոր էր, կամային ու պատրաստ օգնելու ընկերներին։ Հենց այդպես էլ՝ ընկերոջը փրկելիս հերոսացել էր 2020թ․ հոկտեմբերի 10-ին։

Տիգրանն ու մայրն ամենաամուր թելերով էին կապված իրար՝ միշտ միասին, կառուցելով ընդհանուր երազանքներ ու նպատակներ․ «Միշտ մտածել եմ, որ եթե Տիգրանին որևէ բան պատահի, ես չեմ ապրի։ Բայց հիմա շարունակում եմ կյանքս Տիգրանի ուժով։ Ասում էր՝ քո աչքերին արցունք չպիտի լինի, մամ։ Ու հիմա էլ ես գլուխս բարձր, ուժեղ շարունակում եմ ապրել հանուն Տիգրանի, չեմ չարացել, որովհետև նա էլ այդպիսին չէր»։

Տիգրան Հարությունյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։

 

 

Anna Sargsyan

անվերնագիր

այն հրացանը,

որ կրակեց աշնանային մի տաք օր,

երբ կրակողի մատներն էլ քարացել էին վախից,

չգիտեր, որ Քեզ է դիպչելու…

 

փամփուշտն ինքն էլ մտածեց մի քանի վայրկյան,

ու Քո մեջ հավերժ մնալով` կյանքդ խլեց,

որ ինքն ապրի

 

անիծյալ փամփուշտը,

որ տարավ կյանքդ իր կյանքի համար,

այսօր ասես զենքի մեջ խցանված լինի,

բայց մի օր նրա բաժակն էլ է լցվելու

համբերության

ու Քեզ նման դեպի արևն է գնալու,

որ շողա ու ապրի հավերժ…

 

և այն պահին,

երբ վերջին անգամ արևն ասես համբուրեց Քո սպիտակ ճակատը,

անձրևեց,

ու Դու որոշեցիր աչքերդ փակել,

 

ցեխոտ կոշիկներդ տուն չմտան,

ու վերադարձավ միայն հաղթանակը,

որ ցավեցնում էր ո´չ ինչպես ծնկած աղոթքի պահին ծնկներն են ցավում,

այլ` սիրտ խոցող աղեղի նման,

որ խրվում է մինչև հոգու ամենախորքը…

 

դրսում անձրևը դադարել է,

իսկ Դու դեռ չես եկել.

երևի կորցրել ես կոշիկներդ

 

այն, որ չեկար, դեռ չի նշանակում, որ տանը չես,

կամ հակառակը`

այն որ տանը չես, դեռ չի նշանակում, որ չեկար…

 

իսկ գրողի տարած կարոտը ինձ դանդաղ սպանում է ներսից,

և ես չեմ ծնկում, այլ չոքում եմ,

որ մարմնիդ մոտ պահեմ իմ մեջ ապրող Քո հոգին

 

և սեղմում եմ ինձ,

բառերս կուլ տալու համար լալիս եմ,

ձեռքերս բռունցք եմ անում

ու եղունգներովս սեղմում եմ ափերս,

որ խլացնեմ լացս եկող-գնացող մեքենաների ֆոնին,

որ լսեմ` ինչպես է մեքենան կայանում

Քո անունը կրող սև ժապավենի տակ,

և իջնում ու ինքդ էլ զարմանում ես նրա սև գույնից:

 

բայց չես գալիս, չէ՜…

ու բռնում եմ ինձ չգալուդ մտքի վրա

և կրկին սեղմում եմ ափերս,

ու անհավասար աճած եղունգներովս

սևացած ափերիս մեջ

գրվում է անունդ` ոսկեգույն տառերով,

 

որովհետև Դու լավագույնն էիր,

որ եղար,

և որ չես լինի այլևս,

 

իմ մանկությունն ավարտվեց Քեզ հետ

ու Քեզ հետ էլ սկսել էր,

և ես դժբախտ եմ, որ չկաս,

ու երջանիկ, որ եղել ես:

 

Քեզ հավերժ կկանչեմ, բայց էլ չես ձայնի.

