- Լուսանկարը` Հռիփսիմե Վարդանյանի
- Լուսանկարը` Հռիփսիմե Վարդանյանի
- Լուսանկարը` Հռիփսիմե Վարդանյանի
- Լուսանկարը` Հռիփսիմե Վարդանյանի
Արարատի մարզի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին
Արարատի մարզի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին
Վարդենիսը մի քաղաք է, որն ունի իր ամենահետաքրքիր ճաշատեսակները, սովորույթներն ու ավանդազրույցները։ Այդպիսին է «Պառվու ուլեր» ասվածը։ Երևի թե, ձեր մեջ հարց առաջացավ, թե ի՞նչ է դա. միգուցե որևէ վարդենիսյան ուտեստ, կամ մեկ ուրիշ նման բա՞ն։ Ո՛չ, ո՛չ ու էլի ո՛չ։ Խոսքը վերաբերում է մի երևույթի, որի ժամանակ ապրիլ ամսվա սկզբին եղանակը մի քանի օրով վատանում է՝ սկսվում է Վարդենիսի ձմեռվա բուք ու բորանը։ Այդ ամենը իհարկե ունի իր պատմությունը։
Եղել է մի տատիկ, ով ունեցել է իր սեփական ուլիկները։ Նրանց կաթը վաճառելով օրվա հացն է ձեռք բերել։ Կաթը վաճառելուց առաջ, զանգվածին միշտ ջուր է ավելացրել։ Մեկ օր տեսնելով, որ եղանակը բավականին տաքացել է, իսկ սարերն էլ արդեն ներկվել են կանաչ, որոշել է իր ուլերին տանել հանդերը՝ արածեցնելու։ Ինչպես միշտ, այս անգամ նույնպես ամեն ինչ խաբուսիկ է եղել։ Այնտեղ հասնելուն պես սկսվել է ուժեղ քամի, որը ուղեկցվել է առատ ձնով։ Չկարողանալով պատսպարվել որևէ մի տեղ, ձնախեղդ է եղել ինչպես տատիկը, այնպես էլ ուլիկները։
Դե բնական է, որ սա լեգենդի կամ առակի նման մի բան է, բայց բնականաբար դա ունի իր դաստիարակչական նշանակությունը։ Պետք չէ երբեք դիմել խարդախության հօգուտ շահի, որովհետև մի օր անպայման պատասխան կտաս դրա համար։ Իսկ ինչ մնում է նրան, թե որքանով է այդ պատմությունը համապատասխանում իրականությանը, ոչ ոք չգիտի, իսկ ապրիլ ամսվա եղանակային կտրուկ փոփոխությունների մասին կփաստեն հենց վարդենիսցիները…
Մեր բակից երեք մանկության ընկերուհիներով սովորում ենք նույն դպրոցում: Ամեն առավոտ սպասում ենք մեզանից ամենամեծի հեռախոսազանգին, որպեսզի դուրս գանք ու գնանք: Հա, ի դեպ, նա ինձնից ընդամենը մեկ օր է մեծ: Ճանապարհին հազար ու մի թեմայից ենք խոսում, հազար բանից բամբասում, մեկ՝ տխրում, մեկ՝ բարձր ծիծաղում: Այնքան հաճելի է, երբ սկսում ենք խոսել մանկությունից, կարոտելու ու հիշելու շատ բան ունենք:
Այսօր ողջ ճանապարհին մեր հիշողություններն էինք փորփրում: Հիշեցինք մեր բակի փոքրիկ սենյակը, որը պապիկիս արհեստանոցն էր, սակայն մեզ համար վերածվել էր փոքրիկ ու հարմարավետ տնակի, որտեղ անցկացնում էինք ողջ օրը:
Հատուկ հյուր ընդունելու օրեր էլ կային, երբ հավաքում էինք տնակը, մեր ունեցած փոքրիկ գումարով մի քանի թխվածքաբլիթ էինք գնում ու մայրիկներին հրավիրում սուրճի: Անսահման ոգևորություն էր, երբ նրանք չէին մերժում ու գալիս էին:
Ինչպես չհիշեմ «հալամուլան», երբ տղաները մեզնից՝ աղջիկներից, մեծ լինելով խաբում էին մեզ, մենք էլ միամիտի պես փակում էինք մեր աչքերը, հետո ամբողջ բակով մեկ ման գալիս, իսկ վերջում պարզվում էր, որ գնացել են կողքի փողոց, ու սկսվում էր.
-Վերջ, ես էլ չեմ խաղում:
-Դուք արագ եք վազում, մենք՝ չէ:
-Հարամի մեկը, էլ չեմ գալու դուրս:
-Ա դե, մի վախեցրեք, վայ:
Չեմ կարող չհիշել «ռեզինի» առաջնությունները, երբ ամեն մեկս 50 դրամ հավաքում էինք, որ ռեզին առնենք, ու այդպես ամեն շաբաթ: Չգիտեմ ինչու, միշտ մեր «ռեզինը» կորչում էր: Մենք տղաների հետ «բրազիլական» էինք խաղում, որը գնդակով տղայական խաղ էր, իսկ նրանք մեզ հետ «ռեզին», բայց դա միայն շատ համոզելու դեպքում:
Իսկ այսօր մենք երեքով ամեն առավոտ նույն դպրոցն ենք գնում՝ այսքան հիշողություններով մի մեծ պարկ մեզ հետ վերցնելով: Տղաներից մեկը բանակում է, մյուսը սովորում է, մյուսին էլ դեռ այն ժամանակվանից «Նոր տարվա լիմոնադ» էինք ասում, քանի որ ուշ-ուշ ենք տեսնում:
Ինչքան հաճելի է, երբ ընդամենը 16 տարեկան ես ու այսքան հիշելու բան ունես, ու դեռ ինչքան էլ պետք է ավելանան:
Ես Ալբերտն եմ, 17 տարեկան, բնակվում եմ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Դեռ մանկուց սիրել եմ ստեղծագործել, գրել բանաստեղծություններ, պատմություններ և երազում էի, որ մի օր էլ իմ բանաստեղծությունները կտպագրվեն թերթում, որպեսզի ես էլ հանրությանը ներկայանամ որպես պատանի ստեղծագործող: Իմ երազանքը իրականացավ: Մի օր իմ բանաստեղծությունը տպագրվեց, և ես հասա իմ առաջին երազանքին:
Իմ մանկության հաջորդ երազանքն էր՝ ունենալ բարեգործական խումբ, և ես իմ ջանքերի և աշխատանքի շնորհիվ հասա իմ երազանքին: Ես սովորում էի 9-րդ դասարանում, և իմ այդ երազանքը կիսեցի իմ լավագույն ընկերոջ՝ Դավիթի հետ: Ես և նա միասին հավաքեցինք թիմ, և կենտրոնացանք ուշադրության պակաս ունեցող անապահով երեխաների վրա և սկսեցինք փնտրել հովանավորներ մեզ աջակցելու համար: Երբ դիմում էինք տարբեր կազմակերպությունների ղեկավարներին, շատերը գովում էին մեզ և չնչին աջակցություն տալիս, շատերի կողմից էլ տեսել ենք անբարյացկամ վերաբերմունք: Մենք երբևէ չենք հուսահատվել: Վերջապես իրականացրեցինք մեր ծրագիրը, նվերներ հանձնեցինք այդ երեխաներին և մեկ օր միասին անցկացրինք: Երբ արդեն դպրոցն ավարտեցինք, և բոլորս էլ դարձանք ուսանողներ, մեր բարեգործական խումբը ցրվեց, և այդպես ավարտվեց իմ առաջին բարեգործական գործունեությունը:
Երբ արդեն ուսանող էի Կապանի ՍՏՊՔ-ում, գտա մի լավ ընկեր՝ Թինային, և նրա հետ միասին ստեղծեցի ևս մեկ խումբ: Քանի որ մենք շատ ենք սիրում մեր հայրենիքը, խումբը անվանեցինք «ԼեռնաՀայաստան բարեգործական խումբ»: Բայց այս անգամ մեր գործունեությունը կենտրոնացրեցինք անապահով հաշմանդամ երեխաների վրա: Դեռ բացման օրվանից խումբը համագործակցում էր տարբեր կազմակերպություների հետ, որոնք զբաղվում և աշխատում են հաշմանդամ երեխաների հետ: Գտանք հովանավոր, և մեր առաջին ծրագիրը իրականացրեցինք Ամանորին: Մեր Ձմեռ պապը այցելեց երեխաներին, ուրախացրեց և հանձնեց նվերներ: Հաջորդ անգամ համագործակցեցինք Կապանի Ա.Շիրվանզադեի անվան թատրոնի հետ: Մեր խմբի երեխանները այցելեցին թատրոն և շատ ուրախ օր անցկացրեցին այնտեղ:
Մենք շարունակում ենք նոր ծրագրեր իրականացնել, և ես համարում եմ, որ այս երազանքս նույնպես իրականություն դարձավ:
Ձեզ կպատմեմ իմ վերջին իրականացրած երկու երազանքների մասին: Ես երազում էի ունենալ սեփական պարի և ձեռքի աշխատանքների խմբակ: Այսօր այն գործում է Կապանի Բաղաբերդ ակումբում: Երազում էի գնալ թատրոն և այսօր աշխատում եմ Կապանի Բառառագետ թատերախմբում:
Սիրելի իմ հասակակից, իմ խորհուրդն է քեզ, որ դու էլ լինես համառ և աշխատասեր, և կհասնես քո երազանքին:
Ասում են` խաղաղության հասնում են միայն այն դեպքում, երբ կարողանում են այն պարտադրել:
Իսկ դու պարտադրեցի՞ր։ Քեզ համար չէին հաստափոր կոնվեցիաների գրքերը ու խաբուսիկ հաշտության պայմանագրերը: Քոնը փամփուշտն էր, քոնը զենքն էր, որ պիտի դառնար կյանքիդ ուղին: Քեզ ջուր տվեցի՞ն ճանապարհին, դե, իհարկե՝ ոչ, քեզ քո քրտինքն էլ էր հերիք: Այտերդ կարմրել էին, հևում էիր, երկար ճանապարհ էիր անցել, մի ամբողջ հավերժության չափ երկար ու դեռ պետք է անցնեիր: Ու գնում էիր՝ թևիդ տակ պահելով զավակներիդ, պահելով ու պաշտպանելով նրանց: Դու գիտեի՞ր՝ ինչ է խաղաղությունը։ Դե, իհարկե՝ գիտեիր, բայց չէիր տեսել, չէիր ճաշակել նրա հաճույքը:
Եվ դու գնում էիր… Ո՞ւր. Սասո՞ւն, Վա՞ն, թե՞՝ Կարս։ Բայց Շուշին սպասում էր, Շուշին կռվում էր, Շուշին ապրում էր: Դու չէիր երազում մեծ տարածքների ու արժեք չունեցող մի քանի դրամների մասին, քոնը ազատությունն էր, քոնը կյանքն էր…
Քայլում էիր. քայլերդ փոքր էին ու կամաց-կամաց, բայց դու հասնում էիր, դու գտնում էիր: Չկա՞ր, ստեղծում էիր…
Արև սիրող ժողովրդիդ համար լույս չկար, քոնը անձրևն էր, տաքը քոնը չէր, քոնը սառը քամին էր, որ առաջ էր քշում քեզ:
Քեզ օգնեցի՞ն։ Դե, իհարկե՝ ոչ, ո՞վ օգներ։ Ալեհեր էիր, բայց չափից շատ էր միջիդ կորովը, երիտասարդներից առաջ էիր ընկել, երիտասարդները քո դեմ թույլ էին։ Դու անընդհատ վայր ընկար, բայց մի քանի ակնթարթ հետո կանգնեցիր: Դե, իհարկե, վայրէջքները քոնը չէին, քոնը վսեմ ու խրոխտ քայլերն էին: Դու գլուխդ չկախեցիր, երբե՛ք, դու բարձր էիր, հպարտ էիր, նույնիսկ նրանցից, ովքեր քո գլխավերևում էին: Երկյուղը քոնը չէր, քոնը հպարտությունն էր:
Դու հոգնեցի՞ր։ Դե, իհարկե՝ ոչ, ինչպե՞ս կարող էիր ուղիդ կիսատ թողնել, քո ուժերը բոլոր հզոր տերություններից էլ շատ էին: Հանձնվելը քոնը չէր, քոնը պայքարն էր:
Փխրուն հողը ոտքերիդ տակ աշխարհի ամենաամուր ու ապահով տարածքն էր, հողն էր, որ տանում էր առաջ, հողն էր, որ ստիպում էր քեզ խաղաղություն պարտադրել:
Ու դու նորից պարտադրեցիր…
Ապրիլ էր, չեկած ամառ, չեկած աշուն, կամ էլ ձմեռ, բայց ո՞վ իմանար, որ տասնյակ-հարյուրավոր հայորդիների համար ամառներն ու ձմեռները չեկած են մնալու։
Ապրիլ էր, ձյուն էր արել, այն ձյունը չէր, այս անգամ ձյունը պատերազմ էր բերել։
Մի քանի տարի էլ չէր անցել, ինչ բակում իրենց պատրաստած զենքերով «կռիվ-կռիվ» էին խաղում։ Բայց ո՞վ իմանար, որ բակի չարաճճի տղաների ճյուղերով պատրաստած զենքերը հրացանի էին վերափոխվելու, ձնագնդիկները՝ հրետանու կրակոցների, բակի հետևի ավազով պատված փոշոտ տարածքը՝ պատերազմի իրական ու կարմիր դաշտի։
Ապրիլ էր, ու դու քո հազարավոր բջիջներով ցանկանում էիր դառնալ հողիդ ամենափոքր մասնիկը, ձուլվել հողին, լինել ամենամոտ հենարանը, որի վրա կկանգնեին հպարտ հայորդիներդ։
Արյունոտված ապրիլ էր, դարերում կոփված, դարեր հասած ու դարեր կտրած ապրիլ էր։
Թշնամին իր տեխնիկան էր բերել՝ քանդելու համար մեր սահմանները։ Բայց էլ ի՞նչ զինամթերք։ Մեր դռները զինվորներն իրենց սրտերով էին կողպել, էլ ո՞վ կբացեր։ Ասում էին՝ տարածք ենք ուզում։ Էլ ի՞նչ տարածք… Մերոնք հողերը կյանքով էին պահել, վրեժով ջրել, քրտինքով ծաղկեցրել, որ հավերժ ապրի հայը իր տան մեջ։
Մերոնք ապրելն էին ընտրել։ Էլ ինչպե՞ս պիտի հաղթանակ տաներ թշնամին…
Պատերա՞զմ եք ուզում, էլ ի՞նչ պատերազմ. մեր խաղաղությունը մեր զինվորների արյունով է կնքած։
Եվ դու կռվում ես և դու ապրում ես: Դե, քոնը համոզելը չէ, քոնը՝ պարտադրելն է․․․
Տարիներ առաջ, երբ փոքր էի, ամեն անգամ պատերազմի մասին լսելիս հետաքրքրությանս չափ ու սահման չկար: Միշտ միջամտում էի մեծերի խոսակցությանը, ամեն կերպ ուզում էի հասկանալ պատերազմի էությունը: Գիտեի, թե պատերազմն էն ա, որ հայերն ու թուրքերը կանգնում են դեմ դիմաց ու սկսում իրար կրակել: Երբ ինչ-որ մի առիթով հավաքվում էինք բարեկամներով, պարտադիր միշտ խոսակցություն էր բացվում Արցախյան ազատամարտի մասին: Ու էդ պատմությունները ինձ շա՜տ էին հետաքրքրում: Հետաքրքիր էր հատկապես «նկուղային» կյանքն ու մոմի լույսի տակ մի կերպ յոլա գնալը:
Իսկ Հայաստանն ինձ համար մի ուղիղ գիծ էր, որի ամենածայրում մեր գյուղն էր, իսկ մեզանից հետո սկսվում էր մի ուրիշ գիծ, էդ էլ Ադրբեջանն էր: Գիտեի, թե մեր գյուղից հետո էլ Հայաստան չկա:
Անցան տարիներ: Հայաստանի ուղիղ գիծ լինելու պատկերացումներս վերացան, պատերազմ վարելու ձևը՝ նույնպես: Սահմանն օրեցօր լարվում էր, զոհված զինծառայողների անունները՝ ավելանում: Իսկ երբ արդեն խոսք էր գնում սպառնացող պատերազմի մասին, ամեն կերպ ժխտում էի (կամ էլ ինձ հույս էի տալիս), որ չի կարող պատերազմ սկսվել:
Էսպես անցնում էին օրերը: Հայաստանի, հայ ժողովրդի ու, ընդհանրապես ամեն ինչի մասին պատկերացումներս փոխվում էին, բացի պատերազմ սկսվելու հավանականությունից: Ուղեղիս ծալքերում ոչ մի կերպ չէր տեղավորվում էդ փաստը, մինչև… Մինչև եկավ ապրիլը:
Ամսի երկուսն էր, սովորականի նման դպրոցում էինք ու պատրաստվում էինք Գրիգոր Խանջյանին նվիրված «Հայից հայը» խորագրով միջոցառմանը: Փաստորեն, մինչ մենք տարված էինք փորձերով, արդեն սկսվել էր իմ ուղեղի ծալքերում ոչ մի ձև չտեղավորվող պատերազմը: Պատերազմը…
Սովորականից շուտ գնացինք տուն: Սկզբից ոչ մի արտասովոր բան չկար: Մտածում էի. «Դե, միշտ էլ սենց ա էլի եղել, շատ որ՝ էս անգամ մի քիչ մեծածավալ ա»:
Արդեն երկու օրից համակարգիչն ու հեռուստացույցը դարձել էին իմ ամեն րոպեի վկաները՝ ինչ-որ նոր ինֆորմացիա կորզելու համար:
Ամեն վայրկյան մտքով դիրքերում էի, Տղերքի կողքին: Նրանց հետ կռիվ էի տալիս թուրքի դեմ, նրանց հետ ընկնում էի, նրանց նման իմ սիրտն էլ էր խոցվում թշնամու գնդակներից: Միակ տարբերությունն այն էր, որ սրանք զուտ իմ պատկեացումներն էին, իսկ Տղերքը կանգնած էին սահմանին, հող էին պաշտպանում, էդ հողը ներկում արյունով, ընկնում էդ հողի համար…
Անցան օրեր, ամիսներ, մի տարի… Պատերազմի վտանգը երևի անցել է, չգիտեմ:
Ես արդեն էլ չեմ ժխտում, որ պատերազմը միշտ մեզ հետ է, մեր կողքին և մի օր կարող է քնած հրաբուխի նման հանկարծ ժայթքել, ինչպես ապրիլին էր, մի տարի առաջ…
Այսօր էլ շուտ եկա, վերջին երկու շաբաթվա ընթացքում էդպես է ստացվում։ Կրկին բացում եմ դուռը ու էլի մենակ եմ, դե, եթե չհաշվենք սեղան-աթոռները, գրատախտակը, պահարանն ու հանգած վառարանը։ Հանգած, որովհետև դեռ չեն հասցրել վառել, ամեն օր էլ էդպես է լինում։
Պատուհանից այն կողմ երկու աղջիկ հայտնվեցին՝ քույրեր են, գարունը կաթացել է նրանց մեջ ու ձեռքներին մի-մի մանուշակի փունջ, իսկ դեմքներին՝ մի-մի կտոր ժպիտ դրել։ Գարնան մասին մտորումներս ընդհատում է դռան ձայնը։ Վառարան վառողն է, տեսնելով ինձ ժպտում է, բարևում ու սկսում այսօրվա իր զրույցը, երևի արդեն սովորական է դարձել նախորդ օրվա դեպքերն ինձ պատմելը։ Պատմեց, աղջկա ծնունդն էր եղել, փաստորեն կարգին ուրախացել էին: Զրույցն ավարտեց ու գնաց։
Հիմա գրչիս ու թղթիս հպումի ձայնից բացի նաև վառարանի ճտճտոցն է հասնում ականջիս՝ ամենասիրուն երաժշտությունը աշխարհում, եթե ուզում եք պատկերացնել այն, ուղղակի փակեք ձեր աչքերը ու հիշեք ձեր ամենասիրելի երգը, և ամեն ինչ տեղը կընկնի (եթե հնարավոր լիներ, կձայնագրեի ու կկցեի նյութիս)։
Ասում են՝ տղաներն են միշտ ուշանում, բայց հիմա երևացող 5 աշակերտներից միայն մեկն է աղջիկ, ու չնայած դրան՝ զրույցի է բռնվել տղաների հետ և ուրախ ժպիտով գալիս է (գարունը այս մեկի գլխին էլ է խփել)։
Էլի երեխաներ հայտնվեցին, քայլում են, խոսում, ծիծաղում, իսկ ես, պատուհանի դիմաց կանգնած, նայում եմ աշակերտների ու ուսուցիչների անփոփոխ խմբերին։ Միշտ նույն մարդիկ միասին են գալիս ու նույն հերթականությամբ։ Դասընկերներս միշտ ամենավերջում են գալիս, գրեթե դասը սկսվելու հետ, միաժամանակ, և նրանց ուշանալու արդյունքն էլ այն է, ինչ այժմ կարդում եք։
Այնուամենայնիվ, նրանք եկան: Նրանք այն մարդիկ են, ում հետ ես կիսում եմ այս դասարանի լռությունը։ Տեսնելով ինձ՝ ժպտում են, հավանաբար մտածում՝ էլի շուտ է եկել, տեսնես բան ու գործ չունի՞։ Ես արագ պահում եմ տետրս պայուսակիս մեջ ու սպասում նրանց գալուն, դուռը բացվում է՝ եկան։ Արդեն վառարանի ձայնը չի լսվում, դե աղմուկն իրենով լցնում է օդը, ու մարդկային խոսակցությունները հաղթում են փայտի ճարճատյունին։
Դուռը էլի բացվեց, վառարան վառողը մի անգամ էլ երևաց՝ ստուգելու թե ամեն ինչ նորմա՞լ է կրակի հետ։ Այո՛, նորմալ է, դե չհաշված խեղաթյուրված ձայնն ու այն, որ նրա տաքությունը այսօր այնքան էլ հաճելի չէ: Արդեն արևն իր փոխարեն տաքացրել է իմ դասասենյակը։
Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի
Երբ արդեն ամբողջությամբ հավատում էի, որ եկել է գարունը, կրկին եկավ ձյունը և ամեն ինչ փչացրեց:
Շաբաթ օր էր՝ մռայլ եղանակ էր, և ձյուն էր տեղում: Հանկարծ, քույրս արագ տուն մտնելով, գոռաց.
-Լի՜լ, արագ ջուր բեր:
Նրա ձեռքերի մեջ մի փոքրիկ ճնճղուկ կար։ Թռչունը կարծես գիտակցությունը կորցրել էր: Ես արագ, մի փոքր ջուր վերցրեցի և շաղ տվեցի նրա վրա, մի քանի անկանոն շարժում անելուց հետո նա բացեց աչքերը…
Քույրս` Սոֆին, մի քանի բառով պատմեց. «Դրսում էի, երբ նա վերևից ցած ընկավ, չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ես այնտեղ չլինեի»: Փոքր եղբայրս` Արեգը, շատ էր ուրախացել։ Նա ուրախությունից վազում էր այս ու այն կողմ: Ու մեկ էլ՝ հո՜պ, ճնճղուկը քույրիկիս ձեռքերից թռավ: Մի քանի րոպե նա թռչում էր այս ու այն կողմ, և Սոֆիին շատ դժվարությամբ հաջողվեց բռնել նրան: Մի քանի րոպե էլ նրան պահեցինք մեր տանը, որպեսզի տաքանա, և հետո որոշեցինք դուրս հանել և թողնել, որ գնա:
Եվ այդպես էլ արեցինք, տնից դուրս եկանք` Սոֆին բացեց ձեռքերը, և այդ փոքրիկ թոչունը թռավ հեռո՜ւ, շա՜տ հեռու:
Չեք պատկերացնի, թե ինչքան մեծ էր մեր ուրախությունը։ Չէ՞ որ մենք կարողացանք օգնել նրան․․․
Վերադարձանք տուն, Արեգը լաց էր լինում: Նա լալիս էր, որովհետև մենք բաց թողեցինք իր նոր ընկերոջը: Բայց ուրիշ ի՞նչ կարող էինք անել, չէ՞ որ այդ խեղճ թռչունը սովոր է ազատ թռիչքին և սիրում է ազատությունը։ Ինչպե՞ս պահեինք մեր տանը: Ճիշտ է, Արեգը մի քանի րոպե լաց եղավ, բայց դե փոքր է՝ չի հասկանում, իսկ մենք շատ ուրախ էինք և գոհ, որովհետև կարողացանք օգնել մի անմեղ էակի և նրան ազատ թռիչքի հնարավորություն տվեցինք․․․
2017թ.-ի ապրիլի 4: Առավոտյան արթնանալուն պես Facebook-ը հիշեցրեց մեկ տարի առաջ նույն օրը քրոջս կատարած գրառումը. «Դավս զանգեց, երեխեք, ասեց՝ լավ եմ»: Այս մի քանի բառերը մեզ անսահման ուրախություն պարգևեցին: Մեկ օրից ավելի էր անցել, իսկ Դավիթից լուր չունեինք: Դավիթը մորեղբորս տղան է՝ իմ եղբայրը: Մանկության տարիներին ես ընկերներ չունեի: Իմ ընկերները քույրերս ու եղբայրներս էին, բայց Դավիթը ամենամտերիմ ընկերս էր: Փոքր տարիքում շատ էինք չարաճճիություններ անում: Ինչ գալիս էր մտքներիս, հենց նույն պահին որոշում էինք իրագործել: Երբ արդեն պապիկս իմանում էր մեր կատարած «սխրանքների» մասին, ես արագ փախչում ու թաքնվում էի՝ մտածելով, որ Դավիթը նույնպես ինձ հետ է, բայց շրջվելուն պես տեսնում էի, որ նա տեղից չի շարժվել: Ամբողջ մեղքն իր վրա էր վերցնում և պատժվում իմ փոխարեն: Իսկ երբ «վտանգն» արդեն անցնում էր, ես հանգիստ հայտնվում էի պապիկիս տեսադաշտում:
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ոչ մի կերպ չէի կարողանում խոսել նրա հետ: Զանգում էր շատ հազվադեպ, ձայնը հազիվ էինք կարողանում լսել: Եթե անգամ խոսեի, կսկսեի լաց լինել, իսկ լաց լինել չէր կարելի, նույնիսկ արգելված էր: Պետք էր ուժեղ լինել կամ, թեկուզ, թվալ:
Ապրիլի 8-ն էր: Դասից վերադառնում էի տուն: Մտքերով Արցախում էի, երբ հեռախոսիս զանգ եկավ անծանոթ համարից, բայց շատ ծանոթ կոդով: Արցախից էր: Արագ պատասխանեցի և լսեցի ինձ շատ ծանոթ ու հարազատ ձայն՝ ուրախ ու զրնգուն: Ծառայության ընթացքում չի եղել մի օր, որ Դավիթը ընկճված ձայնով խոսի: Միշտ ոգևորում և ուժ է տալիս՝ համբերելու ու հաղթահարելու ծանր օրերի ապրումները: Ուրախությունից չգիտեի՝ ինչ հարցնել: Գիտեմ, որ ծառայության վերաբերյալ արգելված է հեռախոսով որևէ հարց տալ, և երբեք էլ չեմ հարցրել:
-Դավ, գիտե՞ս, բոլորը ձեզանից են խոսում, ձեր հերոսություններն են պատմում:
-Գիտեմ, գիտեմ, կբարևես բոլորին հայ զինվորների կողմից ու փոխանցիր, որ մեր դիրքերը ամուր են ու թշնամու համար անհասանելի:
Հպարտություն, անհանգստություն ու անսահման կարոտ իրար միախառնած՝ անցնում են օրերը, մինչև կգա երկար, շա՜տ երկար սպասված հուլիսի 3-ը: