Սիրել՝ խախտելով բոլոր կանոնները

Եթե սիրել, ապա խախտելով աշխարհի բոլոր կանոնները։

Սիրել՝ անկախ թվերից ու մաթեմատիկական հաշվարկներից, առանց օրինաչափությունների ու համընկնումների։ Սիրել՝ անտեսելով ֆիզիկայի օրենքներն ու մշակված բանաձևերը։ Սիրել այնպես, որ ձգողականություն լինի անգամ մագնիսի նույն բևեռներում․․․

Եթե սիրել, ապա կոտրելով կարծրատիպերը, բացելով չակերտներն ու փակագծերը։

Սիրել՝ առանց տողատակերի ու բազմիմաստ մտքերի, առանց խճճված բացատրությունների ու ավելորդ բառերի։ Սիրել այնպես, որ բարդ ստորադասական նախադասությունները դառնան պարզ, հասկանալի, հեշտ ու ընկալելի։

Եթե սիրել, ապա մշակելով սեփական կանոնները՝ ձեր քմահաճույքներով ու նախասիրությամբ։

Սիրել՝ հարթելով բոլոր խնդիրները, և հարթել խնդիրները՝ վայելելով բանակցությունների ողջ ընթացքը։ Յուրահատուկ ու երևակայական մի աշխարհ ստեղծել՝ խաղի նոր կանոններով ու պայմաններով։

Եթե սիրել, ապա օրական 24 ժամից ավելի,  չհագեցնող չափաբաժնով, առանց դադարների ու հանգստի․․․

Կապանի կիսատ մնացած կյանքերից մեկը

Փոքր քաղաքները միշտ մի տեսակ յուրահատուկ կոլորիտ են ունեցել։ Բոլորը իրար ճանաչում են, ծանոթ կամ բարեկամ են։ Եթե պատերազմից հետո շրջեք նման քաղաքներից մեկում, ամեն բակում մի վառվող լույս կնկատեք։ Եվ իրոք, նրանից ամեն մեկը մի լույս էր, նրանք ավելի լուսավորեցին իրենց հայրենիքը։

Կապանն ապրում էր իր բնականոն կյանքով։ Պատերազմը խլեց բնականոնությունը. քաղաքում մեզ հանդիպող տղաներին, որոնց թեկուզ չէինք էլ ճանաչում, բայց դեմքով էլ հո՞ գիտեինք։ Կապանը իր տղերքից հերոսներ ունեցավ՝ ուժեղ, խիզախ ու անվախ։ Նրանցից մեկը Գառնիկ Խլղաթյանն է։ Հերոսը 19 տարեկան էր և ծառայում էր Քարվաճառում։ Գառնիկը հետախույզ էր և օրինակելի զինվոր։ Պատերազմի առաջին օրը եղել է իրեն վստահված դիրքում, որտեղ էլ հենց անմահացել է։

Նա սովորում էր Կապանի բժշկական քոլեջի չորրորդ կուրսում։ Մանուկ հասակում ապրել է նաև Արցախում։ Տան միակ զավակն էր։ Մայրը երկարամյա բուժքույր էր Ջաբրաիլի զորամասում։ Մայրն էր նրա մեջ արթնացրել սերը առ բուժական գործ, նա պատրաստակամ էր օգնել ցանկացածին։

Գառնիկենց տուն այցելելիս զգում ես նրա շունչը․ տան ամեն մի անկյունը հիշեցնում է նրան ու լցված է նրանով։ Շարված են Գառնիկի նկարները, որոնց մեջ նա ժպտում, հանգստություն է հաղորդում իր տանն ու հարազատներին։ Գառնիկի տատիկն ու մայրը ամեն օր զրուցում են իրենց Գառնիկի հետ, չեն համակերպվում կատարվածին։

Տատիկն ու մայրը մտածում են, ուր որ է Գառնիկը տուն է գալու, ուղղակի իր սովորության համաձայն ուշանում է։

Գառնիկի տատիկը՝ տիկին Մայան, կարոտով հիշում է այն օրերը, երբ նրանք դեռ Արցախում էին ապրում՝ Ջաբրաիլում։ Կարոտում է այն ուրախ ու անհոգ օրերը, որոնք ապրել են միասին։ Ասում է՝ շատ մտերիմ են եղել ինքն ու Գառնիկը, միշտ միասին են եղել, օրվա անբաժան մասն է կազմել Գառնիկը։ Հիմա կյանքը կանգ է առել առանց նրա։

Գառնիկի մայրը ասում է, որ որդին երբեք ոչնչից չի բողոքել․

-Ասում էի` Գառնիկ ջան, հաց կերե՞լ ես, ասում էր՝ մամ ջան, կարևորը սև կոֆեն ու սիգարետը կա։

Մայրը նաև հիշում է, որ Գառնիկը բակի երեխաներին միշտ տուն էր կանչում, բոլորին կոնֆետ էր տալիս ու շատ էր ոգևորվում դրանից։

Գառնիկը ոգևորությամբ է մեկնել ծառայության ու միշտ փորձել է լավագույնս դրսևորել իրեն։

Գառնիկը շատ նպատակներ ուներ․ ցանկանում էր վերադառնալուց հետո վերանորոգել իրենց տունը։ Սակայն հերոսի անկատար մնացած երազանքներից մեկը կատարել են իր ընկերները։ Մայրը պատմում է, որ ընկերները մեկ մարդու պես օգնել են շատ կարճ ժամանակահատվածում վերանորոգել բնակարանը։

Հերոսն ապրել է 20 գարուն ու հասցրել է սիրվել բոլորի կողմից։ Գառնիկը ընկերական շրջապատի համն ու հոտն է եղել, միշտ օգնել է բոլորին։ Ընկերները կարոտում են հերոսին, շատ են զգում նրա կարիքը։

Գառնիկ Խլղաթյանը մեկն է այն երիտասարդներից, որոնք զոհեցին իրենց կյանքը հանուն մեզ ու հանուն մեր ապագայի։ Մենք պիտի փորձենք արժանվույնս ապրել նրանց կիսատ թողած կյանքը․ մեր մեջ այնքան կիսատ մնացած կյանքեր են ապրում․․․

Հրահատ Կարապետյան. անմահ հերոս

Շաքի բնակավայրի ցավն ավելի է սաստկանում՝ 5-րդ հերոսն է նահատակվել, 5 կիսատ մնացած կյանք: Այսօր էլ Հրահատ Կարապետյանն է եկել ձեզ միանալու տղերք…

Հրահատ Կարապետյանը ծնվել է 1983 թ-ին Սիսիան քաղաքում: Տեղի թիվ 2 դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ԴՕՍԱԱՖ-ում ՝ որպես վարորդ: Այնուհետև 2001 թ.-ին զորակոչվել է հայոց բանակ՝ ծառայել Էջմիածնում: Զորացրվելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Շաքիի քարի արտադրամասում, ավելի քան 20 տարի ապրել է Շաքի բնակավայրում, ապա սոցիալական խնդիրների պատճառով մեկնել  ՌԴ, 2 տարի այնտեղ աշխատելուց հետո վերադարձել է հայրենիք՝ հավերժ հայրենիքում մնալու նպատակով: Նա գտնում էր, որ հայրենիքն ուրիշ է, միևնույնն է, օտար հողում մնում ես օտար, քո հայրենիքն է քեզ ուժ տվողը: Ամուսնանալով Հասմիկ Կարապետյանի հետ և ունենալով 3 զավակ՝ նոր համ ու երանգով շրջապատեց իրեն:

-Ընտանիքը զորեղ բան է,- ասում էր Հրահատը:

2013 թ.-ից  անցել է պայմանագրային  զինվորական ծառայության:
-Նա երբեք չէր խոսում իր ցավերի մասին: Ամեն բան լուռ էր տանում, որ չանհանգստանանք: Բոլորին սիրող ու հարգող էր, սիրտն էլ կհաներ ու կտար: Ժպտերես էր: Երբ ինչ-որ բան էր որոշում, ամեն ինչ անում էր, որ ասածը կատարեր: Շատ էր սիրում ընտանիքի հետ տեղ գնալ: Անգամ մահից առաջ՝ մինչ պատերազմն սկսելը, որոշել էր, որ Սևան ու Տաթև պիտի գնանք, բայց այդպես էլ երազանք մնաց,- հիշում է Հրահատի կինը՝ Հասմիկը:

Հրահատը շատ ընկերասեր ու հարգանքով լի էր: Նա ընտրեց, որ պետք է գնա ընկերների հետ: Գնաց՝ անվերադարձ:
-Անգամ մի կտոր հաց ուտելիս կոկորդով չէր գնում, եթե ընկերների հետ չէր: Ընկերներով շատ էին կապված: Գնալուց առաջ ընկերներն ասում էին, որ մնա, քանի որ երեք բալիկ ունի, սակայն Հրահատը չհամաձայնվեց, ասելով, որ չի կարող ընկերներին մենակ թողնել, պիտի անպայման գնա նրանց հետ: Այդպես էլ արեց: Միասին գնացին ու միասին էլ անմահացան,- շարունակում է Հասմիկը:

Հոկտեմբերի 8-ի գիշերը, դիրքերից իջեցնելիս, եղբայրն ասել էր, որ Հրահատի փոխարեն իրեն տանեն, սակայն չէր համաձայնվել:
-Վերջին անգամ հոկտեմբերի 9-ին՝ գիշերը ժամը 5:00-ին զանգեց: Մեր զրույցն ընդհատվեց,-հիշում է Հասմիկը:

Հրահատը զոհվել է Ղարաբաղում, բայց պատերազմի դաշտ չի հասցրել հասնել: Հոկտեմբերի 10-ին,Կարմիր շուկայի մոտ, իրենց մեքենան պայթեցրել են: Գնալուց առաջ Հրահատը մորն ասել է, որ Աստված ունի, ուրիշ բաներ չմտածեն, անպայման հետ է գալու: Սակայն շատ ու շատ կամավորների, զինվորների պես Հրահատն էլ գնաց հայրենիքի պաշտպանության սուրբ գործով և այդպես էլ ցավոք հետ չեկավ:

Թշնամին խլեց կյանքդ, զորեղ ընտանիքդ թևը կտրեց,  բայց քո հերոսությունը ու քո նման հերոսների ուժով տունդ փլատակ չի դառնա, նենգ թշնամին տանդ մոտ չի գա…հերոս, ննջիր խաղաղությամբ՝ քեզ հավերժ փառք:

marat sirunyan

Ձնծաղիկները տուն տարեք, մեղք են…

-Անոնք ինձի շատ կնմանին…

Դեմքս հայացքի կողմը դարձրի.

- Վաճառողնե՞րը։

- Վաճառվողները…

Փողոցի մյուս կողմում վաճառականներ էին, բայց ընկերոջս հայացքը մի ծերունու վրա էր կենտրոնացած, որի դիմաց՝ փայտյա արկղի վրա, շարված էին փունջ-փունջ ձնծաղիկներ։ Ընկերս քայլերն այդ կողմ ուղղեց, ես էլ լուռ հետևեցի նրան։

- Ի՞նչ կարժեն,- ծերունուն մոտենալուն պես հարցրեց ընկերս։

- Ինչ տաս,- ցրտից սառած ձեռքերը հնամաշ վերարկուի գրպաններում տեղավորելով, խռպոտ ձայնով խոսեց ծերունին։

- Ամբողջը կառնիմ, ի՞նչ կարժեն, – կրկին հարցրեց ընկերս։

-Ինչ տաս,-պնդեց ծերունին։

- Քիչ է խեղճերուն հողեն կտրել եք, բերել հոս, կծախեք, գին ալ չե՞ք հաճե ըսել,- բարկությամբ նետեց ընկերս։

- Ձենդ տաք տեղեն գուկա,- խոժոռ դեմքի վրա հազիվ նշմարվող, խոր ընկած տխուր աչքերը մեր կողմն ուղղեց ծերունին,- առնո՞ղ ես, ա՛ռ, թե՝ չէ, թո՛ղ գնա։

Ընկերս շիկնեց՝ ամոթի՞ց, թե՞ բարկությունից, չեմ կարող ասել, բայց լռեց, գրպանից հանեց դրամապանակն ու այնտեղից հանելով երկու թղթադրամ, մեկնեց ծերունուն։

Ծերունին դժվարով վեր կացավ, վերցրեց կողքին դրված ստվարաթղթե արկղն ու հերթով սկսեց դրա մեջ փոխադրել ձնծաղիկները։ Ես ու ընկերս լուռ հետևում էինք նրան, ասես վերջինս մի ինչ-որ կարևոր ծես էր կատարում։ Հանկարծ հերթական փունջը վերցնելով կանգ առավ ու հայացքն ընկերոջս կողմն ուղղեց.

- Էս մեգ փունջը ես հեդ գվերում, փողիցդ հեդ կուդամ։

- Ինչո՞ւ,- զարմացավ ընկերս։

- Պետկ է,- շշնջաց ծերունին ու շարունակեց իր գործը։

Վերջացնելուց հետո ձեռքը տաբատի գրպանը տարավ, ապա ընկերոջս կողմն ուղղեց մի քանի մետաղադրամ։

- Հարկավոր չէ, ատ մեկ փունջը ձեզի կնվիրեմ,- ժպտաց ընկերս։

Ժպիտի պես ինչ-որ դիմախաղ հայտնվեց նաև ծերունու դեմքին։ Ասես այդպես անծանոթները հաշտություն կնքեցին։ Ես ընկերոջս փոխարեն վերցրի արկղն ու առաջ շարժվեցինք։

-Ինչի՞դ են պետք այսքան ձնծաղիկներ,- քիչ հեռանալով հարցրի ես, չնայած ընկերս կարծես թե ամենևին էլ ինձ չէր լսում։

- Նայե՜,- կանգ առավ ու ձեռքով դիմացի մայթը ցույց տվեց ընկերս։ Այնտեղ ծաղկավաճառ ծերունին էր՝ ձնծաղիկի փունջը մեջքի ետևում պահած, զրուցում էր այնտեղ էլ ինչ-որ բան վաճառող մի կնոջ հետ։

Ընկերս կարծես այլևս քիչ առաջվա մտահոգը չէր, դեմքին չարաճճի ժպիտ էր հայտնվել։ Ծերունին մեջքի հետևից հանեց թաքցրածն ու մեկնեց վաճառական կնոջը, փողոցը զնգաց կնոջ ծիծաղից, քիչ անց ծերունին ժպիտը դեմքին հեռացավ։

- Ասա՜նգ բաներ,- ուսիս կամացուկ հարվածեց ընկերս, որի դեմքից չէր հեռանում լայն ժպիտը։

Շարունակեցինք քայլել։

- Չասեցի՛ր, ինչի՞դ է պետք այսքան ձնծաղիկ։

-Ըսեցի՛… Անոնք ինձի շա՜տ կնմանին։

- Էդ ո՞նց,- առանց զարմանքս թաքցնելու հարցրի ես։

- Կյանքիդ մեջ հող ու ջրեդ զատված ապրա՞ծ ես։

- Դե՜, չէ…

- Ես ամբողջ կյանքիս մեջ ատանկ եմ ապրած՝ օտարության մեջ, զատված հող ու ջրես։ Մրսած ու անքուն քանի՜ օրեր եմ անցուցած անծանոթ քաղաքներուն մեջ, և ինծի իր տան մեջ ոչ մեկ փոքրիկ անկյուն մը տվող չի եղած։ Աս մատղաշներուն ալ պոկած են իրենց հող ու ջրեն. լավ օրից չէ, որ ըրած են, ատ ալ կհասկնամ, բայց ասոնք ալ մեղք են, գոնե տուն տանենք…

Տարիներ անց էլ ահա հիշում եմ, ինչպես՝ երեկը, նրա գոհունակ ու երջանիկ ժպիտը։ Ձմռան այդ ցուրտ օրը, որը նաև հայրենիքում իր վերջին օրն էր, այլևս չէր վերաբերվում նրան, նա կտրվել էր աշխարհից ու առանձնացել, մի ամբողջ արկղից միայն իր ձեռքում մնացած մի փունջ ձնծաղիկի հետ, որին ինքն իր տուն պիտի տաներ…

Պատմության գիրքը

2019թ., մայիս

Դպրոցական էինք, պատմության դաս էր, ինչպես միշտ Մամիկոնը բարձրաձայն վերընթերցում էր պատմության դասը։

-2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում հերոսաբար զոհվեցին Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը, Արամ Արայիկի Աբրահամյանը, Հրաչյա Վարդանի Գալստյանը և ուրիշներ….,-հետո դադար տվեց ու շարունակեց,- Մա՜ր, էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն,  ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի։ Երանի էդ օրը գա…

- Մամիկոն, լավ էլի, սուս մնա, դաս եմ լսում,- ասացի ես՝ մի փոքր կոպիտ ձայնով։

2020թ. սեպտեմբերի 27

«Տեսնես Մամիկոնը ո՞նց ա, Մարտունիում էլ են թեժ մարտեր, ավելի լավ ա՝ չզանգեմ. շատ վտանգավոր ա»,- շարունակ մտածում էի ես։

2020թ. հոկտեմբերի 19 

Չարաբաստիկ զանգը հնչեց, վերցրի. լացի ձայն էր։

-Խը… խփեցին… Մամիկոնին խփեցին…

«Էնքան կուզեի՝ պատմության  գրքում հերոսների անուններ թվարկեն,  ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի»… Երանի չլսեի այս խոսքերդ, երանի չճանաչեի քեզ, չճանաչեի, որ կորուստիդ ցավը տանելի լիներ, երանի չտեսնեի աճյունդ, երանի չտեսնեի մորդ ողբը։

Նստած եմ պատուհանի մոտ, նայում եմ ուղիղ դիմացս. երկնքի կապտաթույր երանգի խորքում կիսադեմդ եմ տեսնում. այնքա՜ն խորհրդավոր է, հայացքիդ մեջ անբացատրելի լրջություն կա, աչքերիդ մեջ՝ հերոսի հայացք… Հայացքդ դեռ ոչինչ, բայց ձայնդ այնքա՜ն իրական է, այնքա՜ն կենդանի. «Էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի։ Երանի էդ օրը գա» ….Սարսուռ անցավ մարմնովս, ափերովս ծածկեցի երեսս. ոչ… Ոչ դեմքս շոյող աստղափաթիլների անփույթ առատությունից, այլ այն սաստող ու միամիտ ձայնիցդ, որը սուր լռության մեջ ուզում է լռեցնել բութ աղմուկը, որ նորից, կրկին ու անընդհատ լսեմ. «Էնքան կուզեի պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ…»

Անունդ թողեցիր պատմության գրքում ու ինքդ էլ պատմություն դարձար։

marine ghahramanyan

ԽՈՆԱՐՀՎԱԾ ԳԱՐՈՒՆԸ

Ու՞ր գնացին ծաղիկները,

Սուս քնած են հողի տակ։

Գարնան առաջին օրերն են։ Լուսամուտից այն կողմ մեղմ ժպտում է արևը, ծլվլում  են ծիտիկները։ Կարծես ինչ-որ բան դուրս է կանչում։ Քայլում եմ «խռոված» փողոցներով, ինչքան լայն ժպիտներ և թախծոտ, ցավով լցված, անփայլ աչքեր։ Իբրև գարուն է, բայց մի՞թե գարունը այսքան տխուր է լինում։ Արևն էլ կարծես նեղացած է, չի ժպտում, չի ջերմացնում այնպես, ինչպես առաջ էր։ Գիտե՞ք ինչից է, որովհետև երկրիս արևի փոխարեն Տղերքն են, երկրիս երկինքը Զինվորներով է լցված։ Իսկ գիտե՞ք, թե ինչի են նեղացած, որովհետև մեր հոգու գարունն է պակասում։

Զգացել ե՞ք, երբ մի լավ գործ ենք անում, սիրում հարգում միմյանց, լավ խոսքեր ասում, անգամ ձյան միջից ժպտում են մեզ արևները, երկինքն էլ ավելի է պայծառանում։ Շատ սեր ունեցեք ձեր սրտում, ժպտացեք միմյանց, ձեր օրը լցրեք միմիայն դրականով, մի կորցրեք ձեր հոգու գարունը։ Մի բուռ սեր, ժպիտներն էլ դեպ երկինք՝ Տղերքին ուղարկեք, թող նրանք էլ զգան և վայելեն գարնան առաջին օրը: Չէ՞ որ նրանք մեզ անվերջ գարուններ նվիրեցին, իսկ մենք իրենց հավերժություն ենք պարտք։ Թող միշտ գարուն լինի բոլորիս հոգիներում ու սրտերում։ Թող գարունը իր թարմ շնչով և իր գեղեցկությամբ ուրախություն պարգևի բոլորիս։

Անմահների ընկնելը վախճան չէ, այլ հավերժության սկիզբ

Այս պատերազմի ընթացքում քաջաբար զոհվել է Հովիկ Վերանյանը։ Հովիկը ծնվել է 2001 թվականի հուլիսի 13- ին։ Գագարին գյուղի խիզախ հայորդին, ավարտելով 9-րդ դասարանը, ընդունվել է քաղաք Սևանի բազմագործառության պետական քոլեջ, ծրագրավորման բաժին։ Դեռ 6 ամիս կար, որպեսզի ավարտեր քոլեջը, սակայն 2019 թվականի դեկտեմբերի 16-ին զորակոչվել է բանակ։

Հովիկի եղբորը՝ Հայկին, խնդրեցի պատմել եղբոր մասին։

- Հովս ինձ միշտ շատ ճիշտ խորհուրդներ էր տալիս, եթե մի բան սխալ էի անում, ինչպես նախատում, այնպես էլ հանգիստ բացատրում էր։ Կռվի ժամանակ եղել է Հադրութում, երբ խոսում էի հետը, իր հանգիստ տոնից ես էլ էի հանգստանում։ Հիշում եմ մի անգամ, երբ հարցրի` Հով, ի՞նչ կա, ի՞նչ ես անում, ասաց, թե` ծիտ եմ կրակում (կատակում էր, իրականում խոսքը անօդաչու թռչող սարքերի մասին էր): Հարցրի` հեչ խփե՞լ ես, ասաց` հա՜, էն էլ ինչքան։ Հոկտեմբերի 21-ին Դրախտիկ գյուղից տեղափոխվելու ճանապարհին թշնամին հարձակվել է և սկսել իրենց ուղղությամբ կրակել։ Դիմացից ընթացող երկու մեքենաները հաղթահարել են շրջափակումը ու առաջ անցել, իսկ այն մեքենան, որի մեջ Հովիկն է եղել, չի կարողացել դուրս գալ շրջափակումից։ Մեքենայի մեջ եղել է 5 հոգի։ Բոլորն էլ զոհվել են։

Հերոսի եղբայրը պատմեց նաև, որ երբ դեպքը տեղի է ունեցել, ընտանիքի անդամներին ասել են, որ վիրավոր է, սակայն հունվարի 12-ին  տեղի ունեցավ Հովիկի հոգեհանգստի արարողությունը, իսկ նախքան այդ ընտանիքի անդամները սպասում էին վիրավոր զինվորի վերադարձին և պատրաստություններ էին տեսնում, որպեսզի այլ առիթով, ուրիշ սրահում հավաքվեին՝ ուրախանալու…

Հովիկի մասին վառ հիշողություններով կիսվեց նաև իր դասընկերուհին՝ Լուսինեն:

-Հովիկին գիտեմ դեռ մանկուց։ Միասին հաճախել ենք միևնույն մանկապարտեզը, այնուհետև նաև դպրոց։ Շատ վառ ու խենթ հիշողություններ ունեմ՝ կապված Հովիկի հետ։ Անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ կողքիս ապագա հերոս է նստած։ Հիմա այնքան դժվար է հավատալ, որ էլ իրեն չեմ տեսնելու։ Ինքը ուրիշ էր, իրոք, ուրիշ։ Անգամ ծառայության ժամանակ տոն օրերին, միշտ ժամանակ էր գտնում շնորհավորելու ու մանրամասն հարցնելու՝ ո՞նց եմ, դասերս ո՞նց են, ինչո՞վ եմ զբաղված։ Նա չի մահացել, իրոք, չի մահացել։ Հակառակը` անմահացել է։ Շատ մեծ է բացը Հովի՝ մեր կյանքում, դասարանի աղջիկներով շատ կապված էինք իր հետ, որովհետև շատ ընկերական էր, հոգատար։ Հպարտ եմ` նման խիզախ ու լավ եղբայր ունենալու համար։

Դպրոցում Հովիկը իր խելացիությամբ և լավ վարքով առանձնացել է մյուսներից, այս մասին խոսեց Հովիկի դասղեկը՝ Աննա Սիմոնյանը:

-Հովիկը խելացի էր, հարգալից թե՛ ուսուցիչների, թե՛ ընկերների հանդեպ։ Բոլորին հասկանում էր կես խոսքից, կամ ընդամենը հայացքից։ Մեծ հարգանք էր վայելում ընկերների շրջապատում, բարի էր ու պատրաստակամ։ Քաջ էր ու համարձակ, սակայն այս ամենով հանդերձ, շատ համեստ էր։ Ամեն ինչ անում էր մեծ նվիրումով և այդ նվիրումով էլ իր ծաղկուն կյանքը դրեց հայրենիքի փրկության զոհասեղանին։ Աննկարագրելի էր Հովիկի կորստյան ցավը, սփոփանք է միայն այն, որ անմահների ընկնելը վախճան չէ, այլ հավերժության սկիզբ։ Բոլորիս կողմից սիրված, ազնիվ և համեստ մեր Հովիկը, մեր լուսավոր հերոսը հավերժ զինվորագրվեց Աստծո բանակին։ Հովիկ ջան, տղաս, խրոխտ հայորդի, բոլորիս սրտերում կմնաս քո լուսավոր ժպիտով, քո առաքինի կերպարով և քո անմահ սխրանքով։

Այս պատերազմում շատերը հայրենիքին նվիրաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Նրանք չմահացան, այլ անմահացան, իսկ անմահների ընկնելը վախճան չէ, այլ սկիզբն է հավերժության, որի մասին խոսվելու է այսօր, վաղը և հավիտյան։

marat sirunyan

Աշխարհն երկու երես ունի

Անցյալից պոկված մի բեկոր էր, եկա՜վ-եկավ ու միջնեկ թոռան խոսքերի հետ սրտին դիպավ…

-Հեպոյի Նունոն է մեռի…

«Հեպոյի՜, Հեպոյի՜ … Նունո՜, Նունո՜… Էդ ե՞պ, Նունո՜, ե՞պ հարսնըցար, էդ ե՞պ Հեպոյի՜ դառար… Էդ ե՞պ, Նունո՜, էդ ե՜պ…»,- անցյալի ձայնն էսպես արձագանքեց Եղոյի մաշված սրտում: Հոգին մղկտաց, աչքերը բոցկլտացին, պեծեր թռան ու ընկան իր պառավի շյուղաթելերի մեջ: Պառավի ձեռքերից շյուղերը վայր ընկան…

Նունո՜ն… Ո՞վ չգիտեր, թե Կարապետի տղա ծուռ Եղոն, Նունոյին ի՜նչ սիրով էր սիրե… Գյուղում էնպես տղա չէր մնացե, որ հետը Նունոյի համար կռիվ արած չեղներ… Ամենքի հետ կռվավ, ամենքին դեմ ելավ… Է, հո՞ բախտի ու կյանքի դեմ էլ կռիվ չէր տալու… Հերը մեջքը կոտրեց. մեռավ… Ինքն էլ թափառական դառավ ու քա՜նի տարի պանդխտության մեջ մնաց… Էլ Նունոյի հոր ու մոր ինչի՞ն էր պետք, թե իրենց աղջկան պահեն կճուճի մեջ, թե Եղոն գա. ի՞նչ է, Նունոն ուզո՞ղ չկար… Հեպոյին տվին.. Խեղճ, անճար Նունո, դառավ՝ Հեպո՜յի…

Պառավը մարդու միտքը հասկացավ, ջահելությունը հիշեց, խանդը բռնեց, նեղացավ, երեսը թեքեց.

-Քու Նունո, հառանց քըզի՞ գնաց, բիձա՜, հբա էդմալ իմա՞լ կեղնի…,- հեգնեց մարդուն. խռոված սիրտն ուզեց հանգստացնել:

Եղոն թարս աչքով նայեց կնկան ու դժվարով պոկվեց նստած տեղից: Գնաց, ընկած շյուղերը վերցրեց ու տվեց կնկան.

- Դու քու գորձ ըրա, Նունոն գնաց լե, քըզմե չպրձա՞վ… Գեղամեջ կէրթամ,- խռովքն ու հուզմունքը թաքցնելու համար ավելացրեց Եղոն ու դուրս ելավ:

Փոշմանեց պառավն իր չար խոսքի համար, բայց արդեն ուշ էր…

Ի՞նչ գեղամեջ, ոտքերը Հեպոյի տան կողմը քարշ տվին: Մի երկու անգամ շեմքին առաջ ու ետ արեց, վերջը՝ չմտավ…  Գերեզմանների կողմը գնաց, գնաց ու գլուխը հոր շիրմաքարին դրած լաց եղավ…

Խռոված էր՝ աշխարհից, կյանքից, հորից, Նունոյից… Լուս ու մութ էր, որ ուշքը վրեն եկավ, վեր ելավ, համբուրեց հոր քարաքանդակ պատկերն ու լուռ գնաց…

Նունոյի թաղումից մի քանի օր հետո Եղոյի պառավը երևաց գերեզմաններում… Մարդուց խռով, մեկ է, ծաղիկ էր բերել.

- Հէ՜, Եղո՜, առանց Նունո չդիմծար, ուր մո՞դ գածիր, հա՜… Է՜, բիձա՜, հբա զիս ո՞ւմ թողիր, ես վի՞ր մոդ էրթամ…

Janna Sargsyan new

Հարսանիք լեռներում

Մի օր կգաս,  շատ անսպասելի կվերցնես ճամպրուկս, հագուստի փոխարեն կտեղավորես մեր երազանքները, կբռնես ձեռքս ու կտանես քեզ հետ։

Կփրկես ինձ քաոսից, շատախոս ու կյանքի դասեր տվող բարեկամներից, ապագաս կառուցել փորձող հարազատներից ու ամեն-ամենքից։

Առանց պլանավորելու ճանապարհ կընկնենք, ու նույն ճանապարհը մեզ  կտանի ամենաբարձր լեռան գագաթը, որտեղ լինելն ինձ համար երազանք է, ու որի մասին դու լավ գիտես։

Երկար թվացող ճանապարհը կանցնենք առանց դժվարության, մանր քարերը կհայտնվեն մեր կոշիկներում, ու նույնքան մանր ցավ կառաջացնեն մեր ոտքերում, բայց լուռ կտանենք ամեն բան, որովհետև միակ նպատակը` իրար ձեռք բռնելն ու երազանքին հասնելն է։

Քիչ-քիչ քայլերը կդադարեն, կհասկանանք, որ երազանքն այլևս իրականություն է, ու մենք կանգնած ենք կողք-կողքի, ու որ այլևս հրաժեշտ չի լինելու, դու գիտես, որ ես ատում եմ հրաժեշտները։

Մեր սիրո ու երազանքի իրականացման խորհրդանիշը կլինի մատանին, չէ, ոսկյա չէ, էն սովորականներից, որ երկուսիս ձեռքերում ավելի վառ փայլ է ստանում, քան ոսկին կփայլեր։

Մենք կամուսնանանք հենց լեռներում, առանց հանդիսավոր արարողության, առանց վկաների, առանց դասական կոստյումի ու սպիտակ հարսի զգեստի։

Դե, բարձրակրունկներին ու  դասական կոշիկներին էլ  կփոխարինի երազանքի ճանապարհ անցած սպորտային կոշիկը. դու գիտես, որ բարձրակրունկները տանել չեմ կարողանում։

Հարսանյաց երկհարկանի հանդիսությունների սրահին կփոխարինի մեր ձեռքերով պատրաստած փայտե փոքրիկ խրճիթը, որ անձրևի ժամանակ միակ թաքստոցն է դառնում։

Հարսանեկան առաջին տանգոյի ժամանակ ես առաստաղից չեմ իջնի, իսկ դու քեզ տանջելով մի քանի շարժում չես սովորի, մենք կպարենք առանց հստակ շարժումների, էն երգի տակ, որը ես շատ եմ սիրում, էն երգի, որն ինձ համար սկսեցիր սիրել ու հիմա հպարտ ես, որ երկուսս էլ նույն ճաշակն ունենք։

Տաք ու բազմապիսի ուտելիքներին կփոխարինի փոքրիկ լճակից մեծ դժվարությամբ բռնած ձուկը, որը քո ձեռքերով ես պատրաստել, ու որի համն անմահական է։

Իսկ հարսանյաց տորթի փոխարեն կհամտեսենք իմ ձեռքով պատրաստած ու պայուսակի մի անկյունում թաքցրած թխվածքաբլիթները։

Մեր կյանքի ամենակարևոր օրը մենք կլինենք ամենաերջանիկը, որովհետև չենք փորձի գոհացնել հյուրերին, ստիպված չենք լինի լսել բազմատեսակ կենացներ ու էն շատախոս բարեկամի կյանքի դասերը։

Մեր հարսանիքը կլինի լեռներում ու հավերժ կմնա մեր հիշողություններում։