պատասխան որպես ես կընդունեմ

գիշերային ծղրիդի այն խուլ ձայնը,

որ գուցե անդադար այդպես կանչում է

ինչ֊որ մեկին գտնելու համար…

 

վերմակով կփակեմ բերանս,

որ լացս խլանա,

կժպտամ ամեն լացելուց հետո,

որ թվա` ուժեղ եմ,

բայց չունեմ Քո ուժից

 

ժպիտը դեմքիս կքայլեմ,

մինչև նորից մնամ մենակ ու ողբամ

մահդ,

ու ոչ ոք, ոչ ոք չիմանա,

որ ամեն անգամ լացում եմ այնպես,

ասես հենց նոր սիրտդ կանգ առավ,

և ինձ ասացին

 

ես այնքան կլինեմ անճար,

որ կուրախանամ Քեզ շուտ գտնելու համար,

կուրախանամ, որ գերի չընկար,

ու կտխրեմ,

երբ չլինես եկող գերիների մեջ…

 

հիմա արևն էլ չգիտի` ում ընտրի Քո փոխարեն

ու շողում է ամեն անգամ,

երբ Անունդ ենք տալիս:

 

զենիթում արևը չէ, ախպերս,

այլ անունն է Քո`

Արտա՜կ

 

Դու էիր արևի պրոեկցիան էս անտեր երկրի վրա…

Արտակ Սերոբի Սարգսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Ճարտարում, երբ ԱԹՍ-ով հարվածել են նրան տեղափոխող շտապ օգնության մեքենային:

mariam tonoyan

Հոգեբանական խորհրդատվություն

-Ես հիվանդ եմ երևի,- սպիտակ կահավորված սենյակի միակ կարմիր աթոռին զգույշ նստելով՝ սկսեց Կ.-ն՝ մոտ երեսուն տարեկան, կոկիկ հագուկապով, կարմրամաշկ ու ամրակազմ մի տղամարդ,- Ես ոչ մի տեղից չեմ կարողանում փախչել։

-Ինչու՞ փախչել,-հարցնում է իր առջև նստած հոգեբանը՝ վստահություն ստեղծելու համար հնարավորինս բնական ժպիտ դեմքին նկարելով։

-Դե…- տղամարդը թմբիրից նոր արթնացածի նման տրորում է աչքերը ու շարունակում,- քանի դեռ տունդ չես գտել, անընդհատ փախչելու ես։

-Ո՞ւր։

-Դուրս։ Երբևէ լսե՞լ եք, թե երեկոյան ժամերին ինչպես է ծփում ծովը Գուրդոնի լեռներից այն կողմ։

-Ցավոք, երբեք չեմ եղել այնտեղ…

-Ես էլ։ Բայց ես լսում եմ։ Եթե սա հիվանդություն է, ապա ես արդեն տասը տարի է` տառապում… չէ, ներեցեք, ապրում եմ դրանով։

Առաջին անգամ ինձ կանչեցին հրանունկները. անթիվ արևագլխիկներ, ցողուններից կախված, օրորվում էին քամու տակ՝ կանաչ ու երկնքի նման անեզր դաշտով մեկ սփռված։ Տապ էր։ Միայն տզզոցն ու թևերիս ծակծկոցներն էին թույլ տալիս կարծել, որ արևի ճառագայթների տակ հազիվ երևացող, փոշու հատիկներ հիշեցնող սև, արագ տեղաշարժվող կետերը մժղուկներ են։ Նրանք օգտվում էին իմ արյունից։ Ես ինձ առաջին անգամ պետքական էի զգում։

-Ի՞նչ հարաբերություններ եք ունեցել ծնողների հետ,- ոգևորված այն փաստից, որ Կ.-ն միանգամից սկսեց մանրամասնել, ընդհատեց հոգեբանը՝ տնակի տանիքի նման հոնքերը վեր բարձրացրած։

-Ոչ-ոչ, միշտ էլ ծնողներիս ուշադրության կենտրոնում եմ եղել, բանն այն է… Ուրեմն, երկրորդ անգամ մի ճնճղուկ թռավ, կանգնեց պատուհանագոգիս։ Սկսեցի ամեն օր հացի փշուրներ թողնել այդտեղ ու սպասել իմ հյուրին։ Շուտ ընկերացանք. նա մի քանի անգամ կտցահարում էր գարու հատիկի չափ հացը, իսկ ավելի մեծ պատառները շուտով ագռավներն էին թռցնում։

Երբ նորից ականջիս ձայներ հասան, այս անգամ՝ Աա գետից, ես ստիպված կողպեցի բնակարանս, անորոշ ժամանակով մեկնեցի դեպի կանչը ու էլ չտեսա թռչնին։ Այդ անգամ ձայնն ահազանգի էր նման։ Քչքչոցն ականջներումս կանացի ճիչ էր հիշեցնում՝ բարակահունչ ու չարագույժ «աա՜»։ Շտապում էի՝ ասես փրկության հասնելու։

-Այսինքն՝ առանց հեռանկարի ճանապա՞րհ ընկաք։

-Իհարկե։ Միշտ պետք է հետևել ձայներին։

-Փրկեցի՞ք կնոջը,-հեգնեց հոգեբանը։

-Ոչ… Այն հատվածում, որտեղ գետը Հյուսիսային ծովին էր միախառնվում, ճիչն ամենաուժգինն էր։ Գետն ամեն անգամ ծովին հանդիպելիս ճիչով մեռնում էր՝ հավիտենական շրջապտույտի մեջ ընկած։

Հոգեբանը ներողություն խնդրեց ու մի պահ դուրս եկավ աշխատասենյակից։ Երբ դռան հետևում ոտնաձայները մարեցին, Կ.-ն կանգնեց, մի կողմ քաշեց երկնակապույտ վարագույրը, բացեց աշխատասենյակի՝ դեպի քաղաք բացվող պատուհանը և նորից իր տեղը վերադարձավ։

-Ինձ համար որոշ բաներ դեռ պարզ չեն,-ակնհայտ շփոթված ներս մտավ հոգեբանը,-ասում եք՝ հաճա՞խ եք ճանապարհորդել։

-Ես պարզապես հասել եմ աշխարհի ցանկացած կետ, որտեղ ինձ սպասել են։

-Դուք գանգատվում էիք, որ չեք կարողանում ոչ մի տեղ փախչել։ Բայց շրջագայությունները…

-Դուք մոլորվել եք, տիկի՛ն,-համբերատար ժպտաց Կ.-ն,- Լսե՛ք։ Իմ 15-րդ կանչը Հենշան լեռան կողմից էր։ Այդ անգամ ես ոչ թե զգացի, այլ երազ տեսա։ Հսկա լեռը կնոջ կերպարանքով էր՝ կրակե մազերը լանջերին փռած։ Չգիտեմ՝ ինչից է՝ կանացի սկիզբն է միշտ ուղիներ գծում ինձ համար։ Հենշան ասաց ինձ.«Ես հող եմ էությամբ, բայց կրակից եմ ծնված…»։ Հաջորդ օրը դարձյալ ճանապարհ ընկա…

-Ներեցեք, ներեցեք, պարո՛ն, միայն մի ճշտում,- խոսեց կինը՝ թևին կապված ժամացույցը գլխիվայր շրջելով,-միգուցե ևս մեկ հանդիպո՞ւմ նշանակենք վաղը, այսօր աշխատանքային ժամս արդեն ավարտվում է։

-Վաղը չեմ կարող, Գուրդոն պետք է մեկնեմ, գուցե այնտեղ էլ գտնեմ ճնճղուկին։

-Իսկ դուք ասում էիք, որ չեք կարող փախչել, -խորամանկ ժպտաց հոգեբանը։

-Այո, փախչել չեմ կարող, որովհետև փախչելու տեղեր չեն մնացել, բոլոր ուղիները գծված են, բոլորն ասֆալտապատ։ Իսկ արդեն սահմանված ճանապարհով գնալը փախչել չէ։ Բացի այդ՝ մեկը անձնագիրդ է ստուգում, մյուսը ստիպում թղթեր լրացնել ուզածդ վայրում գոյություն ունենալու համար, երրորդը քեզ վռնդում է, որովհետև ուղղակի լեռը շրջանցելիս ինչ-որ երկրի սահման ես հատել… Դե հասկանում եք, չէ՞։

-Իհարկե, անշուշտ,-վրա բերեց հոգեբանը,-պարզապես կարծես թե փոքր-ինչ մրսել եմ, հիվանդացել, այնքան էլ առույգ չեմ զգում։ Ձեզ հարմար կլինի՞ ուրբաթ օրը հաջորդ խորհրդատվությանը գալ։

-Հուսով եմ,-ժպտաց Կ.-ն, ջերմորեն մեկնեց ձեռքը՝ հրաժեշտի, անշտապ քայլեց դեպի դուռը։ Դուրս գալիս մի պահ հետ նայեց ու տեսավ, թե ինչպես է հոգեբանը ծածկում պատուհանը երկնակապույտ վարագույրով։

anahit ghazakhecyan

Ասելիք` ցպահանջ

Աշխարհում
էնքան ուրվական կա.
գալիս, մնում են մեջս,
քաշ չունեն,
բայց ծանրությունից քիչ ա մնում
շունչս փչեմ:

Էնքան ուրվական կա.
անտարբեր, մոխրագույն,
կանաչ հայացքով,
երեքշաբթի օրերին
թափառող:

Տատիկն ասում ա՝
շորդ հանի, մարդու վրա
ինչ-որ բան կարել չի կարելի:

Չեմ հանում:

Կարելի ա, տատ:
Ոչ թե մենակ շոր կարել, տատ,
մարդուն կարելի է
ուրվականակապ անել,
մարդուն խաբել ա կարելի, տատ,
մարդուն կարելի է միտք տալ
ու գրիչը ձեռքից վերցնել,

Տատ, մարդուց գողանալ էլ ա կարելի,
պոկել,ուզում ես հավատա, ուզում ես` չէ,
բայց սպանելն էլ ա արդարացում գտնում,

տատիկ,
կասես՝
հա՞:

Հա, կարելի ա էդ էլ, տատ.
անտեսելով,
ապրելու հենակ չտալով,
ստեղծելու հնար չթողնելով,
դե կարելի ա, տատ: Ի՞նչ կա որ:

-իրիկունը աղբ թափել չի կարելի,-

էլի կրակն ես ընկնում, տա՛տ

Ասում եմ՝ հիմա չի կարելին
կրճատվել,
սեղմվել ա մի քանի պատվիրանի,
մի քանի դիմացող օրենքի մեջ.
չ տառը տեղի ա տալիս:
տատ, մի բան ասե՞մ.

հիմա սիրել ա կարելի:

-Վա՜յ, էդ ո՞նց…ամոթ չի բա՞:

-Ամաչել չկա, տատ:

-Սիրելու համար շուտ չի՞:

-Սիրելու համար մենակ ուշ ա լինում, տատ:

Տատ, էդպես մի նայիր էլի:

-Մեր ժամանակ ուրիշ էր…

հա, տատ, ուրիշ էր:

Ատամները սրած ժամանակ էր, տատիկ,
խելքը գլխին
սիրելը մեղք էր,
դու պապիկին կարգին չես էլ ճանաչել, չէ՞:

Գիտեմ,
հիմա սիրելու ժամանակն ա,
իրար ճանաչել ու սիրելուց հետո
չսիրել էլ ա կարելի, տատ:

Բանաստեղծություններ գրել ա կարելի,
տարբեր մարդկանց մասին գրելը ներվում ա,
հիմա ուզում ենք հասկանալ
Մայակովսկու աննորմալ սերը,
ուզում ենք արվեստից չամաչել:
հիմա Մանոն Լեսկոն, կարծեմ,
դպրոցի գրադարանավարը թարս-թարս նայելով չի տալիս:

(Աշխարհում էնքան ուրվական կա-

ու ինձ մեկ-մեկ թվում ա՝

հերթով մեջս ապրել են:

Քեզ էլ ա թվում, տա՞տ:)

Տատ, այ տատ,
վերնաշապիկիս կոճակը ընկել ա,
կկարե՞ս,
ասեղը թելել եմ, տատ,
չէ,
չեմ հանելու,
շտապում եմ,
ուշանում եմ սիրելու ժամանակից, տատիկ…
ուշանում եմ, ուշանալ չի կարելի, տատ,

էդ մի բանը

չի կարելի…

 

 Jul 3, 2016 @ 13:27

Արամի անավարտ նկարը

«Ես անմահ եմ, մամ, չնայած շուտ եմ մահանալու», – այս խոսքերը մինչև անգամ ծառայության գնալը հաճախ էր կրկնում 44-օրյա պատերազմում զոհված Արամ Պողոսյանը։ Մայրը բարկանում ու անհանգստանում էր՝ ինչու է 18-ամյա որդին այդ մասին մտածում։ Բայց գուցե Արամն արդեն զգո՞ւմ էր․․․

Ի ծնե տաղանդը, արվեստագետի ոգին ու զգացմունքը դեպի գույներն Արամի մոտ արտահայտվել էին, երբ նա անգամ խոսել չէր կարողանում։ Փոքր տարիքում անդադար նկարում էր, որտեղ պատահեր։ Նկարում էր ու սեփական պատկերները ստեղծում սովորական կերպարներից ու ստանդարտներից դուրս և պատմում ու բացատրում էր բոլորին նկարները՝ երբևէ չմոռանալով ոչ մի մանրուք։Գեղարվեստի պետական ակադեմիայում անվճար էր սովորում․ ծառայության էր գնացել իր հասակակիցներից ավելի ուշ։ Արամը տանկի հրամանատար էր, արվեստագետի ազատ հոգին սկզբում բարդ էր հարմարվում ծառայության խստությանը, և, չնայած դրան, լավագույն զինվորների շարքում էր։

Պատերազմի ժամանակ Արամն ու ընկերները Ջրականում էին կռվում։ Բնավորության համաձայն չէր բողոքում ու նեղսրտում․ ինքն էր ոգևորում ծնողներին։ Հոկտեմբերի 5-ին Արամի ամենավառ ու գունագեղ նկարը՝ կյանքը, ընդհատվեց ու մնաց կիսատ։

Արամն իր կյանքի 21 տարիներին ստեղծագործեց ու իր յուրօրինակ ձեռագիրը թողեց արվեստում։ Հունիսի 24-ին «Liver» արվեստի մենեջմենթի ընկերության ջանքերով Հայ բարեգործական ընդհանուր միությունում բացվեց Արամի ցուցահանդեսը։ Հետագայում Արամի նկարներին ծանոթանալու նոր հնարավորություններ կլինեն։

Արամ Պողոսյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։

Ջավախքի դուստր

Զրուցակիցս 17-ամյա Հասմիկ Պետրոսյանն է, ում շատերը գիտեն նաև «Ջավախքի դուստր» անվամբ: Հասմիկը երկար ժամանակ է, ինչ զբաղվում է նկարչությամբ և գրում բանաստեղծություններ։ Ստեղծագործելը իր օրվա մի մասն է կազմում։

image-26-07-22-12-07-1

-Քանի՞ տարեկանից եք սկսել նկարչությամբ զբաղվել։

-Փոքր տարիքից սիրում էի նկարել, նկարում էի այն, ինչ ընկնում էր աչքիս և ամեն ինչով, ինչ ձեռքիս տակ հայտնվում էր։ 12 տարեկանից ավելի խորը սկսեցի ուսումնասիրել նկարչությունը, նրա ոճերը, տեսակները և հասկացա, որ ես ինձ տեսնում եմ նկարչության ամեն ոճի մեջ։

-Երբվանի՞ց սկսեցիք գրել բանաստեղծություններ։

-Բանաստեղծություններ սկսել եմ գրել 12 տարեկանից։ Առաջին բանաստեղծությունս հայրենիքի մասին էր, հետո սկսեցի գրել նաև այլ բաների մասին, հասա մինչև արձակ։

-Նկարչության հետ կապված ինչպիսի՞ նպատակներ, երազանքներ ունեք։

-Նպատակներս մեծ են նկարչության հետ կապված, քանի որ չեմ նկարում ուղղակի, այլ նկարներիս մեջ մտքերս եմ արտահայտում։ Նկարելիս ինքս ինձ հանգիստ եմ զգում, նկարում եմ այն ժամանակ, երբ տխուր եմ։

-Ո՞րն է Ձեր սիրելի նկարը, պատմեք մի փոքր նրա մասին։

-Ամենասիրելի նկարս այն նկարն է, որը պատմում է հասարակ ու միայնակ երիցուկի մասին, որը չնայած իր պարզությանը՝ միշտ շքեղ է  հազարավոր կեղծ ու ծակող վարդերի մեջ, որոնք մարդկանց գրավում են իրենց ճոխությամբ, սակայն հետո ծակծկում շատ ցավոտ։ Իսկ երիցուկները շատ հասարակ ու տարբերվող են միշտ։

-Ըստ Ձեզ ինչպիսի՞ն պետք է լինի նկարչուհին։

-Նկարչուհին պետք է լինի յուրովի ու անկեղծ։ Մարդիկ տարբեր են, հետևաբար տարբեր է նաև նրանց մտքերը, էությունն ու հոգևոր աշխարհը, բայց անկախ ամեն ինչից նա պետք է միշտ լինի անկեղծ։

-Ազատ ժամանակ բացի նկարելուց և բանաստեղծություններ գրելուց նաև ինչո՞վ եք սիրում զբաղվել։

-Նախասիրություններս շատ-շատ են, սիրում եմ նվագել, պարել, պատրաստել հետաքրքիր իրեր, զբաղվել ինքնակրթությամբ, կատարել կամավորական աշխատանքներ։

-Ապագայում որտե՞ղ եք նախատեսում շարունակել ուսումը և ի՞նչ մասնագիտությամբ։

-Ուսումս ցանկանում եմ շարունակել Թբիլիսիի պետական գեղարվեստի ակադեմիայում՝ թվային մեդիա ֆակուլտետում։

-Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մոտիվացիայի աղբյուրը։

-Իմ նպատակները, որոնք երեկ երազանք էին, իսկ վաղը արդեն իրականություն են դառնալու։

«Նկարելիս  ինքս ինձ հանգիստ եմ զգում, նկարներիս մեջ էությունս եմ տեղադրում, նկարներիս պատմում եմ տխրությունս ու թախիծս, և նրանք լուռ լսում են ինձ, առանց բողոքելու: Ես նրանց հետ երազանքներս եմ կիսում, և նրանք հավատում են ինձ, առանց քմծիծաղի: Ես նրանց պատմում եմ կարոտիս մասին, և նրանք հասկանում են ինձ առանց տրտմելու: Ի տարբերություն մարդկանց, ես նրանց հետ կարող եմ խոսել, կիսվել, և նրանք ինձ կհասկանան այնպես, ինչպես կա, առանց եթե-ների և բայց-երի: Նրանց հետ ես վախենալու ոչինչ չունեմ, նրանք ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին կամ, իմ թերություններով և թուլություններով հանդերձ: Ես սիրում եմ նկարել ուղղակի,-ասում է 17-ամյա նկարչուհին: