marine nikoghosyan

Նպատակի հետքերով

Ես ունեմ բազմաթիվ երազանքներ ու նպատակներ: Կլինեն երազանքներ, որոնք չեն իրականանա, բայց այ նպատակնե՜րը: Նպատակներին ձգտելն ու հասնելը պարտադիր է։ Յուրաքանչյուր րոպե, յուրաքանչյուր ժամ ու օր ես քայլ առ քայլ մոտենում եմ իմ երազանքներին, որոնք վաղուց արդեն դարձել են նպատակներ։ Սակայն կան երազանքներ, որոնք լոկ երազանքներ էլ կմնան։ 

Շարունակելով պահպանել մարդ լինելու առաջնային առաքելությունը ու քայլ առ քայլ մոտենալով իմ նպատակներին՝ ես ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Բայց նախքան նպատակներիս մասին պատմելը, կցանկանամ պատմել այն նպատակիս մասին, որին հասել եմ։
Արդեն մեկ տարի է, ինչ հետևում եմ 17.am կայքին և կարդում այնտեղ զետեղված հոդվածները։ Ունեմ ընկերներ, որոնք մեկ տարուց ավելի է, ինչ այս կայքի թղթակիցներն են։ Կարդալով նրանց հոդվածները՝ բարի նախանձով էի լցվում։ Այնքան գեղեցիկ էր շարադրված ամեն մի միտքը։ Այս ամենից հետո իմ մեջ էլ ցանկություն առաջացավ դառնալ 17.am-ի թղթակից։ Եվ ես որոշեցի հասնել այդ նպատակիս։
Մեկ տարի շարունակ կարդում էի ընկերներիս հոդվածները։ Ամբողջությամբ փորփրում էի կայքը, որպեսզի փորձեի գրանցվել։ Չգիտեի, որ թղթակից կայքում գրանցվելով չեն դառնում:
Որոշ ժամանակ անց ընկերներիցս մեկը իր ֆեյսբուքյան էջում գրառել էր, որ 17.am-ը և «Մանանա» կենտրոնը գալիս են Գյումրի՝ անցկացնելու լրագրության, ֆոտոյի և կինոյի դասընթացներ։ Գրառումը տեսնելով՝ միանգամից դիմեցի ընկերոջս և ճշտեցի մանրամասները։ Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո՝ իմ դիմում-հայտն ուղարկեցի կայքի էլ. փոստին։ Պատասխանը չուշացավ։ Պետք է մասնակցեի եռօրյա դասընթացների, որից հետո կկարողանայի դառնալ կայքի թղթակից։ Այդ երեք օրը իմ հիշողությունների գրադարանում ունեն իրենց առանձին տեղը՝ ամփոփված մի հաստափոր և չմոռացվող գրքում։
Եվ այժմ ես պատանի լրագրող եմ։ Հասել եմ նպատակներիցս մեկին։ Իմ մյուս նպատակներն են՝ հաջողությամբ ավարտել դպրոցը և ուսումս շարունակել բուհում, լինել հայրենքիս արժանի զավակ, ճանապարհորդել ամբողջ աշխարհով մեկ և ուսումնասիրել եգիպտական բուրգերը, հաղթահարել մի շարք փորձություններ, և վերջում՝ ամենակարևորը՝ հասնել բոլոր նպատակներիս։
Մեր բոլոր նպատակներն իրագործելն ավելի հեշտ ու իրական կդառնա, եթե առաջին հերթին մենք ինքներս հավատանք դրանց իսկությանն ու հնարավորությանը և մեր աչքերը բացելիս ու փակելիս միշտ հիշենք մեր նպատակներին հասնելու ուղին՝ ճիշտ հերթականությամբ։

seda mkhitaryan

Իրատես լինենք

Բարեգործությունը լավ բան է, բայց ես կարծում եմ, որ բարեգործությունն էլ չափ ունի։ Հիմա կմտածեք՝ ինչ չար ու անհոգի աղջիկ է, ինչպե՞ս կարող է բարեգործությունը չափավոր լինել կամ բարի գործը՝ չափից ավելի։ 

Եկեք վերլուծենք. իրականում չափից ավելի բարեգործությունը մարդուն տրամադրում է ծուլության և սովորեցնում նրան ապրել առանց աշխատելու։ Եթե մարդուն անընդհատ տաս այն բաները, որոնց կարիքն ինքն ունի, այդ մարդը կսկսի մտածել, որ եթե կարելի է առանց որևէ բան անելու ստանալ անհրաժեշտ իրերը, ապա էլ ինչո՞ւ աշխատել։

Եթե դեռ չհամաձայնեցիք ու դեռ կասկածներ ունեք, եկեք փորձենք օրինակներով հասկանալ։ Ենթադրենք դուք սոցիալապես անապահով մարդ եք, որը չունի աշխատանք, ապրում է, օրվա հացը մի կերպ հայթայթելով, ունի 3 անչափահաս երեխա: Հանկարծ, հայտնվում է ինչ-որ բարեգործ կամ կազմակերպություն, որն օգնություն է տրամադրում և դառնում է ձեր «փրկիչը»։ Համաձայն եմ՝ իսկապես այդպիսի մարդիկ կամ կազմակերպությունները շատ մեծ աջակցություն են ցուցաբերում, բայց այստեղ ինչ-որ սխալ կա: Նրանք ոչ թե պետք է ձուկ տան ձեզ, այլ սովորեցնեն, թե ինչպե՞ս է պետք ձուկ բռնել։ Առաջին դեպքում, երբ ստանում ենք պատրաստի ձուկ, կարծում ենք, թե այդ օգնողը պարտավոր է տալ այդ օգնությունը, և բարեգործությունը դառնում է սովորական: Դուք սկսում եք մտածել, որ եթե աղքատ եք, ապա մարդիկ պարզապես պարտավոր են ձեզ օգնել, և վերջ: Բոլորը պարտավոր են, բացի ձեզնից։ Բայց չէ՞որ ձեր ընտանիքի համար առաջին հերթին դուք եք պատասխանատու, ոչ թե ինչ-որ կազմակերպություն: Բայց դուք ամենևին էլ մեղավոր չեք, ձեզ այդպիսին դարձրել է հասարակությունը և այն մարդիկ, ովքեր օգնում են ձեզ, բայց չեն գիտակցում, որ ավելի շատ վնասում են։

Հ. Գ. Ես ոչինչ չունեմ բարեգործական կազմակերպությունների կամ բարեգործ անհատների դեմ, նրանք իսկապես լավ գործ են անում, միայն թե, եկեք չմոռանանք, որ նեղ կացությունից հանելուց հետո պետք է հնարավորություն ստեղծել, որ մարդն ինքը աշխատի:

Anna Andreasyan

17.am-ն իմ կյանքում

Ուղիղ մեկ տարի առաջ ես ինձ համարում էի Հայաստանի ակտիվ պատանիներից մեկը: Դա ճիշտ էր, բայց՝ մասնակիորեն: Ես ակտիվ էի և մասնակցում էի տարբեր միջոցառումների: Բայց դրանք բոլորը դպրոցի միջոցով էին, այսինքն՝ եթե դպրոցում ինձ չասեին, որ այդպիսի բան կա ու մի քիչ էլ չհամոզեին՝ ես չէի մասնակցի: 

Բայց մի օր ես դարձա «Մանանա» ընտանիքի անդամ: Ու դա հիմնովին փոխեց կյանքս: Մինչ այդ ասես լավ չէի հասկանում՝ ինչ եմ ուզում անել հետագայում, ամեն ինչ աղոտ էի պատկերացնում:

Հանկարծ սկսեցի նկատել գեղեցկություն ու յուրահատկություն նույնիսկ ամենահասարակ բաներում, ինչին կարելի է անդրադառնալ: Չեմ չափազանցնի, եթե ասեմ՝ գտա ինքս ինձ:

Խոսքս միայն զուտ հմտությունների մասին չէ, որ ստացա լրագրության, ֆոտոյի և կինոյի ոլորտներում, այլ նաև աշխարհայացքի ու մտածելակերպի զարգացման: Հոդված գրելն ու այն տպագրված տեսնելը յուրահատուկ հաճույք է: Հիշում եմ՝ ինչքան էի ոգևորվել առաջին հոդվածս տպագրված տեսնելով: Եվ այդ զգացողությունը ամեն անգամ ինձ համակում է, երբ տեսնում եմ նոր հոդվածս տպագրված: Իսկ զգալ քեզ մեկը այդ մեծ ընտանիքի անդամներից, արդեն մի անբացատրելի զգացում է: Ճամբար գնալուց հետո ես ինձ կերպարանափոխված էի զգում՝ ավելի ազատ ու առանց կոմպլեքսների: Հենց ճամբարում գտնվելու ժամանակ էլ իմացա «Ֆլեքս» ծրագրի մասին և համարձակություն ունեցա մասնակցելու: Հիմա ես «Ֆլեքսի» հաղթողներից մեկն եմ և դրան հասնելու համար պետք է ասեմ.

-Շնորհակալությո՜ւն, ի՛մ «Մանանա»:

davit aleqsanyan

Ընդամենը 30 մետր

Մեր գյուղի՝ Բաղանիսի, արոտավայրերը ընդամենը 30 մետր հեռավորության վրա են գտնվում ադրբեջանական դիրքերից։ Վազող կամ ուղղակի կանգնած «մեշենների»՝ թիրախների դեր ենք կատարում ես և էրիկը, երբ կովերին տանում ենք արածեցնելու։ Հնարավոր է, որ մի պահ աչքդ թարթես, մյուս պահին արդեն էլ չլինես…

Երկու-երեք օր առաջ էր, երբ գնացինք արոտավայր։ Դրանք չգիտեմ՝ ի՞նչ էին իմացել, ի՞նչ չէին իմացել, բայց անընդհատ կրակում էին։ Մենք էլ թաքնված էինք կովերին հետևում, որ մեզ չնկատեն ու չկրակեն։ Ես այդ օրը այնքան էլ լավ չէի զգում և մեկ ժամ շուտ վերադարձա տուն, իսկ Էրիկը մնաց, որ կովերին բերի։ Իմ գնալուց հետո սկսել են Էրիկի վրա կրակել, մի կերպ հասցրել է թաքնվել։ Երբ երեկոյան մեր տուն եկավ, անընդատ դրա մասին էր պատմում ու ասում էր, որ անգամ չի հասկացել, թե ինչպես է այնքան արագ ջուրն անցել, որ չի թրջվել։

Ընդամենը 30 մետր…

մարինե իսրայելյան

Դրվագ

Ուսանողական կյանքի մեկնարկից հետո քայլերս հաճախ են ուղղորդում ինձ դեպի Ավետիք Իսահակյանի անվան գրադարան: Վերջերս՝ հերթական այցը կատարելուց հետո, գնացի Հանրապետության հրապարակի ավտոկանգառ և սպասում էի այդտեղով անցնող միակ փոխադրամիջոցին՝ 22 համարի ավտոբուսին, որը, կարծում եմ, չի կարող պարծենալ իր հաճախակի ժամանելով: 

Հանկարծ ուշադրությունս գրավեց մի հետաքրքիր դեպք, որը այն է թե պիտի փոխեր կարծիքս օրենքների շրջանցելիության վերաբերյալ, բայց… Այդ տարածքում հաճախ են հանդիպում ճանապարհային ոստիկաններ: Ես հետդասյա թմբիրից արթնացա ու կենտրոնացա այն պահին, երբ միջին տարիքի մի ոստիկան ազդանշան տվեց արագ ընթացող մի մեքենայի: Իմ ավտոբուսը դեռևս ուշանալու էր, այդ պատճառով ես կարող էի հանգիստ հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը: Մեքենան կանգնեց, բացվեց վարորդի պատուհանը, ոստիկանը մոտեցավ և դասական օրինապահի նման պատիվ տվեց: Բարձրացող քամին խլացնում էր նրանց ձայնը և ինձնից փախցնում խոսակցության որոշ դետալներ, որոնցում, թերևս, ոստիկանը ներկայացնում էր արձանագրված խախտումը: Քամու հետ վարորդի մի քանի խոսք հասավ ականջիս. «Ես «իքսի» մորաքրոջ…»: Ոստիկանը աջ ձեռքի ցուցամատը հանդարտորեն մոտեցրեց շրթունքներին, որը մեր գիտակցության մեջ ամրագրված է որպես լռության կոչ, և հանելով համապատասխան թուղթ և գրիչ՝ սկսեց արձանագրել խախտումը՝ անկախ այն բանից, թե վարորդը ում մորաքրոջ ինչն է: Զարմանք և հիացմունք. ուրեմն, այնուամենայնիվ, օրենքի առաջ բոլորը հավասար են: Պարզվում է՝ դեռևս ոչ: Պարզագույն մակարդակում դա հասկացա և միշտ նորից եմ համոզվում հրապարակից տուն դառնալիս, երբ գալիս է երանելի 22 համարի ավտոբուսը, ես վազում եմ փողոցի կեսը, իսկ նա չի կարողանում կանգնել այն տեղում, որը նախատեսված էր իր համար, քանի որ այն արդեն ամբողջովին զբաղված է հայելափայլ մեքենաների կողմից, իսկ այն օրինապահ ոստիկանը նրանց դեռ չի նկատում:

Lilit Grigoryan

Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք

Հարցազրույց Դիլիջանի միջազգային դպրոցի շրջանավարտ Մարիամ Գրիգորյանի հետ: 

Ընկերուհիս՝ Մարիամը, այս տարի ավարտում է Դիլիջանի միջազգային դպրոցը: Որոշեցի խոսել նրա հետ դպրոցական տարիների մասին: Եվ զրույցս, կարծես, վերածվեց հարցազրույցի:
Նախ կարճ ասեմ, թե ինչ է Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC): «UWC Դիլիջան» քոլեջը 2014 թվականին բացված երկու նոր քոլեջներից մեկն է, բարեգործներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և նրանց գործընկեր առանձին անհատների և կազմակերպությունների համատեղ նախագիծը: «UWC Դիլիջան» քոլեջը հետխորհրդային երկրների տարածքում UWC կրթական ցանցի առաջին միջազգային քոլեջն է և ներկայումս հյուրընկալել է 63 երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից ժամանած աշակերտների: UWC-ում, ինչպես և մյուս քոլեջներում, ուսուցումը տարվում է անգլերենով և աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված Միջազգային բակալավրիատի դիպլոմ (IB Diploma) ուսումնական ծրագրով:

-Մարիամ, երկու ամսից դու ավարտում ես դպրոցը: Կասե՞ս, թե քեզ համար ինչ է UWC-ն: Քեզ ի՞նչ տվեց այն։

-UWC-ն կյանքիս ամենալավ բաներից մեկն է, մի անկրկնելի փորձություն: Բառերով բացատրելն անհնար է:

-Ինչպե՞ս որոշեցիր դիմել այդ դպրոց:

-Բոլորի մոտ կարծիք կա, թե այս դպրոցը հարուստների համար է: Մեր ավագ դպրոցից ինձանից մեկ տարով մեծ մի աղջիկ, որն այդքան էլ հարուստ խավից չէր, ընդունվեց: Հետաքրքրվեցի նրանից, իմացա, որ դպրոցը տրամադրում է նաև կրթաթոշակներ: Էդպես դիմեցի և ընդունվեցի:

-Քեզ համար դժվար չէ՞ր երկու տարի ապրել առանց ծնողների:

-Ես սովոր եմ մենակությանը: Ծնողներս գործի բերումով տանը շատ չէին լինում: Շատ ծրագրերով անգամ մեկ ամիս տանից հեռու եմ եղել: Դժվար չէր հարմարվելը: Ես էլ ամիսը մեկ անգամ գնում էի տուն: Այսինքն՝ կարելի է ասել՝ ծնողներս ավելի շատ էին զգում այդ կարոտը, քան ես։

-Որքանո՞վ փոխարինեց UWC-ի ընտանիքը քո սեփական ընտանիքին:

-Ճիշտ ասացիր, UWC-ի ընտանիքը: Մենք մի ընտանիք ենք: Իրականում այն չի կարող իմ ընտանիքին փոխարինել, ամեն մեկն իր տեղում է: Բայց էստեղ հասկացա, թե ինչ է իրական ընկերությունը, ձեռք բերեցի լավ ընկերներ:

-Կներկայացնե՞ս UWC-ում մեկ օրդ:

-Առավոտյան 07:30 արթնանում եմ, նախաճաշում, 8:15 սկսվում են մեր դասերը, ավարտվում՝ 15:15, դե էդ ընթացքում լանչ ունենք։ Հետո՝ զանազան խմբակներ: Էստեղ սովորեցի կիթառ ու դաշնամուր նվագել, թենիս խաղալ: Խմբակներից հետո ընթրում ենք, դաս անում ու քնում: Ընդհանուր առմամբ՝ օրս լեցուն է լինում, կյանքն այստեղ եռուն է։

-Ես գիտեմ, որ էդտեղ սովորում են տարբեր երկրներից եկած աշակերտներ, նաև թուրքեր: Լինո՞ւմ էին կոնֆլիկտներ ձեր մեջ:

-Հաա… Մարդկային հատկանիշները մեկ-մեկ կոնֆլիկտի տեղիք էին տալիս, բայց էստեղ հաշվի չեն առնում ազգը, մտածելակերպը, խտրականություն չկա: Դե, կոնֆլիկտներ էլ էնքան քիչ են լինում։

-Կպատմե՞ս դպրոցի խոհանոցի մասին:

-Մեր խոհանոցի կերակուրները շատ համեղ են: Դու ինքդ էլ եղել ես էստեղ, գիտես համը: Մենք ամեն շաբաթ գոնե մեկ օր ինչ-որ երկրի խոհանոցի մի ուտեստ էինք համտեսում: Շատ տպավորվել են մեքսիկական ու իտալական խոհանոցները։

-Մարիամ, էս երկու տարիդ մեկ բառով ո՞նց կբնութագրես:

-Օյ, դժվար բան ասացիր: Երևի՝ «արկած»:

-Ամենատպավորիչ օրը ո՞րն էր այս երկու տարիների ընթացքում:

-Մեր վերջին օրը: Մի քանի օր առաջ որոշեցինք բարձերով կռվել: Մեր կրտսեր ուսանողներին մի լավ ջրեցինք, լավ ուրախացանք: Հավես օր էր, կարոտով եմ հիշելու ամեն օրս:

-Ի՞նչ կմաղթես դիմորդներին ու ի՞նչ խորհուրդ կտաս:

-Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք: Այստեղ շինծու բաները չեն անցնում: Պոզիտի՛վ եղեք, ժպտացե՛ք, եղե՛ք պարզ ու անմիջական: Դիմելուց առաջ էլ ամբողջապես ծանոթացե՛ք Դիլիջանի դպրոցին ու անգլերենի վրա մեծ ուշադրություն դարձրեք: Բոլոր դիմորդներին հաջողություն եմ մաղթում:

jora petrosyan

Միգրացիայի իրական իմաստը

Ես դեռ շատ փոքր էի, բայց նկատում էի, որ մեր հարևանի տանը բոլոր գործերը՝ և՛ կնոջ, և՛ տղամարդու, կատարում էր մեր հարևանուհին։ Նրան համարյա միշտ զայրացած էի տեսնում իր երկու տղաների չարաճճիությունների պատճառով: Սկզբից չէի հասկանում, թե ինչու։ Հետո հասկացա, որ նրա ամուսինն արտերկրում է՝ աշխատելու, և նա ստիպված է ամեն բան իր ուսերին առնել: 

Մեծանալով՝ սկսեցի հաճախ լսել հեռուստատեսությամբ, կարդալ մամուլում և համացանցում «միգրացիա» անծանոթ բառը, որի իմաստը ինձ թվում էր խիստ խորհրդավոր, մի տեսակ եվրոպական: Ես կարծում էի, թե դա մի երևույթ է, որ հեռու է մեզնից ու մեր միջավայրում ընդհանրապես գոյություն չունի: Ես այրվում էի այդ բառի իմաստը հասկանալու ցանկությունից: Սկսեցի փորփրփել համացանցը և, ո՜վ զարմանք, պատկերացրեք իմ հիասթափության աստիճանը, երբ հանկարծ պարզեցի, որ միգրացիան ամենուրեք է, և իմ շրջապատում յուրաքանչյուր երրորդ ընտանիքում կա այդ սարսափելի խնդիրը, որ մեր հարևանուհին ու իր մանկահասակ որդիները հենց միգրացիայի զոհերն են: Իմ պատկերացմամբ՝ «միգրացիա» նշանակում է՝ անհայր մանկություն, անամուսին կին, հայրենիքը լքած, սեփական ինքնությունը կորցրած տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնց զավակները, ըստ էության, հնարավոր է՝ չիմանան, թե ինչ ազգության են պատկանում, ինչ մշակույթի կրողներ են: Պատահում է՝ այդ երեխաները մոռանում են մայրենին, բայց լավ չեն տիրապետում նաև այն երկրի լեզվին, որտեղ ապրում են:
Երբ անցնում են տարիներ, որոշ ընտանիքներ վերադառնում են հայրենիք։ Այդ ծնողները արտերկրում շատ խիստ են լինում իրենց երեխաների հանդեպ։ Չեն թողնում, որ նրանք դուրս գան, շփվեն, պահում են նրանց ինչպես ջերմոցային մի բույս, որին խնամել են, փայփայել, բայց որը զուրկ է եղել կենսատու արևից, մարմինը կոփող քամուց:
Անցել են տարիներ։ Հարևանուհիս՝ իր երկու երեխաների հետ, նույնպես գնացել է արտերկիր։ Բոլորը գնում են, իսկ Վարդենիս քաղաքս՝ դատարկվում։

Հիմա հաճախ եմ մտածում, պատկերացնում, թե ինչպիսին կլիներ հայ հասարակության կյանքն առանց այդ մղձավանջային երևույթի՝ միգրացիայի: Իհարկե, դժվար է պատկերացնել: Ըստ իս՝ դա մեզ համար դեռ երազանք է: Երազանք է, քանի դեռ չկան աշխատատեղեր, մարդկային պայմաններ, չկա սոցիալական ապահովվածություն, վստահություն վաղվա օրվա նկատմամբ: Երբ փորձում եմ երազել, պատկերացնում եմ օտար ափերում ստորացուցիչ աշխատանք կատարող միլիոնավոր հայերին վերադարձած, օտարացած ընտանիքները՝ վերամիավորված, խորթացած հայրերին ու զավակներին՝ ջերմ սիրով պարուրված…
Տա Աստված, որ երազանքս իրականացած տեսնեմ ոչ միայն ես, այլև պանդխտության մեջ դեգերող, ջերմության, սիրո կարիք ունեցող բոլոր հայրենակիցներս:

diana karapetyan

Փիսոները

Գարնանային արևոտ օր էր: Դասերս շուտ էի ավարտել և ուրախ վերադառնում էի տուն, թեկուզ գիտեի, որ տանը մարդ չկա. եղբայրս դեռ դպրոցում էր, մայրիկս գնացել էր հայրիկիս մորաքրոջ տուն, իսկ հայրիկս Մոսկվա էր գնացել: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան տանը մենակ մնալը: 

Քայլերս ուղղեցի դեպի աստիճանները: Վայ, մեր կատուն մի փոքրիկ ձագի հետ էր: Մենք արդեն երեք տարի է, ինչ տանը կատու ենք պահում: Նա ամբողջ օրը տանը չի մնում, երբեմն դուրս է գալիս, բայց պարտադիր հետ է վերադառնում: Կատուն շատ լավն է, թեկուզ բացի քնելուց և ուտելուց ուրիշ ոչինչ չգիտի: Դրա հետ մեկտեղ ես առավոտներն արթանում եմ այն պահին, երբ նա ցատկում է անկողնուս վրա, մի քանի վայրկյան այս կողմ այն կողմ գնում, պոչը խփում դեմքիս և վերաջապես տեղավորվելով՝ քնում է անկողնուս մեջ: Երբեմն դա ինձ նյարդայնացնում է, բայց ես նրան շատ եմ սիրում, կարծես մեր տան հինգերորդ անդամը լինի: Նրան Ծիգր եմ ասում, բայց երբեմն փաղաքշական՝ Ծիգրյոնկ: Ուրախ վազեցի, որ ձագին գրկեմ, վերցրի նրան, և ձեռքերս ամբողջովին պատվեցին արյունով: Ես սկսեցի դողալ: Չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Արագ բացեցի դուռը: Մտնելով ներս՝ փոքրիկին դրեցի աթոռի վրա, գետնին գցեցի պայուսակս ու արագ վազեցի յոդի, սպիրտի, բամբակի և վիրակապի հետևից: Բերելով սպիրտը՝ սկսեցի մաքրել արյունը: Յոդով վերքը մշակելուց հետո ես հասկացա, որ ամեն ինչ իզուր է, որ ես էլ չեմ կարող նրան օգնել: Նա չէր շնչում, աչքերը չէին արձագանքում շարժումներիս, սիրտը դադարել էր բաբախել, իսկ մարմինն արդեն վաղուց սառած էր… Մի քանի անգամ մատներով սեղմեցի սրտին, բայց ապարդյուն էր: Նա այնքան փոքր էր, որ ափիս մեջ էր տեղավորվում: Նա սպիտակ էր՝ շագանակագույն պուտերով: Ես չգիտեի՝ ինչ անել:

Կանգնելով տան մեջ և ձեռքերումս պահելով նրան՝ բարձր ձայնով լաց էի լինում ու մեղադրում ինձ, որ ավելի շուտ տուն չեմ եկել: Ես ինձ ոչնչություն էի զգում, անպետքի մեկը, որը բացի լաց լինելուց ոչինչ չկարողացավ անել: Ես այդ պահին ոչինչ չէի զգում, և միայն կատվիս մլավոցն էր ինձ հիշեցնում, որ այս ամենն իրականություն է: Ես չգիտեի, թե ինչ պիտի անեմ, ուղղակի նրան գրկած նստել էի, միչև եղբայրս եկավ: Մենք նրան թաղեցինք: Այդ ընթացքում կատուն անհանգիստ մլավում էր, կարծես թե ինչ-որ մի բան էր ուզում ասել: Եղբայրս որոշեց կատվի հետևից գնալ: Նա ևս մեկ կատվի փոքր ձագ բերեց՝ ամբողջովին արյան մեջ: Նա նույնպես չէր շնչում: Թե ինչ էր պատահել, իմանալը դժվար էր: Երկուսի մեջքի հատվածում էլ ատամի տեղեր կային, և նրանք սատկել էին մեծ քանակությամբ արյուն կորցնելուց:

Դաժան էր…

gohar hakobyan (ararat)

Պատուհանից այն կողմ

Գրականության դասն էր: Նստել էի պատուհանի մոտ՝ առաջին նստարանին: Նայում էի դուրս: Օրը պայծառ էր, արևը կարծես համբուրում էր այտերս:
Հանկարծ նկատեցի թռչող փոքրիկ ճնճղուկներին: Միանգամից դիպան սրտիս: Այնքան հարազատ բան կա թռչունների մեջ. ազատ են ամեն բանից, չունեն սահմանափակումներ, թռչում են, ուր ցանկանում են: Թռչում են, ու ոչ ոք չգիտի՝ նրա՞նք են երջանիկ, որ ազատ են, թե՞ բնությունը, որ ունի նման հրաշքներ:
Մի պահ թռչուներն անհետացան տեսադաշտիցս, նկատեցի հեռվում աշխատող մարդկանց: Ես նայում էի նրանց եռանդուն աշխատանքին ու նույնչափ եռանդով մտքերս տալիս թղթին:
Արևի տակ կռացած՝ հողը քաղհանում էին միջին տարիքի երկու կին: Ինձ թվաց, որ նրանք հույսեր ունեն՝ կապված հենց այդ հողի հետ: Հողը, վարուցանքը գյուղացու ապրուստի միջոցն են:
Այնուամենայնիվ, ես հիացած հետևում էի նրանց աշխատանքին. այնքա՜ն մտերմիկ, այնքա՜ն հարազատ էր ինձ այդ պատկերը:
Թռչունները նորից եկան: Ես տարվել էի նրանցով, երբ հանկարծ ականջիս հասավ մի նուրբ ձայն.

-Երազո՛ղ, հե՛տ արի, զանգը տվեց:

mariam tonoyan

Աշխատանքի ենք ընդունում միայն հաշմանդամներին

Մեր օրերում, սովորաբար, աշխատանքի են ընդունում երիտասարդ, բարետես աղջիկների կամ տղաների, բայց այդ խանութի մուտքի դռանը փակցված էր՝ «Աշխատանքի ենք ընդունում միայն հաշմանդամներին»:
-Ամեն ինչ սկսվեց նրանից,- պատմում էր Արշակը,- երբ դպրոցական ուսումնառության վերջին տարում ընկերոջս տան ճանապարհին՝ հարևան տան պատուհանից, հայացքս որսաց մեկին: Մինչ այդ ես չէի հավատում սիրուն առաջին հայացքից, բայց կարծես թե սիրահարվել էի: Նրան տեսնելու ցանկությունս ստիպեց հաճախակիացնել այցելությունները ընկերոջս տուն: Շուտով ինձ հաջողվեց ձեռք բերել նրա տան հեռախոսահամարը և զանգել: Դժվարությամբ նրա հայրը համաձայնեց, որ մենք հանդիպենք: Հանդիպումները մեզ հասցրին նշանադրության:
Զորակոչվեցի բանակ, տրվեցի հայրենիքի պաշտպանության նվիրական գործին: Ժամանակ անցավ: Ծառայության ընթացքում անզգույշ մի քայլս դղրդեցրեց հողը ոտքերիս տակ ու ահասարսուռ ձայն հնչեցրեց: Անորոշություն… Աչքերս բացեցի ու հասկացա, որ այլևս երբեք հայրենի հողի վրա հաստատուն քայլեր անելու հնարավորություն չեմ ունենա…
Հիվանդանոց տարան: Երկու օր շարունակ արցունքներիս վերջ չկար: Վերջապես արցունքներիս հետևից նշմարեցի նրա դեմքը: Եկել էր հրաժեշտ տալու: Հայրը չէր կարող իր աղջկան հաշմանդամի կնության տալ:
Մի օր մեզ մոտ՝ հիվանդանոց, ուսանողներ եկան բժշկական պրակտիկայի: Ուսանողուհիներից մեկը շատ դուր եկավ ինձ ու, ի վերջո, ընկերական շփումից սեր ծնվեց: Պատահեց այնպես, որ իր հետ պայմանավորվելով՝ փախցրի նրան՝ Լուսինեին: Ժամանակ անցավ, ու մենք որոշեցինք հաշտվել նրա ծնողների հետ: Ծնողները համաձայնեցին ու խնդրեցին, որ Լուսինեին իրենց տուն տանենք ու մեր ավանդույթներով, պաշտոնական գնանք նրա ձեռքը խնդրելու: Այդպես էլ արեցինք, բայց… Երբ գնացինք նրա ձեռքը խնդրելու, ծնողները պատասխանեցին, թե՝ մենք աղջիկ չունենք քեզ տալու: Բայց ի՞նչը կարող էր խոչընդոտել սիրուն: Ես ու Լուսինեն պայմանավորվեցինք ու երկրորդ անգամ փախանք Ռուսաստան, որտեղ այդ ժամանակ ծնողներս էին բնակվում:
1995թ.-ին էլի վերադարձանք Հայաստան: Որոշեցի հիվանդանոց այցելել: Բուժման ընթացքում բարեկամներ էի ձեռք բերել: Հիվանդանոցում ականատես եղա մի արտասովոր ու հետաքրքիր իրադարձության:
Պատմությունը շարունակեց Արշակի ընկերը` Ավետիսյան Կարենը.
-Իմ և Արշակի պատմությունները շատ նման են: Ես էլ 1994թ.-ին Հորադիզում կորցրել եմ երկու ոտքերս, տիկնոջս հետ նրա բժշկական պրակտիկայի ժամանակ ծանոթացել եմ հիվանդանոցում, որտեղ ես բուժում էի ստանում: Իմ և մնացած վիրավորների ոգեշնչման աղբյուրն Արշակն էր: Նրան՝ որպես ուժեղ կամքի տեր մարդ, մեզ որպես օրինակ էին ցույց տալիս: Նա ոտքեր չուներ, բայց պրոթեզների օգնությամբ քայլում էր: Կնոջս՝ Ալլային, ընտանիքի անդամները համաձայն չէին ինձ կնության տալ: Ալլան փախավ տնից, եկավ ինձ մոտ՝ հիվանդանոց, ու հենց հիվանդանոցում էլ մեծ շուքով հարսանիք արեցինք, որին ներկա էր նաև Վազգեն Սարգսյանը: Հենց մեր հարսանիքին էլ ներկա եղավ Արշակն այդ օրը:
-Արշակը մեզ համար միշտ օրինակ է եղել, ու բախտի բերմամբ, մեր ճանապարհները խաչվել են, ու մենք ընկերներ ենք դարձել,- շարունակեց նրանց երրորդ ընկերը՝ Հունան Հունանյանը: -Ես վիրավորվել եմ Չինարիում: Ի տարբերություն Արշակի և Կարենի պատմությունների՝ իմ կինը՝ Ալիսան, ևս վիրահատվել էր: Հիվանդանոցում ծանոթացանք, ու Արշակի օրինակով՝ ես ևս փախցրի ապագա կնոջս:
Երեք ընկերներով հիմնել ենք «Սատար հաշմանդամներին» հասարակական կազմակերպությունը, որը փորձում է ամեն կերպ օգտակար լինել ազատամարտի հաշմանդամներին, նրանց անվասայլակներ տալ, աշխատանք գտնել: Ահա թե ինչու Արշակը իր վարձակալած խանութի վրա ամրացրել էր ցուցանակ՝ «Աշխատանքի ենք ընդունում միայն հաշմանդամներին»: