Ազատ տարածք խորագրի արխիվներ

anna vardanyan

Ֆուտբոլն Արտենիում

Արտենիի ֆուտբոլի դաշտը լիքն է գունավոր շորեր ու գուլպաներ հագած ֆուտբոլ խաղացող երեխաներով։ Այդքան էլ չեմ հետաքրքրվում ֆուտբոլով, բայց երբ ակտիվություն նկատեցի ֆուտբոլի դաշտում, մտածեցի.

-Արտենին առաջադիմել է, էս ինչքա՞ն երեխա կա ֆուտբոլ խաղացող։

Հետո լսեցի, որ գյուղի ֆուտբոլի թիմը մասնակցում է առաջնության` բավականին լավ արդյունք ցուցաբերելով: Մի քանի ամիս առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից էին եկել, ֆուտբոլային մարզահագուստ էին բաժանում ոչ միայն տղաներին, աղջիկներին նույնպես, և բոլորը սկսեցին ֆուտբոլ խաղալ։

Դասընկերներս նույնպես գնում են ֆուտբոլի խմբակի: Ինչպես նշեց Արտաշեսը, ֆուտբոլը իր օրվա մի մասն է, և որքան ժամանակ տրամադրում է ընկերներին, այդքան էլ տրամադրում է ֆուտբոլին։ Այս ամենը լսելով սկսեցի հարցեր տալ.

- Երբևէ պատկերացրե՞լ ես քեզ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի դերում:

-Այո, մրցումների ժամանակ միշտ պետք է մտածես քո թիմի հաղթանակի մասին և պայքարես մինչև վերջ։

-Իսկ, եթե մի օր հասկանաս, որ ֆուտբոլը ապագա չէ քեզ համար, կհրաժարվե՞ս։

-Դե,- երկար մտածում է,- վերջնականապես չեմ կտրվի, բայց գուցե ուրիշ գործով զբաղվեմ:

-Ըստ քեզ Արտենիում ֆուտբոլը ապագա կունենա՞:

-Չեմ ասի, որ չի ունենա, բայց հաստատ ուրիշ տեղեր ավելի մեծ շանսեր կլինեն առաջ գնալու։

Ուրախ եմ, որ իմ գյուղում կա հնարավորություն երեխաների համար: Չեմ ասի, որ դա մեծ ապագա կլինի որևէ երեխայի համար գյուղում, սակայն ամեն դեպքում  լավ է, որ կա հնարավորություն ինքդ քեզ բացահայտելու, մարզվելու, ազատ ժամանակը ավելի օգտակար անցկացնելու:

Mari Baghdasaryan malishka

Պարույր Սևակի Զանգակատանը

Պարույր Սևակի տուն թանգարան էի այցելել, որը գտնվում է Զանգակատուն գյուղում: Տուն, որը բանաստեղծը կառուցել է 10 տարում: Երկար տարիներ Մոսկվայում ապրելուց հետո Պարույր Սևակը վերադառնալով Հայաստան, որոշում է իր հայրենիքում նոր տուն կառուցել, իսկ հայրական տունը, որը գտնվում է գյուղամիջում, հին տուն է:
Պարույր Սևակը կառուցում է այս տունը, այգում տնկում է ծառեր, հետո այստեղ է տեղափոխում իր ծնողներին: Մինչ օրս աճում է բանաստեղծի տնկած ուռենին, որն արդեն 60 տարեկան է:
Այգում են գտնվում Պարույր Սևակի և նրա ծնողների շիրմաքարերը:

IMG-5db939df6d16936f690e042f0e14de8d-V
Պարույր Սևակի շիրմաքարը ամբողջովին բնական քար է և այստեղ է բերվել նրա մահից 10 տարի անց` 1981 թվականին: Քարի վրա կան փորագրություններ:
Քարը խորհրդանշում է Պարույր Սևակի կյանքը, առաքելությունը որպես գրող:
Պարույր Սևակի տուն թանգարանը նրա հայրական տնից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում:
Թանգարանը բացվել է Պարույր Սևակի մահվան 10-ամյա տարելիցի օրը՝ 1981 թվականի հունիսի 17-ին, այն ներառում է նախասրահ, որտեղ պահվում են Պարույր Սևակի կյանքին նվիրված տարբեր ցուցանմուշներ՝ գրադարանը, գրասեղանը, թախտը, ռադիոն, գրամեքենան, ծխամորճը, կրակայրիչը: Սևակի կինը` Նելլին, շատ է սիրել դաշնամուր նվագել, այստեղ է գտնվում նաև նրանց տան դաշնամուրը:

IMG-2ca813101786c36c860f0ea3d58cb7ac-V
Թանգարանում շատ այցելուներ ենք ունենում, լինում են օրեր, երբ թանգարանում այցելուների թիվն անցնում է 200-ը:
Նաև միջողառումներ են կազմակերպվում հաճախ: Նոյեմբերի 9-ին Պարույր Սևակի տուն թանգարանում տեղի է ունեցել միջոցառում նվիրված Կոմիտասի 150 և Պարույր Սևակի 95 ամյակներին: Նոյեմբերի 17-ին Պարույր Սևակի տուն-թանգարանում տեղի ունեցավ հայ մեծանուն բանաստեղծի 95-ամյակին նվիրված ցերեկույթ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ՝ համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները ներկայացան ասմունքով: Միջոցառմանը մասնակցեցին նաև Ջրվեժի միջնակարգ դպրոցի սաները:
Ուսանողները ներկայացրեցին Սևակի կյանքը, կենսագրությունը, այնուհետև ասմունքեցին մեծ բանաստեղծի ստեղծագործություններից:

IMG-6a22614181b9d43f735d5b2fbbee3ac6-V
Անցնել Զանգակատուն տանող ճանապարհով ու չայցելել Պարույր Սևակի տուն թանգարան անկարելի է: Անկարելի է չբացել թանգարանի դուռը, չնայել պատերին, որոնք նկարների տեսքով պատմում են Պարույր Սևակի կյանքի մասին, մի քանի րոպե կանգ չառնել, նայել Սևակի ուրախ և տխուր նկարներին, նրա թղթերին, չզննել նրա գրասեղանը, չնստել Սևակի կնոջ՝ Նելլիի դաշնամուրի դիմաց ու մի քանի նոտա նվագել:
Կասեմ նաև` անհնար է չմտնել տան հարակից այգին, քայլել այն այգով, որտեղ աշնան շնչին խառնված Սևակյան շունչ կա…

SvetlanaDavtyan

Բժշկող վանք Ծաղկեվանքը

Արա լեռան սրտում է գտնվում Ծաղկեվանքը: Քարանձավում փորված վանքը ուխտատեղի է: Ուխտավորները գալիս են ոչ միայն հավատքի, այլ նաև բուժիչ ջրի համար: Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։ Ծաղկեվանքի առաստաղից հոսող ջուրը երբեք չի կտրվում։

Վանքի հետ կապված կա երկու լեգենդ: Առաջինը սուրբ Վառվառայի մասին է: Սուրբ Վառվառան իր դաժան հոր ձեռքից է զոհվել քրիստոնեություն ընդունելու համար: Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։

20190622_130445

Եվ երկրորդ լեգենդը կապված է Ծաղիկ կույսի հետ: Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։ Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք:

Մամռոտ վանքի մեջ գտնվող աղբյուրը, ասվում է, թե առողջարար հատկություններ ունի: Գիտնականներն ասում են, որ ջրում ցինկի նշանակալից քանակության մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության ժամանակ։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

WipeOut51_23_2019_125106.551000

Տարիներ առաջ Ծաղկեվանք տանող ճանապարհը բավականին խորդուբորդ էր, այն վերանորոգել է մի կին: Նա տարիներ շարունակ երեխա չէր ունենում և երազ է տեսնում, որտեղ խմում է վանքի ջրից: Արթնանալով այդպես էլ անում է և շուտով մայրանում: Այդ ամենից հետո որոշում է, որ պետք է վերանորոգի քանդված ճանապարհը:

Վանքը մշտապես ունենում է հարյուրավոր ուխտավորներ: Ծաղկեվանքը ունի նաև իր ուխտի օրը` մայիսի 5-ը: Այդ օրը Ծաղկեվանք են գալիս հարյուրավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ տարբեր վայրերից: Մարդիկ նաև երազանք են պահում և որևէ իր թողնում վանքում, հավատալով, որ այն անպայման կիրականանա:

anahit baghshetsyan

Ուղիղ 17

Եթե դու կամ ընկերներիցդ մեկը չեք ունեցել «պուճուր», «պստո», «ճստո» մականունները, ուրեմն չգիտեմ, իրոք չգիտեմ, երևի նոր ընկերներ գտնես, քանի դեռ կարող ես: Ցավոք սրտի, միշտ ես եմ եղել վերոհիշյալ բախտորոշ մականունների տերն ու տիրակալը: Ու ոչ թե նրա համար, որ ես ցածրահասակ եմ (լավ էլ բոյով եմ՝ ուղիղ 164 սմ), այլ ուղղակի այն պատճառով, որ ես փոքր եմ եղել տարիքով: Ու վերջապես եկավ այն օրը, երբ ես կարող եմ ասել, որ 17 տարեկան եմ: Ոչ թե համարյա 17, շուտով 17, դեռ 16, այլ հենց 17: Ու այս պատմական առիթով ուզում եմ մի քանի խորհուրդ տալ բոլոր-բոլոր այն ընթերցողներին, ովքեր ժամանակ ունեն ընթերցելու 17-ի այսօրվա հոդվածներից մեկը:

Խորը շունչ քաշիր ու գնացինք:

  1. Քեզ խաբելու են: Քեզ խաբելու են ամեն տեղ, ամեն առիթով ու ամեն պատեհ ու անպատեհ պահի: Ու պատճառը բոլորովին այն չէ, որ դու գթասիրտ ես կամ միամիտ: Ուղղակի աշխարհն էդպես է աշխատում: Ոմանք խաբում են, ոմանք էլ՝ խաբվում:
  2. Մի տխրիր, եթե ընկերներդ չեն պատասխանում հաղորդագրություններիդ, չեն լայքում նկարներդ կամ էլ միանգամից վեց մեկնաբանություն չեն գրում նոր լուսանկարիդ տակ: Ընկերությունն էդպես չի որոշվում: Ընկերությունը զգում ես, երբ հանկարծ հասկանում ես, որ արդեն երեք ժամ է՝ խոսում եք իրար հետ առանց մեկ անգամ նույնիսկ հեռախոսի կողմ հայացք նետելու: Հենց էդպես էլ իսկական ընկերներիդ գտնում ես:
  3. Ծնողներդ քեզ համար միայն լավն են ուզում: Մի հակաճառիր իրենց: Խոսիր իրենց հետ, քննարկիր տեսակետներդ, արտահայտիր մտքերդ, բայց մի կռվիր: Ազատությունը, որ նրանք չեն տալիս, որին դու այդքան սպասում ես, երևի թե չկա: Կամ էլ չէ, ֆիզիկայի ու աստղագիտության դասագրքերում մուգ տառերով կա:
  4. Արա այն, ինչ ուզում ես: Երբեք մի հետևիր այն մարդկանց, ովքեր վստահ են, որ քեզ ճիշտ ուղղությամբ են տանում: Որովհետև այն, ինչ ճիշտ է դիմացինիդ համար, շատ մեծ տոկոսային հավանականությամբ սխալ է քեզ համար:
  5. Փորձիր: Փորձիր նոր նախասիրություններ գտնել, նոր լեզուներ սովորել, նոր ոլորտներում աշխատել: Նոր ուտեստներ փորձիր, նոր մշակույթների հետ ինտեգրվել փորձիր: Փորձիր կարդալ էնպիսի գրքեր, որոնց մասին երբեք չես լսել, խոսել այն մարդկանց հետ, որոնք քեզ ոչնչով նման չեն: Ինքդ քեզ ու քո ուժը փորձիր, բայց մի մնա քո փոքր արկղի մեջ՝ անելով միայն այն ամենը, ինչ կարողանում ես:
  6. Երազիր մեծ բաների մասին: Ինքդ քեզ համար բարձր սահմաններ ստեղծիր, բայց մի փորձիր դրանց մեկ փորձով հասնել: Պատրաստ եղիր ընկնելու: Պատրաստ եղիր պարտվելու ու հաղթանակից հեռանալու: Բայց ուժ գտիր ինքդ քո մեջ ևս մեկ անգամ կանգնելու ու ևս մեկ անգամ փորձելու: Որովհետև մեկ անգամ հաղթելու համար պիտի մի հազար անգամ ընկնես, վնասվես ու կոտրվես:
  7. Դիսնեյի մուլտֆիլմերը նայիր: Հա, հա, ինչքան էլ ծիծաղելի հնչի, մուլտեր նայիր, մուլտերին հավատա, որովհետև կյանքը շատ ավելի հետաքրքիր կլինի, երբ ինքդ քո հեքիաթներն ունենաս ու հոգուդ ինչ-որ մասով միշտ մնաս այդ գունավոր հեքիաթների մեջ:
  8. Հիշիր երկու 5-երի կանոնը ու օգտագործիր այն ամեն կարևոր գործողություն սկսելուց առաջ: Եթե այն, ինչ անում ես հիմա, քեզ պիտանի չի լինելու 5 տարի անց, ուրեմն նույնիսկ 5 րոպե մի ծախսիր դրա վրա: Մի ծախսիր երեք անքուն գիշեր ֆիզիկայի գրավորին պատրաստվելու համար, ու ևս երեք ցածր գնահատականի բերած տխրությունը փարատելու համար:
  9. Եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Be Yourself: Ու գիտեմ, որ դու հաստատ նկար ունես ինստագրամում այս բառերով, կամ էլ մի շապիկ ունես վրան վառ գույներով այս բառակապակցությունը տպագրված: Բայց մի մոռացիր այն: Եղիր քեզ նման ու մի նմանվիր ոչ ոքի: Ոչ ոք չի կարող քեզ նման ժպտալ, հուզվել կամ երեկույթներին բարձր բղավել: Մի մոռացիր, որ քեզնից ընդամենը մեկ հատ կա աշխարհի երեսի մնացած յոթ միլիարդ ԴՆԹ-ների ցանկում: Ու ոչ մի ուրիշ գենոտիպ ու ֆենոտիպ միասին չեն կարող լինել քեզ այդքան նման:

Ու եթե հանկարծ տարտամես ու տարակուսես հայոց լեզվի քննությանը, հուզվես համալսարան մտնելիս, մտածես, որ ամբողջ աշխարհը քայլում է քեզ ու քո կամքին հակառակ, կամ ուղղակի ուժ չունենաս առավոտյան անկողնուց վեր կենալու, հիշիր, որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ ես երևի թե գնամ մոմերը փչեմ ու երազանք պահեմ, որ ինձ էլ ոչ մեկը «ճստո» չկանչի: Չնայած մի «ճստո» էլ 17 տարեկան ես-ս է` պաղպաղակ սիրող, մուլտֆիլմեր դիտող ու ինքն իրեն փնտրող գանգրահեր Անահիտը, որ գեթ մեկ օրով գիտնական դարձավ ու իր կյանքի փորձով (ես էլ քմծիծաղ տվեցի) կիսվեց:

Susanna Grigoryan

Վայրէջք թաց ասֆալտին

Հեչ պատկերացրել ես՝ ոնց ես 11-րդ հարկից ընկնում ցած՝ ասենք՝ պատուհանները լվանալիս: Օդում մի թեթև պտույտ ես տալիս ու վայրէջք կատարում թաց ասֆալտին: Վայրէջքի փափկությունը կարող ենք որոշել, եթե մարզասրահում բաց թողած պարապմունքներիդ թվին գումարենք ամենօրյա կալորիաների քանակն ու բաժանենք երկուսի: Քո դեպքում փափուկ չի ստացվի, ինչքան էլ ուզենք, բայց դա արդեն կարևոր չէ, որովհետև փողոցի մյուս ծայրից կլսվի էն շան հաչոցը, որի թաթը երեկ չէ անցած օրը տրորել էիր: Իր կյանքում հավաքած ողջ փորձն ու եռանդը գործի կդնի ու այնպես կհաչա, որ թաղամասի բոլոր շները հասկանան. ինքը հաղթել է: Ու շատ էլ ճիշտ կանի, քեզ տեղն է: Քայլելուց դիմացդ նայեիր:

Էն եգիպտացի տղային հիշո՞ւմ ես, որին խոստացել էիր, որ իրար հետ անգլերենով շփվելու եք, որ Հայաստան ես հրավիրելու, բայց հավեսդ կորել էր ու ուղղակի ընկերներիցդ ջնջել էիր: Հա, հա, հենց ինքը, որ էջի գլխավոր նկարը առյուծ էր: Գիտեմ, որ Եգիպտոսում չի իմանա` ինչ է պատահել, բայց որ իմանար, հաստատ կուրախանար:

Էն կինն էլ կուրախանար, որին ամեն անգամ ավտոբուսում տեղ չես տալիս: Հետո էլ արդարանում ես. «Գրքերս շատ էին», «Դասից հոգնած էի»: Հազիվ մի անգամ նստած կհասնի գործի:

Մահդ այնքան անիմաստ չի լինի, որ Գինեսի գրքում գրանցվես, բայց, մեկ է, էլի անիմաստ կլինի: Կարճ ասած՝ դարձյալ միջակություն: Բայց չմոռանանք, որ դու պատուհանները լվանալիս 11-րդ հարկից ցած չես ընկել ու շարունակելու ես նեղություն տալ բակի շներին, եգիպտացի տղաներին ու ավտոբուսի մորքուրներին: Գուցե արժի քայլեր ձեռնարկել, որ մահդ էլ ապրելուդ չափ անիմաստ չլինի:

 

anahit baghshetsyan

չՀայկական

Երեկոյան ժամը տասն է լինում: Սովորաբար այս ժամին ես ուղղակի տանը նստած դասագրքերս էի թերթում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Եթե ժամը տասին անկողնում պառկած չլինեմ, չեմ կարողանա առավոտյան 6:30 արթնանալ, հետո ամենօրյա խցանումների դժգոհ զոհը կդառնամ, դասի կմտնեմ զանգի արձագանքի հետ միաժամանակ, ու ուսուցչուհիս կրկին այլայլված դեմքով կնայի վրաս, որովհետև արդեն չորս ամիս է՝ չի ստացվում ինձ ուշացման նկատողություն տալ: Չնայած, որ ես արդեն վաղուց եմ հասկացել, որ խնդիրը ոչ թե շուտ քնելու, այլ անտանելի բարդությամբ արթնանալու մեջ է, շարունակում եմ ինքս ինձ հույս տալով պառկել քնելու: Աչքերս ամուր փակել եմ, բայց քունը նույնիսկ ձայն չի հանում: Սպասելուց հոգնում եմ: Հիշում եմ իմ անգործ ժամանակների ընկեր Սևակին ու նրա ամենատխուր ստեղծագործություններից մեկը, որ երևի թե գրել է, որ ես հիմա հիշեմ.

«…Քունս չի տանում,

Դու էլ մի քնիր,

Հետս էլ կրկնիր,

Թե ի՞նչ եմ անում

Ես ի՞նչ եմ անում

Ոչ Հայաստանում…»:

Ու ես էլ չգիտեմ, թե ես ինչ եմ անում ոչ Հայաստանում: Չգիտեմ` ուր են կորել 3-րդ դասարանի հայրենասիրական շարադրություններս ու զինվորներին գրված նամակներս: Գաղափար անգամ չունեմ՝ որ քամիների հետ են ինձ լքել հայոց պատմության էջերը ու որ քամիներն են ինձ ստիպել գնալ հակառակ ուղղությամբ: Չեմ հասկանում, թե որտեղից իմ մեջ գտա բավարար քաջություն Հայաստանը լքելու ու քայլերս դեպի անհայտ մթին ուղղելու: Տեսնես` ինչպե՞ս կարողացա Սևակի ու Սահյանի փոշոտ հատորները թողնել դարակում, իսկ ինքս հեռանալ դարակից մի օվկիանոս ու մի տասնյակ ժամային գոտի այն կողմ: Չգիտեմ՝ ինչպես ու ինչ միտումով կարողացա Հախվերդյանի ու Ֆորշի երգերը լսել չՀայկական փողոցներում, բայց մտովի լինել Հայաստանում: Նաև ինչ-որ անգիտակից որոշմամբ հայ գրողներին ավելի հաճույքով սկսեցի ընթերցել, հայ արվեստագետներին էլ ուրիշ աչքով նայել: Հայերենի կետադրությանն ու ուղագրությանը սկսեցի ավելի մեծ կարևորություն տալ: Ընկերներիս ուղղակի ուրիշ սիրով սիրեցի ու ավելի ամուր կամուրջներով կապվեցի: Բայց այս ամենի հետ մեկտեղ մի օտար անհանգստություն նվիրեցի մտքիս ու զգացմունքներիս, որ ստիպեց ամեն գիշեր մի քիչ անքնություն ունենալ ու ավելի վառ գույներով տեսնել Հայաստանը: Որ ստիպեց ամեն գիշեր հիշել, որ ես Հայաստանից հեռու եմ ու Հայաստանին կարոտած:

Սևակի տողերն ուղարկում եմ մտքիս հեռավոր անկյունը, որ կրկին վերադառնան վաղը գիշերը, իսկ ես գնում եմ քնելու… Առավոտյան անգլերենի ուսուցչուհին կրկին այլայլված հայացք կնետի վրաս, իսկ հոգեբանությանս ուսուցիչը կպատմի անքնության պատճառների ու գիտահետազոտական պարզաբանումների մասին, ինչ արած, ինքը Սևակի անունն անգամ չգիտի…

valentina

Վաչոն՝ որպես հավաքական կերպար

-Ուղղակի ինքը ուրիշ ա։ Ինքը Վաչոյի պես չի։

-Վաչոն ո՞վ ա։

-Վաչոն իմ բոլոր սերերի հավաքական կերպարն ա։

-Հա, բայց ինչի՞ Վաչո։

-Որովհետև բոլորն էլ Վաչո են՝ անդուր, հիմար ու տգետ։ Էդքանը։

-Չեմ հասկանում։

-Ես էլ, բայց ինքը ուրիշ ա։

Սկսում ես հետաքրքրվել ֆուտբոլով, անգիր ես անում Ռեալ Մադրիդ թիմում խաղացող բոլոր ֆուտբոլիստների անունները (11 թե 13, թե գրողի տարած 14 հոգու անուններ), տարբերում ես անկյունայինը շրջանայինից (թե՞ ֆուտբոլում շրջանային չկա), ինքդ քեզ հաղթահարում ես էն փաստի համար, որ միայն ռադիատորն է եռում ու վերջապես սովորում ես, որ ձվածեղ սարքելու համար սկզբից ձեթն են լցնում, ոչ թե ձուն։ Խոսքով չես կծում, որ մերսեդես է սիրում, անգամ սկսում ես մեկ-մեկ քո սիրելի «բեմվե» մակնիշի մեքենայի թերությունները նշել, սկսում ես թարգել ճուտիկ, պոնչ ու ապուշ ասելու ջիգյարով սովորությունդ, որովհետև մտածում ես, որ հաջորդ անգամ նրա ժայթքելուց ճակատագրական «լավ»-եր կլինեն, կազմում ես հատուկ գրաֆիկ, որ չաղանաս։ Չաղանաս տեղը տեղին՝ սալիկներով ու թշիկներով։ Բայց ինքը էլի քո նամակին չի սպասում կամ քեզ չի հավանում, սատանի ականջը չկանչի՝ գուցե ուրիշին է հավանում։

Հպարտանում ես ինքդ քո մեջ, որ շատ խելացի ու «քյարթ» չի, ու դիմանում ես, որ ամեն անգամ պոնչո չանես էդքան լավը լինելու համար (բայց տեսնես՝ թմբը՞լ ա, թե՞ չէ), փորձում ես հանդուրժել իր յուրաքանչյուր «ֆազոտման» պրոցես (էս ինչ բառ էր, բայց «ջղայնացած» չէր սազի)՝ աղջկական դոմինանտությունը կոծկելով երեխայական հայացքների մեջ։ Ականջի հետև ես գցում էն փաստը, որ մագնիսի նույն բևեռները իրար չեն ձգում, այլ վանում են։

Քեզ լուրջ ես պահում, որ չմտածի, թե տարօրինակ ես։ Ու հասկանում ես, որ էդ քո ու ուրիշը դառնալու պայքարում հաղթում է քո եսը, որովհետև քոնը չի ո՛չ Մերսեդեսի մարտկոցը, ո՛չ Ռոնալդուի գնդակները, ո՛չ տնային պայմաններում պատրաստված լեչոյի տիրուհու կերպարը, ոչ էլ պոնչ չասելու (չ)հակումները, որովհետև դու ուզում ես լինել դու` քո պրակտիկ բոթասներով, խայթելու սովորությամբ, անիմաստ անեկդոտների պաշարով ու հա, հավերժական նիհար լինելու տոմսով։

Ու հա, հետո ի՞նչ, որ Վաչոյին նման չի։ Կամ էլ, եսիմ։ Կարևորն՝ ուրիշ ա։

Ոգեշնչման աղբյուր՝ Սյունե Սևադա

Ani Hakobyan

Հայաստանի երանգները

Մոտ մեկ տարի առաջ էր՝ կեսօրին,  Դսեղում Թումանյանի տուն-թանգարանից դուրս գալուց հետո էքսկուրսավար մոտեցավ  և ասաց, որ տասը րոպեից շարժվում ենք: Տասը րոպեից շարժվելու էինք դեպի Հայաստանի հոգևոր, մշակութային և խոշոր վանական համալիրներից երկուսը: Այնքան էլ շատ տեղեկություններ չունեի դրանց մասին, միայն պատմության դասերից գիտեի, որ երկուսն էլ համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Դա արդեն իսկ հպարտության տեղիք էր տալիս: Ճանապարհ ընկանք, և որոշ ժամանակ անց մեքենայի ուժեղ երաժշտությունը դադարեց, և դրան փոխարինելու եկավ էքսկուրսավարի ձայնը, որը սկսեց պատմել վանքերի մասին: Քիչ թե շատ իմացա, որ երկուսն էլ հիմնադրվել են 10-րդ դարում՝ Բագրատունիների օրոք, դարերի ընթացքում որոշ մասեր քանդվել են, այնուհետև վերակառուցվել, այժմ կանգուն են և համարվում են Հայաստանի  խորհրդանիշներից: Սկզբում այցելեցինք մեկը, հետո՝ մյուսը: Հեռավորությունը այնքան էլ մեծ չէր: Ամենալայն իմաստով կարելի է ասել, որ Լոռվա բնությունը մի ողջ տիեզերք է: Չնայած, որ մի շաբաթից այդտեղ արդեն ամառ էր սկսվելու, միևնույնն է, օդը սառն էր, և դա ինձ ստիպում էր սթափվել, բայց բնությունը իմ մեջ ստեղծել էր մի զգացողություն, որ վերածվել էր էներգետիկ ուրախության: Զգացողություն, որ ունակ է անցնել յուրաքանչյուր կենդանի էակի միջով և ստեղծել շոշափելի մի կապ, որն էլ իր հերթին ծնել էր ականջների սահմաններում, բայց միևնույն ժամանակ սրտի համար մատչելի մի մեղեդի: Երբ կյանքում այս պատկերը տեսել ես միայն նկարներով, իսկ հիմա՝ առանց որևէ ֆիլտրի, անզեն աչքով, իրականությունը իր ողջ գեղեցկությամբ զարմանք է առաջացնում:

Հիացած բնության պատկերով՝ մտնում եմ եկեղեցի: Մի պահ մտածելուց և նայելուց հետո հասկանում եմ, որ ամեն քարի մեջ մի բուռ սեր կա, գմբեթի քանդված մասից ընկնող լույսի մեջ՝ մի բուռ հավատ, ամեն վառված մոմի մեջ՝ մի բուռ հույս: Իսկ վերջում հասկանում ես, որ աշխարհի վրա ուրիշ մի տեղ դժվար թե կարողանաս գտնել նման եկեղեցին և վանքեր:

Հաղպատ և Սանահին: Այս երկու վանական համալիրների մասին էր խոսքը, որոնք այդ օրվանից դարձան Հայաստանի ամենագեղեցիկ և ամենատպավորիչ անկյուններից ինձ համար:

Սիրենք Հայաստանը և ապրենք նրանով։